Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Խայտառակության եւ արդարության ահմանագծին

 

20 | 02 | 2010 | 10:00 | Հետաքննություն

 

Ո՞վ կարող է վերջապես կարգի հրավիրել Շիրակի մարզպետին

 

Դժվար է ասել, թե ինչով է առաջնորդվում Շիրակի մարզպետը մարզի մի քանի դպրոցների դեմ ասպատակություններ նախաձեռնելով, բայց այդ մասին, հաշվի առնելով անցած 2 տարիների նրա գործողությունների եւ դիտավորյալ անգործությունների ուսումնասիրությունները, պարզորոշ եզրահանգումներ անել հնարավոր է:

 

2009-ի սկզբից Գյումրու թիվ 19 դպրոցի դեմ Շիրակի մարզպետարանի դիտավորյալ գործողությունների պատմությունը հիմնականում հանրահայտ է: Եւ այդ դպրոցի խորհուրդը քանդելու Շիրակի մարզպետի գործողությունների մասին իմ բողոքներն ու հաղորդագրությունները վերջապես հասել են Ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժին եւ նյութեր են նախապատրաստվում ըստ այդմ: Այդ գործով, իհարկե, մանկամտություն է անգամ ակնկալել, որ վերջապես Շիրակի մարզպետը պատասխանատվություն է կրելու քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներն ունեցող գործողությունները կատարելու համար (ինքնիրավչություն, լիազորությունների չարաշահում), ու դատվելու է, ապա` ազատազրկվելու: Համարյա վստահաբար կարելի է ասել, որ քրեական գործ անգամ չի հարուցվելու:

 

Ստորեւ բերված նոր պատմության մասին Հայաստանի եւ մանավանդ Շիրակի մարզի հանրությունը ինչ-որ չափով տեղեկացված է: Ցավոք, չնայած հանրությանը ներկայացված բազմաթիվ փաստերին եւ փաստաթղթերին, շատերին թվում է, թե այս պատմությունը ոչ թե պետական պաշտոնյանի մեղմ ասած թերացումների ու անգործության մասին է, այլ, որ` ինչ-որ մեկը ինչ-որ մեկին չի սիրում այնքան, որ հալածում է շարունակ: Այս պատմությունը ավելի համառոտ, քան ներկայացված է, պատմել ուղղակի անհնարին է, այստեղ շարադրված են իրադարձությունների ընթացքը, որոշ օրենսդրական ակտեր, փաստաթղթերից քաղվածքներ, որպեսզի բացարձակ անտեղյակ մարդն անգամ հասկանա, թե այդ ինչ մեղքեր ունի Շիրակի մարզը, որ դատապարտված է այսպիսի կառավարման:     

 

Դեռ 2009-ի ամռանը ինձ էր դիմել Ողջի գյուղի միջնակարգ դպրոցում 7 տարի տնօրեն աշխատած Գոհար Աբրահամյանը: Նա, 2006 թվականին մրցույթում ընտրվել էր Ողջի գյուղի տնօրենի պաշտոնում: Նախկին մարզպետը նրա հետ 2006 թվի մայիսի 29-ին աշխատանքային պայմանագիր էր կնքել հինգ տարի ժամկետով: Չնայած նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լրանալու էր 2011 թվի մայիսի 29-ին, 2009 թվի մայիսի 19-ին մարզպետը պաշտոնական գրությամբ նրան ծանուցել էր, որ միակողմանի դադարեցնում է նրա հետ ունեցած աշխատանքային պայմանագիրը: Պայմանագրի վաղաժամկետ դադարեցումը մարզպետարանում բացատրել են այն հանգամանքով, որ  նախկին մարզպետը ըստ այն ժամանակ գործող կարգի, իրավասու է եղել միայն երեք տարվա պայմանագիր կնքելու, այնինչ, տնօրենի հետ պայմանագիրը կնքել է հինգ տարվա համար:

 

Շիրակի մարզի Ողջի գյուղի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար ՊՈԱԿ խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել, եւ` օրենքով սահմանված կարգով մրցույթ հայտարարել: Այն պետք է կայանար 2009 թվի հուլիսի 7-ին: Հունիսի 3-ին` մրցույթ անցկացնելու որոշման օրը, դպրոցի խորհրդի նախագահը կայանալիք մրցույթի մասին ինչպես որ կարգն է, իրազեկել է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության գրասենյակ. ներկայացրել է խորհրդի այդ նիստից քաղվածքն այն մասին, որ խորհուրդը տնօրենի թափուր տեղի համար մրցույթ է հայտարարել: Ըստ գործող կարգի, Շիրակի մարզպետարանը պարտավոր էր մրցույթի մասին իրազեկել ՀՀ ԿԳ նախարարություն, որպեսզի այն իր ներկայացուցիչն ուղարկեր դպրոց` մրցույթն անցկացնելու:

 

Բայց 2009 թվի հուլիսի 7-ի մրցույթին չեն ներկայացել ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչը եւ խորհրդի կազմում Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչներ Քնարիկ Կարապետյանը եւ Շուշանիկ Տերտերյանը: Ավելի ուշ, մարզպետի այս անգործության հետ կապված դպրոցի խորհրդի նախագահի բողոքին ի պատասխան, ՀՀ ԿԳ նախարարը գրավոր տեղեկացրել է, որ Շիրակի մարզպետարանի կողմից հուլիսի 7-ին նշանակված մրցութին ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի պաշտոնական  հրավերը  նախարարությունում  մուտքագրվել է հուլիսի 8-ին, որի պատճառով  նախարարության ներկայացուցիչը նիստին չի մասնակցել:

 

Փաստորեն, Շիրակի մարզի տարածքային լիազոր մարմինը, դպրոցի խորհրդի նախագահից պատշաճ իրազեկված լինելով հայտարարված մրցույթի մասին, նույն մրցույթի մասին մոտ 35 օր անց է իրազեկել նախարարություն, այնինչ Գյումրուց սովորական փոստային նամակը Երեւան հասնում է 1-2 օրում: Դպրոցի խորհուրդը, առաջնորդվելով ՀՀ ԿԳ նախարարի 2006 թվի դեկտեմբերի 8-ի N 980-Ա/Ք հրամանի հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն  պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնի (տնօրենի) մրցույթի, ընտրության և նշանակման կարգով, որոշել է մրցույթը հետաձգել 3 օրով` նշանակել հուլիսի 10-ին եւ նորից պատշաճ իրազեկել է Շիրակի մարզպետին, ակնկալելով, որ վերջինս ոչ միայն օրենդրությամբ սահմանված կարգով մրցույթի մասին կիրազեկի ՀՀ ԿԳ նախարարությանը, այլեւ կապահովի իր կողմից դպրոցի խորհրդում նշանակված եւ անհասկանալի կերպով խորհրդի նիստերին եւ մրցույթին չներկայացող անդամների ներկայությունը:

 

Չնայած դրան, ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչը եւ Շիրակի մարզպետի կողմից դպրոցի խորհրդի կազմում նշանակված երկու անդամները նորից չեն ներկայացել մրցույթին:

 

Ըստ ՀՀ Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Ա.Գեւորգյանին ՀՀ ԿԳ նախարար Ա.Աշոտյանի հղած 19.11.2009թ. եւ վերը հիշատակված N01/05/6554-09 գրության, Հուլիսի 10-ին նշանակված մրցույթի մասին Շիրակի մարզպետարանը ընդհանրապես չի տեղեկացրել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը  (խախտվել է մրցույթի  կազմակերպման  կարգի  10-1  կետի պահանջը):

 

Ըստ վերոհիշյալ կարգի 10-րդ հոդվածի, մրցույթն  անցկացնում  է  հաստատության  խորհուրդը  և  Հայաստանի Հանրապետության  կրթության  և  գիտության   նախարարության  ներկայացուցիչը: Այս դեպքում, փաստորեն, ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցչի բացակայության պատճառով մրցույթը երկու անգամ տապալվել է: Փաստորեն, երկու անգամ դպրոցի խորհրդի նախագահից պատշաճ իրազեկված լինելով հուլիսի 7-ին եւ 10-ին նշանակված մրցույթների մասին, Շիրակի մարզպետը չի իրազեկել այդ մասին ՀՀ ԿԳ նախարարին (մրցույթից մեկ օր ուշ իրազեկումը հավասարազոր է չիրազեկելուն):

 

Մինչեւ նոր մրցույթի հայտարարումը, տեսնելով, որ դպրոցի խորհուրդը հետեւողական է դպրոցի տնօրենի մրցույթի անցկացման հարցում եւ Գոհար Աբրահամյանը ցանկացած դեպքում մասնակցելու է այդ մրցույթին, իրենց զինանոցից նոր գործիքներ են մեջտեղ բերել իշխանությունները: Մոտավորապես հունիսի վերջին, ըստ մարզի կրթության վարչության աշխատակիցներից մեկից Գ.Աբրահամյանին բանավոր տեղեկացման, ՀՀ ԱԱԾ Շիրակի վարչությունը մի գրավոր բողոք է ստանում այն մասին, որ Գ.Աբրահամյանը, դպրոցի տնօրեն աշխատած ժամանակ դպրոցի մի քանի աշակերտների ծնողներից կաշառք է վերցրել: Եւ այդ գրավոր բողոքն, իբր, ԱԱԾ մարզային վարչությունից փոխանցել են Շիրակի մարզպետարան: Գոհար Աբրահամյանը գնացել է  ՀՀ ԿԱ ԱԱԾ Շիրակի վարչություն, խնդրելով պետի հետ հանդիպում: Բայց նրան ծառայության աշխատակիցներից մեկը բացատրել է, որ նման հանդիպում չի լինի, իրենք տեղյակ չեն այդպիսի գրության մասին, եւ բերնից թռցրել է, թե մե՞զ ինչու են խառնում, մենք փակ կառույց ենք:

 

Շիրակի մարզպետարանում, փոխանակ այդ բողոքը դատախազություն կամ ոստիկանություն ուղարկելը, որոշում են զբաղվել իրենց սուրբ գործով` ինքնիրավչությամբ, գնալ գյուղ եւ քննել այդ բողոքում բերված հանգամանքները. կրթության բաժնի մասնագետ Տիգրան Ղուլյանին գործուղում են գյուղ` ըստ հաղորդման` աննման հետաքննություն անցկացնելու: Այս աշխատակցի այցելությունը բացարձակ խայտառակություն է դառնում մարզպետարանի գլխին: Գոհար Աբրահամյանի պահանջով Տ.Գուլյանը, ստիպված, նրա համար ընթերցում է թղթի մի հատվածը, հեղինակի մասին ոչինչ չի կարդում (չի բացառվում, որ թուղթն անստորագիր է), ապա, մարդիկ, ում անունները հիշատակված են թղթում, իբրեւ Գ.Աբրահամյանին կաշառքներ տված անձինք, գալիս են դպրոց, ուր հանգրվանել էր ստուգողը, եւ քաղաքավարի եւ գեղավարի բացատրում, թե խեցգետինները ուր են գիշերում: Այս պաշտոնյան, փաստերի փոխարեն գյուղացիների լուտանքները եւ տապալված հետաքննության փշրանքները տանում հասցնում է հանձնարարողին ու սրանք հասկանում են, որ բան դուրս չեկավ, չստացվեց: Եւ, քանի որ մարզպետարանցիք իրենց շառն առնում հեռանում են, Գ.Աբրահամյանը` զրպարտության մասին հաղորդմամբ չի դիմում դատախազություն, մանավանդ հիմքեր չի ունենում այդ անելու, կարծելով, որ նման բողոքի դեպքում մարզպետարանցու ձեռքի թուղթն անհետանալու էր:       

 

Դպրոցի խորհուրդը, այլընտրանք չունենալով, նորից նիստ է գումարել հուլիսի 23-ին եւ նոր մրցույթ հայտարարել, որը նշանակվել է սեպտեմբերի 3-ին: Խորհրդի նախագահ Գ.Սահակյանը եւ խորհրդի մյուս անդամները չկայացած մրցույթներում ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցչի եւ խորհրդի կազմում Շիրակի մարզպետարանի երկու ներկայացուցիչների անհասկանալի բացակայությունների մասին հուլիսի 23-ին եւ օգոստոսի 11-ին գրավոր բողոքներ են հղել ՀՀ ԿԳ նախարարին, ՀՀ Վարչապետին, Շիրակի մարզպետին եւ այլն: Վերջին բողոքից հետո եւ ուղիղ ՀՀ ԿԳ նախարարին նոր մրցույթի մասին իրազեկելու շնորհիվ ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչ Սամվել Պեպանյանը գործուղվել է Ողջիի միջնակարգ դպրոց եւ, վերջապես, 2009 թվականի սեպտեմբերի 3-ին կայացել է դպրոցի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը:

 

Մրցույթին մասնակցել են խորհրդի 5 անդամները եւ ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչ Սամվել Պեպանյանը: Մրցույթին ներկա են գտնվել ՇՄ Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության աշխատակիցներ Գեւորգ Ղումաշյանը, Սամվել Մարտիրոսյանը, լրագրող Երանուհի Սողոյանը եւ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Պողոսյանը: 

 

Գոհար Աբրահամյանը մրցույթին մասնակցել է որպես տնօրենի պաշտոնի միակ թեկնածու: Չնայած այն հանգամանքին, որ մարզպետարանի ներկայացուցիչներ մի քանի նգամ անհարկի միջամտություններով փորձել են տապալել քննության հանձնման ընթացքը, Գ.Աբրահամյանը հաղթահարել է մրցույթի բոլոր պահանջները, եւ փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով` 5 կողմ եւ 0 դեմ ձայներով ընտրվել է դպրոցի գործադիր տնօրենի պաշտոնում: Այդ կապակցությամբ առկա է ԿԳ նախարարության փորձագետ Ս.Պեպանյանի դրական եզրակացությունն ու դպրոցի խորհրդի որոշումը:

 

Մրցույթի կայացած լինելու եւ տնօրենի ընտրված լինելու մասին համապատասխան փաստաթղթերը հաջորդ օրը ներկայացվել են Շիրակի մարզպետ Լ.Նանյանին: Նա, համաձայն մինչ օրս գործող օրենսդրության` ՀՀ ՊՀՈՒՀ ՊՈԱԿ գործադիր մարմնի պաշտոնի (տնօրենի) մրցույթի, ընտրության եւ նշանակման կարգը հաստատելու մասին ՀՀ ԿԳ նախարարի 2006 թվի դեկտեմբերի 8-ի թիվ 980-Ա/Ք հրամանով սահմանված կարգի 16-րդ կետի, պարտավոր էր ընտրված տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր կնքել 10 օրից ոչ շուտ եւ 15 օրից ոչ ուշ, այսինքն` 2009 թվի սեպտեմբերի 13-18-ի միջակայքում:

 

Սեպտեմբերի 18-ին լրացել է հիշյալ 15-օրյա ժամկետը, եւ Գոհար Աբրահամյանը, աշխատանքային պայմանագրի կնքման ակնկալիքով, այցելել է մարզպետարան: Կադրերի բաժնում նրան պատասխանել են, թե մարզպետը դեռեւս որոշում չի կայացրել: Գ.Աբրահամյանը փորձել է հանդիպել մարզպետին եւ բացատրություն ստանալ այդ կապակցությամբ: Վերջինս աշխատատեղում չի եղել: Գ.Աբրահամյանը գրավոր դիմում է թողել` ուղղված մարզպետին: Սեպտեմբերի 22-ին նորից է այցելել մարզպետարան` մարզպետի հետ հանդիպման, սակայն վերջինս մերժել է իր հետ հանդիպելու խնդրանքը, պատճառաբանելով, որ ժամանակ չունի: Ապա Գ.Աբրահամյանը դիմել է մարզպետարանի իրավաբան Տիգրան Ղարիբյանին եւ պահանջել գրավոր պատասխանել իր դիմումին, վերջինս ասել է, թե ինքը դրա իրավունքը չունի: Նույն օրը Գ.Աբրահամյանը կրկին դիմում է հղել մարզպետին, ԿԳ նախարարին եւ ՀՀ վարչապետին: Սեպտեմբերի 23-ին նամակ է գրել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին: Սեպտեմբերի 25-ին հանդիպել է ՀՀ ԿԳ նախարար Ա.Աշոտյանին եւ տեղեկացրել, որ մարզպետը իր հետ, չնայած կայացած մրցույթին, պայմանագիր չի կնքում: Սեպտեմբերի 29-ին նույն խնդրանքով (գրավոր պատասխանել իր հետ պայմանագիր չկնքելու պատճառների մասին) նամակ է գրել մարզպետին: Նույն օրը հեռագիր է հղել վարչապետին, այն մասին, որ ՇՄ մարզպետը խախտում է կարգը ու ղեկավարվում է իր գուցե նեղ անձնական, բայց Գ.Աբրահամյանի համար անհասկանալի շահերով:

 

Չկարողանալով հանդիպել մարզպետի հետ, մրցույթում հաղթած տնօրենը հանդիպել է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խ.Պողոսյանի հետ: Վերջինս հեռախոսազրույց է ունեցել մարզպետի հետ եւ իրեն պատասխանել թե` Մարզպետը դեմ է, որ Դուք եք ընտրվել, նախարարության փորձագետին ինքը չի կանչել, այդ պատճառով մենք ուզում ենք մեկ ուրիշ պաշտոնակատար ուղարկել դպրոց: Մարզպետը, ըստ Խ.Պողոսյանի բանավոր բացատրության, որպես մրցույթում հաղթած թեկնածուի հետ պայմանագիր չկնքելու պատճառ, Գ.Աբրահամյանից միջնորդված պահանջում է նախարարության դեռեւս գոյություն չունեցող եւ չկանոնակարգված հավաստագիրը, որը, ըստ հանրակրթության մասին նոր օրենքի, պատրաստ կլինի մինչեւ 2011 թվի օգոստոսի 1-ը:

 

Գ.Աբրահամյանը հոկտեմբերի 20-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարին, եւ ՀՀ ԿԳ նախարարին դիմումներ է հղել մարզպետի անգործության մասին: Այդ դիմումներին ի պատասխան, նոյեմբերի կեսին ստացել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մ.Մկրտչյանի` 2009 թվի նոյեմբերի 4-ի թվագրմամբ եւ 07-04-393/Ա-2951 գրությունը, որում ասվում է. Ի պատասխան ՀՀ ՏԿ նախարարին, փոխվարչապետին եւ ՀՀ ԿԳ նախարարին հասցեագրված Ձեր դիմումի, ինչպես նաեւ ս/թ հոկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետին հասցեագրված հեռագրի, հայտնում եմ, որ ս/թ սեպտեմբերի 3-ին Ողջիի միջնակարգ դպրոցում անցկացված գործադիր տնօրենի մրցույթի օրինականության մասին մեր դրական կարծիքը հայտնել ենք փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար պարոն Ա.Գեւորգյանին: Ինչ վերաբերվում է մարզպետին հանձնարարություն տալուն, ապա տեղեկացնում եմ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը նման լիազորություն չունի: (պատասխանի ավարտը)

 

Գյուղի դպրոցի աշակերտների մի խումբ ծնողներ եւ դպրոցի խորհրդի նախագահ Գյուլնարա Սահակյանը համանման բողոք-դիմումներ են հղել վարչապետին, նախարարին եւ ստացել վերը բերված պատասխանին հարանման պատասխաններ.Ի պատասխան ՀՀ ՏԿ նախարար, փոխվարչապետին եւ ՀՀ ԿԳ նախարարին հասցեագրված Ձեր դիմումի, հայտնում եմ, որ ս/թ սեպտեմբերի 3-ին Ողջիի միջնակարգ դպրոցում անցկացված գործադիր տնօրենի մրցույթի օրինականության մասին մեր դրական կարծիքը հայտնել ենք փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար պարոն Ա.Գեւորգյանին: Ինչ վերաբերվում է մարզպետին հանձնարարություն տալուն, ապա տեղեկացնում եմ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը նման լիազորություն չունի: (պատասխանի ավարտը)

 

2009-ի նոյեմբերի 26-ին դպրոցի աշակերտների թվով 12 ծնող դպրոցի խորհրդի նախագահի հետ այցելել են Երեւան, եղել են Կառավարական տանը եւ վարչապետի վերահսկողության վարչության պետին են ներկայացրել խնդիրը, իրենց մտահոգությունները եւ համապատասխան բովանդակությամբ դիմում են հանձնել նրան: Նրանց ներկայությամբ պաշտոնյան զանգել է Շիրակի մարզպետին, զրուցել է նրա հետ, ապա ծնողներին ասել, որ նրանց դիմումի եւ մարզպետի առարկությունների մասին բոլոր փաստաթղթերը հանձնվելու են ՀՀ Արդարադատության նախարարություն` իրավական եզրակացություն ստանալու:

 

Այս փուլում եւս Գ.Աբրահամյանը դիմեց Շահերի պաշտպանության եւ աջակցման Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոն, խնդրելով իրեն աջակցել խորհրդատվությամբ: Ես` կենտրոնի ղեկավարս, այս ամբողջ պատմությունը ներկայացրել եմ ՀՀ Վարչապետին 2009 թվի դեկտեմբերի 4-ի իմ առաջին բողոքում, խնդրելով միջամտել եւ հանձնարարել իրեն ենթակա Շիրակի մարզպետին` պայմանագիր կնքել մրցույթում հաղթած թեկնածուի հետ: Այս բողոքին վարչապետը չի պատասխանել, եւ դրա փոխարեն ստացվել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մ.Մկրտչյանի պատասխանը: Այդ պատասխանի հետ (N21-08-07/1858) որոշ ուշացումով (19.01.2010) ինձ է տրամադրվել ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական դիրքորոշումը խնդրի մասին, որ ուղարկված է եղել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա.Գեւորգյանին:

 

Այդ դիրքորոշումն արտահայտող փաստաթղթում (19.11.09թ. N. 01/15/ 6554-09), տնօրենի թափուր տեղի համար տեղի ունեցած մրցույթը ՀՀ ԿԳ նախարարը գնահատում է որպես օրինական, եւ, մասնավորաբար, ասվում է հետեւյալը. Հանրակրթության մասին ՀՀ օրենքի  խախտման մասին պնդումը տեղին  չէ, քանի որ  մրցույթի  հայտարարման ժամանակ  օրենքն ուժի մեջ չէր մտել: (Ենթադրվում է, որ ինչ-որ մեկը, երեւի մարզպետարանը կամ մարզպետը նման պնդում է արել.-Գ.Ա.): Խորհրդի  կազմի  անօրինական ձևավորման փաստարկը չի կարող հիմք հանդիսանալ  մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու համար, քանի որ, համաձայն խորհրդի ընտրության կարգի 8-րդ կետի` տարածքային կառավարման մարմինը պարտավոր էր 7-օրյա ժամկետում ուսումնասիրել խորհրդի անդամների վերաբերյալ  առաջադրողների  կողմից տրամադրված արձանագրությունները եւ նոր միայն հաստատեր  կազմը, կամ կարգի խախտմամբ առաջադրված լինելու դեպքում մերժեր անվանական կազմում առաջադրված անձի կամ անձանց թեկնածությունը: Մրցույթն  անցկացրել է մարզպետի կողմից 2007 թվականի սեպտեմբերի 3-ի N 389 որոշմամբ  հաստատված խորհուրդը: ... ... Առաջարկում եմ մրցույթը ճանաչել օրինական և հանձնարարել Շիրակի մարզպետին Գոհար Աբրահամյանի հետ կնքելու  աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով: ...:

 

2010 թվի հունվարի 25-ին ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար Ս.Մինասյանը պատասխանելով դպրոցի խորհրդի նախագահի եւ ծնողների դիմումին, իր` 2010 թվի հունվար 12-ի թիվ 04107.2/32-10 գրությամբ տեղեկացել է հետեւյալը. Ի պատասխան ՀՀ Վարչապետին հասցեագրված եւ կրթության եւ գիտության նախարարին վերահասցեագրված Ձեր դիմումի` մեկ անգամ եւս տեղեկացնում եմ, որ 2009 թվականի սեպտեմբերի 3-ին Ողջիի միջնակարգ դպրոցում անցկացված գործադիր տնօրենի մրցույթը համապատասխանում է տնօրենի մրցույթին ներկայացվող չափանիշներին, ուստի գործադիր տնօրեն ընտրված Գոհար Աբրահամյանի հետ լիազոր մարմնի կողմից աշխատանքային պայմանագիր չկնքելու հիմնավոր պատճառ չկա: (պատասխանի ավարտը)

  

Չնայած այս բազմիցս հայտնած դիրքորոշումներին, Շիրակի մարզպետը, փաստորեն հինգ ամսից ավելի է համառորեն պայմանագիր չի կնքում Գ.Աբրահամյանը հետ, այդպիսով պարապուրդի մատնելով վերջինիս: Դժվար է ասել, թե ի՞նչ իրավունքով է առաջնորդվում Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը, իր ձեռքում Գոհար Աբրահամյանի` որպես Ողջի համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն օրինական ընտրվելու մասին բոլոր փաստաթղթերը պատշաճ եւ ժամանակին ունենալով, նախարարության հստակ դիրքորոշումն ունենալով մրցույթում հաղթած թեկնածուի հետ աշխատանքային պայմանագրի կնքումը արդեն հինգ ամիս ձգձգելիս:

 

Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Ս.Մինասյանը  Գ.Աբրահամյանին փորձել է բացատրել, եւ անգամ մի գրությամբ պատասխանել է, թե ՀՀ Հանրակրթության մասին օրենքի` 2009-ի օգոստոսի 15-ին ուժի մեջ մտնելու հետ կապված Հայաստանում մրցույթները կասեցվել են, եւ տեղի ունեցած մրցույթը չպիտի տեղի ունենար: Մարզպետարանցիք փորձել են համոզել Գ.Աբրահամյանին, թե այդուհետ Հայաստանում միջնակարգ դպրոցների տնօրենների թափուր տեղերի համար մրցույթներ չեն կայացել, եւ այստեղ հիշատակվող սեպտեմբերի 3-ի մրցույթը, իբր օրինական չէ, որովհետեւ այն տեղի է ունեցել հիշյալ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո եւ այլն: Այս դեպքում հարց է ծագում, թե ինչ գործ ունեին մրցույթի ժամանակ ներկա գտնված Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության երկու աշխատակիցները, որոնք, ըստ ականատեսների, մրցույթի ժամանակ մի քանի անգամ իրենց անհեթեթ միջամտություններով փորձել են հունից հանել քննություն հանձնող թեկնածուին: Փաստորեն, մարզպետի եւ իր ենթակաների համար նշանակություն չունի ՀՀ ԿԳ նախարարության դիրքորոշումը:

 

Ես, 2009 թվի դեկտեմբերի 17-ին, առաջնորդվելով ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքով, դիմեցի ՀՀ Կրթության եւ գիտության նախարարին, խնդրելով ինձ տրամադրել հետեւյալ տեղեկությունները. 2009 թվի սեպտեմբերի 1-ից հետո մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում պետական հանրակրթական ուսումնական հաստատություն ՊՈԱԿ-ների տնօրենների թափուր տեղերի համար անցկացված բոլոր մրցույթների անցկացման ամիս-ամսաթվերը` ՊՈԱԿ առ ՊՈԱԿ, այդ մրցույթների արդյունքները, այդ մրցույթներում հաղթած թեկնածուների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի կնքման ամիս-ամսաթվերը եւ այդ պայմանագրերի ժամկետները:

 

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ԿԳ նախարարությունում իմ հարցումն ստացվել էր դեկտեմբերի 22-ին, իսկ վերոհիշյալ օրենքը նախատեսում է հարցումներին պատասխանել դրանք ստանալուց հետո հնգօրյա ժամկետում, իմ հարցմանը չպատասխանեցին մինչեւ 2010 թվի հունվարի 20-ը: Հունվարի 20-ին տեղեկության երկրորդ հարցումն ուղարկեցի նախարարին: Անցավ էլի մի տասը օր, մի քանի անգամ զանգեցի, պատասխանում էին, թե այստեղ է պատասխանը, շուտով կուղարկեն, բացատրում էի, թե օրենքը պատասխանի համար հինգ օր է նախատեսում, վերջապես, հասկանալով, որ նախարարությունը ուղղակի դիտավորյալ է ձգձգում այդ տեղեկությունների տրամադրումը,  փետրվարի 4-ին գնացի եւ վերցրի հարցմանս պատասխանը: Դրանում ասվում է, որ 2009 թվի սեպտեմբերի 1-ից մինչ օրս Հայաստանում միջնակարգ դպրոցների տնօրենների թափուր տեղերի համար անցկացվել են տասը մրցույթ, այդ թվում` սեպտեմբերի 3-ին Ողջի գյուղի դպրոցում տեղի ունեցած մրցույթը: Պարզվեց, որ մրցույթներ անցկացվել են նաեւ Լոռու մարզի Ղուրսալի համայնքում` սեպտեմբերի 7-ին, Ահնիձորում` սեպտեմբերի 10-ին, Սարատովկայում` հոկտեմբերի 10-ին, Վանաձորի թիվ 25 դպրոցում` սեպտեմբերի 25-ին, Արմավիրի մարզի Թաիրով համանքում` սեպտեմբերի 25-ին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում` դեկտեմբերի 1-ին,. Արարատի մարզի Մասիս համայքնի թիվ 5 եւ Հնաբերդ համայնքում`դեկտեմբերի 2-ին եւ Սյունիքի մարզի Ն.Հանդի հիմնական դպրոցում` դեկտեմբերի 15-ին: (Բերված է այս հաղորդմանը կից)

 

Այս պահին իմ ստուգած տեղեկությունների համաձայն, այդ մրցույթների արդյունքների հիման վրա համապատասխան մարզպետները հինգ տարվա աշխատանքային պայմանագրեր են կնքել Վանաձորի թիվ 25 դպրոցի, Սարատովկայի, Ահնիձորի, Մասիսի թիվ 5, Հնաբերդի դպրոցների նորընտիր     տնօրենների հետ: Իսկ Պռոշյանի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթի արդյունքները չեղյալ են հայտարարվել, Ն.Հանդ գյուղի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթը չի կայացել (չնայած նախարարության տրամադրած փաստաթղթով` կայացել է): Առայժմ չճշտված եւ ստուգման ընթացքում գտնվող տեղեկությունների համաձայն, հինգ տարով աշխատանքային պայմանագրեր են կնքվել նաեւ Ղուրսալուի եւ Թաիրովի միջնակարգ դպրոցների տնօրենների հետ, բայց ոչ` խնդրո առարկա Ողջի համայնքի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար անցկացված մրցույթում հաղթած թեկնածու Գոհար Աբրահամյանի:

 

Հունվարի սկզբին իմ տեղեկատվական հարցումներից մեկի հետքերով ստիպված էի մի քանի անգամ զանգել ՀՀ ԿԳ նախարարություն եւ խոսել մի քանի պաշտոնյաների հետ, այդ թվում` այստեղ մեջբերված` ՀՀ ՏԿ նախարարին ՀՀ ԿԳ նախարարի նոյեմբերի 11-ի գրության պատճենն ստանալու մասին: Բանն այն էր, որ ՀՀ Վարչապետին դեկտեմբերի 4-ին իմ հղած բողոքին ի պատասխան ՀՀ ԿԳ փոխնախարարն ինձ մի գրություն էր ուղարկել այն մասին, որ վարչապետին իմ հղած բողոքին ի պատասխան, այդ գրությանը կից ինձ են ուղարկում ՀՀ ԿԳ նախարարի վերը մեջբերված 19.11.2009 գրության պատճենը` ուղղված ՀՀ Տարածքային կառավարման նախարարին, բայց ... վերջինս ծրարում չէր: Սա, իհարկե կարելի էր մանր խուլիգանություն համարել, եթե դիտավորություն չլիներ: Փաստորեն ամեն ինչ անում էին տեղեկություները հետաքննողին տրամադրելու փոխարեն: Ահա այդ կից, բայց բացակա գրությունը որոնելիս, ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Ն.Հովհաննիսյանի հետ հեռախոսային զրույցի ժամանակ, վերջինս ասաց, թե ԿԳ նախարարության դիրքորոշումը հանարահայտ է այդ գործի մասին եւ այդ գրության պատճենը միայն թյուրիմացաբար չի ուղարկվել ինձ: Ես հարցրի, թե ո՞րն է դիրքորոշումն ու ի՞նչն է Գ.Աբրահամյանի հետ աշխատանքային պայմանագիր չկնքելու պատճառը, տիկին Հովհաննիսյանը պատասխանեց թե. ....մարզպետը գտնում է, որ նա արժանի չէ այդ պաշտոնին: Հենց այդպես:

 

Այսինքն, նախարարության հանրակրթության վարչության պետը տեղեկություն հարցնող մի անծանոթի պատմում է մարզպետի սուբյեկտիվ դիրքորոշման մասին, փոխանակ իր բուն գործով զբաղվի` փոխնախարարի գրությանը կցել տա այն, ինչ վերջինս խոստանում է իր գրությանը կից տրամադրել ինձ ....: Ստացվում է, որ Շիրակի մարզպետն իսկապես առաջնորդվում է ոչ թե օրենքներով, այլ իր հայեցողությամբ, ոչ թե գործող իրավական նորմերով, այլ իր քմահաճույքներով: Այդ դեպքում ինչո՞ւ Շիրակի մարզպետը միանգամից արժանիներին չէր նշանակում դպրոցների տնօրենների պաշտոններում եւ, նախարարությունը, մարդկանց չարչարելով, մրցույթներ էին անցկացվում այդ թափուր պաշտոնների համար: 

 

Ավելի քան 20 անգամ Գ.Աբրահամյանը, դպրոցի խորհրդի նախագահը, դիմել են ՀՀ Վարչապետին, ԿԳ նախարարին, Տարածքային կառավարման նախարարին, դիմել են անգամ ՀՀ Նախագահին եւ նախագահի վերահսկողական ծառայության պետին, նկարագրելով ամբողջ վերը բերվածը եւ խնդրելով միջամտել, միջոցներ ձեռք առնել խնդիրը կարգավորելու եւ մարզպետի անգործությունը վերացնելու համար, կամեցել են հասկանալ, թե ո՞վ, ո՞ր վերադասը, ո՞ր ատյանը կամ մարմինը կարող է վերջապես պատասխանատվության կոչել այս տիկնոջը, ո՞վ կարող է արտադատարանական եղանակով պարտադրել սույն պաշտոնյային կատարել իր պարտականությունը` մրցույթում հաղթած թեկնածուի հետ աշխատանքային պայմանագիր կնքել:  

 

Անցած հինգ ամիսները եւ վերոհիշյալ պատասխանները ցույց են տվել, որ ՀՀ Վարչապետը, ԿԳ նախարարը, Տարածքային կառավարման նախարարը փաստորեն անկարող են կարգի հրավիրել Շիրակի մարզպետին` վերջինիս անգործությունը վերացնել տալու համար: Դատելով վերը շարադրված փաստերից, Շիրակի մարզպետը հետեւողականորեն կամեցել է տապալել Ողջի գյուղի դպրոցի տնօրենի ընտրություններն ընդհանրապես, եւ, ի մասնավորի` Գ.Աբրահամյանի ընտրությունը այդ պաշտոնում:

 

Ես փետրվարի 9-ին դիմեցի ՀՀ Գլխավոր դատախազին, հանգամանորեն ներկայացնելով այս պատմությունը, դատախազի ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Շիրակի մարզպետիգործողույունները այս գործով լիովին համապատսխանում են ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներում նկարագրված հատկանիշներին: Շիրակի մարզպետի` այս պատմության մեջ նկարագրված գործողություններին ՀՀ Քրեական օրենսգրքից չափազանց սազում են հետեւյալ հոդվածները: Հոդված 308. Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը. Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին..., Հոդված 315. Պաշտոնեական անփութությունը. պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին..., ՀՀ Քր. Օր. Հոդված 322. Ինքնիրավչությունը՝ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին կամ խոշոր վնաս՝ պետական կամ հասարակական շահերին...): Մնացածը, դատախազության կամքի եւ ճաշակի հարցն է:

 

Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի եղբայր Զավեն Նանյանը երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ ԿԱ ԱԱԾ պետի` Սահմանադրական կարգի պահպանության գծով տեղակալի պաշտոնը եւ այդ աշխատանքից ազատվել է հազիվ մեկ ամիս առաջ: Իսկ ինչ կապ ունի այս հանգամանքը այս գործի հետ: Արդեն վստահ եմ` ուղղակի:

 

Տեսնելով, որ ՀՀ Վարչապետը ինձ ուղիղ պատասխանելու փոխարեն իմ բողոքն ուղարկել է ՀՀ ԿԳ նախարարություն, որն էլ խղճալի տոնով ինձ պատասխանում է, թե թեպետ մրցույթն օրինական է, բայց ինչ վերաբերվում է մարզպետին հանձնարարություն տալուն, ապա տեղեկացնում եմ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը նման լիազորություն չունի, հունվարի 21-ին երկրորդ անգամ բողոքով դիմեցի վարչապետին: Անկեղծ ասած հավատս չէր գալիս, թե ՀՀ Վարչապետը Շիրակի մարզպետին կարգի հրավիրելու ուժ, կարողություն եւ իշխանություն չունի: Օրենքով իշխանություն, ունի իհարկե, բայց փաստորեն, դու մի ասա, չի կարող նրան իր պարտականություններն անել տալ, կամ, եթե չի անում այն ինչի համար աշխատավարձ է ստանում հարկատուներիս փողերից` ազատի նրան աշխատանքից: Չի կարողանում եւ վերջ: Տեսնես ինչու՞: Արդյո՞ք ոչ այն պատճառով որ անթերի աշխատանքային կենսագրությամբ պաշտոնյա չկա Հայաստանում եւ Վարչապետը բացառություն չէ, իսկ ԱԱԾ-ն ահագին մեծ աչքեր եւ ականջներ ունի: Իսկ ինչո՞ւ ոչ:

 

Իմ երկրորդ բողոքից հետո, անցած տասն օրում վարչապետի պատվիրակները այցելել են Շիրակի մարզպետարան, երկար ու հանգամանալից զրուցել: Տիկինը, ինչպես եւ սպասվում էր, իրենն է պնդել, թե այդ մրցույթը տեղի պիտի չունենար, դրա անցկացումն ապօրինի է եղել, չի կարողացել որեւէ բան բացատրել, թե ինչու հունիսի 7-ի մրցույթի մասին 35 օր հետո` մրցույցի օրն անցնելուց հետո է իրազեկել նախարարություն եւ, ինչու հունիսի 10 հետաձգված մրցույթի մասին չի հաղորել նախարարություն, բայց դրա փոխարեն, բացատրել է, որ, եթե մյուս մարզերում անգամ սեպտեմբերի 1-ից հետո 9 մրցույթ եղել, դա եղել այդ մարզպետների հայեցողությամբ, եւ, պնդել է թե դպրոցների տնօրենների թափուր տեղերի մցույթներում հաղթած տնօրենների հետ պայմանագիր կնքելը մարզպետների հայեցողության հարցն է, կուզեն` կնքեն, չեն ուզի` չեն կնքի, ապա, հասկանալով, որ այդ ամենը բավարար չէ վարչապետի մոտից եկած ստուգողներին ապացուցելու եւ իր վարքն արդարացնելու համար, վերհիշել ու մեջբերել է այն հնարքը, որ այս պատմության սկզբում կիրառել էին անհաջող, ու գուցե այլ դեպքերում կիրառվել է հաջողությամբ, բայց մեզ անհայտ են դեռ ազգային անվտանգության նկատառումներով: Տիկինը վարչապետի պատվիրակներին բացատրել է, թե տնօրենի հաղթած թեկնածու Գոհար Աբրահամյանի վրա բազաթիվ բողոքներ կան, այդ թվում նաեւ կաշառակերության մասին:

 

Եւ հիմա վարչապետի մարդիկ առաջարկություն են մշակում` վարչապետից ՀՀ ԿԳ նախարարին: Երկու տարբերակ ունեն նրանք, մեկը` մարզպետին կարգի հրավիրելու առաջարկն է (ինչո՞ւ չի իրազեկել մրցույթների մասին, ինչո՞ւ տնօրենի թեկնածուի դեմ եղած բողոքները ժամանակին չի վերահասցեագրել իրավապահներին, ինչո՞ւ տնօրենի հաղթած թեկնածուի հետ պայմանագիր չի կնքել ժամանակին եւ այլն) ու պայմանագիր կնքելու պարտադրանքը, մյուսը` ինչ-ինչ փչովի ազգային անվտանգության նկատառումներով մի բան հորինել եւ կայացած մրցույթը չեղյալ հայտարարելու հանձնարարական տալ ՀՀ ԿԳ նախարարին, չնայած այն հանգամանքին, որ նախարարն ու փոխնախարարը մեկ տասնյակ թուղթ են արդեն ստորագրել մրցույթի օրինական եղած լինելու մասին: Երկրորդ տաբերակի դեպքում, արդեն կունենաք մի փառահեղ նախադեպ, երբ չնայած օրենքների եւ օրինականության պահանջներին, 37 թվին վայել անստորագիր կամ ստորագրված բայց անհայտ թղթերի հիման վրա կարելի կլինի պաշտոններ բաշխել` ում կկամենան, եւ աշխատանք չտալ նրանց` ում պետք չէ աշխատանք տալ: Չնայած անհեթեթ թվացող այս երկրորդ տարբերակին, դրա հնարավորությունը չափազանց մեծ է, չէ՞ որ մարզպետի պաշտոնը քաղաքական է, եւ վաղը չէ մյուս օրը ընտրություններ են, ու ինչպես պիտի պարտված մարզպետը հաղթած տնօրենին հանձնարարի, թե գլխաքանակդ կբերես թատերական հրապարակ` աջակցելու ... Ինչպես՞: Մյուս կողմից ինչպե՞ս կարգի հրավիրել այն մարզպետին, որն ամեն ինչ արել է անցած նախագահական ընտրություններում` 2008-ի փետրվարի 15-ի աշխատանքային օրով Գյումրու թատերական հրապարակը դպրոցականներով, տնօրեններով, ուսմասվարներով եւ ուսուցիչներով հանուն իշխանության թեկնածուի լցնելու համար ... Այսպիսի մեկին իսկապես կարգի հրավիրելու դեպքում, ինչպե՞ս են աշխատելու մյուս մարզպետները հաջորդ ընտրությունների ժամանակ: Մտածելու բան է չէ՞:

 

Եւ հիմա ՀՀ Վարչապետը Ողջիի դպրոցի մասով կանգնած է անակնկալ երկընտրանքի առաջ. նրան միայն այս էր պակաս. կամ կուլ տալ մարզպետի` ազգային անվտանգության սուտ ու փուչ նկատառումները եւ ՀՀ ԿԳ նախարարին հանձնարարել չեղյալ հայտարերել սեպտեմբերի 3-ի տեղի ունեցած մրցույթի արդյունքները եւ դիմանալ խայտառակության մետամորֆոզներին, կամ, վերջապես, կարգի հրավիրել Շիրակի մարզպետին, եւ ստիպել նրան աշխատանքային պայմանագիր ստորագրել օրինականորեն մրցույթում հաղթած թեկնածուի հետ, առանց այն էլ շատ է ուշացրել, այդ կինը հինգ ամսից ավելի է սպասում է աշխատանքային պայմանագրի, եւ որեւէ այլ աշխատանք չունի, նյարդերի լարումների մասին չպատմեմ: Ինչպես ստիպել մարզպետի՞ն: Դե եղանակները հանրահայտ են, բայց գլխավորը նրան հասկացնել տալն է, որ բարեբախտաբար վարչապետի պաշտոնը մարզպետի պաշտոնից բարձր է, եւ վարչապետը կարող է պաշտոնանկել մարզպետին, անգամ առանց աղմուկի` գնահատելով վաստակը...: Բայց իսկապես, կարո՞ղ է ՀՀ վարչապետը պաշտոնանկել իր պարտականությունները չկատարող, լիազորությունները չարաշահող եւ ինքնիրավչությամբ տառապող մարզպետին: Դա կախված է այն հանգամանքից, թե որքան է ուշադիր եղել ՀՀ ԱԱԾ եղբայրությունը ՀՀ վարչապետների գործունեությանն ընդհանրապես:

 

Իսկ մինչ այդ դպրոցը կառավարվում է տնօրինի պաշտոնակատարի միջոցով: Եւ հանրահայտ է ամենեցուն, որ դպրոցների տնօրենների պաշտոնակատարներին նշանակում է մարզպետը` իր հայեցողութամբ, քմահաճույքով եւ արժանիներով, առանց մրցույթի, ազատ եւ ժողովրդավար, այնպես ինչպես դպրոցների այսպես կոչված բարեփոխման այս եզրափակվող ծրագրից առաջ էր: Իսկ ժամանակավոր պաշտոնակատարների միջոցով թագավորելու առավելագույն ժամկետ չկա սահմանված գործող օրենսդրությամբ: Այսպիսով պետությունը իր մարզպետ պաշտոնյաների միջոցով լիակատար հսկողություն է սահմանում դպրոցների վրա, այնինչ, դպրոցները, կարծես թե պիտի կառավարվեին կոլեգիալ սկզբունքով` պետության, համայնքի, մանկավարժական եւ ծնողական խորհուրդների ներկայացուցիչների միջոցով: Այդպես մտածված եւ արված էր հանրակրթության բարեփոխման վարկային ծրագրերով, որպեսզի դպրոցը դառնար հանրությանը եւ չլիներ ինչ-որ մեկինը` թեկուզ Շիրակի մարզպետինը: Բայց դատելով Ողջի գյուղի եւ Գյումրու թիվ 19 դպրոցների պատմություններից, պետությունը բավարարված չէ մյուսների հնազանդությամբ` պետական քաղաքական թեկնածուների քարոզարշավներին գլխաքանակ ապահովելու համար:

 

18 փետրվարի, 2010թ.

 

Լեւոն Բարսեղյան


2010
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter