Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ո՞վ կարող է կարգի հրավիրել Շիրակի մարզպետին

 

10 | 02 | 2010 | 17:30 | Հաղորդում

 

ՀՀ Գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանին

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ,

Շիրակի մարզի շահերի պաշտպանության եւ աջակցման հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Լ.Բարսեղյանից

 

Հաղորդում

(Շիրակի մարզպետի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին)

 

Հարգելի պարոն Հովսեփյան,  

 

Ստորեւ ներկայացվող բավականաչափ երկար պատմություն ունեցող խնդրի լուծումը, չնայած ՀՀ Վարչապետին, ՀՀ կրթության եւ գիտության, ՀՀ տարածքային կառավարման նախարարին հղված մի շարք դիմումներն ու բողոքները, տեղի չի ունենում` Շիրակի մարզպետի դրսեւորած պաշտոնեական լիազորություններն անցնելու, անփութության եւ ինքնիրավչության հետեւանքով:

 

Շահերի պաշտպանութան եւ աջակցման Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոն է դիմել Ողջի գյուղի միջնակարգ դպրոցում 7 տարի տնօրեն աշխատած Գոհար Աբրահամյանը: Նա, 2006 թվականին մրցույթում ընտրվել է Ողջի գյուղի տնօրենի պաշտոնում: Նախկին մարզպետը նրա հետ 2006 թվի մայիսի 29-ին աշխատանքային պայմանագիր է կնքել հինգ տարի ժամկետով: Չնայած նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լրանալու էր 2011 թվի մայիսի 29-ին, 2009 թվի մայիսի 19-ին մարզպետը պաշտոնական գրությամբ նրան ծանուցել է, որ միակողմանի դադարեցնում է նրա հետ ունեցած աշխատանքային պայմանագիրը: Պայմանագրի վաղաժամկետ դադարեցումը մարզպետարանում բացատրել են այն հանգամանքով, որ իբր, նախկին մարզպետը իրավասու է եղել միայն երեք տարվա պայմանագիր կնքելու, այնինչ, տնօրենի հետ պայմանագիրը կնքել է հինգ տարվա համար: Շիրակի մարզի Ողջի գյուղի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար ՊՈԱԿ խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել, եւ` օրենքով սահմանված կարգով, մրցույթ հայտարարել: Այն պետք է կայանար 2009 թվի հուլիսի 7-ին: Հունիսի 3-ին` մրցույթ անցկացնելու որոշման օրը, դպրոցի խորհրդի նախագահը կայանալիք մրցույթի մասին պատշաճ իրազեկել է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության գրասենյակ. ներկայացրել է խորհրդի այդ նիստից քաղվածքն այն մասին, որ խորհուրդը տնօրենի թափուր տեղի համար մրցույթ է հայտարարել:

 

2009 թվի հուլիսի 7-ի մրցույթին չեն ներկայացել ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչը եւ խորհրդի կազմում Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչներ Քնարիկ Կարապետյանը եւ Շուշանիկ Տերտերյանը:   

 

Ըստ ՀՀ Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Ա.Գեւորգյանին ՀՀ ԿԳ նախարար Ա.Աշոտյանի հղած 19.11.2009թ. N01/05/6554-09 գրության, Շիրակի մարզպետարանի կողմից   հուլիսի 7-ին  նշանակված մրցութին ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի պաշտոնական  հրավերը  նախարարությունում  մուտքագրվել է հուլիսի 8-ին, որի պատճառով  նախարարության ներկայացուցիչը նիստին չի մասնակցել:

 

Փաստորեն, Շիրակի մարզի տարածքային լիազոր մարմինը, դպրոցի խորհրդի նախագահից պատշաճ իրազեկված լինելով հայտարարված մրցույթի մասին, նույն մրցույթի մասին մոտ 35 օր անց է իրազեկել, այնինչ Գյումրուց սովորական փոստային նամակը Երեւան հասնում է 1-2 օրում: Այս պատճառով, դպրոցի խորհուրդը, առաջնորդվելով ՀՀ ԿԳ նախարարի 2006 թվի դեկտեմբերի 8-ի N 980-Ա/Ք հրամանի հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն  պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնի (տնօրենի) մրցույթի, ընտրության և նշանակման կարգով, որոշել է մրցույթը հետաձգել 3 օրով` նշանակել հուլիսի 10-ին եւ նորից պատշաճ իրազեկել է Շիրակի մարզպետին, ակնկալելով, որ վերջինս ոչ միայն օրենդրությամբ սահմանված կարգով մրցույթի մասին կիրազեկի ՀՀ ԿԳ նախարարությանը, այլեւ կապահովի իր կողմից դպրոցի խորհրդում նշանակված եւ անհասկանալի կերպով խորհրդի նիստերին եւ մրցույթին չներկայացող անդամների ներկայությունը:

 

Չնայած դրան, ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչը եւ Շիրակի մարզպետի կողմից դպրոցի խորհրդի կազմում նշանակված երկու անդամները նորից չեն ներկայացել մրցույթին:

 

Ըստ ՀՀ Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Ա.Գեւորգյանին ՀՀ ԿԳ նախարար Ա.Աշոտյանի հղած 19.11.2009թ. եւ վերը հիշատակված N01/05/6554-09 գրության, Հուլիսի 10-ին նշանակված մրցույթի մասին Շիրակի մարզպետարանը ընդհանրապես չի տեղեկացրել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը  (խախտվել է մրցույթի  կազմակերպման  կարգի  10-1  կետի պահանջը):

 

Ըստ վերոհիշյալ կարգի 10-րդ հոդվածի, մրցույթն  անցկացնում  է  հաստատության  խորհուրդը  և  Հայաստանի Հանրապետության  կրթության  և  գիտության   նախարարության  ներկայացուցիչը: Այս դեպքում, փաստորեն, ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցչի բացակայության պատճառով մրցույթը երկու անգամ տապալվել է: Փաստորեն, երկու անգամ դպրոցի խորհրդի նախագահից պատշաճ իրազեկված լինելով հուլիսի 7-ին եւ 10-ին նշանակված մրցույթների մասին, Շիրակի մարզպետը չի իրազեկել այդ մասին ՀՀ ԿԳ նախարարին (մրցույթից մեկ օր ուշ իրազեկումը հավասարազոր է չիրազեկելուն):

 

Դպրոցի խորհուրդը, այլընտրանք չունենալով, նորից նիստ է գումարել հուլիսի 23-ին եւ նոր մրցույթ հայտարարել, որը նշանակվել է սեպտեմբերի 3-ին: Խորհրդի նախագահ Գ.Սահակյանը եւ խորհրդի մյուս անդամները չկայացած մրցույթներում ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցչի եւ խորհրդի կազմում Շիրակի մարզպետարանի երկու ներկայացուցիչների անհասկանալի բացակայությունների մասին հուլիսի 23-ին եւ օգոստոսի 11-ին գրավոր բողոքներ են հղել ՀՀ ԿԳ նախարարին, ՀՀ Վարչապետին, Շիրակի մարզպետին եւ այլն: Վերջին բողոքից հետո եւ ուղիղ ՀՀ ԿԳ նախարարին նոր մրցույթի մասին իրազեկելու շնորհիվ ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչ Սամվել Պեպանյանը գործուղվել է Ողջիի միջնակարգ դպրոց եւ, վերջապես, 2009 թվականի սեպտեմբերի 3-ին կայացել է դպրոցի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը:

 

Մրցույթին մասնակցել են խորհրդի 5 անդամները եւ ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչ Սամվել Պեպանյանը: Մրցույթին ներկա են գտնվել ՇՄ Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության աշխատակիցներ Գեւորգ Ղումաշյանը, Սամվել Մարտիրոսյանը, լրագրող Երանուհի Սողոյանը եւ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Պողոսյանը: 

 

Գոհար Աբրահամյանը մրցույթին մասնակցել է որպես տնօրենի պաշտոնի միակ թեկնածու: Չնայած հարուցված խոչընդոտներին, հաղթահարել է մրցույթի բոլոր պահանջները, եւ փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով` 5 կողմ եւ 0 դեմ ձայներով ընտրվել է դպրոցի գործադիր տնօրենի պաշտոնում: Այդ կապակցությամբ առկա է ԿԳ նախարարության փորձագետ Ս.Պեպանյանի դրական եզրակացությունն ու դպրոցի խորհրդի որոշումը:

 

Մրցույթի կայացած լինելու եւ տնօրենի ընտրված լինելու մասին համապատասխան փաստաթղթերը հաջորդ օրը ներկայացվել են Շիրակի մարզպետ Լ.Նանյանին: Նա, համաձայն մինչ օրս գործող օրենսդրության` ՀՀ ՊՀՈՒՀ ՊՈԱԿ գործադիր մարմնի պաշտոնի (տնօրենի) մրցույթի, ընտրության եւ նշանակման կարգը հաստատելու մասին ՀՀ ԿԳ նախարարի 2006 թվի դեկտեմբերի 8-ի թիվ 980-Ա/Ք հրամանով սահմանված կարգի 16-րդ կետի, պարտավոր էր ընտրված տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր կնքել 10 օրից ոչ շուտ եւ 15 օրից ոչ ուշ, այսինքն` 2009 թվի սեպտեմբերի 13-18-ի միջակայքում:

 

Սեպտեմբերի 18-ին լրացել է հիշյալ 15-օրյա ժամկետը, եւ Գոհար Աբրահամյանը, աշխատանքային պայմանագրի կնքման ակնկալիքով, այցելել է մարզպետարան: Կադրերի բաժնում նրան պատասխանել են, թե մարզպետը դեռեւս որոշում չի կայացրել: Գ.Աբրահամյանը փորձել է հանդիպել մարզպետին եւ բացատրություն ստանալ այդ կապակցությամբ: Վերջինս աշխատատեղում չի եղել: Գ.Աբրահամյանը գրավոր դիմում է թողել` ուղղված մարզպետին: Սեպտեմբերի 22-ին նորից է այցելել մարզպետարան` մարզպետի հետ հանդիպման, սակայն վերջինս մերժել է իր հետ հանդիպելու խնդրանքը, պատճառաբանելով, որ ժամանակ չունի: Ապա Գ.Աբրահամյանը դիմել է մարզպետարանի իրավաբան Տիգրան Ղարիբյանին եւ պահանջել գրավոր պատասխանել իր դիմումին, վերջինս ասել է, թե ինքը դրա իրավունքը չունի: Նույն օրը Գ.Աբրահամյանը կրկին դիմում է հղել մարզպետին, ԿԳ նախարարին եւ ՀՀ վարչապետին: Սեպտեմբերի 23-ին նամակ է գրել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին: Սեպտեմբերի 25-ին հանդիպել է ՀՀ ԿԳ նախարար Ա.Աշոտյանին եւ տեղեկացրել, որ մարզպետը իր հետ, չնայած կայացած մրցույթին, պայմանագիր չի կնքում: Սեպտեմբերի 29-ին նույն խնդրանքով (գրավոր պատասխանել իր հետ պայմանագիր չկնքելու պատճառների մասին) նամակ է գրել մարզպետին: Նույն օրը հեռագիր է հղել վարչապետին, այն մասին, որ ՇՄ մարզպետը խախտում է կարգը ու ղեկավարվում է իր գուցե նեղ անձնական, բայց Գ.Աբրահամյանի համար անհասկանալի շահերով:

 

Չկարողանալով հանդիպել մարզպետի հետ, մրցույթում հաղթած տնօրենը հանդիպել է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խ.Պողոսյանի հետ: Վերջինս հեռախոսազրույց է ունեցել մարզպետի հետ եւ իրեն պատասխանել թե` Մարզպետը դեմ է, որ Դուք եք ընտրվել, նախարարության փորձագետին ինքը չի կանչել, այդ պատճառով մենք ուզում ենք մեկ ուրիշ պաշտոնակատար ուղարկել դպրոց: Մարզպետը, ըստ Խ.Պողոսյանի բանավոր բացատրության, որպես մրցույթում հաղթած թեկնածուի հետ պայմանագիր չկնքելու պատճառ, Գ.Աբրահամյանից միջնորդված պահանջում է նախարարության դեռեւս գոյություն չունեցող եւ չկանոնակարգված հավաստագիրը, որը, ըստ հանրակրթության մասին նոր օրենքի, պատրաստ կլինի մինչեւ 2011 թվի օգոստոսի 1-ը:

 

Գ.Աբրահամյանը հոկտեմբերի 20-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարին, եւ ՀՀ ԿԳ նախարարին դիմումներ է հղել մարզպետի անգործության մասին: Այդ դիմումներին ի պատասխան, նոյեմբերի կեսին ստացել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մ.Մկրտչյանի` 2009 թվի նոյեմբերի 4-ի թվագրմամբ եւ 07-04-393/Ա-2951 գրությունը, որում ասվում է. Ի պատասխան ՀՀ ՏԿ նախարարին, փոխվարչապետին եւ ՀՀ ԿԳ նախարարին հասցեագրված Ձեր դիմումի, ինչպես նաեւ ս/թ հոկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետին հասցեագրված հեռագրի, հայտնում եմ, որ ս/թ սեպտեմբերի 3-ին Ողջիի միջնակարգ դպրոցում անցկացված գործադիր տնօրենի մրցույթի օրինականության մասին մեր դրական կարծիքը հայտնել ենք փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար պարոն Ա.Գեւորգյանին: Ինչ վերաբերվում է մարզպետին հանձնարարություն տալուն, ապա տեղեկացնում եմ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը նման լիազորություն չունի: (պատասխանի ավարտը)

 

Ի պատասխան գյուղի դպրոցի աշակերտների մի խումբ ծնողների համանման բողոք-դիմումի, նոյեմբերի կեսերին ստացվել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մ.Մկրտչյանի 2009 թվի նոյեմբերի 4-ի թվագրմամբ եւ 07-04-417/Կոլ-2942/3 գրությունը, որում ասվում է. Ի պատասխան ՀՀ ՏԳ նախարարին հասցեագրված  դիմումի հայտնում եմ, որ ս/թ սեպտեմբերի 3-ին Ողջիի միջնակարգ դպրոցում անցկացված գործադիր տնօրենի մրցույթի օրինականության մասին մեր դրական կարծիքը հայտնել ենք փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար պարոն Ա.Գեւորգյանին: Ինչ վերաբերվում է մարզպետին հանձնարարություն տալուն, ապա տեղեկացնում եմ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը նման լիազորություն չունի: (պատասխանի ավարտը)

 

Ի պատասխան Ողջի գյուղի դպրոցի խորհրդի նախագահ Գյուլնարա Սահակյանի համանման բողոք-դիմումի, նոյեմբերի կեսերին ստացվել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մ.Մկրտչյանի 2009 թվի նոյեմբերի 4-ի թվագրմամբ եւ 07-04-384/Կոլ-2942 գրությունը, որում ասվում է. Ի պատասխան ՀՀ ՏԿ նախարար, փոխվարչապետին եւ ՀՀ ԿԳ նախարարին հասցեագրված Ձեր դիմումի, հայտնում եմ, որ ս/թ սեպտեմբերի 3-ին Ողջիի միջնակարգ դպրոցում անցկացված գործադիր տնօրենի մրցույթի օրինականության մասին մեր դրական կարծիքը հայտնել ենք փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար պարոն Ա.Գեւորգյանին: Ինչ վերաբերվում է մարզպետին հանձնարարություն տալուն, ապա տեղեկացնում եմ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը նման լիազորություն չունի: (պատասխանի ավարտը)

 

2009-ի նոյեմբերի 26-ին դպրոցի աշակերտների թվով 12 ծնող դպրոցի խորհրդի նախագահի հետ այցելել են Երեւան, եղել են Կառավարական տանը եւ վարչապետի վերահսկողության վարչության պետին են ներկայացրել խնդիրը, իրենց մտահոգությունները եւ համապատասխան բովանդակությամբ դիմում են հանձնել նրան: Նրանց ներկայությամբ պաշտոնյան զանգել է Շիրակի մարզպետին, զրուցել է նրա հետ, ապա ծնողներին ասել, որ նրանց դիմումի եւ մարզպետի առարկությունների մասին բոլոր փաստաթղթերը հանձնվելու են ՀՀ Արդարադատության նախարարություն` իրավական եզրակացություն ստանալու:

 

Բացի այդ, Գ.Աբրահամյանը դիմել է Շահերի պաշտպանության եւ աջակցման Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոն, խնդրելով իրեն աջակցել խորհրդատվությամբ: Ես, այս ամբողջ պատմությունը ներկայացրել եմ ՀՀ Վարչապետին 2009 թվի դեկտեմբերի 4-ի իմ առաջին բողոքում, խնդրելով միջամտել եւ հանձնարարել իրեն ենթակա Շիրակի մարզպետին` պայմանագիր կնքել մրցույթում հաղթած թեկնածուի հետ: Այս բողոքին վարչապետը չի պատասխանել, եւ դրա փոխարեն ստացվել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մ.Մկրտչյանի պատասխանը: Այդ պատասխանի հետ (N21-08-07/1858) որոշ ուշացումով (19.01.2010) ինձ է տրամադրվել ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական դիրքորոշումը խնդրի մասին, որ ուղարկված է եղել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա.Գեւորգյանին: (Բերված է այս հաղորդմանը կից):

 

Այդ դիրքորոշումն արտահայտող փաստաթղթում (19.11.09թ. N. 01/15/ 6554-09), տնօրենի թափուր տեղի համար տեղի ունեցած մրցույթը ՀՀ ԿԳ նախարարը գնահատում է որպես օրինական, եւ, մասնավորաբար, ասվում է հետեւյալը. Հանրակրթության մասին ՀՀ օրենքի  խախտման մասին պնդումը տեղին  չէ, քանի որ  մրցույթի  հայտարարման ժամանակ  օրենքն ուժի մեջ չէր մտել: (Ենթադրվում է, որ ինչ-որ մեկը, երեւի մարզպետարանը կամ մարզպետը նման պնդում է արել.-Գ.Ա.): Խորհրդի  կազմի  անօրինական ձևավորման փաստարկը չի կարող հիմք հանդիսանալ  մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու համար, քանի որ, համաձայն խորհրդի ընտրության կարգի 8-րդ կետի` տարածքային կառավարման մարմինը պարտավոր էր 7-օրյա ժամկետում ուսումնասիրել խորհրդի անդամների վերաբերյալ  առաջադրողների  կողմից տրամադրված արձանագրությունները եւ նոր միայն հաստատեր  կազմը, կամ կարգի խախտմամբ առաջադրված լինելու դեպքում մերժեր անվանական կազմում առաջադրված անձի կամ անձանց թեկնածությունը: Մրցույթն  անցկացրել է մարզպետի կողմից 2007 թվականի սեպտեմբերի 3-ի N 389 որոշմամբ  հաստատված խորհուրդը: ... ... Առաջարկում եմ մրցույթը ճանաչել օրինական և հանձնարարել Շիրակի մարզպետին Գոհար Աբրահամյանի հետ կնքելու  աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով: ...:

 

2010 թվի հունվարի 25-ին ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար Ս.Մինասյանը պատասխանելով դպրոցի խորհրդի նախագահի եւ ծնողների դիմումին, իր` 2010 թվի հունվար 12-ի թիվ 04107.2/32-10 գրությամբ տեղեկացել է հետեւյալը. Ի պատասխան ՀՀ Վարչապետին հասցեագրված եւ կրթության եւ գիտության նախարարին վերահասցեագրված Ձեր դիմումի` մեկ անգամ եւս տեղեկացնում եմ, որ 2009 թվականի սեպտեմբերի 3-ին Ողջիի միջնակարգ դպրոցում անցկացված գործադիր տնօրենի մրցույթը համապատասխանում է տնօրենի մրցույթին ներկայացվող չափանիշներին, ուստի գործադիր տնօրեն ընտրված Գոհար Աբրահամյանի հետ լիազոր մարմնի կողմից աշխատանքային պայմանագիր չկնքելու հիմնավոր պատճառ չկա: (պատասխանի ավարտը)

  

Չնայած այս բազմիցս հայտնած դիրքորոշումներին, Շիրակի մարզպետը, փաստորեն հինգ ամիս է համառորեն պայմանագիր չի կնքում Գ.Աբրահամյանը հետ, այդպիսով պարապուրդի մատնելով վերջինիս: Դժվար է ասել, թե ի՞նչ իրավունքով է առաջնորդվում Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը, իր ձեռքում Գոհար Աբրահամյանի` որպես Ողջի համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն օրինական ընտրվելու մասին բոլոր փաստաթղթերը պատշաճ եւ ժամանակին ունենալով, նախարարության հստակ դիրքորոշումն ունենալով մրցույթում հաղթած թեկնածուի հետ աշխատանքային պայմանագրի կնքումը արդեն հինգ ամիս ձգձգելիս:

 

Շիրակի մարզետարանի մի քանի պաշտոնյաներ Գ.Աբրահամյանի փորձել են բացատրել, որ ՀՀ Հանրակրթության մասին օրենքի ընդունելու հետ Հայաստանում մրցույթները կասեցվել են եւ սեպտեմբերից հետո Հայաստանում միջնակարգ դպրոցների տնօրենների թափուր տեղերի համար մրցույթներ չեն կայացել, եւ այստեղ հիշատակվող սեպտեմբերի 3-ի մրցույթը, իբր օրինական չէ, որովհետեւ այն տեղի է ունեցել հիշյալ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո: Այս դեպքում հարց է ծագում, թե ինչ գործ ունեին մրցույթի ժամանակ ներկա գտնված Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության երկու աշխատակիցները, որոնք, ըստ ականատեսների, մրցույթի ժամանակ մի քանի անգամ իրենց անհեթեթ միջամտություններով փորձել են հունից հանել քննություն հանձնող թեկնածուին:

 

Ես, 2009 թվի դեկտեմբերի 17-ին, առաջնորդվելով ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքով, դիմել եմ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարին, խնդրելով ինձ տրամադրել հետեւյալ տեղեկությունները. 2009 թվի սեպտեմբերի 1-ից հետո մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում պետական հանրակրթական ուսումնական հաստատություն ՊՈԱԿ-ների տնօրենների թափուր տեղերի համար անցկացված բոլոր մրցույթների անցկացման ամիս-ամսաթվերը` ՊՈԱԿ առ ՊՈԱԿ, այդ մրցույթների արդյունքները, այդ մրցույթներում հաղթած թեկնածուների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի կնքման ամիս-ամսաթվերը եւ այդ պայմանագրերի ժամկետները:

 

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ԿԳ նախարարությունում իմ հարցումն ստացվել է դեկտեմբերի 22-ին, իսկ վերոհիշյալ օրենքը նախատեսում է հարցումներին պատասխանել դրանք ստանալուց հետո հնգօրյա ժամկետում, իմ հարցմանը չեն պատասխանել մինչ 2010 թվի հունվարի 20-ը: Հունվարի 20-ին տեղեկության երկրորդ հարցումն եմ ուղարկել նախարարին: Փետրվարի 4-ին վերջապես նախարարությունում ինձ են տրամադրել հարցմանս պատասխանը, որում ասվում է, որ 2009 թվի սեպտեմբերի 1-ից մինչ օրս Հայաստանում միջնակարգ դպրոցների տնօրենների թափուր տեղերի համար անցկացվել են տասը մրցույթ, այդ թվում` սեպտեմբերի 3-ին Ողջի գյուղի դպրոցում տեղի ունեցած մրցույթը: Մրցույթներ անցկացվել են նաեւ Լոռու մարզի Ղուրսալի համայնքում` սեպտեմբերի 7-ին, Ահնիձորում` սեպտեմբերի 10-ին, Սարատովկայում` հոկտեմբերի 10-ին, Վանաձորի թիվ 25 դպրոցում` սեպտեմբերի 25-ին, Արմավիրի մարզի Թաիրով համանքում` սեպտեմբերի 25-ին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում` դեկտեմբերի 1-ին,. Արարատի մարզի Մասիս համայքնի թիվ 5 եւ Հնաբերդ համայնքում`դեկտեմբերի 2-ին եւ Սյունիքի մարզի Ն.Հանդի հիմնական դպրոցում` դեկտեմբերի 15-ին:

 

Այս պահին իմ ստուգած տեղեկությունների համաձայն, այդ մրցույթների արդյունքների հիման վրա համապատասխան մարզպետները հինգ տարվա աշխատանքային պայմանագրեր են կնքել Վանաձորի թիվ 25 դպրոցի, Սարատովկայի, Ահնիձորի, Մասիսի թիվ 5, Հնաբերդի դպրոցների նորընտիր     տնօրենների հետ: Իսկ Պռոշյանի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթի արդյունքները չեղյալ են հայտարարվել, Ն.Հանդ գյուղի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթը չի կայացել: Առայժմ չճշտված եւ ստուգման ընթացքում գտնվող տեղեկությունների համաձայն, հինգ տարով աշխատանքային պայմանագրեր են կնքվել նաեւ Ղուրսալուի ւ Թաիրովի միջնակարգ դպրոցների տնօրենների հետ, բայց ոչ` խնդրո առարկա Ողջի համայնքի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար անցկացված մրցույթում հաղթած թեկնածու Գոհար Աբրահամյանի:

 

Հունվարի սկզբին իմ տեղեկատվական հարցումներից մեկի հետքերով ստիպված էի մի քանի անգամ զանգել ՀՀ ԿԳ նախարարություն եւ խոսել մի քանի պաշտոնյաների հետ, այդ թվում` այստեղ մեջբերված` ՀՀ ՏԿ նախարարին ՀՀ ԿԳ նախարարի նոյեմբերի 11-ի գրության պատճենն ստանալու մասին: ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Ն.Հովհաննիսյանի հետ հեռախոսային զրույցի ժամանակ, երբ վերջինս ասաց, թե ԿԳ նախարարության դիրքորոշումը հանարահայտ է եւ այդ գրության պատճենը միայն թյուրիմացաբար չի ուղարկվել ինձ (ինձ ուղարկել էին գրություն այն մասին, որ այդ գրությանը կից ինձ են ուղարկում ՀՀ ԿԳ նախարարի վերը մեջբերված 19.11.2009 գրության պատճենը, բայց վերջինս ծրարում չէր), ես հարցրի, թե ո՞րն է դիրքորոշումն ու ի՞նչն է Գ.Աբրահամյանի հետ աշխատանքային պայմանագիր չկնքելու պատճառը, տիկին Հովհաննիսյանը պատասխանեց թե. ....մարզպետը գտնում է, որ նա արժանի չէ այդ պաշտոնին: Հենց այդպես: Պարոն Հովսեփյան, այս ամբողջ պատմությունը ստիպված եմ այսպես հանգամանորեն ներկայացնել, բացատրելու եւ ապացուցելու Ձեզ, որ այս դեպքում Շիրակի մարզպետն իսկապես առաջնորդվում է ոչ թե օրենքներով, այլ իր հայեցողությամբ, ոչ թե գործող իրավական նորմերով, այլ իր քմահաճույքներով:

 

Բազմաթիվ անգամներ Գ.Աբրահամյանը, դպրոցի խորհրդի նախագահը, դիմել են ՀՀ Վարչապետին, ԿԳ նախարարին, Տարածքային կառավարման նախարարին, դիմել են նգամ ՀՀ Նախագահին եւ նախագահի վերահսկողական ծառայության պետին, նկարագրելով ամբողջ վերը բերվածը եւ խնդրելով միջամտել, միջոցներ ձեռք առնել խնդիրը կարգավորելու եւ մարզպետի անգործությունը վերացնելու համար, կամեցել են հասկանալ, թե ո՞վ, ո՞ր վերադասը, ո՞ր ատյանը կամ մարմինը կարող է վերջապես պատասխանատվության կոչել այս տիկնոջը, ո՞վ կարող է արտադատարանական եղանակով պարտադրել սույն պաշտոնյային կատարել իր պարտականությունը` մրցույթում հաղթած թեկնածուի հետ աշխատանքային պայմանագիր կնքել:

 

Անցած հինգ ամիսները եւ վերոհիշյալ պատասխանները ցույց են տվել, որ ՀՀ Վարչապետը, ԿԳ նախարարը, Տարածքային կառավարման նախարարը փաստորեն անկարող են կարգի հրավիրել Շիրակի մարզպետին` վերջինիս անգործությունը վերացնել տալու համար: Դատելով վերը շարադրված փաստերից, Շիրակի մարզպետը հետեւողականորեն կամեցել է տապալել Ողջի գյուղի դպրոցի տնօրենի ընտրություններն ընդհանրապես, եւ, ի մասնավորի` Գ.Աբրահամյանի ընտրությունը այդ պաշտոնում:

 

Պարոն Հովսեփյան,

խնդրում եմ ի գիտություն ընդունել ամբողջ վերը բերվածը, հանձնարարել ստուգել այս հաղորդման մեջ նկարագրվածը, ուսումնասիրել ամբողջ գործը եւ պարզել.

 

1.       Արդյո՞ք Շիրակի մարզի Ողջի գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունենալիք 2009 թվի հուլիսի 7-ին նշանակված եւ հուլիսի 10-ին հետաձգված մրցույթների մասին ՀՀ ԿԳ նախարարին չտեղեկացնելով, եւ մրցույթում օրինականորեն հաղթած Գ.Աբրահամյանի հետ 5 ամիս շարունակ պայմանագիր չկնքելով Շիրակի մարզպետը չի չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական անփութություն չի դրսեւորել կամ, ինքնիրավչություն չի կատարել (ՀՀ Քր. Օր. Հոդված 308. Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը. Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին..., Հոդված 315. Պաշտոնեական անփութությունը. պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին..., ՀՀ Քր. Օր. Հոդված 322. Ինքնիրավչությունը՝ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին կամ խոշոր վնաս՝ պետական կամ հասարակական շահերին...)

 

2.       Արդյո՞ք այդպես` պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կամ պաշտոնեական անփութություն դրսեւորելով, կամ ինքնիրավչություն գործադրելով  Շիրակի մարզպետը էական վնաս չի պատճառել հասարակական շահերին, անձանց` Շիրակի մարզի Ողջի գյուղի դպրոցին, որը մինչ օրս կառավարվում է տնօրենի պաշտոնակատարի միջոցով, եւ` ՀՀ քաղաքացի Գ.Ավագյանին, որն ըստ էության հարկադիր պարապուրդի է մատնված արդեն հինգ ամիս:

 

Հարգելի պարոն դատախազ, վստահ եմ, որ այս գործի անաչառ քննությունը էական կանխարգելիչ նշանակություն կունենա համանման հնարավոր ապօրինությունների դեմ:  

 

Լեւոն Բարսեղյան  


ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական դիրքորոշումը խնդրի մասին, որ ուղարկված է եղել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա.Գեւորգյանին

  

ՀՀ տարածքային  կառավարման նախարար,

փոխվարչապետ Ա.Գևորգյանին

 

19.11.09թ. N. 01/15/ 6554-09 

 

Հարգելի  պարոն   Գևորգյան

 

Ուսումնասիրելով Ողջի գյուղում ս/թ սեպտեմբերի 3-ին անցկացված գործադիր տնօրենի  թափուր պաշտոնի   մրցույթի  վերաբերյալ առկա նյութերը,  ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պարզեց,  որ  Շիրակի մարզպետարանի կողմից   հուլիսի 7-ին  նշանակված մրցութին ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի պաշտոնական  հրավերը  նախարարությունում  մուտքագրվել է հուլիսի 8-ին, որի պատճառով  նախարարության ներկայացուցիչը նիստին չի մասնակցել: Այդ պատճառով   նիստը հետաձգվել է հուլիսին 10-ին:

 

Հուլիսի 10-ին նշանակված մրցույթի մասին Շիրակի մարզպետարանը ընդհանրապես չի տեղեկացրել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը  /խախտվել է մրցույթի  կազմակերպման  կարգի  10-1  կետի պահանջը/:

 

Հուլիսի 10-ից մինչև  հուլիսի 23-ը ընկած ժամանակահատվածում լիազոր մարմինը  խորհրդի կազմում կարող էր կատարել  ցանկացած փոփոխություն, ելնելով խորհրդի ձևավորման պարտադիր չափանիշների  ապահովման  անհրաժեշտությունից: Խորհրդի կազմի փոփոխություն չի կատարվել:

Դպրոցի խորհուրդը  հուլիսի 23-ին  որոշել է նոր մրցույթ հայտարարել: Մրցույթի նոր օր է նշանակվել սեպտեմբերի 3-ը:

 

Սեպտեմբերի 2-ին  թափուր պաշտոնի հավակնորդ Գոհար Աբրահամյանի հետ  ՀՀ կրթության և գիտության նախարարի հանդիպումից հետո, նախարարության ներկայացուցչի բացակայության հիմքով  3-րդ անգամ մրցույթը չտապալելու  նպատակով,  առանց մարզպետարանի հրավերի նախարարության ներկայացուցիչը գործուղվել է Ողջիի միջնակարգ դպրոց` մրցույթին մասնակցելու համար:

 

Հանրակրթության մասին ՀՀ օրենքի  խախտման մասին պնդումը տեղին  չէ, քանի որ  մրցույթի  հայտարարման ժամանակ  օրենքն ուժի մեջ չէր մտել:

 

Խորհրդի  կազմի  անօրինական ձևավորման փաստարկը չի կարող հիմք հանդիսանալ  մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու համար, քանի որ համաձայն  խորհրդի ընտրության կարգի 8-րդ կետի` տարածքային կառավարման մարմինը   պարտավոր էր 7-օրյա ժամկետում  ուսումնասիրել խորհրդի անդամների վերաբերյալ  առաջադրողների  կողմից տրամադրված արձանագրությունները և  նոր միայն հաստատեր  կազմը, կամ կարգի խախտմամբ առաջադրված լինելու դեպքում մերժեր անվանական կազմում առաջադրված անձի կամ անձանց թեկնածությունը: Մրցույթն  անցկացրել է մարզպետի կողմից 2007 թվականի սեպտեմբերի 3-ի N 389 որոշմամբ  հաստատված խորհուրդը: Ավելին, մանկավարժական խորհրդի կողմից առանց համապատասխան ստաժի ընտրված անդամը` Կարինե Մկրտչյանը, սեպտեմբերի 3-ի  մրցույ թին չի մասնակցել և դիմում է ներկայացրել խորհրդի կազմից դուրս գալու մասին:

 

Ինչ վերաբերում է մարզպետի կողմից նշված խախտումներին կապված 2006 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 980-Ն հրամանով հաստատված  Հայաստանի Հանրապետության  Պետական հանրակրթական  ուսումնական  հաստատություն պետական ոչ առևտրային  կազմակերպության  գործադիր մարմնի  պաշտոնի  /տնօրենի/ մրցույթի, ընտրության և նշանակման  կարգի 9-րդ կետի ե և զ ենթակետերի ապահովման հետ, ապա տեղեկացնում եմ, որ Գոհար Աբրահամյանը  տիրապետում է   համակարգչային օպերատորի տարրական գիտելիքներին և վարժ խոսում է ռուսերեն, ուստի կարգի պահանջի խախտում չի արձանագրվել /պահպանվել է մրցույթի  ժամանակ  ռուսերեն լեզվով  նրա ելույթի ձայնագրությունը/:

 

Գոհար Աբրահամյանը թեստային աշխատանքում կատարել է մեկ սխալ և   բանավոր հարցերին  տվել  է ճիշտ պատասխան: Հարցերից  մեկը կազմել է Շիրակի մարզ պետարանի ներկայացուցիչը:

 

Առաջարկում եմ մրցույթը ճանաչել օրինական և հանձնարարել Շիրակի մարզպետին Գոհար Աբրահամյանի հետ  կնքելու  աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով:

 

Կարծում ենք, որ հարցի լուծման մասին վերջնական տեղեկատվություն Ձեզ  կարող է տրամադրել Շիրակի  մարզպետարանը:

 

Հարգանքով`   

Ա.ԱՇՈՏՅԱՆ

 

Կատ.Ն. Հովհաննիսյան

 հեռ.52-47-49


2010
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter