Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Որակյալ ժուռնալիստիկա. Պատվաստանյութ ինքնաոչնչացման դեմ

 

29 | 07 | 2009 | 12:00 | Վերլուծական

 

Հայկական հեռուստաալիքների հեռարձակման տեխնիկական  դադարի մասին անհավանական լուրերի վերջին ալիքն ավելորդ անգամ ընդգծեց, թե որքան խորը ճգնաժամում է հայտնվել  մեր երկրի տեղեկատվական ոլորտը: Իսկ եթե հիշենք ավելի վաղ առաջացած խուճապը` ենթադրյալ ավերիչ երկրաշարժի շուրջ, մեր հանրահայտ հայրենակիցների մասին սեւացնող հրապարակումների նոր թափ հավաքող տեղատարափը, եւ վերջապես, անցյալ տարվա մարտի 1-ի ողբերգությունից հետո այդպես էլ համարժեք գնահատականի չարժանացած աննախադեպ զեխությունը  ԶԼՄ-ներում, իրադրությունը բավական տագնապալից կպատկերվի: Ի՞նչ քայլեր են առաջարկվում` ի պատասխան այդ մարտահրավերների:

 

Առայսօր նախադեպը չունեցող  ակտիվություն է նկատվում Հայաստանի տեղեկատվական օրենսդրության ոլորտում: Շարունակ հայտնվում են գաղափարներ, օրինագծեր, որոնց հեղինակներն աղմկոտ փի-առ արշավներ են կազմակերպում` խորը մտահոգություն դրսեւորելով հայրենական լրագրության ազատության, հավաստիության եւ բարոյականության մակարդակի վերաբերյալ` առաջարկելով այդ մասնագիտությունը խցկել տարատեսակ կաղապարների մեջ: Ըստ որում, եթե նախորդ տարիների օրենսդրական օրակարգը ձեւավորվում էր երկրի միջազգային պարտավորություններով,  ապա ներկայիս նախաձեռնությունները խորապես տեղական ծագում ունեն:

 

Հայկական ԶԼՄ-ներն իսկապես իրենց լավագույն ժամանակները չեն ապրում` էթիկայի գրված եւ չգրված կանոններին հետեւելու իմաստով: Բայց դրա գլխավոր պատճառը իրենց` լրագրողների չարանենգ խուսափումը չէ մասնագիտական ստանդարտներից: Այս օրվան մենք հասանք նախ եւ առաջ` նպատակամղված քաղաքականության արդյունքում, որը, խորհրդային ժամանակների ծանր ժառանգության եւ տնտեսական օբյեկտիվ դժվարությունների հետ միասին, հանգեցրեց մամուլի` որպես որպես ձեռնարկատիրական գործունեության ոլորտի եւ միաժամանակ քաղաքացիական հասարակության կարեւորագույն ինստիտուտի ինքնուրույնության սահմանափակմանը: Հետապնդումները որոշ լրատվամիջոցների հանդեպ, ԶԼՄ-ների ապադասակարգայնացումը, որ նրանց ուղեկցում էր ամբողջ հետխորհրդային  շրջանում, մամուլին գրեթե զրկել էին այլ ընտրությունից, բացի իշխանության եւ քաղաքական օլիգարխիական կլանների կցորդը դառնալուց կամ էլ ժամանցային բիզնես մտնելուց:

 

Այսօր էլ մարդիկ, ովքեր տարիներով անտարբերորեն նայել են (եւ շարունակում են նայել), թե ինչպես են մեր գործընկերների մտածողության մեջ քայլ առ քայլ այրվում խոսքի ազատության, խմբագրական անկախության սկզբունքների եւ սոցիալական պատասխանատվության  մասին պատրանքները, որոշել են զբաղվել մամուլի ներկայացուցիչների վերադաստիարակությամբ: Պարզվում է,որ ԶԼՄ-ներին պարտադրված` քաղաքական ընդդիմախոսների նկատմաբ տարվող  տեղեկատվական տեռորի, հաշիվները մաքրելու, աշխարհիս ուժեղների միջեւ քրեական ռազբորկաների դեմ կարելի է պայքարել լրագրողների նկատմամբ ֆինանսական սանկցիաներ կիրառելով կամ օրենքում նրանց իրավունքները եւ պարտականությունները սահմանելով (¯):

 

Մի՞թե պարզ չէ. օրենքի առաջ շարքային կատարողների պատասխանատվության  խստացումները չեն կանգնեցնի նրանց, ովքեր մամուլն օգտագործում են բացառապես բազմագույն փի-առ իրականացնելու նպատակներով: Իսկ պահանջարկի առկայության պարագայում` չի լինի նաեւ տեղեկատվական քիլլեր-կամիկաձեների պակաս, ովքեր չեն վարանի դատարանի առջեւ հայտնվելու ռիսկից` վճարովի զրպարտության, վիրավորանքի ու կոմպրոմատի տարածման համար:

 

Մեր դատաիրավական համակարգի համար ավանդական` օրենսդրության ընտրովի կիրառումը միմիայն դաշտը կմաքրի համարձակ, ոչ թե պատվեր կատարելու ծառայամտությամբ, այլ մասնագիտական խղճով առաջնորդվող  լրագրողներից եւ, հավանաբար, կկարճացնի ընդդիմադիր պարբերականների լեզուն:

 

Մեր ԶԼՄ-ների առանց այդ էլ համեստ դերը հասարակական-քաղաքական գործընթացներում` նման բարեփոխումների արդյունքում նվազագույնի կհասնի: Սակայն դրանից ԶԼՄ-ներն ավելի բարոյական եւ քաղաքացիների իրավունքները հարգող, անշուշտ, չեն դառնա: Ավելի շուտ` ընդհակառակը:

 

Ասվածն ամենեւին չի նշանակում, որ տողերիս հեղինակը լրագրողների իրավական անպատժելիության ջատագովն է: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա ԶԼՄ-ների անբարեխիղճ գործողություններից իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու իրավունք: Եւ ՀՀ գործող օրենսդրությունը դրա համար առաջարկում է որոշակի մեխանիզմներ: Ուրիշ բան, որ անվանարկումներից տուժածները հազվադեպ են օգտվում դրանցից` դատարանների հանդեպ անվստահության պատճառով: Այս պնդումն, անշուշտ, չի վերաբերում տիրող վերնախավի ներկայացուցիչներին. բավական է հիշատակել դատական թարմ պրակտիկան` մասնավորապես Լեւոն Քոչարյանի (երկրի երկրորդ նախագահի որդու) հայցն ընդդեմ Հայկական ժամանակ օրաթերթի, որպեսզի համոզվենք. նրանք շատ էլ լավ կարողանում են արդյունավետորեն իրացնել մամուլի հանդեպ դժգոհությունը:  

 

Ներկայիս օրենսդրական տենդի առնչությամբ անհանգստությունը չի նշանակում նաեւ, որ օրենքներում ոչինչ պետք չէ փոխել: Մեր մամուլին վերաբերող օրենսդրության կատարելագործման ընթացքը պետք է լինի անընդհատ եւ հետեւողական: Բայց դա պետք է տեղի ունենա հիրավի հանուն բարելավման, այլ ոչ թե դրա նմանակման կամ որ ավելի վատ է` հետընթացի, ինչպես որ ՀՀ Զանգվածային լրատվության մասին օրենքի` առաջարկվող փոփոխությունների պարագայում է:  Մի քանի ամիս առաջ դրանց նախաձեռնողը` Ազգային Ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, լրագրողներին հրավիրեց իր օրինագծի քննարկմանը:  Լսելով քննադատությունը` նա խոստացավ հրաժարվել իր այդ նախաձեռնությունից, սակայն որոշ ժամանակ անց այն թեթեւակի փոփոխություններով մտցրեց շրջանառության մեջ:

 

Օրենսդիրների մատուցած անակնկալները սրանով չավարտվեցին: Լրագրողական կազմակերպությունների բազմաթիվ առաջարկները լիովին անտեսելու հետ մեկտեղ, խորհրդարանական համապատասխան հանձնաժողովն աննախադեպ արագությամբ ձեռնարկեց Տեղեկատվության եւ իրավունքի ինստիտուտի նախաձեռնած` Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, մեղմ ասած,  տարօրինակ օրինագծի պաշտպանությունը, որով նախատեսվում է լրագրողների հանդեպ պատիժների խստացում` քաղաքացիների պատվին եւ արժանապատվությանը հասցված վնասի համար: Եւ եթե Վիկտոր Դալլաքյանի  նախաձեռնությունը համեմատաբար անվնաս բան է, քանի որ չի կարող գործնական կիրառություն ունենալ եւ անցանկալի է հիմնականում հայեցակարգային տեսանկյունից, ապա Քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն իրապես վտանգում են մամուլի ազատությունը: Հակառակ այս օրինագծի հանդեպ բավականին քննադատական արձագանքի, այն ռեկորդային կարճ ժամկետներում դրվեց Վենետիկի հանձնաժողովի սեղանին, եւ միայն վերջինիս ծայրահեղ բացասական կարծիքն, ըստ երեւույթին, սառեցրեց պատասխանատու լրագրության նորահայտ նախանձախնդիրների եռանդը:

 

Կասկածելի նախաձեռնությունների ակտիվ առաջխաղացումն իրականացվում է  մեր հեռարձակման օրենսդրության` ակնհայտ փակուղու առջեւ հայտնվելու եւ գովազդի իրավական կարգավորման հարցում լիակատար խառնաշփոթի հանդեպ  դրանց հեղինակների անտարբերության ֆոնին: Անորակ օրինագծերի շարադրանքի, լուրջ տեսքով կարդալու, լրամշակելու եւ անգլերեն թարգմանելու վրա է ծախսվում մեր երկրի պետական այրերի աշխատաժամանակի եւ պետական զգալի միջոցների մեծ մասը: Էլ չենք ասում այն մասին, թե ինչ արժե ստրասբուրգյան փորձագետների կողմից կանխավ հայտնի փաստի արձանագրումը, որ սույն նախաձեռնությունները չեն համապատասխանում միջազգային հիմնարար սկզբունքներին: Բայց չէ՞ որ այդ ամենից հնարավոր կլիներ խուսափել` վերականգնելով  օրինագծերի եւ օրենսդրական հայեցակարգերի լայն քննարկումների` 90-ականների վերջին եւ 2000-ականների առաջին տարիներին  սկիզբ առած, սակայն հետագայում մերժված փորձը:  Տարբեր կարծիքների եւ մոտեցումների համեմատությունը հնարավորություն էր ընձեռում կանխարգելել առավել անընդունելի գաղափարները եւ միջազգային կազմակերպությունների փորձաքննությանն ուղարկել որակական գոնե նվազագույն պահանջներին համապատասխանող փաստաթղթեր:

 

Այն, ինչ կատարվում է վերջին ժամանակներս, հանգեցնում է այն մտքին, որ օրենաստեղծ նախաձեռնությունների բազմակողմանի քննարկումներն ու փորձարկումները դրանց հեղինակների կողմից դիտարկվում են որպես օրենսդրական խոտանն առաջ մղելուն խոչընդոտող ավելորդ արգելք: Երբ անցյալ տարվա սեպտեմբերին անհրաժեշտ էր ցանկացած գնով արգելել հեռարձակման լիցենզավորման հերթական մրցույթը, հաշված օրերի ընթացքում, առանց որեւէ քննարկման կամ փորձաքննության, փոփոխություն մտցվեց ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում: Այդ փոփոխության հիմնավորման անհեթեթությունը ցայսօր էլ  ապշեցնում է:

 

Այդ նույն օրենքում 2009-ի ապրիլի վերջին կատարված փոփոխությունների դեպքում այլ մեթոդ էր կիրառվել. տարիներ շարունակ  Եվրախորհրդի  գործընկերների գլուխները տանել եւ նրանց հետ գործակցել լիակատար գաղտնիության մթնոլորտում: Արդյունքում, շրջանցելով ակնհայտ լուծումները, դրանց փոխարեն առաջ քաշելով խրթին, գործնականում անկիրառելի մեխանիզմներ, այդ գործընթացի համար պատասխանատու հայաստանյան օրենսդիրները վերջնականապես հոգնեցրին ԵԽ փորձագետներին եւ նրանցից կորզեցին համեմատաբար դրական եզրակացություն:

 

Նույն մեթոդները կարող են կիրառվել նաեւ սույն դիտարկումների առիթը հանդիսացող երկու օրինագծերի դեպքում:  Վերոհիշյալ ձեւական գործընթացներին մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների մասնակցությունը, բացի վերջիններիս հարմարվողականության մասին կասկածներից, ենթադրել է տալիս միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսական աջակցության (կամ դրա ակնկալիքի) հնարավորության մասին, որոնցից շատերն, ինչպես երեւում է, վաղուց եւ անհուսալիորեն խճճվել են այն հարցում, թե ինչն է լավ եւ ինչն է վատ հայկական ԶԼՄ-ների համար:

 

Օրենսդրության հետ այս բոլոր թեթեւամիտ, իրավիճակային խաղերն ընթանում են այն ժամանակ, երբ հայկական ԶԼՄ-ները հայտնվել են վտանգավոր վիրուսով վարակվելու վտանգի առաջ: Դրանցից մեկը` բարոյական բոլոր տաբուների, իդեալների, արժեքների, հեղինակությունների ոչնչացումը, տարածվում է առավել արագ տեմպերով: Այդ մասին խոսում են համարյա բոլորը եւ բավական հաճախ, սակայն առաջարկվող պատվաստանյութերը (արգելել, սահմանափակել, պատժել) դժվար թե փրկեն  համաճարակից: Բամբասանքները, ոսկորներն աղալը, չարախոսությունը նրանց հանդեպ, ովքեր այս կամ այն կերպ դիպել են քո ցավոտ տեղին, մարդկային էությանը միանգամայն բնորոշ երեւույթներ են, որոնք դրսեւորվում են հաղորդակցության բոլոր մակարդակներում, այդ թվում նաեւ ԶԼՄ-ներում: Եւ բոլորին է հայտնի, թե ինչի են վերածվում եւ ինչով են ավարտվում այդ էությունը ստիպողաբար փոխելու եւ նման թուլություններից ազատելու փորձերը:

 

Ստոր բամբասանքների պատանդը չդառնալու խնդրում հասարակությանն օգնում է հավաստին հուզականից  տարբերելու կարողությունը:  Շուկայական ասեկոսեն ադրենալինի ավելի ուժեղ հոսք է ծնում, քան` հանրագիտարանային գիտական հոդվածը: Բայց երբ մարդը զգում է մի գիտելիքի կարիք, որից շատ բան է կախված իր կյանքում, նա, ամենայն հավանականությամբ, կնախընտրի օգտվել մի քիչ ձանձրալի, բայց հավաստի աղբյուրից: Դեղին մամուլը, պապարացիները ծաղկում են զարգացած ԶԼՄ-ներ ունեցող բոլոր երկրներում: Մարդիկ դժգոհում են, պախարակում այն, բայց ոչ մեկի մտքով չի անցնում` ոչնչացնել նրանց:  Ցածրակարգ լրագրության հետ գոյություն ունեն նաեւ որակյալ, պատասխանատու, խմբագրական անկախություն ունեցող ԶԼՄ-ներ, որոնք այդ երկրների քաղաքացիներին պաշտպանում են տգիտությունից, զոմբիացումից եւ արժեքավոր կողմնորոշումների կորստյան վտանգից: Հենց այստեղ է մեր մամուլի պրոբլեմը, այլ ոչ թե դեղին մամուլի գոյության մեջ:

 

Լարենք մեր հիշողությունը եւ փորձենք մատների վրա հաշվել այն թերթերը, հեռուստա-եւ ռադիոալիքները, որոնք իրական այլընտրանք են հանդիսանում նրանց, ովքեր ցեխ են շպրտում անխտիր  բոլորի եւ ամեն ինչի վրա եւ ծայրահեղ միտումնավորությամբ մեկնաբանում իրողությունները: Թվում է, մեր լրատվական դաշտի հանդեպ անգամ ամենաբարյացակամ վերաբերմունքի պարագայում, մեկ ձեռքի մատները միանգամայն բավարար կլինեն այդ հաշվարկի համար: Մինչեւ վերջերս մենք մեզ հանգստացնում էինք այն բանով, որ օբյեկտիվության պակասը մասամբ փոխհատուցվում է տպագիր ԶԼՄ-ներում առկա բազմակարծությամբ, եւ որ տարաբնույթ պարբերականներին հետեւող մարդիկ հնարավորություն ունեն իրենց համար կազմել դեպքերի եւ իրադարձությունների քիչ թե շատ հավասարակշիռ պատկեր: Ցավոք, այսօր նման պնդումներ անելու համար լավատեսությունը գնալով պակասում է: Հասարակության ուժգնացող քաղաքական, գույքային, սոցիալական բեւեռացումը պայմանավորում է արդեն ոչ թե պարզապես միեւնույն փաստերի վերաբերյալ տարբեր հայացքների ձեւավորումը, այլ փաստերի գրեթե լիակատար արհամարհումը` հանուն կանխապես ներկայացված գնահատականների եւ դիրքորոշումների հռչակման:

 

Հակառակորդին բարոյապես ոչնչացնելու (իսկ իրականում` ինքնաոչնչացման) այս պայքարում հաղթողներ չեն լինում. զոհ է դառնում հասարակության հոգեւոր, ինտելեկտուալ առողջությունը, իսկ փրկությունը` ԶԼՄ ների անհրաժեշտ բեկումնային մասսայի ձեւավորումն է, որն իր լսարանին կառաջարկի որակյալ տեղեկատվություն` որպես հակակշիռ հասարակական շահերից հեռու,  նեղմիտ կարծրատիպերի եւ պիտակների: Ընդսմին, կարեւոր է, որ այդ ԶԼՄ ները չխուսափեն օրախնդիր թեմաներից, արձագանքեն մարդկանց հուզող բոլոր գործընթացներին եւ իրադարձություններին: Հակառակ դեպքում նրանք դատապարտված են հայտնվելու ագրեսիվ ժուռնալիստիկայի ստվերում, որի համար ընտրված (կամ ուղղորդված) թիրախի  գնդակոծումն իր գոյության միակ իմաստն է ու միջոցը: Հենց այլընտրանքն ի վիճակի կլինի կանգնեցնել համաճարակը, այլ ոչ թե անբարեխիղճ մամուլն արմատախիլ անելու` միամիտ կամ որ ավելի վատ է` միանգամայն գիտակցված կոչերը:

 

Հասարակական հարաբերությունների որոշ կոնստրուկտորների ծրագրերի կյանքի կոչումը, ովքեր հույս ունեն լրագրողական ամենաթողությունն օգտագործել գրաքննության այս կամ այն ձեւերի,  ռեպրեսիաների կիրառման նպատակով (հանդիսատեսների ծափահարությունների ներքո), հնարավոր սցենարներից վատթարագույնն է: Լրատվամիջոցների օրենսդրության հետագա բարեփոխումը պետք է ուղղվի ոչ թե դեղին մամուլի դեմ պայքարին, այլ որակյալ, պրոֆեսիոնալ լրագրության ամրապնդմանը:

 

Դրությունը, որի մեջ հայտնվել է մեր տեղեկատվական ոլորտը, մոտ է արտակարգին: Իսկ նման դեպքերում առանց իշխանական կառույցների շահագրգիռ մասնակցության` հնարավոր չէ գործը գլուխ բերել: Մանավանդ որ մեզ մոտ տեղեկատվական ամենաազդեցիկ  միջոցը հանդիսացող հեռուստատեսությունը գտնվում է  այդ կառույցների գրեթե լիակատար վերահսկողության ներքո: Եւ երբ այսրոպեական նպատակներին հասնելու համար  հեռուստատեսության հզոր ռեսուրսներն օգտագործվում են այնպես, ինչպես դա արվեց 2008-ի մարտին, դժվար է խուսափել մամուլի բարոյազրկումից, որն այսօր առկա է եւ այդքան մեծ մտահոգությունների առիթ է տալիս: Ինչո՞ւ դրանից դասեր չքաղել եւ հասարակությանը չառաջարկել պրոֆեսիոնալ այնպիսի ստանդարտ, որը կարեւորագույն խնդիրների քննարկումը կդնի քաղաքակիրթ հունի մեջ: Միգուցե արժե՞ ռիսկի դիմել եւ գոնե մեկ երկու առաջատար հեռուստաընկերություններում հրաժարվել թեմատիկ եւ անձնական սահմանափակումներից, ստեղծել հիրավի ազատ ամբիոն, որը հիմքից կզրկի անկյունից կամ բարիկադի հետեւից քար ու փտած ձվեր նետել սիրողներին: Չէ՞ որ ԶԼՄ ները` որպես ազգային արժեքները եւ իդեալները փոխանցող, վերջնականապես կորցնելը շատ ավելի վտանգավոր է պատասխանատու իշխանության համար, քան` եթերը միանձնյա վերահսկելուց հրաժարվելը:

 

Բոլոր քաղաքական ուժերին` իշխանամետ եւ ընդդիմադիր, գործարար շրջանների ներկայացուցիչներին, ովքեր գոնե միքիչ մտածում են հասարակական շահի մասին, կուզենայինք դիմել կոչով. հրաժարվեք հակառակորդների եւ մրցակիցների անձնական վարկաբեկման պատվերներից, եւ եթե արդեն իսկ ազդեցություն ունեք ԶԼՄ ների վրա, օգտագործեք այն` հետաքրքրություններ եւ դիրքորոշումներ պաշտպանելու նպատակով, առանց անձին դիպչելու: Այդօրինակ զինադադարը պարզապես անհրաժեշտ է` արգելակելու համար  մամուլի խելահեղ ընթացքը դեպի անդունդ:

 

Բարոյական տաբուները շրջանցելու  յուրաքանչյուր նոր քայլ թուլացնում է իմունիտետը եւ իջեցնում լրագրողական հասարակության գարշանքի շեմը: 2002 ին հայկական լրատվամիջոցների մեծ մասն, անկախ քաղաքական կողմնորոշումներից, օբստրուկցիայի ենթարկեցին Օր թերթին` այն բանի համար, որ վերջինս շրջանցել էր համընդհանուր բարոյական նորմերը: Մեր օրերում նման հրապարակումներն ընդունվում են արդեն շատ ավելի հանգիստ, առանց կոլեկտիվ զայրույթի ցուցադրության: Եւ որքան մենք բոլորս հապաղում ենք գործուն միջոցներից, այնքան ավելի բարդ իրավիճակների առջեւ կարող ենք կանգնել հետագայում:

 

Անշուշտ, դեղին մամուլին մրցունակ  այլընտրանք ստեղծելու ջանքերը եւ պատվիրված նյութերի հրապարակումների զինադադարը զանգվածային հաղորդակցության ոլորտը չեն ազատի բամբասանքներ, սուտ կոմպրոմատներ, հայտնի մարդկանց անձնական կյանքի անհարկի մանրամասներ տարածելու եւ օգտագործելու սիրահարներից: Հարկ չկա մարդկությունը ստերիլիզացնելու փորձ անել, զրկել նրան պարապ հետաքրքրասիրությունից եւ այլ վնասակար սովորություններից եւ ինֆորմացիոն պահանջմունքներից: Բայց թող այդ պահանջմունքները բավարարվեն առանց կիրթ եւ բարոյապես առողջ հասարակություն  ձեւավորելու կոչված իշխանական շրջանակների, քաղաքական կուսակցությունների եւ այլ ինստիտուտների մասնակցության եւ դրանց կողմից խրախուսվելու:

 

Հանրությունը որակյալ, հավաստի տեղեկատվություն տալու ձգտում ունեցող ԶԼՄ ների  հակադրումը նրանց, ում համար սենսացիան ու սկանդալն ինքնանպատակ բաներ են, անհրաժեշտ պայման են ժամանակակից քաղաքակիրթ տեղեկատվական շուկայի ձեւավորման համար: 19 րդ դարի վերջից սկսած` այդօրինակ տարբերակման արդյունավետ մեթոդ է համարվում ԶԼՄ ների ինքնակարգավորումը:  Պատասխանատու ժուռնալիստիկան ձեւավորել է էթիկայի կանոններ եւ հասարակությանն ինքնակամ հաշվետու լինելու այլ մեխանիզմներ, մինչդեռ դեղին մամուլը սովորաբար նախընտրում է իրեն չկաշկանդել բարոյական  պարտականություններով:  Հայաստանում ինքնակարգավորման համակարգը սկսել է ձեւավորվել ավելի քան երկու տարի առաջ, սակայն ցայսօր որակյալի  տիտղոսին հավակնող առաջատար պարբերականների եւ հեռարձակող ընկերությունների մեծ մասն այս գործընթացին չի միացել: Այս պարագայում ինչպե՞ս չեզրակացնել, որ նրանց թիկունքում կանգնած թե իշխանամետ եւ թե ընդդիմադիր ճամբարի գործարար եւ քաղաքական էլիտան նախընտրում է ձեռքերն ազատ պահել կապանքներից եւ դեռ չի հասունացել մինչեւ այն գիտակցությունը, թե ԶԼՄ ների համար ինչպիսի հետեւանքների կարող է հանգեցնել մասնագիտական չափանիշների անտեսումը:

 

...Եւ ինչպե՞ս չկասկածել, որ օրենսդրական նախաձեռնությունները, որոնք իբր ուղղված են լրագրողների պատասխանատվության բարձրացմանը, իրականում նպաստելու են մեր տեղեկատվական ոլորտի առողջացմանը: Ուրիշ ի՞նչ տհաճ կերպարանափոխություններ պետք է կրի հայրենական ժուռնալիստիկան, որպեսզի մտահոգության դատարկ արտահայտություններից եւ ակտիվության ձեւացումից  մենք անցնենք խելացի, ծանրակշիռ որոշումների եւ կոնկրետ գործերի:

 

Բորիս Նավասարդյան 


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter