Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats




Արմավիրի մարզը ֆեոդալ-տոտալիտար ցուցանիշներով գերազանցում է մյուսներին

 

04 | 08 | 2007 | 11:00 | Վերլուծական

 

Սեպտեմբերից կհագնե՞ն աշակերտները համազգեստ, թե՞ ոչ

 

Արմավիրի մարզն ունի 118 հանրակրթական դպրոց: Արմավիրի մարզի դպրոցի տնօրենների խորհուրդը, որը բաղկացած է 23 հոգուց, առաջարկել է մարզպետին, որոշում ընդունել մարզի բոլոր դպրոցների աշակերտների համազգեստներ կրելու մասին, մարզպետն էլ առաջարկությունն ընդունել է: Սակայն այս որոշումը չունի իրավաբանական որեւէ հիմք եւ, ինչպես ասել է ՀՀ Կրթության ու գիտության նախարարը, ոչ ոք իրավունք չունի պարտադրել աշակերտներին համազգեստ  կրել:

 

Համազգեստի նմուշը ոչ մի ծնող չի տեսել. գույների, որակի մասին ոչ ոք ոչ մի պատկերացում չունի: Բաղրամյանի շրջանի մի քանի գյուղեր կատարած մեր այցերի ընթացքում գտնվեցին բազմաթիվ բնակիչներ, որ ասացին, թե համազգեստների կարելիք կարի գործարանը պատկանում է մարզի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի եղբորը, այդ պատճառով էլ, նման համազգեստավորում են հորինել: Իբր, մարզպետարանի աշխատակցուհու եղբոր գործարանը որոշակի դժվարություններ է ունեցել, եւ խնդիրը լուծելու համար էլ տիկին Սայադյանը որոշել է այդ կերպ օգնել եղբորը: Քանի որ այս մասին շատերն էին խոսում, դիմեցինք Գ.Սայադյանին պարզաբանումներ ստանալու ակնկալիքով.  

 

-Ոչ մի անձնական շահ չի հետապնդում ծրագիրը: Իսկ այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Ավելին, ես կարծում եմ, որ համազգեստը անհրաժեշտ է դաստիարակչական եւ բարոյական առումներով, սոցիալական տարբերությունները չընդգծելու նպատակով: Երեխան, գոնե, դպրոցում պետք է իրեն աշակերտ զգա, քանի որ մեր աշակերտներն իրենց արտաքինով աշակերտի նման չեն եւ դժվար է նրաց աշակերտ համարել: Ես դա շատ գովելի քայլ եմ համարում եւ, որքան իմ հնարավորությունները կներեն, ես կաջակցեմ գաղափարի իրականացմանը:

 

Գայանե Սայադյանի հետ համակարծիք են նաեւ Լեռնագոգի, Մյասնիկյանի դպրոցների տնօրենները: Մյասնիկյանի դպրոցի տնօրեն Զ.Հովհաննիսյանը Արմավիրի մարզի դպրոցի տնօրենների խորհրդի անդամ է: Նա փաստորեն միշտ էլ անհանգստացած է եղել միասնական համազգեստի հարցով, իր պատմելով, մտահոգ են եղել նաեւ բոլոր դպրոցների տնօրենները, ինչն էլ պատճառ է հանդիսացել այս հարցի բարձրացմանը: Իրենք նաեւ ցանկանում էին, որ ոչ միայն Արմավիրում, այլեւ Հայաստանում դպրոցականները սկսեին համազգեստ հագնել:

 

Կարծում ենք, տեղին է համեմատություններ անել այն համայնքների հետ, որտեղ աշակերտները համազգեստներ են կրում դեռ վաղուց: Այդ համայնքներից մեկը Արտենին է: Ծրագիրն, իբր, իրականացավ, սակայն ինչպես մյուս համայնքներում, այնպես էլ այնտեղ ծնվեցին եւ բողոքներ, եւ գոհունակություն : Արդյունքում. հիմա աշակերտների մեծամասնությունը հագնվում են այնպես, ինչպես իրենց կամ իրենց ծնողներին է հարմար: Այսինքն, խոշոր հաշվով ծրագիրը չիրականացավ:

 

Վերադառնանք. գիտակցելով հարցի կարեւորությունը, հարկ համարեցինք զրուցել եւ բազմաթիվ կարծիքներ հավաքել աշակերտներից, ծնողներից, ծնողկոմիտեներից, ուսուցիչներից, ուսուցչական խորհուրդների նախագահներից, տնօրեններից եւ խնդրին առնչվող այլ ատյաններից: Ինչպես ենթադրում էինք, կարծիքներն ու տեսակետները բազմազան էին: Շատ ծնողներ կարեւորում են համազգեստների առկայությունը, սակայն միայն այն դեպքում, երբ դրանք  անվճար կբաժանեն աշակերտներին, ոմանք էլ ասում էին, թե յուրաքանչյուր աշակերտին հարկավոր է երկու ձեռք համազգեստ տալ: Ծնողների մեծամասնությունը, որոնց հետ զրուցեցինք, բողոքում էին գնից, համարելով, որ այդ համազգեստները թանկ են: Բողոքեցին նաեւ շատ աշակերտներ, նույնիսկ ուսուցիչներ, սակայն կային նաեւ ծնողներ, որոնք հակառակն էին պնդում, թե այլ հագուստ գնելն իրենց վրա ավելի թանկ է նստում:

 

Մյասնիկյանի դպրոցի տնօրենի ասելով, գնի հետ կապված ոչ մի բողոք իրեն չի հասել. Հակառակը, ծնողներն իրենք են ասել, որ շատ հարմար գին է, նույնիսկ էժան, քանի, որ մեկ կիսաշրջազգեստի գինը մոտ 8000 դրամ է:

 

Բողոքներ կային նաեւ այն մասով, թե ծնողները համազգեսի նմուշը դեռ չեն տեսել, տեղեկություններ չունեն կտորի որակի ու գույնի մասին: Ուրեմն, ըստ Մյասնիկյանի դպրոցի տնօրեն Զ.Հովհաննիսյանի, կտորների գույները տարբեր են.

 

-Խորհրդի նիստի ժամանակ, որտեղ 15-ից ավել տնօրեններ էին ներկա, տեսել ենք նմուշները: Ճիշտ է, կար գույների, կտորների, որակների բազմազանություն, սակայն մենք ընտել ենք աշակերտի տարիքին եւ ճաշակին համապատասխան կտորներ եւ գույներ:

 

Ուշագրավ է, որ տնօրենները կարծում են, թե տեղյակ են աշակերտների ճաշակին, եւ ավելի քան հատկանշական, որ ըստ տնօրենի, գոյություն ունի մի քանի տասնյակ դպրոցների աշակերտների հավաքական ճաշակ: Բա, ձեր մտքով անցնու՞մ էր: Այս դեպքում դժվար չէ կռահել, որ գոյություն ունի նաեւ Հայաստանի բոլոր դպրոցների աշակերտների հավաքական ճաշակ: Իսկ տեսնես, ամբողջ աշխարհի աշակերտների հավաքական ճաշակ գոյություն չունի՞: Բայց վերադառնանք համազգեստների ձեւերին եւ գներին: Ըստ Մյասնիկյանի դպրոցի տնօրեն Զ.Հովհաննիսյանի, նախատեսված են հետեւյալ կոմպլեկտները.

 

Կրտսեր օղակի համար. մուգ բալի գույն, կապույտ եւ սպիտակ գծերով վանդակավոր կտոր է, կիսաշրջազգեստը ծալքերով է, սպիտակ վերնաշապիկ, ժիլետ եւ կոստյում: Սա աղջիկներինը, իսկ տղաներինը` կիսաշրջազգեստին փոխարինում է վարտիքը: Գինը. տղաների համազգեստը` 12000 դրամ, աղջիկների համազգեստը` 10500 դրամ:

 

Միջին օղակի համար. մոխրագույն է, էլի 4 մասից է բաղկացած: Գինը. տղաների համազգեստը` 14300 դրամ, աղջիկների համազգեստը` 12800 դրամ:

 

Ավագ օղակի համար. գույնը մուգ կապույտ է, ոճը` դասական: Կիսաշրջազգեստը` ուղիղ եւ փոքրիկ բացվածքով: Գինը. տղաների համազգեստը` 16500 դրամ, աղջիկների համազգեստը` 15000 դրամ:

 

-Առայժմ, մինչ հոկտեմբեր աղջիկները պետք է հաճախեն դպրոց կիսաշրջազգեստով, հոկտեմբերից` վարտիքով, որի գինը չեմ կարծում թե անցնի 2000-3000-ը,- իր կարծիքը հայտնեց տիկին Հովհաննիսյանը

 

Համազգեստները ելնելու են վաճառքի: Ըստ Հովհաննիսյանի, սկզբնական շրջանում չափսերի հարցը կլուծվի պետական ստանդարտներով, իսկ երբ վաճառքի դուրս գա, արդեն ընտրության հնարավորություն կլինի:

 

Իսկ ի՞նչ անեն այն ընտանիքները, որոնք ունեն 3, 4 եւ ավելի դպրոցական երեխաներ կամ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: Այս հարցին եւս պարզաբանում տվեց Զ.Հովհաննիսյանը.

 

-Միակողմանի ծնողազուրկ երեխաները օգտվելու են 50 տոկոս զեղչից, երկկողմանի ծնողազուրկ երեխաներին հագուստը տրվելու է անվճար, երեք երեխա ունեցող ընտանիքներում, երեխաներից մեկը կօգտվի 50 տոկոս զեղչից, իսկ չորս երեխա ունեցող ընտանիքներում 50 տոկոս զեղչից կօգտվեն 2 երեխան:  

 

Դպրոցներում տնօրենները մանկավարժական խորհուրդների նիստեր են հրավիրել, ծնողական ժողովներ են կազմակերպել եւ հայտարարել նորամուծության մասին: Ըստ Լեռնագոգի, Մյասնիկյանի դպրոցների տնօրենների, ծնողները համաձայն են, որ աշակերտը հագնվի աշակերտին վայել եւ չկրի ոչ մի տեսակի զարդ: Այս ուղղությամբ լրջորեն զբաղվել է Լեռնագոգի դպրոցի տնօրեն Կորյուն Մակարյանը.

 

-Մեր դպրոցում արգելված են զարդեր կամ ժամացույցներ կրելը: Դա ավելորդ ձեւականություն է աշակերտի համար, նա շեղվում է դասերից եւ հետաքրքրություն է փնտրում ուրիշ տեղ:

 

Մյասնիկյանում համազգեստների ներմուծման հետ կապված, ըստ տնօրենի, միակ խնդիրը գումարների հավաքագրման հետաձգումն է: Այստեղ համազգեստի խնդրից բացի, տնօրենը ցանկանում է, որ լուծվի նաեւ կոշիկների խնդիրը, որպեսզի աշակերտները բարձրակրունկների վրա չքայլեն եւ չխեղվեն: Տնօրինությունը փնտրում է այդպիսի գործարան, որն ամբողջ դպրոցի համար կարողանա համապատասխան կոշիկ ապահովվել:

 

Քարակերտի թիվ 1 դպրոցի տնօրեն Թ.Բաղդասարյանն էլ մեկնաբանեց այսպես.

 

-Այլընտրանք չի կարող լինել. ես կողմ եմ, որ երեխաները համազգեստով գան դպրոց: Դա մի քայլ է, որ կնպաստի երեխաների առաջադիմության բարձրացմանը:

 

Ըստ Թ.Բաղդասարյանի, դպրոցի աշակերտների ծնողները բոլորն էլ ողջունել են գաղափարը, միայն խնդրել են, որ մուծումները լինեն աստիճանաբար:

 

Իսկ որեւէ մեկը փորձե՞լ է համեմատել Խորհրդային համազգեստավոր շրջանի ուսման առաջադիմությունը, այս` անհամազգեստ դպրոցի ուսման առաջադիմության ցուցանիշների հետ, եւ, տեսնես գտե՞լ է, որ համազգեստի առկայությունը իսկապես նպաստում է ուսման առաջադիմությանը, թե՞ հենց այնպես ասում են: Տեսնես համազգեստի վարչահրամայական ներմուծման կողմնակիցներից ու ջատագովներից որեւէ մեկը ունի՞ գիտականորեն ապացուցված կամ գոնե տրամաբանված հիմքեր, թե համազգեստավոր աշակերտներն ավելի լավ են սովորում, քան` անհամազգեստները` իրենց հարմար հագուստը համազգեստից գերադասողները: Կա՞ գիտական որեւէ ուսումնասիրություն, ըստ որի համազգեստը նպաստում է կրթության որակին, ապագա քաղաքացու դաստիարակությանը:   

 

Շենիկի դպրոցի տնօրեն Լ.Հայրապետյանը պատմեց.

 

-Որպես ուսուցիչ գտնում եմ, որ ճիշտ նախագիծ է եւ մենք արդեն մուծել ենք 315.000 դրամ եւ հավաքել ենք 60.000 դրամից ավելի (մայիսի տվյալներով): Մարզպետարանը նման որոշում կայացրել է, հաշվի առնելով այն ծնողների կարծիքը, ովքեր ի վիճակի չեն ճոխ հագուստ գնել, եւ որի պատճառով իրենց երեխաներն ընկճված են լինում եւ առանձնանում շրջապատից:

 

Գրեթե բոլոր դպրոցների տնօրենները մեզ հավատացրին, որ ուսուցիչների, առավել եւս աշակերտների կողմից ոչ մի բողոք չի եղել: Հասկանալի է, որ այս խոսքերը հալած յուղի տեղ ոչ ոք չի պատրաստվում ընդունել, այդ թվում` մենք, ու մենք որոշեցինք առանձին զրուցել ծնողների հետ: Եւ իմացանք այն, ինչի մասին արդարացիորեն ենթադրում էինք: Պարզվեց, նրանց գերակշռող մեծամասնությունը դժգոհ է համազգեստավորման ծրագրից:

 

-Թանկ է,- ասում են նրանցից շատերը:

 

Կային նույնիսկ ուսուցիչներ, որոնք նույնպես խոստովանեցին, որ համազգեստի գինը թանկ է, եւ երեխան իրավունք ունի հագնել այն, ինչ իրեն է հարմար, ոչ թե, այն ինչ պարտադրում են: Այս գաղափարից դժգոհություն հայտնած մեր զրուցակիցները, բոլորի համար հասկանալի պատճառներով ուղղակի վախեցան իրենց անունների հրապարակումից:

 

Կային նաեւ այնպիսի մարդիկ, որոնց այնքան էլ չէր հետաքրքրում, թե դպրոցում երեխաները ինչ կհագնեն, ինչ առաջադիմություն ունեն կամ կունենան: Նրանք հիմնականում միայնակ ապրող մարդիկ են կամ այն մարդիկ, որոնք դպրոցական երեխա չունեն տանը:

 

Կրթական ոլորտի մասնագետները ասում են, որ աշակերտի համազգեստը հիմնականում ծնողի խնդիրն է, ոչ, թե աշակերտինը:

 

Մյուս կողմից պատասխանատուները` մարզպետարանի պաշտոնյաները, դպրոցների տնօրենները, ուսուցիչներն ու ծնողները պարտավոր են հաշվի առնել աշակերտների կարծիքները. եթե աշակերտը իրեն լավ չի զգում համազգեստի մեջ, ապա դա անպայման կազդի նրա առաջադիմության վրա:

 

Աշակերտներից ոմանք ոգեւորված եւ ուրախ էին, իսկ ոմանք էլ հակառակը: Հիմնական դժգոհողը տղաներն էին:

 

-Իմ տղան ասում է, որ ես այդ կոստյունը ոչ մի դեպքում չեմ հագնի,-ասում է ծնողներից մեկը` Լուսինեն:

 

-Եթե ես խայտաբղետ համազգեստը կրեմ, քանի որ ասում են, թե այդպիսին է, ինձ վրա կծիծաղեն,-ասում է աշակերտներից մեկը:

 

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք երեխան կարող է հագնել նույն համազգեստը, որ ձեռք է բերվել մեկ այլ տեղից Լ.Հայրապետյանը պատասխանեց. Կարծում եմ, որ ոչ, քանի, որ նման խոսակցություն չի եղել:

 

Դալարիկի հիմնական դպրոցի փոխտնօրեն Իրինա Թորոսյանը նույնպես կարծում է, որ գեղեցիկ երեւույթ է, եւ, եթե կարողանան կազմակերպել այնպես, ինչպես իրենք են կարծում, շատ լավ կլիներ: Իսկ ի՞նչ կասի Դալարիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Բավական Հեբոյանը.

 

-Նախագիծը բոլորի սրտով է, միայն գումարի խնդիրն է: Ծնողների տարակուսանքը միայն այն է, որ չգիտեն, թե ինչպիսի՞ն է լինելու համազգեստը: Երեխաների մեծամասնությունը ոգեւորված է:

 

Ի վերջո, ամփոփելով. ստացվում է, որ ըստ այս պարտադրանքը մոգոնողների, ծնողները դատապարտված են մեկ մատակարարից գնել համազեստը, այն մատակարարից, ում կառաջարկի Արմավիրի մարզի դպրոցի տնօրենների խորհուրդը, կամ ավելի ճիշտ Արմավիրի մարզպետարանը, կամ շատ ավելի ճիշտ` այն պաշտոնյան, ում կհանձնարարվի կառավարել այդ խնդիրը: Տեսնես ու՞մ կհանձնարարվի, եւ տեսնես ո՞վ է լինելու համազգեստի խորհրդավոր մատակարարը:

 

Արմավիրի մարզի 118 դպրոցներում մի 40 հազար աշակերտ կլինի: Բազմապատկեք այդ թիվը համազգեստի միջին գնով` 14000 դրամով: 560 միլիոն դրամ, կամ 1 մլն 647 հազար դոլար: Զեղչերը հանած` մի կես միլիարդ դրամ կլինի, մոտ` մեկուկես միլիոն դոլար: Մաքուր շահույթը մոնոպոլիստ կապալառուի համար մեր իրականության պայմաններում կկազմի առնվազն 20-25 տոկոս`100-125 մլն դրամ, կամ 290-350 հազար դոլար ...  Լավ գոլ է, չէ՞: Տեսնես ո՞վ է խփելու այդ գոլը Արմավիր մարզի բոլոր աշակերտների ընտանիքների դարպասը: Մարդ ուզում է բանուգործ թողնել ու կարի արտադրամաս դնել: Բայց չի օգնի: Նման գումարների պատվերները Հայաստանում հենց այնպես չեն տրվում: Եւ ամեն պատահական կարի արտադրամաս նման պատվեր հենց այնպես չի կարող ստանալ: Ո՞վ է լինելու այդ 40 հազար համազգեստի (թիվը մարզպետարանը ճշգրիտ կիմանա) պատվիրատուն, մարզպետարա՞նը, թե՞ 118 դպրոցներն իրենք` առանձին-առանձին: Հազիվ թե թողնեն, որ յուրաքանչյուր դպրոց ինքը կապալառու գտնի: Մեկ էլ տեսար մի գյուղում խելքը գլուխը մի դերձակ եղավ, ու պատվերն ինքը տարավ, եւ նախատեսված շահույթի մի մասից զրկվեց վերեւներին մերձավոր կարի արտադրամասը: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ համազգեստների գներն արդեն հայտնի են, մրցույթը եղած պիտի համարել, իսկ կարողը` գտնված: Այստեղ խնդիրն, իհարկե, չի ավարտվում: Մի շարք այլ հարցեր են առաջ գալիս, օրինակ, բա որ ծնողների 75 տոկոսը հրաժարվի արդեն կարած համազգեստները գնելուց, վերցնի ու լուրջ ընդունի ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի հայտարարությունն առ այն, թե ոչ ոք իրավունք չունի համազգեստ պարտադրել հանրակրթական դպրոցներում: Կամ, բա որ էս գոլը գոլ խփողների դուրը գա, ու տնօրեններից մեկի ասածի պես որոշեն համազգեստավորելուց հետո կոշկավորել Արմավիրի աշակերտներին, ապա` պայուսակավորել, տետրակավորել, պենալավորել, մեծ դասամիջոցին`բրդուճավորել, հետո` աղջիկներին` բանտիկավորել, իսկ տղաներին` ... տոտալիտար միտքը ստեղծագործ է` մի բան կմոգոնեն: Ուսման առաջադիմության վրա համազգեստի բացառիկ ազդեցիկությանը անվերապահ հավատացողներն ու այդ մասին անընդհատ խոսողները հաշվի առե՞լ են օրինակ, թե ինչ ազդեցություն ունի համանմանեցումը` ուրիշներից տարբերվելու բնական ու արդարացի մարդկային կարիք ունեցղ բարձր կամ միջին առաջադիմությամբ աշակերտների վրա: Օրինակ, տեղյա՞կ են կեսմիլիարդանոց գոլ խփելու հանդիսովոր արարողության ակամա կամ/եւ ճարահատ միջոց դարձած  պաշտոնյաները, թե ինչպես է անդրադառնալու համազգեստավորումը ուսման առաջադիմության վրա: Եթե տեղյակ են, ապա որտեղի՞ց, ինչպե՞ս, ի՞նչ գիտեն, որ դա նպաստելու է ուսման առաջադիմությանը: Կա՞ գիտական հիմնավորում եւ արդարացում այս բիզնես պրոյեկտին: Թե՞ հենց միայն խայտառակ չլինելու համար, համազգեստավորումից հետո գնահատականները արհեստականորեն բարձրացվելու են ...  իսկապե՞ս, նեոֆեոդալիզմը խեղդու՞մ է:

 

Կամ. մտածե՞լ են այն մասին, Արմավիրի դպրոցների համազգեստավորման աղափարը խոր հակասության մեջ է ՀՀ Սահմանդրության, ՀՀ օրենքների եւ ենթաօրենսդրական ակտերի հետ: Արմավիրի մարզի դպրոցի տնօրենների խորհուրդը, ըստ էության ընդունել է հակասահմանադրական որոշում: Իրավաբանական լեզվով, այդ որոշումը օրինական չէ: Լավագույն դեպքում Արմավիրի մարզի դպրոցի տնօրենների խորհուրդը կարող էր խորհրդատվական առաջարկությամբ հանդես գալ, խորհրդատվություն կամ առաջարկություն անել ոչ թե մարզպետին, այլ` դպրոցներին: Այս է դպրոցների տնօրենների խորհրդի գաղափարաբանությունը, հենց սրան է կոչված այդ խորհուրդը, եւ ոչ թե` մարզպետարանական շահեր սպասարկելուն:  

 

Համազգեստավորման նվիրյալները պարտավոր են հաշվի առնել, որ ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող հանրակրթական դպրոցներում  համազգեստ կրելու գաղափարը կարելի է իրականացնել միայն կամավորության սկզբունքով. ոչ ոք իրավունք չունի պարտադրել ծնողներին ինչ-որ մեկի հարստացման համար համազգեստ գնել, այնպես, ինչպես ոչ ոք իրավունք չունի ստիպել աշակերտին` համազգեստ հագնել: Չէ որ դպրոցը համազգեստի բիզնեսի տեղ լինելուց առաջ մարդուն գիտելիք տալու վայր է, այլ խոսքով, եթե գիտականորեն ապացուցվի, որ օրինակ դասասենյակում բոբիկ լինելը նպաստում է գիտելիքներ ստանալու պրոցեսին, դա հանուն կրթության պիտի արտոնվի: Արտոնվի եւ ոչ թե պարտադրվի: Օրինակը չափազանցված է, իհարկե, բայց հասկացողը, կարծում եմ, հասկացավ: Ի վերջո, մարդիկ, նույն ծնողները, մեր պետությանը հարկեր է վճարում, որ իրենց զավակները որակյալ կրթություն ստանան, եւ ոչ թե նրա համար, որ իրենց հարկերից վճարվող ուսուցիչներն ու տնօրենները դպրոցը վերածեն ինչ-որ մեկի չաղացման մեխանիզմի:   

 

Իսկ ուսուցիչների համազգեստավորու՞մը: Օրինակ ուսուցիչներն ու տնօրենները տեղյա՞կ են, որ իրենց դաս տված աշակերտների ճնշող մեծամասնությունը համոզված է, որ, եթե ուսուցիչները համազգեստ հագնեն, դասավանդման առաջադիմությունը կաճի 123,26 %-ով: Ինչու՞ չվերցնել ու աշակերտների համազգեստավորումը չհամատեղել ուսուցիչների եւ տնօրենների համազգեստավորման հետ, Սահմանադրություն ոտնատակ տալու պես բան լինի ...: Մենք լավ կարի արտադրամասի տեղ գիտենք, Պիեր Կարդեն է անունը, ծանոթ մարդ կա, մեջ կգցենք` ամեն մի կոստյումը մի 800 դոլարով կկարեն, ծնողազուրկ ուսուցիչներին` 60 տոկոս զեղչ կլինի, զոլավոր` սեւ-ճերմակ, գլխարկ էլ կարող ենք նախատեսել` զոլավոր ու կլոր, նահապետական ուսուցչին վայել, կանայք` կոս պիտի անեն, առավելագույնը 12 շպիլկա օգտագործելով,  տղամարդիկ` բոքս սանրվածքով: Արդյունքում, աշակերտների կարծիքով, դպրոցում 4 ստացողներ չեն լինի, միմիայն գերազանցիկներ: Եւ ինչո՞ւ չփորձել:

 

Հռիփսիմե Քոչարյան

Վիոլետա Համբարձումյան

Լեւոն Բարսեղյան


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը


 

 

 

 

Գյումրու փառապանծ Շիրակ

ֆուտբոլային ակումբի

խորհրդանիշը

 


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter