Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats




Կուռքերին թաղելու ժամանակը

 

09 | 05 | 2007 | 11:47 | Հրապարակախոսական 

 

Հոգեվարք. թաղու՞մ ենք կուռքերին, թե՞ Green Card-ի հերթագրվում ... 

 

Ժողովրդավարությունը Հանդուրժողականություն է եւ Սեր: Սա զառանցանք չէ: Սա մի բանաձեւ է, որ ուրիշներին հասկանալի լինելու արդյունքում շշմելու բարեկեցություն է բերել, մեզ` հայաստանաբնակներիս, անհասկանալի լինելու պատճառով` չարիքներ: Սովետի ժամանակ ամեն ինչ շատ ավելի պարզ էր: Բոլորի համար էլ հասկանալի էր, որ պարտիան որոշում է բոլորի փոխարեն, այդ որոշումները անբեկանելի էին եւ քննարկման ենթակա չէին: Ճիշտ ու սխալ ջոկելու ոչ հնարավորություն կար, ոչ սիրտ, ոչ հավես, համ էլ պարտիան սխալ որոշած լինել չէր կարող: Կամ ընդունում էիր ու մնում` լուսավոր կոմունիզմը կառուցելու, կամ չէիր ընդունում ու ... էլի մնում էիր. սովետից գաղթելը հանաք-մասխարություն չէր: Պարզ էր, մի խոսքով, ու ազնիվ` որպես խաղի կանոն:

 

Այն ինչ եղավ հետո, ապագայում մի քանի վարկածներով կգրեն պատմության դասագրքերում: Արդեն գրում են, ու արդեն պարզ է, որ կախված նրանից, թե ինչ իշխանության օրոք են գրվում այս դասագրքերը, այնքան հարմար են գրվում: Չզարմանաք, որ 2050 թվի պատմության դասագրքերում ու հանրագիտարաններում հերոսներ ներկայացվեն նրանք, ովքեր, 2035-ին` ազգի թշնամիներ էին ... դասագրքերում: Հետո էլի, էլի, էլի ....

 

Սովորական գողը կարող է գողանալ որեւէ բան ապրանքատար վագոնից, իսկ համալսարան ավարտած գողը կարող է գողանալ մի ամբողջ երկաթուղի: Թ.Ռուզվելտի այս միտքը նորից տեղին է գալիս բոլոր այն իշխանություններին, ով սովետի ղեկավարների վարդապետական ազնվությունը չունեն, թե Պարտիան միշտ ճիշտ է, եւ իշխանավարման բանաձեւ ունեն իրենց իշխանավարական երկարակեցությունը ԱՄԵՆ ԳՆՈՎ: Օրինակ. Սահմանադրության մեջ կարող են գրել, որ երկիրը ժողովրդավարական է, բայց իրականում իրենք առանց փշաքաղվելու որոշեն ժողովրդի փոխարեն, ոչ միայն այն դեպքում, երբ ժողովուրդը դեմ չէ այդ որոշելիքին, այլեւ այն դեպքում, երբ ժողովուրդն ուղղակի դեմ է ... Սա ժուլիկություն է ամենաբարձր մակարդակով, քաղաքական խուլիգանություն: Երբ իշխանությունը ժողովրդից չէ ու այլասերված, ուրեմնեւ երկերեսանի է. բերանացի կասի այո, տակից` ոչ. աջուձախ կխաբի, թե ազատ շուկայական տնտեսություն է սարքում, տակից մենաշնորհները կավելացնի եւ շուկայի մասնակիցներին կպակասեցնի, աջուձախ կխոսեն խոսքի ազատության եւ լրագրողների իրավունքների պաշտպանության մասին, բայց առիթը բաց չեն թողնի մի նպատակահարմար լրագրողի բանտելու եւ աննպատակահարմար հեռուստաալիք փակելու: Դրսում կասեն կոմլիմենտա~ր, բոլորի հետ հավասա~ր, տակից անհարմարագույնս կտեղավորվեն այն Վալոդի տակ, ով իրենց իշխանավարական երկարակեցություն կերաշխավորի ...

 

Կտելու տեխնոլոգիան, թվում էր հայերիս ու, մանավանդ հայաստանցիներիս վրա չէր աշխատելու, իբր, մենք քոքված էինք ու ենք, զանազան սուտ ու պռատներին չէինք ենթարկվելու, չէինք հավատալու, այդ մենք էինք, որ ալամ-աշխարհին խաբելով ու գցելով էինք ապրում, էդ, ինչպե~ս եւ ո~վ կարող էր մեզ կուտ տալ, խաբել, կաշառել, տանել ընտրության ու իր օգտին քվեարկել տալ, այդ ո՞վ էր այն մեզնից խորամանկը, որ մեզ կարողանար ընտրություններ կեղծել տալ: Պարզվեց գցողների վերջակետը գցվելն է: Այսինքն, չկա գցող, որ չգցվի: Ընտրակաշառքի մասին կիլոմետրերով գրվել է ... օղբաթն այն է, որ այդ ամենը կարդում են միայն նրանք, ովքեր կեղծիքներ են կազմակերպում եւ նրանք, ում մորթես էլ` այլեւս ընտրության չեն գնա: Ընտրակաշառքը ուտող-չուրացողների համար ոչինչ այնպես շոշափելի եւ ազդեցիկ չէ, որքան ... ընտրակաշառքը: Ստացվում է որ, նրանք տալով, սրանք վերցնելով բազմանում ու բազմացնում են իրենց ու իրենցպեսներին: Տվողները շարունակում են իշխանություն լինել, վերցնողներն ավելի են ճենճոտում, սրանց գլխուղեղը սկսում է ճարպակալել ու վերջը կռահելը ստից բան է. Ընտրակաշառքով քվեարկողները այնուամենայնիվ արտագաղթում են չվերցնողների հետ, նրանց փոխարինում են ուրիշները, բայց վերցնողների եւ չվերցնողների հարաբերակցությունը աճում է հօգոտ վերցնողների, այդպես ավելի ու ավելի արագ, .... երկիրն սկսում է թուլանալ ու տկարանալ, մի ուռած գլխով, բարալիկ ոտներով բեջուռա կենդանի է դառնում. բեջուռա գլուխն աջուձախ կրակ ու լորձ է ժայթքում. -մենք ունենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը.- ու չեն խոսում խաղաղ պայմաններում տարեկան մի քանի տասնյակ բանակային զոհերի եւ նրանց ընտանիքների մասին,- մենք ունենք տնտեսական երկնիշ աճ, -չեն խոսում, որ ինչ էլ որ աճում է` իշխանությունների ախպերական կուլակների գանձարաններում է աճում, -Հայաստանը կարող է 100 տարի էլ գոյատեւել, -չեն խոսում այն մասին, որ մամռակալած քարեր բոլոր մարագներում էլ կան ... երկանքի քար է, որ չի ճարվում:

 

Ինչպես վարվի ընտրողը, երբ ընտրակեղծիքների մասին ամենից շատ խոսում են կեղծարարները, երբ քաղաքական, մշակույթի, գիտության եւ կրթության գործիչները հանրաքվե եւ ընտրություններ են կեղծում, կարծելով, իրենք իրենց համոզած լինելով, որ դե մի քանի քվե էր` փոխեցինք, ինչ մի սարսափելի բան էր, որ ... համ էլ ժողովրդավարությու՞նն ինչ մեղքս էր, իբր սրանք ժողովրդավարությունից բան են հասկանու՞մ որ ... Ի՞նչ անել, երբ ... կուսությունից խոսում են մագիստրալ պոռնիկները: Քաղաքական պոռնիկներն իհարկե: Ի՞նչ բան է քաղաքական պոռնիկը: Սրանք չեն էլ կռահում, որ կա քաղաքական բարոյականություն: Սրանք հալած յուղի տեղ էլ ընդունել են այն այլասերումը, թե` քաղաքականությունը պոռնկություն է: Առանց հեգնանքի: Հենց այդ գիտակցությամբ էլ առաջնորդվում են, տգետ են այնքան, որ կարծում են թե, ինչ էլ անեն քաղաքականության մեջ, մեկ է պոռնկություն են որակելու, է բեր միանգամից պոռնկություն անենք: Ահա այս բանաձեւով: Ինչ անել, երբ մարդը 4,5,6,7,8,9,10 կուսակցություն է փոխել, եղել է ծայրահեղ ձախ` կոմունիստ, ապա կենմտրոնամետ լիբերալ, ազգային դեմոկրատական ինչ-որ կուսակցության ներկայացուցիչ, հետո արմատական ազատական, հետո հենց իշխանավոր է դարձել նորից` հասկացել է, որ ինքը, դու մի ասա ... նժդեհական է ու չի իմացել ... ու թե 5 տարի հետո քեմալականները զավթեն իշխանությունը, քիթս կկտրեմ, թե իրենք մի գիշերում Քեմալի նկարները չկախեն իրենց կաբինետներում ու պալատներում: Քոչարյան Ռոբերտը թունդ կոմունիստից հետո դառավ ՀՀՇ-ական, հետո էլ թե.- Իմ կուսակցությունը ժողովուրդն է: -Առը հա: Գյուտ էր արել ուրեմն, հիմա էլ իր նախագահական զորքը իր մոգոնած զապաս կուսակցությունն է լցրել. ռեզերվ իբր: Սերժն իր կոմսոմոլը մոռացավ ու մեկ էլ անցած տարի հիշեց, որ ինքը հանրապետական է, էն էլ միանգամից խորհրդի նախագահ: Էն տակի դավանափոխ խուրդի մասին խոսելն ավելորդ է, բավական են ընդհանուր ընդհանրացումները:

 

Մենք, պարզվում է, ու դա ցույց են տալիս անցած 2003, 1999, 1998, 1995 թթ. ընտրությունները, դեռ կռապաշտ ենք ու կուռքերի տված կուտն ուտող (DVD, հեռուստացույց, սառնարան, կարտոլի սերմացու, 8000 կմ2 մակերոսով ԼՂՀ անկախ եւ ճանաչված հանրապետության, Արեւմտահայաստանի միացում, Ստամբուլն` արյան ծով, կարտոֆիլի սերմացու, Աղետի գոտին վաղու~ց արդեն վերականգնված ու զարգացման գոտի, կայունությու~ն, առաջընթա~ց) ընտրազանգված ենք մեր խրոխտ հավաքականության մեջ:    

 

Լավ է, որ սա գրավոր խոսք է ու հեռակա, ես իմ համար` կոմպի առաջ, թե չէ որոշ ընտրողներ հարցնելու էին. հմի, մի բան տալի՞ս ես(եք), թե՞ չես(եք) տալիս, առանց ջոկելու, թեկնածու՞ եմ(ենք), թե՞ չեմ(չենք): Չեմ տալիս որեւէ կուտ, չէ:

 

Աստծուց Իմաստնություն եմ պաղատում Հայաստանի բոլոր ընտրողների համար: Այն իմաստնությունը, որ մեծամտաբար կարծում ենք թե կա` պապական, իբր` ունե~նք, մեզնից շատ, ոչ ոք չունի, բայց ամեն 15 րոպեն մեկ միամտաբար տրվում ու ծախվում ենք գառան մորթի հագած գայլերի հեզաքնքուշ թախանձանքներին` ... քե~ե~ե~զ համար Հայաստան: Յա~, բա էն ո~՞ էր պատասխանատու ազգային անվտանգության համար, երբ հոկտեմբերի 27-ն էր 1999-ի, տեսնես էն ո~՞վ էր ընտրակեղծիքների մեղքը գցում հայ ժողովրդի մենթալիտետի վրա, երբ Քոչարյանին զոռով նախագահ շինեցին, մոռանալով որ Սահմանադրությունը գաստրալյորներին թույլ չի տալիս մեր երկրում նախագահի թեկնածու առաջադրվել, ուր մնաց դառնալ, տեսես էն ո~՞վ ուներ կաշառակերության, կոռուպցիայի, ալան-թալանի դեմ պայքարելու բոլոր` ԲՈԼՈՐ, լծակները. ոստիկանություն, դատախազություն, դատարաններ, հակակոռուպցիոն ՊԵՏԱԿԱՆ հանձնաժողով ու մոնիտորինգային խմբեր ու ... չարեց ոչինչ ու հիմա խզված ձայնով ծղրտում է` պայքար կոռուպցիայի դեմ: Բոլորի՞ս է հավի տեղ դրել: Առանց ազատ լրատվամիջոցների այդ ինչպե՞ս եք պայքարելու, ասեք իմանանք էլի, ասեք, թե առանց իշխանություններին ազատորեն քննադատող հեռուսատաալիքների ինչպե՞ս եք պայքարելու կոռուպցիայի դեմ, եթե նման հնար կա, ուրեմն աշխարհը սխալ է ու դուք եք ճիշտ, ուրեմն` գետերը հոսում են սարնիվեր, մարդիկ են ծրտում թռչունների վրա եւ ոչ թե հակառակը, ու ճիշտն այն է, որ ամսական 400 հազար դրամ աշխատավարձով 10 տարում կարելի է 250 միլիոն դոլար կուտակել ... ախր կոռուպցիան հենց իշխանության չարաշահումն է, ոչ թե Ազատության հրապարակում ընդդիմադիրների հանրահավաքների չարաշահումը: Էն ո~՞վ էր տեսնես, որ Լ.Տեր-Պետրոսյան-Ք.Քըրքորյան 1997-ի համաձայնությունը սեփականացրեց, յուրացրեց, շինեց իր նվաճումն ու հատկանշական արժանիքը, եւ հիմա ամեն քայլափոխի ներկայացնում է որպես աղետի գոտուն Հանրապետական կուսակցությունից մեծագույն պարգեւ, իբր նախկինները բան չէին արել ձեզ համար, ահա մենք արել ենք, քե~զ համար Գյումրի, առանց ամոթի, քե~զ համար Շիրակ, իրենք գիտեն, թե մարդկային հիշողությունը կարճ է այնքան, որքան իրենց արժանապատվությունն է նվազ, ... Բավական չէ՞ ծաղրեք մեր Հայաստանը, իբր իր համար եք անում: Թե՞ ձեր իմացածն ուրիշ Հայաստան է:

 

ՀՀ Սահմանադրության վրա հոգու խորքում խնչած ունեցող մի սալդաֆոն էլ որոշեց ուրիշ Հայաստան կառուցել: Էդ ուրիշ Հայաստանի ձեւական ղեկավարի մայրիկն էլ այսպես զրուցեց Ավետյան լրագրողի հետ.

 

- Տիկին Ծառուկյան, ձեր ընդհանուր աշխատատեղերի քանակը ինչքա՞ն է:

- Իա, ասեմ, որ հարկայինը գա ասի հարկերը խի չես լրիվ ցույց տալի՞:

- Ինչքանը որ գրանցված է` այդքանը ասեք:

- 78 հոգի:

- Տիկին Ծառուկյան, բայց իսկապե՞ս հարկերը լրիվ ցույց չեք տալիս:

- Մի քիչ պահում ենք, մի քիչ ցույց չենք տալիս, մի քիչ տալիս ենք, բա ոնց...

- Դրա համար էլ ասում են, որ հարկերը թաքցնում եք, հետո ժողովրդին բարեգործություն անում դրանով:

- Շատ էլ լավ ենք անում, եթե էդքան բանը բաշարում ենք, ուրեմն ճիշտ ենք անում...

 

Ժամանակ Երեւան, ապրիլ 2007

 

Կերա՞ք հարգելի ընտրազանգված: ... իսկ, օրինակ, դուք դեռ շարունակու՞մ եք հարկերը վճարել: Կարո՞ղ եք չվճարել: Կթողնե՞ն, որ չվճարեք: Հիմա տեսա՞ք, դուք վճարում եք հարկերը, որ ջոջերը չվճարեն ու չվճարածի 2 տոկոսի չափով սերմացու կարտոլ ու բանեցնելու խալադելնիկ բաժանեն ձեզ խեղճ թշվառ գյուղացիներիդ ու պատերի տակ օրեր մաշող գործազուրկներիդ, անունով օգնություն ու վիճակախաղ, բովանդակությամբ` քրեորեն հետապնդելի եւ ընտրական օրենսգրքով արգելված ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ: Օրենքի ու արդարության երկիր լիներ, գլուխները պատերով կտային ու բախտները չէին փորձի: Ընտրակաշառքի տուկի թելի առաջին մետրը տալուց 4 րոպե հետո այս կուսակցությունների գրանցումն անվավեր կհայտարարվեր ու կշպրտվեին դուրս ընտրապայքարից: Տեսնես, էդ ինչու՞ է այսպես ստացվել, որ իշխանական ու մերձիշխանական կուսակցությունները օրենքներ խախտում ու չեն պատժվում: Տեսնես, ո՞ր երկրի ընտրող-չընտրողների լուռ համաձայնությամբ են սրանք ելել նստել մեր վզերին: Դու ես մեղավոր, հարգելի ընտրազանգված: Բավական չէ՞ ընտրազանգված լինես, Ընտրող դառնալու ժամանակը չէ՞:

 

Հայ Յեղափոխական Դաշնակցություն: Վախենալու բան է, այ մարդ: Իրենց մաթեմատիկայով 1+1 հավասար է ոչ թե հասարակ 2-ի, այլ ազգային երկուսի: Դա սովորական երկուս չէ, ինչպես հասկանում եք, դա Հայ Հեղափոխական երկուս է: Դա ազգային ազատագրական երկուս է, դա հայդատական երկուս է, դա մեր ազգային ինքնագիտակցության երկուսն է: Ես ուղղակի վստահ եմ, որ Դաշնակցությունը հայ ինտելեկտի զեղումն է: Կասկած կար թե, այս կառույցի դեմագոգիան բանտերում դեռ դեգերող իր պատանդների ճակատագրով մտահոգության արգասիքն է: Բայց այդ դեպքում ախր, կարելի էր չէ՞ վերագրանցվել որպես Հայ Հեղափոխական Կարմիր Խաչ: Կարելի էր, չէ՞: Ուրեմն ուրիշ պատճառ կա: Նրանք արդեն մի քանի անգամ ապացուցել են, որ կարող են լինել կամ երրորդ վագոն, կամ չորրորդ վագոն  կամ` խաղից դուրս` բանտերում այսինքն: Վերջին` ընդդիմադիր վագոններում իրենց արդեն տեղ չկա, երբ կար, քիթումռութ ու չեմուչում արեցին: Սխալ չհասկանաք, իմ լավագույն ընկերներից մի քանիսը դաշնակցականներ են ... եղել: Բայց ինչ տարբերություն, նախկին դաշնակցական չեն լինում:

 

Մյուս ՄԱԿ-ը եւ առաջնորդը նորա` Գուրգեն Արսենյանը ինձ երիտասարդ Գեղամյանին են հիշեցնում. նույն գիտելիքները Մադրիդի ինքնապաշպանությունից, նույն ողբերգական եսակենտրոնությունը, եւ շերտերն իմաստնության. իմաստնության իմաստնություն, իշխանական ընդդիմության իմաստնություն, հինգերորդ վագոնի իմաստնություն, ընդդիմադիր իշխանության իմաստնության իմաստնություն, իմաստուն իմաստնություն, անիմաստ իմաստնության իմաստնություն, միավորված աշխատանքային իմաստնություն, 5000 դրամանոց փաստագրված եւ հաշվենկատ իմաստնություն, օպորտունիստական իմաստնություն, ջրալի ամբոխավարական իմաստնություն, ... տեղ-տեղ, անգամ չբացահայտված դաշնակների հետ կարող ես շփոթել, թե նախորոք չիմանաս հանկարծ: Ուրախ վագոն է, համենայն դեպս, չեք ձանձրանա:       

 

Ես, իհարկե միամիտ չեմ, ու կարծում եմ, որ նախընտրական 4 տարիների ու պաշտոնական քարոզարշավի 40-օրվա ընթացքներում իշխանական թեկնածուների ձեռամբ օրենքների հնարավոր բոլոր խախտումների, օրինազանցումների, դիրքի չարաշահումների հանրային` մեր բոլորի միջոցների իրենց օգտին օգտագործումների արդյունքնում այնպես են ապականել ընտրողների պատկերացումները թեկնածուների, ընտրություն ասվածի, ժողովրդի ազատ կամաարտահայտման իրավունքի, հնարավոր ժողովրդավարության հնարավոր օգուտների մասին, որ իրականում այս ամեն ու ինչ լինելու է 12-ին մայիսի դժվար կլինի կոչել ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ: Ընտրությունն այն է, երբ լավ գիտես ով ով է, երբ թեկնածուները ընտրապայքարում հավասար են, երբ ընտրելու կամքիդ չեն բռնանում ուժով, սպառնալիքներով, կաշառքով, թելադրանքով, եւ, վերջապես, երբ լավ գիտես, թե քո ընտրությունից ինչ է կախված:

 

Ահա մեր ծանր դեպքում` հիմա էլ, 2003-ին էլ, 1999-ին էլ 1995-ին էլ, վերոհիշյալ 4 պայմանները խախտված  ու խաթարված են այլանդակության չափ: Ու այստեղ է, որ Հայաստանի մազական հույսը մնում է ... լիրիկական մի զեղում` մարդկանց պատմական իմաստնությունը: Է բան մնացե՞լ է, որ այդ իմաստնությունից: Իբր գենետիկական ինքնապաշտպանություն + առողջ բնազդներ + իրական ավանդականություն: Դժվար է ասել: Մեծ ռիսկի բան է:      

 

Բոլոր հնարավոր ճշմարիտ ուսումնասիրությունները, մասնագետների կարծիքները հաստատում են, թե հանրությունն ըստ էության տեղյակ չէ, թե ովքեր են համամասնական թեկնածուները: Ընդհանուր առմամբ, լայն հասարակությանը հայտնի է, որ քվեաթերթիկում տեղ են գտել 22 կուսակցություն եւ 1 դաշինք: Ահա նրանցից իշխանականների ու բացահայտ մերձիշխանականների մասին (ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ, ՄԱԿ) հանրությունը բանականաչափ միակողմանի իրազեկված է միայն դրական կողմերով, 4 տարի շարունակ, իսկ սրանցից որոշների մասին ավելի տեւական ժամանակահատված հանրությունը հեռուստառադիոկայաններով լսել է գովքը, գովքը եւ գովքը. կոալիցիայում պահպանվածները, Սահմանադրությունը բազմակի խախտած Քոչարյան Ռոբերտին անվերապահ հավատարմություն խոստացածները մեր հաշվին` պետբյուջեի միջոցներով Հանրային հեռուստառադիոալիքներով գովասանքի եւ դրվատանքի հսկայական պաշար են ստացել, իսկ այսպես կոչված ոչպետականներով` քծնանք, շոկոլադ: Սրանց վարքի թերությունները մեծ լսարաններ ունեցող ԶԼՄ-ներով` հեռուսատաալիքոներով եւ ռադիոկայններով կամ չեն լուսաբանվել կամ չնչին լուսաբանում է ստացել ինչ-ինչ ընդիմադիրների խոսքերից կցկտուր մեջբերումներով, որոնց, հաջորդել է հուժկու խմբագրական հակահարված, զա ռոդինու, զա Ստալինա:

 

Մնացած թեկնածու քաղաքական ուժերից ՕԵԿ-ն էր, որ կլանի ոտները լվալու, ջուրը համապատասխան կերպով օգտագործելու շնորհիվ լուսաբանվում էր որոշակի նախահաշիվ-նախագծով, բայց հենց Բաղդասարյանը փորձեց մի խորհրդանշական նշաձողից վեր թռչել, ասացին,- այ-այ-այ, քոթոթները հենց մեծանում են ... համը հանում են,- ու դրանից հետո ԱԺ տարածքի Չպահակը հանդարտ սկսեց դավաճանել հայրենիքին ու թվացյալ բարեպատեհությամբ գումարեց իրեն մի քանի տոկոս անորոշ ու միամիտ ընտրաշուկայից: Բայց դե, դեռ Հուլիոս Կեսարն էր ասում`. ասա ով էր քո ընկերը` կոալիցվելիս, ասեմ ով ես դու` ընդմիշտ:

 

Կամանդուշչուն ու իր Դաշինքը, որքան էլ կամեցա այս մեր գնացքի վերջին վագոններում պատկերացնել, չի ստացվում, էս վագոնի միացման սարքուսուրքը Էսվե վագոնի միացման սարքուսուրքին է կպնում միայն, ինչքան ինքն իրեն ուզում է տանի ընդդիմության կողմերը, բան դուրս չի գալիս, ծագմամբ, կյանքով ու կենսագրությամբ, էն առաջին երկու վագոնների երրորդն է դուրս գալիս, գոնե չորրորդը, շատ շատ-հինգերորդը, բայց որ տեղը գա` առաջին երկուսը սրա հետ ավելի սիրով են կոալիցվելու քան սուտ հեղափոխականների կամ սիգարի առեւտրականների: Բայց դե հայտնի բան է` դեռ Պյութագորասից, երրորդն ավելորդ է:       

 

Ակամայից Հին Հռոմը հիշող Գեղամյանի, հայրիկի թանգարանը Ազատիչի ձեռամբ բացող Դեմիրճյանի, ԼՏՊ-ին այդպես էլ չներող ու 1996 թվի սեպտեմբերի 26-ի ԱԺ ամբիոնի մոտի իր ծեծը չմոռացած Շ.Քոչարյանի, մյուս Քոչարյանի մոտ խորհրդական աշխատած մեղմանուշ դեմոկրատական Սարգսյանի, ժողովրդավարական ուղի ոտք դրած Գասպարյանի Էկլեկտիկ, ընտրությունից ընտրություն համաձայնեցվող Ա.Հարությունյանի խմբերը տեղ-տեղ ընդդիմանալով, տեղ-տեղ դիմանալով, յոլա գնալով ու փոխզիջումների շանսերը չմերժելով կանգնած են իշխանություն եղող, Վասյուկիներ խոստացած, ու քարը քարին չդրած քառյակ կուսակցությունների եւ կամուրջները վառած ընդդիմության միջեւ:

 

Խոստովանած ունենանք, որ ԺԿ Կարապետիչը ընդդիմության քվեների իր ինքնատիպ մագնիսի գործը ավելի լավ արեց մինչեւ քարոզարշավը, քան ընթացքում, այդպես էլ տեղը չբերելով, որ կենտրոնամետ չի նշանակում իշխանամետ, ու իրպեսների լակմուսը մյուսներից այնքան էլ չի տարբերվում. Ռեժիմի պարագլուխներին քննադատելու այդ անմարդկային ու հրեշավոր կարողությունը, ավելի ճիշտ` անկարողությունը: Ընդամենը: Այս իմաստունը դեռ հանդգնում է կարծել, թե աշխարհն ու մարդկանց ուղեղները այնպես քառակուսի են, ինչպես իր ընտրակաշառք հեռուստացույցները, ու մարդիկ իմաստուն են ոչ ավելի քան Ամենայն հայոց հեռուստաեթերի սուպերպլպստան ադամանդը` կայարանամերձ եւ պառավոզոտ:

 

Մարքսիստը ... վախ մամա ջան, մարքսիստը ամենազնիվ գործիքը դարձավ ռեժիմի ձեռամբ, պլասկագուբցուց ավելի լավը: Այնպես, ինչպես դուռ-լուսամուտի հենքն ամրացնող շինարարական փրփուրն է եկել փոխարինելու առաջվա գաջ ու սվաղին, այնպես էլ այս զարհուրելի արտիստը եկավ իր խոսքով լցնելու ընդդիմության օգտին հաշվվող եթերաժամանակներն ու այլազան մոնիտորինգներում ԶԼՄ-ների քաղաքական հաղորդումների հեռարձակումը դարձնել հավասարակշիռ: Իբր: Բա հո վերջին մարքսիստի ահարկու ճառերը իշխանության օգտին չէին հաշվելու: Այս է պատճառը, այդ ասուլիսները լուսաբանվում էին հնարավոր տեւականությամբ ու առավել մեջբերումներով, համ էլ էրեխեքը կուրախանային ... Տեղով վագոն-ռեստորան` գնացքի որ մասում էլ կապես` ժամանցի մասսան չի դժգոհի

 

Կոմունիստներն այդպես էլ պատասխան չգտան, թե ինչու սպանեցին Չարենցին ու մյուս հակաքոչարյանական տարրերին, ռեժիմը չի հանձնվում ուրեմն: Մենք բոլորս ծագումով կոմունիստներ ենք, մանավանդ կոմունիստները: Եթե աստված չիմացության արդարացումն է, սրանք տգիտության մեղայականն են: Ասա, այ մարդ ձեր մեռելը տարեք թաղեք, պրծնենք դրա անեծքից: Գերեզման դրեք ենթակայության ձեր վարակը, բացիլն ու գենի դաջվածքը` սուզածառոտ եւ անվրույր, որ չի սատկում անտերը, ու մի ամբողջ հանրապետություն արդեն 17 տարի է չոքած է պահում ղեկավարություն եւ ազգաբնակչություն տանդեմով: Բայց ակնհայտ է, որ դինոզավրերը վաղ թե ուշ հանգրվանում են թանգարաններում:

 

Դեպքից-դեպք արթնացող ու կենդանության նշաններ ցուցադրող ՀԵԿ-ին ՄԻԱԿ-ին ու ՔԺՎԿ-ին իսկապես արժանահիշատակ չեն, ավելի լավ է անեկդոտ պատմեմ դրա փոխարեն.-Ապարանցին գնում է հայոց լեզվի զառամյալ ուսուցչուհու մոտ ու հարցնում.-այդպես էլ չհասկացանք հունիսը` ն-ով է գրվու՞մ, թե՞ լ-ով: Ուսուցչուհին պատասխանում է` հ-ով:     

 

Էլի մի անեկդոտ կպատմեի, բայց էս Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը մնում-մնում դաշնակցականներից կտրուկ շարժումներ է անում, հիմա էլ, կարող է որոշի, թե իրենն է ամենալավ կրակվառիչը: Բան չմնաց` կստուգվեն, տեսնենք` ատեստացիա կանցնե՞ն, թե իրենց 1+1-ն էլ է ինչ-որ իրենից դուրս 2:    

 

Մաքրագույն նկրտումներից զատ որեւէ այլ բան տեսնել ուղղակի անհնարին է  Րաֆֆիի Ժառանգության մեջ, բայց հանրահայտ է, որ Մահաթմա Գանդին մահացել է արդեն ու, թե նա քրիստոնյա չէր, մենք քրիստոնյա ենք եւ հոգիների տեղաշարժը ՀՀ երրորդ հանրապետության տարածքում սահմանափակված է: Այս բարի եւ հարկ եղած պահին բավականաչափ զայրացող մարդն իր համախոհներով վառոդ չորացնելու լուրջ շնորք ունի, որ էսվե վագոնների ուղեւորները կռահեցին, դիմադրեցին, կոմպը ցրեցին, գրասենյակից լարեցին, բամբասեցին ու էլ բան չկարողացան անել, պատմաբանի զավակը Գեղամյան ու Դեմիրճյան չէ, որ կանթից վերցնեն մի կողմ դնեն:

 

Ինչպես կոմունիստները Բակունցին սպանելու բացատրություն չգտան, այնպես էլ ՀՀՇ-ն Վազգենից ներողություն հայցելու կամք չունեցավ: Ու քանի դեռ ամնեզիան շարունակվում է, իրենք անընդհատ թեկնածու են լինելու եւ տեղ չեն հասնելու:

 

Չեղած կամուրջները առանց աչք թարթելու վառեցին նախ Իմփիչմենտ դաշինքը երկու կուսակցություններով եւ Այլընտրանք շարժմամբ, ապա Փարաքարի Արամի Նոր ժամանակները, հետո Վազգենի եղբոր Հանրապետությունը: Վա բանկ ուրեմն: Պարզվեց` ամենալավ Zippo-ն իրենցն է, իսկ վառոդի մասին մտածող եղե՞լ է տեսնես: Այդ նրանք են, որ պատմությունից լավ գիտեն, որ էլեկտրաքարշը կարելի է կապել գնացքի ցանկացած ծայրից, ու այդպես է ապացուցվում, թե առաջինները կարող են վերջին դառնալ ու վերջիններն` առաջին: Բայց վերջինների մեջ առաջին չպիտի լինի: Այդ նրանք էին, որ գտան լավագույն պատասխանը քարոզչական զինանոցին եւ կռահեցին. իմ զենքը ... իմ զենքն է:

 

Ադրբեջանի հոգեւոր առաջնորդին սահմանի վրա ռազբիրատի կանչող եւ հանրապետականին անձնվեր էն պոնչո տղի 20 միլիոնանոց խմբավորումը չհաշված, մարդ չմնաց:

 

Ո՞վ մնաց, իսկապես: Հա, Վազգենը մնաց, Մանուկյան: Բայց ինչքան մեզ է հայտնի, նա դեռ ԱԺ շենքից դուրս չի եկել, անտանելի երկար 20 րոպե ստացվեց: Չնայած չար լեզուներն ասում են, որ ուրորէ դուրս է գալիս, ոտը կախ է գցել, դե տարիքն իրենն անում է, ծանր մարդ է ստրատեգը: Գաղտնալսման արեւ:

 

Չէ, առանց կատակ, ո՞վ մնաց: Դու մնացիր, սիրելի ընտրող, Դու, մեկ էլ դու: Քո կաշառակեր կեսը` քո պատվախնդիր կեսի հետ: Քո մտածող կեսը եւ քո ծամող կեսը մնացին: Քո կռվարար, անհաշտ կեսը մնաց դեսպանատներում հերթ կանգնող քո կեսին դեմ դիմաց:

 

RESTART

 

Իրականում ռեժիմը շարունակվում է:

Ռեժիմը մարդկանց գիտակցության մեջ է տրոյական վիրուսի պես նստած` կաթով, տնով, դպրոցով, թաղով, գայիշնիկներով ու հաստավիզ բուլդոգներով նստած է: Խոսեցի տղերքի հետ, ասացին` Կասպերսկին չի օգնի, մի հատ Նորթըն է պետք: Իսկ ինձ թվում է` մի ռեստարտով կպրծնենք: Չորրորդ ռեստարտը կլինի արդեն:

 

Աշխարհընկալման եւ քաղաքացիական գիտակցության կամ, ավելի արդարացի կլինի ասել, քաղաքացիական անգիտակցության ռեժիմը դեռ չի նախանջել: Մարդիկ, իսկ հիմնականում` ընտրազանգված ասվածը շարունակում է ինքն իրեն համարել ներքեւում` ենթակա, իսկ իշխանությունները` վերեւում վերադաս` ղեկավարություն` կառավարություն ընդհանրական հասկացություններով: Եւ այս դեպքում, այնքան էլ կարեւոր չէ, թե վերեւում ինչպես են հայտնվել նրանք` այդ իշխանությունները: Անդեմ ընտրազանգվածի համար բավական է վերեւներում առկա եւ կոնկրետ իշխանություն ունեցողների գոյությունը, նրանց ձեւավորման եւ գործունեության, կառավարման եւ վարքի օրինականությունը ներքեւիններին այնքան էլ չի մտահոգում: Եթե մտահոգում էլ է, ապա միայն  բամբասանքի չափ: Սա շատ պարզունակ, բայցեւ անխափան գործող համակարգ է. ուրեմն. դպրոցի տնօրեն ես, ուրեմն բարի եղիր այսքան ձայն ապահովել այս կամ այն իշխանական կուսակցության համար, այլապես վատ կլինի, ուղղակի կթռնես աշխատանքից: Տնօրենը չի էլ մտածում, որ ինքը ընտրված է դպրոցի կառավարման խորհրդից ու, խորհուրդն է, որ պիտի իրեն աշխատանքից թռցնի, որովհետեւ հաճախ ընտրված էլ չէ ... ձեռքը ձեռք է լվացել ժամանակին .... կամ էլ տնօրենները գիտեն, որ, եթե ռեժիմի չար աչքը խաղաց` ինչքան ուզում է իրենց մարդավարի ընտրած լինեն, հազար ու մի խարդավանքով, դատ ու դատաստանով, վարքի հակամանկավարժական եւ կոլեկտիվի հետ անհամատեղելի լինելու բավականաչափ ծանրակշիռ հիմքերով վզներին տալով (հազար ներողություն) դուրս են անելու.... դպրոցի տնօրենն, ինչպես հասկանում եք, օրինակ է միայն: Հիվանդանոցներ կան, պոլիկլինիկաներ, սոցիալական ծառայություններ, հազար ու մի բաժիններ ու վարչություններ:

 

Այսպես հանդարտորեն հասնում ենք այն գիտակցությանը, որ Պետությունը զավթված է: Այսինքն իշխանական մի խմբի հաջողվել է իր հակաօրինական գործողությունների շնորհիվ չլինել ժողովրդի կամակատարը, ինչ նախատեսված է ՀՀ հին եւ կեղծիքներով ընդունված սահմանադրություններով, այլեւ ժողովրդավարական երկրի հիմնարար սկզբունքներից ամենակարեւորով. իշխանությունը` ժողովրդավարական երկրում հավիտյանս հավիտենից պատկանում է ժողովրդին: Ու վերջ: Իշխանություններն ընդամենը ժողովրդի ժամանակավոր կամակատարներն են, այդ բառի լավագույն եւ ազնվագույն իմաստներով: Հարմար են` ժողովուրդը նրանց երկար է պահում ու պարտադրում իր կամքը կատարել: Անհարմար են կամ մի անհարմար բան են անում` ժողովուրդն իրավունքն ունի նրանց բարի ճանապարհ մաղթելու, հարկ եղած դեպքում` դեպի Կոշ կամ Գորիս: Իրականում իրավաբանորեն կամ ինչպես ասում են իրավաբանները` դե յուրե մեր ժողովուրդն այդ իրավունքն ունի` Սահմանադրության 1 տողն էլ է բավական: Բայց փաստորեն` դե ֆակտո, ժողովուրդն այս իրավունքը չունի: Կարելի է նաեւ ասել, որ Ժողովուրդն այդ հնարավորությունը չունի: Իսկ երբ Ժողովրդին թվացել է, թե նման իրավունք ու հնարավորություն ունի, կռիվ է բացվել. 1996 սեպտեմբերի 22-26` Վ.Մանուկյանի ժողովուրդ եւ ԼՏՊ ռեժիմ, 2003 փետրվար` Ընդդիմության ժողովուրդ եւ ՌՔ ռեժիմ, 2004 ապրիլ 3-13` Ընդդիմության ժողովուրդ  եւ ՌՔ ռեժիմ: Այս կոնֆլիկտների պատճառը բացի մակերեսային` ընտրապայքար, թեկնածուների գզվռտոց եւ այլն, այն է, որ իշխանությունները ամենեւին էլ համաձայն չեն այն լուսավոր մտքի հետ, թե Իշխանությունը պատկանում է ժողովրդին: Իրենք համոզված են, որ նախ` իրենք են վերեւում, իսկ ներքեւում, ինչ էլ ասեն կամ ուզեն, դա պիտի բխի իրենց կամքից կամ գոնե չհակասի իրենց բարձրյալ կամքին: Հասկանալի է, երկրորդ մտահանգումը ուղղակիորեն բխում է առաջինից` իբր իրենք են վերեւում:

 

Միաժամանակ դժվար է այս կռիվը համարել անդեմների եւ դիմագծովների դիմադրություն կամ պայքար ընտրական քվեների կշիռը գիտակցողների ու չգիտակցողների միջեւ:

 

Ամենալավատեսական կանխատեսումներով մարդավարի սերնդափոխության համար էլի մի 20 տարի պետք կլինի. մինչեւ որոշում կայացնողների մեջ այլեւս նախկին կոմսոմոլիկներ, պիոներներ ու ժողովրդի կամքն ատող` ժողովրդավարությունը չընդունող եւ չընկալող ղեկավարներ այլեւս չինեն: Իսկ մինչ այդ.

 

Մայիսի 12-ը վճռական օր է լինելու: Կամ ծիծաղելու ենք, կամ լացելու:

 

Ովքեր ուզում են մնալ այստեղ եւ իրենց ճակատագիրը չպոկել մեր հողից, ուղղակի պարտավոր են թաղել կաշառակեր եւ կաշառատու, կեղծարար եւ հանցագործ, հրեշավոր ու վախեցած կուռքերին. Իրենց միջի ստրուկ քվեարկողին հարկավոր է սպանել ու դառնալ իր կյանքի տեր Ընտրող: Որ կարողանանք պարզ ճակատով ու առանց ինքնածաղրի մտահոգության ասել, թե իշխանությունը պատկանում է ժողովրդին:

 

Այդ օրը կամ մենք կուռքերին ենք թաղում, կամ` կուռքերը մեզ:

Մնացածը բաները քաղցկեցով հիվանդի թմրադեղեր են:      

 

Լեւոն Բարսեղյան

5, մայիսի, 2007 


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը


 

 

 

 

Գյումրու փառապանծ Շիրակ

ֆուտբոլային ակումբի

խորհրդանիշը

 


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter