Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահի բողոքը

 

21 | 08 | 2008 | 15:00 | Բողոք

 

ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գ.Հակոբյանին

ՀՀ ԿԱ Մաքսային պետական կոմիտեի նախագահ Գ.Խաչատրյանին

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանից

 

Պատճեները`

ՀՀ Նախագահի Վերահսկողական ծառայության պետ Հ.Հովսեփյանին

ՀՀ Վարչապետ Տ.Սարգսյանին

ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության աշխատակից Խ.Մեքինյանին

 

Բողոք ՀՀ ԿԱ ԱԱԾ աշխատակցի վարքիեւ գործողությունների մասին

 

Պարոնայք,

 

Գյումրիում արդեն 8,5 տարի է գործող Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպությունը Թուրքիայի Կարս քաղաքի լրագրողների եւ ԶԼՄ-ների հետ կապեր հաստատելու եւ մասնագիտական համագործակցություն ձեռնարկելու նպատակով վերջին 2 տարում մի քանի այցեր է կազմակերպել դեպի Կարս: Վերջին այցի ընթացքում, որը կայացավ 2008 թվի օգոստոսի 8-11-ը, Կարսում` տեղի լրագրողների հետ տեղի ունեցան մի քանի հրապարակային քննարկումներ զանազան հարցերի շուրջ, կազմակերպվեց նաեւ Կարսի, Կարսի ԶԼՄ-ների եւ լրագրողների մասին մեր պատրաստած հեռուստաֆիլմի եւ հոդվածաշարի շնորհանդեսը, եւ այլն: Մեր այցելության մասին ակումբը բոլոր հնարավոր եղանակներով հանրային իրազեկում էր իրականացրել հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 7-ը: Այցի նպատակները եւ մյուս բոլոր հնարավոր մանրամասները լայնորեն լուսաբանվել են տեղական ԶԼՄ-ների արտադրանքում եւ հայաստանյան մի քանի էլեկտրոնային հանդեսներում[1]:       

 

Կարսից վերադարձը զուգադիպեց վրաց-օսական-ռուսական պատերազմի չորրորդ գիշերվան: Օգոստոսի 11-ի վաղ առավոտյան, սահմանի Բավրայի վրացական հատվածում երեքուկես ժամ սպասելուց հետո, մոտեցանք հայկական սահմանապահ կետին, այստեղ էլ մոտ 25 րոպե հերթում սպասելուց հետո մուտք գործեցինք Հայաստան, մեքենաները առանց որեւէ խոչընդոտի կամ քաշքշուկի գրանցեցինք մաքսակետում, եւ վերջին պահին, երբ արդեն շարժվում էինք եւ մտնելու էինք Բավրա գյուղ, մաքսակետի շենքի մոտ ինձ մոտեցավ մի երիտասարդ, առանց ներկայանալու պահանջեց մեր խմբի ցուցակը: Ես փորձեցի պարզել, թե ինչ ցուցակի մասին է խոսքը: Մարդը սկսեց բացատրել, որ պիտի ցուցակ ունենայինք` թե ովքեր են հատել սահմանը եւ այն ներկայացնեինք իրեն: Ինձ թվաց, թե մարդը կատակում է, բայց շարունակեցի պարզել, թե այդ ինչպե՞ս է, որ մինչեւ հիմա մի քանի տասնյակ անգամ այս եւ այլ սահմանակետերով իմ մեքենայով (միայնակ, ընտանիքով, ընկերներով, գործընկերներով) անցել-դարձել եմ ու ոչ մի անգամ ոչ մի ցուցակ չեն հարցրել ինձնից, ու հիմա, երբ մարդիկ ժամերով կոտորվում են Հայաստան մուտք գործելու հերթի մեջ, գիշերվա ժամը 3:30-ին ինձնից ցուցակ են պահանջում:

 

Երբ երիտասարդը սկսեց անունով դիմել ինձ, ասելով ...Լեւոն, ընչի՞ ես կռիվ սարքում, կարգ է, որ ասում ենք, ուրեմն կարգ է ... , հասկացա, որ իմ մեղավոր ենթադրության դեպքը չէ. բանն այն է, որ այստեղ աշխատող գրեթե բոլոր մարդիկ ինձ դեմքով գիտեն, եւ ոմանք նույնիսկ անձամբ են ճանաչում, ու երիտասարդի այդօրինակ պահանջը աննորմալ եւ անօրինական համարելով, առաջին պահին ինձ թվացել էր, թե մարդը գիշերվա կեսին մի քանի կոպեկ է ուզում աշխատել հոգնած ճամփորդներից ...: Փաստորեն մարդը` ԱԱԾ աշխատակից Խաչատուր Մեքինյանը (անուն ազգանունը ճշտել եմ ավելի ուշ` Գյումրու մաքսատնից), շատ լավ գիտեր, որ երկու մեքենաներում հիմնականում գյումրեցի լրագրողներ են, լրջորեն մեր ուղեւորների ցուցակն էր պահանջում: Ես պահանջեցի ինձ ներկայացնել իր նշած կարգը սահմանող օրենքի կամ ենթաօրենսդրական ակտի համապատասխան հոդվածը կամ մասը, որով այդ պահանջը սահմանված է, եւ խոստացա, այդ դեպքում 5 րոպեում ներկայացնել ցուցակը (դյուրակիր համակարգչիս մեջ կար):

 

Մեր վեճը շարունակվեց մաքսակետի շենքի երկրորդ հարկի մի սենյակում, ենթադրաբար` իր աշխատասենյակում:

 

Տարօրինակ բաներ իմացա եւ հասկացա այդ վեճի ժամանակ, պարոնայք: Ես, որ երբեք գործ չէի ունեցել ԱԱԾ-ի կամ այդ ծառայության աշխատակիցների հետ (կամ գուցե գործ ունեցել եմ, բայց չեմ իմացել, որ ԱԱԾ աշխատակիցներ են), մտածել եմ, որ այդտեղ աշխատող մասնագետները պիտի որ բարձր պրոֆեսիոնալներ լինեն, չէ՞ որ ինչ-ինչ, բայց այս ծառայությունը բյուջետային հատկացումների պակաս չի ունեցել երբեք ու, հանրությանը հաշվետվություններ բացարձակապես չներկայացնող հիմնարկ է..., հիմա հասկացա, որ Հայաստանի ազգային անվտանգությունը լրջորեն վտանգված է. պարտադիր չէ ամբողջ համակարգն ուսումնասիրել այդ եզրակացությանը գալու համար:

 

Աշխատասենյակում հարցրեցի, եթե դա օրենքով սահմանված կարգ է, ապա 2 օր առաջ` օգոստոսի 8-ի առավոտյան ժամը 8-ին, երբ Հայաստանից անցնում էինք Վրաստան, ինչո՞ւ  մեզնից այդ ցուցակը չի պահանջվել (օգոստոսի 8-ը ուրբաթ էր, եւ այդ ու հաջորդող օրերին ՀՀ կառավարության նիստ չի գումարվել եւ ՀՀ նախագահը, Հայաստանից բացակայելով, ԱԺ-ում նախկինում ընդունված ու ինձ անհայտ որեւէ օրենք չի ստորագրել ու այդպիսով այդ օրենքը ուժի մեջ չի մտել): ԱԱԾ աշխատակիցը բացատրեց, որ ինքն, իհարկե, գիտեր, որ մենք մեկնելու էինք Կարս, հանձնարարել էր, որ մաքսակետում մեզնից ուղեւորների ցուցակը վերցնեին, բայց չգիտես ինչու մեզնից այդ ցուցակը ոչ հարցրել եւ ոչ էլ վերցրել էին, ու, երբ ինքը ժամանել էր մաքսակետ, մենք արդեն, դու մի ասա, անցած էինք եղել ՀՀ սահմանը... այլապես ցուցակը կվերցնեին: Ես պատասխանեցի, որ մենք, ինչպես հիմա, երկու օր առաջ էլ ցուցակ չէինք տրամադրի, մինչեւ համապատասխան օրենսդրությունը չմատնանշեիք:

 

Ապա, ԱԱԾ աշխատակիցը սկսեց իր պահանջը մեկնաբանել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լույսի ներքո. Ենթադրենք` 27 հոգով գնում եք եւ վերադառնում եք 28 հոգով, կամ հակառակը, հարցեր են չէ՞, պարզել է հարկավոր, ես բացատրում եմ, Ձեզ համար հարցեր են, դուք էլ պարզեք, ինձ մի ներգրավեք Ձեր աշխատանքների կատարման գործին, դուք օժտված եք իշխանությամբ, պարտականություններ եւ իրավունքներ ունեք, հասկանալի է, դե դուք էլ պարզեք, մե՞զ ինչու եք անհանգստացնում: Բացատրեցի նաեւ, որ իսկապես հնարավոր էր, որ գնայինք 27 հոգով եւ վերադառնայինք ավելի սակավաթիվ, .... կամ` հակառակը լիներ, մեկնեինք 27 հոգով, մեզ այնտեղ միանային Հայաստան եկող 4 հոգի, 12-ն էլ` պատերազմից խուճապահար լինեին ու մեզ հետ վերադառնային մեր մեքենաների թափուր տեղերն զբաղեցնելով, եւ ի՞նչ: Եթե մեկնողների ցուցակը նույնը չէ, ինչ վերադարձողների ցուցակը, ուրեմն ի՞նչ, ես ի՞նչ մեղադրանքների թիրախ էի դառնալու: ԱԱԾ աշխատակիցը այս հարցերին լուրջ պատասխաններ չունենալով, փորձում էր իր պահանջը արդարացնել անվտանգության հարցերով իր մտահոգությամբ:

 

Ապա ես հուշեցի, որ եթե իրեն իսկապես հետաքրքրում է մեկնողների ցուցակը, ինքը կարող է նեղություն տալ իրեն, քայլել մի 100 մետր, մինչեւ սահմանապահ անցակետը, այնտեղից ստանալ սահմանը հատած մարդկանց ցուցակը, ամենայն հավանականությամբ այդ մարդկանց տվյալները այնտեղ մուտքագրվում են համակարգիչ, օրով-ժամով, բոլոր հնարավոր մանրամասներով: Իսկ թե որ մեքենան կոնկրետ ինչ ուղեւորներով է եղել, կարող էր պարզել այդ ցուցակներն ու ժամերը համեմատելով մաքսակետում գրանցված մեքենաների եւ դրանց վարորդների ցուցակների հետ, մոտավորապես` 7-րդ դասարանցու գործ, մանավանդ, երբ ՀՀ Բավրայի մաքսակետի ավտոմեքենաների գրանցման վայրը հեռու է սահմանապահ կետից առավելագույնը 50-70 մետր. գրանցման ժամային տարբերությունը 1 րոպե կարող էր լինել: Ապա, վերադարձի համապատասխան ցուցակները կարող են համեմատել մեկնման ցուցակների հետ, ու պարզել թե քանիսն են մնացել Հայաստանից դուրս, քանիսն են ավելացել նույն մեքենաների մեջ, եւ կարող են անգամ իմանալ, որ այսինչ-այսինչյանը, որ մեկնելիս նստած էր եղել A մեքենայում, հանկարծ հայտնվել է C մեքենայում, ապա խորամուխ լինել, թե տեսնես ինչու՞, ի՞նչ առանձնակի դաժանությամբ ու դավադիր մտադրությամբ ...: ԱԱԾ աշխատակցի պատասխանը ինձ սիպեց մտածել, որ մարդն, իսկապես գիշերվա կեսին թունդ կատակելու կարիք ունի, բայց սխալ մարդու է ընտրել, դժգոհելով ասաց. ...ես հո չպիտի՞ գնամ սահմանապահներից ցուցակ ուզեմ...: Պարոնայք, ես էլ միամտաբար գիտեի, թե ԱԱԾ-ն, ցանկության դեպքում կարող է Հայաստանից մեկնողների ցուցակը ստանալ սահմանապահներից:

 

Անցած օրերում ես ինձ վերլուծում եմ  ու մտածում, լավ` բա որ ես տրամադրեի մի ցուցակ, որում երկու հոգու անուն-ազգանվան տեղ գրեի Ս.Հուսեյն, Ռ.Քոչարյան, ի՞նչ էր անելու ԱԱԾ աշխատակիցը, վերադարձին էլ նույն ցուցակը դեմ տայի, չէր ստուգելու՞, ինչպե՞ս էր ստուգելու: Առաջին հերթին քայլելու էր մի 60 մետր, մինչեւ սահմանապահ կետը ... կամ զանգելու էր, որ իրենց էլ համակարգիչ տային մեր հարկերի հաշվին, հետո պարզելու էր, որ մաքսակետում համակարգիչ կա, եւ պահանջելու էր, որ մաքսակետի եւ սահմանակետի համակարգիչները լարով (ոչ ռադիոմոդեմով, որ հնարավոր հետախույզները նույն համակարգիչներին չմիանային) միացնեն իրար, որ ինքը ուղղակի սահմանապահների համակարգչից տեսներ մեկնածների եւ վերադարձածների ցուցակները, համեմատեր դրանք, ապա անցներ ռազմաստրատեգիական վերլուծությունների: Կամ, մեքենայով մեկներ Գյումրի` 42.350 մ հեռավորությունից դիսկետ առներ, կամ ֆլեշ, կամ մի դիսկ, բերեր, գրավոր դիմեր սահմանապահներին, խնդրեր մեր չարաբաստիկ մեքենաների ուղեւորների անունները, ստանար դրանք եւ այլն...: Ազգային անվտանգություն ապահովելու համար ուրիշ, ավելի անմարդկային եղանակներ էլ կան: Այսպես. ԱԱԾ աշխատակիցը քնից ելնում է Թուրքիա մեկնողների հետ գրեթե միաժամանակ, իսկ մեկնման ժամանակը Գյումրու ԶԼՄ-ները մի քանի անգամ հայտարարել են, ժամը 7:00-ին, ապա քաղաքի ելքի մոտից սկսում է հետեւել ավտոշարասյանը, երբեմն առաջ է ընկնում, երբեմն` ետ, կանգնում է մի տեղ, մեքենայի կապոտն է բացում ու քչփորում, մինչեւ լրագրողների մեքենաները տեղ կհասնեին, այս մեքենաների տեղ հասնելուց առաջ գազ է տալիս ու սահմանապահ անցակետին է հասնում 4 րոպե շուտ, մտնում է սահմանապահների տնակը, ցույց է տալիս ԱԱԾ աշխատակցի վկայականը, նստում է նրանց կողքին եւ Թուրքիա մեկնող յուրաքանչյուրի անձնագիրը սկսում է ստուգել անձամբ, քաղվածքներ է կատարում դրանց միջից, լուսանկարում է բոլոր էջերը, սկաներով անցկացնում համենայն դեպս, խորազնին նայում է մեկնողի աչքերի մեջ, ապա անձնագրի լուսանկարին, ապա էլի, ապա էլի, մինչեւ մեկը կկոտրվի ... ճամփորդները այնքան էլ շահագրգիռ չեն իմանալ, թե ի՞նչ են անում իրենց անձնագրերի հետ այդ փոքրիկ պատուհանի ետեւում ու հաստատ չէին դժգոհի դրանից: Գիտե՞ր արդյոք այս մեթոդը ձեր աշխատակիցը, պարոնայք: Իհարկե գիտեր:

 

Կա մեկ այլ եղանակ էլ. ներդրում է կոչվում (Insiding-insider անվամբ է կիրառվում աշխարհում, ինչպես հետախուզության, այնպես էլ լրագրության ոլորտում): Կարս մեկնելու եւ կարսեցի լրագրողների ու հասարակական գործիչների հետ ֆուտբոլ խաղալու մասին հուլիսի 23-ի իմ մամլո ասուլիսից հետո, ձեր աշխատակիցը մարզահագուստով, մի գնդակ թեւատակին գալիս է ակումբ, դիմում է ինձ ու խնդրում իրեն էլ ընդգրկել թիմում, եւ բացատրում է, որ ինքը լրագրող չէ, բայց փոքրուց երազում է լրագրող դառնալ, լավ ֆուտբոլ է խաղում, պատրաստ է անձնազոհ խաղալ Կարսում եւ այլուր, ուր որ կմեկնեն գյումրեցի լրագրողներն այսուհետ ...: Մենք էլ չէինք մերժի, ինչպես չենք մերժել որեւէ մեկի հայտը, հայտարարել ենք, որ կարեւորը այս դեպքում խաղի պատմական նախադեպն է, ոչ թե հաղթանակը: Ու կգար հետներս, ներսում մարդ կունենայիք, ինչպես ամբողջ աշխարհի անվտանգության կառույցներն են անում, ու այդ ֆուտբոլասեր գործակալը ոչ միայն մեր ցուցակը կունենար, այլեւ յուրաքանչյուրի ճաշացանկը, հյուրանոցային սենյակի համարը, խփած գոլերի թիվը ... (մի 30 տող գրեցի ու ջնջեցի այն մասին, թե ուրիշ էլ ինչ կունենար): Այս մեթոդը չգիտե՞ր ձեր աշխատակիցը, իհարկե գիտեր, ես, որ գիտեմ, ինքը` պիտի որ իմանար:        

 

Հիմա հարց է ծագում, ինչո՞ւ մեկնողների ցանկն իմանալու վերը բերված մոտ մեկ տասնյակի հասնող մեթոդներից որեւէ մեկի կիրառման փոխարեն, ձեր աշխատակիցը, նախընտրում է գիշերվա 3:30-ին մեր ճամփան կտրել ու անօրինական պահանջներ ներկայացնել մեզ, ինչո՞ւ է դիմում խիստ անարդյունավետ միջոցի: Ծայրահեղ անհավանական եմ համարում նրա մասնագիտական անտեղյակության տարբերակը: Մյուս դեպքում մնում է լրագրողական կազմակերպության ղեկավարներից մեկին գործընկերացնելը եւ ԱԱԾ հետ համագործակցության դաշտ բերել, կամ բոլոր գործընկերներիս ու իր աշխատակիցների մոտ հրապարակային պարսավանքի ենթարկել, այն բանի համար, որ ես, անամոթաբար, սահման հատելու օրինական ձեւերին դեռ անտեղյակ եմ ու համարձակվում եմ Թուրքիա մեկնել: Համագործակցության տարբերակն անհնարին է, որովհետեւ այդ դեպքում, ինձ իմանալով, գիտեն, որ ես իրենց ավելի շուտ կստիպեմ մեր հարկերի հաշվին իրենց պարտականությունները մարդավարի կատարել, քան`իրենք կհասցնեն իրենց գործն ինձ անել տալ եւ, իմ հասկանալով, համագործակցելու առաջարկները 30 հոգու աչքի առաջ չեն անում, անում են այլ հանգամանքներում, մյուս կողմից էլ` համագործակցելու համար կդիմեր ավելի վաղ, ոչ թե 5-րդ այցի վերադարձից հետո: Կամ` ուզում էր իմ եւ իր գործընկերների աչքի առաջ ցույց տալ, թե ես տգետ եմ ու լավություն անելով, մեզ բաց թողնել: Կա նաեւ մեկ այլ տարբերակ, թե այս աշխատակիցը, որոշել է ստուգել, թե որքա՞ն ճշգրիտ կլինի իմ տրամադրած ցուցակը, այն համեմատելով սահմանապահներից վերցրած կամ վերցնելիք ցուցակի հետ, կամ էլ ստուգել, հո ես տառասխալներով չեմ գրում: Բայց ձեզ էլ է հասկանալի, որ ձեր աշխատակիցը իմ գրագիտության ստուգման օրինական լիազորություններ չունի: Կա եւս ամենաամենավերջին տարբերակը. այս շարքային աշխատակցի վերադասը ցուցակ ստանալու հրաման է տվել իրեն, որովհետեւ նման հանձնարարություն է ստացել վերեւից .... դե այդպիսի հիմնարկների աշխատակիցներն էլ միշտ չէ, որ ճիշտ ու սխալ, օրինական անօրինական են ջոկում, տարիներ հետո ասելու են` դե, հրաման եմ կատարել, կամ էլ` ...ժամանակներն էին այդպիսին ...

 

Սրանք, իհարկե, իմ` մասնավոր մի անձի, պետական պաշտոն չզբաղեցնող մի քաղաքացու վերլուծություններն են ու կարծիքները, ինչի իրավունքը ես ունեմ: Հինգերերդ օրն է, չեմ կարողանում հասկանալ ձեր աշխատակցի անօրինական գործողությունների դրդապատճառները. ի՞նչ է` կամենում էր հասկացնել, թե եթե Թուրքիա եք մեկնել Կարսի լրագրողների հետ հանդիպելու եւ ֆուտբոլ խաղալու` իմացեք, որ ՀՀ գործող իշխանությունները դժգո՞հ են դրանից, ուզում էր հասկացնել, թե համանման ուղեւորությունների դեպքում ապագայու՞մ էլ խոչընդոտներ կունենանք, կամ ուզում էր հասկացնել, թե շատ ուժեղ եւ մեզ համար անհասկանալի իմաստնությամբ օժտված անձ է պատիվ արել հոգնած լրագրողների ճամփան կտրել ու մենք պարտավոր ենք ըմբռնումով մոտենալ իր մտավարժանքներին, ուզում էր ստուգել, թե իր խայտառակ վարքը կհրապարակե՞նք արդյոք, թե ԱԱԾ-ից վախենում ենք այնպես, ինչպես սարսափում ենք ամեն քայլափոխի պատահող ու մեր երկրի ազգային անվտանգությանն իսկապես սպառնացող բութ կամ անկուշտ պաշտոնյաների անկանխատեսելի վարքից ....

 

Վերեւում ես փորձեցի որեւէ տրամաբանական արդարացում գտնել ձեր աշխատակցի գործողություններում, անգամ ՀՀ ազգային անվտանգության ապահովման կանխավարկածով, բան դուրս չեկավ: Ձեր աշխատակցի գործողությունները որեւէ տրամաբանության չեն ենթարկվում: Ինձ համար մեծ ամոթանք է, որ իմ երկրի ազգային անվտանգությունը այսպես է պաշտպանված:

 

Մեր վեճի վերջում ԱԱԾ աշխատակցին նույն պահանջը ներկայացրի` ինչ դրսում. ցույց տալ, կամ նշել ՀՀ օրենդրության այն իրավական ակտը, այն կետը կամ հոդվածը, որով ՀՀ սահմանը ավտոմեքենայով հատողները պիտի իրենց ուղեկիցների ցուցակը ներկայացնեն: Աշխատակիցը, վերջապես պատասխանեց, թե ...այդ պահանջը ներքին կարգ է...: Հարցրեցի. Ու՞մ ներքին կարգն է, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի՞, թե՞ ձեր հիմնարկի ..., պատասխանեց, որ դա իրենց ներքին կարգն է: Իմ ուղիղ հարցին, թե կա՞ ՀՀ օրենքներում կամ ենթաօրենսդրական ակտերում նման պահանջ, վերջնականապես պատասխանեց.-Ոչ, չկա:

 

Դրսում, արդեն ես մերոնցից պարզեցի (մերոնք ու ձերոնք են դառնում, ակամա, տեսնու՞մ եք), որ մեր բացակայության ընթացքում մեքենաների անուղղակի ստուգումներ չեն անցկացվել, ինչը մի շարք երկրների սահմանապահ, մաքսային, կազմակերպված հանցավորության կամ ահաբեկչության դեմ պայքարի, հատուկ, առանձնահատուկ եւ այլ ծառայությունները կիրառում են, չկամենալով, որ ստուգումը արձանագրվի որպես այդպիսին, ասենք, դուռը բացում մտնում են մեքենա, ջուր են հարցնում, ասպիրին, մյուսից` ծխախոտ, չորրորդից` վառիչ, մինչեւ կզննեն մարդկանց ու նստատեղերը, կամ համապատասխան շներ ու շնիկներ են բերում, սկսում` ման տալ մեքենաների կողքուբոլորը, հետո շնիկը մտնում է մեքենայի տակ, սա  սկսում է համառել, չի ուզում դուրս գալ, ապա իրենք են մտնում շների հետեւից` դրանց դուրս քաշելու` իբր, մի խոսքով, հայտնի պիտի լինեն ձեզ այս եւ այլ հնարքները ... : Բայց այդ էլ չէին արել, ասենք` այս բողոքի գնով, կամ ձեր աշխատակցին պաշտոնական նկատողության գնով:

 

Եզրափակելով, դիմում եմ ձեզ խնդրանքով եւ պահանջով (իրավաբան-փաստաբան ընկերս ասաց, որ թե մեկի, եւ թե մյուսի իրավունքն ունեմ, առաջինը` որպես մարդ, երկրորդը` որպես հարկատու) պարոնայք Հակոբյան եւ Խաչատրյան, բարի եղեք ծառայողական քննություն նշանակել միջադեպի առթիվ, պարզել թե`

 

1.    Ի՞նչ իրավունքով է ԱԱԾ աշխատակիցը ուղեւորների ցուցակ պահանջել,

2. Ինչու՞ ԱԱԾ աշխատակիցը ինձ չի ներկայացրել ուղեւորների ցուցակ ներկայացնելու իր պահանջի օրինական հիմքերը,

3.    Ինչու՞ է ինձ հետ զրուցելիս դու-ով դիմել ինձ,

4.  Եթե ՀՀ օրենսդրությամբ կա մաքսակետի ԱԱԾ աշխատակցին Հայաստանից մեկնող մեքենաների ուղեւորների ցուցակ ներկայացնելու կարգ, ինչու՞ ԱԱԾ հիշյալ աշխատակիցը չգիտեր այդ իրավական ակտի անվանումը եւ համարը:

 

Պարզելուց հետո, բարի եղեք, համապատասխան միջոցներ ձեռք առնել իրավիճակի շտկման ուղղությամբ: Ես կգոհանամ, եթե ձեր աշխատակիցը օրենքով սահմանված կարգով պատժվի. օրինակ, եթե պարզվի, որ նա վերազանցել է իր օրինական լիազորությունները` կատարել է գործողություն, որ ՀՀ օրենսդրությամբ չի սահմանված, պաշտոնական դիրք է չարաշահել` օգտվելով իր պաշտոնական դիրքի առավելություններից, 30 րոպեով անհիմն խոչընդոտել է մեր ընթացքը, ինքնիրավչություն է կատարել` օրենսդիր կամ ենթաօրենսդիր առաքելություն չունենալով իրավահարաբերությունների նոր կարգ է սահմանել, կամ` լրացրել, կամ փոփոխել է եղածը, եւ այլն: Ինչպես գիտեք, վերը բերվածը առնվազն վարչական իրավախախտում է եւ, առավելագույնը` քրեական հանցագործություն: Եթե ուղեւորների ցուցակ ներկայացնելու օրինական պահանջ, այնուամենայնիվ կա, ապա, խնդրում եմ հանձնարարել հատուկ ուսուցում կազմակերպել ԱԱԾ այդ եւ այլ աշխատակցի համար, նեղություն կրել եւ հանրությանը բացատրել, թե այդ ինչո՞ւ մինչեւ հիմա այդ կարգը չի գործել, ո՞վ է դրա համար պատասխանատու, ձեզ եւ ձեր վերադասների համար էլ, խնդրում եմ հաշվարկել, թե որքա՞ն է տուժել ՀՀ ազգային անվտանգությունը այդ կարգի կամայական կիրարկումներից:

 

Մինչեւ ձեր միջամտությունը եւ հնարավոր ծառայողական քննությունը, ես ձեռնպահ եմ մնում խնդրի կարգավորման այլ ատյաններին դիմելու գայթակղությունից:     

 

Հրավիրում եմ ձեր ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ ոչ այս միջադեպի ընթացքում, ոչ էլ նախընթաց բազմակի անգամները, երբ ես իմ մեքենայով (Ford Sierra 48LS482) հատել եմ ՀՀ սահմանը Բավրայի կամ Բագրատաշենի հատվածներում, ոչ մաքսակետերում, ոչ սահմանապահ կետերում որեւէ խնդիր չեմ ունեցել, դժգոհ չեմ ոչ մաքսակետի սպասարկումից, ոչ էլ` սահմանապահների: Այժմ էլ իմ դժգոհությունը վերաբերվում է միայն ԱԱԾ այն աշխատակցին, ով որոշել էր Հայաստանի ազգային անվտանգությունը իր խելքով պաշտպանել` ինձնից գիշերվա 3:30-ին իմ ուղեկից գործընկերների ցուցակը պահանջելով, ու, հրապարակավ` 20 հոգու ներկայությամբ անհաջող փորձելով ինձ խրատել, թե դա օրենքով սահմանված կարգ է, եւ ես, իբր, այդ հասարակ բանը չգիտեմ:  

 

Պատրաստ եմ այս բողոքի հանգամանքները քննարկել ցանկացած ատյանում եւ միջավայրում, եթե լրացուցիչ տեղեկությունների եւ վերլուծությունների կարիքը կունենաք:   

 

ՀԳ.

Հաշվի առնելով այստեղ բերված խնդրի հանրային կարեւորությունը, այս բողոքը, եւ բոլոր հնարավոր հետագա զարգացումների մասին տեղեկատվությունը նպատակահարմար եմ գտնում հրապարակել հանրության համար:

 

16 օգոստոսի, 2008

Բողոքող` Լեւոն Բարսեղյան

 Հայաստան-3102, Գյումրի, Պուշկինի փ, 96:

 Հեռ. 091 821 363; Էլ. հասցե. [email protected]


[1] www.lragir.am, www.tert.am, www.a1plus.am, www.asparez.am, ԳԱԼԱ ՀԸ, Ցայգ ՀԸ, Հինգշաբթի թերթ, Շրջապատ թերթ եւ այլն:


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս հուլիս      
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի 2007 3 հոկտ-31 դեկտ
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter