3 նոյեմբերի, 2008
ԳԱԼԱ ՀԸ Երկրորդ միջանկյալ հաջողության մասին
ՀՀ Վճռաբեկ դատարանը իր հոկտեմբերի 31-ի նիստում որոշեց
բեկանել Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի այն
վճիռը, որով վերջինս բավարարել էր Գյումրու քաղաքապետարանի
հայցն ընդդեմ Գյումրու ԳԱԼԱ ՀԸ հեռուստաընկերության հիմնադիր
«ՉԱՊ» ՍՊԸ-ի` հեռուստաընկերության հեռարձակող անտենայից
Գյումրու քաղաքապետարանին պատկանող քաղաքային հին
հեռուստաաշտարակն ազատելու մասին: Ընդհանուր իրավասության
դատարանի հիշյալ վճիռը «ՉԱՊ» ՍՊԸ ներկայացուցիչ, փաստաբան
Կարեն Թումանյանը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանին, որը այդ
որոշումը թողել էր ուժի մեջ: Ապրիլի 17-ին 20 ժամով ԴԱՀԿ
աշխատակիցները եթերազրկեցին հեռուստաընկերությունը:
Հիշեցնում ենք, որ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր Վահան Խաչատրյանը
հեռուստաընկերության եթերային հեռարձակման համար, 2005 թվին
որոնելով եւ չգտնելով Գյումրու հին հետուստաաշտարակի տիրոջը,
պարզել էր, որ այն տիրազուրկ էր, իր ներդրումների միջոցով
մասնակի նորոգել էր աշտարակը եւ դրա վրա տեղադրել
հեռտուստաընկերության հեռարձակող անտենան: 2007 թվին, այն
բանից հետո, երբ ԳԱԼԱ Հեռուստաընկերությունը հեռարձակեց ՀՀ
առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթը,
իշխանություններչը, ի դեմս ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայության
աննախադեպ հարձակում նախաձեռնեցին այդ երիտասարդ
հեռուստաընկերության դեմ եւ վերջինիս վերագրեցին մոտ
25.665.140 դրամ կազմող հարկ, տույժ ու տուգանք, իսկ Գյումրու
քաղաքապետարանը նոյեմբերի 5-ին, ստանալով հեռուստաաշտարակի
սեփականության վկայականը, նախ անհիմն կերպով
հեռուստաընկերությունից պահանջեց անցած 3 տարիներին
հեռուստաաշտարակի օգտագործման համար առասպելական վարձ, ապա,
մերժում ստանալով, դիմեց դատարանª հեռուստաաշտարակը ԳԱԼԱ ՀԸ
անտենայից ազատելու հայցապահանջով: ԳԱԼԱ ՀԸ-ն, հակընդդեմ
հայցով հանդես գալով, պահանջեց մերժել քաղաքապետարանի հայցը եւ
հարկադիր սերվիտուտ սահմանել վիճարկվող հեռուստաաշտարակից
օգտվելու համար:
Գյումրիում 33-րդ ալիքով հեռարձակելու լիցենզիան չկորցնելու
համար Հարկային օպերլիազորների «նկարած» տուգանքը ԳԱԼԱ
հեռուստաընկերությունը վճարեց մարտի 25-ին` համաժողովրդական
հեռուստատեսային եւ ինտերնետային մարաթոն դրամահավաքի շնորհիվ,
որին իր մասնակցությունը բերեց մոտ 10 հազար մարդ, նրանց մեկ
քառորդը երբեք չէր դիտել հեռուստաընկերության հաղորդումները:
Հարկայինի տուգանային ակտի օգտին Վարչական դատարանի կայացրած
վճռի դեմ ԳԱԼԱ ՀԸ բճռաբեկ բողոքը, ըստ նախնական
տեղեկությունների, ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել:
Պաշտոնական տեղեկությունն ստանալուց հետո
հեռուստաընկերությունը սկսելու է այս գործով ՄԻ Եվրոպական
դատարան դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստումը:
Գյումրիում ոչ ոք չի կասկածում, որ այս գործը
հեռուստաընկերությունը Ստրասբուրգում շահելու է, եւ ետ է
ստանալու ինչպես կեղծ հիմքերի հիման վրա պարտադրված տուգանային
գումարը, այնպես էլ հատուցվելու է այս ամբողջ ընթացքում իր
կրած մյուս նյութական, ֆինանսական եւ բարոյական վնասների
համար:
ԳԱԼԱ ՀԸ այժմ շարունակում է հաջողությամբ աշխատել, պատրաստել
եւ հեռարձակել իր` մոտ 10 անուն հեռուստահաղորդումները ու
սպասարկել գովազդատուներին: Հեռուստաընկերության մի քանի
հողորդաշարերի իրենց դրամաշնորհային աջակցությունն են բերել
Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամը եւ ԱՄՆ
դեսպանատան հանրային կապերի գրասենյակը:
3 նոյեմբերի, 2008,
Գյումրի քաղաք