Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



 

Հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Խալաթյանն ու դատախազության երեք ներկայացուցիչները հայտնվել են աննախադեպ փակուղու մեջ

 

21 | 05 | 2008 | 20:00 | ռեպորտաժ

 

Հայաստանի հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրում մայիսի 20-ին եւ 21-ին շարունակվեց քաղբանտարկյալներ Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի եւ Պետրոս Մակեյանի գործով դատաքննությունը:

 

Մայիսի 20-ի նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով անցնող եւս 4 վկա` 34/06 ընտրատեղամասային հանձնաժողովի անդամներ եւ վստահված անձինք, որոնք բոլորն էլ միաբերան պատմում էին, թե ամբաստանյալներից ոչ մեկը քվեարկության օրը որեւէ անկարգություն կամ խուլիգանություն չի կատարել, որեւէ վայրկյան չի ընդհատվել հանձնաժողովի աշխատանքն ու ընտրական գործընթացը:

 

 

Դատախազության ներկայացուցիչները որպես կանոն ընթերցում էին վկանների նախաքննական երկուական ցուցմունքները, որոնցում փետրվարի 19-նն ու ամբաստանյալները ներկայացվում էին որպես օրինախախտ, հանցագործ կարգազանցներ, ու հարցնում էին, թե ինչպե՞ս կբացատրեն վկաների նախաքննական գրավոր ցուցմունքների եւ բանավոր վկայությունների տարբերությունները: Դատախազության ներկայացուցիչները ամենայն հավանականությամբ հույս ունեին, թե վկաները կվախենան կեղծ ցուցմունքներ տալու համար պատասխանատվությունից կամ կազդվեն իրենց ահարկու հարցերից եւ կսկսեց պաշտպանել իրենց նախաքննական ցուցմունքները: Այնինչ մայիսի 20-ին հարցաքննված 4 վկաները, ինչպեսեւ նախորդները, մաքուր, գրական հայերենով, հստակ լսելի ու ամենքին հասկանալի բացատրում էին, որ քննիչները իրենց ուղղակի թելադրել են այդ գրավոր ցուցմունքները, ասել են, թե որեւէ վտանգավոր բան չկա, գրեք-ստորագրեք, եւ այլն...: Վկաներից մեկը, տեխնիկական գիտությունների թեկնածու, 70-ամյա մի ուսուցիչ, ասաց, թե իր համար անսահման տհաճ էր գործ ունենալ ոստիկանության եւ դատախազության աշխատակիցների հետ եւ ինքն ամեն ինչ անում էր, որ արագ ավարտվեն իրենց հանդիպումները, որովհետեւ իր համար անպատիվ բան էր երկար լինել այդ համակարգի ներկայացուցիչների հետ, ու այդ պատճառով առանց կարդալու ստորագրել է քննիչի գրած հարցաքննության արձանագրության տակ:

 

Այս գործով դատականչված 11 վկաներից 8-ը արդեն հարցաքննվել են դատարանում, ու նրանցից որեւէ մեկը, որեւէ բառով կամ ստորակետով դատախազության աշխատակիցներին հույս չտվեց, թե մեղադրյալներին հնարավոր կլինի գոնե վարչական պատասխանատվության ենթարկել, ուր մնաց` քրեական: Չնայած այդ հանգամանքին, մայիսի 21-ին նիստի ընթացքում դատախազության ներկայացուցիչները դատավորի աշխույժ աջակցությամբ փորձում էին բացակա երեք վկաների նախնական ցուցմունքները հրապարակել ու դրանով գոնե փրկել մունդիրի պատիվը: Սակայն դատավորը, հանդիպելով ամբաստանյալների, նրանց պաշտպանների եւ դատարանի դահլիճում հավաքված մոտ 150 հոգու բուռն դիմադրությանը, բողոքի տեւական բացականչություններին, տարակուսած նայելով դատախազներին, ճարահատ 5 րոպե ընդմիջում հայտարարեց, որը տեւեց ուղիղ 45 րոպե: Այն պահին, երբ դատավորը տարակուսում էր մարդկանց աննախադեպ բացականչությունների ալիքի տակ, մեկը գոչեց Զանգ ընկերոջը ... :   

 

 

 

 

 

Ընդմիջումից հետո դատավորը, հասկանալով, որ եթե բացակա վկաների նախաքննական ցուցմունքները կարդալու որոշումը չփոխի, ամբաստանյալները կհրաժարվեն նիստին մնալ ու ժողովրդի բացականչություններից առաստաղը կարող է փլվել եւ դատական նիստն ուղղակի չի շարունակվի, հայտարարեց, որ այդ ցուցմունքների ընթերցումը հետաձգվում է:

 

Ապա պարոնայք Սաղաթելյանը, Զաքարյանը եւ Մակեյանը (երեքն էլ եղել են Լ.Տեր-Պետրոսյանի վստահված անձինք) ցուցմունքներ տվեցին գործի առնչությամբ եւ պատասխանեցին միայն իրենց պաշտպանների հարցերին: Պետրոս Մակեյանը մի քանի անգամ հայտարարեց, որ իրենք` երեք հոգով որոշել են այս շինծու գործով չպատասխանել դատավորի եւ դատախազության ներկայացուցիչների հարցերին, որովհետեւ, ըստ Մակեյանի, նրանք էլ են այդ գործը թխելու մասնակիցներ: Ամբաստանյալները պատմեցին, որ իրենցից յուրաքանչյուրը 2-4 րոպեով են այցելել ընտրատեղամաս` տարբեր առիթներով: Պետրոս Մակեյանն ասաց, որ ինքը ահազանգ է ստացել, թե այդ տեղամասում 300-350 քվեաթերթիկ է լցվել տուփը` հիմնականում Սերժ Սարգսյանի, եւ ապա` Արթուր Բաղդասարյանի եւ Վահան Հովհաննիսյանի օգտին, այցելել է տեղամաս, 1 րոպե 50 վայրկյանի ընթացքում դիտողություն է արել հանձնաժողովի նախագահին, ասել է, թե լցոնումների համար պատասխան են տալու: Այդ կարճ զրույցին միջամտել է հանձնաժողովի հետ կապ չունեցող մեկը` Արա Արտուշի Մովսիսյան անունով, սկսել է հոխորտալ, կռիվ հրահրել, որին կարգի հրավիրելուց հետո Մակեյանը թողել է տարածքը: Պ.Մակեյանը դատարանին ցույց տվեց մի լուսանկար, որում պատկերված էր իր` տեղամասում գտնվելու դրվագը եւ Արա Արտուշի Մովսիսյանը: 

 

 

Շոթա Սաղաթելյանը նույնպես ահազանգ ստանալով նույն տեղամասում արվող լցոնումների մասին տեղամաս է մտել Մակեյանից 5-7 րոպե առաջ, զրուցել է այնտեղ եղած Լ.Տեր-Պետրոսյանի վստահված անձի հետ, պարզել է, որ լցոնումների մասին արձանագրությունը հանձնաժողովի նախագահը չի ընդունել, թողել է տարածքը, ապա դրսում միայն տեսել է տեղամասին մոտեցող Մակեյանին ու Զաքարյանին:

 

Աշոտ Զաքարյանը պատմեց, որ ինքը մոտավորապես ժամը 11-ին այցելել է նույն տեղամասը, հանձնաժողովի անդամներից մեկին դիտողություն է արել անձնագրում դրվող դրոշմակնիքի էջի մասին եւ թողել է տարածքը: Այդ ամենը տեւել է մոտ 3 րոպե, եւ տեղի չի ունեցել ժամը 14:30-ին, ինչպես, գրված է դատարանում հարցաքննված 8 վկաների նախնական ցուցմունքներում (վկաներից մեկը դատարանում պատմել էր, որ քննիչն էր իրեն ասել` գրի 14:30-ին մոտ, ո՞վ է դրան ուշադրություն դարձնելու): Աշոտ Զաքարյանը բացատրեց, որ փետրվարի 19-ին, ժամը 14:00-15:00-ը ինքը գտնվել է Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում եւ նստած է եղել ընտրախախտումների մասին մամլո ասուլիսի` որպես ասուլիս հրավիրողներից եւ խոսնակներից մեկը:

 

Չնայած այն հանգամանքին, որ դեռ 3 շաբաթ առաջ պաշտպանները դատարանին էին ներկայացրել ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն, դատավոր Խալաթյանը այսօր էլ չկամեցավ անդրադառնալ դրան, ինչին հետեւեցին պաշտպանների բողոքները իրենց միջնորդությունը չքննարկելու եւ որոշում չկայացնելու կապակցությամբ: Դատավորը ամենքին համար տարօրինակ կերպով ասաց. Ձեր միջնորդությունը ես չեմ ընդունում: Փաստաբանները տարակուսեցին, թե բա ինչու՞ չեք քննարկում, առանց մյուս կողմին լսելու, ինչպե՞ս եք մերժում մեր միջնորդությունը, առանց խորհրդակցական սենյակ անցնելու, ինչպես եք նման որոշում կայացնում: Դատավորը ասաց. ես չեմ մերժում Ձեր միջնորդությունը, ես ուղղակի այն չեմ ըմդունում ... : Հայ արդարադատության պրակտիկան այսպիսով հարստացավ եւս մեկ գոհարով: Իսկ Պետրոս Մակեյանը հայտարարեց, որ որպես անարդար դատավարության դեմ  բողոք, ինքը շարունակելու է կեսգիշերից սկսած հացադուլը:   

 

 

Ընդհանրապես այս դատաքննությունը առանձնահատուկ է մի քանի հանգամանքներով: Բոլորի համար, անգամ դատավորի ու մեղադրողների համար, ակնհայտ է, որ մեղադրյալները իրենց բացառիկ զուսպ են պահել խնդրո առարկա ընտրատեղամասում, որեւէ կերպ չեն խոչընդոտել ընտրությունների ընթացքը, չեն հայհոյել ու չեն սպառնացել որեւէ մեկին: Չնայած այդ հանգամանքին, դատախազության ներկայացուցիչները աննման նվիրումով շարունակում էին ու շարունակում են մի քանի տասնյակ անգամ հնչած հարցերը տալ հերթական վկային, շարունակում էին 1-2-ական հարց հղել մեղադրյալներին, որոնք առնվազն 18-20 անգամ հայտարարեցին, թե չեն պատասխանելու դատախազության եւ դատավորի հարցերին, որովհետեւ նրանք այս կեղտոտ գործի սարքողների գործակիցներն են:

 

Անհավանական է, բայց դատախազության երկու երեւանյան պատվիրակներն ու Շիրակի մարզի դատախազի տեղակալը իրենց հարցերին պատասխանելուց հրաժարվելու մասին ամբաստանյալների հայտարարություններից հետո յուրաքանչյուրը 1 կամ 2 հարց էր հղում նրանցից յուրաքանչյուրին ու ամեն անգամ ստանում նրանց պատասխանները Հրաժարվում եմ պատասխանել այդ հարցին, ինչպես նաեւ` դահլիճի աննախադեպ արձագանքը: Դահլիճն սկզբում արձագանքում էր չափազանց կոշտ Տո չհասկըցա՞ր, օր մարդը չի պատասխանե հարցերիդ, անհասկացողների համար դպրոց են բացել, 2 ֆոտո ու դիմում կբերես ... , բացականչություններ, աղմուկ եւ այլն, ապա մարդիկ սկսեցին ամեն հարցից հետո` խղճահարությամբ ժպտալ, ծիծաղել, հասկանալով, որ այս դատախազները ուղղակի պարտավոր են այդ պլանն էլ կատարել, հարցեր տալ ու փրկել գոնե իրենց պաշտոնները:

 

Բոլոր վկաներից մեկն է միայն, որ եղել է Լ.Տեր-Պետրոսյանի վստահված անձը տեղամասում եւ միայն նրա ներկայությունը ու վկայությունները դատարանի դահլիճում կարող էին էականորեն լույս սփռել այն հանգամանքների վրա, որոնք նախորդել են Մակեյանի, Սաղաթելյանի եւ Զաքարյանի այցելություններին Գյումրու 34/06 տեղամաս: Այս վկան, ինչպես կարելի էր կռահել, մի քանի անգամ հրաժարվել է գալ դատարան, ու հիմա արդեն տեղեկացրել է, որ բացակայում է հանրապետությունից: Սա այն մարդն է, ով ահազանգել է Շոթա Սաղաթելյանին եւ Պետրոս Մակեյանին, այն մասին, թե մոտ 300-350 քվեաթերթիկ է լցոնվել այդ տեղամասում: Հասկանալի կերպով այս մարդու վկայությունները շատ ցանկալի էին ամբաստանյալների համար եւ անցանկալի` մեղադրողների համար:

 

Այս ամենի ֆոնին տարօրինակ կարող է թվալ, թե իշխանությունների ի՞նչ պետքն էր գործ սարքել 43-62 տարեկան մարդկանց դեմ, ովքեր հայտնի են իրենց պարկեշտությամբ, կյանքի փորձով. մեկը` գնդապետ, մյուսը` կուսակցության նախագահ, երրորդը` վաստակավոր պապիկ: Ինչու՞ են այնուամենայնիվ որոշել գործ թխել այս մարդկանց դեմ: Պատճառը, ավելի քան հասարակ է: Երբ պարզ է դարձել, որ այս տեղամասում լցոնումների մասին տեղեկացված են Մակեյանը, Զաքարյանն ու Սաղաթելյանը, որոնք ոչինչ չեն արել, բացի այն, որ խոստացել են, թե օրինախախտները օրենքի առաջ պատասխան են տալու, ու այս խոստումն ընկալվել է հանձնաժողովի նախագահի, ու գուցեեւ, հանձնաժողովի անդամների ապագա դատապարտման կամ ազատազրկման սպառնալիք, լցոնումների նախաձեռնողները կամ պատվիրատուները, հասկացել են, որ իրենց վճռականությամբ հայտնի այս մարդկանց կասեցնելու հարմարագույն եղանակը նրանց պարզապես ձերբակալելն ու դատելն է շինած գործով: Եւ բացվել է հետաքննական ու նախաքննական ցուցմունքների թելադրանքների սեզոնը: Փաստորեն միայն այսպես են գտել այս մարդկանց ու լցոնումների բացահայտման հնարավորության չեզոքացման եղանակը: Այնինչ հաշվի չէին առել մի շարք հանգամանքներ:

 

Դրանցից առաջինը Գյումրիում գործող լրատվամիջոցների ու լրագրողների աննխադեպ ազատությունն է: Բոլոր այս դատաքննությունները ամենայն մանրակրկիտությամբ լուսաբանվել են ԳԱԼԱ, Ցայգ, ապա Շանթ հեռուստաընկերությունների լրատվական թողարկումներում, ԳԱԼԱ ՀԸ հարցազրույցներում: Գյումրիում գործող լրագրողներից ավելի քան 15-ը մշտապես գտնվել են իրադարձությունների կենտրոնում, եւ լուսաբանել են դատավարություններն ու հացադուլները, պիկետներն ու ասուլիսները: Եթե այլ մարզերում եւ Երեւանում քաղաքական հալածյալների մասին տեղեկությունները մարդիկ ստանում են կամ դատարանի դահլիճում լինելու, Ազատություն ռադիոկայանի կամ 2-3 վեբ սայթերից ու մեկ օր անց` 7-8 անուն թերթերից, Գյումրի քաղաքում եւ Շիրակի մարզում մարդիկ այս ամենից զատ 3 մասնավոր հեռուստաընկերությունների օրական 7-8 լրատվական թողարկումներից էլ է տեղեկանում: Դատավորը, Գյումրեցի դատախազը, վկաները բոլոր, ամբաստանյալները, նրանց հարյուրավոր ընկերնեը, ազգականներն ու գաղափարակիցները վստահաբար գիտեն, որ դատաքննության եւ հարակից իրադարձություևները համարյա տեղի են ունենում ուղիղ եթերում` on-line, իսկ այդ հանգամանքը կամա-ակամա մարդկանց ստիպում է լինել իրադարձությունների ոչ միայն պասիվ, այլեւ ակտիվ անդամ` դառնալ պատմության մաս ու կառուցող: Բոլոր վկաները զգում էին ու հասկացան դա: ԶԼՄ-ներից, հատկապես նկարողներից եկող վտանգը մասամբ զգալով էր, որ դատավորը 2 նիստ առաջ, որոշեց 10 րոպե նկարահանումներից հետո դուրս հրավիրել հեռուստաընկերությունների երեք նկարահանող օպերատորներին` իրենց տեսախցիկներով, բայց բան դուրս չեկավ. ամբաստանյալները հրաժարվեցին մասնակցել նիստին, ու դատավորը հաջորդ նիստերին վերանայեց դիրքորոշումը:  

 

Այս խայտառակ դատաքննության տապալման պատճառներից երկրորդը քաղաքի եւ մարզի ավանդույթներն են: Չնայած այն հանգամանքին, որ գեղ չկա, որ շուն չունենա, փաստորեն այստեղ մարդիկ ավելի են նեղվում հանրային պարսավանքից ու մարդկային թուքումրից, քան ուսադրավորների սպառնալիքներից, եւ ի վերջո բացվեցին, ու որոշեցին ճշմարտությունը պատմել դատարանում: Նրանք չվախեցան, որ կեղծ նախաքննական ցուցմունքների համար իրենց կարող են քրեական պատասխանատվության ենթարկել: Վստահաբար կարելի է ասել, որ նրանք այլեւս երբեք կուլ չեն գնա քննիչի անունը արատավորող պաշտոնյաների սպառնալիքներին: Հազարավոր մարդիկ այս ամենը տեսնելով, ահագին բան հասկացան ու իմաստնացան, կոփվեցին ու թրծվեցին, նրանց այլեւս հնարավորն չի լինի կուլ տալ:

 

Երրորդ պատճառը հայաստանյան ազատասեր հանրության ուղղակի աջակցությունն էր Գյումրի կատարվող այցելություններով, խորհրդատվությամբ, պիկետների  եւ բողոքի այլ միջոցառումների մասնակցությամբ: Բանը հասավ այնտեղ, որ իշխանությունները ստիպված եղան մինչեւ 200 հոգու հասնող ոստիկանական եւ կարգադրիչական ուժեր կուտակել այս դատաքննության հանրային հնչողության սահմանափակման համար: Ոստիկանությունը դատարանի շենքի հանդիպակաց մայթի Գուլպա-նասկեղեն արտադրական միավորման շենքի երրորդ հարկի սենյակում, պատուհանի մոտ` վարագույրի ետեւում գաղտնի տեսախցիկ տեղադրեց անգամ, որ անընդհատը նկարում էր դատարանի շենքի մուտքը ժամերով պաշարած հարյուրավոր մարդկանց: Մարդիկ էլ ձեռքով ողջունում էին  ... տեսախցիկին ու թաքնված նկարիչներին:  

 

Այս եւ այլ հանգամանքների հանրագումարը աննախադեպ բարձր ոգի ու տրամադրություն ստեղծեց Գյումրիում, արդյունքը` քաղբանտարկյալների մոտալուտ ազատությունն է լինելու: Սա լինելու է Հայաստանի քաղբանտարկյալներից առաջինների իսկական ազատության նախադեպը, դեպքը, նմուշը: Հիմա արդեն Գյումրիում եւ Շիրակի մարզում գրեթե ոչ ոք չի կասկածում Զաքարյանի, Սաղաթելյանի եւ Մակեյանի արդարացմանը եւ ազատմանը: Բոլորն են զգում, որ սա լինելու է այս ժողովրդի երկրորդ խոշոր հաղթանակը: Իսկ առաջի՞նը: Առաջինը ԳԱԼԱ ՀԸ փրկությունն էր, առանց որի, այս երկրորդն այնքան բարդ կլիներ հուսալ ու նախապատրաստել:       

 

Ասպարեզ

 

ՀԳ. Տես նախորդողները.

 

http://www.asparez.am/news/news2008may/20.5.2008-azaqaryan-call-2.htm

http://www.asparez.am/news/news2008may/15.5.2008-hungry-strike-shiarkregiona.htm

http://www.asparez.am/news/news2008may/14.5.2008-azaqaryan-call-tofriends.htm

http://www.asparez.am/news/news2008may/13.5.2008-hungry-strike-gyumri-veterans.htm

http://www.asparez.am/news/news2008may/12.5.2008-court-gyumri-polit-jailed.htm

http://www.asparez.am/news/news2008may/11.5.2008-maralik-hacadul.htm

http://www.asparez.am/news/news2008may/10.5.2008-dzorakap-hacadul.htm

http://www.asparez.am/news/news2008may/9.5.2008-hacadul-dzorakap.htm

http://www.asparez.am/news/news2008may/7.5.2008-hacadul-azatamartikner.htm

 


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի ապրիլ ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի մարտ ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի փետրվար ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի հունվար ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter