Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մեկն իր համար իրավունքներ է հորինում, մյուսն էլ վճռով հիմարություններ է հաստատում. խոսքը Շիրակի մարզպետի եւ դատավոր աշխատող Էդ.Նահապետյանի մասին է 

 

21 | 11 | 2009 | 15:00 | Հաղորդում դատախազին

 

ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ, Շահերի պաշտպանության եւ աջակցման Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար, ՀՀ քաղաքացի Լեւոն Բարսեղյանից

 

Հաղորդում

(Պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինքնիրավչության, ոչ իրավաչափ գործողութուններ կատարելու եւ ակնհայտ ապօրինի վճիռ կայացնելու մասին)

 

Հարգելի պարոն Հովսեփյան,

 

ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ կառավարման խորհրդի կազմում Ռուզան Մովսիսյանն ու Ալվարդ Ղայթանջյանը դպրոցի Մանկավարժական խորհրդի կողմից ընտրվել են 2006 թվի հոկտեմբերի 12-ին` եռամյա լիազորությունների ժամկետով: Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը 2006 թվի նոյեմբերի 2-ին հաստատել է դպրոցի խորհրդի կազմը եւ դրանում` վերոհիշյալ երկու անձանց (տեսեք կից 1, 2 փաստաթղթերի պատճենները):

 

ՀՀ ԿԳ նախարարը, չորս ամիս անց` 2007 թվի փետրվարի 9-ին, N21-05-07/36 հանձնարարականով իրազեկել է մարզպետներին, որ ՀՀ ԿԳ Նախարարի 2006 թվի դեկտեմբերի 8-ի 980-Ն եւ 981-Ն հրամաններով ուժը կորցրած են ճանաչվել դպրոցների տնօրենների եւ Խորհուրդների ընտրությունների կարգերը եւ հաստատվել են նոր կարգերը: Նույն փաստաթղթով հանձնարարվել է 20-օրյա ժամկետում հանրակրթական հաստատությունների խորհուրդների կազմերում կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ (տեսեք կից 3-րդ փաստաթղթի պատճենը):

 

Այդ հանձարարականի հիման վրա, Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոցի Խորհրդի կազմը համալրվել է եւս երկու անդամով` դարձել 7 հոգի: Դպրոցի նոր կազմը 2007 թվի սեպտեմբերի 9-ին իր 389 որոշմամբ հաստատել է Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը  (տեսեք կից 4-րդ փաստաթղթի պատճենը):      

 

2008 թվի դեկտեմբերի 1-ին, Շիրակի մարզի Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ գործադիր տնօրեն Նարինե Մեսրոպյանի եւ Շիրակի մարզպետի միջեւ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալու կապակցությամբ, Շիրակի մարզետ Լիդա Նանյանը իր N 337-Ա որոշմամբ նրան ազատել է զբաղեցրած պաշտոնից: 2008 թվի դեկտեմբերի 2-ին սպառվել է Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ գործադիր տնօրեն Նարինե Մեսրոպյանի եւ Շիրակի մարզպետի միջեւ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը: Շիրակի մարզպետի N: 339-Ա  որոշմամբ Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գյումրու թիվ 15 միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Անահիտ Բաղդասարյանը:

 

2009 թվի փետրվարի 2-ին, տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի նախօրեին, Շիրակի մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սահակ Մինասյանը վարչության կրթության բաժնի գրասենյակ պաշտոնական զրույցի է հրավիրել դպրոցի խորհրդի նախագահ Ռուզան Մովսիսյանին եւ սկսել է բացատրել, թե նրա լիազորությունները խորհրդում անօրինական են, որովհետեւ, ըստ Ս.Մինասյանի, վերջինս ընտրվել է ՀՀ ԿԳ նախարարի 2006 թվի դեկտեմբերի 8-ի հրամանով սահմանած կարգի խախտմամբ: Ռուզան Մովսիսյանը բացատրել է, որ ինքը պարտավոր է ուսումնասիրել ասվածի հանգամանքները:

 

2009 թվի փետրվարի 3-ին, Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնի համար անցկացվելիք մրցույթից 5 րոպե առաջ, Շիրակի մարզպետի կողմից նշանակված խորհրդի անդամ, ՇՄ աշխատակազմի Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության առաջատար մասնագետ Վարդիթեր Գասպարյանը (այժմ Ախուրիկի համայնքապետ) հայտարարել է, թե խորհրդի նախագահը ապօրինաբար է զբաղեցնում այդ պաշտոնը, որ խորհրդի նախագահը խորհրդում ընտրվել է գործող կարգի խախտմամբ, այն է` նա այդ դպրոցում աշխատանքային երեք տարվա ստաժ չունի:

 

Խորհրդի նախագահ, 19 դպրոցի փոխտնօրեն Ռուզան Մովսիսյանը բացատրել է, որ ինքը Խորհրդի կազմ մանկավարժական խորհրդից ընտրվել եւ պատվիրակվել է Վարդիթեր Գասպարյանի հիշատակած կարգի ընդունումից երկու ամիս առաջ, երբ, ըստ հին կարգի, այդ դպրոցում խորհրդի անդամ լինելու համար եռամյա ստաժ ունենալու պայման չի եղել, իսկ նոր` փոփոխված կարգը հետադարձ ուժ ունենալու դրույթներ չի պարունակում, իսկ նախարարի հրամանը` ընտրության հին կարգը ուժը կորցրած ճանաչելու մասին նախկին խորհուրդները լուծարելու եւ դրանց փոխարեն նոր խորհուրդներ ձեւավորելու հանձնարարական չի պարունակում: Բացի այդ, խորհրդի նախագահը բացատրել է, որ խորհրդի կազմը, ներառյալ իր անդամությունը այնտեղ, հաստատել են եւ նախկին մարզպետը՝ ընտրությունից հետո, եւ նոր մարզպետը՝ խորհրդի կազմում լրացումներ եւ փոփոխություններ կատարելուց հետո:

 

Այնուհետեւ Խորհրդի անդամ Վարդիթեր Գասպարյանը հրաժարվել է մասնակցել մրցույթին: Մրցույթից առանց տեղեկացման բացակայել են նաեւ մարզպետարանի երկրորդ ներկայացուցիչ Գրիշա Փիլոյանն ու քաղաքապետարանի ներկայացուցիչ Սարգիս Դեմիճյանը: Հաշվի առնելով, որ, ըստ գործող կարգի, դպրոցի գործադիր տնօրենի պաշտոնի համար մրցույթը կարող է տեղի ունենալ Խորհրդի 7 անդամներից առնվազն 5-ի մասնակցությամբ, իսկ հայտարարված ժամին ներկա են գտնվել միայն 4-ը՝ ծնողական եւ մանկավարժական խորհրդի երկուական անդամները, մրցույթը հետաձգվել եւ նշանակվել է փետրվարի 6-ին:

 

2009 թվի փետրվարի 4-ին Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց պետական ոչ առեւտրային կազմակերպության կառավարման խորհրդի նախագահ Ռուզան Մովսիսյանը նամակներ է հանձնել Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի եւ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընդունարաններ` իրենց կողմից կառավարման խորհուրդ պատվիրակած անձանց ներկայությունը փետրվարի 6-ին գործադիր տնօրենի կայանալիք մրցույթում ապահովելու խնդրանքով:

 

2009 թվի փետրվարի 5-ին Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը ստորագրել է 1-011//342 թվագրմամբ գրությունը, որում ասվում է. Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց պետական ոչ առեւտրային կազմակերպության խորհրդի անդամ` մանկավարժական խորհրդի կողմից ընտրված Ռ.Մովսիսյանի ընտրությունը տեղի է ունեցել ՀՀ ԿԳ նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N981-Ա//Ք հրամանով հաստատված ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն ՊՈԱԿ խորհրդի ընտրության կարգի 2-րդ կետի 2-1 ենթակետի դրույթների խախտումով  եւ ՀՀ ԿԳ նախարարի` ՀՀ մարզպետներին (Երեւանի քաղաքապետին) ուղղված 2007 թվականի փետրվարի 9-ի N21-05-07/36 հանձնարարականի անտեսումով:: (Տեսեք կից 5-րդ փաստաթղթի պատճենը):

 

Ըստ մարզպետի, խախտվել է ՀՀ ԿԳ նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N981-Ա//Ք հրամանով հաստատված ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն ՊՈԱԿ խորհրդի ընտրության կարգի 2-րդ կետի 2-1 ենթակետի պահանջը, ըստ որի, Դպրոցի Խորհրդի` ուսուցչական հանրույթից ընտրվող անդամները նույն դպրոցում աշխատանքային առնվազն 3 տարվա ստաժ պետք է ունենան, իսկ Ռուզան Մովսիսյանի աշխատանքային ստաժն այդ դպրոցում եւ այդ պահին չի գերազանցել 3 տարին:

 

2009 թվի փետրվարի 6-ին, մրցույթի համար սահմանված ժամին, Խորհրդի նիստին նորից չեն ներկայացել Շիրակի մարզպետարանի երկու եւ քաղաքապետարանի մեկ ներկայացուցիչը: Այս մարմինները փաստորեն չեն կարողացել մրցույթին ապահովել իրենց ներկայացուցիչների մասնակցությունը, այսինքն Շիրակի մարզպետարանի եւ Գյումրի քաղաքի շահերը մրցույթին չէին պաշտպանվելու, կամ, այս միջոցով այս մարմինները կամեցել են տապալել դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթը: Քվորումի բացակայության պատճառով տնօրենի թափուր տեղի համար մրցույթը նորից չի կայացել:

 

2009 թվի փետրվարի 7-ին դպրոցի Խորհրդի նախագահ Ռուզան Մովսիսյանին պաշտոնապես ծանոթացրել են Շիրակի մարզպետի 2009 թվի փետրվարի 5-ին 1-011//342 թվագրմամբ` վերը բերված գրությանը:

 

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության աշխատակիցներ Գեւորգ Ղումաշյանը եւ Տիգրան Գուլյանը այցելել են թիվ 19 դպրոց, եւ Խորհրդի նախագահից ստացել նրա տնօրինման տակ գտնվող բոլոր փաստաթղթերի պատճեները, մասնավորաբար խորհրդի անդամների ընտրությունների հիմքերը, այդ թվում մանկավարժական խորհրդի այն նիստի արձանագրության պատճենը, որի ժամանակ Ռուզան Մովսիսյանն ու Ալվարդ Ղայթանջյանն ընտրվել են մանկավարժական խորհրդից դպրոցի խորհրդի անդամ, Խորհրդում խորհրդի նախագահի ընտրության արձանագրությունը եւ այլն:

 

2009 թվի փետրվարի 10-ին դպրոցի խորհրդի անդամ Վարդիթեր Գասպարյանը խորհրդի կազմից հրաժարականի դիմում է ներկայացրել Շիրակի մարզպետին:

 

Նույն օրը Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը ստորագրել է թիվ 29 կարգադրությունը, որում ասվում է. Ղեկավարվելով ՀՀ ԿԳ նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N981-Ա/Ք հրամանով հաստատված ՀՀ պետական հանրակրթական ուսումնասկան հաստատություն ՊՈԱԿ խորհրդի ընտրության կարգի 2-րդ կետի 2-1, 2-2 ենթակետերի, 3-րդ կետի 3-1 ենթակետի ա պարբերության, 6-րդ եւ 8-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ խորհրդի կազմի՝ մանկավարժական խորհրդի կողմից առաջադրված անդամներ Ռուզան Մովսիսյանի, Ալվարդ Ղայթանջյանի՝ վերոնշյալ կարգի խախտումով ընտրված լինելու հանգամանքը, ., 1. Դադարեցնել Գյումրու թիվ 19 դպրոց ՊՈԱԿ խորհրդի անդամներ Ռուզան Մովսիսյանի, Ալվարդ Ղայթանջյանի  , լիազորությունները: 2. Հանձնարարել Գյումրու թիվ 19 դպրոց ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարին (Ա.Բաղդասարյան)՝ 20-օրյա ժամկետում սահմանված կարգով կազմակերպել մանկավարժական խորհրդի կողմից առաջադրվող խորհրդի անդամների ընտրություններ եւ ներկայացնել հաստատման: :  (Տեսեք կից 6-րդ փաստաթղթի պատճենը):

 

2009 թվի փետրվարի 14-ին Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ խորհրդի նախագահը գրավոր բողոք է հղել ՀՀ ԿԳ նախարար Ս.Սեյրանյանին: Բողոքի պաճենն ուղարկվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դ.Սարգսյանին:

 

2009 թվի փետրվարի 16-ին Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ խորհրդի նախագահ Ռուզան Մովսիսյանը իր լիազորությունները դադարեցնելու եւ խորհրդի կազմ մանկավարժական խորհրդից նոր անդամներ պատվիրակելու մասին Շիրակի մարզպետի որոշումը (2009 թվի փետրվարի 5-ին 1-011//342 թվագրմամբ) և կարգադրությունը (10.02.2009, թիվ 29) վիճարկող հայց է ներկայացրել ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայր: Հայցը ներկայացվել է ընդդեմ Շիրակի մարզպետի եւ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի: Ավելի ուշ համանման հայց ներկայացրել է դպրոցի Խորհրդի նախկին անդամ Ալվարդ Ղայթանջյանը:

 

Ըստ ՀՀ Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն պետական ոչ առեւտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության (ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշում) 47 կետի, դպրոցի խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են ա) առաջադրողի նախաձեռնությամբ եւ խորհրդի որոշմամբ եւ բ) իր դիմումի համաձայն: Իսկ ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն ՊՈԱԿ-ի խորհրդի ընտրության կարգի համաձայն, խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են աշխատանքից ազատվելու, ՀՀ օրենսդրությամբ եւ հաստատված կանոնադրությամբ նախատեսված դեպքերում։ Իսկ համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի համար 981-Ն որոշման 12 կետի` կառավարման խորհրդի անդամի լիազորությունները չեն կարող դադարեցվել, եթե հայտարարվել է գործադիր տնօրենի ընտրության մրցույթ, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Սահմանված դեպքերը վերոհիշյալներն են: Այսպիսով, Շիրակի մարզպետը իր փետրվարի 5-ի գրությամբ, երբ տնօրենի թափուր տեղի համար մրցույթը հետաձգվել էր փետրվարի 6-ին, փաստորեն հանձնարարել  է Ռուզան Մովսիսյանի փոխարեն այլ անդամ ընտրել խորհրդի կազմ, ինչով խախտել է ՀՀ ԿԳ նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի համար 981-Ն որոշման 12 կետի պահանջը:   

 

Այսինքն, ըստ ՀՀ գործող օրենսդրության, Շիրակի մարզպետը չէր կարող Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ խորհրդի անդամի լիազորությունը դադարեցնել, եթե վերջինս պատվիրակված է դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից, երբ այդ խորհուրդը իր որոշմամբ չի դադարեցրել խորհրդի անդամի լիազորությունները կամ, եթե խորհրդի անդամը հրաժարական չի ներկայացրել: Երբ խորհրդի անդամ մանկավարժը այլեւս չի աշխատում այդ դպրոցում կամ ծնողական խորհրդի պատվիրակը տվյալ դպրոցում աշակերտ չունի, կամ չի կատարում իր պարտականությունները խորհրդում, միայն այդ դեպքերում է, որ համապատասխան խորհուրդը իր անդամի լիազորությունները կարող է դադարեցնել:

 

Դպրոցի կառավարման խորհրդի անդամներից մանկավարժական խորհրդի կամ ծնողական խորհրդի լիազորությունների դադարեցման այլ արտադատարանական եղանակ չի սահմանված: Եթե մարզպետը որեւէ խորհրդի անդամի ներկայությունը չի ընդունում, ում ընտրել է մանկավարժական կամ ծնողական խորհուրդը, կամ կարծում է, կամ էլ անգամ համոզված է, որ ինչ-որ մեկը օրինախախտմամբ է դարձել դպրոցի խորհրդի անդամ` պատվիրակված մանկավարժական խորհրդից, իրավունք չունի իր համար իրավունքներ հորինել ու ինքնակամ դադարեցնել այդ անդամի լիազորությունները:

 

Ըստ ՀՀ Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն ՊՈԱԿ Խորհրդի ընտրության կարգը հաստատելու մասին ՀՀ ԿԳ նախարարի հրամանի 8-րդ կետի (8 դեկտեմբերի 2006 թվականի N981-Ն) Տարածքային կառավարման մարմինը (ըստ ենթակայության` մարզպետը, Երևանի քաղաքապետը, Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարը),  հիմք ընդունելով հաստատության մանկավարժական, ծնողական խորհուրդների որոշումները և համայնքի ղեկավարի առաջարկությունը, 7 օրվա ընթացքում  հաստատում է խորհրդի անվանական կազմը, կամ սույն կարգի խախտմամբ առաջադրված լինելու դեպքում մերժում է անվանական կազմում առաջարկված անձի կամ անձանց   թեկնածությունը:: Ըստ այս կարգի, մարզպետը Գյումրու թիվ 19 դպրոցի խորհրդի կազմը 2007 թվի սեպտեմբերի 9-ին իր 389 որոշմամբ հաստատելիս ունեցել է 7 օր Ռուզան Մովսիսյանի եւ Ալվարդ Ղայթանջյանի թեկնածության օրինականությունը պարզելու եւ խախտման բացահայտման դեպքում մերժելու համար: Այնինչ, Շիրակի մարզպետի 2007 թվի սեպտեմբերի 9-ի 389 որոշումից ակնհայտ է դառնում, որ Շիրակի մարզպետը Ռուզան Մովսիսյանի եւ Ալվարդ Ղայթանջյանի թեկնածությունները կարգի խախտմամբ առաջադրված չի գնահատել եւ նրանց հաստատել է խորհրդի կազմում (տեսեք կից 4-րդ փաստաթղթի պատճենը): Այս կարգը կամ որեւէ այլ կարգ, որեւէ իրավական ակտ մարզպետին դպրոցի խորհրդի անդամի լիազորության դադարեցման իրավասություն չի վերապահում խորհրդի կազմում նրանց նշանակվելուց 8 կամ 1000 օր անց, բացառությամբ երկու դեպքերի, որ հիշատակված են վերեւում. (1) եթե այդ անդամը հրաժարական չի ներկայացրել կամ (2) նրան ետ չի կանչել ընտրած եւ խորհուրդ պատվիրակած մարմինը. Ծնողական խորհրդի պատվիրակի դեպքում` Ծնողական խորհուրդը, Մանկավարժական խորհրդից պատվիրակվածի դեպքում`  Մանկավարժական խորհուրդը, համայնքապետարանի կողմից ներկայացված ներկայացուցչի դեպքում` համայնքապետարանը: Նույն այս կարգի համաձայն, մարզպետն իրավազոր է դպրոցի խորհրդի կազմում իր` մարզպետարանի կողմից ներկայացված եւ հաստատված անդամին ետ կանչել ինքնուրույն, որովհետեւ` իր պատվիրակածն է: Այս հանգամանքների շնորհիվ է, որ դպրոցների բարեփոխման համապետական  ծրագրի արդյունքում դպրոցներում կառավարումը պիտի լինի կամ լիներ կոլեգիալ, հանրության եւ իշխանությունների տարբեր խմբերի մասնակցությամբ. յոթ հոգի են կազմում դպրոցի խորհուրդները, նրանք ներկայացնում են կրթությանն առընչվող 4 խմբեր. 2 հոգի պետությունից` մարզպետարանից (հիմնական ֆինանսավորող կողմ), 2 հոգի` Ծնողական խորհրդից (դպրոցի ուղղակի շահառու ընտանիքներ), 2 հոգի Մանկավարժական խորհրդից (դպրոցում ներգրավված ոլորտի մասնագետներ), եւ 1 հոգի համայնքապետարանից (շահառու համայնք): Այս յոթ հոգուն գտնում, իր ընթացակագերով ընտրում եւ պատվիրակում են հիշյալ խմբերը, յուրաքանչյուրն` իր ներկայացուցիչներին, մարզպետն ընդամենը հաստատում է նրանց այդ կազմում, եթե նրանց թեկնածությունները համապատասխանում են գործող կարգին: Մարզպետը, եթե օրինակ, նկատում է, որ իր հաստատած դպրոցի խորհրդի կազմից Ծնողական խորհրդի երկու անդամները իսպառ բացակայում են դպրոցի խորհրդի նիստերից, ու փաստորեն չեն ներկայացնում Ծնողական խորհրդի եւ այդպիսով բոլոր ծնողների շահերը, տրամաբանորեն պիտի դիմի Ծնողական խորհրդին, մատնանշելով թերացումը, եւ առաջարկելով միջոցներ ձեռք առնել, նրանց ետ կանչելու որոշում կայացնել, նրանց փոխարինել այլ անձանցով եւ այլն: Կամ, մարզպետը կարող է խնդրի լուծման ուղիների որոնման համար դիմել Դպրոցի խորհրդին, կամ Դպրոցի խորհրդի նախագահին, որոնք, եթե դպրոցի շահերն են ներկայացնում` պարտավոր են զբաղվել խնդրի լուծմամբ: Ի՞նչ անել, եթե չեն լուծում հարցը: Անգամ այս դեպքում` մարզպետն իրավունք չունի ինքնուրույն դադարեցնել Ծնողական խորհրդից դպրոցի խորհրդի անդամ դարձած երկու անդամների լիազորությունները, որովհետեւ գործող օրենսդրությունը, բարեբախտաբար, նման իրավունքներ չի տալիս մարզպետին: Հասկանալի է, որ այս եւ համանման դեպքերում խնդիրը կարղ է լուծել ՄԻԱՅՆ դատարանը: Միայն այսպես է հնարավոր դպրոցների իսկապես կոլեգիալ կառավարում իրականացնել: Իսկ այստեղ ներկայացվող Ռուզան Մովսիսյանի եւ Ալվարդ Ղայթանջյանի գործով մարզպետը գտել է, որ ինքն իրավազոր է որոշել Մանկավարժական խորհրդի փոխարեն, մարզպետն ինքնուրույն գնահատել է, որ նրանք ՀՀ ԿԳ նախարարի հաստատած կարգի խախտմամբ են 2,5 տարի առաջ ընտրվել, եւ ինքնուրույն գտել է, որ ինքն իրավազոր է ինքնուրույն դադարեցնել նրանց լիազորությունները այն պահին, երբ ինքն անձամբ համոզվում է, որ կարգի խախտում է տեղի ունեցել:

 

Շիրակի մարզպետի` խնդրո առարկա թիվ 29 կարգադրությունում ասվում է. Ղեկավարվելով ՀՀ ԿԳ նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N981-Ա/Ք հրամանով հաստատված.  Կարգի դրույթներով, հիմք ընդունելով Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ խորհրդի կազմի՝ մանկավարժական խորհրդի կողմից առաջադրված անդամներ Ռուզան Մովսիսյանի, Ալվարդ Ղայթանջյանի՝ վերոնշյալ կարգի խախտումով ընտրված լինելու հանգամանքը, ., դադարեցնել Ռուզան Մովսիսյանի, Ալվարդ Ղայթանջյանի  , լիազորությունները: :  (Տեսեք կից 6-րդ փաստաթղթի պատճենը): Այսպիսով Շիրակի մարզպետն իր ձեռքի տակ ունենալով Ռուզան Մովսիսյանի եւ Ալվարդ Ղայթանջյանի` Դպրոցի խորհրդի կազմում 2006 թվի հոկտեմբերի 12-ին ընտրված լինելու մասին փաստաթուղթը, չունենալով նրանց 2006 թվի հոկտեմբերի 12-ից հետո նորից որեւէ անգամ ընտրված լինելը վկայող որեւէ այլ փաստ կամ փաստաթուղթ (այդպիսին չէր էլ կարող լինել, երբ նման ընտրություն չի էլ եղել), իր կարգադրությունում գրում է, թե նրանց ընտրությունը եղել է ՀՀ ԿԳ նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N981-Ա/Ք հրամանով հաստատված կարգի խախտմամբ: Մարզպետի կարգադրությունը կատարյալ անհեթեթություն է, հարգելի պարոն գլխավոր դատախազ, ինչպե՞ս կարող են մարդիկ ընտրվելիս խախտել այն ընտրական կարգը, որը հաստատվել է այդ ընտրությունից 2 ամիս անց եւ գործողության մեջ է մտել 4 ամիս անց: Չնայած այդ անհեթեթությանը, մարզպետը փաստորեն, իր ինքնատիպ տրամաբանության շնորհիվ, գտել է, որ նման բան բնության մեջ հնարավոր է, եւ դադարեցրել է Խորհրդի անդամների լիազորությունները: Ավելի ուշ ՀՀ Վարչական դատարանի դատավոր Էդիկ Նահապետյանը (Գյումրու նստավայր) Ալվարդ Ղայթանջյանն ընդդեմ Շիրակի մարզպետի գործով նույնպես գտել է, որ այդ կարգադրությունը տրամաբանական անհեթեթություն չի պարունակում իր մեջ եւ մերժել է մարզպետի կարգադրությունը Ա.Ղայթանջյանի մասով անվավեր ճանաչելու հայցը: Այսինքն այդ դատավորը գտել է, որ կոնկրետ գործողությամբ կարելի է խախտել մի այնպիսի իրավական ակտ, որը սահմանում է այդ գործողության ձեւը, բայց ստեղծվել է այդ գործողությունից 2 ամիս անց եւ օրինական ուժի մեջ է մտել այդ կոնկրետ գործողությունից չորս ամիս անց: Ավելի պարզ, դատավորը գտել է, որ մարդը կարող է խախտել գոյություն չունեցող կարգը: Շիրակի մարզպետի եւ դատավորի համար, պարզվում է, բավականաչափ բարդ խնդիր է եղել հասկանալ, որ որեւէ կարգ խախտելու հնարավորության անհրաժեշտ ու անխուսափելի պայման է այդ կարգի գոյությունը, որ կարգը կարող է խախտվել միայն այն դեպքում, երբ այդ կարգը գոյություն ունի, որ անհնարին է խախտել այն կարգը, որը գոյութուն չունի: Ներողություն այսօրինակ պարզաբանումների համար:

 

ՀՀ Շիրակի մարզպետը, 2009 թվականի փետրվարի 10-ի թիվ 29 կարգադրությունը ստորագրելիս եւ կնքելիս, հաշվի չի առել այն որ, Ռ.Մովսիսյանին առաջադրողը եւ դպրոցի խորհուրդ պատվիրակողը եղել է Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ մանկավարժական խորհուրդը, որը նրան դպրոցի կառավարման խորհրդի անդամի լիազորությունները չի դադարեցրել, իսկ Ռ.Մովսիսյանը դիմում չի ներկայացրել կառավարման խորհրդի անդամից լիազորությունները դադարեցնելու եւ շարունակել է աշխատել տվյալ դպրոցում:

 

Համաձայն ՀՀ Իրավական ակտերի մասին օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ  կետի, մարզպետները եւ Երեւանի քաղաքապետը կարող են ընդունել միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ եւ անհատական կարգադրություններ:

 

Իսկ նույն հոդվածի 6-րդ կետի` ՀՀ նախարարների հրամաններով, մարզպետների, Երեւանի քաղաքապետի որոշումներով ու կարգադրություններով չեն կարող սահմանվել իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքները, ազատություններն ու արտոնությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը փոփոխող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ փոփոխող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ փոփոխող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, ինչպես նաեւ նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր: Սույն մասի պահանջների խախտմամբ ընդունված իրավական ակտերը կամ դրանց համապատասխան մասերն իրավաբանական ուժ չունեն:

 

Երբ մարզպետը օրենքով նախատեսված դեպքերով եւ կարգով իր լիազորությունների շրջանակում ընդունում է պաշտոնական գրավոր փաստաթուղթ, որով սահմանվում են կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություններ, սահմանափակումներ, ապա նա պետք է այդ ոլորտի իր ենթակա մասնագետների ու իրավաբանների հետ խորհրդակցի այդ իրավական ակտը օրենսդրությանը համապատասխանեցնելու, որ այն չհակասի գործող իրավական ակտերին:

 

Համաձայն ՀՀ Իրավական ակտերի մասին  օրենքի 78-րդ հոդվածի 1-ին կետի` իրավական ակտը տարածվում է մինչեւ դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն սույն օրենքով եւ այլ օրենքներով, ինչպես նաեւ տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում:

 

Հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգ խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ խստացնող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաեւ նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին: 2006 թվականի դեկտեմբերի 12-ի ընդունված կարգը` իրականացման կարգը խստացնող նորմ է, որով իսկ, ըստ ՀՀ Իրավական ակտերի մասին  օրենքի 78-րդ հոդվածի 1-ին կետի, չի կարող հետադարձ ուժ տրվել:

 

Համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի, պաշտոնատար անձի լիազորություններից անցնելը, կամ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից եւ էական վնաս պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, պատժվում են սույն հոդվածի սանկցիային համապատասխան:

 

Համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 322 հոդվածի, ինքնիրավչությունը՝ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին կամ խոշոր վնաս՝ պետական կամ հասարակական շահերին՝պատժվում է սույն հոդվածի համապատասխան սանկցիայով:

 

Պարոն գլխավոր դատախազ,

Գտնում եմ որ, պաշտոնատար անձը` Շիրակի մարզպետը 2009 թ. փետրվարի 5-ի համար 1-01/342 գրությունը կազմելով եւ 2009 թ. փետրվարի 10-ի թիվ 29 կարգադրությունը ուժի մեջ մտցնելով, իր լիազորություններն անցել է, նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելով, դիտավորությամբ կատարել է գործողություններ, որոնցով էական վնաս է պատճառել անձանց, տվյալ դեպքում Գյումրու թիվ 19 դպրոցի խորհրդի նախագահ Ռուզան Մովսիսյանի եւ անդամ Ալվարդ Ղայթանջյանի օրինական շահերին, սահմանափակվել են նրանց իրավասությունները, դադարեցվել է նրանց լիազորությունները դպրոցի խորհրդի կազմում, նրանք, չնայած մարզպետի այդ կարգադրությունը վիճարկել են Վարչական դատարանում, հաջողության չեն հասել, դատարանը հայցը մերժել է, ինչով գտել է, որ դպրոցի խորհրդի անդամները ընտրվելու հանգամանքով խախտել են այն ընտրական կարգը, որը ստեղծվել է նրանց ընտրությունից 2 ամիս անց եւ ուժի մեջ է մտել նրանց ընտրվելուց 4 ամիս հետո: Մարզպետի այդ գործողություններից բխել են այլ գործողություններ, տեղի է ունեցել հապճեպ եւ կարգերի խախտումներով հրավիրվել է մանկավարժական խորհրդի նիստ (տեսեք կից 7-րդ փաստաթղթի պատճենը. ՀՀ ԿԳՆ Կրթության պետական տեսչության պետի պատասխանը Ռ.Մովսիսյանին` նրա բողոքի հիման վրա դպրոցում իրականացված ստուգման արդյունքների մասին), օրենսդրության պահանջների խախտմամբ ընտրվել են դպրոցի խորհրդի նոր անդամներ, նրանց կարգավիճակը խորհրդում հաստատել է մարզպետը, սրանցից բխած դատական եւ այլ վեճերի արդյունքում արգելակվել է դպրոցի խորհրդի գործունեությունը, ինչն էլ արգելակել է դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթի անցկացման գործընթացները, դպրոցը մինչ օրս կառավարվում է դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարների միջոցով: Դպրոցի խորհրդի նախկին նախագահ Ռուզան Մովսիսյանը մահացել է գլխուղեղի կաթվածից` իր հայցով դատավարության եզրափակիչ փուլում` վճռի հրապարակումից 5 օր առաջ:

 

Վստահ եմ նաեւ, որ ՀՀ Վարչական դատարանի դատավոր Էդ.Նահապետյանը, մերժելով վերոհիշյալ գործով Ալվարդ Ղայթանջյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետի, ակնհայտ անարդար վճիռ է կայացրել, արդարադատություն իրականացնելու փոխարեն դատական կարգով վավերացրել է դպրոցի խորհրդի նախագահի եւ անդամներից մեկի լիազորությունները դադարեցնելու մասին մարզպետի ապօրինի կարգադրությունը:

 

Հարգելի գլխավոր դատախազ, խնդրում եմ ուսումնասիրել տվյալ հաղորդումը, հանձնարարել պարզել հետեւյալ եւ հարակից հանգամանքները.

 

1. Ի՞նչ իրավունքով է Շիրակի մարզպետը իր 2009 թվի փետրվարի 10-ի թիվ 29 կարգադրությամբ դադարեցրել Ռուզան Մովսիսյանի եւ Ալվարդ Ղայթանջյանի լիազորությունները Գյումրու թիվ 19 դպրոցի Խորհրդի կազմում, երբ դպրոցի մանկավարժական խորհրդի կազմից ելնելու կամ հեռացվելու դեպքերը հստակ նկարագրված են գործող օրենսդրությամբ եւ դրանցում մարզպետի նախաձեռնողականության իրավունք չի սահմանված:

 

2. Արդյո՞ք Շիրակի մարզպետը իր 2009 թվի փետրվարի 10-ի թիվ 29 կարգադրությամբ Ռուզան Մովսիսյանի եւ Ալվարդ Ղայթանջյանի լիազորությունները Գյումրու թիվ 19 դպրոցի Խորհրդի կազմում դադարեցնելով` չի անցել իր լիազորությունները եւ ինքնիրավչություն թույլ չի տվել: Արդյո՞ք այդ կարգադրությամբ Շիրակի մարզպետը վնաս չի պատճառել անձանց իրավունքներին եւ օրինական շահերին:

 

3. Արդյո՞ք ՀՀ Վարչական դատարանի դատավոր Էդ.Նահապետյանը, մերժելով Շիրակի մարզպետի դեմ Ալվարդ Ղայթանջյանի հայցը` մարզպետի 2009 թվի փետրվարի 10-ի թիվ 29 կարգադրությունն իր մասով անվավեր ճանաչելու մասին, արդարադատություն է իրականացրել:

 

 Լեւոն Բարսեղյան


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter