Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Քոչարյան Ռոբերտի նամակը հավակնում է ազգային գանձի կարգավիճակի

 

24 | 07 | 2008 | 17:00 | Բողոք

 

ՀՀ Նախագահի Վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին

ՀՄՀ-Հայաստան Ծրագրի շահառուների խորհրդի անդամ Լեւոն Բարսեղյանից

 

Պատճենները`

 

ՀՄՀ-Հայաստան ծրագրի Կառավարման խորհրդի նախագահ,

ՀՀ Վարչապետ Տ.Սարգսյանին,

ՀՀ Նախագահի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հասմիկ Պետրոսյանին,

ՀՀ Նախագահի իրավաբականական վարչության պետ Արայիկ Թունյանին,

ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ

բողոքների բաժնի վարիչ Ա.Ասատրյանին,

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանին

 

Տեղեկատվության տրամադրման մերժման մասին բողոք

 

Հարգելի պարոն Հովսեփյան,

 

Հազարամյակի մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան ծրագրի Շահառուների Խորհուրդը ստեղծվել է եւ կոչված է հանրային հսկողություն ունենալ ծրագրի նկատմամբ, պաշտպանել ծրագրի շուրջ 750.000 շահառուների շահերը: Շահառուների Խորհուրդը բաղկացած է տասնհինգ հոգուց, ես նրանցից մեկն եմ արդեն մոտ երկու տարի:

 

Ձեզ, հայտնի պիտի լինի, որ ՀՄՀ-Հայաստան Ծրագիրը ամերիկյան Հազարամյակի մարտահրավեր Կորպորացիան ֆինանսավորում է երկրում արդար կառավարումը, մարդկային զարգացումն ու տնտեսական իրավիճակը արտացոլող տասնյոթ ցուցիչների հանրագումարային բավարարության դեպքում, իսկ անբավարարության դեպքում` կորպորացիան իրավազոր է կասեցնել ծրագիրը: Թեպետ Կորպորացիան որեւէ երկրի ծրագրի ֆինասավորման շարունակման կամ կասեցման մասին որոշումները հիմնականում կայացնում է տարեվերջին, այս տարվա սկզբին` մարտի 11-ին ՀՄ Կորպորացիայի տնօրեն Ջ.Դանիլովիչը մտահոգություններով լի նախազգուշական նամակ էր հղել ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանին, այն մասին, թե հայաստանյան ծրագրի ֆինանսավորումը կարող է կասեցվել:

 

Ավելի ուշ ինձ հայտնի դարձավ, որ Ռ.Քոչարյանը գրավոր պատասխան նամակ է ուղարկել Ջ.Դանիլովիչին: Ես, Ծրագրի Շահառուների խորհրդի իմ մի քանի գործընկերները, ինչպես նաեւ մի շարք շահառուներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներ շահագրգիռ ենք ունենալ Ռ.Քոչարյանի հիշյալ պատասխան նամակի պատճենը, տեղյակ լինել դրա բովանդակությանը, այնպես, ինչպես ունենք եւ ծանոթ ենք Ջ.Դանիլովիչի մարտի 11-ի` այս տարվա առաջին նամակին:

 

ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների Խորհրդի վերջին մի քանի նիստերի ընթացքում մի քանի անգամ ցանկություն եմ հայտնել ծանոթանալ այդ նամակին, ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ը հայտնել է, որ անզոր է այդ նամակի պատճենը մեզ տրամադրել: Այդ նամակը որոնել եմ ՀՀ նախագահի պաշտոնական վեբ կայքում` www.president.am, այնտեղ նույնպես չկա: Ապա հունիսի 4-ին` ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի սահմանած կարգով գրավոր հարցմամբ դիմել եմ ՀՀ նախագահի  աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանին, խնդրելով Ռ.Քոչարյանի պատասխան նամակի պատճենը: Այդ հարցմանը Հ.Աբրահամյանը չբարեհաճեց պատասխանել: Ստիպված, հունիսի 19-ին երկրորդ գրավոր հարցումը հղեցի նույն պաշտոնյային, խնդրելով նույն նամակի պատճենը[1]: Հուլիսի 11-ին, ստացել եմ հուլիսի 3-ով թվագրված, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչի պատասխանը իմ գրավոր հարցումներին:

 

Պատասխանում ասվում է. Ի պատասխան Ձեր 2008թ.-ի հունիսի 4-ի, 19-ի գրությունների հայտնում եմ, որ Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրումը պետք է իրականացնի ՀՀ կառավարության սահմանած կարգով, որը դեռեւս չի սահմանվել: Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, եթե իրավական ակտում նախատեսված նորմի պահանջի կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա իրավական այդ նորմի մասով գործում է համապատասխան իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից:

 

Առաջին հղումը ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքին ամբողջական է, իսկ երկրորդ հղումը` թերի, եւ, կարծում եմ, դիտավորյալ է թերի բերված: ՀՀ Իրավական ակտերի մասին օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասն իրականում այսպիսին է. Եթե իրավական ակտում նախատեսված նորմի պահանջի կատարում կարող է միայն իրականացվել այդ իրավական ակտով նախատեսված իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա իրավական ակտն այդ նորմի մասով գործում է համապատասխան իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից:[2]

 

Այս մասից ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչի պատասխանում չկա ...կարող է միայն իրականացվել այդ իրավական ակտով նախատեսված իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա ... հատվածը: Ակնհայտ է, որ այս հատվածը դուրս է թողնվել, այստեղ առկա իրավական ակտով նախատեսված նորմի պահանջի կատարման հնարավորությունը բացառիկ դարձնելու համար: Օրենքում ասվում է.Եթե իրավական ակտում նախատեսված նորմի պահանջի կատարում կարող է միայն իրականացվել այդ իրավական ակտով նախատեսված իրավական այլ ակտի ընդունմամբ ... , իսկ ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի մի քանի այլ հոդվածներում սահմանված է գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկությունների տրամադրման կարգը, այսինքն իմ հարցրած տեղեկության տրամադրումը կարող էր իրականացվել առանց Կառավարության սահմանելիք եւ դեռ չսահմանած կարգի, այլ խոսքով, իմ հարցրած տեղեկության տրամադրումը, կամ իմ տեղեկատվության ազատության իրավունքի սպասարկումը միայն այդ` ենթաօրենսդրական ակտով սահմանվելիք կարգով չէր, որ կարող էր իրականացվել: Այսպես. ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքից.

 

...Հոդված 9,

7. Գրավոր հարցման պատասխանը տրվում է հետեւյալ ժամկետներում.

1. եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում.

2. եթե գրավոր դիմումում նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի եւ ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումը ստանալուց հետոª 5-օրյա ժամկետում.

3. եթե հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է դիմողին` նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը:  

8. Գրավոր հարցումի պատասխանը տրվում է այդ հարցումում նշված նյութական կրիչով: Եթե նյութական կրիչը նշված չէ, եւ դա անհնար է պարզել տվյալ հարցմանը պատասխանելու համար սույն օրենքով սահմանված ժամկետում, ապա գրավոր հարցման պատասխանը տրվում է տեղեկությունը տնօրինողին առավել ընդունելի նյութական կրիչով: ...

 

Բացի այդ, նույն  ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերն ու կարգը, երբ տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել.

 

... Հոդված 11. Տեղեկության տրամադրումը մերժելու հիմքերը եւ կարգը

1. Տեղեկության տրամադրումը մերժվում է սույն օրենքի 8-րդ հոդվածում սահմանված դեպքերում կամ այդ տեղեկության տրամադրման համար սահմանված գումարը չվճարվելու դեպքում:

 

Փաստորեն մնացած բոլոր դեպքերում տեղեկությունները պիտի տրամադրվեն հարցնողին: Այստեղ հիշատակված 8-րդ հոդվածը, սահմանում է, այսպես կոչված, հանրությունից փակ պահվող տեղեկությունների ցանկը` պետական ծառայողական, առեւտրային, անձնական եւ այլ գաղտնիքներ.

 

Հոդված 8. Տեղեկատվության ազատության սահմանափակումները.

1. Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա`

1) պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք.

2) խախտում է մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիությունը.

3) պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները.

4) բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք).

5) խախտում է հեղինակային իրավունքը եւ (կամ) հարակից իրավունքները: ...:

 

Դատելով ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնից իմ ստացած պատասխանից, իմ հարցրած նամակի (Ռ.Քոչարյանից Ջ.Դանիլովիչին) պատճենը ինձ չի տրամադրվել, ոչ թե այն պատճառով, որ պարունակել է ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասում սահմանված գաղտնիք, այլ այն պատճառաբանությամբ, որ ՀՀ Կառավարությունը դեռ չի սահմանել նույն օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված կարգը: Փաստորեն իմ հարցման մերժումը ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժինը այդ հիմնավորում է օրենքի մի դրույթով եւ անտեսում է մյուս դրույթները, որ նշեցի վերեւում. հոդված 9, մասեր` 7, 8, եւ հոդված 11, մաս` 1: Բայց հանրահայտ է, որ քաղաքացու եւ իշխանության միջեւ ծագած խնդիրների կարգավորման ժամանակ, օրենքի հնարավոր հակասություններն ու օրենսդրական թերությունները հարկ է մեկնաբանել քաղաքացու իրավունքների օգտին եւ ոչ թե` դեմ: Այս տեսանկյունից ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժինը անտեսել է իմ սահմանադրական իրավունքը, կամ ստորադասել է այդ իրավունքը իշխանության նպատակահարմարությանը:         

 

Չնայած այն պարագային, որ Կառավարությունը արդեն չորսուկես տարի է պարտավոր էր ընդունել հիշյալ եւ այլ ենթաօրենսդրական ակտերը` հանրությանը տեղեկատվություն տրամադրելու մասին օրենքի պահանջի կատարումը ունիֆիկացնելու եւ հեշտացնելու համար ու դեռ չի ընդունել այդ եւ այլ կարգերը, ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքը ընդհանուր առմամբ գործել է. անցած չորսուկես տարում բավարարվել են հանրությունից պետարան եւ տեղական մարմիններին ու հիմնարկներին հղված ավելի քան 2000 հարցում,  չեն բավարարվել մոտ 500-ը եւ մոտ 30 դատական գործեր են հարուցվել հանրության հարցումներին պատասխանելու եւ/կամ հարցված տեղեկությունները տրամադրելը պարտադրելու հայցապահանջներով, որոնք հիմնականում բավարարվել են: Սա ինձ հայտնի երկրորդ դեպքն է, երբ քաղաքացու տեղեկատվության հարցումը չի բավարարվում ենթաօրենսդրական ակտի բացակայության պատճառաբանությամբ, ինչի պատճառը ՀՀ կառավարության թերացումն է:

 

Տեղեկատվության ազատությունը Խոսքի ազատության բաղադրիչ է եւ սահմանված է մեր երկրի Սահմանադրությամբ, դրա 27, 27.1 հոդվածներով: Այս իրավունքը կախման մեջ չէ ենթաօրենսդրական ակտի գոյությունից կամ բացակայությունից: Բացի Սահմանադրությունից, տեղեկատվության ազատության իրավունքը եւ դրա կիրարկման մեխանիզմները սահմանված են Հայաստանի կողմից վավերացված միջազգային մի շարք փաստաթղթերում` Մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածում, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածում, ինչպես նաեւ` ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի մեջ: Ճշմարիտ է, որ օրենքի երկու դրվագներում նախատեսվում է, որ ՀՀ Կառավարությունը պարտավոր է համապատասխան կարգեր սահմանել օրենքի կիրակրման լիակատարության համար: Դրանցից մեկի բացակայությունը պատճառաբանվում է իմ հարցման մերժման վերոհիշյալ նամակում: Փաստորեն ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնում ավելի են կարեւորում ՀՀ Կառավարության թերացման հետեւանքով բացակա ենթաօրենսդրական ակտը, քան իմ Սահմանադրական ազատությունը եւ օրենքով հստակ սահմանված իրավունքը: Այս տրամաբանությամբ ցանկացած իրավունքի իրականացում կարելի է կաթվածահարել համապատասխան ենթաօրենսդրական ակտի բացակայությամբ: Նույն տրամաբանությամբ, եթե ՀՀ Կառավարությունը մի 45 տարի էլ օրենքում հիշատակված ենթաօրենսդրական ակտը չընդունի` չսահմանի պետական եւ տեղական մարմիններից ու հիմնարկներից տեղեկությունների տրամադրման օրինակելի կարգը, ես ու այլ հետաքրքրվածներ չենք կարողանալու ծանոթանալ ոչ միայն Ռ.Քոչարյանի պատասխան նամակին այլեւ հազարավոր այլ փաստաթղթերի եւս:    

 

Բացի նշված հանգամանքը, եթե հիմք ընդունենք իմ ստացած պատասխանի տրամաբանությունը, ապա, եթե ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված չլինի, օրինակ մարդու կյանքի իրավունքի ապահովումը, ապա այն կարելի է խախտել: Կամ օրինակ, եթե ՀՀ Կառավարությունը կարգ չմշակի եւ չհաստատի, թե ինչպես պետք է մարդուն բժշկական սպասարկում իրականացնել, ավտովթարի վիրավորները պիտի մնան ասֆալտի վրա կամ մեքենաներում` մահանալու: Իմ հարցմանը մերժելիս, ՀՀ Իրավական ակտերի մասին օրենքի 68 հոդվածի 4-րդ մասը սխալ է մեկնաբանվել: Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 86 հոդվածի 1-ին մասի համաձայն, իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությամբ հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը: Դա իրավական կոպիտ սխալ է, քանի որ Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 86 հոդվածի 6-րդ կետի համաձայն, պետական եւ տեղական ինքնակառավարական մարմինները, իրավաբանական, ֆիզիկական եւ պաշտոնատար անձինք պարտավոր են կատարել օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած իրավական ակտերի պահանջները անկախ այն հանգամանքից, թե այդ իրավական ակտերը նրանք պաշտոնապես կամ ընդհանուր կարգով են ստացել, ինչպես նաեւ դրանց ընդունման կամ ուժի մեջ մտնելու մասին նրանք իրազեկվել կամ տեղյակ են եղել, թե ոչ, եթե օրենքով կամ տվյալ իրավական ակտով այլ բան նախատեսած չէ: Սույն նորմը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին եւ պաշտոնատար անձանց չի ազատում  իրավական ակտերի մասին հասարակությանն իրազեկելու կամ տեղյակ պահելու իրավական ակտերով նախատեսված իրենց պարտականությունների կատարումից:

 

Իսկ նույն հոդվածի 7-րդ կետի համաձայն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են իրենց լիազորությունների շրջանակում աջակցել անձանց նրանց իրավունքներն իրականացնելիս կամ պարտականությունները կատարելիս, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նրանց խախտված իրավունքների վերականգնման համար, ինչպես նաեւ վերացնել անձանց կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտող հանգամանքները, եթե այդ իրավունքների իրականացումը կամ պարտականությունների կատարումը չի հակասում պետական եւ հասարակական անվտանգության շահերին, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, կամ դրա հետեւանքով չեն խախտվի այլոց իրավունքներն ու ազատությունները, պատիվը եւ բարի համբավը:

 

Ես վստահ եմ, որ իմ հարցրած տեղեկության մերժումը չի բխում ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի պահանջներից, 8-րդ հոդվածում նշված մերժման հիմքերի շարքին չի դասվում: Մերժման պատճառաբանությունը, թե ՀՀ կառավարության կողմից չկա սահմանված համապատասխան կարգը տեղեկատվության տրամադրման համար, հիմնավոր չէ հետեւյալ պատճառաբանությամբ. ՀՀ Իրավական ակտերի մասին օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ամրագրում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրավական կարգավորման սկզբունքները: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության  օրենսդրության իրավական հիմքն է: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ դրա նորմերը գործում են անմիջականորեն: Հայաստանի Հանրապետության օրենքները եւ իրավական այլ ակտերը ընդունվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիման վրա կամ ի կատարումն դրա եւ չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

 

Ես Ձեր ուշադրությունն եմ հրավիրում նաեւ այն հանգամանքի վրա, որ փոխանակ հանրային նշանակության այդ նամակագրությունը հրապարակվեր առանց որեւէ հարցման սպասելու, այն, բոլորովին անհասկանալի պատճառնելով հանրությունից ուղղակիորեն թաքցվում ու գաղտնի է պահվում արդեն 4 ամիս:

 

Պարոն Հովսեփյան, հաշվի առնելով վերը բերվածը, խնդրում եմ.

 

  1. Միջամտել, համապատասխան միջոցներ ձեռք առնել եւ հանձնարարել` ինձ տրամադրել Ռ.Քոչարյանի այն նամակի պատճենը, որով վերջինս պատասխանել է ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրեն Ջ.Դանիլովիչի 2008 թվի մարտի 11-ի նամակին:

  2. Ջանքեր ներդնել, որ հանրության սեփականությունը հանդիսացող այդ եւ այլ փաստաթղթերը, ինչպես օրինակ հիշյալ եւ համանման նամակներն են, զանազան հնարավոր դիվանագիտական եւ այլ արարողակարգերով նախատեսված գաղտնիության որոշակի ժամկետներն անցնելուց հետո հրապարակվեն եւ հնարավոր եղանակներով մատչելի դառնան հանրությանը, այնպես, որ տեղեկություններ հարցնելու, այսօրինակ նամակագրության կարիք չլինի: Այսպիսի հրապարակայնությունը, մասնավորաբար, վստահ եմ, կօգնի ՀՄՀ-Հայաստան ծրագրի արդյունավետ իրականացմանը, այնինչ, նմանատիպ ծրագրերի հանրությունից փակ կառավարումը կարող է բերել էական վնասների: Ի վերջո, ծրագրի ապագայի  մասին դատողություններ անելիս, հոդվածներ գրելիս, շահառուների հետ շփվելիս, հարցազրույցներ տալիս ես եւ իմ գործընկերները չենք կարող ճշմարտության փոխարեն մեր ենթադրությունները հաղորդել նրանց այն մասին, թե, տեսնես` ի՞նչ է պատասխանել Ռ.Քոչարյանը Ջ.Դանիլովիչի 2008 թվի մարտի 11-ի նամակին, եւ` տեսնես որքանո՞վ է կախված ծրագրի ճակատագիրը այդ պատասխանից: Առանց բավարար տեղեկատվության ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի գոյությունը դառնում է համաձայնագրով` Շահառուների Խորհուրդ ունենալու պահանջի ձեւական բավարարում:

  3. Ջանքեր ներդնել եւ ՀՀ Նախագահի իրավաբականական վարչության աջակցությամբ հատուկ ուսուցումներ իրականացնել ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչի ու մյուս աշխատակիցների համար ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի կիրառական պրակտիկայի եւ նույն օրենքի կիրարկմանն առնչվող ՀՀ դատական նախադեպերի ուսումնասիրման ուղղությամբ:

 

Պարոն Հովսեփյան, ես եւ իմ մի քանի գործընկերները պատրաստակամ ենք անվարձահատույց խորհրդատվություն եւ այլ տեխնիկական օժանդակություն մատուցել ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնին այն ակնկալիքով, որ մեզ եւ այլոց` հարկատուներիս, ապագայում ավելի մասնագիտորեն կսպասարկեն:

 

 

ՀԳ.

Հաշվի առնելով այստեղ բերված խնդրի հանրային կարեւորությունը, այս նամակը, եւ բոլոր հնարավոր հետագա զարգացումների մասին տեղեկատվությունը նպատակահարմար եմ գտնում հրապարակել հանրության համար:

 

17 հուլիսի, 2008

 Հարգանոք` Լեւոն Բարսեղյան

 

Հայաստան-3102, Գյումրի, Պուշկինի փ, 96:

Հեռ. 091 821363, Էլ. հասցե. [email protected]                    

 


www.asparez.am կայքի արխիվը

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

       

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտ

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter