2008
թվականի հունիսի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը
բավարարեց «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի եւ նրա նախագահ
Մեսրոպ Մովսեսյանի հայցը ընդդեմ Հայաստանի Հանրապետության: ՄԻ
Եվրոպական դատարանը գտել է, որ «Ա1+»-ի եթերազրկմամբ խախտվել է
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը
(Խոսքի, կարծիքի, տեղեկատվության ազատության իրավունքը):
Դատարանի որոշման համաձայն` Հայաստանի կառավարությունը
պարտավոր է «Մելտեքս» ՍՊԸ-ին եռամսյա ժամկետում վճարել 30.000
եվրո, որից 10.000 եվրոն պետք է փոխանցվի անգլիացի
փաստաբաններին:
Այսպիսով Եվրադատարանը իր այս
պատմական վճռով հաստատեց Հայաստանի առաջադեմ հասարակության, մասնագիտական,
լրագրողական եւ իրավապաշտպան մի շարք կազմակերպությունների այն համոզմունքը, որ
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը («ազգային» բառն այստեղ
օգտագործվում է որպես այդ պետական մարմնի օրենքով սահմանված անվանման մաս)
անցած 6 տարիներին, «Ա1+» հեռուստաընկերության 12 մրցութային փաթեթները
գնահատելիս, դրսեւորել է էական կամայականություններ, որով, ի վերջո լրջագույն
վնասներ է հասցրել հանրությանը, հեռուստաընկերությանը, դրա հիմնադիր ՍՊԸ-ին եւ
հիմնադիր նախագահին:
Այսպիսով, դատական վճռի
մակարդակով ընդամենը լրացուցիչ անգամ ապացուցվեց, որ անցած 6 տարիների
ընթացքում «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկումը քննադատող` հանրության եւ
Եվրակառույցների բազմաթիվ բողոքները, քննադատությունները արդարացված են:
Որքան էլ մեծ են «Ա1+»
հեռուստաընկերության արդյունաբերական եւ գործարար կորուստները, բազմապատիկ
ավելին է այս հեռուստաընկերության եթերազրկումից անցած 6 տարիներին հանրության
կրած վնասները. ամենեւին էլ միանշանակ չէ, թե ինչպիսի զարգացումներ կունենային
Հայաստանյան հասարակական-քաղաքական զար•ացումները 2003, 2007, 2008
ընտրությունների եւ 2005 թվի այսպես կոչված հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած
զանգվածային օրինախախտումների եւ դրանց հաջորդող համաժողովրդական հուզումների
արդյունքում, եթե այդ ընթացքում Երեւանում գործեր ազատ, անկախ,
բազմակարծություն կամ այլընտրանքային տեղեկատվություն ապահովող գոնե մեկ
հեռուստաընկերություն: Եւ, ըստ այդմ, դժվար է ասել, թե ինչպիսին կլիներ
Հայաստանն այսօր, եթե չեթերազրկվեին «Ա1+» եւ «Նոյյան տապան»
հեռուստաընկերությունները. գուցեեւ` իսկապես չունենայիք այն 10 զոհերն ու
հարյուրից ավելի վիրավորները, որ ունեցանք:
Չնայած ՄԻ Եվրոպական դատարանի
այս վճռին, «Ա1+» հեռուստաընկերության եւ առաջադեմ հանրության տարած այս խոշոր
բարոյական հաղթանակին, համարձակվում ենք կարծել, որ Հեռուստատեսության եւ
ռադիոյի ազգային հանձնաժողովը եւ դրա նախագահ Ամալյան Գրիգորը բավարար
ինքնուրույնությամբ ու կամքով չեն օժտված իրենց խայտառակ պարտությունը
հրաժարականով մաքրագործելու կամ «Ա1+» հեռուստաընկերությանը եթերային
հաճախականություն հատկացնելու գործընթաց սկսելու համար:
Ոչ ոք չի մոռացել հայաստանյան
այն 17 լրատվամիջոցների հայտարարությունը, որով նրանք «Ա1+» եւ «Նոյյան Տապան»
հեռուստաընկերությունները եթերազրկելուց անմիջապես հետո փորձեցին զսպել
հանրային զայրույթը, ի լուր աշխարհի հայտարարելով, թե.-«Հայաստանում Խոսքի
ազատությունը վտանգված չէ, եւ ԶԼՄ-ների գործունեության համար ստեղծված են
անհրաժեշտ պայմանները»: Պարզվում է «Ա1+» հեռուստաընկերության հանդեպ
իրականացված այս դավադրության ապացուցման համար եվրադատարանի վճիռն էր պետք: 17
լրատվամիջոցները չարաչար սխալվել են: Այդ հայտարարել ենք դեռ 6 տարի առաջ:
Երբեք չեն մոռացվելու բոլոր
նրանք, ովքեր այս գոտեմարտում հարմարվեցին հակաժողովրդավարական ռեժիմի
պայմաններին` զանազան սեթեւեթանքներով փորձելով չքմեղանալ, խուսափել
պատասխանատվությունից եւ անգամ արդարացումներ որոնել տխրահռչակ հանձնաժողովի
վարքին: Վստահ ենք, որ գալու է այդ պատասխանատվության օրը, այնպես, ինչպես
վստահ ենք եղել, որ գալու էր այս օրը: Ցավալի է գիտակցել, որ ՀՌԱՀ-ը եւ դրա
թելադրողները 6 տարի շարունակ վճարվել են ու դեռ էլի մի ինչ-որ ժամանակ
վճարվելու են մեր հարկերից:
Ժուռնալիստների «Ասպարեզ»
ակումբը ու գյումրեցի մի մեծ խումբ լրագրողներ սրտանց շնորհավորում են «Ա1+»
հեռուստաընկերության հիմնադրին, բոլոր ներկա եւ նախկին աշխատակիցներին,
ազատասեր հանրությանը այս միջանկյալ հաջողության առթիվ: Շնորհակալություն
համառության եւ հետեւողականության համար:
17 հունիսի, 2008