Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Արտակ Զեյնալյանի ելույթը FIDH երեւանյան համաժողովում

 

08 | 04 | 2010 | 21:30 | Ելույթ

 

Ես հանդես եմ գալիս որպես 2008թ. մարտի 1-ին Երևանում խաղաղ ցույցի դեմ իշխանության կողմից գործադրված բռնության հետևանքով զոհված մարդկանց հարազատների և նույն իրադարձություններից հետո բանտերում հայտնված կամ այլ կերպ հայածված քաղբանտարկյալների ներկայացուցիչ: Նյութը դյուրընկալելի դարձնելու համար նախ անհրաժեշտ եմ համարում համառոտ ներկայացնել այն ամենն, ինչը հանգեցրեց 2008թ. մարտի 1-ի հիշատակած դեպքերին:

  

ՄԱՐՏԻ 1Ի ԴԵՊՔԵՐԸ

 

2008 թ. փետրվարի 19-ին նշանակված հերթական նախագահական ընտրությանը նախորդել էին բուռն ընտրապայքարի մի քանի ամիսներ:

 

Ընտրություններն անցան իշխության կողմից իրականացրած բազմաթիվ ու բազմազան խախտումներով` սկսած ընտրակաշառք բաժանելուց ու ընտրական փաստաթղթեր կեղծելուց, մինչև վստահված անձանց ծեծուջարդ: Պատկերացում կազմելու համար այս ամենի մասշտաբների մասին բավական է ծանոթանալ թեկուզ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցին:

 

Ըստ էության ամենակոպիտ կերպով խախտվեց Մարդու հիմնարար իրավունքներից մեկը` ազատ ընտրության և իշխանություն փոխելու իրավունքը: Հայտարարված կեղծված արդյունքները տասնյակ հազարավոր մարդկանց հանեց բողոքի խաղաղ ցույցերի` դրա համար ավանդական դարձած Ազատություն խորհրդանշական անունով հրապարակում, ֆորումի երեկվա դահլիճի շենքի ճիշտ հակառակ կողմում: Նույն օրն էլ ցույցը ինքնաբուխ վերածվեց շուրջօրյա նստացույցի ու պերմանենտ հանրահավաքների, որ շարունակվեց 10 օր: Անգամ ամենասակավամարդ գիշերային ժամերին վրաններում ու բացօթյա գիշերում էին 4-5 հազար մարդ, և այն էլ 12-16 աստիճան սառնամանիքի պայմաններում: Ցերեկային ժամերին ցուցարարների քանակը հասնում էր մի քանի հարյուր հազարի, որոնց մի մասը գալիս էին հանրապետության հեռավոր շրջաններից:

 

Չնայած հսկայական բազմությանը, ամենօրյա երթերին ու գիշերակացին, բողոքի ցույցերն անցնում էին բացարձակ խաղաղ, առանց ամենաչնչին օրինախախտման: Բազմահազարանոց բողոքի շուրջորյալ ակցիաների 10 օրերի ընթացքում չի քերծվել որևէ ավտոմեքենայի ներկ, չի կոտրվել որևէ ապակի: Ցուցարարները համբերատար սպասում էին Սահմանադրական դատարանի որոշմանը, որի նիստը ընտրությունների արդյունքների հարցով նշանակված էր մարտի 5-ին:

 

2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան, դեռ լույսը չբացված, ժամը 6:30-ի շրջանում` Ազատության խորհրդանշական անունը կրող հրապարակում տեղի ունեցավ սարսափելի մի իրադարձություն: Վրաններում ու խարույկների շուրջ քնած կամ ննջող մարդկանց վրա, որոնց թվում նաև կանայք, ծերեր ու երեխաներ (ոմանք այդտեղ գիշերում էին ընտանիքներով), առանց նախապես զգուշացնելու, հարձակվեցին մահակներով, վահաններով, էլեկտրաշոկերով ու արցունքաբեր գազով զինված ոստիկանական տասնյակ շարասյուներ: Կես ժամ անց վրանային ավանն ավերված էր, շրջափակումից ու ջարդից փախչող մարդկանց առանձին խմբերի ոստիկանները շարունակում էին հետապնդել քաղաքի փողոցներով:

 

Խաղաղ հանրահավաքը բռնությամբ ցրելու ոստիկանական այս օպերացիան, ծայրահեղ դաժանությունից բացի, նաև կատարվեց օրենքների կոպիտ խախտումներով: Դրա օրինականության մասին իշխանության իրարամերժ վարկածները չեն համապատասխանում իրականությանը և այդ մասին կարող են վկայել հազարավոր ականատես մարդիկ:

 

Ազատության հրապարակից խույս տված ցուցարարների խմբերից մեկը հասավ և ապաստանեց 3-4 կմ հեռավորության վրա գտնվող Ֆրանսիական դեսպանատանը կից տարածքում, որտեղ և, կայծակի արագությամբ տարածված լուրի հետևանքով, կարճ ժամանակում հավաքվեց հարյուր հազարից ավելի մարդ: Չնայած առավոտյան ջարդից հետո առաջացած բարձր զգացական մթնոլորտին և ոստիկանության պրովոկացիաներին, ամբողջ օրվա ընթացքում այստեղ հանրահավաքը շարունակեց կրել բացարձակ խաղաղ բնույթ:

 

Այդ օրվա իրադարձություններին դուք կարող եք ծանոթանալ նաև ձեզ բաժանված փաստագրական տեսասկավառակից:

  

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶՈՀԵՐ

 

Բացի ոստիկանական ուժերից, օրվա ընթացքում Երևան բերվեցին նաև բանակային ստորաբաժանումներ` ծանր զրահատեխնիկայով: Դա Սահմանադրության կոպիտ խախտում էր: Երեկոյան ժամը 21-22 ընթացքում ցուցարարների հավաքված վայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, որտեղ հերթապահում էին ցուցարարների մանր խմբեր, սկսեցին հնչել տևական կրակոցներ: Ինչպես պարզվեց հետո, բացի օդ կրակելուց, ուղիղ նշանառությամբ կրակել էին նաև ցուցարարների վրա: Հետևանքը եղավ նվազագույնը 10 մարդկային զոհ: Միաժամանակ, դարձյալ հիմնականում ցուցարարների հավաքատեղից զգալի հեռավորության վրա, տեղի ունեցան մեքենաների հրկիզումներ ու խանութների թալան: Այս փաստերը վկայակոչելով որպես հիմք և դրանք վերագրելով ցուցարարներին` գործող նախագահ Ռ. Քոչարյանը հայտարարեց արտակարգ դրություն: Հետագայում իշխանությանը չհաջողվեց որևէ փաստ հայտնաբերել և գործ հարուցել ո´չ ցուցարարների մոտ զենքի առկայության, ո´չ նրանց կողմից դրա օգտագործման, ո´չ մեքենաների հրկիզման, ո´չ խանութների թալանի դրվագներով: Այդ ամենը կատարել էր իշխանության կողմից ուղարկված պրովակատորները (մի քանի նման գործերի դատաքննությամբ պարզվեց, որ դրանք այսօր գործող Նախագահ Սերժ Սարգսյանի վստահված անձինք են):

 

Սպանությունների գործը իշխանությունը փորձեց ամեն կերպ կապել ցուցարարների հետ` մասնավորապես, այն տեղավորելով, այսպես կոչված, Յոթի գործի մեջ: Փաստերի իսպառ բացակայության պայմաններում դատավարության ընթացքում նրանք ստիպված եղան հրաժարվել այդ մեղադրանքից:

 

Մարտի 1-ին կատարված սպանությունների նկատմամբ իշխանության վերաբերմունքի մասին են վկայում հետևյալ փաստերը.

 

ա) 10 մահերի հիմքով քրեական գործեր հարուցված չեն, ու չնայած դրանց քննության ու բացահայտման անհրաժեշտության մասին բազմիցս նշվել է նաև միջազգային հեղինակավոր և ազդեցիկ կազմակերպությունների փաստաթղթերում, առ այսօր որևէ մեկը սպանության գործերով չի ձերբակալվել և չի դատապարտվել:

բ) Նույն միջազգային կառույցների ճնշման տակ, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի ջանքերի շնորհիվ, 2008թ. հոկտեմբերին ՀՀ գործող նախագահը վերջապես կազմեց Մարտի 1-2-ի իրադարձությունների, առաջին հերթին` սպանությունների հանգամանքները պարզելու փորձագետների փաստահավաք խումբ` ընդդիմության և իշխանության հավասարազոր ներկայացվածությամբ և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչի ընդգրկմամբ: Մի քանի ամսվա արդյունավետ աշխատանքից հետո հրապարակվեց Փաստահավաք խմբի 1-ին զեկույցը: Դրանից հասկանալով, որ հավասարակշռված այս մարմնի բացահայտումներն ի վնաս իշխանության նախապես հրապարակած վարկածների են, այս խմբի աշխատանքը նախ խոչընդոտվեց, ապա այն լուծարվեց:

 

գ) Այնուամենայնիվ, Փաստահավաք խումբը հրապարակեց իր հաջորդ զեկույցները, որոնցում ամփոփված նյութերը լիակատար հիմք են տալիս առնվազն հինգ սպանությունների բացահայտման համար: Այդ հրապարակումներն առ այսօր մնացել են անհետևանք:

 

դ) Զոհերի ընտանիքները ո´չ նյութական, ո´չ բարոյական որևէ օժանդակություն չեն ստացել պետության կողմից: Ավելին` Մարտի 1-ից միայն ամիսներ հետո, և այն էլ միջազգային և հասարակական մեծ ճնշումների տակ նախաքննության մարմինը նրանց ճանաչեցին որպես տուժողի իրավահաջորդներ:

Այսպիսով, ոչ միայն խախտվել է մարդկանց ամենաառաջնային` կյանքի իրավունքը, դրանից հետո էլ նրանց հարազատները զրկվել են արդյունավետ քննության իրավունքից: Հատուկ քննչական ծառայության անգործությունը բողոքարկվել է ՀՀ դատախազություն, սակայն անարդյունք, նույն խնդրով հայցը այժմ գտնվում է դատարանում:

  

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ

 

Դեռ մինչև Մարտի 1-ի ջարդը և սպանդը, փետրվարի 19-ին ընտրություններին հաջորդած շուրջօրյա հանրահավաքների ընթացքում արդեն իսկ մի քանի հոգի ձերբակալվեցին ընդդիմության ակտիվիստներից` կա´մ հանրահավաքներում ելույթ ունենալու, կա´մ այլ պատճառներով: Մարտի 1-ից սկսվեց ընդդիմության զանգվածային հետապնդումների, ձերբակալությունների, ահաբեկչության, տարատեսակ ճնշումների մի շրջան, որ, ըստ էության շարունակվում է առ այսօր: Միայն մեր տեղեկություններով ձերբակալվածների թիվն անցել է 500-ը: Հարյուրավոր մարդիկ, խույս տալով հալածանքներից, տևական ժամանակ անցել են ընդհատակ, մի քանի հազար մարդ լքել են Հայաստանը: 5000-ից ավելի մարդիկ ապօրինաբար բերման են ենթարկվել ոստիկանական, Ազգային անվտանգության բաժանմունքներ, դատախազություն ու ապօրինաբար պահվել ժամեր և օրեր շարունակ, ենթարկվել հոգեբանական ճնշումների և ահաբեկման: Ձերբակալվածներից 150-ից ավելի կալանավորվել է, և նրանց մեղադրանք է առաջադրվել, 116 հոգի դատապարտվել են ազատազրկման:

 

Հայաստանի վարչախումբն իր առջև նպատակ էր դրել քաղաքական ընդդիմության որքան հնարավոր է շատ ղեկավարների ու ակտիվիստների ազատազրկման միջոցով կասեցնել իր դեմ ծավալված համաժողովրդական ընդվզումը: Դա են վկայում հետևյալ փաստերը, որոնք հավաստող առատ ինֆորմացիա և գնահատականներ կարելի է գտնել ոչ միայն ձեզ տրամադրված նյութերի, այլև հետևյալ միջազգային փաստաթղթերում. ԵՄ նախագահության` 2008թ. մարտի 5-ի և մարտի 12-ի հայտարարություններ, ԵԽԽՎ-ի չորս բանաձևեր Հայաստանի մասին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը Մարտի 1-2-ի գործերով դատավարությունների մասին, ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցը, ԱՄՆ Պետդեպարտամենտի` Մարդու իրավունքների զեկույցը, Human Rights Watch-ի զեկույցը, հայաստանյան իրավապաշտպան կազմաակերպությունների բազմաթիվ զեկույցները և այլն: Այս ամենը վկայում է որ`

ա) 2008թ. նախագահական ընտրություններից ի վեր հետապնդումները զուտ քաղաքական հիմքի վրա են կատարվել: Այդ հետապնդումների բարձրակետը և առարկայացված ապացույցը քաղբանտարկյալների գոյության փաստն է:

 

բ) Ձերբակալվածների նկատմամբ կիրառվել են խոշտանգումներ, իրականացվել են ապօրինի քննչական գործողություններ, հորինվել են կեղծ մեղադրանքներ:

գ) Դատավարություններն անց են կացվել օրենքների և դատավարական պրոցեդուրաների կոպիտ խախտումներով, դատավորները հստակ կողմնապահ վերաբերմունք են դրսևորել մեղադրող կողմի և թշնամական վերաբերմունք` պաշտպանական կողմի նկատմամբ:

դ) Բազմաթիվ ճնշումներ են իրականացվել պաշտպանական կողմի վկաների նկատմամբ` ընդհուպ նրանց առևանգելը, մեղադրող կողմի վկաների անառարկայական, հակասական ու կեղծ ցուցմունքները ընդունվել են որպես հիմք:

ե) Շատ դեպքերում դատավճիռները հենվել են բացառապես ոստիկանական ցուցմունքների վրա:

Այլ խոսքով` ըստ էության արդարադատություն չի իրականացվել, մարդիկ ոչ միայն զրկվել են արդար դատավարության իրավունքից, այլև դատապարտվել են ամբողջովին շինծու մեղադրանքներով:

Ինչպես ասվեց, շուրջ 500 մարդ ձերբակալվել է, 5000-ից ավելին բերման են ենթարկվել, հարյուրավոր բնակարաններ են խուզարկվել և գաղտնալսումներ են իրականացվել: Բոլոր այն դեպքերում, երբ իրավունքներին նշածս միջամտությունները չեն ավարտվել տվյալ անձին դատապարտումով, այդ անձանցից որևէ մեկն արդարացի փոխհատուցում չի ստացել, թեև` դրանք սահմանված են օրենքով:

Մի քանի տասնյակ մեղադրյալների նկատմամբ հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմքով, սակայն նրանցից որևէ մեկից գրավոր ներողություն չի խնդրվել և նրանցից որևէ մեկը արդարացի փոխհատուցում չի ստացել:

 

Միևնույն ժամանակ արձանագրում եմ, որ Հայաստանում բարոյական վնասի նյութական փոխհատուցման ինստիտուտը բացակայում է: Այս հանգամանքը 2010թ մարտի 30-ի որոշմամբ հաստատել է ՀՀ Սահմանադրական դատարանը: Ուստի, քրեական արդարադատության այս բաղադրատարրը Հայաստանում բացակայում է օրենսդրորեն:

 

Ֆորումի հարգարժան մասնակիցներ,

 

2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից ի վեր Հայաստանում ծավալվել և շարունակվում է քաղաքական զանգվածային հետապնդումների, մարդու իրավունքների ոտնահարումների մի էպոպեա: Դրա լավագույն վկայությունն է այն, որ Հայաստանի բանտերում դեռևս 14 քաղբանտարկյալներ կան: Դա ոչ միայն մեր երկրի, այլև միջազգային հանրության, առավել ևս` Մարդու իրավունքների պաշտպանության պատվաբեր առաքելությունն ունեցող միջազգային կազմակերպությունների ամոթն է:

 

Մոտ մեկ շաբաթ առաջ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի մեծարգո նախագահ տիկին Սուեր Բելասենը հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում էր. Հույս ունենք, որ FIDH-ի համաժողովը կանցնի մի Հայաստանում, որտեղ այլևս քաղբանտարկյալներ չեն լինի, ինչպես նաև շեշտեց Մարտի 1-2-ին 10 քաղաքացիների սպանության առնչությամբ արժանահավատ ու արդյունավետ քննության անհրաժեշտության մասին: Մեզ թվաց, որ ասվածը արդարացի նախապայման է, և FIDHR-ը Հայաստանում չի անցկացնի իր համաժողովը, երբ այս դահլիճից 4-5 կմ-ի վրա քաղբանտարկյալներ են նստած բանտերում: Եթե FIDH-ը, այնուամենայնիվ, Հայաստանում անց է կացնում իր համաժողովը, ուրեմն, նա ունի այնպիսի մի քայլ, նախապատրաստել է այնպիսի մի փաստաթղթի ընդունում, որն իր հետևանքներով համարժեք կլինի իր իսկ դրած` առանց քաղբանտարկյալների Հայաստան նախապայմանի իրականացմանը, այլ խոսքով` կհասնի քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակմանը: Երեկվա բացման արարողության իր խոսքում` Տիկին Սուեր Բելասենի հրապարակային պահանջը Հայաստանի իշխանություններին ասված էր իրավապաշտպանի ներհատուկ բառապաշարով և ոճով: Այդ պահանջը հնչեց նաև տիկին Շիրին Էբադի ելույթում, նման պահանջներ ուղղելու իրավունքը FIGH-ը վաստակել է իր հեղինակությամբ ու մենք գիտենք, որ դա ձեր հնարավորությունների շրջանակներում է: Մենք դա գիտենք սեփական փորձով, որ հետևյալն է.

 

1988-90թթ. Հայաստանում խորհրդային բռնապետության դեմ ծավալված համաժողովրդական շարժման մասնակիցները, շատ լավ են հիշում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի արած գործը 1989-ին, երբ մոսկովյան բանտերում որպես քաղբանտարկյալներ պահվում էին հայ ժողովրդի լավագույն 14 զավակներ (թվերի խորհրդանշական զուգադիպություն): Այն ժամանակ բանտերում նստած Ղարաբաղ կոմիտեի ազատման համար վճռական գործ արեց նույն այս ֆեդերացիան, մասնավորապես նրա նախագահ պարոն Ժակոբին ու հասավ նրանց ազատ արձակմանը: Այդ փաստաթղթերի պատճեններն առ այսօր շատերը, որպես մասունք, դեռ պահում են իրենց արխիվներում: Մարտի 1-ի զոհերի և քաղբանտարկյալների հարազատների անունից ես ուզում եմ վստահություն հայտնել, որ FIDH-ը 20 տարի անց մնացել է իր սկզբունքներին և գործելակերպին հավատարիմ:

 

Մեկ անգամ ևս փոխանցում եմ մարտի 1 զոհերի հարազատների սպասելիքն այս ֆորումից և FIDH-ից, մասնավորապես. որպեսզի նա կիրառի իր հեղինակությունը որտեղ որ հարկն է. որպեսզի իրականացվի զոհվածների սպանությունների արդյունավետ քննություն, բացահայտվեն սպանությունների իրականացնողներն ու կազմակերպիչները, որպեսզի հանցագործները կրեն օրինական և արդարացի պատիժ, որպեսզի արդարացի փոխհատուցում ստանան զոհերի հարազատները:

 

 

Արտակ Զեյնալյան

 

07.04.2010թ, ք. Երևան


2010
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter