Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբի հաղորդագրությունը եւ ԿՈՉԸ

 

17 | 03 | 2008 | 12:30 | Հաղորդագրություն-21

 

   Խնդրում ենք տարածել բոլոր հնարավոր ուղղություններով եւ հասցեներով

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբի

 

ԱՄՓՈՓԱԳԻՐԸ ԵՎ ԿՈՉԸ

 

ՈՒղղված բոլոր ազատ քաղաքացիներին, լրատվամիջոցներին, լրագրողներին, քաղաքացիական հասարակությունը ներկայացնող հաստատություններին, միջազգային կազմակերություններին, ազատ խոսքին, ԶԼՄ-ներին ու քաղաքացիական հասարակությանն աջակցելու կոչված հաստատություններին, դիվանագիտական առաքելություններին եւ բոլոր նրանց, ովքեր հարգում են

Ազատությունը, ՀՀ Սահմանադրությունը, հարակից օրենսդրությունը եւ

ՀՀ բոլոր միջազգային պարտավորությունները

 

2007 թվականի հոկտեմբերի 14-ից Գյումրու ԳԱԼԱ (Գյումրու անկախ լրատվական ալիք) Հեռուստաընկերության դեմ մեկնարկած ՀՀ իշխանական գերատեսչությունների նախաձեռնած վարչական պատերազմը մոտենում է իր հանգուցալուծմանը, իսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու ազատ խոսքի պաշտպանները անելիքներ ունեն:

   

Նախապատմությունը

 

Ռեժիմը փորձեց գրաքննության ենթարկել ԳԱԼԱ հեռուստաընկերությունը 

  

ՀՀ գործադիր իշխանության մի քանի ճյուղերը (ՀՀ Նախաահի աշխատակազմի, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային եւ Գյումրու քաղաքային բաժինների, ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության եւ նույն ծառայության աշխատակազմի Գյումրու հարկային տեսչության, ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազային հանձնաժողովի պաշտոնյաները) աննախադեպ ճնշումներ սկսեցին բանեցնել ԳԱԼԱ ՀԸ նկատմամբ անմիջապես այն բանից հետո, երբ հեռուստաընկերությունը, Հայաստանում լինելով միակը` 2007 թվի հոկտեմբերի 14-ին եթեր հեռարձակեց ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի տասնամյա լռությունից հետո 22 րոպե տեւած առաջին հրապարակային քաղաքական ելույթը` արտասանած 2007 թվի սեպտեմբերի 21-ին` Մարիոտ-Արմենիա հյուրանոցում:

 

Վերեւում` փակագծերում բերված ատյանների ներկայացուցիչներն ու պաշտոնյաները հոկտեմբերի 14-17-ին հեռախոսային եւ առերես զրույցներ են ունեցել ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր Վահան Խաչատրյանի հետ, հորդորելով, խնդրելով ապա պահանջելով վերջինից դադարեցնել Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի գործունեության եւ ելույթների լուսաբանումները ու այլեւս նրանց եթերաժամ չտրամադրել: Այս ամենը ուղղված է եղել անկախ հեռուստաընկերության լրատվական քաղաքականությունը իրենց կամեցած ֆորմատին բերելուն եւ այդպիսով ինքնագրաքննություն կամ ոչպաշտոնական գրաքննություն մտցնելուն: Հեռուստաընկերության հիմնադիր սեփականատեր Վահան Խաչատրյանի դիրքորոշումը ի սկզբանե եւ առայսօր նույնն է եղել.-ԳԱԼԱ Հեռուստաընկերությունը այս հարցում չի զիջելու որեւէ ուժի առաջ. չի փոխելու իր լրատվական քաղաքականությունը եւ ազատորեն լուսաբանելու քաղաքական բոլոր զարգացումները բազմակարծության ու խոսքի ազատության սկզբունքների գերակայությամբ: Զրույցների վերջում այդ պաշտոնյաներից մի քանիսի հրաժեշտի արտահայտությունները Վահան Խաչատրյանը մեկնաբանում է որպես հեռուստաընկերության հետագա գործունեության, իր կյանքի ու իր այլ սեփականություններին հասցեագրված ուղղակի սպառնալիքներ եւ ահաբեկում:

Պատիժ հարկային մարմինների միջոցով

 

Հոկտեմբերի 18-ից 22-ը տեղական եւ երեւանյան հարկային օպերլիազորներ են այցելել ԳԱԼԱ ՀԸ այդ պահի թվով 33 գովազդատուներին եւ զանազան միջոցներով հասել նրան, որ նրանք բոլորը, բացառությամբ մեկի, մինչեւ հոկտեմբերի 31-ը դադարեցրին իրենց գովազդային պատվերները հեռուստաընկերությանը:

 

Հոկտեմբերի 25-ին Հայոց Աշխարհ թերթում տպված հարցազրույցով ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանը հայտարարեց, որ ...Իրականում, Հարկային պետական ծառայության աշխատակիցներն արդեն տեւական ժամանակ է, ինչ պլանային ստուգում են անցկացնում ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր հանդիսացող Չապ ՍՊԸ-ում... եւ արդեն բազմաթիվ չարաշահումներ են բացահայտվել վերջինիս գործունեության մեջ: Այնինչ հարկային մարմնի օպերատիվ հետախուզության վարչության 6 հոգանոց կազմը ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ-ում ստուգումներ սկսել է միայն հոկտեմբերի 29-ին, իսկ ընկերությունում առաջին փաստաթղթին ծանոթացել է հոկտեմբերի 31-ին միայն: Մինչ այդ, չնայած ընկերության հիմնադրի պարբերական խնդրանքներին, նախընթաց 7 տարիներին ՍՊԸ-ում որեւէ հարկային ստուգում չի իրականացվել: Այսով ակնհայտ է դառնում, որ հեռուստաընկերության դեմ գործադիր իշխանության հարձակումը ուղղակի ծրագրված էր եւ  պատվիրված:

 

Հայաստանյան, ոլորտային մի խումբ հասարակական կազմակերպություններ նախկինում էլ եւ այդ օրերին էլ հորդորել են իշխանություններին` զերծ մնալ նախընտրական եւ հետընտրական շրջաններում ԶԼՄ-ներում հարկային եւ զանազան այլ գերատեսչական ստուգումներից, որովհետեւ, անկախ դրանց նպատակից, այդօրինակ գործողությունները կաշկանդում են ԶԼՄ-ներին ու ազդում դրանց լրատվական քաղաքականության վրա, ինչը հանրությունը եւ փորձագետները մեկնաբանում են որպես ճնշում ազատ խոսքի եւ ազատ մամուլի նկատմամբ:

 

Մի շարք խախտումներով հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 12-ը ընթացած հարկային ստուգումների արդյունքում Հարկային մարմինը Հեռուստաընկերության հիմնադիր ՍՊԸ-ին իր ակտով վերագրեց 25.665.100 դրամ (մոտ 58.000 Եվրո, կամ մոտ 84.000 ամերիկյան դոլար) տույժեր եւ տուգանքներ, հիմնականում որպես իբր ունեցած եւ թաքցրած եկամուտների եւ ըստ այդմ հաշվարկված տուգանային գումարների հանրագումար: Այդ գումարը համահավասար է հայաստանյան մարզային խոշոր հեռուստաընկերության 2-3 տարվա համախառն եկամտին:

 

Ստուգումների ընթացքում` նոյեմբերի 6-ին, հարկային օպերլիազոր Հովիկ Հովհաննիսյանը, երեւի չկամենալով, որ իրենց գործողությունների ինչ-ինչ դրվագներ նկարահանվեն, հարձակվեց ԳԱԼԱ ՀԸ նկարահանող օպերատորի վրա, խոչընդոտեց նկարահանումը եւ, օպերատորի կոկորդից բռնելով, փորձեց խեղդել վերջինիս: Ավելի ուշ, ոստիկանության քննչական բաժինը գտավ (նոյեմբերի 30-ին, իսկ պատասխանը տուժողին հասցվեց դեկտեմբերի 18-ին միայն), թե այդ գործողությունները չունեն ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի հատկանիշները (լրագրողի օրինական մասնագիտական պարտականությունների խոչընդոտում), այդպիսով խրախուսեց հարձակումները լրագրողների վրա: 2007-ի դեկտեմբերի 24-ին օպերատորի բողոքը քննիչի հիշյալ որոշման մասին ուղարկվեց ՀՀ գլխավոր դատախազին, իսկ պատասխանը մինչ օրս չկա:

 

ՀՀ ԿԱ ՀՊԾ քննչական բաժինը, կազմած ակտի հիմքերով քրեական գործ հարուցեց` հարկերը չարամտորեն թաքցնելու կասկածանքով, քննությունը դեռ շարունակվում է, սկսած նոյեմբերի 26-ից մի քանի անգամ հարցաքննվել են հեռուստաընկերության հիմնադիրը, տնօրենը եւ այլ աշխատակիցներ:

 

Հիշյալ ակտի դեմ ՍՊԸ հղած առարկություններին հարկային մարմնի Գանգատարկման հանձնաժողովը պատասխանեց` ուժի մեջ թողնելով ակտը:

 

Գյումրու հարկային տեսչությունը նոյեմբերի 26-ին դիմեց ՀՀ տնտեսական դատարան, պահանջելով ՉԱՊ ՍՊԸ-ից բռնագանձել ակտով հաշվարկված գումարը եւ արգելանք դնել ՍՊԸ ունեցվածքի վրա: Դեկտեմբերի 3-ից մինչ օրս դատարանի որոշմամաբ արգելափակված են ՍՊԸ միջոցները, այդ թվում հեռուստաընկերության տեխնիկասարքավորումները, դրամական հաշիվներն ու միջոցները:

 

ՀՀ Տնտեսական դատարանում 2007 թվի դեկտեմբերի 17-ին մեկնարկած Գյումրու հարկային տեսչությունն ընդդեմ ՉԱՊ ՍՊԸ-ի գործը ընդմիջվեց ՍՊԸ կողմից Գյումրու հարկային տեսչության դեմ ներկայացված հակընդդեմ հայցը դատարանի վարույթ ընդունելու որոշմամբ: ՍՊԸ-ն հակընդդեմ հայցով պահանջում էր անվավեր ճանաչել հարկային մարմնի կազմած ակտը: Դատական գործի քննությունը շարունակվեց 2008 թվի փետրվարի 7-ին` ՀՀ դատարանակազմական փոփոխություններից հետո: Այս միացյալ գործը լսում էր նույն  դատավորը` Էդ.Նահապետյանը, արդեն որպես ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր: Փետրվարի 8-ին դատարանը մերժեց ՍՊԸ փաստաբանի միջնորդությունը` ըստ ակտի դատահաշվապահական եւ տնտեսագիտական համալիր փորձաքննություն անցկացնելու մասին եւ բավարարեց մյուս միջնորդությունը, որով առաջարկվում էր տեխնիկական փորձաքննություն անցկացնել, պարզելու համար ակտում նկարագրված Բենգալյան կրակներ-ի ծագումը: Այդ կրակները հարկային մարմինները բռնագրավել էին Գյումրիում գործող ՍՊԸ-ներից մեկից եւ դրանց արտադրությունը վերագրում էին ՉԱՊ ՍՊԸ-ին: Այդ փորձաքննությունը անկարող եղավ պարզել, թե ով, երբ, եւ որտեղ է արտադրել դրանք: 

 

Մարտի 12-ին վերսկսված դատաքննության ընթացքում, որն անցնում էր հետընտրական բուռն ու արյունալի իրադարձություններին հաջորդած լարված մթնոլորտում, ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Էդ.Նահապետյանը բոլոր ջանքերը ներդրեց, որպեսզի դատաքննությունը ավարտի նույն օրը. նա, գրեթե առանց խորությամբ մտածելու, իրար ետեւից մերժեց ՍՊԸ փաստաբանի երեք միջնորդությունները, որոնց բավարարումը հաստատապես էական հստակություն կմտցներ վեճում:

 

Փաստաբանի միջնորդությունները վերաբերվում էին ԳԱԼԱ ՀԸ-ի հաշվապահությունը վարկաբկեկող բացատրագրեր ներկայացրած մեկ տասնյակ ընկերությունների հաշվապահական գործերը դատարանի դահլիճ բերելուն եւ ուսումնասիրելուն, այդ ընկերությունների ղեկավարներին որպես վկա դատարանի դահլիճ հրավիրելուն եւ ԳԱԼԱ ՀԸ հետ առնչության մասով իրենց գրած բացատրագրերի վերաբերյալ հարցաքննվելուն, ինչպես նաեւ ՀՀ Հեռուստատեսության եւ Ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գ.Ամալյանին որպես վկա դատարանի դահլիճ հրավիրելուն եւ հարցաքննվելուն, այն մասով, թե ինչ իրավունքով է իրեն հեռուստաընկերությունից որպես խորհրդատվական ու կամավոր աջակցություն ուղարկված գովազդի ծավալների մասին տվյալները կնքել ՀՌԱՀ կնիքով, ստորագրել ու ներկայացրել հարկային ստուգողներին:

 

Բանն այն է, որ հարկային ակտի հիմքում ընկած են տնտեսավարողներից միայն բացատրագրերի հիման վրա արված եզրակացություններն ու ՀՌԱՀ նախագահ Գ.Ամալյանի ինքնիրավչությամբ սարքված թղթերը որպես փաստաթղթեր, եւ հաշվի չի առնված այն, որ հեռուստաընկերությունը, իր հաղորդումների մատյանում գովազդի ամբողջական բլոկները նշելիս, պարտավոր չէր եւ չի տարանջատել եթեր հեռարձակած 3 տեսակի գովազդները. առեւտրային (1), սոցիալական (2) եւ ինքնագովազդային (3): Այդ ամենը, ԳԱԼԱ ՀԸ-ն նկարագրել է մեկ տողում` որպես գովազդ: Այդ տեղեկությունները, հեռուստաընկերությունը, արձագանքելով ՀՀ ՀՌԱՀ-ի բանավոր խնդրանքին, առանց ստորագրելու եւ կնքելու, կամավոր, էլեկտրոնային ճանապարհով պարբերաբար մատակարարել է վերջինիս, իսկ հանձնաժողովի նախագահը, չունենալով դրա իրավունքը, հարկային ստուգողների հարցմանն ի պատասխան, տպել է իր համակարգչից, կնքել, ստորագրել ու տրամադրել է հարկային օպերլիազորներին: Ապա հարկային օպերլիազորները գովազդի այդ ամբողջ ծավալը համարել են որպես առեւտրային գովազդ եւ հարկուտուրք են հաշվարկել նաեւ իրականում սոցիալական գովազդի  ու ինքնագովազդի համար, ինչի համար հեռուստաընկերությունը որեւէ եկամուտ չի ունեցել: 

 

Դատավոր Էդ.Նահապետյանը այդ եւ հարակից հանգամանքները պարզելու համար նպատակահարմար չգտավ վկաներին լսել եւ ուսումնասիրել ապացույցները դատարանի դահլիճում, ինչով ՉԱՊ ՍՊԸ-ին զրկեց ապացուցողական նշանակության կարեւորագույն փաստերի բացահայտման հնարավորությունից, մանավանդ, երբ ՍՊԸ կողմը այդ ապացույցներն ու վկայությունները այլ օրինական ճանապարհով ստանալ չէր կարող:

 

ՀՀ ԿԱ ՀՊԾ աշխատակազմի Գյումրու հարկային տեսչությունը ընդդեմ ՉԱՊ ՍՊԸ-ի եւ ՉԱՊ ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ ԿԱ ՀՊԾ աշխատակազմի Գյումրու հարկային տեսչության միացյալ գործերի վերաբերյալ վճիռը դատարանը հրապարակելու է մարտի 19-ին ժամը 16-ին:

  

Պատիժ Գյումրու քաղաքապետարանի միջոցով

 

Նոյեմբերի 12-ից, հարկային ստուգման վերջին օրը, ԳԱԼԱ ՀԸ եթերազրկման վարչական պատերազմին ներգրավվեց Գյումրու քաղաքապետարանը, որը, ի դեմս քաղաքապետի տեղակալ Գաիկ Մանուկյանի, ՍՊԸ սեփականատեր Վահան Խաչատրյանին տեղեկացրեց, թե Գյումրու հին հեռուստաաշտարակը (54 մետր բարձրությամբ, Գյումրի, Վ.Սարգսյան փ., 6/1` ԳԱԼԱ ՀԸ հեռարձակող ստուդիայից 15 մ հեռավորության վրա) այլեւս` 2007 թվի նոյեմբերի 5-ից, քաղաքապետարանի սեփականությունն է, դրա վրա տեղադրված ԳԱԼԱ ՀԸ հեռարձակող անտենան կամ պիտի հանել, կամ աշտարակն օգտագործելու համար հեռուստաընկերությունը պիտի քաղաքապետարանին վճարի ամսական 200.000-ական դրամ (մոտ 650 ամերիկյան դոլար)` հաշվարկը կատարելով սկսած 2004 թվից, ապա միայն բանակցի ապագա վարձակալման համար: Այնինչ հեռուստատեսությունը հեռարձակման լիցենզիան ՀՀ ՀՌԱՀ-ից ստացել է միայն 2005 թվի սկզբին, անտենան տեղադրել է վիճարկվող աշտարակի վրա 2005 թվի օգոստոսին եւ սկսել է հաղորդումները կանոնավոր եթեր հեռարձակել 2005 թվի սեպտեմբերից:     

 

Վիճարկվող աշտարակը նախկինում անտեր-տիրազուրկ է եղել, Վահան Խաչատրյանի` աշտարակի տիրոջ որոնումները որեւէ արդյունք չեն տվել, իսկ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2005 թվի ամռանը Վահան Խաչատրյանի բանավոր հարցմանն ի պատասխան, ասել է, թե ինքը չի կարող վարձակալման տրամադրել աշտարակը, որովհետեւ քաղաքապետարանը այն տիրապետելու փաստաթղթեր պարզապես չունի: ԳԱԼԱ ՀԸ դեմ զարգացող ճնշումների ընթացքում պահանջված ամսական 200.000-ական դրամը` միայն անտենա կրելու համար հիմնավոր ու ողջամիտ չէր, որովհետեւ նախկինում աշտարակը վարձելու կամ դրա վրա վճարի դիմաց մեկ անտենա տեղադրելու մասին որեւէ իրավական հիմք չկար ոչ քաղաքապետարանում, ոչ էլ այլուր: Բացի այդ, քաղաքապետարանը ակնհայտ խտրականություն է ցուցաբերել Հեռուստաընկերության նկատմամբ, որովհետեւ նույն հեռուստաաշտարակի վրա տեղադրված երկու այլ տնտեսավարողների անտենաների համար տնտեսավարողներին մինչ օրս որեւէ պահանջ չի ներկայացրել: Վահան Խաչատրյանը մերժեց նախկինում աշտարակն օգտագործելու համար վճարելու, հետո միայն ապագայի համար բանակցելու առաջարկը եւ առաջարկեց բանակցել աշտարակը վարձելու կամ աշտարակի վրա ամսեվճարի դիմաց անտենան տեղադրելու մասին` սկսած 2007 թվի նոյեմբերի 5-ից` այն պահից, երբ աշտարակը դարձել է քաղաքապետարանի սեփականությունը: Այս առաջարկը քաղաքապետի տեղակալը մերժեց:

 

Նոյեմբերի 23-ին Գյումրու քաղաքապետարանը դիմեց ՀՀ Տնտեսական դատարան` քաղաքապետարանի աշտարակը ԳԱԼԱ ՀԸ անտենայից ազատելու հայցապահանջով:

 

Դատաքննության մեկնարկային օրվանից 2 օր անց` դեկտեմբերի 12-ին, հեռուստաընկերության դեմ ճնշումների պատճառով աճող հասարակական դժգոհություններն ու ակտիվությունը կարավորելու նպատակով, Գյումրիում ստեղծվեց Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը, որում ներգրավվեցին հասարակական, քաղաքական, մշակույթի գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, թոշակառուներ եւ այլն: Շտաբի աշխատանքները կանոնակարգում են երեք համակարգողներ` Լեւոն Բարսեղյան (Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ Խորհրդի նախագահ, Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան-Հիմնադրամ ծրագրի Շահառուների Խորհրդի անդամ), Վահան Թումասյան (Քաղաքական մշակույթի Շիրակ կենտրոն ՀԿ նախագահ), Արթուր Ասլանյան (Համալսարան ՀԿ նախագահ): Շտաբը պարբերաբար կազմել ու տարածել է ԳԱԼԱ ՀԸ շուրջ ընթացող զարգացումների մասին հաղորդագրություններ, հայտարարություններ, դատաքննությունների նյութերի լուսանկարներ, դեկտեմբերի 19-ին կազմակերպել է մեկ հանրահավաք Գյումրու թատերական հրապարակում` ի պաշտպանություն ԳԱԼԱ Հեռուստաընկերության:

 

Մինչեւ դատաքննությունը, Գյումրում գործող Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահը նամակով նոյեմբերի 30-ին դիմեց Գյումրու քաղաքապետին, հորդորելով եւ խնդրելով հրաժարվել խնդրի կարգավորման դատական ճանապարհից եւ այն կարգավորել բանակցությունների միջոցով ու խաղաղությամբ: Քաղաքապետը մերժեց այդ առաջարկը: Դեկտեմբերի 13-ին, հիշյալ դատական գործի լսման 4-րդ օրը,  նույն Լ.Բարսեղյանը եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը դիմեցին քաղաքապետին համանման խնդրանքով, Լ.Բարսեղյանը նույնիսկ ստանձնեց աշտարակը անցած 27 ամիսներին օգտագործելու դիմաց վճարելու պարտավորությունը, չնայած համարում է, որ անցածի համար վճարելու պահանջն անարդարացի է, եւ պայմանով, որ քաղաքապետարանը ողջամիտ սակագին կառաջարկի անցյալում օգտագործման համար, ու նմանապես ողջամիտ սակագնով պայմանագիր կկնքի հեռուստաընկերության հետ աշտարակի վրա ապագա առնվազն 6 ամիսներին անտենա տեղադրելու համար: Քաղաքապետն ընդունեց առաջարկը, բայց 4 օր անց յուրաքանչյուր անցած ամսվա համար պահանջեց 200.000-ական դրամ (ընդամենը 5,4 մլն դրամ, կամ 12000 եվրո, կամ 17500 ամերիկյան դոլար) եւ փոխեց նախապայմանը, թե անցյալի համար վճարելուց հետո միայն կարող են բանակցել ապագայի համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1 անտենա տեղադրելու դիմաց ամսական 200.000 դրամ սակագինը, բացառությամբ քաղաքապետի եւ նրա համախոհների, ոչ ոք ողջամիտ չէր համարում, առաջարկի հեղինակը առաջարկված սակագինը գնահատեց որպես բանակցությունները տապալելու հաջողված խորամանկություն: Հաշտությունը չկայացավ:

 

Դեկտեմբերի 10-ին ՀՀ Տնտեսական դատարանի Գյումրու նստավայրում հեռուստաաշտարակը անտենայից ազատելու հայցը քննելու մեկնարկին ՉԱՊ ՍՊԸ-ն քաղաքապետարանին առաջարկեց հաշտություն կնքել եւ, պայմանագրով, որոշակի վարձավճարի դիմաց աշտարակի վրա թույլ տալ տեղադրել ԳԱԼԱ ՀԸ անտենան (թողնել, որ այն մնա տեղում): Առաջարկը քաղաքապետարանը մերժեց: Գործը քննող դատավոր Էդ.Նահապետյանը, քաղաքապետարանի հայցը քննելիս, մերժեց վարույթ ընդունել ՉԱՊ ՍՊԸ հակընդդեմ հայցը աշտարակից օգտվելու համար հարկադիր սերվիտուտ սահմանելու մասին: ՉԱՊ ՍՊԸ-ն այս որոշումը բողոքարկեց ՀՀ Վերաքննիչ դատարան, ապա Տնտեսական դատարան: Դատաքննությունը կասեցվեց եւ շարունակվեց դատարանակազմական փոփոխություններից հետո` 2008 թվի փետրվարի 25-ին` արդեն ՀՀ Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանում:

 

Մինչ այդ, դեկտեմբերի 17-ին, ՉԱՊ ՍՊԸ-ն դիմեց ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան` պահանջելով հարկադիր սերվիտուտ սահմանել քաղաքապետարանի տնօրինման տակ գտնվող հեռուստաաշտարակի նկատմամբ եւ թույլ տալ այն օգտագործել հեռուստահեռարձակումների համար: Առաջին ատյանի դատարանը հայցը վարույթ չընդունեց: ՍՊԸ փաստաբանի բողոքից հետո ՀՀ Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի այդ որոշումը: Իսկ հունվարի մեկից հետոª դատարանակազմական փոփոխություններից հետո, հեռուստաաշտակը ԳԱԼԱ ՀԸ հեռարձակող անտենայից ազատելու պահանջով քաղաքապետարանի հայցը քննվեց նույն հեռուստաաշտարակի վրա հարկադիր սերվիտուտ սահմանելու ՉԱՊ ՍՊԸ հակընդդեմ հայցի հետ միաժամանակ:

 

2008 թվի փետրվարի 25-29-ը, ըստ էության տեղի ունեցավ խիստ արագացված դատաքննություն, որի վերջում ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Խաչատրյանը մերժեց ՉԱՊ ՍՊԸ-ի փաստաբանի մի շարք կարեւոր միջնորդությունները, այդ թվում` վիճարկվող հեռուստաաշտարակի դատատեխնիկական-շինարարական փորձաքննության իրականացումը, գործով օբյեկտիվ վճիռ կայացնելու համար ապացույցների հայթայթման նպատակով դատաքննության ժամանակավոր կասեցումը, անհրաժեշտ ապացույցները դատարանին ներկայացնելու համար դատաքննության կասեցումը եւ այլն: Փետրվարի 29-ի վճռով դատարանը ՉԱՊ ՍՊԸ-ին պարտավորեցրեց ազատել հեռուստաաշտարակը հեռարձակող անտենայից: Վճիռը կարող է բողոքարկվել 1-ամսյա ժամկետում: ՉԱՊ ՍՊԸ-ն բողոքարկելու վճիռը մարտի 28-ին, իսկ հաջողության չհասնելու դեպքումª դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

 

Եզրակացություններ

 

Փաստորեն Գյումրու քաղաքապետարան-ՉԱՊ ՍՊԸ եւ Գյումրու հարկային տեսչություն-ՉԱՊ ՍՊԸ հիմնական եւ հակընդդեմ հայցերով դատաքննությունները ընթացել են իրար զուգահեռ, դրանք ներառել է դատարանակազմական փոփոխությունների, ՀՀ նախագահական ընտրությունների պասիվ եւ ակտիվ քարոզարշավների, քվեարկության եւ ետընտրական ժամանակահատվածները: 2007 թվի դեկտեմբերի 3-ից մինչ օրս ՉԱՊ ՍՊԸ դրամական միջոցները արգելանքի տակ են:

 

Չնայած այդ ամենին, ՍՊԸ դրամական, մասնաիտական եւ տեխնիկական ռեսուրսների ներրավվածությանը ինքնապաշտպանական միջոցառումներում (հարկային ստուգումների, դատաքննությունների, պաշտպանության շտաբի աշխատանքների, ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության հանրահավաքի  լուսաբանումներ եւ այլն), ԳԱԼԱ Հեռուստաընկերությունը անցած 5 ամիսների ընթացքում հետեւողականորեն եւ պատվով կատարեց հանրության սոցիալական պատվերը. չունենալով պաշտոնապես ծախսեր կատարելու իրավունք, չունենալով գովազդային պատվերներ եւ եկամուտներ, հեռուստաընկերությունը շարունակեց մարդկանց մատուցել լրատվական թողարկումներ օրական առնվազն 3-անգամյա պարբերականությամբ, հնարավոր մանրամասնություններով ու բազմակարծությամբ լուսաբանեց ամբողջ նախընտրական պայքարը, Հայաստանի հեռուստաարդյունաբերության պատմության մեջ աննախադեպ մանրամասնություններով եւ ծավալներով լուսաբանեց ընտրախախտումները, եւ` այն բոլոր ընտրական անօրինությունները, որ տեղի ունեցան ինչպես քարոզչության, այնպես էլ քվեարկության փուլերում, միակը լինելով Հայաստանի հեռուստաընկերությունների մեջ, հնարավոր օպերատիվությամբ եւ ազնվությամբ լուսաբանեց ետընտրական համաժողովրդական հուզումները: Ընտրակաշառքի բաժանման մասին ԳԱԼԱ ՀԸ հրապարակումներն ու տեղեկությունները տարածվեցին նաեւ ինտերնետով: Ստացվեց այնպես, որ Գյումրի քաղաքի եւ Շիրակի մարզի տարածքի 70 տոկոսի բնակիչները, ԳԱԼԱ ՀԸ շնորհիվ Հայաստանի ամենաիրազեկված քաղաքացիներն եղան վերջին 5 ամիսներին: Ընտրախախտումների եւ ընտրակեղծիքների կազմակերպիչները սա հանդուրժել կամ ներել, իհարկե չեն կարող:

 

Դեռեւս անհնարին է ամբողջությամբ գնահատել իշխանության հարձակման հետեւանքով ՉԱՊ ՍՊԸ կրած ֆինանսական, նյութական եւ, մանավանդ, բարոյական վնասները: Այս ամբողջ հարձակումից ՉԱՊ ՍՊԸ-ի հեռուստաընկերությունը զրկվել է իր ամսական սովորական միջին եկամտից, դժվար է ասել, թե որքան է կազմում այն վնասը, որ ունեցել է ընկերությունը այդ եկամուտները չունենալու եւ դրա մի մասը որպես ներդրում օգտագործելու հնարավորությունից զրկվելու հետեւանքով: Հեռուստաընկերության տեխնիկասարքավորումները նորոգման միջոցներից նույնպես զրկված են: Դրամական հաշիվների եւ դրամարկղի վրա առկա արգելանքի պատճառով հեռուստաընկերությունը անգամ հնարավորություն չունի իր դրամական միջոցներով ռելեային սարքավորումներ գնել, որոնց առկայությունը պարտադիր է Գյումրիում գլխավոր (Կապի նախարարության ենթակա) կամ մեկ այլ հեռուստաաշտարակից հեռարձակումները կազմակերպելու համար:

 

ՉԱՊ ՍՊԸ-ն հոկտեմբերի վերջին գործարկելու էր օճառի արտադրամասը, որտեղ աշխատելու էր սկզբում մոտ 50 հոգի, իսկ 1 տարի անց` մոտ 190 մարդ: Ընկերության ապագայի մասին պաշտոնյաների արտահայտած սպառնալիքները ու այն ամենը, ինչ տեղի ունեցավ եւ նկարագրվեց վերեւում, ուղղակի կասեցրին օճառի 8 արտադրատեսակների արտադրությունը, ինչի համար գրեթե ամեն բան արված էր արդեն: Սա զրկեց Գյումրին, Շիրակը եւ Հայաստանը էժան արտադրանքից, պետական բյուջեն` լրացուցիչ եկամուտներից:

 

Հաշվի առնելով անցած 5-ամսյա առճակատման ընթացքում դատավորների եւ պաշտոնյաների դրսեւորած վարքը, անկախ ԶԼՄ-ների նկատմամբ Հայաստանում առկա հալածանքի ավանդույթները, երկրում նախագահական ընտրություններին հաջորդած ռեակցիոն իրադարձություններով պայմանավորված վախի, ահաբեկման, գրաքննության, անազատության եւ կաշկանդվածության մթնոլորտը, բոլոր հիմքերն ունենք հայտարարելու. բավականաչափ մեծ է հավանականությունը, որ ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Էդ.Նահապետյանը մարտի 19-ին վճիռ կկայացնի ընդդեմ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ-ի, ինչով կպարտավորեցնի վերջինիս վճարել հարկային մարմինների կազմած անհիմն տուրքերն ու տուգանքները` 25 մլն 665 հազար 100 դրամ: Իսկ դա, անկախ վճռի հնարավոր բողոքարկումներից ՀՀ Վճռաբեկ, եւ ապաª Եվրոպական դատարաններ, հեռուստաընկերությանը կդնի ուղղակի անելանելի իրավիճակի մեջ. ընկերությունը ստիպված կլինի սնանկանալ` գույքն ու սարքավորումները դրամի վերածվելով կանցնի պետական բյուջե:

 

2007 թվի հոկտեմբերի 14-ից մինչ օրս ԳԱԼԱ ՀԸ շուրջն ընթացքող իրադարձությունների բոլոր հնարավոր մանրամասների մեր նախաձեռնած բոլոր փորձագիտական, տնտեսագիտական, հաշվապահական ու իրավաբանական ուսումնասիրությունները թույլ են տալիս վստահությամբ հայտարարել, որ

 

ՀՀ ԿԱ ՀՊԾ օպերլիազորների կազմած ակտը զուրկ է իրական եւ պատշաճ հիմքերից, այլ խոսքով այն պարզապես կազմված է հեռուստաընկերությունը եթերազրկելու նպատակով:

Գյումրու քաղաքապետարանիª հեռուստաաշտարակը ԳԱԼԱ ՀԸ անտենայից ազատելու հրատապ եւ հետեւողական պահանջը Գյումրի քաղաքի շահերի հետ որեւէ ընդհանրություն չունի, այդ պահանջն ու դատարանի կայացրած որոշումը ուղղակի հակասում են քաղաքի եւ Շիրակի մարզի շահին:

Իշխանությունները, իրենց պահանջներին չենթարկված ու այդպիսով ոչպաշտոնական գրաքննությանը ՀՀ պատմության մեջ առաջին խստագույն դիմադրությունը ցույց տված ԳԱԼԱ հեռուստաընկերությունը եթերազրկելու կոշտ քաղաքականություն է վարում, գործի դնելով իր ձեռքում առկա վարչական բոլոր հնարավոր միջոցները. հիմա արդեն նպատակը ոչ այնքան պատիժն է, որքան անհնազանդին պատժելով դիմադրության նախադեպի օրինակելիությունը թույլ չտալը:

Չափազանց մեծ է հավանականությունը, որ ՀՀ իշխանություններին հաջողվելու է եթերազրկել ԳԱԼԱ Հեռուստաընկերությանը, սննկացնելով ՍՊԸ-ն, գույքը վաճառքի հանել ու համալրել բյուջեն, այդպիսով Գյումրիում գործազուրկ դարձնել մոտ քառասուն հոգու, ավելի քան 220 հազար հոգու զրկել անկախ եւ ազատ լրատվության ու ժամանցի մեկ աղբյուրից, գովազդատուներին` զրկել գովազդի եւս մեկ միջոցից ու աճեցնել հեռուստագովազդային գները շուկայում:

Չափազանց մեծ է հավանականությունը այն բանի, որ ԳԱԼԱ ՀԸ եթերազրկման գործը լսվելու է Եվրոպայի Մարդու իրավունքների դատարանում ՄԻ Եվրոպական կոնվենցիայի առնվազն երկու հոդվածների (6-րդ, 10-րդ) ակհայտ եւ դիտավորյալ խախտումների մասերով, ինչի արդյունքում առավել են վարկաբեկվելու ՀՀ իշխանությունները, ի վերջո հատուցվելու են հեռուստաընկերության վրա կատարված այս լայնամասշտաբ հարձակման հետեւանքով ՉԱՊ ՍՊԸ կրած վնասները: Եւ, որպես ճակատագրի հեգնանք, վնասների հատուցումը լինելու է ՀՀ պետական բյուջեի, այսինքն մեր` հարակատուներիս հաշվին ու հնարավոր է` 2-3 տարվա ընթացքում:

        

Այս ամենի պատասխանատուն ՀՀ իշխանություններն են, իսկ ավելի կոնկրետ` ՀՀ գործադիր եւ դատական իշխանությունների վերոհիշյալ ճյուղերը, ինչպես նաեւ Գյումրու քաղաքապետարանն ու ավագանին:  

 

 

Հնարավոր ելքը

 

ԳԱԼԱ Հեռուստաընկերության հիմնադիրը վճռական է տրամադրված հեռուստաընկերության գործունեությունը շարունակելու, ճնշումներին չենթարկվելու եւ իր որդեգրած ազատ լրատվական քաղաքականությունը շարունակելու հարցում: Նույն հարցում նույնպիսի դիրքորոշում ունեն հեռուստաընկերության աշխատակիցները,  Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը: ԳԱԼԱ Հեռուստաընկերությունը, ՉԱՊ ՍՊԸ-ն եւ հիմնադիր Վահան Խաչատրյանը հեռուստաընկերությունը պահպանելու, անհիմն տուգանքները վճարելու դրամական միջոցների չի տիրապետում. 2007 թվի հոկտեմբերից սկսած իր անձնական խնայողությունները ներդրել է հեռուստատեսության ընթացիկ ծասերի մի մասը հոգալու համար:

 

Մենք իրադարձությունների զարգացման երկու տարբերակ ենք տեսնում.

 

ա) ԳԱԼԱ Հեռուստաընկերության հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ-ն սնանկանում է, ինչի արդյունքում լուծարվում է եւ զրկվում է հեռարձակման լիցենզիայից ու դադարում է հեռարձակել հաղորդումները: Հանրությունը զրկվում է հեռուստաընկերությունից, ռեժիմը հերթական հաղթանակն է տոնում ազատ խոսքի եւ մեր բոլորի ազատությունների նկատմամբ: Սրա հետեւանքով մյուս հեռարձակողները եւս մեկ ուսանելի օրինակ կստանան առ այն, որ չի կարելի հակառակվել իշխանություններիր հրամաններին եւ հրահանգներին, անգամ չի կարելի այդ հրահանգները վիճարկել կամ քննարկել:

 

բ) ԳԱԼԱ Հեռուստաընկերության աշխատանքը գնահատողների, ազատ խոսքի արժեքն իմացող, պատվախնդիր, կարգին ու բավարար հնարավորություններ ունեցող մարդկանց եւ նրանց միավորումների ջանքերով մի քանի օրում իրականացվելիք դրամահավաքի միջոցով հավաքվում է այնքան գումար, որքան անհրաժեշտ կլինի դեկտեմբերի 19-ին ՀՀ Վարչական դատարանի կայացնելիք վճռով սահմանված տուգանքը վճարել, պահպանել հեռուստաընկերության եթերային աշխատանքը, ապա հնարավորություն ունենալ պայքարել հաջորդող դատական ատյաններում եւ հաղթել այս անհավասար կռվում: Արդյունքում հարձակում նախաձեռնողները մեկ կոշտ դաս են ստանում առ այն, որ ազատ լրատվամիջոցի նկատմամբ նախաձեռնված պատերազմը միշտ չէ, որ հնարավոր է շահել:

 

Մենք` Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի համակարգողներս, հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանի եւ խմբագրական խորհրդի հետ տեւական ժամանակ քննարկելով այս հեռանկարները, վերջապես, որոշեցինք ձեռնարկել ԳԱԼԱ Հեռուստաընկերության աջակցության ծայրահեղ քայլը` դրամահավաք. հեռուստաընկերության պաշտպանության բոլոր հնարավոր այլ միջոցառումներն արդեն իրականացվել են, ու դրանց շնորհիվ հնարավոր է եղել երկարաձգել եթերազրկումը 154 օր շարունակ: Դրամահավաքի որոշումը հեշտությամբ չի կայացվել:   

 

Օժանդակությունը կարող է լինել 2 տեսակ.

 

1. Ուղղակի դրամական նվիրատվություն կանխիկ կամ փոխանցումով:

2. Դրամական պարտք, որ հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանը կպարտավորվի վերադարձնել:

 

Երկու դեպքերում էլ օժանդակությունները պատշաճ իրավաբանական ձեւակերպումներ կստանան: Դրամական նվիրատվություններ եւ/կամ պարտք տրամադրող անձանց ինքնությունը կհայտարարվի միայն նրանց ցանկության դեպքում:

 

Ցավալի է, բայց մենք որեւէ այլընտրանք չունենք, քան խնդրել հանրության աջակցությունը:

 

Այս հայտարարությամբ մենք բոլորին իրազեկում ենք, որ մեկնարկում է ԳԱԼԱ Հեռուստաընկերությանը ֆինանսապես օժանդակելու դրամահավաք: Դիմում ենք բոլոր նրանց, ով համարում է, որ իրեն էլ է ուղղված այս խնդրանքը:

 

Հարգելի Ժողովուրդ,

 

Խնդրում ենք Ձեր հնարավորությունների եւ կարեցածի չափով մասնակցել դրամահավաքին. նվիրաբերվող յուրաքանչյուր լուման եւ յուրաքանչյուր դրամը կարող են վճռական լինել:  

 

Պահը վճռական է ոչ միայն հեռուստաընկերության, այլեւ մեզ բոլորիս համար.  խնդիրը միայն հեռուստաընկերությունը չէ, խնդիրը մեր բոլորի Խոսքի, մտքի, տեղեկատվության, արտահայտման, կարծիքի եւ տեսակետի Ազատությունն է: Մենք թույլ չպիտի տանք, որ հեռուստաընկերությունը եթերազրկվի: Խոսքի ազատությունը թանկարժեք հաճույք է: Ազատությունը գին ունի: Մենք պարտավոր ենք վճարել այդ գինը:

 

Առանց մեր Խոսքի ազատության մենք չկանք, միացեք մեզ:

 

Դրամական ուղղակի նվիրատվություններ իրականացնելու համար հարկավոր կլինի այցելել ԳԱԼԱ Հեռուստաընկերության գրասենյակ Գյումրի, Վ.Սարգսյան փ., 4/1 հասցեով. Շարլ Ազնավուրի հրապարակ, արեւմտյան շենք, մուտքը բակի կողմից:

 

Բանկային փոխանցումների եւ պարտքով դրամական օժանդակության համար հարկավոր է զանահարել հեռուստաընկերություն` հետեւյալ հեռախոսահամարներով. +374 312 31819, +374 312 31889, կամ զանգահարել ուղիղ ԳԱԼԱ Հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանին հետեւյալ բջջային հեռախոսահամարով. + 374 91 43 55 63:  

 

Եկեք արժանի լինենք ԳԱԼԱ հեռուստաընկերությանը: 

 

Եզրափակիչ

 

Խոսքի ազատության եւ պաշտպանության շտաբը երախտագիտություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր անցած 5 ամիսների ընթացքում իրենց կարեցածի չափով հեռուստաընկերության աջակիցների շարքերում եղան: Պատմությունն ու մարդկային հիշողությունը անպայման գնահատելու է այն ջանքերը, որ ներդրվեցին եւ դեռ դրվելու են հեռուստաընկերությունը եթերում պահելու համար:

 

ԳԱԼԱ ՀԸ եւ ՀՀ իշխանական վերոհիշյալ գերատեսչությունների ու Գյումրու քաղաքապետարանի այս 5-ամիս տեւող առճակատումը բավականաչափ մանրամասն եւ պարբերաբար լուսաբանվել է Առավոտ, Հայկական Ժամանակ, Ժամանակ Երեւան, Չորրորդ իշխանություն, Ազգ, Տարեգիր, Շրջապատ, Հինգշաբթի, թերթերում, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի www.asparez.am կայքում, www.lragir.am կայքում, Ա1+ ընկերության www.a1plus.am  վեբ կայքերում, Նոյյան Տապան լրատվական գործակալության www.nt.am  կայքում, www.armenianow.com կայքում, www.e-channel.am կայքում  Ազատություն ռադիոկայանի հաղորդումներում եւ վեբ կայքում, հենց ԳԱԼԱ ՀԸ եթերում, http://ditord.wordpress.com/ եւ այլ բլոգներում, վիրտուալ ֆորումներում եւ չաթերում: Տեղի ունեցածը պակաս հաճախականությամբ եւ եզակի նյութերով լուսաբանել են Գյումրու Ցայգ, երեւանյան Երկիր-Մեդիա հեռուստաընկերությունները, www.panorama.am կայքը, 168 ժամ, Իրավունք, Իսկական իրավունք, Հայաստանի Հանրապետություն, Հայոց աշխարհ թերթերը: Վերջինի լուսաբանումները աչքի են ընկել հեռուստաընկերության դեմ հարձակման առաջամարտիկների կարծիքների գերակայությամբ եւ ԳԱԼԱ ՀԸ ղեկավարների եւ ընկերության պաշտպանների կարծիքների իսպառ բացակայությամբ:    

 

Հարգանոք`

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ Հեռուստաընկերության պաշտպանության շտաբի

համակարգողներ Լեւոն Բարսեղյան, Վահան Թումասյան, Արթուր Ասլանյան

 

Այս հաղորդագրություն-կոչի հետ կապված բոլոր պարզաբանումների համար կարող եք դիմել Լեւոն Բարսեղյանին +374 91 821363 հեռախոսահամարով, [email protected] էլեկտրոնային հասցեով: 

 

Այս պատմության բոլոր մանրամասներ` հարակից փաստաթղթերով կարող եք գտնել www.asparez.am կայքում:

 

Խնդրում ենք տարածել բոլոր հնարավոր ուղղություններով եւ հասցեներով


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter