Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Սերը Խարտիայի ժամանակ

 

29 | 04 | 2010 | 17:00 | Հրապարակախոսություն

 

Վերջերս Թուրքիո ծմակներից մեկում մի մաքի լույս աշխարհ էր բերել մարդկային դեմքով ուլիկի: Հասկանալի է` մեռած: Աստված քմծիծաղել էր, բայց ցանկասեր հովիվն էր մեղավոր: Այսպես է ստացվում, երբ խախտվում է բնական ներդաշնակությունը: Բաներ կան, որ չեն ասվում, հասկացվում են: Այս դրույթը աստվածաշնչից չի քաղված, բարեբախտաբար. բաներ էլ կան, որ չնայած իսպառ հասկանալի են, դեպքից դեպք հարկ է ասել, թե չէ մարդկային հիշողությունը դավադիր խառնվածք ունի:

 

Ավետարան ըստ Վազգենի

 

Չնայած այն հանրահայտ հանգամանքին, որ ամեն ինչ փոփոխվում է, եւ այն ակնհայտ տպավորությանը, թե մեր իրականության մեջ ամեն ինչ արդեն բավականաչափ կանխատեսելի է եւ իրադարձությունների մասին զարմանք հայտնելը քրքիջ կհարուցի, ու անակնկալ, անսպասելի եւ համանման ածականները այսօրինակ դեպքերում չպիտի կիրառեինք, Մանուկյան Վազգենի արածը, պիտի խոստովանեմ, իր արարչագործական միամտությամբ անհավատալի է նրան իմացողների համար, ու անհարիր` երբեմնի ստրատեգի իր կերպարին: Հայաստանի ազատականացման եւ անկախացման այս անձնվեր մարտիկը, որ բազմաթիվ իրական քաջագործությունների եւ փոփոխությունների հեղինակ է, չկարողացավ հաղթահարել սեփական եսի հալածանքն ու հայաստանյան մերձավտորիտար ռեժիմի ոչ այնքան խորամանկ, որքան ձեռնածու հացկատակությանը, գնաց հոժար համագործակցության, իր պատկերացրած բարիքները մնացյալներիս գլխին շաղ տալու եւ` կատարելու իր իմացած բացառիկ ազգի գուցե տիպական ներկայացուցչի առաքելությունը` այդպես էլ իրեն չհասկացած ընտրազանգվածի եւ իրեն հասկացած Սարգսյան Սերժի արանքում:

 

Անհնար է պարզամիտ լինել այնքան, կարծելու, թե Վազգեն Մանուկյանն իսկապես համարում է, որ Ռոբերտ Քոչարյանը շատ է տարբերվում Սերժ Սարգսյանից ժողովրդի կամքի հանդեպ ունեցած հարգանքով, մարդկանց հիմնական եւ անբեկանելի իրավունքների նկատմամբ ակնածանքով, հպատակներին բարեկեցություն ապահովելու, նրանցից քամած հարկերն ու նրանց հարկադիր թալանը նրանց իսկ օգտին մեծապես օգտագործելու բուռն ցանկությամբ: Առօրյա հասարակական միտքն անշուշտ ունի այնօրինակ վերլուծություններ թե` էական տարբերություններ կան երկրորդի եւ երրորդի քաղաքական վարքում, որ` Սերժը հո Ռոբերտ չէ, Ռոբերտը հո Սերժ չէ, Հո չհամեմատեցի~ք եւ այլն: Բայց Վազգեն Մանուկյանը երեկվա ջահելը չէ, ներողություն, ով-ով, բայց, եթե Վազգեն Մանուկյանը դեռ չի կռահել Քոչարյանի եւ Սարգսյանի ոչ միայն կենսագրական ու ինքնապահպանական վարքի հարանմանությունը, այլեւ ճակատագրային  աղերսները, ուրեմն աստվածային բարեբախտություն է, որ նա նախագահ է միայն Սերժ Սարգսյանի ստեղծած Հանրային խորհրդի ու ոչ թե երրորդ հանրապետության: Տեղյակ չէ՞, որ երկրորդի նախագահ եւ երրորդի վարչապետ եղած ժամանակ են ցուցարարներ սպանել մայրաքաղաքում, տեղյակ չէ՞, որ Մարտի 1-ին Սերժ Սարգսյանն էր, որ վարչապետ էր աշխատում նախագահի մոտ եւ, որ վարչապետն էր, որ վերադասն էր ՀՀ պաշտպանության նախարարի, Ազգային անվտանգության ծառայության պետի, Ոստիկանության պետի, ուրեւմն եւ իր վերադասի հետ, գուցեւեւ` շատ, ինքն է պատասխանատու սահմաններից զորքը ցուցարարների վրա բերելու, ելուզակներին ռազմական հանդերձանք տալու, ցուցարարներին գնդակահարելու, հարյուրից ավելի մարդու բանտարկելու, պատանդելու համար  Ինչպե՞ս կարող է լինել, որ Վազգեն Մանուկյանը հոտառություն կորցնի այսպես սոսկալի կերպով ու չիմանա այս հասարակ տեղեկությունները, ինչպե՞ս է եղել, որ ժամանակին հանրապետության կեսը նրա ետեւից է գնացել, նման թյուրիմացություն լինու՞մ է:

 

Հասկանալի պատճառներով չենք ակնկալել, որ քաղբանտարկյալների համար ազատություն պահանջողների պիկետներում ելույթ ունենա Վազգենը Մանուկյան, հացադուլ անի մարդասպաններին բացահայտելու եւ դատապարտելու պահանջով, երթեր առաջնորդի, հոդվածներ գրի, մի ծանր պապական խոսք ասի, իշխանություններին խելքի գալու կոչի, դե չենք ակնկալել` չենք գերագնահատել բայց, որ 20 րոպեով ԱԺ շենք մտած ու 14 տարի ասես դուրս չեկած մարդը այդպես անձնուրաց կերպով ջնջեր այն, ինչ պահպանել էր հազիվ ու գնար մտներ իսպառ անհասկանալի մի տեղ, չենք սպասել այնպես, ինչպես մտքներովս չի անցել, թե Անգերազանցելի Արթուր Բաղդասարյանի դափնեպսակը երբեւէ կարող էր հանգիստ չտալ նրան:

 

Գուցե արժե աղոթել, որ Վազգեն Մանուկյանի վերելքն ու անկումը ծամածուռ դաս եւ կանխադատաստան դառնա հոգեբան ու հոգեվերուծաբանների, բազե-յուգենտությունը ապագայի կենսաէներգիա համարողների, էլիտլյումպեն, համալսարանի դիպլոմ  ճարած թերավազակների համար, այն բանի, թե մինչեւ ուր կարող է գլորվել մարդս` վիրավորված եսի հալածանքներին հլու: Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք կատարված ոչ մի ընտրակեղծիք չի կարող արդարացնել հայ ժողովրդի արժանավոր զավակի այսօրինակ անկումը, այնպես, ինչպես Մարտի 1-ի իշխանավորների, ոստիկանների եւ զինվորականների հայրենադավությունը չի կարող արդարացնել նրանց լինչը, եթե անգամ այդ անեն սպանվածների հարազատները: Որովհետեւ, եթե դա մխիթարություն էլ լինի, առաջ անցնելու ճամփա չի հարթի` մնալու ենք նույն բլինդաժում: Արժանավոր բառը թող տարակուսանքի չմղի ընթերցողներին. մենք արժանի ենք Վազգեն Մանուկյանին, տեղն է մեզ, եւ քիչ էլ է, ամենայն հավանականությամբ: Ստացվում է, որ Վազգենը Մանուկյան 1996-ի համար վրեժ է լուծում հանրությունից, մնացած մտավորականությունից, խոսքի ազատության թերմածքից եւ բարուրից, այն ամենից, որ կարելի կլինի խժռել սեփական եսի հրահրանքով եւ հասարակական կեղծավոր գերակա շահի պաշտպանության հանձնարարականներով:      

 

Վազգեն Մանուկյանի նախագահությամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկական սկզբունքների Խարտիա կոչված ընկեցիկն իր գոյականությամբ նույնն է, թե ես ու իմպեսները նստենք Խարտիա գրենք Վազգեն Մանուկյանի համար. Բաղրամյան 26-ին կից Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի մասին Խարտիա, սահմանենք մանուկյանավայել կամ մանուկյանաաննման հասկացությունները եւ այլն: Չեն ասի՞, հիմարացա՞ք, ինչպես կարող է մեկը մյուսի համար վարքի կանոններ սահմանել: Եթե Վազգեն Մանուկյանը կարող է իր համար աղոտ կերպով հասկանալի ոլորտի 10-20 տարվա մասնագետների ու աշխատավորների համար էթիկայի սկզբունքների կնքահայր լինել, ուրեմն մենք էլ կարող ենք Վազգեն Մանուկանի եւ նրա թարմ շրջապատի էթիկական սկզբունքների Խարտիա գրել: Բայց չենք գրում: Մենք այդպես իջնել չենք կարող, անսովոր ենք:  

 

Այդ այլասերված խարտիան այն նույն ուլիկն է, որ ծնվել է անկապ հորից եւ վավաշոտ մորից. այլանդակ ու անպիտան: Եվ սրանք հույս ունեն, որ իրենց հեշտանքի ալիմենտը հեռուստաընկերություններն են վճարելու:

 

Հանրային թյուրիմացություն

 

Կլինի՞, որ հեռուստաընկերությունների գովազդային գործակալները հավաքվեն ու գինեկոլոգների խորհուրդ ստեղծեն: Կլինի՞, որ նեկրոֆիլները պիգմալիոնիստների խորհուրդ ստեղծեն, կամ էլ` հակառակը: Նախագահական պալատում Հանրային խորհուրդ մոգոնողների տրամաբանությամբ, եթե լավ զոռ տան երեւակայություններին, ու պրեսկոտասորտ եւ կոլումբիեկերպ արարածներից փորձաքննական դրական եզրակացություն պոկեն նման նախաձեռնության, ինչ կա որ, մեկ էլ տեսար ՀՀ նախագահին կից օվկիանոսագետների կամ տիեզերագնացների խորհուրդ ստեղծեն: Սահմանադրության 55-6-ը նախագահի պաշտոն զբաղեցնողին թույլ տալիս է խորհրդակցական մարմին ստեղծել: Է, այդ ցուցանակի տակ կարելի է անգամ ընտրակեղծիքների բարեհաջող անցկացման խորհուրդ էլ ստեղծել, համենայն դեպս:

 

Ձայն բազմաց, ձայն աստծո, այս է առայժմ նշանաբանը այն մարմնի, որ ստեղծվել է ՀՀ նախագահի հրամանագրով եւ կոչվում է ՀՀ հանրային խորհուրդ: Դատելով այս մարմնի եւ նրա նախագահի աշխուժությունից, մարմինը կամ տեղյակ չէ կամ արդեն մոռացել է, որ ըստ նույն հրամանագրի եւ, իր կանոնադրության` ինքը ՀՀ նախագահի խորհրդակցական մարմինն է, ընդամենը, ով ստեղծել է` նրա համար էլ խորհրդակցական է: Կարելի է կարծել, որ անվանումը` Հանրային խորհուրդ, դրա անդամներին երանելի շփոթության կամ բաղձալի անորոշության գիրկն է նետել, այնպես, որ խորհուրդն այդ արդեն իրեն լիակատար հանրային է զգում, եւ` ձայն բազմաց: Մեղք չէ: Զգալու իրավունքը համարյա մտքի եւ արտահայտման ազատության իրավունքի չափ արժանավոր է: Սակայն գոնե Վազգենը Մանուկյան կհամաձայնի, որ զգալը մի բան է, ունենալն` այլ: Իրավունք, ի նկատի ունեմ:

 

Անկախ այն հանգամանքից թե, անձնապես ովքեր են ընդգրկված ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդում, իսկ այնտեղ բազմաթիվ բանիմաց եւ իրենց գործի մեջ էական հաջողությունների հասած մարդիկ են, այդ մարմինը, որպես հավաքականություն, իրականում կապ չունի հանրության հետ, կամ կապ ունի այնքան, որքան որ այդ կապն այս կամ այն պարագայում արտոնվում-հանձնարարվում է ստեղծող մարմնի կողմից` նախագահականից:

 

Այսպիսով ունեցանք եւս մեկ ուտող բերան Հայաստանի գանձարանից: Տեսնես ինչ է նստում այդ վայելքը Հայաստանի Հանրապետության վրա: Մյուս կողմից, իրականում ի՞նչ նշանակություն ունի, թե ինչքան, ի՞նչ տարբերություն` մե՞կ լումա, թե՞ միլիարդ դրամ, որովհետեւ, առայժմ հանրությանը տված օգուտների չափերից դատելով, այդ ծախսերի անտեղիությունը, խոշոր հաշվով, իրականում անկարեւոր է դարձնում այդ ծախսաչափը, արդեն էական չէ, թե ինչքան են վատնվող ֆինանսական եւ նյութական միջոցները` էլեկտրաէներգիա, ջուր, կապ, կոյուղի, դահլիճներ եւ աշխատասենյակներ, կահույք, թուղթ, թանաք եւ այլն: Անհնարին է ուղղակի հաշվարկել, թե որքան ոչ նյութական միջոց է ծախսում այս օր-օրի բտվող մեքենան: Այս առասպելական արագությամբ չաղացող երեխային կամա-ակամա հատկացվող հեռուստառադիոեթերաժամանակի, թերթային մակերեսների, քննարկումների, բանավեճերի եւ ածանցյալ վեճերի համախառն արժեքի դրամական արտահայտությունը դժվար է գտնել: Վերջապես պետություն կոչվող համակարգը հո տեղ-տեղ նվիրյալ, որոշ քվազիքաղաքական, պետական հիմնարկների ղեկավար անձանց համար զբաղմունք հորինելու համար չէ՞: Այս կլլվող-ոչնչացող միջոցների սպառման արդյունավետությունը այդ մարմինն ստեղծողն ու նրա խորհրդատուները հաստատ հաշվարկած կլինեն: Բայց արդյունավետություն ասվածը Բաղրամյան 26-ում բոլորովին այլ տեսիլք է, իսկ Բերդի կամ Հովքի սողանքված ճամփեքը քարուցեխերով շրջանցելիս պապական յոթնհարկանի հայհոյանքները շաղ տվող, հալումաշ ավտոներով դղրդացող, բայց պետություն սնուցող քաղաքացիների հասարակ գլխուղեղներում` բոլորովին այլ:

 

Տեղյակ չէի՞ն Բաղրամյան 26-ում, որ Հայաստանի ջահել ու քրքրված հանրապետությունը միլիոն դարդ ու հոգս ունի` սոցիալական, կոմունալ, տնտեսական ու գյուղատնտեսական, քաղաքական ու աշխարհաքաղաքական: Նախագահին կից Հանրային խորհուրդ մոգոնողները մտածել են, թե բոլոր այդ խնդիրները լուծվե՞լ են: Իհարկե ոչ: Բայց ընտրակեղծիքների կազմակերպման եւ իրականացման ինքնամոռաց հետեւողականությամբ ստեղծեցին այդ ակումբը: Պատճառները մի քանիսն են, բայց հիմնականը ավելի քան պարզ է. Մարտի 1-ի այլանդակությունների դեմ հասարակական կատաղությունը զսպելու մի քանի եղանակներից մեկն էլ այդ ամորտիզատորի գոյությունն են համարել: Մի կողմից հանրության, մյուս կողմից հենց այս ակումբում ներգրավված գործիչների ուշադրության մասնակի շեղման զորաշարժերից մեկն է սա (մյուսն, օրինակ` հայ-թուրքական քաղաքական ֆուտբոլը): Հարակից պատճառներ էլ կան. դրսերում ցույց տալու, որ Սերժ Սարգսյանը ահա այս կերպ հանրության հետ երկխոսելու` պատ քանդելու կամք է դրսեւորում, քաղաքական պայքարի լուսանցքներում եւ հասարակական գործունեության ստվերում հայտնված, բայց իրենց ոլորտներում որոշակի կշիռ ունեցող մարդկանց եւ մասնագետներին սեփական ուղեծիր բերելու եւ դրանից ներս քաշելու, այդով նրանց հնարավոր վնասակար ազդեցությունների տիրույթներից հեռացնելու նպատակ, այս ամենով հանդերձ` հասարակական գիտակցության մեջ նենգափոխել եւ իսկականի տեղ հրամցնել քաղաքացիական հասարակությունից սերված հանրային խորհրդի` ռեժիմի համար այնքան ահարկու գաղափարը:

 

Այս եւ այլ` հնարավոր, անձնական բնույթի հնարավոր պատճառները հանրագումարել, օրինակներն էլ տեսել են հյուսիսներում եւ ազդվել են այնտեղից ու հղացել են մի կառույց, որը, որպես Սերժ Սարգսյանի քաղաքական կուրսի համակիրների ակումբ, առանց հեգնանքի, բավականաչափ հաջողված է, իսկ որպես Հայաստանի Հանրային խորհուրդ` խայտառակ թյուրիմացություն: Սակայն իրականության մեջ ոչ մեկն է, ոչ էլ` մյուսը, այլ դրանց հնարավոր հիբրիդը` ՀՀ նախագահին կից հանրային խորհուրդ: Եթե ՀՀ Նախագահին կից բառաշարը չլիներ, արդարացի կլիներ Հանրային խորհուրդը գրել չակերտներով, որպեսզի մարդիկ չշփոթվեն, կանխամտածված դիտավորության զոհ չդառնան: Որովհետեւ Հանրային խորհուրդը կարող է լինել միայն հանրային` այսինքն հանրությունից արարված, ստեղծված, կազմակերպված եւ այլն: Իսկ Մանուկյան Վազգենի ժամանցը հանրությունը չի նախաձեռնել: Այս տրամաբանությամբ հանրությունը լիակատար իրավունք ունի նախաձեռնել ՀՀ Նախագահների Խորհուրդ եւ այնտեղ նախագահելու հրավիրել Վազգեն Մանուկյանին, բայց հո այդ դեպքում էլ հասկանալի կլինի, որ անվանման վերապահության կամ մոտավորության չափերը հանրությանը թույլ չեն տա լուրջ ընդունել այդ խորհուրդն ու գործքը դրա:

 

Հարկավոր է օգնել իշխանություններին ճգնաժամը հաղթահարել,  մի քանիսն այդ ակումբից մերձավորաց շրջապատում այսպես են մեկնաբանել իրենց նվիրումը ակումբին, այդպես երեւի նրանցից շատերն են կարծում: Բայց առայժմ սպասարկում է ստացվում եւ ոչ թե ճգնաժամի հաղթահարում: Առայժմ, դատելով նախագահին կից հանրային խորհրդի քննարկած թեմաներից եւ արարումներից, հայաստանյան խնդիրների առաջնահերթությունները կամ անհայտ են նրանց կամ` ավելորդ: Երկու դեպքում էլ այդ մարմինը չի կարող հանրային խորհուրդ համարվել, կոչվել, իհարկե, կարող է` ըստ հրամանագրի, բայց կոչվելու եւ համարվելու տարբերությունը, հայտնի է, որ հսկայական է:    

 

Խորհրդի եւ հարակցությունների անդամների մեծամասնությունը, վստահաբար կարելի է ասել, որ այնտեղ են հայտնվել ազնվագույն մղումներով, երկրին, պետությանը, ժողովրդին կամ դրանց մի հատվածին, բնագավառին, կամ մասնիկին իրենց հասկացածով որեւէ օգուտ տալու նպատակադրվածությամբ: Անկախ այդ հնարավոր ազնվագույն մղումներից, նրանք էլ Վազգեն Մանուկյանի պես հո լավատեղյակ են, թե ինչ պաշտոն էր զբաղեցնում իրենց Բաղրամյան-26 հրավիրող պաշտոնյան Մարտի 1-ին եւ դրան նախորդած տարիներին եւ` ինչպիսին էին նրա պաշտոնական հաջողությունները այդ ընթացքում, հատկապես նրա պաշտպանության նախարար եղած ժամանակ` բանակում, կրակագծից հեռու զինծառայողների սպանությունների, բարոյական եւ մարմնական վնասվածքների թվաբանության լույսի ներքո: Գուցե տեղյակ չե՞ն: Տեղյակ չե՞ն, որ Թեղուտի հանքը դրա իրական գնի վեց տոկոսով է ծախվել, տեղյակ չե՞ն, որ բանտերում 14 հոգի դեռ նստած է միայն այն բանի համար, որ երկրի զարգացման մասին բոլորովին այլ պատկերացումներ ունի, քան այն, ինչ ունեն Բաղրամյան 26-ում եւ իրենց պատկերացումներն արտահայտելու համար Սահմանադրության ընձեռած հնարավորություններից են օգտվել առանց ամաչելու: Տեղյակ չե՞ն, որ 10 հոգու սպանությունը, որպես քրեական հանցագործություն, չի հետաքննվում իշխանությունների կողմից, բայց հալածվում է կարծիք ունենալու իրավունքը` մարդու իրավունքների եւ պակաս հանցավոր թեմաներով հանրային վեճերի համար դահլիճներ չտրամադրելու` հյուրանոցներին հստակ հրահանգներ իջեցնելու եւ այլազան ստոր ձեւերով: Տեղյակ չեն ուրեմն, որ 2008-ի մարտի 1-ից 20-ը ուղիղ, ուղղակի, դաժանագույն եւ բռնաբարո գրաքննություն է իրականացվել հեռուստաընկերություններում, թերթերում, համացանցում եւ տպարաններում, ամբողջ Հայաստանով մեկ: Տեղյակ են իհարկե:

 

Եթե տեղյակ են, ապա ինչո՞ւ են հանրային անգերազանցելի կարեւորություն ունեցող այդ խնդիրների քննարկումն ու առաջքաշումը թողած, որոշում են որոշել որոշման մասին որոշում ընդունելու վերաբերյալ, ու ավելի պարապ ժամանակ սատկած ուլ ծնում հայտնի հորից Եթե տեղյակ են ու հաշտ, ուրեմն իրենք գիտեն, որ իրենց օգտագործում են, ուրեմն իրենք համաձայն են, որ իրենց օգտագործեն, ուրեմն իրականում իրենք Վազգեն Մանուկյանի եսի զբաղմունքը չեն, այլ նրա հետ մեկտեղ զբաղմունքն են շեֆի: Ինչու՞ եղավ այսպես որովհետեւ մենք արժանի ենք, որ նախագահականում նախագահին կից այդպիսի խորհուրդ լինի, մենք արժանի ենք այդպիսի թախանձոտ սիրո եւ խանդաղատանքի:

 

Հանուն մեր հաշվին բարգավաճող այդ խորհրդի հալալ կաթնակերության, հարկ է, որ այսուհետ այն հիշելիս ոչ թե ակամա շարունակենք նենգափոխման լայնածավալ գործընթացը, այլ կոչենք այն ճշգրիտ անվանմամբ` ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված հանրային խորհուրդ, եւ ոչ թե` Հանրային խորհուրդ, որովհետեւ, եթե հանրությունը ինչ-որ մեղք էլ, ունի, ապա ոչ այնքան, որ այդպես նվաստացվի:

 

Ֆրանկենշտեյն-արմենոիդ

 

Ես էլ, ինչ մեղքս թաքցնեմ, ջանում էի ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի զբաղմունքին չանդրադառնալ կամ լուրջ չընդունել, մինչեւ նրանք իրենք չսկսեցին ապացուցել, որ անհեթեթությանը ընդունակ են ճակատագրականության որակներ վերագրել եւ, որ անհավատալի էր` շնորհել: Էլի կարելի կլիներ բանի տեղ չդնել սրանց Խարտիա կոչվող գյուտը, եթե դարանած աղվեսի բնազդային խորամանկությամբ նրանք հանրությանն ու ռեժիմի առաջ արդեն մեղքեր չունեցող եւ համարյա անմեղսունակության հասցված հեռուստատեսություններին դեմ չտային հերթական ղազագիրը, պարտադրեին սրանց ստորագրվել անհեթեթության տակ եւ խոստանային վերահսկել նրանց: Բանի նայեք, ուրեմն ՀՀ նախագահին կից հանրային խորհուրդը, բացի այն, որ խորհրդակցական մարմին պիտի լիներ, նաեւ առաքելություն ուներ վերահսկել, կարգի բերել, խրատել, դաստիարակել ԶԼՄ այս խմբին: Է, բայց ինչ էին արել այս խեղճերը, որ: Ամալյանը իր գրասենյակով ինչ պետք է` անում է, Բաղրամյան-26-ում էլ դժգոհ չեն Ամալյանից, դժգոհ լինեին, մարդուն կասեին` հիմա էլ վերահսկիր, խնդրում եմ, ասենք` ծննդօգնությունը, որովհետեւ այդ գործը չգիտես ինչու, մինչ օրս արագիլն է անում: Դժգոհ չեն ուրեմն:

 

Խարտիայի արարիչները ապացուցեցին գոյությունը մի բանի, ինչ դարեր շարունակ վեճի առարկա է եղել. բնության մեջ կա՞ որեւէ այլ բան անսահման, քան Աստծո կամքն է: Հասկանալի է, որ այս դիլեմը Աստծո գոյությունը ընդունողների համար է: Տիեզերքի անսահմանությունը կամ նույնականացվում է Աստծո զորության հետ կամ համարվում է, որ սպառվում է Մեծ պայթյունի տեսությամբ, զի վարկածվում է, թե ինչպես ընդարձակվել է պայթյունից, այնպես էլ ետ է հավաքվելու մի կետում, այսինքն տիեզերքն իրականում եզրավոր է, իսկ անսահմանության հարաբերականության տեսական ապացույցները որեւէ կերպ չեն ժխտում անսահմանության հնարավորությունը: Վերջապես. Խարտիայի ծնողները կարողացան ապացուցել, որ Աստծո զորությունից բացի եւս մեկ բան կա, որ անսահման է. դա հիմարությունն է: Մնացյալ ամեն-ամեն ինչ սահմանափակ է. կարելի է կռահել, հաշվարկել, ծրագրել, կանխատեսել, նախագծել, նախատեսել, չափել, մոտարկել եւ չափել, պրոեկտել եւ չափել, անգամ երազում տեսնել, երեւակայել` բնականաբար` իմացածի, այսինքն սահմանափակի չափով, բայց մարդկային հիմարությունը, դրա արարչագործ զորությունից եւ խելահեղ թափից ծնված արդյունքներն անհնարին է ամբողջությամբ կռահել, կանխատեսել, նախատեսել եւ այլն: Հիմարության անսահմանության մասին կասկածները Պյութագորասից եւ Էպիկուրից առաջ էլ կային, բայց երեք հազար տարի շարունակ ոչ ոք չհամարձակվեց ձեւակերպել այն որպես թեորեմ, ուր մնաց համարձակվեին ապացուցելուն ձեռնամուխ լինել, եւ մի անքննելի խորհրդով թվում էր, թե դրա ապացուցմամբ զբաղվելը սրբապղծություն կլիներ, ու մտայնությունն այդ բավականաչափ կարծրացած էր: Իսկ սրանք մեկ ամսում դրին ու ապացուցած ունեցան եւ, այսպիսով ակամա ոտնձգեցին Աստծո տիրույթները` անեզրն ու անպարփակը: Ու միայն Աստված գիտե, թե ինչ է պատժելու մեզ Վազգեն Մանուկյանի եւ նրա շրջապատի երեսից: Ստրասբուրգի դատարանի պես մի բան է ստացվում. հանցագործ կամ զանցառու իշխանավորի պատճառով մուծվելու ենք բոլորս:

 

Այս տարաբախտ օրինակով, եթե, օրինակ, մեկ շվաքի տակ են հրավիրվել այսպիսի խայտաբղետ հետաքրքրությունների, ճաշակի, կրթության, գործի, հաջողությունների, նկրտումների, բանիմացության եւ թյուրիմացության մարդիկ ու այդ շվաքը զանգվածային ընտրակեղծիքների, սպանված եւ բանտարկված ցուցարարների կյանքի ու ազատության գնով թիվ 1 պաշտոնյա դառած մարդու գրասենյակն է, ուրեմն, կարելի էր զարհուրելի արդյունք կանխատեսել, ասենք` Ազգային Ժողովի կլոն, իբր Ազգային Ժողովը բոլոր դարդերը լացել-պրծել էր, հիմա էլ` այս ընդօրինակությունը, կարելի էր կանխատեսել, որ իրենք իրենց կոչումներ, պաշտոններ եւ տիտղոսներ կշնորհեին, շվաքից փող, ռոճիկ, ուղեգորգեր, ֆաքս ու դիվան կուզեին, եւ կստանային սիրալիր, որովհետեւ բնության մեջ աննպատակ պանիր չի լինում, դեմքերի արտահայտություններին կսկսեին սարսափելի լրջություն տալ ու ճառել ճոռոմ, բայց, որ սեփական բարոյական վարքի կանոններ սահմանելուց առաջ կսկսեին մի քանի հեռուստատեսության նվաստացման գործընթաց ձեռնարկել, ճշմարիտն ասած, անկանխատեսելի էր: Եթե սրա հետ համեմատենք Ամալյանի եւ յուր գրասենյակի վախենալու առկայությունը հեռարձակողների հարմարվողական անուրջների վրա եւ այդ առաքելության լիակատար արդյունավետությունը իշխանության վերարտադրման երկունքների ընթացքներում, ապա իսպառ անսպասելի էր այն, ինչ արեց Վազգեն Մանուկյանն իր գրասենյակով: Երբ ծանրութեթեւ ենք անում ամալյանենց գործունեության օրինական իրավասությունները եւ վերջիններիս ոչ պակաս զվարճալի եւ զարհուրելի Չափորոշիչները Վազգեն Մանուկյանի խորհրդի եւ Խարտիայի հետ, ապա ակնբախ է դառնում, որ Հայաստանյայց երկնակամարում լիակատար անդորր ապահովելու համար Ամալյանի գրասենյակը սպառիչ գործիք էր: Ուրեմն ի՞նչն էր Խարտիայի հղացման եւ ծննդաբերման տենչի ակունքը, եթե ոչ աներեւակայելի հիմարությունը:

 

Ինչո՞ւ հիմարություն: Հասարակ. խարտիայի ծնողները իրենց ստեղծագործության մեջ շեշտում են ինքնակարգավորում ձեւակերպումը, մի քանի դրվագներում եւ կապիտուլիացիոն արարողության ժամանակ ունեցած ելույթներում հասկանալ են տալիս, թե իրենք հասկանում են, որ իրենց արածը ինքնակարգավորման գործողություն է: Իսկ սա նշանակում է, որ կամ իրենք են հեռուստաընկերությունների հիմնադիրներ եւ/կամ գործադիր տնօրեններ, կամ լրատվական բաժինների/խմբագրությունների պատասխանատուներ, ինչպիսիք չեն, կամ: Կամ էլ ներողություն, չեն հասկանում այդ բարդ բառի ինքն մասը: Ինքզինքը կարգավորելու ոլորտ է սա բայց ամոթ չէ՞, որ իմպեսն այդ մեծամեծներին սկսի ինքնակարգավորում բառը մեկնել:

 

Ինչու կապիտուլիացիո՞ն: Ներողություն, թե ինչ-որ մեկն ազդվում է դրանից, բայց մի քանի միամիտ հարց է մնում անպատասխան, եթե տեղի ունեցածը բարոյական նվաստացում չէ տասնմեկ հեռուստաընկերությունների համար: Նախ. ինքնակարգավորման պարագայում ի՞նչն է խանգարել Հայաստանի դարդերը թողած եւ պարապությամբ տառապող Վազգեն Մանուկյանին իրենց իմացությամբ մշակած Խարտիայի նախագիծը ուղարկել հեռուստաընկերություններին, առաջարկել նրանց ուշադիր լինել, ինքնուրույն ընթերցել այն, ինքնուրույն փոփոխել, ինքնուրույն լրացնել եւ ինքնուրույն ընդունել այն որպես հեռուստաընկերության վարքականոն, եւ, այդպիսով, ավարտել իր առաքելությունը: Կամ. ի՞նչն էր խանգարում Վազգեն Մանուկյանին պարզապես պարզել, թե իր հարազատ` հայտարարված 16, հեռուստաընկերություններից որոնք դեռ չեն միացել Հայաստանի Զանգվածային լրատվամիջոցների վարքականոն-ը ստորագրած ավելի քան երեք տասնյակ լրատվամիջոցներին, խորհուրդ տալ նրանց ինքնակարգավորման այդ գործընթացին ներգրավվել եւ միանալ արդեն 3 տարուց ավելի է ինքնակարգավորման կամք դրսեւորածներին: Որ նախագահին կից հանրային խորհուրդը տեղյակ էր այդ Վարքականոնի գոյությանը եւ դրան անդամակցած ԶԼՄ-ների` թվով երեք տասնյակից ավելի լինելուն, երեւում է իրենց ստեղծագործության տեղեկանքում: Դատելով այն հանգամանքից, որ պլանավորած 16 հեռուստաընկերություններից 11-ը հնազանդ եղան եւ ստորագրեցին Խարտիո տակ, իսկ նրանցից մի քանիսն արդեն անցած երեք տարում ստորագրել էին վերոհիշյալ Վարքականոնը, մնացածն էլ, անսալով Վազգեն Մանուկյանի հորդորին, կստորագրեին գործող Վարքականոնը եւ կմիանային մյուսներին, նոր եւ համանման առաքելությամբ այլ վարքականոն ի հայտ չէր գա, որովհետեւ դրա կարիքն իրականում չկար:

 

Էլի մի քանի դառնահամ հարց կա: Այդ ինչպիսի՞ սիրով էին տոգորված այն հեռուստաընկերությունները առ նախագահական հանրային խորհուրդ, ու ինչպիսի՞ անհագուրդ տենչով էին դաբաղված նրանք առ ինքնակարգավորու՞մ, որ մի ծնգոցով թռան Խարտիա ստորագրելու, երբ, չնայած լրագրողական հասարակական կազմակերպությունների բազմաթիվ հրավերներին եւ իրենց գործընկերների մասնակցությանը արդեն գործող ինքնակարգավորման համակարգին, երեք տարի շարունակ չկամեցան միանալ վերոհիշյալ Վարքականոնին, մանավանդ, երբ այդ փաստաթուղթը շահեկանորեն տարբերվում է Խարտիայից: Իսկ Վարքականոնը երկու-երեք տարի առաջ ստորագրած հեռուստաընկերությունները ինչպե՞ս կարողացած աներեւակայելի կամք դրսեւորել ու մեկ ինքնակարգավորման համակարգում լինելով հանդերձ, անդամագրվեցին համանման մեկ այլ համակարգի եւս, մանավանդ, երբ երկրորդ կարգավորող փաստաթուղթը` Խարտիան, աուտոդաֆեի ժամանակների խրատանու լեշ է հազիվ, ու այդպիսով` տրամաբանական եւ բարոյաբանական հակասությունների հատընտիր: Երբ իրենց ստորագրած Խարտիան եւ իրենց ստորագրած Վարքականոնը, եթե պատահաբար ՏԷՑ-ի կռուգում իրար հանդիպեն, գիշատելու եւ հոշոտելու են միմյանց առնվազն վարկաբեկիչ տարբերությունների համար այնպես, որ նույն կռուգում նախկինում տեղի ունեցած հաշվեհարդարները մանկական զվարճալիք թվան հազիվ. Վարքականոնը հարցնելու է ճաշակ բառի չափանիշները, իսկ Խարտիան նրան վիրավորելու է էլիտար անճաշակ հայհոյանքով ու գնաց : Ժամանակը չէ՞ արդեն, որ երկու փաստաթղթեր ստորագրած հեռուստաընկերությունները հրաժարելով հրաժարին երեք տարի առաջ իրենց ստորագրած Վարքականոնից, հօգուտ Խարտիայի կամ, որ նույնն է` հանուն հանրապետության կայունության եւ առաջընթացի:

 

Նախագահական հանրային խորհուրդն ի՞նչ անբարոյական իրավունքով է անտեսել Հայաստանի եւս 25 հեռուստաընկերություններին եւ 20 ռադիոկայաններին` վերջիններիս ստորագրական տոնակատարությանը չհրավիրելով: Հեռուստառադիոընկերություններին անմնացորդ նվիրմամբ այս Խարտիան ինչո՞ւ Վազգենը Մանուկյան կամեցավ հազիվ 16 հեռարձակողի, անտեսելով մյուս 45-ին: Սա ի՞նչ խտրականություն է, չի՞ սիրում Վազգենը մարզային հեռուստաընկերություններին եւ Հայաստանի բոլոր ռադիոկայաններին: Գուցե անտեղյա՞կ է նրանց գոյությանը, գուցե այս խորհրդում այդ հարցով որեւէ մեկը տեղյակ չի՞ եղել: Եղել է չէ՞, որ ինչ-որ մեկը Խարտիո տեղեկանքում գրել է, թե իրենք ուսումնասիրել են 1. Հայաստանի Զանգվածային լրատվամիջոցների վարքականոն-(ը) (ընդունվել ու ստորագրվել է ՀՀ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից 2007թ. մարտի 10-ին, ներկայումս այն ստորագրել են երեք տասնյակից ավելի լրատվամիջոցներ: Իսկ այդ ցանկում կան հեռուստաընկերություններ, որոնք հրավիրված 16-ի շարքերում չեն: Կարո՞ղ է պատահել, որ այդ ցանկը չեն կարդացել, ասենք` Վարքականոնը կարդացել են, բայց ցանկը ոչ, բայց գրել են, թե այն ստորագրել են երեք տասնյակից ավելի լրատվամիջոցներ: Ի՞նչ է սպառնում հիմա Կարապետիչին, տեսնես ու՞մ ազիզ ախպորն են ալիք խոստացել: Ի՞նչ Խարտիա է սպասվում թերթերին: Ի՞նչ է սպասվում www-ին, facebook-ում, odnoklasnik-ներում հաշվառման կանգնածներին, ու՞ր է նայում Վազգենը, ինչու՞ է այդքան մոտիկ նայում, գարունն ի՞նչ վնաս էր տվել Վազգենին Մանուկյան, լեհերի օդանավն ու վիկինգների հրաբուխն իբր քիչ էր, հիմա էլ սա: Իսկ առանց կատակների, դատելով այս թվաբանությունից, որ հայաստանյան 65 հեռարձակողներից հազիվ 11-ն են ստորագրվել այդ թերակատարության տակ, Վազգեն Մանուկյանի եւ իր նոր շրջապատի առաքելությունն այս մասով տապալվել է դղրդոցով:  

 

Խարտիո ստորագրված տարբերակում, ինչպես հայտնի է, 20 կետ կար, բայց 15-րդ կետ գոյություն չուներ: Ճապոնական որոշ հիվանդանոցներում, ասում են, 4-րդ հարկ չկա, 4-րդ պալատ եւ 4-րդ մահճակալ չկա, աշխարհի վերելակների 80 տոկոսը` 13-րդ կոճակ չունի, որովհետեւ այդ շենքերում 13-րդ հարկ չկա Սրանց բացատրությունը հասկանալի է, գարշելի իմպերիալիստները կոռումպացված են այնքան, որ շենքերը հարկերով են գողանում արդեն: Նախագահական հանրային խորհու՞րդն ինչ է ունեցել 15 թվի հետ` դժվար է ասել, բոլորն էլ, դատելով իրենց զբաղեցրած պաշտոններից, մինչեւ վերջ հաշվել գիտեն, պիտի որ իմանան, բայց մինչեւ ստորագրելու դեմ տալը մարդ չի՞ կարդացել թուղթը, գոնե հպանցիկ: Գուցե թողել էին, որ դրա բովանդակությունը հետո բացահայտեին. ասենք` 15. Վազգեն Մանուկյանին բան չասել, որովհետեւ նրան Սերժ Սարգսյանին երկու հիմնական բան է կապում` ձգտում առ Բաղրամյան-26 եւ Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոեւսկի:

 

Մեսրոպ Հարությունյանի վերլուծության համաձայն, Խարտիո բովանդակության մեջ խորացող չի եղել, համ էլ, անհնարին էր խորանալ, մարդու աչքերը ջարդվում են Խարտիայից մի քանի քայլ հեռավորության տիրույթում, զգում են դրա առկայությունը սենյակում ու` ջղաձգվում, սայթաքում, ընկնում-ջարդվում, բայց թվերը մի հատ շվվալով` շարքով անցնող էլ չի եղե՞լ: Բա մեր վճարած հարկե՞րը, բա հաշվապահությունն ինչպե՞ս է վարում Վազգենը Մանուկյան Մեսրոպի դիտողությունից հետո իրենց վեբ կայքում համարակալումը փոխեցին` մինչեւ 14-ը մնացին տեղերում, իսկ 16-ը դարձրին 15, եւ այդպես շարունակ, ու հիմա Խարտիան 19 կետ ունի: Արդեն կլոր թիվ չէ, սա առաջընթաց է: Բայց չկա առաջընթաց, առանց չարիքի: Ախր դիվադադար եղած եւ Խարտիա ստորագրելու եկած հեռուստատնօրենները հին տարբերակի տակ են ստորագրել, ու, աչքերի ցավին չդիմանալով, երեւի, ոչ կարդացել են ոչ էլ ստուգել իրենց ստորագրելիքը, թողել արագ հեռացել են Հիմա, մեր հետախուզական վարչության տեղեկություններով, երկու Խարտիա կա, մեկը` Խարտիա-1` կուսական, եւ Խարտիա-2` կարկատված: Կուսական Խարտիան ստորագրվածն է, իսկ Կարկատված Խարտիան` նախագահի հանրային խորհրդի պաշտոնական կայքում տեղադրվածը: Կուսականի 20-րդ հոդվածը թարսի պես ասում է. 20. Խուսափել բռնության, կտտանքների, ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառող գործողությունների, խոշտանգված մարմինների մանրամասների և արյունահեղ տեսարանների անհարկի ներկայացումից եւ դրանց նմանակումներից` վախի, տագնապի, անելանելիության եւ սոսկումի տհաճ զգացումներ չառաջացնելու նպատակով:: Ստորագրած հեռուստաընկերությունները հիմա հանգիստ խղճով կարող են Սպարտակ-ը ցույց տալ, կարող են չխուսափել, բայց միայն Սպարտակը, շատ-շատ` Գլադիատորը` դուդուկի մեղմացուցիչ հանգամանքի բերումով, բայց Լուսավորչի փողոցի արյունոտ ասֆալտը` ոչ, պ´րծ, որովհետեւ նույն բաներն արդեն Կարկատանվածի 19-րդում են գրված: Ի վերջո, ե՞րբ են հայտարարելու, թե ո՞ր տարբերակն է հիմք ընդունվելու սերունդների, Մատենադարանի, Ազգային գրադարանի, Հայաստանի պատմության թանգարանի, Ազգային անվտանգության ծառայության եւ wikipedia-ի համար, ստորագրվա՞ծը, թե՞ չստորագրվածը:

 

Ահա թե ինչ վերարտադրողական հիմարություններ է ծնում այն ստեղծագործությունը, որ ոչ մի բանականությամբ չպիտի արարեին, բայց արեցին: Թիկ-թիկ էլ ման են գալիս, իբր գործ են արել: Ես, անկեղծ ասած, վախեցա բովանդակային վերլուծության ենթարկել այդ այլանդակին` Խարտիան: Ամոթ բան չէ սեփական վախը խոստովանել: Պատահե՞լ է, որ հին նկուղն իջնեք, ուր չեք եղել մի 25 տարի, եթե պատահել է, զգացե՞լ եք, որ եթե զոռով չքաշեն հանեն այնտեղից, ապա կմնաք նկուղում ու սովամահ կլինեք` գզրոցների պարունակության հուշուհիշողությունների սրընթաց ասպատակությանը գերի. էլ ծակ կալոս, էլ պռովուլկա` օլի տված, լաքը թափած ռանդա, Բրեժնեւի կամ Խրուշչովի նկարով գազեթ ծվատ, Պաբեդայի ճաքած ֆառ, էլ տատի չուլկու մեջ ծլած-հոտած-չորացած սոխ, էլ հազար տեսակ կողպեքի բանալի, լեզվակ ու միջուկ, տասը լիտրանոց բանկա սարդոստայնած ու չետվերտ` թղթից կոլոլած խցանով, ավելուկի ինքնամոռաց հյուսք, էլ չամադան` անկյուններում` մետաղյա զրահապատ, մեջը` քիմիական մատիտով ճժած նամակ-բարաթ-մարաթ, էլ դուր` քոռ, ժանգյառ մանր մեխ, էլ կոշկակարի կլոր թմբուկով ու օձի լեզվով մուրճ, էլ Օգոնյոկի առաջին էջ` Գուրչենկոն` ջահել, դոշերով

 

Ահա Խարտիան էլ մի այդպիսի նկուղ է, այն մոգոնողների ճաշակներով, մղումներով, երազանքներով, նկրտումներով, պատվերներով, դիտավորություններով, աշխարհայացքներով, սերերով եւ խանդերով, զզվանքով եւ գգվանքով: Չնայած այն ակնհայտին, որ Ամալյանի գրասենյակի Չափորոշիչներ կոչված թարմ մզանքից ազդվածության եւ արտագրության գարշահոտությունն է բուրում Խարտիայից, սրա գզրոցների պարունակությունից էլ կարելի է քիչ-քիչ կռահել, թե որ համահեղինակն ինչ հաղորդում չի սիրում, ինչ է, որ չի հանդուրժում, ինչն է, որ թաղել կամ փոխել է կամենում, եւ ինչն է, որ չի դիտել դեռ, ու տեղյակ չէ թե ինչ կա եթերում, որ արժեր էս գլխից դեմն առնել: Իմ Մեսրոպ ընկերը չվախեցավ իջնել այդ զզվելի նկուղն ու մեկ-մեկ լրացրեց այդ այլանդակի ամբուլատոր թերթիկը, մեկ էլ տեսար բուժման կուրս նշանակեցին Ֆրանկենշտեյնիկին Ոչ նորմատիվ լեզու, Խուսափել, , զգացումներ առաջացնել, անկարգություններ եւ խուճապ առաջացնել, միտումնավոր տարածում դե մարդ գտեք` թող վերծանեն ու ապաքինեն: Այսպես եղավ, որ իրենց կայֆերի արդյունքը մեզ համար կայֆի տոնածառ դարձավ:

 

Արդի Չարտիզմի անդորրը  

 

Այնինչ Հայաստանի հեռուստաարդյունաբերության վիճակն իրականում այնքան է տրտում, որ ստիպում է մեղավորներիս եւ անգամ այդ ընկերությունների տերերին ու աշխատողներին արբանյակ դիտել, ափսոսանքով ու ամոթով:

 

Խարտիայի ծննդով ակնհայտ դարձավ, որ ՀՀ նախագահին կից հանրային խորհուրդը, իր թվացյալ համեստ տեղով հետզհետե բամբակով փաթաթված դագանակ է դառնում հանրության գլխին, մսխում է հանրային միջոցները, նենգափոխում է իրական հանրային խորհրդի գաղափարախոսությունը, հասարակական գիտակցության լվացքատան ապարդյուն, բայց սպառնալից եւ վնասարար դերակատարություն է ստանձնում: Հեռուստաընկերություններից ոչ մեկի տերը այլեւս չի կամենա կայքի ու գույքի կորստի սպառնալիքով դիմադրել Խարտիայի եւ Չափորոշիչների գայթակղիչ սիրախաղերին, ինչքան էլ դրանք զահրումար լինեն, ինչքան էլ վիրավորական ու ծաղրական լինի թելադրությունը:

 

Հեռուստառադիոարդյունաբերությունից զանգվածային լրատվության բաղադրիչը այսպես վարպետորեն անջատում եւ խեղդում են նենգաբար, անծպտուն ու սեւեռուն, թողնում են բիզնեսը, ավելի ճիշտ` հեռուստառադիոբիզնեսի կապկումը, որովհետեւ այդ բիզնեսն առանց իրական լրատվական բաղադրիչի թերաճ է եւ թլվատ, թողնում են միայն բիզնես կեսն այս ԶԼՄ-ների` համերգներ, ֆիլմեր, վիկտորինա, ժամանց եւ գովազդ` քվոտաներով: Այդպիսով, տարիներ շարունակ մարմանդ սրած դավադիր նշտարով, հեռուստակայաններն ու ռադիոկայանները սիրո~ւն կտրում ու դուրս են բերում քաղաքացիների հասարակության մանկապարտեզից, գիտեն, որ այդ մանկապարտեզն առանց ԶԼՄ-ների դպրոց չի դառնա, դաշնակիցը սովորեցրե~լ է: Այդ գործն իրականում վաղուց էր մեկնարկել, բան չէր մնացել եւ հիմա արդեն հասցնում են ցնծալի ավարտին, այդպիսով մինչեւ մյուս, հնարավոր ընտրություններ միջոցառումը կունենանք խարտված եւ չափորոշված մեկ հանրային հեռուստառադիոընկերություն` վաթսունից ավելի հեռարձակողներով: Եւ վերջ:

 

Հեռարձակողներին այս խարտիա-չափորոշիչները իրականում տարիների ընթացքում էին անգիր ու բերանացի անել տվել, նրանց հնազանդությամբ եւ խոնարհությամբ մշակել ու զուգահեռ սովորեցրել են, վերամշակել եւ վերասովորեցրել` 2002-ի ապրիլի 2-ի բաց դասով սկսած, դաշնակցական մամուլ կողպելու եւ կողոպտելու փակ դասերից ազդված, այս թղթերը նոր չէ, որ հղացան, վաղուց էին հղի եւ հիմա ծնեցին միայն, դրանք արդեն խորհրդանիշն են մեր ժամանակների, եւ բուն գրաքննչական առաքելությունից զատ պատմաբանական անմեղ դերակատարություն ունեն: Դրանք, տարիներ հետո, ամոթի եւ խայտառակության ապացույցներ են լինելու սերունդներին եւ մասնագետներին, դրանք վկայելու են, թե ինչպիսին էր իշխանություն ունեցածների եւ թշվառ հպատակների, քրմապետերի եւ ափիբերան ծնկածների, գնացքից ոչ այնքան հեռու թռածների եւ կառամատույցին` նրանց տակ բերանքսի նետվածների սերը էֆթանազիայի ժամանակ:

 

Լեւոն Բարսեղյան


2010
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter