Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբի հաղորդագրությունը

 

28 | 01 | 2008 | 15:30 | Հաղորդագրություն-9 

 

Գյումրու քաղաքապետարանը հին հեռուստաաշտարակի վեճի շուրջ այնքան անհաջող է մանեւրում, որ կարողանում է 2 շաբաթվա տարբերությամբ իրար հիմնովին հակասող երկու նամակ գրել ԳԱԼԱ ՀԸ հիմնադրին եւ ապացուցել, որ հեռուստաաշտարակը նախկինում օգտագործելու համար վարձի վճարման իր պահանջներն .... ուղղակի անհիմն են:

 

Գյումրու ԳԱԼԱ Հեռուստաընկերության եւ ՉԱՊ ՍՊԸ հիմնադիր Վահան Խաչատրյանը դեկտեմբերի 3-ին նամակով դիմել էր Գյումրու քաղաքապետին: Նամակում ասվում էր. ... Պ-ն Ղուկասյան,  տեղեկացա, որ Գյումրիի Վ. Սարգսյան 6/1 հասցեում գտնվող հին հեռուստաաշտարակը այժմ պատկանում է Գյումրու քաղաքապետարանին: Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ մենք ցանկանում ենք ձեռք բերել կամ վարձակալել այդ հեռուստաաշտարակը քաղաքապետարանից: Խնդրում եմ  հաշվարկել այն գումարը, որն անհրաժեշտ է հեռուստաաշտարակը գնելու կամ վարձակալելու համար:... (Այս եւ այլ ընդգծումները շտաբինն են):

 

Գյումրու քաղաքապետի տեղակալ Գ.Մանուկյանը 2008 թվի հունվարի 7-ին պատասխանել է Վ.Խաչատրյանի առաջին նամակին.

 

...Ի պատասխան Ձեր 03.12.07 թ. գրությանը, կապված Վ.Սարգսյան փողոցի հ. 6/1 հասցեի տակ գտնվող, Գյումրու համայնքի սեփականությունը հանդիսացող հեռուստաաշտարակը վարձակալելու հետ, հայտնում ենք, որ վարձակալության պայմանագիր կկնքվի հեռուստաաշտարակի մինչեւ օրս օգտագործման ժամանակահատվածի համար սահմանված վարձավճարները մուծելուց հետո: (Պատասխանի լուսապատճենը այստեղ է):

 

2008 թվի հունվարի 21-ին Վ.Խաչատրյանը երկրորդ նամակն է հղել Գյումրու քաղաքապետին, խնդրելով իրեն ներկայացնել այն պայմաններն ու հանգամանքները, որոնք ընկած էին քաղաքապետարանից ստացված առաջին պատասխանի ... մինչեւ օրս օգտագործման ժամանակահատվածի համար սահմանված վարձավճարները ... ձեւակերպման հիմքում: Ահա քաղաքապետին ուղղված երկրորդ նամակը.

 

Ենթադրելով, որ այդ գրության մեջ նշված` հեռուստաաշտարակի մինչեւ օրս օգտագործման ժամանակահատվածի համար սահմանված վարձավճարների հնարավոր մուծող համարում եք ՉԱՊ ՍՊԸ-ին, խնդրում եմ ինձ տրամադրել վերոհիշյալ պատասխանում հիշատակված սահմանված վարձավճարներ-ի եւ Ձեր առաջարկած մուծումների իրավական հիմքերը, մասնավորաբար, խնդրում եմ ինձ տրամադրել հետեւյալ տեղեկությունները.

 

1. Վերոհիշյալ գրության մեջ նշված` հեռուստաաշտարակի մինչեւ օրս օգտագործման ժամանակահատվածի համար սահմանված վարձավճարների չափերը, այդ վարձավճարի սահմանման մեխանիզմը եւ այդ վարձավճարի սահմանման մասին համապատասխան որոշումը:

2. ՉԱՊ ՍՊԸ-ին Վ.Սարգսյան փողոցի հ. 6/1 հասցեի տակ գտնվող, Գյումրու համայնքի սեփականությունը հանդիսացող հեռուստաաշտարակը վարձակալության տրամադրելու մասին մինչ օրս ՉԱՊ ՍՊԸ-ի եւ Գյումրու քաղաքապետարանի միջեւ կայացված որեւէ փաստական կամ իրավական հիմքի` համաձայնության, համաձանյագրի, պայմանագրի կամ որեւէ այլ փաստաթղթի պատճենը:

 

Այս նամակին քաղաքապետարանի իրավաբանական բաժնից ստացվել է հունվարի 24-ով թվագրված հետեւյալ պատասխանը.

 

Գյումրու քաղաքապետին 21.1.2008թ. հասցեագրված Ձեր N1 տեղեկությանը հարցմանը հայտնվում է, որ Գյումրու քաղաքապետարանի սեփականությունը հանդիսացող Վ.Սարգսյան փողոցի 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակը գնելու կամ վարձակալելու համար Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 16 եւ 32 հոդվածների սահմանած կարգով, ավագանու որոշմամբ, համապատասխան մասնագիտական կամ փորձագիտական եզրակացության առկայությամբ կարող է կայացվել (որոշում բառն այստեղ ամենայն հավանականությամբ բաց է թողնված: -Լրացումը` շտաբի) համայնքի սեփականությունը համարվող գույքն օգտագործման տրամադրելու եւ օտարելու մասին, հաստատել դրանց վարձավճարների եւ օտարման գների չափերը եւ պայմանները, մեկնարկային գները հրապարակային սակարկությունների դեպքում, որի անցկացման ժամանակի եւ մյուս պայմանների վերաբերյալ հնարավոր կլինի համապատասխան ծանուցում տալ հեռուստաաշտարակը Ձեր ապօրինի տիրապետությունից դատական կարգով հետ պահանջելու գործընթացներն ավարտելուց հետո միայն: (Պատասխանի լուսապատճենը այստեղ է):

 

Այսպիսով, ստացվում է, որ չնայած այն հանգամանքին, որ ...վարձակալության պայմանագիր կկնքվի հեռուստաաշտարակի մինչեւ օրս օգտագործման ժամանակահատվածի համար սահմանված վարձավճարները մուծելուց հետո:..., քաղաքապետարանը Վահան Խաչատրյանի հարցմանն ի պատասխան, իր երկրորդ նամակում փոխանակ ներկայացներ աշտարակը մինչ օրս օգտագործելու համար սահմանված վարձավճարների վերաբերյալ տեղեկությունները եւ հիմքերը, այդ թվում այդ վարձաչափի սահմանման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի, ու, ենթադրաբար, քաղաքապետարանի տնօրինման տակ առկա Գյումրու քաղաքապետարան-ՉԱՊ ՍՊԸ վարձակալական պայմանագրի պատճենները, երկրորդ նամակով պատասխանում է, թե վարձակալման պայմանները կարող են որոշվել առաջիկայում...:

  

Եթե լուրջ ընդունենք քաղաքապետարանից ստացված երկրորդ պատասխանը (2008թ., հունվարի 24, իրավաբանական բաժնի պետ Ա.Սարգսյան), ապա ակնհայտ կդառնա, որ քաղաքապետարանի առաջին պատասխանը (7.1.2008, քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյան) բացարձակ սուտ է, որովհետեւ երկրորդ նամակում իրավաբանը բացատրում է ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի հոդվածները սակագներ եւ վարձակալական գներ սահմանելու առաջիկա հնարավոր պայմանների ու հանգամանքների մասին, այն էլ այն ժամանակ, երբ ՉԱՊ ՍՊԸ տիրապետությունից դատական կարգով ազատված կլինի աշտարակը: Իսկ ավելի վաղ` ընդամենը 14 օր առաջ, քաղաքապետի տեղակալը գրում է ... հայտնում ենք, որ վարձակալության պայմանագիր կկնքվի հեռուստաաշտարակի մինչեւ օրս օգտագործման ժամանակահատվածի համար սահմանված... վարձավճարների մասին: Տրամաբանությունը ստիպում է մտածել, որ կամ քաղաքապետի տեղակալը իր պատասխանի մասին ոչինչ չի տեղեկացրել ու, մանավանդ չի խորհրդակցել քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետի հետ, կամ` իրավաբանական բաժնի պետը լուրջ չի վերաբերվել իր պատասխանին նախորդած քաղաքապետարանի տեղակալի վերոհիշյալ մտքին, որը մեջբերված էր Վահան Խաչատրյանի երկրորդ նամակի նախաբանում:

 

Քաղաքապետի տեղակալի պատասխանը երկու կարեւորագույն հանգամանք է պարունակում հին հեռուստաաշտարակի շուրջ ծավալված վեճի շուրջ: Նախ, քաղաքապետի տեղակալը, ուղղակի հնարավոր է համարում պայմանագրի կնքումը. ...վարձակալության պայմանագիր կկնքվի ..., եւ ապա` որպես աշտարակի վարձակալման պայմանագրի կնքման նախապայման միանշանակ ու խիստ որոշակի հանգամանք է բերում ...հեռուստաաշտարակի մինչեւ օրս օգտագործման ժամանակահատվածի համար սահմանված... վարձավճարների մուծումը: Այս գրությունը որ ատյանում էլ մեկնաբանվի, ով էլ մեկնաբանի, պիտի ասի, որ ուրեմն քաղաքապետի տեղակալը, ուրեմնեւ` քաղաքապետարանը, տիրապետում են հեռուստաաշտարակի մինչ օրս օգտագործման ժամանակահատվածի համար սահմանված վարձավճար(ներ)ի իրավական հիմքերի (երկկողմ պայմանագիր, սակագնի մասին ավագանու որոշում եւ այլն), ու ենթադրաբար, երբ նման նախապայման է առաջարկվում կոնկրետ իրավաբանական անձի, նշանակում է աշտարակի տիրապետողի եւ այն մասնակի օգտագործողի միջեւ կա ինչ-որ համաձայնություն` համաձայնագիր, պայմանագիր կամ մեկ այլ փաստաթուղթ: Փաստաթուղթ, եւ ոչ թե ինչ-որ բանավոր զրույց, որ նման վեճերում, ինչպես հայտնի է ամենեցուն, ուղղակի ... հաշիվ չէ: Որովհետեւ վեճը, ըստ քաղաքապետարանի մեկնաբանության, Գյումրու քաղաքապետարանի եւ տնտեսավարող սուբյեկտի` ՉԱՊ ՍՊԸ-ի միջեւ է, եւ վարձակալական ինչ-որ հիմքերի առկայությունը պարտավորեցնում է ոչ թե Վարդան Ղուկասյանին ու Վահան Խաչատրյանին անձամբ, կամ Գագիկ Մանուկյանին ու Կարինե Հարությունյանին անձամբ, այլ քաղաքապետարանին եւ ՍՊԸ-ին, ով էլ լինի քաղաքապետ եւ ով էլ լինի ՍՊԸ տեր կամ գործադիր տնօրեն:       

 

Քաղաքապետարանի երկրորդ նամակից, կամ, որ նույնն է, թե ՉԱՊ ՍՊԸ տեղեկության հարցման պատասխանից, պարզ է դառնում, որ փաստորեն քաղաքապետարանը նախկինում աշտարակը վարձով կամ օգտագործման համար վարձավճարով տրամադրած չի եղել ՉԱՊ ՍՊԸ-ին, չկա այդ մասին որեւէ փաստաթուղթ, չկա աշտարակը վարձակալելու կամ դրա վրա որեւէ սակագնով որեւէ սարքավորում տեղադրելու սահմանված սակագին, այլ խոսքով, քաղաքապետարանը չի տիրապետում ՉԱՊ ՍՊԸ-ից աշտարակի նախկին 27-28 ամիսների համար օգտագործման դիմաց ՍՊԸ-ից քաղաքապետարանի առաջ որեւէ պարտավորության ապացույցի: Եւ, եթե լիներ նման որեւէ փաստաթուղթ, կամ իրավական որեւէ հիմք, ապա քաղաքապետարանը, առիթը բաց չէր թողնի ու վաղուց պարտք դարձած այդ գումարը բռնագանձելու հայցապահանջով դիմած կլիներ դատարան:

 

Այսպիսով քաղաքապետարանի այս երկու պատասխաններից պարզ է դառնում, որ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ-ին ներկայացվող` աշտարակը նախկինում օգտագործելու համար վճարելու պահանջները ոչ ավելի են քան Գյուլնազ տատիկի թարմացված հեքիաթ ու գործարարին եւ հեռուստաընկերությանը վնասատու լինելու բուռն ցանկության ապացույց, իսկ նախկինի համար վճարելու գրավոր ընդհանրական պահանջները եւ հորդորները` պաշտոնական դիրքը չարաշահելու անհագուրդ ծարավից ծնված, իրավական անտեղյակության գոհարներ:

 

Ինչպե՞ս կարելի է վարձ պահանջել գույքի օգտագործման համար, երբ ոչ պայմանագիր ունես վարձակալման մասին, եւ ոչ էլ նույնիսկ սահմանված վարձավճար կամ օգտագործման սակագին: Էլ չենք խոսում այն մասին, որ անցած 2,5 տարիներին այդ հին հեռուստաաշտարակը քաղաքապետարանի տնօրինման տակ չի էլ եղել: Այսպիսի պահանջատիրության ձեւը միայն Գյումրու քաղաքապետարանը գիտե, պարզվում է:

 

Քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետի պատասխանով ապացուցված ենք համարում, որ մինչ օրս քաղաքապետարանը չունի Գյումրի քաղաքի հին հեռուստաաշտարակի վարձակալման` օրենքով սահմանված պայմաններ եւ ոչ ՉԱՊ ՍՊԸ-ն ոչ էլ այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձ պաշտոնապես չի իրազեկված Գյումրի քաղաքի հին հեռուստաաշտարակի վարձակալման` օրենքով սահմանված պայմաններին ու հնարավոր սակագներին:     

 

Քաղաքապետարանի` մինչ օրս արած բոլոր այն հայտարարությունները, որոնք վերաբերվում են Գյումրու հին աշտարակի օգտագործման դիմաց ինչ-որ ֆինանսական պարտքերի մասին, զուրկ են իրավական հիմքերից եւ, զվարճալի լինելուց զատ, վկայում են այդ պահանջատիրական հայտարարությունների վնասակար մղումները:

 

ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ դեմ հարուցված եւ ընդմիջված դատական գործերի մասին

 

Դատական գործի քննությունը, ըստ Գյումրու քաղաքապետարանի հայցի, ընդդեմ ՉԱՊ ՍՊԸ-ի` հեռուստաաշտարակը ՍՊԸ սարքավորումներից ազատելու մասին մնում է ընդմիջված: Այդ գործը քննած ՀՀ Տնտեսական դատարանը, ի դեմս դատավոր Էդ. Նահապետյանի, մերժել էր վարույթ ընդունել ՍՊԸ հակընդդեմ հայցը հարկադիր սերվիտուտի սահմանման մասին:

 

Դրանից հետո ՉԱՊ ՍՊԸ-ն աշտարակի նկատմամբ հարկադիր սերվիտուտ սահմանելու հայցապահանջով դիմել էր Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան: Դատարանը մերժեր էր հայցը վարույթ ընդունել, որից հետո ՍՊԸ ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Թումանյանը այդ որոշումը բողոքարկել էր ՀՀ Վերաքննիչ դատարանին: Վերաքննիչ դատարանը գտել է, որ բողոքը ենթակա է բավարարման եւ հարկադիր սերվիտուտի մասին ՉԱՊ ՍՊԸ հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի լսվելու է առաջիկայում: Այսպիսով, ըստ էության, ստացվեց, որ ՀՀ Տնտեսական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Էդ.Նահապետյանի որոշումը հարկադիր սերվիտուտի մասին հակկընդդեմ հայցը վարույթ չընդունելու մասին հակասում է ՀՀ Վերաքննիչ դատարանի դիրքորոշմանը: Այսպես թե այնպես, ակնհայտ էր, որ հեռուստաաշտարակի` ՉԱՊ ՍՊԸ սարքավորումներից ազատման քաղաքապետարանի հայցապահանջը եւ ՍՊԸ հայցապահանջը աշտարակի նկատմամբ հարկադիր սերվիտուտ սահմանելու մասին, գտնվում են նույն դաշտում եւ արժանի են համատեղ քննման, ինչն այդպես չէին կամենում դատավորն ու քաղաքապետարանը: Հիմա կամ երկու առանձին դատաքննություններ են լինելու իրար հետ խստորեն կապակցված հայցերով (ինչը աղերսներ կունենա աբսուրդի թատրոնի հետ), կամ այդ գործերը, այնուամենայնիվ, ի հեճուկս դատավոր Էդ.Նահապետյանի եւ Գյումրու քաղաքապետարանի, միացվելու եւ քննվելու են միացյալ: Եթե դա տեղի ունենա, ապա լիարժեքորեն կհիմնավորի ՉԱՊ ՍՊԸ փաստաբան Կարեն Թումանյանի առաջին բացարկը դատավոր Էդ.Նահապետյանին (10 դեկտեմբերի, 2007): 

 

Ընդդեմ ՉԱՊ ՍՊԸ-ի ՀՀ ԿԱ ՀՊԾ Գյումրու հարկային տեսչության նախաձեռնած դատական հայցով դատաքննությունը ընդմիջվեց 2007 թվի դեկտեմբերի 18-ին, երբ ՀՀ Տնտեսական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Էդ.Նահապետյանի (նույն դատավորն է) որոշմամբ ՍՊԸ հակընդդեմ հայցն ընդունվեց վարույթ: Առայժմ որեւէ նորություն չկա այս դատաքննության շարունակության եւ համապատասխան դատական ատյանի մասին:   

 

ՉԱՊ ՍՊԸ-ն, իրավաբանները, Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը կազմ ու պատրաստ սպասում են դատական նիստերի մասին պատշաճ ծանուցումների:     

 

Նախընթաց մանրամասներ.

 

http://www.asparez.am/mmedia/materials/mayor-galatv-1stsession-court-10.12.2007.htm

http://www.asparez.am/mmedia/materials/mayor-galatv-2stsession-court-11.12.2007.htm

http://www.asparez.am/mmedia/materials/tvtower-galatv-issue-17.12.2007.html

http://www.asparez.am/mmedia/materials/taxpolice-galatv-issue-17.12.2007.html

http://www.asparez.am/mmedia/materials/taxpolice-galatv-issue-2-18.12.2007.html

 

Հավելված ֆակուլտատիվ ընթերցանության համար

 

Այն մասին, թե ինչպես թեկնածուն քրեական հանցագործություն կատարելու խորհուրդ տվեց ԳԱԼԱ ՀԸ պաշտպաններին

 

Տեղին է հիշատակել հեռուստաաշտարակի հետ կապված այն միտքը, որ արտաբերեց ՀՀ վարչապետ եւ նախագահի թեկնածու Ս.Սարգսյանը հունվարի 19-ին Շիրակի մարզ կատարած այցելության ժամանակ. ... Եթե երեսուն հազար բաժանում են, ես ձեզ խորհուրդ կտամ մի հարյուր հոգի հավաքել, գնալ էդ երեսուն հազարը ստանալ, բավական գումար ա դառնում՝ երեք միլիոն դրամ, կարող եք տանել էդ աշտարակի համար վճարել եւ էդ հեռուստատեսությունը նորմալ կաշխատի: ... : (Առավոտ օրաթերթ, 22 հունվարի 2008): Երեսուն հազար դրամ ընտրակաշառքի մասին խոսքը բացվել է մինչեւ այս պատասխանը. լրագրողները հարցրել են այն թափառող լուրերի մասին, թե Ս.Սարգսյանին այդ այցի ժամանակ ուղեկցող պատգամավոր Ա.Աղաբաբյանի ընտրատարածքում 30.000-ական դրամ ընտրակաշառք է բաժանվում: Անկախ այն հանգամանքից թե ինչ տոնով է Ս.Սարգսյանը խոսել ընտարակաշառքը ստանալու մասին` հեգնանքով, կատակով, ծաղրով, թե ամենայն լրջությամբ, վստահ ենք, որ նա այդ անելիս գիտակցել է, որ մոտ 100 հոգու քրեական հացագործություն կատարելու խորհուրդ է տալիս, ինչը պիտի արժանանա իրավապահների ուշադրությանը, բայց, այս թեկնածուի դեպքում դա անհավանական է:    

 

Ս.Սարգսյանը, Վ.Ղուկասյանը եւ իրենք իրենց ԳԱԼԱ ՀԸ-ից հեռուստաաշտարակի գծով պահանջատեր համարող մնացած անձինք պարտավոր են իմանալ, որ ընտրակաշառքի տարածմանն ու վերցնելուն ուղղված կոչերը քրեական հացագործություններ կատարելու կոչեր են, եւ, եթե նման բան կարող է իրեն թույլ տալ, գուցե, սոցիալական ծանր կացության մեջ հայտնված չքավորը, այդ անելու ոչ մի տեսակի իրավունք չունի ի պաշտոնե վարչապետը եւ մանավանդ ՀՀ նախագահի թեկնածուն: Ուշագրավ է, որ այս թեկանծուն Շիրակի մարզի հունվարի 19-ի այցի ժամանակ քաղաքապետարանի թելերով արդեն բավականաչափ տեղեկացված է եղել, թե ինչքան է պարտք ԳԱԼԱ ՀԸ-ն քաղաքապետարանին (նոյեմբերի 12-ին քաղաքապետի տեղակալը ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր Վահան Խաչատրյանի հետ զրույցի ժամանակ առաջարկել էր անցյալում օգտագործված հեռուստաաշտարակի համար վճարել ամսական հարյուրհազարական դրամ, ընդամենը մոտ 2,8 մլն դրամ, այժմ արդեն` ... 3 մլն դրամ): Եւ այս թեկնածուն առանց որեւէ անհարմարության, հրապարակավ ասում է ... ես ձեզ խորհուրդ կտամ մի հարյուր հոգի հավաքել, գնալ էդ երեսուն հազարը ստանալ, բավական գումար ա դառնում՝ երեք միլիոն դրամ, կարող եք տանել էդ աշտարակի համար վճարել եւ էդ հեռուստատեսությունը նորմալ կաշխատի ...: Ահա այսպիսի լավատեղյակությամբ ու, մի վրիպմամբ, թերեւս. ԳԱԼԱ ՀԸ-ն շարունակում է աշխատել առանց այդ հորինված ու չեղած պարտքը փակելու էլ, ճիշտ է, էական ֆինանսական դժվարություններով ու զրկանքներով, եւ` շարունակելու է աշխատել ի հեճուկս բազմաթիվ ռեժիմային վնասատուների:

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբ


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter