Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Երկաթե վարագույրի վերջին երկու հարյուր կիլոմետրը

 

25 | 01 | 2009 | 22:00 | Ակնարկ

 

Ես սպասում եմ, թե երբ է Հայաստանը ձեռք մեկնելու մեզ

 

Այսպես, Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումից գրեթե մեկ տարի առաջ խոսեց Կարսի տեղական թերթերից ամենաազդեցիկը համարվող Կարս Հաբեր օրաթերթի խմբագիր Գյումուշփալլա Քորտագը, կոշտ որակումներ տալով այն ուժերին, որոնք երկու հարեւան երկրներում, իր համոզմամբ, թշնամանք են սերմանում եւ խորացնում միմյանց նկատմամբ: Իր թերթում ինքը պարբերաբար անդրադառնում է այս խնդիրներին. - Մենք մեր պապերից ենք լսել, որ այստեղ հայեր են ապրել, ճիշտ է, այժմ մեր կառավարությունն է փակել սահմանը, բայց ինձ հետաքրքրում է նաեւ, թե ինչ է լինելու Թուրքիայի նկատմամբ անհանդուրժողականություն որդեգրած հայկական սփյուռքի դիրքորոշման հետ:

 

Կարսում, եթե Հայաստանից ես եկել, դժվար չէ զրուցակիցներ գտնել, մարդիկ իրենք են գտնում հյուրերին, քաղաքը հազիվ ութսուն հազար բնակիչ ունի, մի քանի հյուրանոց, բոլորն իրար շատ լավ գիտեն եւ, երբ հյուրանոցներում օտարականներ են տեղավորվում, լուրն արագ տարածվում է: Բավական է օտարականը մի թեթեւ բացատրի, թե ինչ գործ ունի այստեղ, հյուրանոցների աշխատակիցներն իրենք են գտնում համապատասխան մարդկանց եւ տեղեկացնում, որ իրենց հյուրերն եկել են:

 

Հայ-թուրքական սահմանի բացման գրեթե բոլոր խոսակցությունները, զրույցներն ու հարցազրույցները կարսեցիների գրեթե բոլոր խավերի ու խմբերի մոտ հանգում են ժողովուրդների բարեկամության մասին ժողովրդական բանահյուսության, հասարակ մարդիկ, աշխատավորները, արհեստավորները այս թեմայի շուրջ զրուցելիս, բացատրում են, որ, երբ մեկի ավանակը կորում է, հարեւաններն են առաջինը միանում կորուստը գտնելու համար: Օլչեկ թերթի խմբագիր Սալի Շահինը ձեռքի մատների ավանդազրույցն է բերում, թե` մատները միշտ անհավասար են, տարբեր` կան մերձավոր հարեւաններ, կան հեռավորներ, բայց բոլորն էլ մի ձեռքին են, ինչպես կարելի է թշնամանալ միմյանց հետ եւ այսպես շարունակ:    

 

Կարսում դժվար է գտնել մեկին, ով չի դիտել Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը 2008-ի սեպտեմբերի 6-ին: Պատճառը միայն թուրքական ֆուտբոլի վերելքն ու Կարսում ժամանցի պակասը չէ: Չնայած հայ-թուրքական սահմանի փակ լինելուն, կամ փակ մնալու մոտ ութսունամյա ավանդության շարունակմանը, Կարսի եւ նույնանուն նահանգի բնակիչների ճնշող մեծամասնությունը էական եւ անձնական շահագրգռություն ունի սահմանի վերաբացման հարցում: Այստեղ ուղղակի վստահ են, որ հարեւանների հետ պիտի աշխատել, համագործակցել, գնալ-գալ, առեւտուր անել եւ այլն:

 

Երկաթե վարագույրի անկումից դեռեւս 18 տարի անց իրականում դրանից մի 200 կիլոմետրանոց կտոր համարյա անձեռնմխելիորեն պահպանվում է, արգելափակելով Հայաստան-Թուրքիա անցուդարձը:

 

-Մենք` Կարսի թղթակիցներս, բոլոր սահմանամերձ երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման կողմնակիցներ ենք,-ասում են կարսեցի լրագրողների մեծ մասը;

 

Կարսի նահանգում անցած 18 տարիներին Նախիջեւանից տեղափոխվել եւ բնակություն են հաստատել տարբեր հաշվարկներով 6-10 հազար մարդ: Նախիջեւանցիները հարմարվել են, զբաղվում են գործարարությամբ, գյուղատնտեսությամբ, դասախոսում են, լրագրողական գործում կան: Սահմանը փակ պահելու կողմնակիցները հիմնականում արտահայտված են այս խմբով, որ լիովին քաջալերվում է Կասում գործող Ադրբեջանի հյուպատոսարանի հակահայկական միջնակարգ պրոպագանդայով, տեղ-տեղ` հիստերիաներով եւ թուրք ազգայնական կուսակցությունների տեղական մի քանի կառույցներով: Կարսի սոցիալիստներն ու կոմունիստները ազգայնականներին երբեմն հեգնանքով ֆաշիստ են կոչում եւ հասկացնում, որ նրանց հետ հայ-թուրքական ոչ միայն բարեկամության, այլեւ հարաբերությունների հաստատման մասին խոսելն է ավելորդ, որեւէ զրույց չի ստացվի: Չնայած նրանց հետ զրուցելու իմ բոլոր ջանքերին, նրանք բոլորը հրաժարվեցին հանդիպումներից; Մեկը համաձայնեց, բայց, վերջին պահին զբաղվածությունը պատճառաբանելով, եւս հրաժարվեց:

 

Կարսում քաղաքական եւ հասարակական գործիչերի հետ սահմանի եւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին բոլոր զրույցների եւ խոսակցությունների կազմակերպպման ընթացքում հստակ տպավորություն ես ստանում, որ այս մարդիկ, որքան էլ հյուրընկալ եւ ջանադիր, մի խոսք, մի կարծիք ասելու համար անպայման խորհրդակցում են մայրաքաղաքի իրեն վերադասների հետ: Իրենց կարծիքները համեմատաբար ինքնուրույն եւ ազատ էին հայտնում լրագրողները, արհեստավորներն ու գործարար մարդիկ:

 

Գյումուշփալլան հիշում է, որ պատանեկան տարիքում հայ բառը շրջապատում ընկալվում էր իբրեւ հայհոյանք, բայց համարում է, որ այդ ժամանակներն արդեն մնացել են անցյալում: -Հային այժմ ընդունում են որպես ուրույն ժողովրդի, իսկ անձամբ ես` նաեւ որպես բարեկամի, բայց Օսկանյանը ֆաշիստ է ...

 

Սա մեկ տարի առաջ էր:

 

 

.... Բայց ինչ լավ նվագեց

 

Կարսի Արվեստի կետրոնի գլխավոր ռեժիսոր եւ արտիստ Իսրաֆիլ Փարլակ.

 

-Ոչ Կարսը, ոչ Թուրքիան, ոչ էլ Հայաստանը, աշխարհի շատ ժողովուրդները աշխարհագրական սահմաններով չէ, որ ճանաչում են: Ես պիտի իմանամ, թե Հայաստանի ժողովուրդն ինչպես է ապրում, Ավստրալիայի բնիկներն ինչպես են ապրում: Մարդկանց, հատկապես երեխաներին պիտի ուսուցանվի հարեւան ժողովուրդների կյանքը, մշակույթն եւ հետաքրքրությունը պիտի ներարկվի: Այստեղ երեխաների հետ ներկայացումներ ենք դնում, ծախսերը քաղաքապետարանն է հոգում: Սրտանց ուզում եմ մի ներակայացում էլ Հայաստանում ներկայացնել: Ջիվան Գասպարյանը այստեղ մի անգամ ելլութ ունեցավ 2005 թվին: Կարսից մի երաժիշտ էլ կար, ներկայացրին, հանդիսատեսները դուդուկի ձայնից խենթացել էին, հիացած էին: Համերգի ավարտին հանդիսատեսներից մեկն ասաց, հայ է ու իմ սրտից նվագեց: Մեկ ուրիշն ասաց` հայ էր նվագողը, բայց ինչ լավ նվագեց .... պատմում էր Իսրաֆիլ Փարլակը: Նա մի քանի անգամ Հայաստանում եղել է եւ որոնում է Եղիշե Չարենցի բանաստեղծությունների թուրքերեն որեւէ թարգմանություն, պոեզիայի երեկո է բեմադրելու: Նա էլ` ամենքի պես դիտել է Հայաստան-Թոււքիա ֆուտբոլային խաղը:

 

-Արվեստագետները քաղաքական գործիչներին չեն հասկանում: Բայց այսպիսի առաջընթացները շատ ուրախացնող են: Կուզեի, որ այս մակարդակով այցելությունները հաճախակի լինեն: Հասարակ մարդիկ իրար հետ լավ են, մնում է, որ վերեւներում իրար հետ լավ լինեն:

 

Հայաստան-Թուրքիա: 0:2

 

Այդ բացառիկ ֆուտբոլային հանդիպումը Գյուլ-Սարգսյան մակարդակով հետագա բանակցությունները շարունակական տեսնելու հույսեր է արթնացրել ինչպես այս արվեստագետի, այնպես էլ Կարսի լրագրողների շրջանում:

 

Կարս Փոսթասը օրաթերթը վեց տարեկան է: Տպաքանակը, 800 օրինակ: Սեֆեր Թանը գործող խմբագիրն է: Ինքն էլ է դիտել խաղը: Պատմում է, որ անգամ հաշիվն է գուշակել: Քաղաքական տեսանկյունից տեղի ունեցած զարգացումը շատ դրական է գնահատում:

 

-Գյուլի այցելությունը Հայաստան շատ օգտակար եղավ: Ես ուզում եմ, որ սահմանը բացվի: Մի կերպ Ղարաբաղի հարցը լուծեք` թող սահմանը բացվի: Ժողովրդի մեջ թշնամություն չկա: Մի անգամ Երեւանում զբոսնում էի, մոլորվեցի, ճանապարհը խառնեցի, ոստիկանությունը գտավ ինձ, բերեց հյուրանոց: Նման վերաբերմունք չէի սպասում: Հինգ տարի առաջ է եղել Հայաստանում: -Որոշել էի գալ տեսնել ձեր երկիրը, զբոսնել, անչափ հետաաքրքրված էի, այն ժամանակ ընտրոթյուններ էին: -Սեֆեր Թանը զրույցի վերջում ասաց, թե որեւէ թշնամանքի դրսեւորման չի հանդիպել Երեւանում: Մարդը մեզ հացի հրավիրեց: Ժամանակը չունեինք, չնեղացավ:  

 

Թուքիայում ՏԻՄ ընտրությունները տեղի են ունենում հինգ տարին մեկ անգամ: Կարսի քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլին, ով արդեն սպառում է իր երրորդ ժամկետը, պատրաստվում է նոր ընտրությունների, որոնք կայանալու են 2009 թվի մարտի 29-ին: (Այստեղ էլ մեզ չեն զիջում` ՏԻՄ-ում` ով ինչքան կարողանում` ընտրվում է): Նա չորս տարի առաջ իր նմանը չունեցող մի նախաձեռնությամբ էր հանդես եկել. Հայաստանի հետ սահմանը բացելու մասին պետական իշխանություններին հղվելիք ուղերձի ստորագրահավաք էր կազմակերպել: Կարսի նահանգում, ուր բնակչությունը մոտ 350 հազար է, հավաքվել էր 50.000 հազար ստորագրություն, առաջինների շարքերում ստորագրել էին լրագրողները:  Ստորագրահավաքը լայնորեն լուսաբանել են տեղի բոլոր լրատվամիջոցները: Պատմում էին, որ քաղաքի մեծ խաչմերուկներում սեղաններ են դրվել, մարդիկ մոտեցել եւ ստորագրել են: Ապա հավաքված ստորագրությունները ուղարկել են խորհրդարան:

 

Հայաստանում եղել է քաղաքապետի եղբայրներից մեկը` Ալիջան Ալիբեյօղլին, ով մեզ հետ զրույցում իր զարմանքը հայտնեց Հայաստանում սննդի ցածր գների կապակցությամբ: Կարսում նրան, ինչպես նաեւ շատ այլ գործարարների հետաքրքրում են Հայաստանում ոչխարի, շինանյութի եւ վառելանյութի գները: Այս մարդիկ, կարելի է ասել, կազմ ու պատրաստ սպասում են սահանի բացմանը` Հայաստանի հետ աշխույժ առեւտրի ակնկալիքով: Բացատրում էին նաեւ, որ սահմանի բացվելու դեպքում սահմանամերձ տարածքների հողակտորների գներն ակնթարթորեն կաճեն:

 

Կարսում առանց սեթեւեթանքի եւ շատ հասարակ են մեկնաբանում սահմանը բացելու իրենց շահագրգռություններն ու սահմանի փակ մնալու անհեթեթությունը: Մարդիկ այստեղ ավելի  շատ բողոքում են Անկարայի դեմ, ասելով թե` ինչու պիտի Հայաստանի քաղաքացիները ազատորեն ինքնաթիռով գան Ստամբուլ, բայց Կարս` ոչ, թուրքերը Ստամբուլից ազատ գնում-գալիս են Երեւան, իսկ Կարսից իրենք չեն կարող ուղիղ գնալ Գյումրի կամ Երեւան, անպայման պիտի Վրաստանով անցնել, ինչո՞ւ Վրաստանի տարածքով կարելի է միմյանց այցելել, իսկ ուղիղ` ոչ եւ այլն:

 

-Արդյո՞ք դրանով Անկարան ավելի շատ Կարսին եւ սահմանակից նահագներին չի վնասում, քան Հայաստանին, արդյո՞ք դրանով Կարսի զարգացումն արհեստականորեն չեն արգելակում: -Այս հարցերը, որ անպատասխան մնալով գրեթե հռետորական կշիռ են ստանում, զրույցների ընթացում տալիս էին բոլոր նրանք, ովքեր արդեն մի քանի տարի է իրենց կարեցածի չափով պայքարում են սահմանի բացման համար: Այս լույսի ներքո մեկնաբանելով տրամադրությունները Կարսում, իսկապես, կարելի է ասել, որ Թուրքիո կենտրոնական իշխանությունները պետական շահի համար ինչ-որ տեղ զոհաբերում են Կարսի եւ Հայաստանին սահմանակից մյուս նահանգների շահերը: Ըստ այդմ Անկարայի դժգոհություն են հարուցում բոլոր նրանք, ովքեր խոսում են սահմանի բացման օգտին, այդ թվում` Կարսի քաղաքապետը: Գոնե մինչեւ ֆուտբոլային հայտնի խաղն ու հայ-թուրքական դիվանագետների հանրությունից փակ հանդիպումները իրավիճակն այդպիսին էր:  

 

Կարսի շինարարական ընկերությունները ու շինարարները լրջորեն հետաքրքրված են հայաստանյան շինանյութերով, հատկապես տուֆով: Սրա հետ մեկտեղ, հենց Հայաստանից  եկած մարդու են հանդիպում, այնպայման իրենց մտահոգությունն են հայտնում Անիի դիմաց, Ախուրյանի հանդիպակաց ափին հայաստանյան (Անիպեմզայի) քարհանքոմ պայթեցումների մասին: Երբ հարցնում են, թե սահմանի փակ լինելու պարագայում այդ ի՞նչ ճանապարհով ենք Գյումրուց Կարս հասել, ու երբ պարզում են, որ 80 կիլոմետրանոց ճանապարհի փոխարեն եկել էինք 340 կիլոմետրանոց ճանապարհով, աջ ձեռքով գլխի վրայով բռնում են ձախ ականջն ու սկսում են ծիծաղել, իբր` ահա այս օրն եք ընկել, ուրեմն: Ընկել ենք ուրեմն .

 

Հուրյուրտ թերթի խմբագիր Էրոլ Հուրյուրտը մեզ հետ ունեցած զրույցում իր գործընկերների պես ասաց, թե ուզում է, որ սահմանը բացվի: Բայց նշեց նաեւ, որ սա պետական նշանակության հարց է: Մոտ վաթսունամյա այս խմբագիրը համարում է, որ պետության ավագները ավելի լավ գիտեն.

 

-Այն հարցերը, որ առաջ եք քաշում (չի նշում, թե որ հարցերի մասին է խոսքը), մեզ նեղ դրության են դնում: Որպես տեսակետ էլ, որ հայտնեք, մենք մեզ կվնասենք: Սահմանը 1992-1993 բաց էր, մարդիկ գնում-գալիս էին, առեւտրականների համար էլ լավ էր: Աշխուժություն էր տիրում: Իմ հասկանալով, Ղարաբաղի խնդրի հետ կապված մեր երկիրը նման դիրքորոշում ստանձնեց.-ասում է Էրոլ Հուրյուրտը:

 

Թերթն անընդմեջ լույս է տեսնում 1954 թվից: Տպաքանակը 300-350 օրինակ է, որոնցից 250-ը բաժանորդներին է հասնում բաժանորդագրման համակարգով: Այս եւ այլ թերթերի լավ օրերը ընտրությունների ժամանակ են սկսվում: Տպաքանակը այդ օրերին հասնում է 1500-2000-ի: Այս թերթի խմբագության նախասրահը փոքրիկ թանգարան է հիշեցնում. հին տպագրական մեքենա, որ որպես անտիկվար մոտ 40.000 լիրա կամ 25.000 դոլար է գնահատվում, զանազան պատվոգրեր, գովասանագրեր եւ այլն:

 

Էրոլ Հուրյուրտը դիտել է պատմական ֆուտբոլային հանդիպումը: Իր կարծիքով Աբդուլա Գյուլի այցը քաղաքական չէր, այլ միայն սպորտային, ճիշտ է` աննախադեպ էր, բայց լուրջ հույսեր այդ հանդիպման հետ փայփայել անիմաստ է համարում:

 

Ռուսաստանն էլ շարունակվում է քայքայվել ...

 

Կարսի երեք տեղական ռադիոկայաններից մեկը` Կավկազ ռադիոկայանը (95.5 FM) տեղավորված էր մի բնակարանում, ուր մուտք գործելու համար ոտնամանները հանում են ինչպես աշխատակիցները, այնպես էլ հյուրերը, բացառություններ չկան: Ռադիոկայանը գործում է 1996 թվից, լուրեր, գովազդ, երաժշտություն է հաղորդում, կան նաեւ քաղաքապետարանի աշխատանքի հետ կապված հաղորդումներ, հարցազրույցներ ուղիղ հեռախոսակապով, ինչպես նաեւ սոցիալ-կրթական ծրագրեր հատուկ կանանց համար: Հաճախ հոգեբանների եւ բժիշկների են հրավիրում հարցազրույցի: Հղիության, ծննդաբերության, կանանց կարիքների շրջանակներում խորհուրդներ են հաղորդում:

 

Տնօրենը` Լեւենտ Աթան, որ մոտ երեսունհինգ տարեկան է, ասաց, թե հավանել է  Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը: Ողջունելի է համարում Թուրքիայի  նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Հայաստան.

 

-Թուրք-հայկական խնդիր կա, դրանք պատմական հարցեր են, այս հարցերը պիտի կարողանանք հաղթահարել, օսմանյան ժամանակներում հայերն ու թուրքերը գործըկերություն են արել, ինչ է, հիմա չե՞ն կարող: Պիտի հիշել, որ արյունը արյունով չի լվացվում, արյունը ջրով է լվացվում: Մեկս մեկիս հարեւան ենք,-բացատրում էր Աթան,-պիտի երկխոսության մեջ մտնենք: Կուզեինք Հայաստանի նախագահին էլ այստեղ տեսնել որպես հյուր, այդպիսով մեր հարաբերությունները կսկսեն քայլ առ քայլ լավանալ:

 

Սահմանի վերաբացման հեռանկարների եւ ակնկալիքների մասին խոսելիս, ռադիոկայանի տնօրենը նշեց, որ դա առեւտրական եւ այլ գործարար հարբերությունների զարգացմանը խիստ կօգնի.-կարծում եմ անգամ Վրաստանի համար շահեկան կլինի, որ սահմանը բացվի: Իսկ սահմանի բացման խոչընդտները արդեն սակավ են, Ռուսաստանը շարունակվում է քայքայվել: Ազգերի երկխոսությունների ժամանակն է գալիս: Աբխազիա, Օսեթիա, Վրաստան գերակա ուժ չպիտի լինի, Ռուսաստանը, կարծում եմ Վրաստան չպիտի ներխուժեր ոչ մի պարագայում:

 

Ռադիոկայանի տնօրենը ասաց, թե չի եղել Հայաստանում, բայց լավ բարեկամներ ունի այնտեղ, նրանք հիմնականում առեւտրականներ են եւ գալիս են Թուրքիա առեւտրի: Ասաց, թե Վրաստանում եղել է, բայց Հայաստան այցելելու մտահոգություն ունի, կարծում է, թե այնտեղ վատ վերաբերմունքի կարժանանա թուրք լինելու պատճառով: 

 

Եվրատեսիլի մասով փոքր պարտք ...

 

Օլչեք մշակութային թերթի խմբագիր Սալի Շահինը Թուրքիայի նախագահի այցը Հայաստան ողջունելի քայլ է համարում, ողջունելով այդ, հոդված է տպել իր թերթում:

 

 -Հայաստանը մեզ սահմանակից երկիր է, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ մենք բարեկամական կապեր ունենք: Երաժշտության եւ արվեստի ոլորտում, ժողովրդական բանահյուսությաան մեջ, ֆոլկլորում մենք աղերսներ ունենք: Իմ ակնկալիքը այս ոլորտներում հնարավոր համագործակցությունն է: Առկա տարաձայնությունները լուծողները վերին ատյաններն են: Քաղաքական գործիչները պարտավոր են ավելի իմաստուն լինել: Դրա փոխարեն որոշ քաղաքական գործիչներ եւ քաղաքագետներ, Հայաստանում էլ, Թուրքիայում էլ մեր միջեւ առկա տարաձայնություններից օգտվելով, Հայաստանի քաղաքացիներին եւ Թուրքիայի  քաղաքացիներին անհանգիստ վիճակի մեջ են պահում, խոչընդտում են տնտեսական ու մշակութային համագործակցությանը: Մեր նախագահի այցը Հայաստան այդ տեսանկյունից շատերին դուր չի եկել: Սակայն հասարակության մեծ մասը նախագահ Աբդուլլահ Գյուլի Հայաստան կատարած այցը շատ դրական է գնահատում: Այդ այցից հետո Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ լուրջ երկխոսություն ենք ակնկալում: Տեղյակ եմ, որ մեր նախագահի այցը Հայաստանում որոշ տարաձայնությունների տեղի տվեց: Երբ ֆուտբոլի հեռուստահեռարձակման ժամանակ հնչեց մեր երկրի հիմնը, մեր նախագահին ծափահարողներ էլ տեսանք, դժգոհողներ եւ ոտքի չկանգնողներ էլ տեսանք: Մտածում էինք, թե տեսնես մարդկանց մեծ մասն ի՞նչ վերաբերմունք ունի մեր երկրի հանդեպ: Օրինակ, Եվրատեսիլի ժամանակ Թուրքիան որպես կանոն Հայաստանին շատ մեծ միավորներ է տալիս: Սակայն նույն վերաբերմունքին չենք արժանանում հայաստանյան կողմից:

 

-Կարսի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված Կարսի մշակութային փառատոնին Հայաստանից էլ են մասնակիցներ գալիս: Դա մեզ ուրախացնում է: Հայաստանցիներին կարսեցիները շատ մեծ ուշադրության են արժանացնում: Որակյալ կատարումներ ենք լսել, երաժշտությունն ենք շատ հավանում: Բայց նախանձողներ էլ կան: Նրանք, իհարկե, փոքրամասնություն են կազմում: Ուզում ենք, որ այս բարելավման մթնոլորտը շարունակվի: Ձեր այցը, մեր տրամադրություններն իմանալը, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման մասին մեր կարծիքները իմանալը կարեւոր է: Սակայն որոշ թղթակիցներ դժգոհ են մեր այս հարաբերություններից,-ասում էր Սալի Շահինը:

 

Իմպերիալիստական

 

Ումիդ Քըլըջը Ժողովրդական ժողովրդավարական կուսակցության (DTP Democrati Topulumm Pparti) Կարսի մարզային կառույցի ղեկավարն է: Թերեւս կարելի է ասել, որ կուսակցությունների տեղական կառույցների ղեկավարներից նա միակն էր, ով համաձայնեց հանդիպել եւ զրուցել մեզ հետ, մյուսները զանազան պատճառաբանություններով հաջողացրին իրենց կարիքները պահել միայն մերձավորների համար: DTP կուսակցությունը ստեղծվել է 2005-ին, Թուրքիայի խորհրդարանում (550 պատգամավոր) ներկայացված է քսանմեկ պատգամավորով: Կուսակցության գաղափարախոսությունը սոցիալիստական է: Կուսակցությանը անդամակցում են երկու միլիոն մարդ, նրանց թիվը գնալով աճում է: 48 վիլայեթներում բյուրոներ ունեն: Հույս ունեն, որ հաջուրդ խորհրդարանական ընտրություններում 100-150 պատգամավորական տեղ կգրավեն: Հարավ-արեւելյան Անատոլիայի 55 համայնքների պետեր, այդ թվում Բատմանի, Դիարբեքիրի, Վանի համայնքապետերը այս կուսակցության անդամներ են: Կուսակցության ակտիվիստները նպատակադրվել են այս տարածաշրջանում մարտին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակ հարյուր հինգ համայնքներում նվաճել համայնքապետերի պաշտոնները: Ումիդ Քըլըջը որոշ ժամանակ քաղաքական հալածանքներից պատսպարվելու համար ապրել է Բելգիայում: Այնտեղ համագործակցել է ինչպես հայերի, այնպես էլ այլ ազգերի ներկայացուցիչների հետ.

  

- Ֆուտբոլի մասին, ներողություն խնդրելով պիտի ասեմ, որ ֆուտբոլի հարցում իմպերիալիստական մոտեցում ունեմ` որ թիմը որ ուժեղ խաղաց, նրան էլ կպաշտպանեմ: Սպորտի ոգով ով ուժեղ է խաղում, նրան էլ երկրպագում եմ:

 

Նախագահ Ա.Գյուլի Հայաստան կատարած այցի մասին ասաց. -Հայաստանը մեր ամենամոտ հարեւանն է: Սիրտս ուզում էր, որ նստեի եւ գնայի Երեւան, զբոսնեի եւ վերադառնայի: Անցյալում տհաճ բաներ են եղել: Եղածը հարկավոր է մոռանալ եւ համագործակցել երկու պետությունների շահերից ելնելով: Արեւելյան սահմանի բացվելուց կհարստանան եւ Հայաստանը, եւ Կարսը, եւ մեր նահանգը: Ոչ մի ժամանակներում ժողովուրդները միմյանց թշնամիներ չեն, միշտ որոշակի պայմաններ են ստեղծվում ժողովուրդների թշնամացման համար, կարծում եմ, եթե ժողովուրդներն իրար իմանան, թշնամությունը կվերանա:

 

Պո ռուսկի զնայեմ

 

Կարսեցի գործընկերներիս խնդրեցի ինձ տանել Կարսի տարեցներից մեկի հետ հանդիպման; Պայմանավորվեց, գնացինք, հին քաղաքում էր տունը, սրբտաշ սեւ քարից, հիմա այդպիսի տներ չեն սարքում Կարսում: Սենյակների հատակներին թաղիքեղեն եւ փալասներ էին փռած, նախասրահում մի  քանի հարյուր լիտր ջուր կար պաշարած պլաստիկից տարաների մեջ, պատերը անխնա ներկված էին դեղնավուն, կահույքն ու կարասին հին էր, չարքաշ առաստաղի գերանները հարյուր տարում ճկվել-կախվել էին, մի կես մետր գոգ էին տվել, չէին նորոգում: Ծերունին պառավի հետ էր ապրում: Պառավը թեյ մատուցեց: Պատերին որդիների նկարներն էին: DVD նվագարկիչը իր պատվավոր տեղում էր, այստեղ գրեթե բոլոր բնակարաններն ու կացարաններն էլ արբանյակային անհատական ալեհավաքներով են հագեցած այնպես, ինչպես ամենուր պարտադիր թեյ են մատուցում  

 

Քյարրաշ Դուրմուշը 89 տարեկան էր, Չաքմաք գյուղից, Չալգավուր թաղից: Մալականների հետ միասին է ապրել: Պատմում է, որ հայեր են ապրել իրենց գյուղում: Անուններ է հիշում` Արամ Վարդանյան, Խաչիկ ...:- Պո ռուսկի զնայեմ:-անակնկալ ասաց ծերունին, ու վրա բերեց` սամավար, վալինկա, կկռուշկա: հորից լսել է, թե ինչպես են հայերը գաղթել: Տեսել է Քեմալ Աթաթուրքին: 1938-ին է մահացել: Ասում է, թե այս տունը ռուսական տուն է: Հայ-թուրքական սահմանի բացելու մասին ասաց.որ սահմանը բացվի էլ իրար խփել-ջարդել չի լինի

 

Ձիասարքերի բավականաչափ հարուստ խանութի հաղթանդամ տերը, որ նաեւ որոշ ձիասարքերի պատրաստող վարպետն էր ու գործակատարը, մեզ տեսնելով, մեր ինչ լինելն իմանալով, շատ ուրախացավ, խանդավառվեց, սկսեց իր ապրանքն ու աշխատանքները ցուցադրել մեկ առ մեկ, հետո ծնողների ու իր սիրած եւ ունեցած նժույգների լուսանկարները ցույց տվեց, վերջում աննման անմիջականությամբ ասաց.-միշտ երազել եմ, որ սահմանը բացվի ու կարողանամ Հայաստանում նման խանութ բացել, ձեզ մոտ էլ ձիեր կան չէ՞:

 

-Այն էլ ինչպիսի-ասացի:

  

 

Մինչդեռ հասարակ մարդկանց ցանկություններն ու երազանքները շարունակում են էական հակասությունների մեջ մնալ իշխանությունների տրամադրությունների եւ երկրի կառավարման հանրությանը հայտնի ու անհայտ շահերի հետ: Կարսում իմ զրուցակից մոտ երկու դյուժին մարդիկ էլ շատ լավ հասկանում ու պատկերացնում  են, որ պատմական հիշողության արժեւորման իմաստնության կարիքը, կարծրատիպերից հրաժարվելու երկուստեք կամքի եւ համապատասխան ջանքերի անհրաժեշտությունը, Ղարաբաղի չլուծված կոնֆլիկտը, Ադրբեջանի էներգակիրները, Ռուսաստանի անթաքույց շահերը, քրդական գործոնի անկանխատեսելի զարգացումների եւ Թուրքիայի եվրոինտեգրման ճանապարհին հայոց ցեղասպանության հաղթաթղթի շահարկումների հետ մեկտեղ սահմանը այնքան երկար են փակ մնալու որքան պետք կլինի:

 

Ոչ հայաստանյան ոչ էլ թուրքական կողմից որեւէ սերունդ այս հատվածում բաց սահման չի հիշում, եւ այստեղ եւ այնտեղ ոչ ոք հոգեբանական անհաշտություն չունի այս երկու հարեւաանների սահմանի գոցության հանգամանքի հետ: Ավստրալիան ու Նոր Զելանդիան մեզ հոգեբանորեն ավելի մոտ են, քան Կարսը կամ Կարսի նահանգը որպես ժանանակակից աշխարհագրական միավորներ: Նույնիկ Ստամբուլն է շատ ավելի մոտ ընկալվում, քան Ախուրիկից մի կիլոմետր դենը: Կարսի այժմյան բնակիչների համար նույն երկրները հոգեբանորեն ավելի մոտ են քան Գյումրին, որ հիշում են իրենց պապերի պատմածներով: Հայաստանը թուրքական իշխանությունների դարդերի ցուցակներում առաջին տասնյակում էլ չկա, առաջին տասնյակում սփյուռքն է համապատասխան պատճառներով ժառանգված գլխացավանքով, կամ` ցեղասպանության ճանաչման-չճանաչման գլխացավանքն է առաջին տասնյակում` հայկական սփյուռքի մատուցմամբ  Այս թնջուկն այնքան է գանգուր, որ հեռվանց մի կետ է երեւում միայն` որպես սահանը բացել-չբացելու հարց: Համատեղելի՞ ենք, թե՞ չենք: Եթե չենք, ապա, ներողություն, ո՞վ է տեղափոխվելու, եւ մոտավորապես՝ ո՞ւր, բոլոր տեղերն զբաղված են, ասում են: Կա՞ն հավերժական թշնամիներ, թե՞ չկան:  Մինչեւ այս հարցերի պատասխանները չերեւան երկու երկրների քաղաքական մտքերում, սահմանը փակ է մնալու: Ավելի շատ փակ, քան բաց:         

 

Լեւոն Բարսեղյան 

Թարգմանիչ` Հարություն Ֆիլյան

Լուսանկարները՝ Հայկ Բարսեղյանի


www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter