Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Էլի մի 7500 անօթեւան ընտանիք Գյումրիում ...

Դոշին զարկած մեդալի պես

 

06 | 12 | 2008 | 23:00 | Հրապարակախոսություն

 

Տասը տարի առաջ, Գյումրու Տեքստիլ գործարանի մի քանի կիլոմետրանոց պարիսպների` երկրաշարժից փլված մի հատվածի քարերի տակ կմախք գտան, համարյա բան չէր մնացել: Չորս հոգի երկար վիճում էին, թե իրենցից որի հարազատն է հանգուցյալը, որ անհետ կորել էր երկրաշարժից հետո: Ի վերջո չորս մաս արեցին այն ամենը, ինչ գտել էին ու հողին հանձնեցին, ինչպես կարգն էր պահանջում:

 

Վաղն էլի դեկտեմբերի 7-ն է:

 

Գալու են եւ ասեն` մենք ենք ձեր փրկիչն ու օգնականը, պահապանն ու բարեկամը: Ռոժ[1] են անելու, ծանր, որ մարդու ոտի ընկնի` 2 ամիս գիպսով կպառկի: Չխոսեն էլ` ասելու են իրենց լուռ ներկայությամբ: Գալու եք` համեստ եկեք, առանց լրագրողներին ու հաստավիզներին մեքենաները լցնել-բերելու, անաղմուկ եկեք, առանց պերճանքի: Ժապավեններն են ուղղելու ծաղկե եւ պլաստմասսայե պսակների, արձաններ են բացելու, հետո` հացի են նստելու, կենաց են ասելու, քաղքըցիք հացով ժողովուրդ են, հայտնի է: Հիշելու են մեռելներին մեր եւ իրար:  

 

Որեւէ սահուն կամ որոշակի դժվարություններով սահող քաղաքական գործիչ երբեւէ չի համարձակվելու պատասխանատվության կոչելու այն ստախոսին, որ երկրի նախագահ ընտրվելու ընտրակռվում խոստացավ Աղետի գոտին վերականգնել մինչեւ 2001 թիվը, ապա 2000-ին, հասկանալով, որ փուչ բան է իր ասածը, փոխեց` ասաց, դե լավ` 2002-ին, հետո, հասկանալով, որ այդ կուտը բավականաչափ լավ են ծամում մի շարք շրջանակներում, մոգոնեց աղետի գոտու վերականգնման եռամյա ծրագիր, որ, իբր, կշինեն մեր գոտին մինչեւ 2003-ը: Հետո էլ թե` կիսատ թողած գործեր կան` ավարտել է պետք, նորից ընտրեցեք ինձ, հապա էլ ու՞մ: Գյումրիում Քոչարյանի ռեյծինգը միշտ էլ բարձր է եղել: Գյումրեցիք հնարամիտ լինելու համբավ ունեն, ու ռազմավարությունը մոտավորապես հետեւյալն էր համարյա տասը տարի` չխրտնցնենք հանկարծ սրան (էլ)[2]: Չխրտնեցրին: Բայց Աղետի գոտին չվերականգնվեց: Մասնակի վերականգնվեց: Քաղքըցիք կարծում էին, թե իրենք եղան խորամանկ, իսկ թոշակառուն երեւի կարծում է, թե ինքն էր ավելի խորամանկ: Երբեւէ դժվար չի լինի հաշվարկել եւ ասել, թե ով` ում քանի տոկոսով ունեցավ[3]:

 

2008, դեկտեմբերի 7

Գյումրին 7500 անօթեւան ընտանիք ունի:

Ըն-տա-նիք: Որոշ տգետներ ու միամիտներ հաճախ սխալվում, կամ դիտմամբ ասում են` հոգի, կամ մարդ: 7500 անօթեւան ընտանիքը` 30.000 3.000 հոգի է: Իսկ դա Գյումրու իրական բնակչության 20-25 տոկոսն է: Ամեն չորրորդն այս քաղաքում կես կամ քառորդ մարդ է: Այդ անօթեւան ընտանիքների թվից 3972 ընտանիքը (27 նոյեմբերի 2007, քաղաքապետարանի եւ Շիրակի մարզպետարանի համաձայնեցված տվյալներով) երկրաշարժից ուղղակի անօթեւան դարձած ընտանիքներն են, այն անօթեւան ընտանիքների, որի անդամներից գոնե մեկը եղել է քաղաքում եւ համապատասխան փաստաթղթերով հաշվառվել որպես անօթեւան: Թե քանի ընտանիք չի հաշվառվել, ոչ ոք չի համարձակվում ասել, բայց ակնհայտ է, որ այդպիսի ընտանիքներ կան եւ այդ ընտանիքներից մարդ չի մնացել քաղաքում: 7500-ից այն մնացածը` 3528[4]-ը, որ տնակներում են, այստեղ են մի շարք պատճառներով` ներգաղթել են մերձավոր արտասահմանից, բազմացած եւ կիսված կամ առանձնացած ընտանիքներն են, կամ էլ նրանք, որոնք ժամանակին բնակարան են ստացել, բայց ապրուստի միջոց չունենալով, պարտքի եւ վարկի տակ ծռել` վաճառել են ու վերադարձել տնակներ: Այստեղ քննադատվում է գյումրեցի Դարբինյան վարչապետի օրոք ընդունված այն կառավարական որոշումը, ըստ որի` աղետյալներին բնակարաններ պիտի հատկացնել այն չափով, որքան նրանք կորցրել են, այսինքն` ընտանիքների աճը փոխհատուցվելիք բնակարանների թվի կամ բնակմակերեսի վրա չպիտի ազդի: Թե այդ որոշումը չլիներ, եւ նորակառույցները հատկացվեին ըստ ընտանիքների այդ պահի կարիքի, անօթեւան ընտանիքների թիվը համարյա չէր փոխվի, ոմանք, որ հիմա բնակարան ունեն, չէին ունենա, իսկ նրանց փոխարեն բնակարաններ կստանային աճած ընտանիքների մի մասը:        

 

Երկրաշարժի քսանամյակի նախօրեին, հայտնի ծրագրի շրջանակներից դուրս, ժամանակն է գնահատական եւ ամոթանք տալու ոչ միայն քաղաքական ստախոսներին, այլեւ այն ամեղսունակներին, որոնց եւ անհատ տեսակը կա, եւ` իրավաբանական անձ տեսակը: Սրանք էին, որ անամոթաբար իրենք իրենց լրագրող ու ԶԼՄ կոչելով, տարածում ու բազմացնում էին այն սուտը, թե Աղետի գոտին այլեւս չկա, պրծ, վերականգնել պրծել են այլեւս, այն, ինչ սովետը խոստացավ երկու տարում անել` չարեց, ինչին նախկինները մատ չկպցրին, եւ ահա, օհնվի Նա` Օրինախախտ Մարտիկը, Վսեմաշուք Ժարգոնախոսը, Քինախնդիր Անկրկնելին, եկավ եւ արեց, ասաց եւ արեց. Աղետի գոտին այլեւս չկա, դարձել է Զարգացման գոտի, այլեւս բոլորն այստեղ բնակարաններով ապահովվել պրծել են ու միայն բարձրաշխարհիկ դարդերն են այստեղ խռովում մարդկանց անդորրը. տեսնես Բեքհեմը կառնի՞ Ադամսենց աղջկան, թե՞ աղջկա անվան հետ է խաղում անդաստիարակը ...

 

Սպիտակի ավտոճանապարհային թունելի արեւելյան ելքի վրա հինգ տարի պլակատ էր փակցված.-Շնորհակալություն Քոչարյանին, այս թունելը կյանքի կոչելու համար, մոտավորապես եւ առանց տառասխալների: Առաջին անգամ հայոց պատմության մեջ եղավ այնպես, որ ժապավեն կտրողի անունն են փորձում այսպես հավերժացնել: Վերջերս հանեցին այդ պաստառը: Տեսնես ուրիշ էլ ո՞վ է կյանքի կոչելու այդ թունելը: Մի լրագրող չգնաց քրքրեր հասկանար, ասեր` իմանայինք, տեսնես ի՞նչ մի երեւելի կապ ուներ Քոչարյանը այդ թունելի հետ, չգնաց հարցներ, թե ինչու են շինարար-բանվոր-ինժեներ-հորատողների անունները թողած, վատ բաներ գրել այդ պաստառին ...

 

Այդ գյուտարար լրագրողներն ու ԶԼՄ-ները, իրենց խաղացնողների հետ, այդպես էլ գլխի չընկան, որ իրենք ոչ թե գյուտերի հեղինակներ ու գործարկողներ են, այլ լավագույն դեպքում` կրկնողներ. ջոջերին գովերգող սազանդարներ, նկարիչներ, գրիչներ ու քանդակիչներ միշտ էլ եղել են, Թութմոս Երրորդի արեւ. այցելեցեք Եգիպտոս:  

  

Չեղավ սրանցից մեկն ասեր, թե, որ Աղետի գոտին վերականգնել պրծել են ու արդեն Զարգացման գոտի է, բա այդ որտեղից միայն Գյումրի քաղաքում եւս 7500 անօթեւան ընտանիք:

 

Այս ստի դեմ ոչ մի պետական, մարզային եւ տեղական իշխանություն չընդվզեց, կռիվ չարեց, բացատրություն չպահանջեց, առավելեւս` հերքում, իշխանության մեջ եղողներից, թե մեկը ծպտուն հաներ` կտային աչքը կհանեին: Մանր եւ տեղական զրույցներում իհարկե եղան որոշ կեսբերան ելույթներ, թե դեռ... կի...սատ բաներ կան, դեռ անօթեւանների թիվ պիտի ճշտվի, մեկը մի բան է ասում, մյուսն այլ բան, իշխանության տարբեր տեսակների եւ տարբեր թեւերի միջեւ կուլիսային, երբեմն լավ քողարկված զանազան բազառների[5] մանրադրամ դարձավ Աղետի գոտին, խնդիրները սրա, վերականգնվածն ու չվերականգնվածը, կիսատն ու դրա մասին հրապարակավ խոսելու չափի մասին բանակցությունները, եւ իհարկե այս ամենից առավելագույն քաղաքական, ներողություն, այս բառն այնուամենայնիվ իր տեղում չէ` ավելի ճիշտ է` բճաբանական օգուտ քաղելու հունարներն ու հնարները ... բանը հասել էր այնտեղ, որ Լինսի հիմնադրամի միջոցներով Գյումրիում կառուցված մոտ 2500 բնակարանները բաշխելու համար 3 հանձնաժողով ստեղծվեց, մեկը կար` քաղաքապետարանային` որովհետեւ ըստ հին եւ կեղծված Սահմանադրության` համայնքի սեփականությունը տնօրինում է համայնքը, ապա` Մարզպետարանային, որպեսզի քաղքըցիք մի թղթապանակ փաստաթուղթ ձեռները վազ տային Շիրակացի փողոցից Նժդեհի փողոցի միջակայքում մի քանի անգամ, մնային տոկուն, կատաղի, ամրակազմ, ժամերով կանգնեին տարբեր դռների առաջ, ուսումնասիրեին դրանց կառուցվածքը, ներկի շերտերը, բռնակների պտուտակները, ցուցանակների ժանգյառ տառերը... հետո էլ, իբր կռիվները հանդարտեցնելու համար` ստեղծվեց նախագահականից ուղարկված Աջակցող հանձնաժողովը, որ լուծի այսպես կոչված երկու հանձնաժողովների եւ հայ ժողովրդի միջեւ ծագած խնդիրները: Այսպես եղավ, որ 88-ի աղետյալները հասկացան, թե ինչ բան է աղետյալը Հայաստանի երրորդ հանրապետության 15-րդ տարում: Այս տանջանքների ընթացքում տարբեր պաշտոնյաների բնակարանների, առանձնատների, ազգականների, դամավոյի գրքի ու մանավանդ ծնողների հասցեներով հայհոյանքների էներգետիկ զորությունը, եթե հնարավոր լիներ մի տեղ հավաքել, ասենք Մեծամորի ատոմակայանի կողմերը, կարելի կլիներ Հայաստանը էլեկտրաէներգիայով ապահովել մինչեւ Տիրոջ երկրորդ գալուստը: Բնակարանի սպասող այդ 2500 ընտանիքների ներկայացուցիչները այս երեք հանձնաժողովների արանքում անմարդկային չարչարանքներ կրեցին, որովհետեւ Կառավարությունը մի օր որոշել էր, որ պետական օժանդակությամբ կառուցված բնակարանների բաշխումն իրականացվում է... մարզպետարանների միջոցով: Մի համայնքապետ, մի ավագանի ամբողջ աղետի գոտում չգտնվեց, որ թուղթ առներ ու գրիչ,  նամակ գրեր Քըրքին Քըրքորյան,  թե` հալ-հեքիաթ, մեծ ախպեր, դու փողը տվել ես, մեր շինարարները շինել են, չեն թողնում մենք` համայքների տերերս բաշխենք էդ բնակարանները, դու մարդ ղրկի` թող գա` բաժանի...: Թե չէ ճոռթած խոսել Գյումրիում բոլորն են կարող, նույնիսկ պտղաջրում լող տվողները եւ ի ծնե խուլուհամրերը:

 

Գյումրու Մյասկոմբինատ թաղում` 8-րդ դպրոցի դիմաց, մինչեւ այսօր կանգուն են 26 թվի երկրաշարժից հետո կառուցված փայտե տնակ-կացարանները, այն ժամանակ մետաղյա տնակներ չեն եղել երեւի...: Դրանցում մինչեւ հիմա մարդիկ են ապրում` 82 տարի շարունակ` 3-4 սերունդ: Մի քանի տասնյակ տարի բնակարանի սպասող եւ չստացող լեննականցիք վաթսունականներին իրենց երեխաներին շիրա էին տալիս[6]` հրկիզել այն բարաքները, որոնցում պատսպարված ապրում էին իրենք իսկ ... 1926 թվի երկրաշարժից ի վեր: Ու հրկիզում էին` հաջողությամբ: Հետո` վերջապես բնակարաններ էին ստանում, թեկուզ` խրուշչովյան: Հիմա` Գյումրու ամենակենտրոնում` Տիգրան Մեծի (նախկին` Լենինի կամ Ինտերնացիոնալ) պողոտայից հյուսիս գտնվող թաղը հենց այդպես էլ կոչվում է` Բարաքներ, զարմանազան կացարաններով, տներով եւ պալատներով, առանց մի երեւելի քաղաքաշինական պլանավորման. ով ինչպես կարողացել` կառուցել է:

 

Երբ Քրքորյանի նվիրատվության շնորհիվ վերջապես վերականգնվեց մեր բնակարանը` մարդավարի, գազով, ջրով, լոգարանակոնքով, ամեն մարդավայել բաներով, 14-ամյա որդիս, որ հաբռգած չի եղել երբեք, լոգարանակոնքը լիքը տաք ջուր լցրեց ու մորն ասաց. -մա, կարելի՞ է, շորերով մտնիմ վաննի մեջ...: -Մտավ` կոշիկներով, 10 ժամ չէր ելնում: Այդ եւ տասնյակ հազարավոր երեխաներ ծնվեցին, մեծացան, դասի, սպորտի, երաժշտության գնացին տնակներում, վարսավիրանոց, խանութ, նկարչության` տնակներում: Մինչեւ հիմա տարեկան տասը-տասնհինգ հոգի խեղդվում է տնակներում` ձմռանը, շմոլ գազ, չհանգած ծխախոտ, անսարք ծխատար եւ այլն:     

       

Ի՞նչ կարող են անել իշխանությունները:

 

Այս հարցը արդեն 20 տարի է` հնչում է եւ որպես անմեղ հարց, եւ որպես մեղավոր հարց, եւ որպես արդարացում, եւ որպես մեղադրանք: Ոչ մի հոդված կամ լուսանկար, ոչ մի պաթետիկ կոչ կամ կինոնկար չի կարող փոխարինել սեփական մաշկի վրա այն դժոխքն զգալուն, ինչ ամեն օր զգում են տնակներում արդեն քսան տարի ապրող մարդիկ: Խնդիրը մեկընդմիշտ ու մարդավարի լուծելու համար տեղին կլինի, որ Կառավարության անդամները, բոլոր 131 պատգամավորները, ՀՀ նախագահն ու իր աշխատակազմից մի քանիսը, մանավանդ երկրի անվտանգությունը փրկողներից ամենահեզաճկունը, գան եւ մի 24 ժամ ապրեն տարբեր տնակներում: Տնակային թաղամասերն ու տնակները կորոշենք վիճակահանությամբ: Միայն այսպես կարելի կլինի սեփական մաշկի վրա զգալ այն ամենը, ինչ Հայաստանի բնակչության մեկ տոկոսը Գյումրիում զգում է արդեն 20 տարի: Երբ վառարանի հանգելուց 20 րոպե հետո ներսի ու դրսի ջերմաստիճանները կսկսեն հավասարվել, կհասկանան, որ դոմիկի արտաքին մետաղյա պատի եւ ներքին դե-վե-պե-ի արանքի ապակեթելն ու թեփը վաղուց փտել, փլվել է գետնին, ներծծվել դոմիկի տակ եւ սնուցում է ոչ միայն դրանցում ապրողներին, այլեւ գրունտային ջրերը, կհասկանա, որ գուցեեւ այդ պատճառն էլ կա թոքային, շնչուղիների եւ սրտային հիվանդությունների աճի վիճակագրություններում տեղի, կզգան անշուշտ, թե ինչպես են այդ ցրտից մկները, առնետներն ու կատուները սկսում խցկվել ամեն տաք անկյուն, նաեւ` ծոցն իրենց, շատ բան կհասկանան, երբ առավոտյան կիսամրոտ երեսները լվալու համար սառույցի շերտը թասի ջրի վրա կջարդեն ու սրթսրթալով լվացվել կփորձեն, չի ստացվի, որովհետեւ սառցաջրում օճառը չի փրփրում: Կտեսնեն, թե ինչպես են ավտոկայանի տնակային թաղի ժողովուրդը գարուն-ամառ-աշուն աղոթում, որ անձրեւ չգա հանկարծ իրենց թաղում, թե չէ իրենք բայդարկաներ չունեն` հացի խանութ հասնելու համար ու տեղաշորը չի չորանում արդեն 20 տարի, կհասկանան, թե ինչ բան է քամին դոմիկում ապրողի համար, որ կարող է կտուրը տանել կամ մի կայծ բերել ու մոխրացնել ամբողջ կացարաններ, կամ` թե ինչ է նույն հողմը` ավերակ կաթսայատան ծխնելույզի հարեւանությամբ ապրողների համար, երբ ծխնելույզը մտածում է` տեսնես ո՞ր կողմի վրա շուռ գա վերջապես, որ հնարավորինս քիչ տնակ ու մարդ կործանի, եւ, երեւի հարմար ազիմուտ չգտնելով, էլի ուժուկող է անում եւ դիմանում, մարդիկ, որ դիմանում են, ինքը` կդիմանա: Կիմանան, թե ինչ բաներ  են ինքնապաշտպանական մարտերը դատական կատարածուների եւ ներդնող գործարարի հետ, որ հաջողացրել ու առել է դոմիկատարածքը` լավ է, որ առանց վրայի մարդկանց: Հացի կգնան նախարարները մինչեւ կոճերը ցեխուջրի մեջ, կհասկանան, որ փողոցները չեն լինում երկրորդական կամ երրորդական, դրանք լինում են թաղային նշանակության, բայց էլի` մարդկանց համար, կհասկանան, որ թե այդ մի գիշերը իրենց համար կայֆոտ էքստրիմ  է գուցե, ուրիշներին` դժոխք` չգործած մեղքերի համար: Տետրիքսի թրեյնինգ կանցնեն տնակներում, կիմանան, թե ինչպես 50 խորանարդ մետր գույքն ու կարասին դասավորել 54 խորանարդ մետրանոց տնակում, որ կարողանան համ էլ ապրել, սիրել, ատել, երեխա ծնել կամ չկարենալ ծնել: Կտեսնեն դոմիկների լուսամուտներից հանվող մեռելներ, որովհետեւ դոմիկների դռների շրջադարձերը անանցանելի են դագաղների համար, կտեսնեն, թե ինչպես են նորահարսի առագաստը մի վարագույրով զատում դոմիկի մնացած 4-մետրանոց հյուրասրահ-խոհանոց-ծնողաց ննջասենյակից, կտեսնեն, թե ինչպես են ծնողները նորապսակներին գոնե միայն առաջին գիշերը թողնում տնակում ու գնում գիշերելու հարեւանների տներում, մի օր էլ իրենք նրանց հյուր կընդունեն ...

 

Կարող է մի բան փոխվի: Կարո՞ղ է մի բան փոխվի, այնուամենայնիվ: Չի բացառվում: Կարող է հասկանան, որ ՀՀ նախագահական ինքնաթիռ որ չլինի, նախագահը ավտոկայանում չի մնա, մի բանով կգնա կհասնի, ասենք` Մոսկով, բայց, որ էդ փողով 1500 բնակարան կշինվեր, գիտեին ու գիտեն բոլոր օլիգարխիկ ցեմենտ արտադրողները, մի 15 բնակարան էլ` 20-ամյակի միջոցառումների փոխարեն կարելի էր անցկացնել..., 2008-ի դեկտեմբերի 7-ը հո օրացույցից չէր ջնջվելու, կնշվեր մի կերպ: Բարդ չէ, չէ՞: Սոցիալի՞զմ է, կասեք: Տո թեկուզ` ֆաշիզմ: Կհասկանա՞ն օրենսդիր-գործադիրները, որ քանի դեռ այսքան մարդ հավասար չէ մյուսներին, մեր երկրում ոչ մի շռայլություն չպիտի լինի, մինչեւ հավասարվենք: Հարաբերականորեն` ըստ արժանիքների: Քաղաքում տեղյակ են, որ բոլոր պարերը չենք պարել դեռ, բայց սա ցեղասպանություն ճանաչել-չճանաչելու հարցը չէ, սա Ղարաբաղի միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալ-չդառնալու հարցը չէ, սա տարրական հարց է, քաղքըցիք ասում են` քթի ծակի հարց: Եթե մարդը քթի ծակ ունի, կհասկանա, եթե չունի` աշխատում է մնալ իշխանություն` բոլոր մնացած եղանակներով:

 

Ես չեմ թվարկում դոմիկների օլիմպիականներին, գերազանցիկներին, մեդալակիրներին, գիտությունների թեկնածուներին եւ դոկտորներին, արվեստի գործիչներին, հրաշագործ քարտաշներին, Հայաստանի եւ աշխարհի լավագույն ընկերություններում աշխատողներին ... եւ նրանց, ովքեր գնացին ու ըստ էության մեզ հետ չեն այլեւս, Օբամայի հետ էլ չեն նույնիսկ:       

 

Հատուկ կարգավիճակ է պետք այս գոտուն, Գյումրի, Սպիտակ, Ստեփանավան, մի քանի տասնյակ գյուղ, տնտեսագետներն ու սոցիոլոգներն ավելի լավ կասեն: Հարկային արտոնություն կլինի, վարկային արտոնություն կլինի, լրացուցիչ նպատակային նպաստամատույց կլինի, դժվարանում եմ ասել, բայց այն ահռելի անհավասարությունը, որ կա տնակներում ապրողների եւ դրանցում չապրողների միջեւ, պիտի վերացվի: Հարկային արտոնությունների մասին հենց խոսք էր լինում, քաղաքական ծղրտոց էր գալիս երեւաններից արդեն 10-15 տարի` հարկային չարաշահումներ կլինեն: Բա տեր եղեք` չլինեն: ԱԱՀ-ն այստեղ, որ 20 տոկոս չլինի, լինի ասենք 15 կամ 13 տոկոս, ի՞նչ մի ահռելի վնասներ է կրելու պետբյուջեն, դժվար չէ հաշվել, մի քանի կոպեկ: Շահութահարկը, եթե իսպառ վերացվի այս տարածքից, ինչ կլինի որ: Կարո՞ղ է բյուջեն այլեւս վարկեր եւ դրամաշնորհներ չստանա, կստանա, կարող է ավելի շատ էլ ստանա: Չի՞ լինի, որ այստեղ արարող գործարար մարդուն վարկեր տալուց ոչ թե 3-5-7-ապատիկ գրավ ուզեն, այլ առավելագույնը` կրկնապատիկ, թղթեղենը, ոչ թե երկու կիլո, այլ կես կիլո դարձնեն: Հիպոթեկային վարկը չի հասնում տեղ, անտերը, հենց Երեւանից հեռանում է, ասես մոր ծծից կտրում են, սկսում է ղժժալ, իրեն պատերով տալ, չանկռտել, աչքերը դուրս են թռնում բիբերից, շաքարը ելնում է, ջղաձգության մեջ է ընկնում... բանկիրները մանր են բրդում` իրենց փողկապի գնի չափ վարկը մինչեւ տալիս են` մարդկանց հոգեկան հիվանդ են դարձնում: Չի լինի՞, որ այստեղ ապրող մարդկանց, առավելեւս դոմիկում մնացածների, կյանքը թեթեւացնեն, հեշտացնեն, որ մարդու ապրելը գա, և ոչ թե` գրին քարտին հերթագրվելը: Ձեւ գտնեն ու անեն, ձեւերը բազմաթիվ են, ցանկություն լինի: Իսկ ծաղկեպսակ, դեկտեմբերի 7-ին` խնդրեմ, բա ամոթ չէ՞:

   

Համարվում է, որ քաղքըցիք մեծահոգի են, կարող են ներել անգամ Քոչարյանին (իրենց խաբելու մասով միայն, իհարկե): Իսկ սա նշանակում է, որ հաջորդները հոյակապ նախադեպ ունեն: Այսինքն, կարող են խոստանալ, չանել, բայց մոռացվել, կարող են ասել մինչեւ 2013 թիվը շինող ենք, պապայարեւ: Բայց հետո, թե մեկը մտաբերի եւ հիշեցնի, սրանք կասեն.-Համաշխարհային տնտեսական ճգնաժամը (2013-ին այն` մերոնց բերանով երրորդ հազարամյակի մեծագույն ճգնաժամ անունը կստանա) Հայաստան հասավ հենց Աղետի գոտու հերթական վերականգման հերթական ծրագրի իրականացման ամենավճռական պահին,  գրունտային ջրերը օզոնային ծակի մեծացման հետեւանքով (նոր ի հայտ եկող ջրերի մասին է խոսքը) շատացել են,  շինանյութը էլի անակնկալ թանկացավ, դոլարը թարսի պես արժեւորվել է կամ դրամը` աղետյալներին ի հակառակ, արժեզրկվեց...: Ինչ տարբերություն, կարեւորը, որ մի բարեհունչ պատճառ կլինի, բոլորովին էլ որ չլինի` կասեն ընդդիմությունը խանգարեց, ո՞ր ընդդիմությունը, ներողություն արտահայտությանս համար...: Եւ այս ամենի վերնագիրը ավելի քան պարզ է, արդեն դպրոց-մանկապարտեզներում կարելի է ուսուցանել. ալամ-աշխարհի քաղաքական քարոզարշավի անթոլոգիայում այսպես է կարծրաջրվում`սկսած գործը չի կարելի կիսատ թողնել, շարունակել է պետք, եւ սրա կարճ ենթավերնագիրը նույնպես հայտնի է վաղուց ու կիրառվել է արդեն մի քանի քրեաքաղաքական գործիչների լեզվամբ.-վերընտրեցեք մեզ, որ շինենք[7] ... : Հաշվի առնելով Քոչարյանի գտնվելու վայրը` հաջողությամբ է կիրառվել, անպատիժ:

 

Դեկտեմբերի 7-ը ներհայեցման, տքնանքի եւ ապաշխարանքի օր պիտի դարձվի: Հարկավոր է նահատակներին մեր պարտքերը փակելու ձեւ գտնել: Ծաղկեպսակները, դոշերին զարկվող մեդալները, զոռած եւ զոռբաց քանդակներն ու ճենճոտ ելույթները շատ են սկսում կրկնվել: Գյումրեցիք հենց այդպես էլ գիտեն, ապրում են, իրադարձությունները չեղած իրենք մանրամասները գիտեն, ամեն ինչին տեղյակ ու ամենայն ծաղր ու ծանակի վրա զառամյալ քմծիծաղով եւ անտանելի հեգնանքով: Այլք սրան հումորաշատ քաղաք են ասում: Իսկ տարբերությունն ահռելի է:

 

Ողորմի մեր ու ձեր մեռելներին:

      

Լեւոն Բարսեղյան


[1] Ժարգոնային, ծամածռություն, դիմակ իմաստով:  

[2] Որոշ շրջանակներում արդեն 16 տարի է, կարծում են, թե Լ.Տեր-Պետրոսյանի ժամանակ քաղաքի եւ աղետի գոտու համար բան չի արվել եւ չի արվել այն պատճառով, որ երբ Տեր-Պետրոսյանը 1992-ի դեկտեմբերի 7-ին այցելեց քաղաք` Արագած փողոցի հուշաքարին ծաղկեպսակ դնելուց հետո շուկայի փերեզակները ինքնաբուխ բողոքի ակցիա արեցին ու սառած-քարացած (կլիներ մինուս 12 -15) կարտոլ-պոմիդոր նետեցին պատվիրակության ուղղությամբ: Որոշ տեղեկությունների համաձայն, այդ ակցիան այնքան էլ ինքնաբուխ չէր, այլ` հանգամանորեն պլանավորված: Մյուս կողմից, այդ ցրտին պոմիդոր ճարելու հավանականությունը չնչին է: Այսինքն` ըստ այս վարկածի` Լ.Տեր-Պետրոսյանը, մանրախնդրությամբ` նեղացել է քաղքըցոնցից: Սա վարկած է մնում: Բայց ակնհայտ է, որ պատմությունը լավ է հարմարեցված մանրքաղաքական օրախնդիրներին:      

[3] Իրեն համախոհ` իմաստով:

[4] 7500-3972=3528

[5] Վեճերի, բանավեճերի իմաստով

[6] Շիրա տալ-բարբառային` հրահրել, մղել

[7] Աղետի գոտու շինարարությունն է ի նկատի առնված այս բառի տակ


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter