Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Խախտվել է խաղաղ գոյակցության ստատուս քվոն

 

23 | 06 | 2007 | 11:00 | Հրապարակախոսական 

 

Գյումրու Հինգշաբթի շաբաթաթերթը ընդդեմ հարկայինի 

 

Հարկայինը որոշել էր գրոհել Հինգշաբթին

 

Հայաստանի հարկայինի համբավը հանրահայտ է, եւ կարիք չկա այստեղ էլ այդ մասին գրել: Ընդամենը հիշեցնեմ, որ այս մարդիկ իրենց հալալ քրտինքով, առավոտնից` դեռ արեւը չելած, մինչեւ ուշ երեկո` հենց աստղերն սկսում են պեծին տալ` աշխատելով, առանց 13-րդ աշխատավարձի, հաճախ շաբաթ-կիրակին ներառյալ ու, երբեմն առանց արձակուրդի տքնում են Հայաստանի ամենաանկախ ու ամենադեմոկրատական հանրապետության գանձարանը լցնելու համար, որ թոշակառուներն ու նպաստառուները արժանավայել ապրեն, որ հիվանդանոցներում եւ պոլիկլինիկաներում ամեն ծառայություն ու բալասան անվճար ստանան, այսպիսով` իրենց եկամուտները տնտեսեն ու ... թերթ առնեն թեկուզ: Կարիք կա՞ հիշեցնել ընթերցողներին, որ հարկայինի պատասխանատու ու չարքաշ աշխատողները իրենց պլպլան մեքենաներն ու բաբաթին տները միմիմիմիմիայն իրենց համեստ աշխատավարձերով ու պապերից` դեռ ցարի ժամանակներից մնացած ժառանգություններով են առնում կամ սարքում: Էս խեղճերի տանջանքներն էլ անշնորհակալները գնահատել չգիտեն, այ մարդ. ... էս ... Հինգշաբթի թերթն էլ, քիչ էր ուրեմն հարկերը չէր վճարում, որ թոշակառուն ժամանակին թոշակ ստանա, նպաստառուն` նպաստ ու, որ մի քանի ամսվա նպաստով համապատասխան պաշտոնյային աջակցի մարդասիրաբար, քիչ է միլիարդատեր է դարձել թաքցրած, ներողություն, նվազեցված շահույթներով, ու շուտով Ֆորբսի ցուցակներում էր հայտնվելու, հիմա էլ վերցրեց ու դատի տվեց հարկայինին. վիճարկում է հարկայինի 500 հազարանոց ակտը, թե` իբր թերթը ավելացված արժեքի հարկը չի վճարել: Նույն հաջողությամբ հարկայինը կարող էր 500 միլիոնի ակտ գրել թերթի դեմ, որովհետեւ նա չի վճարել թերթում տպատառեր օգտագործելու հարկը: Բա:

 

Իսլանդիայի Կեֆլավիկից մինչեւ Ալմաթի, Շվեդական Կալմարից մինչեւ Բարեհուսո հրվանդան` Քեյփթաունից քիչ հեռու, Լոս-Անջելեսի Կոլորադո Դրայվ շոշից ու Կանադայի Վանքուվերից մինչեւ Բաքվի Կույսի աշտարակը ինչքան ԶԼՄ մասնագետ, խոսքի ազատության փարձագետ, մարդու իրավունքների պաշտպան ու իրավաբան կա, գիտեն, որ Հայաստանի Հանրապետությունում թերթերի վաճառքը ավելացված արժեքի հարկատեսակով չի հարկվում (http://www.parliament.am/legislation.php?sel=alpha&lang=arm#1): Սա բացառիկ արտոնություն է: Սա Հայաստանյան տպագիր ԶԼՄ-ներին պետականորեն աջակցելու քաղաքականության եզակի նմուշ է, թեկուզ եվրոպաների աչքերը կոխելու պոզիտիվ քայլ, որ արվել է մոտ 1 տասնամյակ առաջ: Հազարումի ֆորում-կոնֆերանս-ժողովների ժամանակ ես ու գործընկերներս սա շեշտում ենք, որպես շշմելու լավ բան, որ ունենք մեզանում: (Անկեղծ ասած, այս արտոնությունը դեռ պահպանվում է, որովհետեւ թերթերը էական տպաքանակ չունեն եւ ազդեցիկ չեն, պերաշկու պես բան են: Հանկարծ ազդեցիկ դարձան, մի գիշերում Ազգային ժողովը կհավաքեն ու կջնջեն այդ պարբերությունը օրենքից:)    

 

Հնարավո՞ր է, որ Գյումրու հարկայինի տեսուչը չիմանար այդ արտոնության մասին: Հաշվի առնելով աշխատանքային փորձը, այս ծառայությունում իրավաբանի առկայությունը, եւ այն հանգամանքը, որ ստուգման ժամանակ հարցուպատասխան է լինում ի վերջո, եւ Հինգշաբթի թերթի պատասխանատուներն ասած կլինեին, կարծում եմ, որ տեսուչը լավ էլ իմացել է այդ արտոնության մասին, բայց նկարել է կես միլիոն դրամի տուգանքը: Հունիսի 19-ին Շիրակի մարզի տնտեսական դատարանի դատական նիստում թերթի հիմնադիր Հինգշաբթի ՍՊԸ-ն (հայցվոր) վիճարկում էր ակտը: Պարզվեց, որ հարկայինը Հինգշաբթի թերթի վերադարձված քանակները էժանացված` 10 դրամով վաճառքը ոչ թե թերթի վաճառք է համարում, այլ թափոնի վաճառք: Հանուն արդարության պիտի ասել, որ, եթե թափոն է վաճառվել, ուրեմն իսկապես, թերթ չի վաճառվել, իսկ թափոնի վաճառքը չի ազատված ԱԱՀ-ից:

  

Դատաքննությունը

 

Դատարանի դահլիճում հարկային ծառայության (պատասխանող) ներկայացուցիչը հիմնականում լուռ էր, ասաց, թե հայցվորին տրված գրավոր պատասխանում է ասված իրենց ասելիքը, հարցեր չուներ հայցվորին: Հայցվորի ներկայացուցիչները` Հինգշաբթի ՍՊԸ հիմնադիր տնօրենը եւ հաշվապահը հանգամանորեն ներկայացրին հայցը, շեշտեցին տուգանքի անարդարացիությունը, պնդեցին հայցը: Դատարանը դատաքննության սկզբում եւ վերջում հաշտության հնարավորության մասին հիշեցրեց, բայց կողմերը հրաժարվեցին դրանից:

 

Հայցվորը պնդեց, թե ակտն օրենքի պահանջների խախտմամբ է կազմված ու հիմնավոր չէ, եւ, որ իրենք թերթ են վաճառել եւ ոչ թե` թափոն: Եւ ի վերջո ամեն բան իր տեղը դնելու համար, թերթի տնօրենը մի քանի հարց հղեց պատասխանողին, եւ ըստ էության ապացուցեց, որ պատասխանողը իրենց էժանացված` 10 դրամով վաճառված թերթերը հենց թերթ է համարում եւ ոչ թե թափոն: Արմեն Մարտիրոսյանը թերթի 2 օրինակ ցույց տվեց պատասխանողի ներկայացուցչին եւ հարցնելով թե.-Արդյո՞ք սա թերթ է,-ստացավ Այո պատասխանը: Ապա, պատառոտելով թերթերից մեկը, ճմրթելով այն թափեց սեղանին, ու հարցրեց, թե.-սա՞ ինչ է:-Թափոն` մակուլատուրա-պատասխանեց հարկայինի ներկայացուցիչը: -Մենք թերթը եւ 100 դրամով, եւ 10 դրամով վաճառել ենք այս կերպարանքով,-ասած տնօրենը, ցույց տալով անվնաս մնացած թերթի օրինակը ...  Պատահական չէր, որ հարկայինի ներկայացուցիչը նիստի սկզբում դեմ եղավ դատական նիստի նկահանումներին. այդ խայտառակ իրավիճակ կտեսնեին ամենքը: Մարդն ըստ էության ընդունեց, որ ՍՊԸ վաճառած ապրանքը թերթ է, եւ ոչ թե թափոն: Իսկ թե ինչպես է այն օգտագործելու գնորդը, ոչ հարկայինի, ոչ էլ խմբագրության որոշելիքը չէ, եւ ի վերջո, գնորդը կարող է ընթերցելու համար գնել ինչպես 100 դրամանոց թերթը, այնպես էլ 10 դրամանոցը, այնպես, ինչպես մարդը կարող է ընթերցելուց հիմնովին տարբերվող նպատակով գնել ինչպես 100, այնպես էլ 200 կամ 10 դրամանոց թերթը: Խմբագրությունը կամ ՍՊԸ-ն թերթի գնորդների հետաքրքրությունները հսկելու կամ սահմանելու առաքելություն կամ իրավունք չունեն:

 

Տպավորություն այնպիսին էր, որ պատասխանող կողմը այնքան էլ շահագրգիռ չէր իր դիրքորոշումը ներկայացնել կամ հիմնովին պաշտպանել այն, պարզապես չէր ընդունում հայցն ու պնդում էր հայցվորին տրված գրավոր պատասխանը: Մեծ երեւակայության դեպքում կարելի էր կարծել, թե պատասխանող հիմնարկում փոշմանել էին տեղի ունեցածից, ու որ հաստատ է, չէին սպասում, թե Հինգշաբթին, ի վերջո, դատարան էր դիմելու:  

 

Դատարանը նույն նիստում ավարտեց քննությունը եւ վճռի հրապարակման համար նիստ հրավիրեց հունիսի 29-ին:

 

 

Ուժերի գերագնահատման հետեւանքները

 

ԶԼՄ վրա հարձակումը լուրջ բան է:

Սա դուքյան չէ, ինչպես հասկանում եք, սա պիվնուշկա կամ բորդել չէ, որ պլանային 2 հախերը տան ու պրծ: Ու, որ հարկայինի տղերքը չիմանային, թե սա հասարակ դուքան, պիվնուշկա ու բորդել չէ, միամիտ բան կլիներ: Իսկապես, հավասարեցրե՞լ են դրանք իրար: Ամոթ մեզ: Է, բայց էդ հավասարեցման շախմատային քայլը խախտում է հավասարակշռությունը, որ կար մինչ այդ, բա՞րդ էր դա կռահելը: Համարում եմ, որ կռահել են այդ հավասարեցման հետեւանքները: Բայց 100000 տոկոսանոց համոզմունք ունեմ, թե գնահատելիս թերագնահատել են ռիսկերը, ու գերագնահատել են իրենք իրենց: Կարծել են, թե հարկային թուրը կտրելու է եւ աջ եւ ձախ, ու էդ ո՞~վ պիտի լինի են ԶԼՄ տերը եւ հաշվապահը յուր, որ դեմ գնա իրենց ... բայց` քաշվելանց, պարոնայք: Արմենը Մարտիրոսյանը (Հինգշաբթի ՍՊԸ հիմնադիր տնօրեն) ու Տիգրանը Պետրոսյանը (Ալամ Աշխարհի կեսի հաշվապահը) որոշեցին, մեղմ ասած պաշտպանվել ու, կոշտ ասած` անկախ իրենցից դաս տալ ձեզ:

 

Շատ գեշ երազ.

Անգլիական պաշտպանության 4 ձիերի տարբերակ 

 

Պատկերացնու՞մ եք. մի առանձին վերցրած քաղաքում ճանապարհային ոստիկանությունը որոշում է ամենայն մանրակրկիտությամբ հսկել հատկապես ԶԼՄ-ների ու լրագրողների մեքենաների երթեւեկությունը, այնպես, որ այդ երթեւեկությունը լինի միմիայն օրենքի շրջանակներում, մանավանդ, այդ երթեւեկությունը ավելի է օրենքի շրջանակներում, քան ցանկացած օլիգարխի կամ դրա լակոտի երթեւեկությունը: Ու, պատկերացրեք էդ մի առանձին վերցրած քաղաքի ճանապարհային ոստիկանությանը չի բավարարում խաղաղ գոյակցությունն ու էդ ոստիկանները ձեռնամուխ են լինում ԶԼՄ մեքենաների խիստ հսկողությանը: Կարո՞ղ եք կռահել, թե ինչ է լինելու վերջը: Խելացի տղերք եք, կռահում եք. 1 ամիս անց այդ քաղաքի ճանապարհային ոստիկանությունում միայն գրասենյակային աշխատողները կմնան, իսկ մյուսներին, ով հսկում էր ԶԼՄ-մեքենաները, հարկավոր է տուն պահել, ինչն, ինչպես հասկանում եք, ոստիկանի ողորմելի աշխատավարձով ու ավանդական ախորժակով չի հաջողվի: Որովհետեւ ըստ Չ.Դարվինի, գոյության կռիվ է, պարոնայք. ԶԼՄ-ներն էլ են ուզում ապրել, ինչպես Ռոզա Ծառուկյանն ու Միկա Բաղդասարովը, ինչպես Հակոբ Հակոբյանը ու Սամվել Ալեքսանյան, Ազգային Ժողովն ու մենաշնորհները կարգավորող հանձնաժողովը, ... Ու գոյության կռիվը ստիպում է պաշտպանվել:

 

Այսինքն, հենց մեկը մյուսի քթից է բերում (թույլ տվեք չխորանալ հոգեվերլուծության եւ փիլիսոփայության մեջ), մյուսը ջանում է ռեւանշի, մեկը` լեզու գտնելով է հարցը փակում, մեկը բողոքում է վերադասին, մյուսը գնում է դատարան (էս մեկն առանձին կինո է), 100-ից մեկն էլ ասում է` լավ, դե որ իմ լավը խանգարում է քեզ, բեր ես էլ տեսնեմ, թե քո լավը որտեղ է զբոսնում, առնվազն: Դե գիտեք, ճանապարհային ոստիկանի լավը առայժմ օրինախախտ կամ խեղճ վարորդի բառդաչոկում է զբոսնում: Ու էս ջղայն ԶԼՄ-ն իր հիմնադիր-խմբագիր-հաշվապահ-պահակ-ցրիչով ամեն բան մի կողմ թողնում ու սկսում է .... ոստիկանների համար թիթեռ նկարել. բենզին, մի ԶԱՊ, մի խարաբ ֆոտոապարատ ու առավոտ կանըխանց` գաիշնիկի ավտոյի ետեւից, սիրալիր պրիցեպի պես, երթեւեկության կանոններին համապատասխան, իհարկե: Առաջին օրը` չտր. էս մարդիկ շեֆին ներկայանում են սնանկ, տուն` բյուջեի ճեղքվածքով, պաբիրոսի փող էլ չեն հանել: Մյուս օրը` դե-ժա-վյու, երրորդ օրը` կռիվ .... մի ամսից գործից ելնում են. հո ԶԼՄ-ների ձեռը գերի չեն ընկել:

 

Սա տեսական ու տեղ-տեղ փորձարկված օրինակ է ընդամենը, բայց հավատացեք, փայլուն աշխատող մեքենա է: Ի միջի այլոց, սա շանտաժ էլ չէ, դիրքային նենգաժպիտ պատերազմ ու լրիվ օրինական գործողություն է: Օրինակ, բան որ չլինի, կարելի է հաշվել, թե ճանապարհային ոստիկանը քանի մեքենա կանգնեցրեց ու հանգամանալից զրույց ունեցավ, ասենք` 32: ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքով լրագրողը գրավոր հարցնում, իսկ ոստիկանապետը 5-օրյա ժամկետում գրավոր պատասխանում է, թե կոնկրետ ոստիկանը կոնկրետ օրը կոնկրետ քանի՞ արձանագրություն է կազմել: Դիցուկ` 7: Մեռնեմ օրենքին, (օրենքով էր չէ՞ հսկում ոստիկանը ԶԼՄ մեքենան) բա այ ախպեր, էդ աշխատաժամին ընչի՞ ես լրացուցիչ 25 անգամ մասնավոր զրույցներ ունեցել զանազան վարորդների հետ: Սա կոչվում է օրինական հալածանք, հորինողին դեռ չեն գտել:

 

Օրինակը նրանով է օրինակ, որ ալգորիթմ է իր դասականությամբ, եւ` անսահմանափակ` վարիացիաների հնարավորություններով: Իսկ վարիացիաների դիպվածայնությունը անմեղ բարեպատեհություն է, ինչքան էլ տուժողներ լինեն: Տուժողներ միշտ էլ լինում են, օրինակ. Սովետը ինչպե՞ս 36 մլն զոհերով հաղթեց 7 մլն զոհ տված Գերմանիային: Բա:   

 

Կրկնաբանության օգուտները

 

Բայց մի հատկանշական տարբերություն կա ճանապարհային ոստիկանության եւ հարկային տեսուչների խոտհարքների միջեւ: Եթե վարորդների կեսից ավելին օրինապահ է, ու սրանց գլխին սարքելը նույնիսկ ամենաչամուռ կաշառակեր ոստիկանին չի հաջողվի, ապա փողի, շահույթի եկամտի հետ գործ ունեցող տնտեսավարողները գրեթե բոլորն են խախտում Հայաստանի հարկային եւ հարակից օրենսդրությունները: Սա նշանակում է, որ հարկայիններն ավելի խոցելի են, քան ճանապարհային ոստիկանները: ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների մինչեւ 80 տոկոսն ստվերում է, ասում են պետական եւ ոչպետական պաշտոնյաները:

 

Սա գիտեն հարկայինները,

Սա գիտեն տնտեսավարողները,

Տնտեսավարողները գիտեն նաեւ, որ սա գիտեն հարկայինները,

Հարկայինները գիտեն, որ իրենց տեղյակ լինելու մասին տնտեսավարողները նույնպես գիտեն:

 

Այսինքն, ստացվում է, որ Հայաստանում ձեւավորված է Խաղաղ գոյակցության մի ստատուս քվո, ինչպես սովետի վերջում իմպերիալիզմին թաղել չկարողանալու արդյունքում սովետը Խաղաղ գոյակցության վարդապետությունը առաջ քաշեց, ու քաշքշում էր, հենց առիթ էր լինում:

 

Մենք հասարակ ու տնտեսավարող հարկատուներս, պեեեե~տք ենք ռեժիմին, առանց մեզ իրենք հարմարավետ ու գաղջ գրասենյակներում չե~ն բազմի, ծառայողական մեքենաներ չե~ն ունենա, բենզի~ն չեն ունենա դրանք լցնելու եւ, փո~ղ չեն ունենալու վարորդ պահելու, ու այդ մեքենաներով իրենց հարազատներին դպրոց, շուկա եւ համերգ ուղարկելու ... փող չեն ունենալու պաշտոնավարման ու այդ ընթացքում կաշառքներ հավաքելու` վերեւ ղրկելու, փո~ղ չեն ունենալու ողորմելի թոշակ-նպաստով սոցիալական դժգոհություններ զսպելու ... իրենք մեզ սիրում են մի աննման ատելությամբ, սա տեւական կռիվ է, օրենքները ճարահատ խախտելու եւ հարկայինների հետ լեզու գտնելու վարպետության ու շուն չկշտացնելու երկընտրանքի միջեւ: Հայաստանում սեփականության բաշխում-վերաբաշխումն ավարտվել է վաղուց ու Խաղաղ գոյակցությունը ցանկալի է երկուստեք ... Ահա այս ֆոնին ավելի քան տարօրինակ է հարկային ստեղծագործ տեսուչի վարմունքը. վերցնում 500 հազար դրամի տուգանք է քանդակում 10 տարուց ավելի առանց որեւէ փաստացի օրինախախտման աշխատած թերթի վրա, այն թերթի, որի հետ նախկինում պրոբլեմներ չեն ունեցել ու Խաղաղ գոյակցել են, ինչպես նշվեց: Մի թերթի դեմ, որ երբեք թթու խոսք չի ասել ռեժիմի ու դրա մանկլավիկների հասցեին. թեթեւ լուրերով, ժամանցային եւ զվարճալի նյութերով անշառ թերթ է եղել: Ասա, այ ախպեր ջան, էդ ստատուս քվոն ընչի՞ ես խախտում, գործիդ գլուխն ես ծարավե՞լ: Բա, որ դատարանը անվավեր հանեց էդ ռիպենտրոպ-մոլոտով պակտդ, ի՞նչ թուքումուր ես ստանալու, եթե շեֆը չի պատվիրել իհարկե, պե՞~տք էր քեզ ... Համ էլ` 500 հազար չէ, 500 հազար երեք հարյուր է: Գիտե~ն, որ կլոր թվերը ստում են, փորձել են էլիպս թիվ նկարել ստացվել է. գոլդ տուգանք է ստացվել` 500300 դրամ: (Տեսնես հեռախոսահամարներն ի՞նչ է ... ) Էդ էլիպս թվից էլ է զռռում, որ քանդակված է. բնության մեջ չորս հատ 0-ով վեցանիշ թիվ հազվագյուտ է պատահում, չհաշված դիտավորությունները: Ջոկա՞ծ:

 

Ամոթ է տղերք: Մա՞րդ եք գտել նալյոտի համար: Հինգշաբթու վրա է ուժներդ պատու՞մ: 20 հոգի` լրագրավաճառ, թերթ ծախելով են տուն պահում: Դուք դա լավ գիտեք: Եթե թվաբանության մեջ կուզեք խորանալ, կպարզեք արագ, որ այս ու մյուս թերթերը ավելի շատ են հարկուտուրք տալիս` իրենց աշխատածին համեմատ, քան էն-էն-էն Քոչարյան Սերժի շվաքում բարգավաճող օլիգարխներն ու մոնոպոլիստները: Դուք, իհարկե, լավ գիտեք, որ այդպես է:

 

Սոցիալիստական ռեալիզմից

 

Հետո` տեսեք, պատկերացրեք: Գունավոր` լույս է տեսնում հալալ քրտինքով ապրող ու հացից քար քամող, ներողություն, քարից հաց քամող, արտաժամյա անխնա աշխատանքից ռադիկուլիտ ընկած ու օստիոխոնդրոզ տանող խեղճ հարկայինների համեստ 2-3 հարկանի տների, հասարակ 20-100 հազարանոց, հին` 1-2 տարեկան ավտոների լուսանկարներն ու իրենց փառահեղ կարիերան` սկսած մանկապարտեզից, որ մարդիկ իմանան, թե ինչ լավ բան է Հայաստանի Հանրապետությունը, ու մարդիկ հալալ քրտինքով կարող են ապրել, տուն պահել, ու ... ուրիշների տունը քանդել: Հետո, նայեք, նույն Նյուտոնի նույն երրորդ օրենքն ասում է, թե բոլոր մարդիկ էլ հակառակորդներ ունեն, թշնամիներ նաեւ, նույնիսկ սրբերն ունեն թշնամիներ, անգամ Քրիստոսը ... այ ձեր կյանքին մեռնեմ, հնարավո՞ր է, որ դուք թշնամիներ չունենաք, չլինեն մարդիկ, որոնց քիթը մանկապարտեզում արյունլվիկ արած չլինեք, հնարավո՞ր է, որ ձեր տեղերի վրա` աչք, ջեբերում` փող չունենան պատրաստ` ձեզ այդ համեստ աշխատանքում փոխարինելու ... իհարկե անհնար է: Բա ընչի՞ եք խախտում Խաղաղ գոյակցության ստատուս քվոն: Միայն չասեք, թե Հինգշաբթին է խախտել:

 

Ես Արմեն Մարտիրոսյանին գիտեմ 11 տարի: Մրցակիցներ ենք եղել, ես` Շանթ թերթի խմբագիր 5 տարի, ինքն` իր թերթի: Շնչակտուր թերթի թղթի ետեից ենք վազել Հայաստանով մեկ, ինքներս ենք բարձել մեքենաները, փոշու, կեղտի մեջ թերթ ենք սարքել, տպարաններում իրար հերթ չենք տվել: Միշտ էլ հարգալից ենք եղել միմյանց նկատմամբ, վեճեր էլ են եղել, չենք գողացել ու չենք գցել ուրիշներին: Ընկերներ չենք: Գործընկեր ենք: Հինգշաբթի թերթի մասին չեմ ասի, գիտեք: Արմեն Մարտիրոսյանը ինձ նման կռվարար չէ: Հիմա հասկանում եմ, թե ուր եք հասցրել մարդուն, որ գնացել է դատարան: Հարկայինի դեմ: Բացառիկ դեպք է Հայաստանով մեկ: Պատկերացնու՞մ եք, թե ինչու եմ հարցնում ինչու՞ խախտեցիք հավասարակշռությունը:

 

Առանց մեզ թողնված այլընտրանքի

 

Քանի որ Հայաստանին ու ձեզ ֆեոդալիզմն է վրա տվել, ասեմ ձեզ առավել մատչելի լեզվով. -Մերոնց մի կպեք: Պարզապես` Մերոնց մի կպեք, ինչ էլ որ տալիս են` լավ է, շատ է, ձեզ ու ռեժիմին շատ-շատ է, գոհացեք տրվածով:

 

Ախր, մենք միշտ մեր տեղերում ենք, թզբեհ քաշող զառամյալի պես. թերթի, ինտերնետի, հեռուստատեսության եւ ռադիոյի քառակուսու մեջ, այստեղից ամեն ինչ էլ երեւում է, ճիշտ է փոշի է, ցեխ է, անձրեւ է, ռեժիմ է զոնի, բայց լավ գիտենք ձեզ էլ, վերեւիններին էլ: Դուք, ի տարբերություն մեզ, գալիս եք ու գնում, անընդհատ նորանոր դիրքեր եք որոնում ու հարմար տեղավորվում, հետո մի ավելի լավ տեղ եք թռնում: Մեկ հարկային եք, մեկ մաքսային, մեկ էլ տեսար` ատամնատեխնիկ, կամ գյուղապետ, կամ դպրոցի դիրեկտոր, կամ` Երեւանում, կամ` բանկի կառավարիչ, կամ էլ ... գաղթում եք: Այսինքն, մենք մեր փոշու եւ աղտի մեջ ու ձեզ` դեմ հանդիման ավելի ամուր ու լռակյաց հանդուգն ենք, քան դուք ձեր վախենալու կես միլինանոց սեւթղթերով:

 

Կես միլիոնս ո՞րն է, է՞դ ինչ խղճահարության նոպա է, միանգամից 1 միլիոն գրեիք, կամ` 10 միլիոն: Մանր բաների ետեից եք ընկել: Թերթը փակեիք պրծներ: Յամա~նն եք, ուրեմն, հազիվ շնչելու տեղ եք թողնում, ու` կզած պահելու ձյու-դո անում: Հիմա տեսեք, ասենք դատարանը վերցրեց ու ձեզ հետ համաձայն եղավ, Հինգշաբթին ձեր գտած` ռեժիմից գողացած փողերով վերցրեց ու փակեց ռեժիմի հախը: Չի սնանկանա: Բա հետո՞, արտագաղթելու՞ եք: Բա են տհաճ նստվածքը, որ նման է լինելու ասենք միջանցահովիկի թողած պարանոցի ցավի ... ձեր չէ, թերթի աշխատողների նստվածքի մասին է խոսքը: Ձեր նստվածքը ուրիշ տեղ է .... հետո տնեցիներին ասելու եք, թե գործի եք գնում, ու գնաք մեկի վրա էլ շինեք, հետո էլի, հետո` էլի: Հետո ձեր ավտոներին լուսաֆորների մոտ առաջ ենք թողնելու մեր ավտոներից ու .... հիշելու ենք ...., թե տեսնես էս ինչ ծանոթ համարներ են, յա~~~ ... բարո~~~վ ... Ո՞նց եք ապրում այդպես: Առողջական խնդիրներ չեք ունենու՞մ: Գիշերը լա՞վ եք քնում: Հասկանում եմ, որ պենալ գրելիս որսորդական զգացողություն եք ունենում, իբր նապաստակ եք խփել, կամ` արջ, բայց մարդիկ են առաջներդ, մոռանու՞մ եք: Բա որ աստված էլ ձեզ մոռանա:

  

Հինգշաբթին ձեզ հետ չկամեցավ հաց ուտելու գնալ

 

Սա հոդված էլ չէ, այն է` ինչ մտածում եմ արդեն 11 տարուց ավելի, այն պահից ի վեր, երբ հարկայինի մի տխրահռչակ պետ իր մանկլավիկներին քսի տվեց Գյումրու հեռուստատեսություններից մեկի վրա, ուր ես տնօրենի պաշտոնակատար էի: Որովհետեւ, դու մի ասա, քաղաքապետի ընտրություններ էին, ու Վարդան Ղուկասյանի կողմնակիցը թունդ քննադատական ելույթ էր ունեցել Միքայել Վարդանյանի կողմնակիցների հասցեին, թեկնածուի գնած  քարոզչական եթերաժամանակի ընթացքում: Գրել էին ստուդիայի գույքի արժեքը կրկնակի գերազանցող չափի տուգանք: Հորինել ու գրել էին: 7 ամիս տեւած վեճ ու բանակցությունների, բողոքարկումների եւ վերստուգումների, արդյունքում, աստղաբաշխական գումարից առանց հախի մնաց միայն 40 հազար դրամ, ինչն ի սկզբանե ընդունելի էր: Որովհետեւ Նյուտոնի երրորդ օրենք կա. ազդեցությունը հավասարազոր է հակազդեցությանը, մեռնեմ օրենքին: Մարդ կա` գիտե այս մասին, մարդ կա ասում է .- գնանք մի տեղ հաց ուտենք:

 

Հասկանալի է, որ Նյուտոնի օրենքի վարիացիաներին տեղյակությունը հակադարձ համեմատական է հաց ուտելուն հակվածությանը: Հա, այդ տեսուչներից մեկը ամոթխած կրկնում էր, թե` ղրկել են, պիտի գրեն, ճար չունեն: Մի քանի ամսից ելավ հարկայինից, իր տեղը չէր, մյուսը, շատ չանցած, մեքենայի տակ ընկավ ու չսատ ... ողջ է դեռ: Ճիշտ է, գրոհայինների ցուցակում չէ:

 

Գյումրու բոլոր տնտեսավարող հարկատուները միաբերան ասում են, թե Նանյանը 1000 գլուխ լավ է, քան տխրահռչակը, անունը տալ էլ չեմ ուզում, շարունակությունը գրել չեմ կարողանա: Հինգշաբթու դեպքում ինքս չեմ հավատում, թե 500 հազար դրամ գրած տեսուչը հատուկ է ուղարկված: Ամենայն հավանականությամբ ստեղծագործ տեսուչ է, սեփական նախաձեռնություն է ցուցաբերել: Բայց նման ստեղծագործականությունը, ինչքան հասկանում ենք, այս համակարգում խրախուսելի չէ:     

 

Ժամանակակից ֆեոդալիզի ավետարանը

 

Ուրեմն, ես կարծում եմ, որ

Բոլորս հավասար ենք, անկախ մեր տնտեսավարման կամ գործունեության ծավալներից,

ՀՀ հարկային օրենսդրությունը վատն է, հարկային-կենսաթոշակային բեռը եւ անարդար է, եւ` ծանր,

Հայաստանում տեղական բոլոր տնտեսավարողները գործում են կոռուպցիայի կանոններով, տարբեր չափերով եւ ձեւերով խախտելով հարկային եւ մյուս օրենսդրությունները,

Հայաստանյան տնտեսավարողների գործարար հաջողությունները ուղիղ կախման մեջ են կոռուպցիոն կապերի որակներից, գործարար կենսագրությունը կոռուպցիան կապերով ստացված հաջողությունների կենսագրություն է:  

Բայց, բոլորս հավասար ենք:

Եզրակացությունը.

 

Քանի դեռ պետական պաշտոնյաները եւ ծառայողները չնչինագույն աշխատավարձերով պալատներ են շինում, տգետ լինելով կառավարում են գիտուններին, ստում են լկտիաբար, իրենց ֆեոդալ տեղով խոսում են ժողովրդավարությունից` ցինիզմով, տնտեսավարողներն իրավունք ունեն ենթարկվել հարկային եւ մյուս օրենսդրություններին ճիշտ այնքան, որքան իրենք են նպատակահարմար համարում, որովհետեւ հասարակ տնտեսավարողը պաշտպանվածության եւ իրավացիության կանխավարկածի առավել մեծ մակարդակի է արժանի, քան պաշտոնյաները: Այսպես արդարացի է. սուրբ գրքերից սկսած, մեծերի մտքերով ու գրվածքներով է ապացուցված: Այլապես ռեժիմը չի տարբերվի արաբական, թաթար-մոնղոլական կամ օսմանյան լծերից:

 

Ուրեմն. բոլորը մուծվում են ռեժիմին այնքան, որքան հարմար են գտնում, իսկ ռեժիմը հարգում է մարդկանց ու տնտեսավարողներին այնքան, որքան պահանջում են նրանք, (թե չէ, էդ էլ չեն մուծվի): Ֆեոդալիզմ, ուրեւմն` ֆեոդալիզմ: Քաղաքացիական անհնազանդություն կհամարեք, թե խելագարությունարդարացիորեն կախված է, ձեր աշխարհընկալումից, խղճից ու ճաշակից:

 

Եւ որպեսզի միշտ վառ ու լուսավոր ունենաք այս ամենը, եւ` աչքի առաջ յուր, ընթերցեք ՀՀ ԱԺ Պատգամավոր, Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիր ղեկավարի մոր` Ռոզա Ծառուկյանի հարցազրույցից մի հատված:    

 

Ժամանակ-Երեւան թերթ, ապրիլ 2007,

[...]

- Տիկին Ծառուկյան, ձեր ընդհանուր աշխատատեղերի քանակը ինչքա՞ն է:

- Իա, ասեմ, որ հարկայինը գա ասի հարկերը խի չես լրիվ ցույց տալի՞:

- Ինչքանը որ գրանցված է` այդքանը ասեք:

- 78 հոգի:

- Տիկին Ծառուկյան, բայց իսկապե՞ս հարկերը լրիվ ցույց չեք տալիս:

- Մի քիչ պահում ենք, մի քիչ ցույց չենք տալիս, մի քիչ տալիս ենք, բա ոնց...

- Դրա համար էլ ասում են, որ հարկերը թաքցնում եք, հետո ժողովրդին բարեգործություն անում դրանով:

- Շատ էլ լավ ենք անում, եթե էդքան բանը բաշարում ենք, ուրեմն ճիշտ ենք անում: Հարցազրույցը` Ն.Ավետյանի

 

Դզե՞ց: Մի հատ էլ ընթերցեք:

Թե չէ` Հինգշաբթի~, 500 հազա~ր, գիտահետազոտակա~ն-միտահետազոտակա~ն ...

  

Լեւոն Բարսեղյան

Հ.Գ.

Ներողություն էմոցիաների համար, որեւէ մեկի դեմ անձնական ոչինչ չունեմ:

Ներողություն օտար բառերի համար, դրանց հայոց համարժեքները դեռ չկան:

 

Խոստացված հավելվածը, ֆակուլտատիվ ընթերցանության համար.

Արդարադատություն` պա առմյանսկի

 

Սա նոր տեսակ է արդարադատության, էլի նոր ենք գտել: Զիլ բան է: Մեր արդարադատության համակարգը ռեժիմի մաս է կազմում, ինչպես մնացած ամեն իշխանական եւ իշխանություն: Անցած 6 տարում ես 10 անգամ դիմել եմ իշխանության այս թեւին իմ իրավունքների վերականգնման համար, բավականաչափ լավ գիտեմ, թե ինչպես է աշխատում այս մեքենան: Նախ, հետզհետե ինքնուրույն եւ անկախ քայլեր անելու մղումներ եմ տեսնում, եւ ավելի հաճախական են դառնում անկախ վճիռները: Անկախ` այսինքն քիչ-քիչ արդարադատություն ենք ստանում, կարծես: Այս համակարգը իր դատավորներով փորձում է դուրս պլստալ ռեժիմի տակից: Դե, գրեթե այնպես, ինչպես օրինակ պատահում են հալալ քրտինքով աշխատող հարկային տեսուչներ կամ ճանապարհային ոստիկաններ: Բայց արդարադատությունը մնում է հարաբերական. Հարաբերական արդարադատություն: Սա դեռ արդարադատությունը չէ պա առմյանսկի

 

Ուրեմն, ոչ ոք գլխացավանք չի սիրում` սա էլ է Դարվինն ապացուցել: Չի սիրում ոչ մի պետական կամ համայնքային պաշտոնյա: Մանավանդ, երբ գլխացավանքը ենթականերից է գալիս: Սովորաբար, երբ գլխացավանքը հասնում է դատարան, գլխացավանքի ենթակա մեղավորի վերադասն ասում է` տակից դուս արի, ինչպես եփել ես էս ճաշը, այնպես էլ  կեր. մեր անունին բիծ չպիտի լինի եւ այլն: Ասենք` ինչ-որ մարզային վարչության պատճառով, եթե դատի եք տվել մարզպետին, մարզպետն է ասում վարչության պետին.- տես ինչ ես անում, հավեսդ չունեմ,- մոտավորապես: Եթե նույն պաշտոնյայի պատճառով դատի եք տվել նախարարին, նախախարն է նույն բանն ասում վարչության պետին, մի քիչ կոշտ` նայած կուսակցության, դաստիարակության եւ այլն: Ու էդ պաշտոնյան, գուցեեւ վստահ, որ իր պատճառով ծագած դատում իրենք արդար կողմ են, միեւնույն է, պիտի վճիռն իրենց օգտին ունենալու ձեւը գտնի: Իսկ ձեւերն այդ բազմազան են ու հայտնի, հասկանալի է` կախված գործի քաշից. փոխադարձ օգնություն դատարանին, դատավորին, ասենք մեկին մի տեղ գործի դասավորել, աչք փակել մի բանի վրա, մեկի ականջները ոլորել համենայն դեպս, նվեր եւ` փող, իհարկե, սա լավ փոխադրամիջոց է, հայտնի է վաղուց:

 

Մի խոսքով, ամեն դեպքում, եթե դատական գործի մեջ խաղարկելու 1 մմ կա, անկախ դատավորի բարեխղճությունից, կողմերը հակված են նվաճելու վերջինիս բարեհաճությունը: Իսկ, երբ կողմերից մեկը իշխանություն է, կամ դրա մի թեւ, դատավորի բարեհաճություն նվաճելը դառնում է կյանքի նպատակ: Ամեն դեպքում իշխանություն եղողները բազմապատիկ զզվում են դատարաններից: Դատարանը, անկախ իրենց բարեխղճությունից, գլխացավանք է, ու լավ է դրա մեջ չընկնել, ընկնելիս էլ` ազատվել շուտափույթ: Ընդ որում ջանում են ազատվել ավելի շատ շուտափույթ, քան` նվազագույն կորուստներով: Ժամանակն իրենց դեմ է աշխատում, ինչքան տեւական է դատ-դատաստանը, այնքան վերեւից ճնշումներն աճում են, բազարը թանկանում է, վերադասը դառնում է ավելի խռովկան ու անհասանելի, պաշտոնի վրա ամպերի կուտակման հետ կենացներն են սկսում թանկանալ, խոսք-խորաթա, էն ԶԼՄ-ներն էլ էն կողմից իրենց են ցույց տալիս առավոտ գիշեր ու բոլոր 7 հոլովներով հոլովում իրենց հիմնարկի, գերատեսչության, նախարարության կամ համայնքի անումը ...: Ճիշտ է, էդ ԶԼՄ-ների ատամները հաշված են հիմնականում, բայց միայն էն հանգամանքը, որ իրենք Փինկից ու Ջորջ Մայքլից բեթար հեռուստաաստղ են դառնում մանրից, հասցնում է նյարդային ցնցման ... որովհետեւ իրենց պաշտոնական երկարակեցությունը հենվում է ամեն հակաօրինական ու անբարոյական կախումների վրա, բայց ոչ` աշխատանքային բարեխղճության: Ու այսպես է լինում, որ դատարանները` բան չարած, միայն իրենց սպառնալի գոյությամբ ու հասարակ մատչելիությամբ դառնում են ահարկու եւ ակամա արդարադատության իրականացման օջախ, իստիտուտ, ինչպես անվանարկում են սրանց մեր կեղծավոր ժողովրդավարները: Այսպես իրականացվում է արդարադատությունը պա առմյանսկի:

 

Ես տեսել եմ դատարանում իմ ու դատավորի հարցերին պատասխանող պաշտոնյաների, որոնց ձեռուվոտը դողում էր բոլորի աչքի առաջ, տեսել եմ պաշտոնյաների, որոնք 2 ժամում 4 կիլո քաշ են կորցրել, ու դատական նիստից հետո կես ժամում 2 տուփ ծխախոտ են մաշել, այս մարդիկ ամեն ինչ կտային դատարանում պատասխանող չլինելու համար: .... ու հազվագյուտ են եղել նրանց մեջ քաղաքացիական դատավարության հասարակ նիստերը տղամարդավարի տանողները:

 

Հարկայինի ներկայացուցիչը դատարանում հանգիստ էր, ալարկոտ, նվազագույն խոսքով: Ակնհայտ էր, որ այս դատն, անկախ ելքից, զահլա էր:


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը


 

 

 

 

Գյումրու փառապանծ Շիրակ

ֆուտբոլային ակումբի

խորհրդանիշը

 


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter