Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Քոչարյանի նամակը գաղտնիության աստիճանով հավասարվել է Թուրքիո արխիվներին

 

27 | 08 | 2008 | 17:00 | Հայտարարություն

 

ՀՄՀ-Հայաստան Ծրագրի մասին հանրությունից ապօրինաբար

գաղտնի պահվող փաստաթղթի մասին ՀՄՀ-Հայաստան ծրագրի

Շահառուների խորհրդի անդամ Լեւոն Բարսեղյանի

Հայտարարությունը

 

Հազարամյակի մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան ծրագրի Շահառուների Խորհուրդը ստեղծվել է եւ կոչված է հանրային հսկողություն ունենալ ծրագրի նկատմամբ, պաշտպանել ծրագրի` շուրջ 750.000 շահառուների շահերը: Շահառուների Խորհուրդը բաղկացած է տասնհինգ հոգուց, ես նրանցից մեկն եմ արդեն մոտ երկու տարի: Ամերիկյան Հազարամյակի մարտահրավեր Կորպորացիան այս ծրագիրը ֆինանսավորում է երկրում արդար կառավարումը, մարդկային զարգացումն ու տնտեսական իրավիճակը արտացոլող տասնյոթ ցուցիչների հանրագումարային բավարարության դեպքում, իսկ անբավարարության դեպքում` կորպորացիան իրավազոր է կասեցնել ծրագիրը: Այս տարվա մարտի 11-ին, ՀՄ Կորպորացիայի տնօրեն Ջ.Դանիլովիչը մտահոգություններով լի նախազգուշական նամակ էր հղել ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանին, այն մասին, թե հայաստանյան ծրագրի ֆինանսավորումը կարող է կասեցվել: Ավելի ուշ ինձ եւ գործընկերներիս հայտնի դարձավ, որ Ռ.Քոչարյանը գրավոր պատասխան նամակ է ուղարկել Ջ.Դանիլովիչին: Ես, Ծրագրի Շահառուների խորհրդի իմ գործընկերները, ինչպես նաեւ մի շարք շահառուներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներ շահագրգիռ ենք ունենալ Ռ.Քոչարյանի հիշյալ պատասխան նամակի պատճենը, տեղյակ լինել դրա բովանդակությանը, այնպես, ինչպես ունենք եւ ծանոթ ենք Ջ.Դանիլովիչի մարտի 11-ի նամակին:

 

ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի անցած մի քանի նիստերի ընթացքում մի քանի անգամ ցանկություն եմ հայտնել ծանոթանալ այդ նամակին, ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ը հայտնել է, որ անզոր է այդ նամակի պատճենը մեզ տրամադրել: Այդ նամակը որոնել եմ ՀՀ նախագահի պաշտոնական վեբ կայքում, որտեղ չեմ գտել այն: Ապա հունիսի 4-ին` ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի սահմանած կարգով գրավոր հարցմամբ դիմել եմ ՀՀ նախագահի  աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանին, խնդրելով Ռ.Քոչարյանի պատասխան նամակի պատճենը: Այդ հարցմանը Հ.Աբրահամյանը չի բարեհաճել պատասխանել: Հունիսի 19-ին երկրորդ գրավոր հարցումն եմ հղել նույն պաշտոնյային, խնդրելով նույն նամակի պատճենը[1]: Հուլիսի 11-ին ստացա հուլիսի 3-ով թվագրված, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչի պատասխանը, որում նա մերժել էր հիշյալ նամակի պատճենի տրամադրումը այն պատճառաբանությամբ, թե Կառավարությունը դեռ չի ընդունել քաղաքացիներին տեղեկատվություն տրամադրելու կարգը:

 

Այս պաշտոնյան չէր կամեցել հարգել այն հանրահայտ սկզբունքը, որ քաղաքացու եւ իշխանության միջեւ ծագած խնդիրների կարգավորման ժամանակ, օրենքի հնարավոր հակասություններն ու օրենսդրական թերությունները հարկ է մեկնաբանել քաղաքացու իրավունքների օգտին եւ ոչ թե` դեմ: Այս տեսանկյունից ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժինը անտեսել էր իմ սահմանադրական իրավունքը, կամ ստորադասել է այդ իրավունքը իշխանության նպատակահարմարությանը եւ կառավարության անգործությանը[2]:

 

Ստացածս մերժման մասին, ինչպես սահմանում է ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքը, Հուլիսի 17-ին բողոք հղեցի ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության պետին[3]:   

 

Օգոստոսի 21-ին նույն ատյանից` ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչից, ստացա իմ հարցման եւ բողոքի մի նոր մերժում, որը, առանց խղճի խայթի, կարելի է դասել իրավաբանական կամ իրավագիտական անհեթեթություններրի շարքին: Այս անգամ նույն պարոնը մերժել էր նամակի պատճենի տրամադրումը այն հիմնավորմամբ, թե պահանջվող գրությունը չի հանդիսաանում տեղեկատվություն, հետեւաբար, այն ենթակա չէ տրամադրման : Բացի այդ, իր պատասխանում այս պաշտոնյան փորձում է բացատրել. Այս իմաստով, ընդունելով ՀՀ եւ Հազարամյակների մարտահրավեր-ի միջեւ հարաբերությունների պետական եւ հասարակական կարեւորությունն ու նշանակությունը, տեղեկատվություն կարող է հանդիսանալ ոչ թե այդ հարաբերությունների ընթացքը, այլ` դրա հետեւանքը: Այսինքն օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձեւավորված տվյալներ[4] են հանդիսանում ոչ թե գործընթացը (բանակցությունները` գրագրությունը հավասարապես նաեւ բանավոր, հեռախոսային խոսակցությունները եւ այլն), այլ` դրանց արդյունքում ստացված եւ ձեւավորված արդյունքը` հատկապես հաշվի առնելով, որ ոչ թե գործընթացն ինքնին, այլ` գործընթացի արդյունքն է, որ առաջացնում է իրավաբանական հետեւանք թե անձի, թե հասարակության եւ պետության համար::

 

Այսօրինակ մեկնաբանությունը, եթե ՀՀ քաղաքացուս համար վիրավորական չլիներ, բավականաչափ ծիծաղելի կլիներ: Իսկ, ի՞նչ կասեր պարոնը այն հարցին, եթե հինգ տարի տեւող ծրագրի եւ դրան նախորդած եռամյա նախապատրաստական աշխատանքները համարենք մեկ ամբողջական գործընթաց, ուրեմն ծրագրի մասին տեղեկություններին պիտի կարողանայինք հաղորդակցվել միայն այդ ութնամյա ժամանակահատվածի ավարտից հետո՞` երեք տարի ա՞նց` 2011 թվի՞ն: Կամ, եթե ամերիկյան օժանդակությունը Հայաստանի երրորդ հանրապետությանը համարենք մեկ ամբողջական գործընթաց, ՀՄՀ-Հայաստան ծրագիրը (2006-2011թթ.) պիտի համարենք այդ հարաբերությունների ձեւավորման ընթացքում մի փոքրիկ գործընթաց ու ոչ թե միջանկյալ արդյունք, եւ ուրեմն ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչի տրամաբանությամբ, ՀՄՀ-Հայաստան ծրագրի մասին տեղեկատվություն որպես այդպիսին գոյություն ունենալ չէր կարող, որ դեռ մի բան էլ` կարողանային Շահառուների խորհրդի անդամներին տրամադրել:

 

Մյուս կողմից, ես մինչ այս պատասխանը, միմտաբար, համարել եմ, որ երկրի գլխավոր պաշտոնյայի պաշտոնական գրագրությունը, որ ստեղծվում է մեր հարկերի հաշվին, ու չի պարունակում պետական, ծառայողական, անձնական կամ օրենքով սահմանված այլ գաղտնիք, պիտի հասանելի լինի հանրությանը, այն հասարակ պատճառով, որ այդպիսի տվյալները հանրության սեփականությունն են: Ռոբերտ Քոչարյանի` ի պաշտոնե գրած նամակը, որքան էլ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչը փորձի ներկայացնել որպես գրություն, անձնական բնույթի նամակագրություն չէ Ջոն Դանիլովիչի հետ, ինձ ուղարկած երկու մերժումներում չի նշվել, թե այդ գրության մեջ որեւէ գաղտնիք կա, եւ վերջապես այդ նամակը, որքան կարելի է կռահել դրան նախորդած Ջ.Դանիլովիչի նամակի բովանդակությունից, լիովին համապատասխանում է տեղեկատվության ՀՀ օրենսդրությամբ սահմանված բնորոշմանը անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երեւույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձեւավորված տվյալներ` : ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչը այսպիսով կասկածի տակ է առնում ՀՀ նախագահի` ի պաշտոնե գրած եւ ուղարկած գրության տվյալների պարունակությունը, ստացվում է, որ ըստ բաժնի վարիչ Ա.Ասատրյանի, այդ գրությունը չի պարունակել անձանց, օրինակ` հեղինակի (Ռ.Քոչարյան), հասցեատիրոջ (Ջ.Դանիլովիչ) մասին տվյալներ, այդ գրության մեջ բոլովովին խոսք չի գնում որեւէ առարկայի, օրինակ` ՀՄՀ-Հայաստան ծրագրի կամ ՀՄՀ-Հայաստան-ՀՄԿ հարաբերությունների կամ ՀՄԿ-Հայաստանի կառավարության միջեւ կնքված համաձայնագրի մասին, դրանում որեւէ փաստ, օրինակ` Ջ.Դանիլովիչի 2008 մարտի 11-ի նամակի հիշատակում կամ ՀՄՀ-Հայաստան ծրագրի ընթացքի մեջ լինելու մասին, չի հիշատակվում, նամակում որեւէ հանգամանք, օրինակ` նույն` Ջ.Դանիլովիչի 2008 մարտի 11-ի նամակում հիշատակված Ծրագրի հնարավոր կասեցումը, կամ` կասեցման մասին նախազգուշացումը, կամ` զգուշացման պաշտոնական բնույթը, նույնպես չի նշվել: Տարօրինակ չէ՞: Այդ դեպքում այս գրությունն իսկապես  դառնում է ռացիանալության տեսանկյունից անհետաքրքիր, իսկ իռացյոնալության տեսանկյունից` սաստիկ հետաքրքիր. իսկ, ներողություն, այդ դեպքում ի՞նչ է եղել այդ նամակում: Ահա իմ եւ շատերի գլխում առաջացող այս հարցի պատասխանը կարող է տալ միայն այդ նամակի հրապարակումը, կամ որ նույնն է` դրա պատճենի տրամադրումը հանրությանը: Գուցե Ռ.Քոչարյանը պաշտոնական դիրքը չարաշահել ու աշխատաժամին զբաղվել է իր պաշտոնական պարտականությունների հետ ընդհանուր ոչինչ չունեցող նամակագրությա՞մբ, անստորագիր նամա՞կ է գրել, որը, դավադրաբար վերագրում են իրե՞ն (???), ու դիտավորյալ չեն հերքում իր անունից Ջ.Դանիլովիչին հղված նամակի գոյությունը . եւ այլն ... եւ այլն ... եւ այլն:

 

Վերջապես, մինչեւ բաժնի վարիչ Ա.Ասատրյանի երկրորդ մերժումը, ես կարծել եմ, թե Ռ.Քոչարյանի պատասխան գրությունը, իրականում` նամակը, իսկապես .. օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձեւավորված տվյալներ են, երբեք չէի կարծել, որ այդ գրությունը`անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երեւույթի վերաբերյալ տվյալները կարող էին ձեւավորված լինել ոչ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս երկրորդ զավեշտական պատասխանը ես ստացել եմ ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության պետին հղածս բողոքիցս հետո, ստիպում է համարել, որ Վերահսկողական ծառայությունն ու նախագահական աշխատակազմը այդօրինակ պատասխանին հիմնականում համաձայն է:

 

Էլի մեկ հարց է ծագում, եթե Ռ.Քոչարյանի նամակը օրենքով հանրությանը հասանելի տեղեկատվություն չէր կամ հանրությունից գաղտնի պահելու արժանի թուղթ էր, ինչո՞ւ էր ինձ տրված առաջին մերժման մեջ խոսվում էր այն մասին, որ հարցրածս նամակի պատճենը ինձ չի տրամադրվում այն պատճառով, որ տեղեկատվությունը իշխանություններից քաղաքացիներին տրամադրելու կարգ Կառավարությունը դեռ չի սահմանել: Այսինքն` այլապես` պատճենը կտրմադրվեր: Բաժնի վարիչը ջանքեր չի ներդնում մեկնաբանելու իր երկու մերժումների պատճառաբանությունների տրամագծային հակասականությունը. նախ ասում է` այդ տեղեկատվությունը տրամադրելու կառավարության կողմից սահմանված  կարգ չկա, ապա` դա տեղեկատվություն չէ, նամակ էլ չէ, պարզապես գրություն է, որը օրենքով սահմանված կարգով կազմված տվյալներ չի պարունակում: Աշխարհով մեկ հետադիմական իշխանությունները հանրությունից տեղեկություններ թաքցնելու հարյուրավոր եղանակներ են մշակել եւ կիրառում են դեռ, ես ուսումնասիրել եմ դրանք, բայց այսպիսի հայտնագործության առաջին անգամ եմ հանդիպում:    

 

Վերլուծելով ամբողջ վերը բերվածը, հայտարարում եմ, որ

 

1. ՀՀ նախագահական գրասենյակը այսպիսով խախտել է Խոսքի եւ տեղեկատվության ազատության իմ սահմանադրական իրավունքը, իր` վերը բերված գործողություններով եւ ըստ էության` անգործությամբ հասկացնում է, թե ՀՀ Սահմանադրության 27, 27.1 հոդվածներով սահմանված Խոսքի եւ տեղեկատվության ազատությունը կախման մեջ է ենթաօրենսդրական ակտի գոյությունից կամ բացակայությունից: Այստեղ դիտավորյալ չեն ուզում նկատել, որ բացի Սահմանադրությունից, տեղեկատվության ազատության իրավունքը եւ դրա կիրարկման մեխանիզմները սահմանված են Հայաստանի կողմից վավերացված միջազգային մի շարք փաստաթղթերում` Մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածում, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածում, ինչպես նաեւ` ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի մեջ:

 

2. Ամոթալի է, որ փոխանակ հանրային նշանակության այդ նամակագրությունը հրապարակվեր առանց որեւէ հարցման սպասելու, այն, տակավին անհասկանալի պատճառներով, զանազան հնարքներով եւ անօրինական պատճառաբանություններով հանրությունից ուղղակիորեն թաքցվում ու գաղտնի է պահվում արդեն հինգուկես ամիս:

 

3. Քոչարյանի այդ նամակի վերոհիշյալ պատմությունը նույնիսկ մեր իրականության մեջ չտեսնված  խայտառակություն է. ՀՄՀ-Հայաստան ծրագրի ճակատագրին ուղղակիորեն առնչվող ու որեւէ օրենքով սահմանված գաղտնիք չպարունակող փաստաթուղթը դիտավորյալ ու հետեւողականորեն գաղտնի է պահվում ոչ միայն ամբողջ հանրությունից եւ ծրագրի հարյուր հազարավոր շահառուներից, այլեւ այն մարմնից, որ կոչված է պաշտպանել ծրագրի շահառուների շահերը` Շահառուների խորհրդից:

 

Ամփոփելով.

Այս հայտարարությամբ նորից եւ հրապարակավ դիմում եմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին[5]` պահանջելով ինձ տրամադրել Ռ.Քոչարյանի ուղարկած այն նամակի պատճենը, որով նա պատասխանել է ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրեն Ջ.Դանիլովիչի 2008 թվի մարտի 11-ի նամակին:

 

Հաշվի առնելով, այդ նամակի կարեւորությունը, դիմում եմ ՀՄ Կորպորացիայի տնօրինությանը, խնդրելով որեւէ եղանակով Հայաստանի հանրության համար ապահովել այդ եւ հետագա նամակագրության հրապարակայնությունը, այլապես` առանց համապատասխան տեղեկատվություն ունենալու, ծրագրի շահառուների շահերը պաշտպանելու կոչված Շահառուների խորհրդի գոյությունը դառնում է հիմնականում ձեւական եւ, իսկ որոշ դեպքերում` անարդյունավետ:  

 

Ի վերջո, ծրագրի ապագայի մասին դատողություններ անելիս, հոդվածներ գրելիս, շահառուների հետ շփվելիս, հարցազրույցներ տալիս ես եւ իմ գործընկերները չենք կարող ճշմարտության փոխարեն մեր ենթադրությունները հաղորդել նրանց այն մասին, թե, տեսնես` ի՞նչ է պատասխանել Ռ.Քոչարյանը Ջ.Դանիլովիչի 2008 թվի մարտի 11-ի նամակին, եւ` տեսնես որքանո՞վ է կախված ծրագրի ճակատագիրը այդ պատասխանից:

 

Ես առայժմ չեմ կարող ինձ թույլ տալ մեկնաբանել այդ նամակի բովանդակությունը` հենվելով դրա մասին ինձ հասած հակասական տեղեկությունների եւ ասեկոսեների վրա: Ավելի ուշ, մինչեւ խնդրի դատական կարգավորումը, բացառված չէ, որ ես ստիպված լինեմ մեկնաբանել ինձ չտրամադրված նամակի բովանդակությունը` հենվելով զանազան հուսալի եւ անհուսալի աղբյուրների վրա: Հետեւանքները դժվար չէ կռահել. նամակը տնօրինող նախագահական աշխատակազմը զբաղվելու է իմ հաղորդած, հնարավոր է ոչ ճիշտ տեղեկությունների եւ դրանց հիման վրա արված մեկնաբանությունների բուռն եւ պարբերական հերքումներով, այնքան, մինչեւ վերջապես կհամոզվի, որ այդ պատասխան նամակը վաղուց էր հարկավոր հրապարակել հանրության համար:

 

Ցավոք այս ամբողջ պատմությունը իր ազդեցությունը կարող է  թողնել ՀՄ Կորպորացիայում Հայաստանի հայտունակության ցուցիչներից մեկի վրա, դրանից բխած բոլոր անդուր հետեւանքներով: Գուցե հենց ա՞յս էր նախագահականի պաշտոնյաների ուզածը:

 

26 օգոստոսի, 2008

 

ՀՄՀ-Հայաստան ծրագրի ՇԽ անդամ,

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի անդամ Լեւոն Բարսեղյան


[2] Չնայած 2003 թվի սեպտեմբերի 23-ին ընդունված ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասից բխում է, որ կառավարությունը պարտավոր է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգ մշակեր, ՀՀ կառավարությունը 4,5 տարի է այդ կարգը չի մշակում եւ չի ընդունում:

 

[3] http://www.asparez.am/news/news2008july/24.7.2008-2-lb-letter-prsident-office.htm; Պատճենները` ՀՄՀ-Հայաստան ծրագրի Կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ Վարչապետ Տ.Սարգսյանին, ՀՀ Նախագահի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հասմիկ Պետրոսյանին, ՀՀ Նախագահի իրավաբականական վարչության պետ Արայիկ Թունյանին, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչ Ա.Ասատրյանին, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանին:

 

[4] Մեջբերում է ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքից` տեղեկաատվություն հասկացության սահմանումը:

[5] Թեպետ այդ նամակի պատճենները հնարավոր է առկա են մի քանի պետական ատյաններում, բայց ըստ ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի, անձինք կարող են տեղեկատովությունը ստանալ այն տնօրինող մարմնից: Այսպիսով ՀՀ Նախագահի նամակը, տրամաբանորեն տնօրինվում է ՀՀ Նախագահական պալատում, ինչը ինձ ուղարկված մերժումներում չի էլ հերքվել:   


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս հուլիս      
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի 2007 3 հոկտ-31 դեկտ
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter