Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Երեք էջ թթու վարունգ, չորս հատոր ջրանցք եւ մի կույտ չվերականգնված գյուղական ավտոճանապարհ

 

10 | 11 | 2009 | 12:30 | մամլո բանահյուսական հաղորդագրություն

 

Այն մասին, թե ինչպես դատավորի ստեղծագործ բնույթի շնորհիվ ՀՄՀ-Հայաստան ծրագրի արդյունքները` Շամիրամի նորոգ ջրանցքն ու նորածիլ թթու վարունգը դարձան օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւավորված տվյալներ, որոնք ԱՄՆ-Հայաստան միջպետական համագործակցության գործընթացի ավարտից անմիջապես հետո կարելի կլինի տեղեկատվության հարցմամբ խնդրել եւ ստանալ, պատճենված կամ էլեկտրոնային տարբերակով   

 

2009 թվի հոկտեմբերի 9-ին ՀՀ Վարչական դատարանն իր վճռով մերժեց ԺԱԱ խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանի հայցն ընդդեմ ՀՀ նախագահի աշխատակազմի: Հայցվորը պահանջել էր պարտավորեցնել ՀՀ Նախագահի աշխատակազմին` իրեն տրամադրել Ռ.Քոչարյանի այն նամակի կամ գրության պատճենը, որով վերջինս 2008 թվականի մարտ ամսին պատասխանել էր ամերիկյան Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գլխավոր տնօրեն Ջոն Դանիլովիչի մարտի (10)11-ի նախազգուշական նամակին: Ջ.Դանիլովիչը իր նամակը հղել էր Ռ.Քոչարյանին 2008 թվականի մարտյան արյունալի դեպքերից հետո, մտահոգություն հայտնելով, որ վերջին զարգացումները կարող են ազդել ՀՄՀ-Հայաստան ծրագրի ֆինանսավորման վրա: Ավելի ուշ, ՀՄ Կորպորացիան իսկապես կրճատեց հայաստանյան ծրագրով նախատեսված ճանապարհաշինական բաղադրիչի մոտ 60մլն դոլարի ֆինանսավորումը:

 

ՀՀ Վարչական դատարանի վճռի պատճառաբանական մասն ամբողջությամբ բերվում է ստորեւ.   

 

. Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի (ՊՏ 2003/55 (290), 05.11.2003թ., հոդվ. 1016) 3-րդ հոդվածի համաձայն, որով սահմանում են (բնորոշում են) տվյալ օրենքում օգտագործվող հասկացությունները, տեղեկություն է համարվում անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երեւույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձեւավորված տվյալներ`անկախ դրանց տնօրինման ձեւից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ): Նշված իրավանորմի վերլուծությամբ վարչական դատարանը գտնում է, որ տեղեկատվությունն իրենից ներկայացնում է ստացված եւ ձեւավորած տվյալներ` անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երեւույթի վերաբերյալ: Այսինքն, տեղեկատվությունն իրենից ներկայացնում է տվյալների ամբողջականութուն:

 

Նման պայմաններում ՀՀ վարչական դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից որպես տեղեկատվություն պահանջվող Հազարամյակի Մարտահրավեր կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջ.Դանիլովիչին ուղղված ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրավոր պատասխանը (նամակ կամ գրություն), Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի կանոնակարգումներին համապատասխան տեղեկատվություն չի հանդիսանում, ճիշտ այնպես, ինչպես չեն կարող տեղեկատվություն հանդիսանալ նշված բանակցային գործընթացին վերաբերվող կողմերի այլ գրագրությունները, քանի որ տեղեկատվություն ստանալու անձի իրավունքը երաշխավորված է այնպիսի տեղեկատվություն տրամադրելու պետության ուղղակի պոզիտիվ պարտավորությամբ, որը առաջացրել կամ կարող է հետեւանք առաջացնել անձի կամ հասարակական եւ պետական նշանակություն ունեցող փաստի կամ իրադարձության առումով:

 

Այս իմաստով, ընդունելով ՀՀ եւ Հազարամյակների Մարտահրավեր-ի միջեւ հարաբերությունների պետական եւ հասարակական կարեւորությունն ու նշանակությունը, տեղեկատվություն կարող է հանդիսանալ ոչ թե այդ հարաբերությունների ընթացքը, այլ` դրա հետեւանքը: Այսինքն օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձեւավորված տվյալներ են հանդիսանում ոչ թե գործընթացը (բանակցությունները` գրագրությունը հավասարապես նաեւ բանավոր, հեռախոսային խոսակցությունները եւ այլն), այլ` դրանց արդյունքում ստացված եւ ձեւավորված արդյունքը` հատկապես հաշվի առնելով, որ ոչ թե գործընթացն ինքնին, այլ` գործընթացի արդյունքն է, որ առաջացնում է իրավաբանական հետեւանք թե անձի, թե հասարակության եւ պետության համար:: (մեջբերման ավարտը):

 

8-րդ դասարանցիների ազատ թեմայով շարադրության համար դատավոր Ռ.Հակոբյանի վճռի պատճառաբանական մասը կարելի կլիներ իհարկե ծանոթով բավարար գնահատել, եթե այն բառ առ բառ արտագրված չլիներ հայցվորին հղված ՀՀ Նախագահի աշխատակազմի պատասխանից:   

 

Վճռի պատճառաբանական մասը, բացառությամբ երեք միջանկյալ դրվագի (օրենքի համարը` ՊՏ 2003/55 (290), 05.11.2003թ., հոդվ. 1016, Նշված իրավանորմի վերլուծությամբ վարչական դատարանը գտնում է, Նման պայմաններում ՀՀ վարչական դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից որպես տեղեկատվություն պահանջվող), արտագրված է ՀՀ Նախագահի աշխատակազմից հայցվորի տեղեկատվական հարցմանը հղված երկրորդ մերժման տեքստից եւ պատասխանողի կողմից դատարան ներկայացված նույնաբովանդակ պատասխանից: Դատավորը ջանքեր չի ներդրել գոնե մի քանի կիբեռնետիկ կամ խորամանկ հիմնավորում բերել կամ ավելացնել Քոչարյանի պատասխանի տեղեկություն չլինելու մասին նախագահականի անհեթեթ թեզը հիմնավորելու համար, դրել ու արտագրել է այն` ինչ ուղարկել են նախագահի աշխատակազմից: Ամենայն հավանականութամբ, նա որեւէ իրավական հիմնավորում չի ունեցել, այդ պատճառով էլ զբաղվել է բանահյուսական լուծումներով:

 

Այսպես: Դատավորը, նախագահականի պես, ներքաշվել է սոփեստական վեճի մեջ. սկսել է վճիռը հիմնավորել այն հանգամանքով, որ. տեղեկատվություն կարող է հանդիսանալ ոչ թե այդ հարաբերությունների ընթացքը, այլ` դրա հետեւանքը:: Այս տրամաբանությամբ, հայ-թուրքական վերջին զարգացումներում, մինչեւ խորհրդարանները չվավերացնեն ցյուրիխյան արձանագրությունները ու դրանք հետեւանքներ չունենան, դրանք տեղեկություններ չեն եւ տեղեկություններ չեն պարունակում: Դատավորի տրամաբանությամբ, Հայաստանին արդեն 20 տարի ցուցաբերվող ամերիկյան օգնության ընթացքի մասին անցած 20 տարում որեւէ տեղեկություն պարզապես չկա, չի ձեւավորվել, որովհետեւ դա ընթացք է` ամերիկյան 2 մլրդ դոլարանոց օժանդակության ընթացք, եւ այդ մասին տեղեկություններ կլինեն միայն հայ-ամերիկյան հարաբերությունների վերջում, ավելին` այդ հարաբերությունների հետեւանքում, հետեւանքով կամ հետեւաբար (hայերեն չստացվեց, բայց պատասխանատուն արտագրող դատավորն է): Այսպիսով, ըստ այս թյուրիմացություն-վճռի, պիտի սպասել հայ-ամերիկյան հարաբերությունների ընթացքի բարեհաջող ավարտին, որ տեղեկություններ ձեւավորվեն ու հաղորդվենք դրանց, պատկերացրի՞ք: Դատավորն ու նախագահի աշխատակազմը պատկերացնում են: Ստացվել է, որ դատարանը մոռացել կամ չնկատելու է տվել, որ մասերի եւ ամբողջականության մասին փիլիսոփայական վեճեր առաջ քաշելը իր եւ նախագահական աշխատակազմի իրավասությունների մեջ չեն մտնում, առավելեւս, տրամաբանության հետ կապ չունեցող մտավարժանքներով չի կարելի դատական վճիռներ հիմնավորել, օրենքը, դու մի ասա, նման շռայլություններ չի արտոնում: Բայց օրենքն ի՞նչ:   

 

Մեկ այլ տեղում. օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձեւավորված տվյալներ են հանդիսանում ոչ թե գործընթացը (բանակցությունները` գրագրությունը հավասարապես նաեւ բանավոր, հեռախոսային խոսակցությունները եւ այլն) այլ` դրանց արդյունքում ստացված եւ ձեւավորված արդյունքը` : Ներողություն, իսկ գործընթացի մաս կազմող` օրենքով սահմանված կարգով ձեւավորված` անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երեւույթի վերաբերյալ տվյալները տեղեկությու՞ն են արդյոք: Դատավորը դիտմամբ չի նկատում, որ տեղեկության հարցմամբ հայցվորը պահանջել է ոչ թե գործընթացը կամ բանակցությունը, այլ գործընթացում կամ իրենց գնահատած բանակցությունում առկա, անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երեւույթի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ձեւավորված տվյալների հանրագումարը` Ռ.Քոչարյանի գրավոր պատասխանը:

 

Իսկ ինչի՞ց է դատավորը գլխի ընկել, որ Ռ.Քոչարյանի գրավոր պատասխանը ինքն իրենով բանակցություն է: Պատասխանողը ոչ մի դատական նիստի չի ներկայացել, եւ դատարան է ուղարկել նույն` վերոհիշյալ անհեթեթ երեք պարբերությունը, խնդրելով դատաքննությունն առանց իրեն անցկացնել: Այդ անհեթեթության մեջ է, որ պատասխանողը օգտագործում է  բանակցություն բառը, որն էլ դատավորն արտագրել է իր վճռում: Դատավորը ջանքեր չի ներդրել պարզելու համար, թե ինչ բանակցության մասին է խոսքը, եթե նախագահականից բանակցություն բառի փոխարեն գրած լինեին` բեմադրություն կամ յառմռկա, այդ բառե՞րն էլ անփոփոխ հայտվելու էին վճռում, այնպես ինչպես մարտահրավերները արտագրել էր հենց այդպես, այնինչ ե´ւ հայցում, ե´ւ իրականում բառը եզակի թվով է` մարտահրավեր եւ ոչ թե մարտահրավերներ: ՀՄՀ-Հայաստան ծրագրի բանակցությունները եղել են ծրագրի մեկնարկից առաջ` 2 տարի շարունակ: Ծրագրի իրականացման փուլում կողմերի գլխավոր պաշտոնյաները եւ ծրագիրն իրականացնող կազմակերպությունները բազմաթիվ փոխադարձ նամակներ եւ ուղերձներ են հղել, դրանց մի մասը, հանրային նշանակությունից ելնելով, հրապարակվել են, այս մեկի դեպքում նախագահական պալատում գլխի են ընկել, որ բանակցություն է, չհրապարակե´լ: Դատաքննության ընթացքում հայցվորը դատավորին բացատրել է, որ Դանիլովիչի նամակը հրապարակվել է ուղարկելուց 1 օր անց եւ մինչեւ հիմա գտնվում է համացանցում, թարգմանվել է եւ հրապարակվել հայաստանյան վեբ կայքերում, իսկ դրան ուղարկված պատասխանը համառորեն եւ հետեւողականորեն գաղտնի են պահում հանրությունից, ինչը մի կողմից ծիծաղելի է, մյուս կողմից, բոլորիս մտածել է տալիս, թե տեսնես ինչ վատ բաներ է գրել հեղինակը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար դրամաշնորհ տվող կազմակերպության ղեկավարին: Եւ արդյո՞ք այդ գրվածքի ու Հայաստանում եղած հետագա քաղաքական հալածանքների համար չէր, որ 235 միլիոնանոց դրամաշնորհից հանվեց 67 միլիոնանոց ճանապարհաշինական բաղադրիչը: Նամակի հրապարակման հասարակական կարիքն ընդգծելու համար սա էլ է բացատրվել դատավոր աշխատող Ռ.Հակոբյանին: Մինչեւ այդ նամակը չհրապարակվի, հանրությունը չի իմանալու այս հարցի պատասխանը:

 

Նույն զարհուրելի պարբերությամբ, ...օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձեւավորված տվյալներ են հանդիսանում ոչ թե գործընթացը այլ` դրանց արդյունքում ստացված եւ ձեւավորված արդյունքը: Հասկացա՞ք: Դատավորի այս հայտնագործությամբ, այս գործընթացի իրականացման արդյունքում վերականգնվող Շամիրամի ջրանցքը, արդեն չվերականգնվող ավտոճանապարհները, կաթիլային ջրման եղանակով աճեցվող կծու բիբարն ու թթու դրած վարունգը նույնպես օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձեւավորված տվյալներ են ( :)))))))))))): Ի~նչ անսպասելի տվյալներ: Ահա այսպես, գործընթացի ավարտից անմիջապես հետո, առավոտ կանուխ կարելի կլինի գրավոր հարցմամբ դիմել ՀՀ Գյուղատնտեսության ու այն մյուս նախարարություն, եւ, առաջնորդվելով ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքով, խնդրել 5-օրյա ժամկետում, տեղեկություն որոնողին տրամադրել 3 էջ թթու վարունգ, 4 հատոր ծիծակ, եւ 3 հատ գյուղական չվերականգնված ավտոճանապարհ, ցանկալի է` Զանգեզուրի լեռներում` Տաթեւի վանքից հարավ-արեւելք:

 

ՀՀ Վարչական դատարանում աշխատող Ռ.Հակոբյանը իր արտագրությունն անելիս չի նկատել, որ իր գրած հիմնավորումը իրավաբանության, իրավագիտության եւ իրավունքի հետ որեւէ կապ չունի, այստեղ չի հիշատակված որեւէ իրավական նորմ կամ ակտ, որով սահմանված լիներ, թե երկրի թիվ 1 պաշտոնյայի գրած պաշտոնական նամակը տեղեկություն չէ: Բա ի՞նչ է, ներողություն, նամա՞կ է, բոլոր նամակնե՞րն էլ տեղեկություններ չե՞ն, ո՞ր նամակներն են տեղեկություն եւ, որո՞նք տեղեկություններ չեն, ո՞ր նամակներն են տեղեկություններ պարունակում եւ, որո՞նք չեն պարունակում: Որտե՞ղ է սահմանված այդ տեսակավորումը, ինչպե՞ս է սահմանված, ո՞ր մարմինն է սահմանել, կա՞ այդպիսի սահմանում, իրավական ա՞կտ է այդ սահմանումը, որտե՞ղ է հրապարակվել այդ իրավական ակտը եթե վերջապես կան նման սահմանումներ, ի՞նչն է խանգարել Ռ.Հակոբյանին մեջբերել դրանցից մեկը գոնե, իր, ներողություն արտահայտությանս համար` վճռում, գուցե` արտագրման սլա՞ցքը: Նամակի ինչ լինելու մասին հարցը հայցվորը հնչեցրել է դատաքննության ժամանակ, ենթադրելով, որ դատավորն, իհարկե աննման իմաստնություն կցուցբերի: Չցուցաբերեց: Հայցվորը դատաքննության ընթացքում դատավորի ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքի վրա, որ եթե դատարանն էլ նախագահի աշխատակազմի պես գտնի, որ Քոչարյանի նամակը օրենքով սահմանված տեղեկություն չէ, այն է. անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երեւույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձեւավորված տվյալներ են` անկախ դրանց տնօրինման ձեւից կամ նյութական կրիչից (ՀՀ Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդված, 2-րդ մաս), ապա հայցվորին այլ բան չի մնա, քան երեւակայելի եւ աներեւակայելի բովանդակություն ու տարողություն վերագրել այդ նամակին:

 

Դատավոր աշխատող Ռ.Հակոբյանը դատաքննության ընթացքում հարցված նամակը կամ գրությունը տեղեկություն չլինելու ապացուցման բեռը դրեց բացակա նախագահականների վրա: Նրանք այդպես էլ չեկան ու չապացուցեցին, որ հարցված նամակը տեղեկություն չէ, ուղարկել էին այն, ինչ մեջբերվեց վերեւում: Այդ նամակի տեղեկություն լինելու ապացուցման բեռն էլ, ենթադրաբար, հայցվորը պիտի կրեր: Հայցվորը, իր ձեռքում չունեցած տեղեկությունը հարցնելիս, լավագույն դեպքում առաջնորդվել էր պաշտոնյայի բարեխղճության կանխավարկածով, այսինքն ենթադրվել է, որ Ռ.Քոչարյանն իր աշխատասենյակում օտար երկրի պետական կորպորացիայի ղեկավարին նամակ գրելիս, հիշատակել է հասցեատիրոջ անունը, իր անունը, ամիս-ամսաթիվ է նշել դրանում, նախորդ նամակում բարձրացված խնդիրներին է անդրադարձ կատարել, այսինքն ՀՄՀ-Հայաստան ծրագրի շարունակման ռիսկերի մասին Դանիլովիչի բարձրացրած խնդրի մասին իրատեսական, առարկայական, համապատասխան եւ իր պաշտոնական լիազորություններից բխող մտքերով լեցուն բան է գրել: Եւ դա արել է իրենց օրինական պարտականությունները կատարող օգնականների կամ աշխատակիցների հետ, այսինքն օրենսդրությամբ սահմանված կարգով, եւ ոչ թե թրաֆիկինգի ինչ-ինչ զոհերի աշխատեցնելով      

 

Այսպիսով, ՀՀ Վարչական դատարանի ստեղծագործ դատավոր Ռ.Հակոբյանի վճռով, ստացվեց, որ Ռ.Քոչարյանի ձեռամբ ստորագրված եւ Ջ.Դանիլովիչին հղված նամակը անձանց մասին տվյալներ չի պարունակում (օրինակ` ում է հղված, ով է գրել-ստորագրել, Հազարամյակի մարտահրավեր կորպորացիա եւ այլն), տվյալներ չի պարունակում նաեւ առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երեւույթի մասին (ասենք ՀՄՀ-Հայաստան ծրագիր, ֆինասավորման կասեցման ռիսկ, մարտի 1, կամ` ավտորիտար ռեժիմ, պահեմ իշխանությունը 10 հայորդու արյան եւ 130 սեփական կարծիք ունեցող քաղաքացու բանտարկելու գնով, համ էլ` մեր երկրում քաղբանտարկյալներ չկան ու Տիգրան Մեծի ժամանակ էլ չեն եղել, կտրում եք` կտրեք, չկտրողի էլ , բա դուք որ Վիետնամում անմեղ մարդկանց արյունն էիք թափում, լա՞վ էր, դրոշ վառողներին, որ դատում էիք, ձեզ մետաքսի կոմբինատից բան ասո՞ւմ էին եւ այլն), այդ վճռով ստացվում է, որ Քոչարյանի գրած նամակը ամիս-ամսաթիվ էլ չի կրել, այդ տվյալն էլ չի պարունակվել դրանում: Կամ էլ հակառակը. ամբողջ վերը հիշատակվածն ու մի բան էլ ավելի է (լավ իմաստով) եղել այդ նամակի մեջ, բայց այդ ամենը օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւավորված չի եղել: Արդյո՞ք չի ուզում սրանով դատավորն ասել, որ նամակ գրողը իրավասու կամ լեգիտիմ չի եղել, այսինքն, եթե մարդը պաշտոնն ապօրինաբար է զբաղեցնում (իսկ որ Ռ. Քոչարյանը մեր Սահմանադրության ոտնահարումներով էր զբաղեցրել ՀՀ Նախագահի պաշտոնը, հայտնի է անգամ Վարչականի դատավորներին) ուրեմնեւ նրա գրածներն էլ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւավորված տվյալներ չեն: Սա՞ է ուզել հասկացնել դատավորը: Բայց ինչը կարող էր ստիպել մեր օրերում դատավորի աթոռ զբաղեցնեղ մարդուն այսպիսի վտանգավոր ակնարկ անել գործարար որսորդի հասցեին: Բայց, երբ հիշենք, որ դատավորն ընդամենը արտագրել է նախագահականից եկած հիմնավորումը, կստացվի, որ հենց Բաղրամյան 26-ից են ասել այդ ծանր խոսքը:

 

Դատավորն իր վճռում չի նշել, թե հատկապես ո՞ր սրբի դուռն ենք գնալու` խնդրելու, որ մարդկային լեզվով թարգմանվի վերը բերված վճռի պատճառաբանությունները, հատկապես հետեւյալ գանձը.գրավոր պատասխանը տեղեկատվություն չի հանդիսանում, ճիշտ այնպես, ինչպես չեն կարող տեղեկատվություն հանդիսանալ նշված բանակցային գործընթացին վերաբերվող կողմերի այլ գրագրությունները, քանի որ տեղեկատվություն ստանալու անձի իրավունքը երաշխավորված է այնպիսի տեղեկատվություն տրամադրելու պետության ուղղակի պոզիտիվ պարտավորությամբ, որը առաջացրել կամ կարող է հետեւանք առաջացնել անձի կամ հասարակական եւ պետական նշանակություն ունեցող փաստի կամ իրադարձության առումով:: Ծրագրից մինուս 67 մլն դոլարից ավելի ակնբախ հետեւանք կա՞:

 

Տպավորությունը լիարժեք է, թե դատավոր աշխատող Ռ.Հակոբյանն արտագրության տքնանքում իսպառ մտահան է արել ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածներն ու ՄԻԵԿ 10-րդ հոդվածը, այն մասին, որ անգամ ՀՀ չաղ ու թշվառ, բախտավոր եւ մտագար, տոյոտած ու չէլիտար, զուրկ ու մունջ, լուրջ ու կույս, վեղարավոր ու խալաթյալ, հիստերիկ ու անճաշակ, փականագործ եւ փայտահատ, զառամյալ եւ ցիրկի մոտի քաղաքացիներն իրավունք ունեն երբեմն-երբեմն իմանալ, թե իրենց հարկերով ինչ են գրում-ճժում պաշտոնյաները, ու տեսնես ինչքան են վնաս կամ օգուտ տալիս իրենց: Այս հոդվածների մասին նույնպես հիշեցվել է դատարանի դահլիճում: Այդ հոդվածների քաշի տակ ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքը կարող էր արձակուրդում էլ լինել, ու թե դատավորն ինչո՞ւ է այդպես մոռացկոտ, մնում է անհասկանալի:

 

Այս հարցին պատասխան գտնելու բեռը հավասարաբար բաշխվում է պարզունակ բանասիրական ժրաջանությամբ եւ անձնուրաց նվիրմամբ արտագրությունը վճիռ վերնագրած դատավորի, նրա խորհրդակցական սենյակի պատերի, հեռախոսի եւ գրամեքենայի միջեւ, մարդա` 25 տոկոսի չափով: Խորհրդակցական սենյակի պատերի եւ հեռախոսի ծանրաբեռնված լինելու պատճառով վերջիններս պատասխանատու կլինեն միայն տոն օրերի առաջին կեսերին` պայմանական, գրամեքենայի անհայտ բացակայության պատճառաբանությամբ, գործից մաս կանջատվի, մինչեւ գտնվի վերջին գրամեքենան մետաղի ջարդոնի կերպարանքով պարսկանց ծախողը, իսկ արտագրող դատավորը միշտ էլ պատասխան կգտնի` իր եղբայրակիցների պես: Այդպիսի վճռին մամլո այսպիսի հաղորդագրությունը իսպառ սազական է: Բա եղա՞վ:

 

Մանկամիտ չենք եւ հույս չունենք, որ այսպես կոչված դատավոր Ռ.Հակոբյանը այս ամենը կարդալուց հետո կշիկնի, անհարմար կզգա եւ տուն կգնա, վստահ ենք, որ նա էլ մացո-տավարացյան-մավարացյանների պես շարունակելու է ինքզինքը դատավոր համարել ու, գուցե, օր ծերության (աստված նրան երկարաշունչ կյանք տա) ծոռներից ամենաբանիմաց-ուշիմի հարցին, թե Տատ, այ տատ, լսու՞մ ես, տա~տ, բա ընչի արտագրեցիր Բաղրամյան 26-ից եկած թուղթը վճռիդ մեջ, նախ չլսելու կտա, թե` Հը՞ այ բալա բարձր ասա , հետո ծոռը բարձր կասի, որովհետեւ, թաղի տղեքն էլ ծոռին հարցեր ունեն, կասի. Տա´տ, ասում եմ, բա ընչի՞ արտագրեցիր, դու արտագրո՞ղ ես աշխատել, թե՞ դատավոր, խի արտագրողները սեւ թիկնոց էին հագնու՞մ ու Հայոց գերբի ու դրոշի տակ էին նստում լուրջ դեմքով էն ժամանա՞կ, , հը՞ տատ, տատը մտքում կտնքա` ընչի էն ժամանակ տե~նց թղթեր էին արտագրվում, բայց ծոռին կասի հետեւյալը միայն. Այ բալա, ծանր ժամանակներ էին, աշխատուժը հերիք չէր անում, մութ ու ցուրտ տարիներ էին, արտագաղթ էր, բլոկադա, պատերազմից շատ չէր անցել, մի 15 տարի հազիվ, մարդ չէր մնացել, մնացողներն էլ կամ դատում էին, կամ դատվում, ես էլ, մեկ-մեկ արտագրողի գործն էլ էի անում, տուն էի տանում գործերը, տանն էլ էի աշխատում մոմի լույսի տակ, ու արտագրում էի համ էլ, մեկը պտի անե՞ր էդ անտեր գործը, թե՞ չէ , ու կժպտա ծոռը, կփարվի ու կպաչի տատին, կխնայի ու կասի ականջին. բայց տիպ ես եղել տատ, տի´պ :

 

Հայցվորը դատավոր աշխատող Ռ.Հակոբյանի գրածը օրենքով սահմանված ժամկետներում բողոքարկել է ՀՀ Վճռաբեկ դատարան, որ իր ծոռներին պատմի, թե ինչպես էր, որ պատերազմից 15 տարի անց էլ երկրում ճգնաժամ էր, ու համարյա մարդ չէր մնացել, ով էլ որ մնացել էր, կամ դատում էր, կամ` դատվում, երբ` դատավոր էին որոնում ու չէին գտնում, դատարաններ կային նորոգ ու ավտոներ ճոխ, կահույք` նվիրաբերյալ ու Ֆեմիդա սոֆտ` հանուն արդարադատության, կապույտ համազգեստավորներ` կատաղի եւ հեզաքնքուշ, մարդիկ կային հաստիքացուցակներում, եւ` ռոճիկ ստացողներ, ու դատավոր չկար եւ լույս երկրում մեր մութ էր շատ

 

Այս ամենից հետո ամենաանհասկանալին այն է, թե այդ ինչ իրավունքով կամ պարտականությամբ է դատավոր աշխատող Ռ.Հակոբյանը իր կայացրած վճռի օրինակը տրամադրել հայցվորին, չէ՞ որ գործընթացը, Վճռաբեկին դիմելու հայցվորի իրավունքի ուժով դեռ ավարտված չէ, եւ, ըստ նախագահականի թղթից արված արտագրության, տվյալներ ու տեղեկություններ դեռ չեն ձեւավորվել, ու չեն ձեւավորվելու մինչեւ ՄԻԵ դատարանի կայացնելիք վճիռը` մի 3-4 տարի անց: Խրթին է՞: Ասպարեզ ակումբը մեղք չունի. այս բարդ նախադասության մեկնաբանության պատիվն էլի իրենն է` դատավոր աշխատողինը:

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter