Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցը

 

26 | 02 | 2009 | 10:00 | Զեկույց

 

2008 Թվականի տարեկան զեկույց

 

Հսյաստանում ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտումների մասին

 

2008 թվականը ծանր փորձությունների ժամանակաշրջան էր Հայաստանի ԶԼՄ-ների համար։ Տեղեկատվական ոլորտում վերջին վեց տարիներին նկատված հետընթացի միտումները հատկապես ուժեղացան նախագահական ընտրությունների ժամանակ` իշխանության եւ ընդդիմության միջեւ դիմակայության պայմաններում։ Հետխորհրդային Հայաստանում բազմիցս է այսպես եղել (եւ դա հաստատվում է նաեւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հետազոտություններով). երբ ներքաղաքական իրավիճակը սրվում է, որպես կանոն, ակտիվանում են նաեւ ԶԼՄ-ների ազատության դեմ հարձակումները։ Սակայն 2008-ը աննախադեպ էր ոչ միայն լրատվամիջոցների եւ լրագրողների իրավունքների խախտումների քանակով, այլեւ՝ զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ գրաքննություն կիրառելու փաստերով։

 

Երկրի լրագրողական կազմակերպությունների գնահատականներով, հեռուստաընկերությունների մեծ մասի` 2008-ի նախընտրական իրադարձությունների եւ բուն ընթացքի, ինչպես նաեւ՝ հետընտրական ժամանակաշրջանի քաղաքական գործընթացների ծայրահեղ կանխակալ լուսաբանումը ամենից առաջ հենց հեռարձակվող ԶԼՄ-ների վրա իշխանությունների ուժեղացող ճնշման ուղղակի հետեւանքն էր։ Իսկ մարտի 1-ից 20-ը Երեւանում հայտարարված արտակարգ դրությունը ուղեկցվեց տպագիր մամուլի նկատմամբ ապօրինաբար նախնական գրաքննություն մտցնելով, ինտերնետային կայքերի արգելափակմամբ, այլախոհության հետապնդմամբ։

 

Լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքների յուրաքանչյուր լուրջ խախտում` Հայաստանում մամուլի ներկայացուցիչների դեմ բռնության դեպքերը, խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված միջոցառումները համապատասխան արձագանք են ստացել նաեւ միջազգային կազմակերպությունների կողմից։ Մասնավորապես, փետրվարի 21-ին Լրագրողներ առանց սահմանի (RSF) կազմակերպությունը կոչ արեց պատժել Հայաստանի նախագահական ընտրությունները լուսաբանող լրագրողների վրա հարձակման մեղավորներին։ Իշխանությունները պետք է լրջորեն վերաբերվեն այդ միջադեպերին,- հայտարարել է կազմակերպությունը,-լրագրողներն ընդամենը իրենց գործն են անում։ Փետրվարի 22-ին ընտրական տեղամասերում բռնության եւ սպառնալիքի դեպքերի առնչությամբ հայտարարությամբ հանդես եկավ Հյուման Ռայթս Ուոթչ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, որը Հայաստանի իշխանություններին կոչ արեց նախագահական ընտրությունների օրը լրագրողների եւ դիտորդների դեմ կատարված իրավախախտումների հետաքննություն անցկացնել։ Մայիսի 30-ին հրապարակվեց  2008 թ. փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության եզրափակիչ հաշվետվությունը։ ԶԼՄ-ներին նվիրված բաժնում նշված է.

 

...Մտահոգություններ գոյություն ունեն հեռարձակվող լրատվամիջոցների անկախության վերաբերյալ։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ զրուցակիցները, մասնավորապես, մտահոգված էին խմբագրական որոշումների վրա քաղաքական եւ գործարար շահերի մեծ ազդեցության, լրատվամիջոցների ֆինանսական խոցելիության, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) ոչ ադեկվատ կանոնակարգման եւ անկախության, ինչպես նաեւ՝ լրագրողների ու լրատվամիջոցների դեմ գործողությունների հարցերով։

 

Ապրիլի 17-ին  ԵԽԽՎ-ն ընդունեց Ժողովրդավարական ինստիտուտների գործառույթը Հայաստանում թիվ 1609 (2008) բանաձեւը, որում անդրադարձ կա նաեւ ԶԼՄ-ների ոլորտում տիրող իրավիճակին։ Այսպես՝  6.5 կետում նշված  է. Թեեւ գոյություն ունի բազմակարծ ու անկախ տպագիր մամուլ, իշխանությունների կողմից էլեկտրոնային լրատվամիջոցների եւ նրանց գործունեությունը կարգավորող մարմինների նկատմամբ իրականացվող վերահսկողության ընթացիկ մակարդակը,  ինչպես նաեւ` իսկապես անկախ ու բազմակարծություն ապահովող հանրային հեռարձակողի բացակայությունը, խոչընդոտում են լրատվամիջոցների դաշտում բազմակարծության ձեւավորմանը եւ խորացնում քաղաքական համակարգի նկատմամբ հանրության վստահության պակասի խնդիրը։ Իսկ Բանաձեւի 8.3 կետը, մասնավորապես,  ասում է. Պետք է երաշխավորել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, ինչպես նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անկախությունը քաղաքական շահերից։ Բացի այդ, պետք է վերանայել նշված մարմինների կազմավորման կարգը` երաշխավորելու դրանցում հայաստանյան հասարակության իրական ներկայացվածությունը։  Այս ոլորտում Վենետիկի հանձնաժողովի եւ Եվրոպայի խորհրդի փորձագետների առաջարկությունները պետք է ի վերջո հաշվի առնվեն։ Վեհաժողովը կրկնում է, որ օրենսդրությունը բարեփոխելուց զատ, իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն` ապահովելու հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի անկախությունը եւ բազմակարծությունն առօրյա գործունեության մեջ։  Բացի այդ, պետք է դադարեցնել հարկային մարմինների ճնշումներն ընդդիմադիր էլեկտրոնային եւ տպագիր լրատվամիջոցների նկատմամբ։

 

Նշանակալի պետք է համարել Մելտեքս ՍՊԸ-ն եւ Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով (հայտնի է իբրեւ Ա1+-ի գործ) Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռը, որ հրապարակվեց հունիսի 17-ին։ Եվրոպական դատարանը վճռեց, որ խախտվել է հեռուստաընկերության՝ տեղեկություններ եւ գաղափարներ տարածելու ազատության իրավունքը, որը նախատեսված է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով։ Դատարանը համարեց, որ լիցենզավորման այն ընթացակարգը, որով լիցենզավորող մարմինը չի պատճառաբանում իր որոշումները, խոսքի ազատության հիմնարար իրավունքին իշխանությունների կողմից կամայական միջամտություններից բավարար պաշտպանություն չի ապահովում։ Եվրոպական դատարանը պարտավորեցրեց Հայաստանի Հանրապետությանը՝ վճռի ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում Մելտեքս ՍՊԸ-ին վճարել 30 հազար եվրո` 20 հազարը որպես ոչնյութական վնասի փոխհատուցում եւ 10 հազարը` որպես դատական ծախսերի փոխհատուցում։

 

Հունիսի 25-ին ԵԽԽՎ նստաշրջանն ընդունեց Վեհաժողովի 1609 (2008) բանաձեւի կատարումը Հայաստանի կողմից թիվ 1620 (25. 06. 2008) բանաձեւը։ Դրա 6-րդ կետը ասում է. Վեհաժողովը վերահաստատում է, որ Հայաստանում կա բազմակարծ էլեկտրոնային լրատվամիջոցների համար նպաստավոր միջավայրի անհրաժեշտություն եւ, անդրադառնալով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի՝ Ա1+ հեռուստատեսությանը  հեռարձակման արտոնագիր չտրամադրելու վերաբերյալ դատավճռին, կոչ է անում  արտոնագրեր շնորհող մարմնին այժմ ապահովել արտոնագրման բաց, արդար եւ թափանցիկ ընթացակարգ՝ համաձայն 2008թ. մարտի 26-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից ընդունված ուղենիշների եւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի։

 

Միջազգային արձագանքներն, անշուշտ, կարեւոր են։ Այսուհանդերձ՝ ազատ եւ անկախ ԶԼՄ-ների՝ իբրեւ ժողովրդավարական ինստիտուտի զարգացումն ու կայացումը անհրաժեշտ է, նախ եւ առաջ, հենց Հայաստանի համար, երկրի ապագայի համար։ Այս ոլորտի իրավիճակը տագնապելու տեղիք է տալիս։ Ինչպես վկայում է վիճակագրությունը (հիմք են վերցված Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալները), 2003 թվականի (նախորդ նախագահական ընտրությունների տարվա) համեմատ 2008-ին զգալիորեն աճել են լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների, ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների վրա ճնշման, տեղեկությունների ստացման եւ տարածման իրավունքի խախտման դեպքերը (տես` աղյուսակը)։ Միաժամանակ, ի տարբերություն 2003-ի, այս տարի Կոմիտեն արձանագրել է նաեւ ինչպես քողարկված, այնպես էլ բացահայտ  գրաքննության փաստեր, ինչի մասին վերը նշվեց։ Դրանք ներկայացված են զեկույցի համապատասխան բաժնում։

 

 

Խախտումների տեսակները / տարեթիվ

2003

2008

Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններ

7

18

ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների վրա ճնշումներ

13

16

Տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներ

5

14

 

ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտման ձեւերի ներկայացված դասակարգումը որոշ չափով պայմանական է (օրինակ, տեղեկությունների ստացմանն ու տարածմանը խոչընդոտելը կարող է ուղեկցվել լրագրողի նկատմամբ բռնությամբ։ Այդպիսի փաստեր Կոմիտեն նույնպես արձանագրել է, եւ դրանցից յուրաքանչյուրը դասվել է խախտման այն տեսակին, որին, զեկույցի հեղինակների կարծիքով, ավելի է մոտ)։ Սակայն այս դասակարգումը թույլ է տալիս ավելի կոնկրետ եւ տեսանելի պատկերացնել ԶԼՄ-ների եւ լրագրողների դեմ իրավախախտումների պատկերը։   

 

Մենք նպատակ չունենք սույն զեկույցում դիտարկել 2008-ի ընթացքում ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտման բոլոր դեպքերը։ Առավել եւս, որ Կոմիտեն վստահ է` այդպիսի փաստերի իրական քանակը զգալիորեն գերազանցում է արձանագրվածներին (ԶԼՄ-ների աշխատակիցները հաճախ արհամարհում են իրենց հասցեին արված տարաբնույթ սպառնալիքները, նախընտրում են ինքնուրույն, այսպես ասած, առանց ավելորդ աղմուկի հաղթահարել իրենց մասնագիտական գործունեության խոչընդոտները կամ էլ լուրջ նշանակություն չեն տալիս ԶԼՄ-ների եւ խոսքի ազատության բնագավառում այս կամ այն ապօրինի սահմանափակումներին)։ Իրավիճակը բնութագրելու համար, ներկայացնենք  հասարակական լայն արձագանք ստացած փաստերը։

 

Լրագրողների նկատմամբ ֆիիկական բռնություններ

 

Փետրվարի 19-ին՝ նախագահական ընտրությունների օրը, Երեւանի Էրեբունի համայնքի թիվ 13/16 ընտրական տեղամասի տարածքում Հայկական ժամանակ թերթի թղթակից Լուսինե Բարսեղյանը ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահի եւ դիտորդներից մեկի վեճի վկան է դարձել։ Ըստ Լուսինե Բարսեղյանի, ինքը փորձել է հանձնաժողովի նախագահից պարզաբանում ստանալ, սակայն վերջինս պատասխանելու փոխարեն խնդրել է ոստիկանության ներկայացուցիչներին Լուսինեին դուրս հանել տեղամասից։ Երբ Ժառանգություն կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր, դիտորդ Արմեն Մարտիրոսյանը փորձել է բացատրել, որ անթույլատրելի է խոչընդոտել լրագրողին` մասնագիտական պարտքը կատարելիս, նրան նույնպես դուրս են արել տեղամասից։ Ինչ-որ երիտասարդ տղամարդ լրագրողից խլել է թվային ֆոտոխցիկն ու ձայնագրիչը եւ դրանք վերադարձնելու պահանջին ի պատասխան, Լուսինե Բարսեղյանի խոսքերով. ազատություն է տվել ձեռքերին եւ ոտքերին։ Դեպքի վայրում գտնվող իրավապահ մարմինների ներկայացուցիչները որեւէ ձեւով չեն արձագանքել կատարվածին։ Միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր.օր.-ի 149-րդ հոդվածի հատկանիշներով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը)։ Հետաքննությունը վարել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։ ՀՀ Գլխավոր դատախազությունը 2008 թ. հունիսի 27-ին հայտնել է, որ Երեւանի Էրեբունի համայնքի թիվ 13/16 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Վասիլ Աֆյանին մեղադրանք է ներկայացված ՀՀ Քր.օր.-ի վերը նշված հոդվածով։ Հուլիսի 28-ին Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Աֆյանին մեղավոր է ճանաչել եւ տուգանել 300.000 դրամի չափով։

           

2008 թվականին լրագրողների նկատմամբ բռնությունները հաճախ իրականացվում էին կամ հենց իշխանության ներկայացուցիչների կողմից, կամ նրանց ներկայությամբ, կամ էլ նրանց լուռ համաձայնությամբ։ Բերենք կոնկրետ օրինակներ. փետրվարի 23-ին, ժամը 17.00-ի սահմաններում Երեւանի Դավիթաշեն համայնքի թիվ 5/21 ընտրական տեղամասում ձայների  վերահաշվարկի ժամանակ տեղի ունեցավ միջադեպ, որը լայն արձագանք ստացավ։ Առավոտ եւ Չորրորդ իշխանություն թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի խոսքերով, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին սկզբում թույլ չեն տվել մտնել  այն շենքը, որտեղ պետք է անցկացվեր վերահաշվարկը, սակայն աշխատանքային օրվա վերջում նրանց հաջողվել է ներս մտնել։ Շենքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներից բացի, գտնվել են ոստիկանության ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ մի քանի պատգամավորներ, այդ թվում՝ Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խնբակցության անդամ Լեւոն Սարգսյանը` իր մոտ  մեկ տասնյակ թիկնապահներով։ Երբ Գագիկ Շամշյանը սկսել է լուսանկարել, Լեւոն Սարգսյանը նրա վրա  պլաստիկ շիշ է նետել, որից հետո վերջինիս թիկնապահները հարձակվել են լրագրողների վրա։ Գագիկ Շամշյանի վկայությամբ, թիկնապահները հայհոյելով, սպառնալով, ուժ գործադրելով, շենքից դուրս են արել իրեն եւ մյուս լրագրողներին` Առավոտ թերթի թղթակից Նաիրա Մամիկոնյանին, Panorama.am լրատվական կայքի թղթակից Արթուր Խեմչյանին եւ Չորրորդ իշխանություն թերթի թղթակից Թագուհի Թովմասյանին։ Հարձակման ժամանակ ջարդվել է Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկը։ Վնասվել է նաեւ Ա1+ հեռուստաընկերության օպերատոր Սեւակ Գրիգորյանի տեսախցիկը, նրանից խլել են նաեւ տեսաերիզը։ Ընդ որում՝ հարձակում գործածներից ոչ ոք պատիժ չի կրել։

                    

Փետրվարի 29-ի առավոտյան, Երեւանի Ազատության հրապարակում, որտեղ Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների բողոքի ակցիան էր տեղի ունենում, ոստիկանները հարձակվել են նույն Գագիկ Շամշյանի վրա։ Վերջինիս խոսքերով, նկատելով, որ ինքը սկսել է լուսանկարել իրենց, ոստիկանության մի քանի աշխատակիցներ հայհոյանքներով հարձակվել են եւ սկսել հարվածել։ Լրագրողին դատաստանի ենթարկելը դադարեցվել է միայն հրապարակում գտնվող մարդկանց միջամտության շնորհիվ։ Հարձակվողները պատռել են լրագրողի բաճկոնը, վնասել են նրա ֆոտոխցիկը։ Հաջորդ օրը՝ մարտի 1-ի առավոտյան, Գագիկ Շամշյանը ձերբակալվել է Ազատության հրապարակում, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին ցրելու` իրավապահ մարմինների կողմից կազմակերպված գործողությունների ընթացքում։ Լրագրողի վկայությամբ՝ իրենից խլել են ֆոտոխցիկը, ծեծել են, ձեռնաշղթաներ են հագցրել եւ տարել Երեւանի ոստիկանություն։ Այնտեղից նա ուղարկվել է Կենտրոն համայնքի ոստիկանություն, իսկ ավելի ուշ՝ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի ոստիկանություն։ Ըստ Գագիկ Շամշյանի, իր գտնվելու վայրի մասին իրեն հաջողվել է տեղյակ պահել փաստաբանին, մի քանի լրագրողի եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին։ Ոստիկանության բաժանմունքում գտնվելու ժամանակ Գագիկ Շամշյանը բուժօգնության կարիք է զգացել, նրան տեղափոխել են հիվանդանոց եւ նորից հետ  բերել։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջամտությունից հետո միայն, կեսգիշերին լրագրողը ազատ է արձակվել։

           

Ինչպես 2008թ. մայիսի 21-ի համարում հաղորդել է Ժամանակ Երեւան թերթը, մայիսի 18-ի ցերեկը ձերբակալվել եւ Մասիս քաղաքի (Արարատի մարզ) ոստիկանության բաժանմունք է բերվել Ժամանակ Երեւան թերթի արտահաստիքային թղթակից Ռոբերտ Սարգսյանը։ Նա բջջային հեռախոսով  լուսանկարել է քաղաքում անցկացվող բողոքի ակցիան, երբ իրեն են մոտեցել ոստիկանները, ուժով մեքենա են նստեցրել եւ բերման ենթարկել ոստիկանության բաժանմունք։ Լրագրողից խլել են հեռախոսը, ջնջել են լուսանկարները, ճանապարհին եւ ոստիկանական բաժանմունքում ծեծել են։ Մոտ մեկ ժամ անց Ռոբերտ Սարգսյանը բերվել է Արտաշատ քաղաքի ոստիկանության բաժանմունք  եւ ազատ է արձակվել միայն երեկոյան, մոտավորապես 22.00-ին։

 

Մայիսի 27-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նիստի ժամանակ ոստիկանության աշխատակից Էդգար Պետրոսյանի եւ Տարեգիր թերթի թղթակից Գայանե Առուստամյանի միջեւ միջադեպ է տեղի ունեցել։ Դատարանում լսվում էր Միսաք Հովակիմյանի գործը, որը մեղադրվում էր Երեւանում 2008թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելու համար։ Գայանե Առուստամյանի խոսքերով՝ գործով տուժող ճանաչված Էդգար Պետրոսյանի հարցաքննության ժամանակ ինքը նրա դիմաց ձայնագրիչ է դրել։ Ոստիկանն այն անջատել է։ Նկատելով դա՝ Գայանե Առուստամյանը նորից է միացրել ձայնագրիչը եւ նախազգուշացրել՝ որպեսզի չանջատի։ Երբ լրագրողը շրջվել է, որ իր տեղը նստի, իր խոսքով, պատահաբար գրիչով դիպել է ոստիկանի վերնաշապկին։ Վերջինս, ի պատասխան, հարվածել է լրագրողի ուսին։ Քաշքշուկ է սկսվել, եւ արդյունքում՝ դատավորը Գայանե Առուստամյանին հեռացրել է նիստերի դահլիճից։  

           

Հունիսի 20-ին, մոտավորապես 17.00-ին Երեւանում՝ Ազատության հրապարակի մոտ իրավապահ մարմինների ներկայացուցիչների եւ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի միջեւ բախում է տեղի ունեցել։ Գագիկ Շամշյանի խոսքով՝ ինքը լուսանկարել է մեքենաներից վահաններ,  սաղավարտներ, ռետինե մահակներ եւ այլ հատուկ հանդերձանք իջեցնող ոստիկաններին, երբ հայհոյանքներով իրեն է մոտեցել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի ոստիկանության պետ Գագիկ Վարդանյանը եւ սկսել է հարվածել։ Ըստ Շամշյանի, իր նկատմամբ բռնությունը դադարել է իրավապահ մարմինների այլ ներկայացուցչի միջամտությունից հետո միայն։ Ըստ Գագիկ Շամշյանի, նույն օրը, ավելի ուշ, Մատենադարանի մոտ ընդդիմության հանրահավաքի ժամանակ, ինքը կրկին բախվել է Գագիկ Վարդանյանի հետ,  եւ ոստիկանը փորձել է շարունակել հարաբերություններ ճշտելը։ Սակայն վերջինիս խանգարել են հանրահավաքի մասնակիցները եւ այլ լրագրողներ։

           

Օգոստոսի 1-ին Աշտարակ քաղաքում Հայկական ժամանակ օրաթերթի աշխատակից Գագիկ Հովակիմյանը բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք, որտեղ նրան պահել են մոտ մեկուկես ժամ։ Երեւանում ընդդիմության հանրահավաքի անցկացման օրը Գագիկ Հովակիմյանը խմբագրության մեքենայով Աշտարակ էր տարել թերթի թղթակից Աննա Զախարյանին` քաղաքի իրավիճակը (մասնավորապես տրանսպորտի աշխատանքի ընդհատումները) լուսաբանելու նպատակով։ Չնայած խմբագրության պահանջներին, ԶԼՄ-ի աշխատակցի նկատմամբ ապօրինաբար բռնություն գործադրած ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվել։

           

Օգոստոսի 5-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի կարգադրությամբ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մի քանի ժամով ազատազրկվել է։ Շամշյանին, որը մտադիր էր լուսանկարել Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի գործով դատական նիստը, փակել են դատարանի շենքի նկուղային հարկում, որից հետո ուղարկել են Կենտրոնի ոստիկանության բաժանմունք։ Օգոստոսի 6-ին Չորրորդ իշխանությունթերթի թղթակից Գոհար Վեզիրյանին, որը լուսաբանել է այդ նույն գործով դատական գործընթացը, դատավորի կարգադրությամբ կատարածուները դատարանի դահլիճից դուրս են հրավիրել։ Վերջիններս, ուժ գործադրելով եւ հարվածներ տեղալով, Վեզիրյանին դատապարտյալների համար նախատեսված սենյակ են տարել։ Լրագրողին մոտ մեկուկես ժամ պահել են տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց հետ, ինչից հետո ուղարկել են Կենտրոնի ոստիկանության բաժանմունք։ Այստեղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի եւ Չորրորդ իշխանություն թերթի թղթակից Գոհար Վեզիրյանի դեմ քրեական գործ են հարուցել ՀՀ Քր.օր.-ի 343 հոդվածի (Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը) 1-ին մասով, որով նախատեսվում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ մեկից երկու ամիս ժամկետով։ Դեկտեմբերի 24-ին ոստիկանությունը լրագրողներին մեղադրանք է ներկայացրել այդ հոդվածով։ Ինչպես հաղորդել է փաստաբան Հովիկ Արսենյանը, լրագրողներն իրենց մեղավոր չեն ճանաչել եւ համարել են, որ դատավոր Գագիկ Ավետիսյանը գերազանցել է իր լիազորությունները։

 

Օգոստոսի 11-ին տանից դուրս գալուց ծեծի է ենթարկվել Հայկական ժամանակ թերթի թղթակից Լուսինե Բարսեղյանը։ Լրագրողը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ նրան բուժզննում անցկացրած բժիշկները ախտորոշել են գլխի վնասվածք եւ արյան զեղում։ Քրեական գործ է հարուցվել, սակայն հանցագործները չեն հայտնաբերվել։

           

Օգոստոսի 18-ին Երեւանի կենտրոնում հարձակման եւ ծեծի է ենթարկվել Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայության երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանը։ Մեղավորները չեն բացահայտվել։

           

Օգոստոսի 21-ին Երեւանի մամուլի ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն,   Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը, Գյումրիի լրագրողների Ասպարեզ ակումբը, Հելսինկյան  քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Վանաձորի մամուլի ակումբը եւ Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Հայաստանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ օգոստոսին պատահած միջադեպերի առնչությամբ հայտարարություն են տարածել։ Փաստաթղթում մասնավորապես, նշվում է, որ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո հանդուրժողականության մթնոլորտ ակնկալող հասարակությունն ականատեսն է դառնում մամուլի ներկայացուցիչների հանդեպ բռնությունների նոր ալիքի։

           

Հոկտեմբերի 20-ին Հետք ինտերնետային թերթը հաղորդեց, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ոստիկանությունը Գեղամաբակ գյուղում 2008թ. հուլիսի 29-ին կատարված միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցել ՀՀ Քր.օր.-ի 164-րդ հոդվածով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը)։ Այդ օրը Հետքի թղթակից Սառա Պետրոսյանը եւ Քյավառ հեռուստաընկերության (Գեղարքունիքի մարզ, Գավառ) օպերատոր Վարդգես Խաչատրյանը այցելել են Գեղամաբակ՝ 2008թ. հունիսի 22-ին անցկացված գյուղապետի ընտրություններից հետո համայնքում տիրող իրավիճակի մասին նյութ պատրաստելու  համար. այստեղ կրկին հաղթել էր վերջին 9 տարիներին այդ պաշտոնը զբաղեցրած Գագիկ Բարսեղյանը։ Վերջինիս հետ հանդիպելուց հետո լրագրողները զրուցել են համայնքի բնակիչների հետ, ապա նստել ավտոմեքենա՝ մտադիր լինելով կրկին հանդիպել գյուղապետին եւ նրանից մեկնաբանություններ ստանալ գյուղացիների բողոքների վերաբերյալ։ Սակայն ավտոմեքենայի ճանապարհը կտրել է համայնքի բնակիչների մի խումբ՝ գյուղապետի հոր` Վիկտոր Բարսեղյանի գլխավորությամբ, որը, լրագրողի խոսքով, սկսել է սպառնալ եւ փորձել է իրեն ու օպերատորին դուրս քաշել ավտոմեքենայի բաց պատուհանից։ Լրագրողները ստիպված են եղել ընդհատել աշխատանքը եւ լքել գյուղը։ Նրանց հեռացող մեքենայի հետեւից քարեր են նետվել։ Դեկտեմբերի 12-ին Սառա Պետրոսյանը Վարդենիսի ոստիկանությունից ծանուցում է ստացել, որով հայտնել են, որ հաշվի առնելով հանցակազմի բացակայությունը, քրեական գործը կարճվել է։ Լրագրողը այս առնչությամբ բողոք է ներկայացրել Գեղարքունիքի մարզի դատախազություն։

           

Նոյեմբերի 17-ին մոտավորապես ժամը 20.00-ին Երեւանի կենտրոնում հարձակում է կատարվել Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության նախագահ, Հետք ինտերնետային հրատարակության գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի վրա։ Վերջինս, դուրս գալով Հետաքննող լրագրողներ կազմակերպության գրասենյակի շենքից, գնացել է դեպի իր ավտոմեքենան, եւ այդտեղ էլ նրա վրա են հարձակվել  երեք անհայտ տղամարդիկ։ Չարագործները ծեծել են լրագրողին, քարով հարվածել գլխին, հետո փախուստի են դիմել` իրենց հետ վերցնելով Բաղդասարյանի ֆոտոխցիկը։ Հիվանդանոցում լրագրողի գլխին կարեր են դրել եւ ախտորոշել ուղեղի ցնցում։ Փաստի հիման վրա Երեւանի Կենտրոնի ոստիկանության քննչական բաժինը ՀՀ Քր.-օր.-ի 113-րդ հոդվածով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) քրեական գործ է հարուցել։ Նոյեմբերի 18-ին մի շարք լրագրողական եւ հասարակական կազմակերպություններ հանդես  եկան հայտարարությամբ, որով դատապարտեցին իրագործված բռնությունը եւ կոչ  արեցին իշխանություններին հերթական անգամ սին խոստումներ տալու փոխարեն բացահայտել հանցագործությունն ու պատժել մեղավորներին։ Նոյեմբերի 19-ին Երեւանում ՀՀ գլխավոր դատախազության շենքի, այնուհետեւ՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտ տեղի ունեցավ բողոքի ակցիա` ընդդեմ իշխանությունների անգործության, Էդիկ Բաղդասարյանի վրա հարձակման մեղավորներին բացահայտելու եւ պատժելու պահանջով։ Բողոքի ակցիայի կազմակերպման նախաձեռնող խմբի հայտարարությունում ընդգծվում էր. Հայաստանում արդեն սովորական են դարձել լրագրողների եւ քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարները։ Էդիկ Բաղդասարյանի հետ կատարվածը ընդամենը հերթական դեպք է։ () Ո՞վ է հաջորդը...

 

 

Ճնշումներ ԶԼՄ-ների եւ նրանց աշխատակիցների վրա

 

Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններից բացի, արձանագրվել են նաեւ ԶԼՄ-ների եւ նրանց աշխատակիցների վրա  ճնշման այլ ձեւեր` տնտեսական, քաղաքական, իրավական եւ այլ լծակների կիրառմամբ։ Փաստերը ներկայացնենք ժամանակագրական հաջորդականությամբ։

           

2008թ. հունվարի 9-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը  հրապարակեց Շանթ հեռուստաընկերության դեմ Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) հայցի վերաբերյալ  վճիռը։ Հայցվորը պահանջում էր հեռուստաընկերությանը պարտավորեցնել հերքելու կուսակցությանը վարկաբեկող տեղեկությունները, որոնք հաղորդվել էին 2007թ. նոյեմբերի 30-ին Հորիզոն լրատվական ծրագրով։ Լրատվական թողարկման մեջ նշվել էր, որ խմբագրությունում անանուն հեռախոսազանգ է հնչել, որով սպառնացել են պայթեցնել հեռուստաընկերությունը, եթե նրա եթերից թեկուզ մեկ անգամ էլ զրպարտություն հնչի Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին։ Տեղեկությունն ուղեկցվել էր հաղորդավարի մեկնաբանություններով. Մենք դատապարտում ենք ցանկացած ահաբեկչական քայլ, սպառնալիք, լինի դա ՀՀՇ-ի, թե մեկ այլ քաղաքական ուժի կողմից։ Հայցվորի կարծիքով Շանթի հաղորդագրության մեջ անանուն հեռախոսազանգով սպառնալիքը անհիմն կերպով կապվել էր ՀՀՇ-ի անվան հետ, ինչը վարկաբեկում էր կուսակցության եւ նրա անդամների անունն ու արժանապատվությունը։ Դատական լսումները սկսվեցին 2007թ. դեկտեմբերի 13-ին։ 2008թ. Հունվարի 9-ի նիստում ՀՀՇ-ի հայցը մերժվեց։ Դատարանի կարծիքով Շանթ հեռուստաընկերության տարածած լուրը ՀՀՇ-ին վարկաբեկող տարրեր չէր պարունակում։

           

Հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը, մոտավորապես ժամը 5.00-ին Գյումրիի ժուռնալիստների Ասպարեզ ակումբը հրկիզելու փորձ է արվել։ Բենզինով թրջված փալասը հանցագործները դրել են պատուհանագոգին եւ հրդեհել։ Այրվել է պատուհանի մի մասը, ճաքել են ապակիները։ Միջադեպի մասին հունվարի 22-ին Ասպարեզի ինտերնետային կայքում տեղադրված հաղորդագրությունում ասվում է. ... Հրդեհման մասին ակումբը չի տեղեկացրել ոստիկանությանը, որովհետեւ այս մարմինը բազմիցս ապացուցել է, որ անկարող է որակյալ եւ արդյունավետ հետաքննություններ ու նախաքննություններ իրականացնել, երբ խնդիրը վերաբերվում է լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների իրավունքների պաշտպանությանը։ Այնուամենայնիվ, հունվարի 25-ին ՀՀ Ոստիկանության գլխավոր քննչական վարչության Շիրակի մարզային  քննչական բաժինը քրեական գործ հարուցեց ՀՀ Քր-օր-ի 185-րդ հոդվածով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը)։ Իր հերթին Ասպարեզի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը հայտարարել է, որ հրկիզման պատվիրատուի մասին արժանահավատ տեղեկություն հայտնող անձը դրամական պարգեւ կստանա։

           

Փետրվարի 7-ին ՀՀ վարչական դատարանում սկսվեց ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ-ի դեմ Գյումրիի հարկային տեսչության հայցի քննությունը։ Հեռուստաընկերության շուրջ իրադարձությունները սկսեցին ծավալվել այն բանից հետո, երբ 2007 թ. հոկտեմբերի 22-ին ՉԱՊ ՍՊԸ-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը հայտարարություն տարածեց այն մասին, որ իշխանության տարբեր օղակներ ԳԱԼԱ -ի վրա փորձում են ճնշում գործադրել։ Հայտարարության մեջ նշվում էր, որ ԳԱԼԱ  հեռուստաընկերության դիրքորոշումը չի փոխվելու, եւ որ ինքը՝ որպես ընկերության սեփականատեր, թույլ չի տալու միջամտության որեւէ փորձ որեւէ կառույցի կամ անհատի կողմից։ Այդ հայտարարությունից մեկ շաբաթ անց ՉԱՊ-ում հարկային ստուգումներ սկսվեցին, որի ավարտից հետո ՀՀ պետական հարկային ծառայությունը հաղորդեց հայտնաբերված խախտումների մասին։ Մասնավորապես, ըստ ստուգումներն իրականացրած տեսուչների կազմած ակտի՝ հեռուստաընկերությունը թաքցրել է հեռուստագովազդի ծավալները, ինչի արդյունքում ՉԱՊ-ը պետք է բյուջե լրացուցիչ մուծեր մոտ 26 մլն դրամ։ ՉԱՊ-ի սեփականատեր Վահան Խաչատրյանն իր հերթին հայտնեց, որ ԳԱԼԱ-ն չէր կարող հարկային տեսուչների հաշվարկների հիմքում դրված ծավալների չափով գովազդ ունենալ։ 2007 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ տնտեսական դատարանը վարույթ ընդունեց Գյումրիի հարկային ծառայության հայցը` ՉԱՊ-ից որպես հարկային պարտավորություն 25,2 մլն դրամ գումար  բռնագանձելու պահանջով (հաշվի առնելով տույժն ու տուգանքները եւ հանելով արդեն վճարված հարկերը)։ Դեկտեմբերի 3-ին հարկային պետական ծառայության միջնորդությամբ ՉԱՊ-ի գույքի եւ ֆինանսական միջոցների վրա կալանք դրվեց։ Դեկտեմբերի 17-ին սկսվեցին դատական լսումները, որոնք ընդհատվեցին դեկտեմբերի 18-ին, այն բանից հետո, երբ դատարանը ընդունեց ՉԱՊ-ի հակընդդեմ հայցը` հարկային ստուգումների արդյունքների մասին ակտը անվավեր ճանաչելու պահանջով եւ վճռեց միացնել երկու հայցերը` մեկ գործի մեջ։ Հետագայում  գործը ընդունվեց  ՀՀ վարչական դատարանի վարույթ (դատական բարեփոխումների արդյունքում 2008թ.-ից տնտեսական դատարանը լուծարվել է)։

 

2008 թ. մարտի 19-ի նիստում վարչական դատարանը վճռեց ՉԱՊ ՍՊԸ-ին պարտավորեցնել պետական բյուջե մուծել 25,2 մլն դրամ գումարով հարկային պարտքը եւ տուգանքները։ Մարտի 19-ի առավոտյան ԳԱԼԱ-ի խմբագրության եւ Գյումրիում ստեղծված Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի նախաձեռնությամբ սկսվեց հեռուստամարաթոն` հարկային պարտքերը վճարելու համար միջոցներ ձեռք բերելու գործում հեռուստաընկերությանն աջակցելու նպատակով։ Հեռուստամարաթոնը տեւեց մինչեւ մարտի 25-ը։ Ընդհանուր գումարը, որը պետք է վճարեր ԳԱԼԱ-ի հիմնադիրը, ներառյալ դատական ծախսերը, կազմում էր 26 մլն 899 հազար դրամ։ Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվեց ու դատական ակտերի հարկադիր կատարողներին փոխանցվեց 26 մլն 458 հազար դրամ, իսկ մնացած գումարը վճարվեց ՉԱՊ-ի բանկային հաշվից։ ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիրը Վարչական դատարանի որոշումը բողոքարկեց ՀՀ Վճռաբեկ դատարան։ Սակայն բողոքարկումը վարույթ չընդունվեց։

           

Փետրվարի 27-ին Գյումրիի լրագրողների Ասպարեզ ակումբը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն եւ Շիրակի մարզային դատախազություն՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով` վերջինիս մեղադրելով զրպարտության, վիրավորանքի եւ հաշվեհարդարի սպառնալիքի մեջ։ Իրավապահ մարմիններին դիմելու առիթ էին դարձել Վարդան Ղուկասյանի այն արտահայտությունները, որոնք հնչել էին ՀՀ նախագահի ընտրությունների կապակցությամբ փետրվարի 25-ին կազմակերպված հանրահավաքում։ Հանրահավաքի մասնակիցների առջեւ ելույթ ունենալով՝ Գյումրիի քաղաքապետը, մասնավորապես, ասել էր. ... Մեր քաղաքում մի երկու քաղմաս է մնացել, որ ժողովուրդը զզվում է, դա ԳԱԼԱ քաղմասն է, մեկ էլ Ասպարեզ քաղմասը, որ գիշեր-ցերեկ գովերգում են սազերն առած` Լեւոն Տեր-Պետրոսյանին` ՀՀՇ-ի գումարներով, վերջապես, մի քիչ թող նրանք էլ զգաստանան...։ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը համարում է, որ այդ արտահայտություններից մեկով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը զրպարտել է Ակումբին, վիրավորել է մեզ, իսկ մյուսով` մի քանի հազար մարդու ներկայությամբ սպառնալիք է հղել,-մասնավորապես, ասվում էր լրագրողական կազմակերպության փետրվարի 25-ին տարածած հայտարարության մեջ։  Փաստաթղթում   իրավապահ մարմինների ուշադրությունն էր հրավիրվում նաեւ Ասպարեզի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի եւ կազմակերպության մյուս աշխատակիցների հասցեին` վերջին տարիների ընթացքում մշտական դարձած  սպառնալիքներով   հեռախոսազանգերին։

           

Փետրվարի 28-ի առավոտյան իրենց բնակարանից Երեւանի Նոր-Նորքի համայնքի ոստիկանություն են բերվել Հայք թերթի թղթակից Արտակ Եղիազարյանը եւ նրա հայրը` Հանրապետություն կուսակցության տարածքային բաժիններից մեկի ղեկավար Լյովա Եղիազարյանը։ Արտակ Եղիազարյանի խոսքով, իրենց մեղադրել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 180.1 հոդվածով (Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգը խախտելը)։ Լրագրողը ազատ է արձակվել մոտ երկու ժամ հետո՝ երբ բացատրագիր է ներկայացրել, որ տարբեր քաղաքական ուժերի հանրահավաքներին ներկա է եղել իր մասնագիտական պարտքը կատարելիս։

           

Փետրվարի 29-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Գյումրիի քաղաքապետարանի եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության (ՉԱՊ ՍՊԸ-ի)  վեճի վերաբերյալ վճիռը։ ՀՀ պետական հարկային ծառայությունը, 2007թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՉԱՊ ՍՊԸ-ի գործունեության ստուգումներից հետո, հայտնեց բացահայտված խախտումների, այդ թվում, տեսուչների կարծիքով, քաղաքի հին հեռուստաաշտարակի (որը համարվում էր Գյումրիի քաղաքապետարանի սեփականությունը), ապօրինի օգտագործման մասին։ ՉԱՊ-ի սեփականատեր Վահան Խաչատրյանն իր հերթին, հայտարարեց, որ սեփականության վկայականը Գյումրիի քաղաքապետարանը ստացել է միայն 2007թ. նոյեմբերի 5-ին, իսկ մինչ այդ՝ 2004-2005-ը, ինքը դիմել է տարբեր ատյաններ, բայց այդպես էլ չի կարողացել պարզել, թե ով է աշտարակի տերը։ Վահան Խաչատրյանի խոսքով, ինքն անտերության մատնված  հեռուստաաշտարակը սկսել է շահագործել 2005-ից` նախօրոք վերանորոգելով եւ հզորացնելով հաղորդակը։ 2007թ. նոյեմբերին Գյումրիի քաղաքապետարանը ՀՀ տնտեսական դատարան էր դիմել՝ պահանջելով պարտավորեցնել ՉԱՊ  ՍՊԸ-ին դադարեցնել հեռուստաաշտարակի շահագործումը եւ ապամոնտաժել այնտեղ տեղակայված սարքերը։ Հարցը բանակցությունների միջոցով լուծելու հեռուստաընկերության փորձերը ոչնչի չհանգեցրին։ Դեկտեմբերի 10-ին սկսված լսումներում ՀՀ տնտեսական դատարանը մերժեց պատասխանողի հակընդդեմ հայցը` հեռուստաաշտարակի սահմանափակ օգտագործման իր իրավունքը հարկադրաբար վերականգնելու պահանջով (հարկադիր սերվիտուտ): ՉԱՊ -ն այս վճիռը բողոքարկեց ՀՀ Վճռաբեկ դատարան, իսկ ավելի ուշ՝ Տնտեսական դատարան։ Դեկտեմբերի 13-ին դատական լսումներում ընդմիջում հայտարարվեց մինչեւ Տնտեսական դատարանից պատասխան ստանալը։ 2007թ. դեկտեմբերի կեսերին քաղաքապետարանի հետ փոխզիջման գնալու ՉԱՊ-ի եւս մեկ փորձը նպատակին չհասավ այն պատճառով, որ քաղաքային վարչակազմը հեռուստաաշտարակի վարձավճարի համար չափազանց մեծ գումար պահանջեց։

 

ՉԱՊ ՍՊԸ-ն հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջով դիմել էր նաեւ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան, որը 2007թ. դեկտեմբերի 19-ին հրաժարվեց հայցը վարույթ ընդունել։ Սակայն 2008թ. հունվարի 12-ին այդ վճիռը չեղյալ հայտարարվեց ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից (այստեղ եւ ստորեւ դատական ատյանների անվանումները բերված են Հայաստանում 2008թ. իրականացված դատական բարեփոխումների համապատասխան-ծան՝ ԽԱՊԿ)։ Արդյունքում երկու հայցերն էլ միավորվեցին  մեկ գործով, որը ներկայացվեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը։

 

Փետրվարի 25-ի, 26-ի եւ 28-ի նիստերում դատարանը մերժեց ՉԱՊ ՍՊԸ-ի` շինարարա-տեխնիկական փորձաքննություն անցկացնելու եւ հեռուստաաշտարակի` քաղաքապետարանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի հրապարակման մասին միջնորդությունները։ Միեւնույն ժամանակ՝ բավարարվեցին հեռուստաաշտարակի եւ դրա տեղադրության զննման (զննումը անց էր կացվել փետրվարի 27-ին), ինչպես նաեւ՝ հեռուստաաշտարակի վարձակալության պայմանների մասին ՉԱՊ ՍՊԸ-ի եւ քաղաքային վարչակազմի միջեւ նամակագրությունը գործի նյութերին կցելու մասին միջնորդությունները։

 

Փետրվարի 29-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ՉԱՊ  ՍՊԸ-ին պարտավորեցրեց դադարեցնել քաղաքային հեռուստաաշտարակի շահագործումը եւ ապամոնտաժել այնտեղ տեղադրված սարքավորումները։ ՉԱՊ ՍՊԸ-ն բողոքարկեց այդ որոշումը դատական վերին ատյան: Սակայն ապրիլի 14-ին ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն ուժի մեջ թողեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։

 

Ապրիլի 16-ին դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ներկայացուցիչները հայտնվեցին ԳԱԼԱ հեռուստաընկերության խմբագրությունում եւ պահանջեցին դադարեցնել հեռուստաաշտարակի շահագործումը։ ՉԱՊ ՍՊԸ-ի ղեկավար Վահան Խաչատրյանը հարկադիր կատարողներից ժամանակ խնդրեց դատական վճիռը կատարելու համար, քանի որ սարքավորումների ապամոնտաժումը կարող են իրականացնել միայն մասնագետները, սակայն մերժում ստացավ։ Նույն օրը հեռուստասարքերը ալեհավաքին միացնող էլեկտրական մալուխները անջատվեցին եւ կնքվեցին, իսկ ԳԱԼԱ-ն զրկվեց եթերից։ Ապրիլի 17-ին, նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հեռուստաընկերություն այցելեց Հայաստանում ԱՄՆ-ի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը։ Նրա մեկնելուց անմիջապես հետո կրկին խմբագրություն եկան հարկադիր կատարողները. նախօրեին դրված կնիքները հանվեցին, եւ կեսօրից հետո ԳԱԼԱ-ն եթեր դուրս եկավ։ ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Գագիկ Այվազյանը Գյումրիի հեռուստաընկերության նկատմամբ իր աշխատակիցների գործողությունը բնութագրեց որպես նախազգուշական անջատում։

 

Հոկտեմբերի 31-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը չեղյալ հայտարարեց հեռուստաաշտարակի շահագործման վերաբերյալ Գյումրիի քաղաքապետարանի եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիրների վեճի առնչությամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։

           

Մարտի 2-ին Գյումրիում ոստիկանությունը ձերբակալեց ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանին։ Ասպարեզի ղեկավարը ոստիկանության բաժանմունքում անցկացրեց հինգ ժամից ավելի: Ընդ որում, Լեւոն Բարսեղյանը տեղեկացվեց, որ Գյումրիի ոստիկանությունը դիմել է դատարան` նրան Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը) պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Իր հերթին՝ Լեւոն Բարսեղյանը ներկայացրեց հակըննդեմ հայց, որով պահանջում էր մերժել ոստիկանության հայցը եւ անվավեր ճանաչել կալանավորման ակտը։ Ապրիլի 11-ին ՀՀ վարչական դատարանում սկսվեցին ժուռնալիստների Ասպարեզ   ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի եւ Գյումրիի ոստիկանության բաժնի  վեճի հարցով լսումները։ Երկու կողմերն էլ ոստիկանության մի քանի աշխատակիցներին որպես վկա կանչելու միջնորդություններ ներկայացրեցին։ Լեւոն Բարսեղյանը առաջարկեց նաեւ խաղաղ համաձայնագիր կնքել. կողմերը հետ են վերցնում իրենց հայցերը, իսկ  ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալը, որը հրաման էր արձակել լրագրողին կալանավորելու` հրապարակավ ներողություն է խնդրում։ Դատավորը կողմերին ժամանակ տվեց վկաների ցուցակ ներակայցնելու համար, ինչից հետո լսումներում ընդմիջում հայտարարվեց։ Հունիսի 10-ի նիստում դատարանը լրագրողին մեղավոր ճանաչեց եւ պարտավորեցրեց  50.000 հազար դրամի չափով տուգանք վճարել։ Լեւոն Բարսեղյանը բողոքով դիմեց Վճռաբեկ դատարան, սակայն այդ ատյանը ուժի մեջ թողեց Վարչական դատարանի վճիռը։ Լրագրողական կազմակերպության ղեկավարի խոսքով, ինքը իր փաստաբանին խնդրել է գործը պատրաստել` Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար։

           

2008թ. մարտի լույս 21-ի գիշերը՝ ժամը  01.05-ին Գյումրիում հրկիզվեց ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանի Օպել-Վեկտրա մակնիշի ավտոմեքենան, որն այդ պահին գտնվում էր ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի տրամադրության տակ։ Միջադեպի առնչությամբ մի շարք հասարակական, այդ թվում՝ լրագրողական կազմակերպություններ եւ ԶԼՄ-ներ հանդես եկան հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում էր. Լեւոն Բարսեղյանի համոզմամբ այս միջադեպն ուղղակի կապ ունի ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության, այդ եւ այլ առիթներով իշխանությունների հասցեին նրա հնչեցրած քննադատության, 2008 թ. հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը ակումբի հրդեհման փորձի եւ մի քանի անգամ հեռախոսային ահազանգերով իր եւ ակումբի հասցեին հնչեցված սպառնալիքների հետ ... Մենք հայտարարում ենք, որ Գյումրիում անկախ լրագրողական կազմակերպության դեմ ոտնձգությունն ուղղակի հետեւանքն է մի կողմից ամեն տեսակ այլախոհությունը արգելելու, քաղաքական հալածանքների, ընդդիմադիր եւ անկախ կազմակերպությունների ու լրատվամիջոցների գործունեությունը խոչընդոտելու, մյուս կողմից` իշխանությանը հաճո անձանց ու կառույցների ամենաթողությունը քաջալերելու։ Նման իրավիճակում քաղաքացիների աննախադեպ ակտիվությունը` ի պաշտպանություն ազատ խոսքի եւ ԳԱԼԱ  հեռուստաընկերության, երեւի դուր չի եկել ոմանց եւ հատկապես Գյումրու քաղաքապետին, որը մարտի 20-ին մի այլ հեռուստաալիքով կոչ է արել քաղաքացիներին չօժանդակել ԳԱԼԱ-ին։ Սեպտեմբերի 5-ին Գյումրիի ժուռնալիստների Ասպարեզ ակումբը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության Շիրակի մարզային քննչական բաժինն ի վիճակի չէ բացահայտել լրագրողական կազմակերպության դեմ իրագործված հանցագործությունը։

           

Մարտի 24-ին Չորրորդ իշխանություն թերթի խմբագրությունը ՀՀ հարկային պետական ծառայությունից ծանուցում ստացավ՝ մարտի 28-ից ստուգումներ անցկացնելու մասին։ Թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանի կարծիքով, չի բացառվում, որ իշխանությունները թերթը փակելու միջոցներ են փնտրում։ Հարկային ստուգումներ անցկացնելու մասին ծանուցումներ ստացել էին նաեւ մի շարք այլ թերթեր, մասնավորապես՝ Առավոտը, Ժամանակ Երեւանը, Հայկական ժամանակը։ Դրանք բոլորն այն թերթերն են, որոնք Երեւանում մարտի 1-ից մինչեւ 20-ը մտցված արտակարգ դրության ժամանակահատվածում չեն հրատարակվել։

 

Մարտի 25-ին ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները հետապնդել եւ կանգնեցրել են Ժամանակ Երեւան թերթի խմբագրության ավտոմեքենան, որով թղթակից Կարինե Հարությունյանը մեկնել էր Հրազդան՝ բողոքի ակցիան լուսաբանելու համար։ Լրագրողը եւ վարորդը բերվել են Կոտայքի մարզի ոստիկանություն։ Կարինե Հարությունյանի խոսքով, ճանապարհին եւ ոստիկանության շենքում իրեն թույլ չեն տվել օգտվել բջջային հեռախոսից, ոլորել են ձեռքերը, երբ փորձել է պատասխանել զանգերին։ Ոստիկանությունում Կարինե Հարությունյանին սպառնացել են։ Ինչպես պարզվել է, տեղական ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցներին զայրացրել էին Չորրորդ իշխանություն թերթի համարներից մեկում տպագրված լուսանկարները։ Ինչպես ասաց Կարինե Հարությունյանը, իրեն անհայտ պատճառներով ոստիկանության աշխատակիցների վերաբերմունքը կտրուկ մեղմացել է, եւ մի  ժամից իրեն ու վարորդին ազատ են արձակել։

           

Մարտի 27-ի երեկոյան Երեւանի Հյուսիսային պողոտայով զբոսնելիս կալանավորվել եւ ոստիկանության Շենգավիթի բաժանմունք է տարվել Հետք ինտերնետային հրատարակության մեկնաբան եւ Շողակաթ հեռուստաընկերության սցենարիստ Տիգրան Պասկեւիչյանը։ Տիգրան Պասկեւիչյանի խոսքով, ոստիկանության աշխատակիցները բռնել են իր ձեռքերից եւ տարել դեպի ոստիկանական ավտոմեքենա։ Լրագրողի հարցին, թե ինչու են իրեն կալանավորում, ոստիկաններից մեկը պատասխանել է. Չգիտեմ, մեզ այդպես են ասել։ Նույն տեղում գտնվող գործընկերներն իրավապահ մարմինների ներկայացուցիչներին ապարդյուն փորձել են բացատրել, որ Պասկեւիչյանը լրագրող է։ Ոստիկանության Շենգավիթի բաժանմունքում  որոշ ժամանակ անցկացնելուց հետո, Տիգրան  Պասկեւիչյանը բերվել է Մաշտոցի բաժին, որտեղից նրան շուտով բաց են թողել՝ այդպես էլ չասելով կալանավորման պատճառը եւ միայն ներողություն խնդրելով, թե` ուրիշի հետ ենք շփոթել։

           

Ապրիլի 7-ին Գյումրիիում փորձ է արվել հրկիզել քաղաքի հին հեռուստաաշտարակը, որտեղից ԳԱԼԱ հեռուստաընկերությունը հեռարձակում է իրականացնում։ Մոտավորապես առավոտյան 05.00-ին մոտակա տներից մեկի բնակիչը ծուխ է նկատել։ Դեպքի վայր եկած հրշեջները աշտարակի՝ մոտ 25 մետր բարձրության հարթակներից մեկի վրա հայտնաբերել են այրվող անվադող։ Կրակի աղբյուրի մոտ գտնվող ԳԱԼԱ-ի եւ մի քանի ինտերնետ ընկերությունների մալուխներն ու սարքավորումները երջանիկ պատահականությամբ չեն վնասվել։ Նույն օրը Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի տարածած մամուլի հաղորդագրության մեջ ասվում էր, որ այդ հանցագործությունը եւս չի բացահայտվի։

           

Մայիսի 8-ին ՀՀ կառավարության նիստում լսվեցին Առավոտ թերթի 2008թ. ապրիլի 23-ի համարի հրապարակումներից մեկի վերաբերյալ անցկացված ծառայողական քննության արդյունքները։ Ըստ Առավոտի տեղեկության՝ Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ծեծել էր անչափահաս պատանու, կոտրելով նրա ծնոտը։ Կառավարության նիստում փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը զեկուցեց, որ պատանուն ծեծելու փաստը չի համապատասխանում իրականությանը։ Առավոտում ապրիլի 29-ին նոր հրապարակումից հետո, նշեց Արմեն Գեւորգյանը, գլխավոր խմբագրին հարցում է ուղարկվելորի պատասխանից պարզվել է, որ միջադեպը պատահել է այլ պատանու հետ։ Հետագա քննությունը ցույց է տվել, որ վերջինիս եւ մարզպետի տղայի միջեւ տեղի է ունեցել կենցաղային վեճ, ինչից հետո նրանց հայրերը հանդիպել են։  Արդյունքում երեխաների միջեւ ծագած վեճը հարթվել է, եւ ծնողները միմյանց նկատմամբ պահանջ չունեն։ Ըստ փոխվարչապետի, քննող հանձնաժողովի նախագահ, տարածքային կառավարման նախարարի տեղակալ Հովհաննես Հովսեփյանը պատանու հետ հանդիպման ժամանակ ծնոտի կոտրվածք կամ որեւէ լուրջ վնասվածք անզեն աչքով չի նկատել։ Մայիսի 14-ին Ժամանակ Երեւան թերթին տված հարցազրույցում Առավոտ թերթի խմբագիր Արամ Աբրահամյանն իր վերաբերմունքը հայտնեց ծառայողական քննության արդյունքների վերաբերյալ՝ ընդգծելով, որ այդ քննությունն անց է կացվել ոչ թե ճշմարտությունը իմանալու, այլ Առավոտին սխալ հանելու համար։

           

Հուլիսի 7-ին Հետք ինտերնետային կայքը հաղորդեց ընդդեմ Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության Իջեւանի (Տավուշի մարզ) քաղաքապետարանի հայցի մասին։  Ըստ Հետքի՝ հունիսի 18-ին Իջեւանի քաղաքապետարանը Պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու եւ վնասի հատուցման պահանջների մասին հայց է ներկայացրել Երեւանի Քաղաքացիական դատարան` պահանջելով պարտավորեցնել Հետաքննող լրագրողներ կազմակերպությանը հերքելու Իջեւանի քաղաքապետարանի դեմ հրապարակված անհիմն տեղեկությունները եւ քաղաքապետ Վ. Ներսիսյանի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող լուրերը։ Այդպիսի տեղեկություններ, քաղաքային վարչակազմի կարծիքով, կային Տավուշի մարզում Հետքի թղթակից Ոսկան Սարգսյանի Ո՞ւմ գրպանն են մտնում ավազահանքի փողերը հոդվածում։ Հոդվածը հրապարակվել էր Հետքում՝ մայիսի 5-ին, ապա եւ՝ տպագրվել Ազգ թերթի 2008թ. մայիսի 20-ի համարի՝ Հետաքննող լրագրողների հավելվածում։ Իջեւանի քաղաքապետարանի հայցի լսումը  սկսվեց սեպտեմբերի 29-ին։ Հերքումից բացի, հայցվորը պատասխանողից պահանջեց նաեւ փոխհատուցել փաստաբանական ծառայությունների գումարը՝ 930 հազար դրամի չափով։ Բացի այդ, Իջեւանի քաղաքապետարանը դատարանին ներկայացրեց նոր հայց՝ լրացուցիչ պահանջով` հերքել նաեւ Երեք հանձնաժողովները կտեսնե՞ն ջրամբարի ավազի անօրինական շահագործումը (հրապարակվել է 2008թ. հունիսի 23-ին Հետքում եւ 2008թ. հունիսի 9-ին Ազգ թերթի նույն հավելվածում) հոդվածում բերված տեղեկությունները։Դեկտեմբերի 11-ի նիստում հայցվորը միջնորդություն ներկայացրեց հրապարակման հեղինակին որպես պատասխանող ճանաչելու մասին։ Դատաքննությունը կշարունակվի 2009-ին։

 

Միաժամանակ, Հետաքննող լրագրողներ ՀԿ-ն իր հերթին Իջեւանի քաղաքապետարանի դեմ հայցով դիմեց ՀՀ վարչական դատարան։ Սեպտեմբերին հայցը ընդունվեց վարույթ։ Հայցվորի կարծիքով, քաղաքապետարանը խախտել է Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքը։ 2008թ. հուլիսի 2-ին Հետաքննող լրագրողները  Իջեւանի  քաղաքային վարչակազմից պահանջել էր 2008թ. մայիսի 23-ի ավագանու նիստի արձանագրության պատճենները եւ վերջինիս որոշումը քաղաքային բյուջեից 930 հազար դրամ հատկացնելու մասին` Հետաքննող լրագրողների դեմ արված վերոհիշյալ հայցի առիթով փաստաբանական ծախսերը վճարելու համար։ Իջեւանի քաղաքապետի 2008թ. հուլիսի 8-ի պատասխանում ասվում էր, որ պահանջվող տեղեկությունը կարող է ներկայացվել միայն դատական գործընթացի ավարտից հետո։ Հետաքննող լրագրողները պահանջում էր պարտավորեցնել Իջեւանի վարչակազմին՝ ներկայացնել հարցվող տեղեկությունը եւ փոխհատուցել իրենց փաստաբանական ծախսերը՝ 114.000 հազար դրամի չափով։ Նոյեմբերի 26-ի նիստում դատարանը մասնակիորեն բավարարեց Հետաքննող լրագրողների հայցը։ Դատավճռի համաձայն, Իջեւանի քաղաքապետարանը պարտավոր է ներկայացնել լրագրողական կազմակերպության պահանջած տեղեկությունը։ Վերջինիս ծախսերի փոխհատուցումը պետք է իրականացվի Իջեւանի քաղաքային բյուջեից, բայց միայն մասնակիորեն` 8.000 դրամի չափով։

           

Հոկտեմբերի 10-ին ՀՀ վարչական դատարանում սկսվեցին Երեւանի Կենտրոն համայնքի ավագանու դեմ Հայկական ժամանակ թերթի հիմնադիր Դարեսկիզբ ՍՊԸ-ի հայցով լսումները։ Հայցվորը պահանջում էր անվավեր ճանաչել Կենտրոն համայնքի ավագանու 2008թ. մարտի 28-ի որոշումը, ըստ որի Հայկական ժամանակի խմբագրության զբաղեցրած տարածքի (Իսրայելյան փող. 37) հետագա վարձակալությունը ճանաչվել է աննպատակահարմար, եւ այն պետք է տրվեր օգտագործման մեկ այլ կազմակերպության։ Դարեսկիզբ ՍՊԸ-ի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնեց, որ պայմանագրի համաձայն, Հայկական ժամանակի խմբագրությունը 2003թ.-ից անհատույց զբաղեցնում է հիշյալ տարածքը, եւ 2007թ. օգոստոսին վարձակալության պայմանագիրը երկարաձգվել է անորոշ ժամանակով։ Հոկտեմբերի 17-ին ՀՀ վարչական դատարանը մերժեց Հայկական ժամանակ թերթի հիմնադիր Դարեսկիզբ ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Երեւանի Կենտրոն համայնքի ավագանու։ Ընդդիմադիր թերթի խմբագրությունը իշխանությունների այս գործողությունները համարում է քաղաքական հետապնդում։

           

Հոկտեմբերի 21-ին Երեւանի Քաղաքացիական դատարանում սկսվեցին Առավոտ թերթի դեմ ՀՀ ոստիկանության աշխատակից Արթուր Ղեւոնդյանի հայցով  լսումները։ Հայցվորը պահանջում էր հերքել թերթի թղթակից Ռուզան Մինասյանի Եթե հարեւանդ ոստիկան է (Առավոտ 2008թ. հունիսի 25) հոդվածի տեղեկությունները, որոնք Արթուր Ղեւոնդյանի կարծիքով վարկաբեկում են իր արժանապատվությունը։ Հրապարակումը Արթուր Ղեւոնդյանի եւ նրա հարեւանի՝ շենքի 4-րդ հարկում կառուցված խորդանոցի վերաբերյալ վեճին մասին էր։ Դատական նիստում պատասխանողը հանդես եկավ միջնորդությամբ, որպեսզի հայցվորը նշի կոնկրետ բառեր կամ արտահայտություններ,  որոնք գնահատում է որպես իր արժանապատվությունը վիրավորող։ Հոկտեմբերի 22-ին Արթուր Ղեւոնդյանը ներկայացրեց հայցի  ճշտումները։ Հոկտեմբերի 24-ին հրապարակման հեղինակն իր հերթին դիմեց ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին՝ խնդրանքով. փորձագիտական եզրակացություն տալ նշված արտահայտությունների եւ ընդհանուր առմամբ հրապարակման վերաբերյալ։ Ստանալով եզրակացությունը, Ռուզան Մինասյանը փաստաթուղթը ներկայացրեց դատարան։ Արթուր Ղեւոնդյանը հայտնեց, որ եթե Առավոտը տպագրի այն, ինքը հետ կվերցնի հայցը։ Նոյեմբերի 15-ին թերթը տպագրեց Դիտորդ մարմնի փորձագիտական եզրակացության տեքստը։ Նոյեմբերի 18-ի նիստում դատարանը բավարարեց Արթուր Ղեւոնդյանի՝ հայցը հետ վերցնելու մասին միջնորդությունը, իսկ նոյեմբերի 26-ին հրապարակեց այդ գործով դատաքննությունը դադարեցնելու մասին վճիռը։ Այսպիսով, Հայաստանում ստեղծվեց կարեւոր եւ շատ հետաքրքիր նախադեպ` առաջին անգամ մի կողմի խնդրանքով ինքնակարգավորման մարմինը եզրակացություն տվեց դատաքննության առարկայի վերաբերյալ եւ հակառակ կողմը, բավարարվելով փաստաթղթի բովանդակությամբ ու հրապարակմամբ, հետ վերցրեց հայցը։

 

Տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտում

 

Այստեղ, ինչպես եւ ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտումներին վերաբերող նախորդ բաժիններում, արձանագրվել են ՀՀ նախագահի ընտրությունների օրը, ինչպես նաեւ՝ հետընտրական իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած մի շարք միջադեպեր։

 

Փետրվարի 19-ին, կեսօրին մոտ, մայրաքաղաքի Կենտրոն  համայնքի ընտրական տեղամասերից ոչ հեռու մի քանի երիտասարդների եւ Ա1+ հեռուստաընկերության օպերատոր Հովսեփ Հովսեփյանի միջեւ հայհոյախառն լեզվակռիվ է սկսվել, փորձել են խլել վերջինիս տեսախցիկը։ Արդյունքում նրանց հաջողվել է խլել տեսաերիզը եւ փչացնել։

 

Նույն օրը Երեւանի կենտրոնական շուկաներից մեկում միջադեպ է տեղի ունեցել Հայք թերթի թղթակից Սամվել Ավագյանի հետ։ Լրագրողը գնացել էր այնտեղ՝ ստուգելու խմբագրությունում ստացված տեղեկությունն այն մասին, որ շուկայում կազմակերպվել է տեղեկանքների բաժանում, որոնցով  կարելի է քվեարկել ոչ բնակության վայրում, եւ իրակացնում են քաղաքացիների տեղափոխումը ընտրական տեղամասեր։ Փետրվարի 20-ին Հայքում հրապարակված հոդվածի համաձայն, շուկայի տնօրենը Սամվել Ավագյանին առաջարկել է զրուցել իր առանձնասենյակում, որտեղ գտնվում էր ոստիկանության ներկայացուցիչը։ Լրագրողի խոսքով, ոստիկանի հետ հարցազրույցի ժամանակ շուկայի տնօրենը իրենից խլել է ձայնագրիչը, սկսել է սպառնալ, այնուհետեւ վերադարձրել է ձայնագրիչը` նախապես ջնջելով ձայնագրությունը։ 

           

Փետրվարի 27-ի երեկոյան Երեւանում քաղաքացիական հագուստով մի խումբ տղամարդիկ խոչընդոտել են Ազատություն ռադիոկայանի թղթակից Էրիկ Ղազարյանի աշխատանքը։ Լրագրողն ուղեկցում էր ՀՀ ԱԺ պատգամավորներ Զարուհի  Փոստանջյանին եւ Ստեփան Սաֆարյանին (Ժառանգություն խմբակցություն), որոնք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ գնացել էին Երեւանի Կենտրոն համայնքի ոստիկանություն՝ պարզելու այդ նույն օրը Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների բողոքի ակցիայի ժամանակ երկու երիտասարդներին ձերբակալելու պատճառները։ Ոստիկանության աշխատակիցների հետ զրույցի ժամանակ պատգամավորները փորձել են նաեւ պարզել, թե ինչ նպատակով են այստեղ արդեն երկար ժամանակ գտնվում վերոհիշյալ տղամարդիկ։ Վերջիններիս դա դուր չի եկել, եւ նրանք ուժով շենքից դուրս են հրել խորհրդարանականներին եւ նրանց ուղեկցող անձանց, Էրիկ Ղազարյանից խլել եւ պատուհանից դուրս են շպրտել ձայնագրիչի խոսափողը։  

           

Մարտի 1-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ ընդդիմության հանրահավաքի ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները  խոչընդոտել են Ազատություն ռադիոկայանի թղթակից Ռուզաննա Ստեփանյանի աշխատանքը եւ ծեծել են ծառայողական ավտոմեքենայի վարորդին, չնայած այն բանին, որ վերջինս ներկայացել է որպես ԶԼՄ աշխատակից։

           

Մարտի 2-ին Գյումրիում հանրահավաքի ժամանակ իրավապահ մարմինների ներկայացուցիչները խոչընդոտել են ԳԱԼԱ  հեռուստաընկերության նկարահանող խմբի աշխատանքները։ Գյումրիի ժուռնալիստների Ասպարեզ ակումբի տեղեկատվության համաձայն, նկարահանող խմբի բոլոր երեք անդամները, այդ թվում ԳԱԼԱ-ի թղթակից Արմինե Վարդանյանը, բերման են ենթարկվել Գյումրիի ոստիկանություն եւ ազատ են արձակվել միայն 3 ժամ հետո։ Այդ նույն հանրահավաքի ժամանակ Գյումրիում Առավոտ թերթի թղթակից  Նունե Արեւշատյանից իրավապահ մարմինների ներկայացուցիչները խլել են ֆոտոխցիկը, որը նրան է վերադարձվել նույն վայրում գտնվող մարդկանց միջամտությունից հետո միայն։ Ոստիկանության աշխատակիցները սպառնացել եւ վիրավորել են Ազատություն ռադիոկայանի Գյումրիի թղթակից Սաթենիկ Վանցյանին այնքան ժամանակ, մինչեւ հասկացել են, որ նա ուղիղ ռեպորտաժ է վարում դեպքի վայրից։

           

Մարտի 25-ին Հրազդան քաղաքում (Կոտայքի մարզ), իրավապահ մարմինների ներկայացուցիչները խոչընդոտել են Չորրորդ իշխանություն թերթի թղթակից Թագուհի Թովմասյանի, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի եւ Ժամանակ Երեւան թերթի թղթակից Կարինե Հարությունյանի աշխատանքը։ Լրագրողները Հրազդան էին ժամանել լուսաբանելու ի պաշտպանություն մարտի 1-ի դեպքերի առնչությամբ ձերբակալված ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի եւ այլ ընդդիմադիր գործիչների բողոքի ակցիան։

 

Հանրահավաքի ժամանակ իրավապահ մարմինների ներկայացուցիչները փորձել են խլել Թագուհի Թովմասյանի ձայնագրիչը եւ Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկը։ Գագիկ Շամշյանի խոսքով, ոստիկանները փորձել են նաեւ իրեն ուժով նստեցնել ծառայողական ավտոմեքենա։Լրագրողին փրկել է միայն տեղաբնակների միջամտությունը, որոնք հետո օգնել են նրան եւ Թագուհի Թովմասյանին թաքնվել։ Գագիկ Շամշյանի վկայությամբ՝ իրավապահ մարմինների աշխատակիցները հետապնդել են իրեն, եւ իրենք կարողացել են Երեւան վերադառնալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբի ավտոմեքենայով։

           

Մարտի 27-ին Ժամանակ Երեւան թերթը հաղորդեց, որ իր տեղեկություններով, նախօրեին Կոտայքի մարզում անհայտ անձինք կրպակներից հավաքել են Ժամանակ Երեւան եւ Չորրորդ իշխանություն թերթերի 2008թ. մարտի 26-ի համարները, որոնցում հրապարակվել են Հրազդանում տեղի ունեցած դեպքերի մասին ռեպորտաժներ։    

           

Մայիսի 3-ին պարբերականներ տարածող Պրեսս-ստենդ կազմակերպությունը կրպակներին չի հասցրել Հրապարակ թերթը։ Հաջորդ համարում տպագրված խմբագրականում (Հրապարակ, 2008թ. մայիսի 6), ասվում էր, որ կազմակերպության ղեկավարությանը դուր չի եկել հրապարակումներից մեկը, որում հիշատակվում էր Սովրանո ընկերությունը, ինչը պատկանում է Պրեսս-ստենդ -ի սեփականատերերին։ Խմբագրությունը կատարվածը գնահատեց  որպես մամուլի ազատության, լրագրողների աշխատանքի խոչընդոտման դասական օրինակ, այսինքն՝ քրեորեն պատժելի արարք։ Թերթը հայտարարեց նաեւ  օրենքով չարգելված բոլոր միջոցներով իր եւ ընթերցողների իրավունքները պաշտպանելու պատրաստակամության մասին։ Մայիսի 6-ին խմբագրությունը նորից տպագրեց Պրեսս-ստենդ կազմակերպությանը դուր չեկած հոդվածը։

           

Մայիսի 16-ին, ժամը մոտ 16.00-ին, Գյումրի քաղաքի հարկային տեսչության  պետի ծառայողական ավտոմեքենայի վարորդ Արտակ Հարությունյանը խոչընդոտել է Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության թղթակից Արմինե Վարդանյանին եւ օպերատոր Արտյոմ Ադամյանին՝ իրենց մասնագիտական պարտքը կատարելիս։ Վարորդը երկու անգամ հարվածել է հարկային տեսչության շենքի առջեւ նկարահանում կատարող օպերատորի տեսախցիկին, իսկ հետո