Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու թիվ 19 դպրոց ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահի հայտարարությունը

 

13 | 02 | 2009 | 17:30 | Հայտարարություն (1)  

 

13 փետրվարի, 2009

Մամլո հաղորդագրություն (1)

 

Շիրակի մարզպետի անօրինական կարգադրության եւ հարակից զարգացումների մասին

 

Գյումրու թիվ 19 դպրոցի շուրջ տեղի ունեցող վերջին տասն օրերի զարգացումներն ու մամուլում արվող զանազան հրապարակումները ինձ ստիպում են հանդես գալ այս հրապարակային հայտարարությամբ, ինչի բացակայությունը կամ ուշացումը կարող է հանգեցնել էական վնասակար հետեւանքների այս կրթօջախի շահառուների եւ աշխատակիցների համար:

 

Դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար ՀՀ գործող կարգով դպրոցի ՊՈԱԿ-ի խորհուրդը մրցույթ էր հայտարարել, որը պետք է կայանար փետրվարի 3-ին: Սակայն Խորհրդի նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով. նիստին չմասնակցեցին Շիրակի մարզպետարանի երկու եւ Գյումրու քաղաքապետարանի մեկ ներկայացուցիչները[1]: Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչներից մեկը` Վարդիթեր Գասպարյանը նիստից առաջ հանդես եկավ հայտարարությամբ, որում ինձ մեղադրեց օրինախախտմամբ ընտրված լինելու մեջ եւ հրաժարվեց մասնակցել նիստին:

 

Անցած տարիներին ոչ ոք, այդ թվում եւ նույն տիկինը երբեւէ չեն մեղադրել ինձ անօրինական կերպով ընտրված լինելու մեջ, կարծիք կամ կասկած անգամ չեն հայտնել այդ մասին։ Վարդիթեր Գասպարյանը մասնակցել է ԿԽ նիստերի գրեթե կեսին, նաեւ այն նիստին, որում խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ ձայների 6:1 հարաբերակցությամբ ինձ ընտրել է որպես Խորհրդի նախագահ:  

 

Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը 2009 թվի փետրվարի 5-ին 1-011//342 թվագրմամբ գրություն[2] է ուղարկել դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, որում ասվում է. Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոցի պետական ոչ առեւտրային կազմակերպությունը խորհրդի անդամ` մանկավարժական խորհրդի կողմից ընտրված Ռ.Մովսիսյանի ընտրությունը տեղի է  ունեցել ՀՀ ԿԳ նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N981-Ա//Ք հրամանով հաստատված ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն ՊՈԱԿ խորհրդի ընտրության կարգի 2-րդ կետի 2-1 ենթակետի դրույթների խախտումով[3] եւ ՀՀ ԿԳ նախարարի` ՀՀ մարզպետներին (Երեւանի քաղաքապետին) ուղղված 2007 թվականի փետրվարի 9-ի N21-05-07/36 հանձնարարականի անտեսումով: Այս գրությունն ինձ պաշտոնապես հանձնվել է ծանոթացման փետրվարի 7-ին:   

 

Դպրոցի խորհրդի մարզպետարանից եւ քաղաքապետարանից նշանակված անդամները բացակայեցին նաեւ փետրվարի 6-ի նիստից, ինչի հետեւանքով տնօրենի պաշտոնի համար մրցույթը չկայացավ:

 

Փետրվարի 11-ին ժամը 11-ին, այն բանից հետո, երբ նախապատրաստում էի դպրոցի կառավարման խորհրդի հերթական նիստը եւ հրավիրել էի ԿԽ անդամներին, մարզպետարանի պաշտոնյաները ինձ հանձնեցին մարզպետի թիվ 29 կարգադրությունը[4], որը թվագրված էր 2009 թվի փետրվարի 10-ով: Այս կարգադրությամբ մարզպետը որոշել է դադարեցնել դպրոցի մանկավարժական խորհրդի երկու անդամների (իմ եւ Ալվարդ Ղայթանջյանի) լիազորությունները այն նույն հիմքով, ինչ նշված է նախորդ մեջբերված փաստաթղթում, նորից ասվում է, թե մենք ընտրվել ենք 2006 թվականի դեկտեմբերի 8-ի փոխված կարգի խախտմամբ: Նույն որոշմամբ, դադարեցվել են նաեւ խորհրդի կազմում մարզպետարանի երկու ներկայացուցիչների լիազորություները` հիմք ընդունելով նրանց հրաժարականները:

 

Ամենայն հավանականությամբ Շիրակի մարզպետը մինչեւ տնօրենին հղված գրությունն ու իմ լիազորությունների դադարեցման կարգադրությունը ստորագրելը չի բարեհաճել ճշտել, թե երբ է տեղի ունեցել Կառավարման խորհրդի կազմում իմ (եւ գործընկերուհուս) ընտրությունը եւ, մանավանդ, երբ են սպառվում մեր օրինական լիազորությունների ժամկետները: Ես որպես Գյումրու թիվ 19 դպրոցի կառավարման խորհրդի անդամ ընտրվել եմ 2006 թվի հոկտեմբերի 12-ին, այսինք  մոտ երկու ամիս ավելի վաղ, քան ՀՀ ԿԳ նախարարը ստորագրել է 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N981-Ա/Ք հրամանը ՀՀ ՊՀՈՒՀ ՊՈԱԿ-ի ընտրության նոր կարգ սահմանելու մասին: Ես ընտրվել եմ լիազորությունների եռամյա ժամկետով: Իմ ընտրության պահին ես իսկապես այս դպրոցում աշխատանքային երեք տարվա ստաժ չեմ ունեցել, ինչը պահանջվում է նոր կարգով, բայցեւ այդ պայմանը իմ ընտրության պահին գործող կարգով սահմանված չի եղել: Այսպիսով Շիրակի մարզպետը իր գրությամբ եւ կարգադրությամբ նախարարի հրամանի եւ նոր կարգի դրույթի խախտում է հայտարարել այն ընտրությունը, որը բնության եւ պատմության մեջ տեղի չի ունեցել: Տարակուսանք է հարուցում մարզպետի անտեղյակությունը այն առարկային, որի մասին փաստաթղթեր է ստորագրում:

 

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հղված Շիրակի մարզպետի փետրվարի 5-ի գրության մեջ հիշատակած երկու փաստաթղթերից (նոր կարգը եւ նախարարի հանձնարարականը) ոչ մեկը պաշտոնապես չի հանձնվել ինձ, կամ դպրոցի կառավարման խորհրդի որեւէ անդամի` ի գիտություն եւ ի գործ: Չնայած դրան Գյումրու թիվ 19 դպրոցի Ծնողական խորհուրդը եւ Գյումրու քաղաքապետարանը կատարել են իրենց լրացուցիչ պատվիրակումները[5] դպրոցի ԿԽ: Արդյունքում 2007 թվի սեպտեմբերի սկզբին ինձ` ԿԽ նախագահիս պաշտոնապես հանձնվել է Շիրակի մարզպետի 2007 թվի սեպտեմբերի 4-ին ընդունած թիվ 389 որոշման հավելվածը[6], որում հստակ գրված եւ Շիրակի մարզպետարանի քարտուղարության կնիքով կնքված-հաստատված է դպրոցի Կառավարման խորհրդի յոթհոգանոց կազմը։ Այս փաստաթղթում մանկավարժական խորհրդի կողմից որպես երկու ներկայացուցչներից մեկը բերված է իմ անուն ազգանունը: Այսպիսով ստացվում է, որ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի  վերոհիշյալ` 2009 թվի փետրվարի 5-ի 1-011//342 թվագրմամբ գրության եւ փետրվարի 10-ի` իմ լիազորությունները դադարեցնելու մասին կարգադրության մեջ իմ, իբր` խախտմամբ ընտրված լինելու պարագան լուրջ հակասության մեջ է նույն պաշտոնյանի ղեկավարած հիմնարկի` Շիրակի մարզպետարանի մեկուկես տարի առաջ հաստատած կառավարման խորհրդի կազմի հետ:

 

Իսկ նույն իր հիշատակած ՀՀ ԿԳ նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N981-Ա/Ք հրամանով հաստատված ՀՀ ՊՀՈՒՀ ՊՈԱԿ-ի ընտրության նոր կարգի ութերորդ կետում ասվում է Տարածքային կառավարման մարմինը (ըստ ենթակայության` մարզպետը, Երեւանի քաղաքապետը, ՀՀ ԿԳ նախարարը), հիմք ընդունելով հաստատության մանկավարժական, ծնողական խորհուրդների որոշումները եւ համայնքի ղեկավարի առաջարկությունները, 7 օրվա ընթացքում հաստատում է խորհրդի անվանական կազմը, կամ սույն կարգի խախտմամբ առաջադրված լինելու դեպքում մերժում է անվանական կազմում առաջարկված անձի կամ անձանց թեկնածությունը:: Ինչպես կարելի է կռահել ինձ հանձնված դպրոցի ԿԽ կազմը հաստատող փաստաթղթից, մարզպետը հիմքեր չի ունեցել ԿԽ կազմում իմ թեկնածությունը մերժելու համար, այլապես ինչու պիտի խախտեր նախարարի հաստատած կարգը: Եւ իմ կարծիքով, այդ հիմքը այդպես անակնկալ ճարվել է դպրոցի տնօրենի ընտրության փետրվարի 3-ի նիստից անմիջապես առաջ: Այդ հիմքը տվել են մարզպետի կողմից դպրոցի ԿԽ անդամ նշանակված Վարդիթեր Գասպարյանին, որը եւ դարձավ տնօրենի ընտրության խափանման գործիք։ Այս սարքված պատմությունից այն սարքողների տեսանկյունից ստացվում է, որ մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության  վարչության աշխատակցուհին ավելի զգոն եւ աչալուրջ է կրթության խնդիրներին, քան մարզպետը, որը, ըստ ՇՄ կրթության վարչության մեկնաբանության, ԿԽ կազմը հաստատելիս, սկզբում վստահել է դպրոցի տնօրեններին .... [7]: Տեսնես ինչո՞վ էին զբաղված այդ ժամանակ մարզպետարանի իրավաբաններն ու կրթության վարչությունը: Պատշաճ կլիներ, որ ինձ կարգի խախտմամբ ընտրված լինելու մեջ մեղադրելուց առաջ կամ հետո մարզպետն ու կրթության վարչության համապատասխան պաշտնյաները խոստովանեին իրենց պաշտոնական անփութությունը եւ շուտափույթ հրաժարականներ ներկայացնեին իրենց վերադասներին, եթե այդպես անկեղծորեն հավատում են, թե ես կարգի խախտմամբ եմ ընտրվել հենց իրենց եւ իրենց մի քանի տասնյակ ենթակաների աչքի առաջ:

 

Դպրոցում 2008 թվի հոկտեմբերի 23-30-ը մարզպետի հրամանով անցկացված աուդիտի ընթացքում իրականացվել է նաեւ ՊՈԱԿ-ի խորհրդի կատարած աշխատանքների աուդիտ: Աուդիտորները ծանոթացել են բոլոր այն փաստաթղթերին եւ աշխատանքներին ինչ կատարել է խորհուրդը, իսկ համապատասխան եզրակացության մեջ որեւէ հիշատակում չկա այն մասին, թե խորհրդի կազմը կամ իմ կարգավիճակը դրանում անօրինական է:

 

Առավոտ օրաթերթի փետրվարի 10-ի Մարզպետ-ՀՅԴ պատերազմը շարունակվում է  հոդվածում ասվում է. Կրթութան վարչությունից մեզ նաեւ փոխանցեցին, որ կառավարման խորհրդի նիստեր անցկացնելիս մարզպետարանի ներկայացուցիչներին ոչ միշտ են տեղյակ պահել, իսկ վերջերս նրանց մտաբերել են, քանի որ քվորում ապահովելու խնդիր կար:: Սա նույնպես սուտ է: Կառավարման խորհրդի նիստերի մասին ես մշտապես տեղեկացրել եմ ԿԽ բոլոր անդամներին առերես կամ հեռախոսով, իսկ տնօրենի ընտրության տապալված առաջին նիստից հետո` երկրորդ նիստից առաջ կայանալիք նիստի մասին քաղաքապետարանի մեկ եւ մարզպետարանի երկու ներկայացուցիչներին բացի հեռախոսային տեղեկացումը տեղեկացրել եմ նաեւ գրավոր` հատուկ նամակներով դիմելով նրանց վերադասներին: Անցյալում էլ նրանցից Վարդիթեր Գասպարյանը չի փայլել նիստերի մասնակցության բուռն ցանկությամբ: Առավոտի տեղեկատու ՇՄ կրթության վարչությունը չի կարող պատասխանել այն հարցին, թե ինչպե՞ս էր ստացվում, որ մարզպետարանի ներկայացուցիչներից մեկը` Գրիշա Փիլոյանը մշտապես մասնակցում էր նիստերին, իսկ Վարդիթեր Գասպարյանը` ոչ: ԿԽ անդամների մասնակցությունը նիստերին վավերացված է նիստերի արձանագրություններում, որոնց պատճենները ՇՄ կրթության վարչության ներկայացուցիչները փետրվարի 7-ին` տապալված մրցույթից հետո հապճեպ տարան իրենց հետ, ու, դատելով իրադարձությունների ընթացքից, դրանք իրենց տրամադրության տակ էին Առավոտին խեղաթյուրված տեղեկություններ մատակարարելիս:   

 

Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենի ընտրության տապալման ռազմավարությունը հետեւյալն է: Մարզային իշխանությունը փորձում է պնդել, թե ՀՀ ՊՀՈՒՀ ՊՈԱԿ-ի ընտրության նոր կարգ սահմանելու մասին ՀՀ ԿԳ նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N981-Ա/Ք հրամանից հետո պիտի դպրոցների կառավարման խորհուրդների համատարած ընտրություններ լինեին բոլոր անդամների համար: Այսինքն, ըստ մարզպետի, նախարարի հրամանից հետո կառավարման խորհուրդները հարկավոր էր կազմել զրոյից, թարմացնել ամբողջությամբ, անտեսելով արդեն մինչ այդ եղած կազմը, լիազորությունների եռամյա ժամկետ ունեցող անդամներին եւ նրանց ստեղծած ամեն ինչը:

 

Այնինչ, ինձ չհանձնված եւ հիմա միայն հայտնված ՀՀ ԿԳ նախարարի` ՀՀ մարզպետներին (Երեւանի քաղաքապետին) ուղղված 2007 թվականի փետրվարի 9-ի N21-05-07/36 հանձնարարականում[8] ասվում է. Տեղեկացնում եմ Ձեզ, որ ՀՀ ԿԳ նախարարի 2008 թվականի  դեկտեմբերի 8-ի 980-Ն եւ 981-Ն հրամաններով ուժը կորցված են ճանաչվել հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրում ընդգրկված հաստատության գործադիր տնօրենի ընտրության եւ նշանակման, ինչպես նաեւ խորհրդի ընտրության կարգերը եւ (. .) հաստատվել են նոր կարգերը, իսկ բուն հանձնարարության մեջ ասվում է.Խնդրում եմ 20-օրյա ժամկետում հանրակրթական հաստատությունների խորհուրդների կազմերում կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ: Ընդամենը:

 

Դատելով իմ հասցեին նետվող մեղադրանքներից, Շիրակի մարզպետն ու կրթության վարչությունը նախարարի հրամանը հասկացել է անմնացորդ ստեղծագործականությամբ` թե այդ հրամանն ստանալուն պես հարկավոր է ուժը կորցրած համարել ոչ միայն նախկին կարգը, այլեւ նախկին կարգով ստեղծված ամեն ինչ, մանավանդ, խորհրդի ընտրված եւ առկա անդամների կարգավիճակը: Այս դեպքում նույն տրամաբանությամբ արդյո՞ք հարկավոր չէ նաեւ ուժը կորցրած ճանաչել նախկին կարգով ստեղծված խորհրդի ընդունած բոլոր որոշումները, այդ որոշումներով իրականացված աշխատանքները, հաստատված բյուջեները եւ այլն: Կարելի է պատկերացնել, թե ինչ աղետ կստացվի արդյունքում, իսկ հաստատության ժառանգականության սկզբունքը ու՞ր է մնում: Ո՞վ  է Շիրակի մարզպետին կամ կրթության վարչությանը իրավունք տվել այդպես քմահաճորեն մեկնաբանել նախարարի հրամանը: Ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ մինչեւ որեւէ մեկին անօրինական կերպով ընտրված լինելու իր գնահատականը տալը եւ լիազորությունների դադարեցման մասին թուղթ ստորագրելը, բարի լիներ դիմել նախարարին հիշյալ հանձնարարականի մեկնաբանության խնդրանքով, ապա առաջնորդվեր ըստ այդմ:

 

Հակառակ դեպքում, նման նախադեպով կարող է ստեղծվել մի իրադրություն, երբ Շիրակի մարզպետի պես բոլոր մարզպետները գայթակղվեն նման հրապուրիչ զբաղմունքով՝ սկսեն յուրովի մեկնաբանել ԿԳ նախարարի եւ այլ նախարարների հրամանները, արդյունքում հետաքրքիր խայտաբղետություն կունենանք տարածքային կառավարման ոլորտում: Նախարարի հանձնարարականում ասվում է, որ նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել խորհրդի ընտրության հին կարգը, եւ ոչ թե` դադարեցվում են մինչ այդ պահը գործած խորհուրդների լիազորությունները կամ, որ` դրանք լուծարվում են, կամ` հանձնարարում է լուծարել դրանք: Եթե նախարարի հանձնարարականը նման թիրախ ունենար, ուղղակի դրանում կասվեր, որ խորհուրդները լուծարվում են եւ կազմվում են բոլորովին նոր խորհուրդներ: Կարծում եմ նախարարի հանձնարարականը ավելի քան հստակ է.-Խորհուրդների կազմերում կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ: -Մեր դպրոցի պարագայում այդպես էլ արվել է, այն է. խորհրդի կազմը հինգ անդամից դարձել է յոթ, եւ այստեղ ավելացել է համայնքային իշխանության ու ծնողական հանրույթի մեկական ներկայացուցիչ[9]: Այսինքն խորհրդի կազմը լրացվել եւ փոփոխվել է, ինչպես եւ ասվում է նախարարի հանձնարարականում, իսկ մյուս անդամները մնացել են իրենց լիազորությունների իրականացման ժամանակային շրջանակներում: Տպավորություն ունեմ, որ իմ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման տենդով տոգորվածները պարզապես արջի ծառայություն են մատուցել մարզպետին, գուցե այլընտրանք չե՞ն ունեցել:

 

Բացի այս ամենը, հայտնի պիտի լինի բարձրաստիճաններին, որ ՀՀ Սահմանադրությունը եւ տրամաբանությունը բացառում են խստացված նորմի հետադարձ ուժը կամ ազդեցությունը: Այն է` մարզպետի վկայակոչած` նախարարի հաստատած նոր կարգը, որ սահմանափակում է (խստացնում է) խորհրդի անդամին նույն հաստատությունում առնվազն եռամյա ստաժ ունենալու պայմանով չի կարող գործել կամ գործած համարվել այդ նորմի ընդունումից առաջ էլ....: Կա՞ լրացուցիչ մեկնաբանությունների կարիք:       

 

Եւ վերջապես, ըստ ՀՀ Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն պետական ոչ առեւտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության[10] 47 կետի դպրոցի խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են ա) առաջադրողի նախաձեռնությամբ եւ խորհրդի որոշմամբ ու բ) իր դիմումի համաձայն: Իսկ ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն ՊՈԱԿ-ի խորհրդի ընտրության կարգի համաձայն խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են աշխատանքից ազատվելու, ՀՀ օրենսդրությամբ եւ հաստատված կանոնադրությամբ նախատեսված դեպքերում։ Իմ պարագայում, քանի դեռ ես աշխատում եմ թիվ 19 դպրոցում, մարզպետն իր ձեռքի տակ ոչ իմ հրաժարականն ունի, ոչ էլ Գյումրու թիվ 19 դպրոցի Ուսուցչական խորհրդի որոշումն այն մասին, թե Ուսուցչական խորհուրդը դադարեցնում է կամ պահանջում է իմ լիազորությունները դադարեցնել խորհրդում, կամ` ետ  կանչում ինձ խորհրդից: Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման այլ արտադատարանական մեխանիզմ գործող եւ մարզպետի բազմիցս հիշատակած նոր կարգում պարզապես չկա:

 

Այսպիսով, Շիրակի մարզպետի փետրվարի 10-ի կարգադրությունը իմ լիազորությունները դադարեցնելու մասին օրինական հիմքեր չունի եւ այն ես բողոքարկում եմ ՀՀ ԿԳ նախարարին:

 

Շիրակի մարզպետի եւ կրթության վարչության պաշտոնյաների գրություններն ու ելույթներն այն մասին թե, ես իբր կարգի խախտմամբ եմ ընտրվել ԿԽ անդամ, ընդամենը մասնավոր կարծիքներ են. ինչպե՞ս կարող է մարզպետը իմ լիազորությունների դադարեցման հիմքում նախարարի հաստատած ընտրակարգի խախտմամբ ընտրված լինելու հանգամանք նշել, երբ ես Կառավարման խորհրդի անդամ եմ ընտրվել այդ կարգի ընդունումից 2 ամիս առաջ:

 

Ինձ մարզպետը կամ կրթության վարչության աշխատակիցները չեն ընտրել: Նրանք իրենց ներկայացուցիչներն ունեն Կառավարման խորհրդում, մանկավարժական հանրութը` իր, ծնողներն` իրենց, քաղաքապետարանն` իր, եւ հենց այս ձեւաչափն է, որ դպրոցի իսկական ժողովրդական կառավարում ու կառավարման ժողովրդավարություն պիտի ապահովի, սա էր, որ կարծես պիտի լիներ ոլորտի բարեփոխման գրավական: Ամենայն հավանականությամբ, մարզպետը (կամ մարզպետարանը, կամ առավել զորավորները), չգոհանալով իր երկու ներկայացուցիչների ազդեցությամբ եւ ներկայացվածությամբ, փաստորեն, կամայականորեն է մեկնաբանում նախարարի հանձնարարականը, դրանով փորձելով հասնել գերակա ազդեցության դպրոցի կառավարման եւ ճակատագրի հարցերում:

 

Ճշմարիտ է, որ տնօրենի ընտրության մրցույթի չկայացած երկու նիստերից հետո աշակերտների մի մասը հրաժարվեց մասնակցել դասերին եւ ծնողների հետ բողոքի ակցիայի ելավ դպրոցի մոտ: Շիրակի մարզի կրթության վարչությունից ... հաղորդեցին, որ բողոքի ակցիան կազմակերպված է եղել նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյանի կողմից ... [11]: Զարմանալի է, որ Կրթության վարչությունը անգործության է մատնված ու չի դիմում համապատասխան եւ իրենց քաջ հայտնի մարմիններին վնասարարության կամ սաբոտաժի հոդվածներով քրեական գործ հարուցելու վճռական ու անզիջում պահանջով: Իսկ ես վստահ եմ, որ մեր երկրի պետական ոչ առեւտրային կազմակերպություն դպրոցը համակենտրոնացման ճամբար չէ, եւ որքան էլ զարմանալի կլինի ՇՄ կրթության վարչության հետաքննիչ աշխատակիցների համար, երեխաներն ու նրանց ծնողներն էլ սահմանադրական իրավունքներ ունեն (պատկերացնու՞մ եք), իրավունք ունեն գալ դպրոց եւ իրավունք ունեն չգալ դպրոց, իրավունք ունեն գոհանալ եւ թքած ունենալ, ներգաղթել կամ արտագաղթել, իրավունք ունեն դրվատել եւ պարսավել, բոյկոտել եւ հացադուլ անել, իրավունք ունեն պահանջներ ներկայացնել եւ հասնել դրանց կատարմանը. իսկապես, զարհուրելի բան է Սահմանադրությունը այս ամենը չհասկացողների համար:

 

Լրագրողներին, հասարակական եւ մշակույթի գործիչներին սիրով հրավիրում եմ մեր դպրոց, կտեսնեք, այստեղ ապագա քաղաքացի՞ են դաստիարակում, թե՞ քաղաքական թեկնածուների հանրահավաքների մասսովկաների հումք: 

 

Գյումրու թիվ 19 դպրոցը մեկն էր Գյումրու այն հատուկենտ դպրոցներից, որոնք անցած փետրվարի 15-ին կտրականապես հրաժարվեց որեւէ մասնակցություն ունենալ ՀՀ նախագահի իշխանական թեկնածուի աջակցության հանրահավաքին, որ տեղի ունեցավ աշխատանքային օրվա կեսօրին, այն ժամանակ, երբ պետական դպրոցները, քոլեջներն ու ԲՈՒՀ-երը հարկատուների հաշվին պիտի զբաղված լինեին մեկ ամբողջ սերնդի կրթությամբ: Ոչ ոք լուսնից չէր իջել եւ, վստահեցնում եմ, լավ պատկերացրել ենք, թե ինչ գին կարող է ունենալ նման հանդուգն ինքնուրույնությունը:   

 

Այսուհետ էլ իմ պարտականություն եմ համարում հանրությանը ամենայն մանրամասնությաամբ իրազեկել այն ամենին, ինչ տեղի կունենա մեր դպրոցի դեմ սարքված այս պատմության մեջ:

  

Այս հայտարարությունը որեւէ անձնական խնդիր չունի այստեղ հիշատակված որեւէ անձի դեմ:

 

Գյումրու թիվ 19 դպրոցի Կառավարման խորհրդի նախագահ,

Կրթության ասպարեզ ՀԿ նախագահ

 

Ռուզան Մովսիսյան


[1] ԿԳ նախարարի 2006 թվի դեկտեմբերի 8-ի N 980-Ա/Ք հրամանից.-կետ 7. Մրցույթը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցել է  խորհրդի անդամներից առնվազն 5-ը: -ՀՀ ԿԳ նախարարի 2996 թվի դեկտեմբերի 8-ի N 980-Ա/Ք հրաման

[2] Գրության լուսապատճենը բերված է կից 1-ին հավելվածում։

[3] ՀՀ ԿԳ նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N981-Ա//Ք հրամանով հաստատված ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն ՊՈԱԿ խորհրդի ընտրության կարգի 2-րդ կետի 2-1 ենթակետով սահմանվում է, որ ԴԿԽ ուսուցչական հանրույթից ընտրվող անդամները նույն դպրոցում աշխատանքային առնվազն 3 տարվա ստաժ պետք է ունենան

[4] Փաստաթղթի լուսապատենը բերված է կից 2-րդ հավելվածում։

[5] Գյումրու թիվ 19 դպրոցի Կառավարման խորհուրդը մինչ նոր կարգի ընդունումը ունեցել 5 անդամ, չի ունեցել համայնքային իշխանության ներկայացուցիչ եւ Ծնողական խորհրդի երկրորդ ներկայացուցիչ:

[6] Փաստաթղթի լուսապատճենը բերված է կից 3-րդ հավելվածում։

[7] Առավոտ օրաթերթ, փետրվարի 10, 2009: Մարզպետ-ՀՅԴ պատերազմը շարունակվում է:

[8] Հանձնարարականի լուսապատճենը բերված է կից 4-րդ հավելվածում։

[9] Մինչ այդ փոփոխությունը դպրոցներում, կախված աշակերտների թվից, ՊՈԱԿ խորհուրդների անդաների թիվը եղել է 5, 7 կամ 9 հոգի` մարզպետարաններից, Ուսուցչական եւ Ծնողական խորհուրդներից մասնակիցների զանազան քվոտաներով: Եւ այս պարագայում ավելի քան հասկանալի է նախարարի հանձնարարականը այդ կազմերում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, այն հաշվով, որ բոլոր դպրոցներում Խորհուրդներն ունենան նույն ձեւաչափը. 2 հոգի՝ մարզպետի կողմից  նշանակված, 2 հոգի՝ Ուսուցչական խորհրդից, 2 հոգի՝ Ծնողական խորհրդից եւ 1 հոգի` համայնքային իշխանությունից:

[10] ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 5-ի N 1392-Ն որոշում

[11] Առավոտ օրաթերթ, փետրվարի 10, 2009: Մարզպետ-ՀՅԴ պատերազմը շարունակվում է


www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter