Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Տիեզերքը, հակառակի պես Գլենդել Հիլզի շուրջը չի պտտվում

 

09 | 12 | 2009 | 17:00 | Մամլո շինարարական հաղորդագրություն  

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը դեկտեմբերի 4-ին կոչ էր հրապարակել` ուղղված լրագրողներին եւ ԶԼՄ-ներին. http://www.asparez.am/news/news2009dec/04.12.2009-jca-call-7dec-journalsts-mass-media.htm: Այդ կոչում բերված տեղեկությունների երկրորդ բաժինը վերաբերվում էր Գյումրու Մուշ-2 թաղամասում պետական բյուջեի միջոցներով անօթեւանների համար իրականացվող բնակարանաշինությանը:

 

 Մասնավորաբար, նշված էր այն մասին, որ այս տարեսկզբին գյումրեցիներին պետական բարձր մակարդակներով խոստացվել էր, թե մինչեւ տարեվերջ Գյումրիում շահագործման կհանձնվի 1320  նոր բնակարան, որ այդ շինարարությունը գլուխ բերելու համար շինարարության հիմնական կապալառուն Գլենդել Հիլզ ընկերությունը պետությունից եւ Գյումրի համայնքից ստացել է բացարձակապես այն ամենը, ինչի կարիքն ունեցել է: Կոչում Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը մտահոգություն էր հայտնում այն մասին, որ դեկտեմբերի 4-ի դիտարկումներով մինչեւ տարեվերջ ավարտուն տեսք կարող են ստանալ խոստացված բնակարաններից հազիվ 250-ը: 

 

Գլենդել Հիլզ ընկերությունը, դժգոհելով այդ տարակուսանքից, դեկտեմբերի 7-ին տարածել է հայտարարություն, որում մասնավորաբար ասվում է. Գլենդել Հիլզ ՓԲԸ-ն, աղետի գոտում իրականացնելով բնակարանաշինության պետական ծրագիր, Գյումրիում, Սպիտակում, Շիրակի և Լոռու մարզերի 35 գյուղական համայնքներում իրականացնում է լայնամասշտաբ բնակարանաշինություն: Այս տարի կառուցվեց 1056 բնակարան Գյումրիում, 520 բնակելի տուն Սպիտակում և գյուղական համայնքներում:: Արդեն կառուցված լինելու մասին տեղեկության հետ միաժամանակ ասվում է, թե Գյումրու բնակարանների շինարարությունն ավարտվելու է մինչեւ մինչեւ տարեվերջ: Բացի այդ, անցած մի քանի օրերին Գլենդել Հիլզ ընկերությունը աչալրջությամբ հսկում էր մամուլի հրապարակումները եւ իր համոզմամբ` հերքումներով էր հանդես գալիս բնակարանաշինության աշխատանքների այս տարվա պլանը կատարել-պրծել ենք լեյթմոտիվով:

 

Ինչպես այժմ, այնպես էլ տարիներ շարունակ Գյումրիում շինարարության տեմպերի մասին եւ անօթեւաններին շարունակ տրվող եւ չկատարվող խոստումների վերաբերյալ Գյումրու հանրային խորհրդի, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի եւ այս ՀԿ-ի  աշխատակիցների քննադատությունների մասին մերձավոր եւ հեռավոր գործընկերների, ոխերիմ եւ բարեկամ պաշտոնյաների հորդորները հիմնականում մեկ բովանդակություն են ունեցել.-լավ, ոչինչ, թող սարքեն, թող ուշ սարքեն, թող քիչ սարքեն, քիչ-քիչ սարքեն, բայց թող սարքեն, բերեք չնեղացնենք հանկարծ (փող տվողներին էլ, սարքողնեորին էլ) սրանց, մոտավորապես: Այս մոտեցումը մենք համարում  ենք գավառամտություն եւ միամտություն, որովհետեւ սահմանված է, որ բոլորս ՀՀ Սահմանադրությամբ հավասար ենք, հետո ինչ, որ իրականում այդպես չէ: Գլենդել Հիլզը այստեղ տեղի ունեցած շինարարությունների շղթայում նոր կապալառու է ընդամենը: Անկախ հերթական կապալառուի աշխատանքային փորձից եւ պատվերի չափից, մեր մտահոգությունը մնացել է նույնը. անօթեւանները կարող են նորից խաբվել: Իսկ նրանց խաբելը, ինչպես հայտնի է, չափազանց հեշտ է: Այդպիսի անօթեւաններով կարելի է այլանդակել ցանկացած ընտրություն, ձեւավորել զարհուրելի իշխանություն, շարունակել խաբել, նորից ձեւավորել զարհուրելի իշխանություն եւ այդպես շարունակ : Այստեղ մի քիչ չափազանցված է ներկայացվում խնդիրը, ներողություն, բայց այդ անելու համար բավարար հիմքեր ունենք:

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը լավատեղյակ է Գլենդել Հիլզ ընկերության ֆինանսատնտեսական հզորություններին եւ ինքնապաշտպանական հատկանշական կամքին: Մենք միամտություն չունենք ու չենք ունեցել կասկածի տակ առնելու Գլենդել Հիլզի գործարար նկրտումները: Մեր մտահոգությունները հենված էին եւ հենված են մի քանի պարզ դիտարկումների վրա. շինարարական հրապարակը եւ կառուցվող շենքերի վիճակը, բնակլիմայական պայմանները, որոնցով պայմանավորված է շինարարության մի շարք փուլերի իրականացման արդյունավետությունը եւ որակը, անցած տարիներին իրականացված համանման աշխատանքների կատարողականները, կապալառուի հրապարակած նախագծային էսքիզների եւ դեկտեմբերի 4-ի դրությամբ առկա արդյունքների տեսքային համեմատությունները, ի վերջո`պաշտոնյաների կարճ հիշողությունը եւ լրագրողների մի ամբողջ խմբի մասնագիտական անմեղսունակությունը, դրանցով հանրությանը հասցված անուղղելի վնասները:

 

Ստորեւ հանրությանն է ներկայացվում մի քանի լուսանկար, որոնք արվել են 2009-ի դեկտեմբերի 8-ին` Մուշ-2-ում իրականացվող բնակարանաշինական ընթացքից: Այդ լուսանկարներում երեւում է, թե որքանով են ավարտուն տեսք ստացել կառուցվող շենքերի մի խումբը: Շինարարության գործին ծանոթ մասնագետները կասեն, թե Գյումրիում դեկտեմբերի կեսերին եւ վերջերին ինչ հաջողությամբ է  հնարավոր այս շենքերը մարդկանց համար պիտանի բնակարանների վերածել, դա շինարարությո՞ւն  կլինի, թե՞ պլան կատարել: Իսկ կացարաններ մարդիկ ունեն` արդեն 21 տարի է: Մարդկանց համար պետք են ոչ թե մինչեւ գարուն յոլա գնալու համար բլոկներից ու բետոնից շինած ժամանակավոր կացարաններ, այլ` բնակարաններ: Եթե այդպիսիք հնարավոր է այս շենքերից ստանալ 22 օրում, ներողություն ենք խնդրում անտեղի քննադատության համար:       

 

Հիշեցնում ենք, որ 2009 թվի նոյեմբերի 4-ին լուր տարածվեց, թե Գլենդել Հիլզ ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահե Ալմոյանի մեկնաբանությունը ծրագրում կատարված փոփոխության վերաբերյալ հետեւյալն է. հաշվի առնելով անօթեւանների ցուցակներում ընդգրկված ընտանիքների առաջարկներն ու խնդրանքները, ինչպես նաև բնակարանաշինության խնդրով զբաղվող ակտիվ քաղաքացիների հետաքրքրությունը` Գլենդել Հիլզ ՓԲԸ-ն ՀՀ կառավարության հետ համատեղ որոշում է կայացրել ծրագրում համապատասխան փոփոխություն կատարել` բնակարանաշինության այս տարվա ծրագրում ընդգրկել նաև 3 սենյականոց բնակարանների կառուցումը: Քանի որ անօթևանների մեջ կան նաև բազմանդամ ընտանիքներ, որոշեցինք, որ նպատակահարմար կլինի սահմանել անօթևաններին բնակարաններով ապահովելու որոշակի համամասնություն` այդպիսով, այս տարի բնակարան ստացողների շարքում ընդգրկելով նաև բազմանդամ ընտանիքների: (Ուշադրություն դարձրեք, ոչ թե ՀՀ կառավարությունը Գլենդել Հիլզ ՓԲԸ-ի հետ համատեղ որոշում կայացրեց, այլ Գլենդել Հիլզ ՓԲԸ-ն` ՀՀ կառավարության հետ համատեղ որոշում կայացրեց: Ինչ խորհրդանշական լեզվամտածողություն:)   

Այս գյուտը արվում է 2009 թվի շինարարական ծավալները ավարտելուց երկու ամիս առաջ, գյումրիում բնակարանաշինության առաջին հերթի (400 օրում 1320 բնակարան` մինչեւ 2009 թվի վերջը) գործարկման մոտավորապես 340-345 օրերին: Այս ավետիսը լուսաբանած լրագրողներից եւ լրատվամիջոցներից որեւէ մեկը չփորձեց հարցնել Գլենդել Հիլզի կամ քաղաքաշինության նախարարության  պատասխանատուներին, թե այդ ինչո՞ւ հիմա գլխի ընկան, որ երեք սենյականոցների կարիք էլ կա, կամ` այդ ինչպե՞ս գլխի ընկան այդ բարդ բանը ընդհանրապես: Իսկ ինչո՞ւ մինչ օրս գլխի չեն ընկել, որ չորս սենյականոցներ կորցնողներ էլ կան ցուցակներում, այդ ցուցակները տեսնես քանի փակի տակ են պահում ու ինչ պարբերականությամբ են դրանց էջերը բացում, որ քաղաքաշինության նախարարության եւ առավել բարձր պաշտոնյաներն ու կապալառուները տեսնեն, իմանան ու որոշեն, թե քանի հատ քանի սենյականոցի կարիք ունեն Գյումրու անօթեւանները: Այդ ինչպե՞ս է լինում, որ կապալառուն է  որոշում կառավարության հետ, այդ ինչպես է լինում, որ կապալառուն միայն կապալառու չէ, այլ նաեւ` ինքզինքը պատվիրատու, դա չի՞ նշանակում արդյոք, որ պատվիրատուն միայն պատվիրատու չէ, այլ նաեւ` կապալառու : Արդյո՞ք երեքսենյականոցների կարիքի այդպես շուտ գլխի ընկնելու պատճառն այն չէ, որ նոյեմբերի սկզբին արդեն հասկացան, որ 1320 բնակարանը ճիշտ է` խոստացված, բայց անիրական թիվ է: Այդ ե՞րբ է եղել, որ մեկ էլ կառավարությունն ու շինարարական կազմակերպությունը կարիքավոր անօթեւանների առաջարկների ու կարծիքների´ հիման վրա որոշումներ կայացնեն, կամ մանավանդ` բնակարանների սենյակների թիվ փոփոխեն, բա ինչո՞ւ բողոքողներից միայն նրանց են ներս թողել` բողոքելու կամ կարծիք հայտնելու, ով չորս կամ հինգսենյականոց չի կորցրել: Իսկ բնակարանների ներքին հարդարանքի, բնակարանների մակերեսների չափի եւ շենքերի կառուցապատման շինանյութերի ու դրանց ներկելիք գույնի մասին տեսնես ինչու չեն խորհրդակցում կարիքավոր անօթեւանների հետ: Այդ որտե՞ղ են լսվել եւ որտե՞ղ են գրանցվել անօթեւանների ցուցակներում ընդգրկված ընտանիքների առաջարկներն ու խնդրանքները, ինչպես նաև բնակարանաշինության խնդրով զբաղվող ակտիվ քաղաքացիների հետաքրքրությունը: Այս հարցերի պատասխանները ոչ պատվիրատուն, ոչ էլ կապալառուն տալ հակված չեն, այս հարցերի որոնման գործը լրագրողներինն ու ԶԼՄ-ներինն էր, նախ, ապա` նաեւ հասարակական-քաղաքական կառույցներինն ու ոլորտային հասարակական կազմակերպություններինը: Չեն արել եւ չեն անում:

 

Գլենդել Հիլզի հերքումներից մեկում լուսապայծառ միտք էր դրված, թե Ասպարեզի աշխատակիցներն ու ղեկավարները երբեւէ շինարարական հրապարակում չեն եղել: Հերքման հեղինակները երեւի տեղյակ չեն, որ այդ կիսակառույց շենքերը տեսնելու, զննելու, նկարելու համար կարիք չկա շինարարական հրապարակում լինելու, դրանք երեւում են ինչպես իրենց փշալարված պարիսպների կողքից ու հարեւան բնակելի շենքերի պատշգամբներից, այնպես էլ դրանց կտուրներից ու անգամ 1-2 կիլոմետր հեռավորությունից, այցելեցեք շինհրապարակի մատույցներ, սիրելի գրագիրներ: Վկա` վերը բերված եւ Ասպարեզի արխիվում պահվող այլ լուսանկարները: Այս գրագիրները երեւի մոռացել են, որ շինհրապարակում աշխատող բանվորների ու վարպետների կեսից ավելին գյումրեցի է եւ նրանց ցերեկային հերթափոխը, բարեբախտաբար դեռեւս գիշերում է իրենց բնակարաններում` շինհրապարակից դուրս, շփվում է մարդկանց հետ, խոսել գիտե եւ պատմելը չի մոռացել, ու Գյումրին, չնայած շատ վատ բաների, Կուբա կամ Կորեա չէ հյուսիսային:

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը անցած երկու օրերին խորությամբ վերազննելով տիեզերակազմության մասին բոլոր արդի տեսությունները, ափսոսանք է հայտնում, որ մոլորակները, աստղերը, գիսավորներն ու մետեորիտները իրենց արբանյակներով ու Ֆաետոն-մաետոն-լուսիններով չեն պտտվում Գլենդել Հիլզ ընկերության կողքուբոլորը եւ այդպիսով տիեզերքը եւ արեգակնային համակարգը գլենդելսհիլսակենտրոն չեն: Այդ արարչագործական սխալի ուղղման չնչին հնարավորության իսկ դեպքում, սպասեցնել չենք տա. տիեզերքի անվանափոխման լուրը կավետենք անմիջապես ու կտեղադրենք wikipedia-ի համապատասխան բաժնում:

 

Մյուս կողմից, տիեզերական զարգացումների հարցում կրավորական կեցվածք չընդունելով, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը իր հիմնական ինքնակայացման բանուգործը թողած զբաղվելու է կապալառուի գծով այլընտրանքային ինքնակայացմամբ, մասնավորաբար, մինչեւ այս տարեվերջ հսկողության տակ է պահելու Մուշ-2-ի շինարարության բոլոր դրվագները, ապա` առաջիկա տարիներին ջանքեր է ներդնելու հսկելու անօթեւանների համար իրականացվող շինարարությունը, այս աշխատանքներում ներգրավված բանվորների եւ մասնագետների աշխատանքային պայմանների համապատասխանությունը ՀՀ աշխատանքային օրենսդրությանը, նրանց հետ կապալառուի կնքած աշխատանքային պայմանագրերի պայմանների պահպանմանը եւ այլն: Հարկատուների միջոցների ծախսման այս գործառույթներում ներգրավվելու են համապատասխան մասնագետներ, փորձագետներ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ: Վերջիններիս բացակայության կամ թշվառության դեպքերում ստեղծվելու են իսկական արհմիություններ: Շինարարների իրավունքների բոլոր ոտնահարումների դեպքերում դատական պաշտպանություններ են իրականացվելու: Շատ չանցած, հույս ունենք, որ ամբողջ տիեզերքը սկսելու է մանրից պտտվել կապալառուի շուրջը կամ գոնե` կողքը: Միաժամանակ, հանուն բնակարանաշինության հայտարարում ենք, որ գլխապտույտի դեմ, հնուց փորձված միջոց կա. հայելու առաջ քիչ կանգնեք: Դրա փոխարեն խնդրեք բանվորներին իրենց բջջային հեռախոսներով մեկական լուսանկար բաշխել յութուբին կան թերթերին կամ սայթերին կամ համայնապատկերին: Թող նկարեն, թե քանի օրում է գաջը չորանում Գյումրու մինուս 5-ից պյուս 5-ի վայրիվերումների արանքում, այդպես չորանալու ընթացքում քանի՞ մատնաչափ ճաքեր են բացվում սվաղի մեջ, կարելի՞ է արդյոք թաց գաջի վրա պաբելկա անել, պեմզաբլոկների ծակերի մեջ ինչքա՞ն ցեմենտով շաղախ պիտի լցվի եւ` ինչքա՞ն շինարարական աղբ` պրարաբի աչքը թեքելու ժամանակ, որպեսզի սեյսմակայությունը 9-ից 15 բալ (վիշնյա իմաստով չէ) դառնա, թող նկարեն, թե քանի պատ պիտի քանդվի, որ երկու սենյականոցներն ու մեկ սենյականոցները երեք սենյականոց դառնան, թող նկարեն, ու նկարները դնեն Մուշ-2-ի ա լյա Վասյուկի  էսքիզի նկարի կողքին, որ սայթի այցելուները կարողանան գոնե մեկ տարբերություն գտնել դրանցում     

 

Այստեղ որպես ժամանակավոր հրաժեշտի կենաց բերվում է երկու չքնաղ նկար, ըստ հետախուզության տվյալների` ավտոկադով սարքած: Այդ նկարներից անհնարին է անմիջապես չճանաչել վերը բերված շինարարական հրապարակը:

 

Աղբյուրը. http://www.glendalehills.am/projects/ 


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter