Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ընդդեմ պաշտոնական խտրականության

 

24 | 07 | 2008 | 17:00 | Բաց նամակ

 

ՀՀ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանից

 

Բաց նամակ

Շիրակի մարզպետարանի աշխատանքների լուսաբանման գործում

լրագրողների նկատմամբ խտրականության կանխարգելման մասին

 

Հարգելի տիկին Նանյան,

Անցած մի քանի ամիսներին տեղի ունեցած մի քանի տարօրինակ դիպվածներ ստիպեցին բաց նամակով դիմել Ձեզ, խնդրել կարգավորել խնդիրը:    

 

Շիրակի մարզում աշխատող մի խումբ լրագրողների հետ ունեցած զրույցներից պարզեցի, որ Շիրակի մարզպետարանում տեղի ունեցող մի շարք իրադարձությունների ու միջոցառումների մասին Գյումրու ոչ բոլոր լրատվամիջոցներն ու երեւանյան լրատվամիջոցների ոչ բոլոր տեղական թղթակիցներն են իրազեկվում եւ, բնականաբար, այդ ԶԼՄ-ներն ու լրագրողները հիշյալ իրադարձությունները չեն էլ լուսաբանում: Ինձ համար դժվար է կռահել բացատրություններն այն բանի, թե ինչու, օրինակ ներքոշարադրյալ միջոցառումների մասին նախապես իրազեկվել են քաղաքի 1-2 հեռուստաընկերությունները, իսկ մյուսները, տպագիր մամուլի ներկայացուցիչներն ու տեղական թղթակիցները` ոչ.

  • ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի այցելություն Շիրակի մարզպետարան (մայիս 2008),

  • ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի այցելությունը եւ հանդիպումը Գյումրու ԲՈՒՀ-երի ռեկտորների հետ` մարզպետի աշխատասենյակում, քննարկում կոռուպցիայի դեմ պայքարի մասին (դեկտեմբեր 2007),

  • Հասարակական վարձատրվող աշխատանք ծրագրի հանձնաժողովի նիստեր,

  • Մարզի քաղաքաշինական խորհրդի նիստ (Ֆ.Սողոյանի պատրաստած քանդակի տեղադրման վայրի մասին քննարկում),

  • Փոխմարզպետ Սամվել Պետրոսյանի նշանակումից հետո նրա տված մամլո ասուլիսը մարզպետարանում,

  • Հուլիսի 21-ին տեղի ունեցած մարզային խորհրդի նիստ, ենթադրաբար` կարկտի հասցրած վնասների եւ հնարավոր փոխհատուցման մասին քննարկում:

 Տիկին Նանյան, պատշաճ չեմ համարում հարցնել, թե ինչ սկզբունքով են ընտրվել եւ ընտրվում այն լրատվամիջոցներն ու լրագրողները, որոնք կանխավ իրազեկվում են մարզպետարանում կամ մարզպետարանի հետ առնչություն ունեցող իրադարձությունների մասին, որովհետեւ նման ընտրության բնական կամ օրինական սկզբունք ուղղակի գոյություն չունի. ընտրությունը կատարվել է սուբյեկտիվորեն, ինչի իրավասությունը պետական հիմնարկի ծառայողը չունի: Մյուս կողմից պարտավոր եմ տեղեկացնել, որ լրագրողներն ու զանգվածային լրատվամիջոցները չպիտի կռահեն կամ գուշակեն մարզպետարանում տեղի ունենալիք միջոցառումները, նրանք պարտավոր չեն ենթադրություններով եւ զանազան այլ միջոցներով գլխի ընկնել, թե ինչ պաշտոնական այցեր են լինելու Շիրակի մարզպետարան, ինչպիսի հանրային միջոցառումների եւ հանդիպումների է այցելելու մարզպետը, տեղակալները կամ մարզպետարանի այլ պաշտոնյաները: Լրագրողները եւ ԶԼՄ-ները հարկ է, որ հնարավորինս կանխավ եւ հարգելիորեն պատշաճ իրազեկվեն այն ամենին, ինչ հասարակական նշանակություն ունի: Այդ է պահանջում հանրային շահը, անկախ այն հանգամանքից, այդ պահանջները հաճելի են այս կամ այն պաշտոնյային, նրանց ենթականերին, թե ոչ:   

 

Տիկին Նանյան, աշխարհում եւ Հայաստանում կա հարկատուների վճարած հարկերի միջոցով աշխատող պաշտոնյաներից եւ նրանց գործունեության մասին  տեղեկություններ ստանալու, նրանց գործունեությունը լուսաբանելու եւ հրապարակային դարձնելու մի քանի փորձարկված միջոց: Անտեղի համարելով այստեղ մասնագիտական հնարքների մեկնաբանությունը, տեղեկացնեմ ընդամենը, որ իշխանություններից ԶԼՄ-ներին եւ այդպիսով հանրությանը գնացող տեղեկատվության սահմանափակումը որպես կանոն հանգեցնում է ապատեղեկատվության ծավալների աճի, իշխանության նկատմամբ հանրության անվստահության էական զարգացման, այնպիսի լրագրողական ժանրերի ծաղկման, ինչպիսիք են երգիծականները` ֆելիետոնները, ռեպլիկները, պամֆլետները: Դժբախտաբար սրանցից որեւէ մեկը չի կարող նպաստել հանրության տեղեկատվական կարիքների բավարարմանը: Առավելեւս լրագրողները պարտավոր չեն հատուկ հետախուզական ծառայություններ ստեղծել, որոնք պիտի կանխավ իմանան, թե ինչ պաշտոնական այցելություններ են լինելու Մարզպետարան, մարզպետը, տեղակալները մարզի որ համայնքներն են այցելելու եւ երբ, ինչ հանրային քննարկումներ կամ լսումներ են տեղի ունենալու մարզպետարանում, որպեսզի իրենք էլ մյուս` արտոնյալ լրագրողների կամ լրատվամիջոցների հետ կարողանան հավասարի պես լուսաբանել նույն իրադարձությունները:

 

Մարզպետարանի (կամ այլ իշխանական հիմնարկների) հետ կապված իրադարձությունների մասին ԶԼՄ-ներին եւ լրագրողներին խտրական իրազեկումը հեշտությամբ կարելի է մեկնաբանել նաեւ որպես հանրության եւ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքի ոտնահարում[1]: Բացի այդ, այդպիսով արհամարհվում են նաեւ Մարդու իրավուքններին առնչվող այն միջազգային նորմերը, որոնց միացել է Հայաստանի Հանրապետությունը[2]: Պարտավոր եմ նաեւ տեղեկացնել, որ ՀՀ Քրեական օրենսգրքով քրեական հետապնդում է նախատեսված այն պաշտոնյա-անձանց համար, ովքեր խոչընդոտում են լրագրողի օրինական պարտականությունների կատարումը[3], իսկ լրագրողի օրինական մասնագիտական պարտականությունների կատարմանը կարելի է խոչընդոտել նաեւ կայանալիք իրադարձությունների մասին տեղեկությունները թաքցնելով:  

 

Տեղյակ եմ նաեւ, որ լրագրողներն անկառավարելի են, երբեմն` անպատասխանատու, զանազան աշխարհայացքներով, իշխանությունների վարքի նկատմամբ բազմազան վերաբերմունքով ու դա ազդում է նրանց արտադրանքի վրա. հաճախ նույն իրադարձության մասին երկու լրագրողների արարումները կարող են տպավորություն ստեղծել, թե նրանք տարբեր իրադարձությունների մասին են գրել, բայց վստահեցնում եմ, բազմակարծությունը այս ոլորտում եղածներից այն առավելագույնն է, ինչ կարող է ունենալ հանրությունը պետական կամ տեղական իշխանության գործունեության մասին` մասնավորաբար, եւ` հայտարարված ժողովրդավարությունից` ընդհանրապես:  

 

Այդպիսով է որ, որեւէ լրագրող արտոնյալ չպիտի լինի, այնպես, ինչպեսեւ որեւէ լրագրող արհամարհված չպիտի լինի, անկախ այն հանգամանքից, որքանով են այդ լրագրողների լուսաբանումները համընկնում մարզպետի կամ մարզպետարանի աշխատակիցների ակնկալիքներին: Լրագրողների եւ ԶԼՄ-ների նկատմամբ խտրական վերաբերմունքը սխալ է, թե բարոյականության եւ թե օրինականության տեսանկյունից: Փորձը ցույց է տալիս, որ անկանխատեսելի զարգացումների արդյունքում զզվելի լրագրողը կարող է աշխատանքի անցնել այլ լրատվամիջոցում եւ դառնալ սիրելի, անտանելի լրատվամիջոցները կարող են դառնալ ցանկալի եւ` հակառակը: Ոչ ոք կանխավ չգիտե, թե ինչպիսի հաճելի կամ տհաճ զարգացումների է ենթարկվում հանրության հավաքական միտքն ու հասարակական կարծիքը ԶԼՄ-ների հետ նշանակովի կամ ընտրովի պաշտոնյաների խտրական վերաբերմունքի արդյունքում, լինի այդ վերաբերմունքը պատահական, թե` կանխամտածված: Գոնե այս տեսանկյունից իշխանություն ներկայացնող մարդիկ պարտավոր են ԶԼՄ-ների եւ լրագրողների հետ աշխատելու կոչված իրենց ենթականերին վարպետացնել ու կարգավորել այնպես, որ փոխադարձ հանդուրժողականությունը միշտ վեր լինի փոխադարձ դժգոհությունից, հանրության շահի գերակայության սկզբունքը միշտ կարեւորվի իշխանության գործունեության մասին քաղցր լուրեր առնելու գայթակղությունից, եւ լրագրողների իրավունքների նկատմամբ հարգանքը հավասարեցվի հանրության խոսքի եւ տեղեկատվության ազատության իրավունքին:

 

Անցյալում առավել ծանր դեպքերի ենք ականջալուր եղել, երբ մարզպետը իր բանուգործը թողած, որոշել էր ասուլիսների ժամանակ խրատներ կարդալ իրեն քննադատած լրագրողների եւ ԶԼՄ-ների գլխին:   

 

Հարգելի տիկին Նանյան,

ամփոփելով, վերը բերված խնդիրը կարգավորելու համար առաջարկում եմ ջանքեր ներդնել` մարզպետարանի համապատասխան աշխատակիցներին ԶԼՄ-ների եւ լրագրողների հետ բարեխիղճ աշխատանքային կարգի հրավիրելու համար. Շիրակի մարզում գործող բոլոր լրատվամիջոցները եւ Շիրակի մարզից դուրս գտնվող լրատվամիջոցների տեղական թղթակիցները պիտի պատշաճ իրազեկվեն մարզպետարանին առնչվող բոլոր այն միջոցառումներին, որ հասարակական որոշակի հետաքրքրություն են հարուցում: Այդ անելիս էական է, որ ԶԼՄ-ների եւ լրագրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը իսպառ բացառվի. բոլորն իրենց իրավունքներով իրար հավասար են` լինի լրագրողը 65 տարեկան, թե` 23, լինի ԶԼՄ-ն նորաստեղծ, թե` 80-ամյա: Խնդրում եմ այնպես անել, որ մարզպետարանի աշխատակիցներից որեւէ մեկը չկարողանա կամայականորեն ԶԼՄ-ներից կամ լրագրողներից մեկին կամ մի քանիսին գերակա դիրքի բերել մյուսի կամ մյուսների նկատմամբ: Այս տեսանկյունից հարկավոր է առավել հանդուրժողականություն ցուցաբերել անգամ այն լրագրողների նկատմամբ, ովքեր չնայած հնարավոր հրավերներին կամ իրազեկումներին, երբեք չեն գալիս, կամ չեն գալու այդ իրադարձությունները լուսաբանելու. նրանց էլ հարկավոր է շարունակաբար տեղեկացնել կայանալիք բոլոր իրադարձությունների մասին:

 

Կա նաեւ խնդրի կարգավորման մեկ այլ եղանակ. ՀՀ գործող օրենսդրությունը նախատեսում է լրագրողների հավատարմագրման հնարավորություն, ինչի կիրառումը կարող է հեշտացնել մարզպետարան-ԶԼՄ-ներ փոխհարաբերությունը: Հավատարմագրման համակարգի ներդրումը կարող է հստակեցնել այն ԶԼՄ-ների եւ լրագրողների շրջանակը, ովքեր մշտապես հետաքրքրված են մարզպետարանի գործունեությամբ, եւ կարիք չի լինի կայանալիք իրադարձությունների մասին ամեն անգամ անտեղի տեղեկացնել նաեւ այն ԶԼՄ-ներին ու լրագրողներին, ովքեր բոլորովին հետաքրքրված չեն մարզպետարանի աշխատանքների լուսաբանմամբ: Իսկ առանձնահատուկ կարեւորություն ունեցող իրադարձությունների համար կարելի է կազմակերպել հատուկ հավատարմագրում, օրինակ` ՀՀ Կառավարության  մեկ այլ արտագնա նիստի դեպքում: Ընդսմին լրագրողների հավատարմագրման համակարգը պարտադիր չէ կիրառման համար, բայց այդ դեպքում մնում է միայն բոլոր ԶԼՄ-ներին ու լրագրողներին կայանալիք իրադարձությունների մասին կանխավ իրազեկել, եւ այդպիսով ապահովել նրանց հավասարությունը եւ Խոսքի, տեղեկատվության ազատության իրավունքի կիրարկումը:

 

Ձեր ցանկության դեպքում Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը կարող է օգտակար լինել լրագրողների եւ ԶԼՄ-ների իրազեկման գործում: Մարզպետարանի համապատասխան աշխատակիցը ստիպված կլինի իրադարձությունների մասին իրազեկել միայն Ժուռնալիստների Ասպարեզ ակումբին, իսկ մենք կստանձնենք Շիրակի մարզի բոլոր ԶԼՄ-ներին եւ լրագրողներին իրազեկելու պարտավորությունը եւ դա կանենք անվարձահատույց: Այս տարբերակը թերի է այնքանով, որ հասարակական կազմակերպության պատասխանատվությունը անհամեմատ փոքր է կամավոր ստանձնած այս պարտավորության թերակատարման համար, քան պետական հիմնարկի կոնկրետ պաշտոնյաների պատասխանատվությունն է համանման իրադրության դեպքում:

 

Այս նամակին կից ուղարկում եմ մեր կազմակերպության վեբ կայքում[4] տեղադրված այն տվյալները, որոնք հստակ եւ բավարար տեղեկություններ են տալիս Շիրակի մարզի բոլոր ԶԼՄ-ների եւ լրագրողների մասին. այս տեղեկությունները կարող են օգտակար լինել մարզպետարանի այն պաշտոնյաների համար, որոնք պիտի մարզպետարանում կայանալիք իրադարձությունների մասին իրազեկեն ԶԼՄ-ներին եւ լրագրողներին:              

 

24 հուլիսի 2008

Հարգանոք` Լեւոն Բարսեղյան


[1] ՀՀ Սահմանադրություն, 27-րդ հոդված:

[2] Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, 19-րդ հոդված,

  Մարդու իրավուքնների մասին Եվրոպական կոնվենցիա, 10-րդ հոդված:

[3] ՀՀ քրեական օրենսգիրք, 164 հոդված, 2-րդ մաս:


www.asparez.am կայքի արխիվը

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

       

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտ

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter