Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



Գյումրու անօթեւաններին նորից խաբեցին, պատասխանատուներ չկան,

սովորականի պես

 

11 | 01 | 2010 | 12:00 | Մամլո շինարարական հաղորդագրություն-3

 

Չնայած բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնաների ամպագորգոռ ու շնչասպառ խոստումներին, 2009 թվի դեկտեմբերի 31-ի դրությամբ Գյումրու Մուշ-2 թաղամասում անօթեւանների համար կառուցվող որեւէ բնակարան շահագործման չի հանձնվել:

 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը 2009 թվի դեկտեմբերի 4-ին կոչ էր հրապարակել` ուղղված լրագրողներին եւ ԶԼՄ-ներին, կոչում մտահոգություն էր հայտնել այն մասին, որ գյումրեցի անօթեւաններին խոստացված եւ մինչեւ տարեվերջ շահագործման հանձնվելիք բնակարանների շինարարությունը ձախողված է: Դրան հետեւել էր «Ժառանգությաւն» կուսակցության հայտարարությունը, որում նույնպես նման մտահոգություն էր հայտնվել: Դեկտեմբերի 7-ին շինարարության կապալառու «Գլենդել Հիլզ» ընկերությունը հայտարարությամբ էր հանդես եկել, որում, մասնավորաբար, ասվում էր. «…22 շենքերի 1056 բնակարանների մի մասի ներքին հարդարման աշխատանքներն ավարտված են, մի մասինը` վերջին փուլում են: Տանիքները և ծածկերը տեղադրված են, դրանցից երեքինը տեղադրման ընթացքում են: Անցկացված են տարածքի կոմունիկացիաները: Ինչպես նախատեսված է բնակարանաշինության պետական ծրագրով, այս տարվա ավարտին «Գլենդել Հիլզը» ՀՀ կառավարությանը կհանձնի արդեն պատրաստի բնակարաններն ու տները»: Նույն օրը Գյումրի այցելած ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը լրագրողներին ասել էր. «Չեմ կարծում, որ պետք է կասկածի տակ առնել ծրագրի իրականացումը, որովհետև շինարարությունն ընթացքի մեջ է. այս տարի 1050 բնակարանի շինարարություն է ավարտվելու, իսկ մյուս տարի ավարտելու ենք 1980 բնակարանի շինարարությունը»:

 

 Panorama.am-ը շտապեց գրել. «…Գլենդել Հիլզ»-ի կողմից փաստերով արված այս հերքումների համատեքստում արդյոք «Ժառանգությունը» քաղաքական PR-ով չի՞ զբաղվում չուսումնասիրված տվյալներով հայտարարություն տարածելով հարցին, Խուրշուդյանը պատասխանեց. «Քաղաքական P՞R է 7000 անօթևանի առկայությունը Գյումրիում: Աղետի գոտում երբ տնակներում են մարդիկ ապրում, դա քաղաքական P՞R է»: Հավելենք, որ աղետի գոտում անօթևան մարդկանց բնակարանային խնդիրները անհիմն շահարկելը առնվազն հակասում է ոչ միայն քաղաքական, այլ նաև պարզապես մարդկային էթիկայի կանոններին:»:

 

Դեկտեմբերի 23-ին շինհրապարակ այցելած Սերժ Սարգսյանը, դժգոհելով շինարարության որակից, Շիրակի մարզպետարանում չնախատեսված խորհրդակցություն է ունեցել իր ենթակաների հետ: Մեկ ժամ տեւած դռնփակ խորհրդակցությունից հետո նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը լրագրողներին որոշ մանրամասներ է հաղորդել։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդման, «…Ս.Սարգսյանը ասել է, թե շենքերի ներքին հարդարման աշխատանքներում նկատելի են զգալի թերություններ, ինչն ուղղակի անթույլատրելի է: Շեշտելով, որ նախատեսված շինարարական աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու հետ մեկտեղ չպետք է տուժի որակը՝ Ս.Սարգսյանը կարգադրել է ամբողջությամբ վերացնել եղած թերությունները եւ, որ պետք է լուծվեն բոլոր բնակարանների ջեռուցման, գազիֆիկացման, սալիկապատման եւ սալօջախների տեղադրման հարցերը: «Մարդկանց նվազագույն բոլոր պայմանները պետք է ապահովվեն, եւ բնակարանները պետք է հարմարավետ լինեն ապրելու համար: Իսկ եղած բացթողումների հետ կապված` կառուցապատող ընկերությունը եւ համապատասխան պետական գերատեսչությունները պետք է հետեւություններ անեն», - ընդգծել է Սերժ Սարգսյանը։ Նա հանձնարարել է նաեւ լուծել տարածքի բարեկարգման, կանաչապատման, ենթակառուցվածքների ապահովման հետ կապված խնդիրները»:

 

Անհասկանալի է մնում այն, թե մինչեւ Ս.Սարգսյանի այցելությունը ու՞ր էին շինարարության վերահսկիչներն ու համապատասխան նախարարները, որոնք անգամ դեկտեմբերի 7-ին հավաստիացնում էին, թե խոստացված բնակարանները կհանձնվեն մինչեւ տարեվերջ:

 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը խոստովանում է, որ 2009 թվի դեկտեմբերի 4-ին լրագրողներին ուղղված իր կոչում սխալ է գնահատել Մուշ-2 թաղամասում ընթացքող շինարարության տեմպերը, մասնավորաբար, կոչում մտահոգություն է հայտնել, թե մինչեւ տարեւվերջ այստեղ կարող են շահագործման հանձնվել առավելագույնը 250 բնակարան: Այժմ պարզ դարձավ, որ այդ ենթադրությունը ՀՀ կառավարության եւ կապալառու շինկազմակերպության հնարավորությունների ու պատասխանատվության սաստիկ գերագնահատման հետեւանք է եղել. 2009 թվի դեկտեմբերի 31-ի ժամը 23:59-ի դրությամբ ոչ կառավարությանը եւ ոչ էլ անօթեւաններին շահագործման չի հանձնվել որւեէ մեկ բնակարան մեկ տարի շարունակ խոստացված 1320 (ապա` 1056)-ից:

 

Այսպիսով, անօթեւաններին հերթական անգամ խաբեցին: Այս խաբեության եւ ձախողման  գլխավոր պատասխանատուները հարկատուների միջոցները տնօրինողներն են` իշխանությունների համապատասխան եւ վերը հիշատակված ներկայացուցիչները: Այս ձախողման երկրորդական պատասխանատուն շինարարության կապալառու կազմակերպությունն է: Ինչքան էլ կուլիսներում նրանք փորձեն պատասխանատվության բեռը միմյանց վրա հրել, խաբված անօթեւանների հոգսերը դրանից չեն պակասում, փաստը մնում է փաստ, որ, չնայած մեկ տարի շարունակ հնչած բազմերանգ ճռվողյուններին եւ ինքնապաշտպանական ծղրտոցներին, Գյումրիում պետական պատվերից ոչ մի բնակարան խոստացված ժամկետում շահագործման չհանձնվեց:

 

Տեղական եւ մարզային իշխանությունները այս խաբեության եւ ձախողման մասին ծպտուն չեն հանում, անձնվեր լռության են մատնված, չեն խոսում, ելույթներ չեն ունենում, պատասխանատության չեն կոչում ու ոչ էլ պատասխան են տալիս: Նորից խորամանկ են կամ այդպիսին են ձեւանում, մինչեւ անցնի վտանգը:

 

Ոչ մի պաշտոնյա այս ձախողման համար ներողություն չի խնդրել 21 տարուց ավելի է բնակարանի սպասող անօթեւաններից: Բավականաչափ իրատես ենք վստահաբար ասելու, որ այս ձախողման համար ոչ մի պաշտոնյա կամ կազմակերպություն վարչական կամ քրեական պատասխանատվության չի ենթարկվելու:

 

Իշխանությունները պարտավոր են հաշվետվություն ներկայացնել հանրությանն այն մասին, թե ինչո՞ւ եւ ովքե՞ր ձախողեցին գյումրեցի անօթեւանների համար բնակարանաշինության առաջին հերթի աշխատանքները, նշելով այն միջոցառումները, որոնցով պատասխանատվության են ենթարկվել կամ ենթարկվելու ձախողման մեղավորները: Բացի այդ, իշխանությունները, օրինական պարտականություններով ծանրաբեռնված լինելու տպավորություն ստեղծելու համար գոնե, պարտավոր են ողջամիտ պարբերականությամբ եւ բավարար մանրամասնություններով հանդես գալ հանրային հաշվետություններով այն մասին, թե ինչպես են ծախսվում հանրային միջոցներն այս ամբողջ շինարարության ընթացքում: 


Ֆակուլտատիվ ընթերցանության նյութեր ամնեզիայի դեմ

 

Հիշեցնում ենք մի քանի պաշտոնական խոստումներն ու սրտառուչ հավաստիացումներն այն մասին, որ մինչեւ 2009-ի ավարտը Գյումրեցի անօթեւանները 1320 բնակարան կստանան:

 

9.10.2009

ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը հայտարարեց, թե առաջիկա 2 տարվա ընթացքում աղետի ոտու 3 հազար 2 հարյուր անօթեւաններ կապահովվեն բնակարանով: «…Այս տարի արդեն կառուցվում է 24 բազմաբնակարան շենք: Ամենայն հավանականությամբ, նոյեմբերի արդեն երկրորդ տասնօրյակում 240 բնակարան կհանձնենք շահագործման: Մինչեւ տարեվերջ միայն Գյումրիում կկառուցվի 1320 բնակարան:»- ասել է Վարդան Վարդանյանը:

 

Լոռուց եւ Գյումրիից բացի, շինարարական աշխատանքներ են իրականացվում նաեւ Սպիտակում, որտեղ ԲՀԿ քվոտայով նախարար նշանակված պարոն Վարդանյանի հավաստմամբ` նույնպես բնակարանաշինության մեկնարկը տրված է. «Պլանավորել ենք 2010թ. այստեղ շահագործման հանձնել 220 բնակարան` 44,8 հազար քառ. մետր մակերեսով»:

 

Քաղաքաշինության նախարարը համոզմունք է հայտնել, որ 2010թ. բնակարանաշինության տեմպերն առնվազն կրկնակի կարագանան. «Որովհետեւ այս տարի իրականացվում էին նախապատրաստական եւ այլ կարգի աշխատանքներ: Հաջորդ տարի նման խնդիրներ չենք ունենալու£ 2010թ. նախատեսել ենք Գյումրիի միայն «Մուշ-2» թաղամասում 1492 բնակարան հանձնել շահագործման»:

 

Ընդհանուր առմամբ հատկացված միջոցների շրջանակներում ակնկալվում է առաջիկա երկու տարվա ընթացքում աղետի գոտում հաշվառված 7 հազար շահառուներից բնակարանով ապահովել գրեթե կեսին` 3,2 հազարին£ Վ.Վարդանյանը շատ է համոզված, որ մնացածի հարցերը կլուծվեն մինչեւ 2013թվականը. «Վստահորեն ասում եմ, որ ոչ մի շեղում չի լինի: Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց եթե հաշվի առնենք այսօրվա տեմպերը, ապա ծրագիրը հավանաբար ավելի շուտ կվերջացնենք»:

 

23.06.2009

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Լոռու եւ Շիրակի մարզերում «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող կառուցապատման աշխատանքների ընթացքն է քննարկվել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի այսօր անցկացրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում:

Պայմանագրերի համաձայն, «Գլենդել Հիլզի» կողմից Գյումրիում պետք է կառուցվի 3030 բնակարան, որից 1320 նախատեսված է ավարտել այս տարի: Ընկերությունը բնակելի տներ է կառուցում նաեւ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում:

 

Քաղաքաշինության նախարարը ներկայացրել է ընդհանուր աշխատանքների ընթացքը` տեղեկացնելով, որ Գյումրիում բազմաբնակարան շենքերի շինարարությունը ընթանում է սահմանված գրաֆիկով, եւ այս տարվա նոյեմբերի առաջին տասնօրյակում կսկսվի բնակարանների հանձնումը: … »

 

09.06.2009, www.parliament.am

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյան.

«… ինձ համար կարեւոր է մեր աղետի գոտու բնակշինարարությունը, քանզի մենք աղետի գոտում ունենք 6200-ից ավելի անօթեւաններ, եւ այսօր այդ խնդիրը կարեւորելով արդեն սկսվել են հստակ աշխատանքները, եւ միայն Գյումրի քաղաքում հիմք է գցվել 22 շենքերի, որի հետեւանքով 1320 ընտանիքներ մինչեւ տարվա վերջ կստանան բնակարաններ:…»

 

www.news.am

20:15 / 07.12.2009  

Մինչեւ այս տարվա վերջ Գյումրիում կավարտվի 1050 բնակարանի շինարարություն։ Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս՝ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

 

www.tsayg.am

17.12.2009

Անօթեւանության խնդրի լուծումը հետերկրաշարժյան տարիներից ի վեր գյումրեցիների երազանքն է եղել: Խնդրի կարգավորման հարցը հետեւում չէ: Գլենդել Հիլզ ընկերության կողմից իրականացվող շին աշխատանքներն ընթացքի մեջ են: Պատասխանատուները խոստանում են ամեն գնով մինչեւ տարեվերջ ավարտել բնակարանաշինարարության գործընթացի առաջին փուլը: … Նախագծային փոփոխությունների, շենքերի որակի, սեյսմակայունության եւ այլ խնդիրների վերաբերյալ, մատակարար ընկերության տնօրեն Արթուր Փաշինյանը վստահեցնում է, որ իրենք շինարարության համար ապահովում են միայն որակյալ շինանյութ, քաղաքաշինական բոլոր նորմերին համապատասխան: Աշխատանքային գործընթացի ընթացքում եղել են նաեւ թերություններ, որոնք սակայն հարթվել են: Այսպես, Բնակարանաշինական խնդրի վերջին փուլի մեկնարկը պատասխանատուներն համարում են Գլենդել Հիլզ կազմակերպության իրականացրած ծրագիրը, այս տարի Գլենդել Հիլզը պարտավորվում է շահագործման հանձնել 1056 բնակարան, շուրջ 1700-ն էլ պետք է պատրաստ լինի եկող տարի: Խոստացված 3030բնակարանի շահագործման հանձնելն էլ դեռ չի ազդարարի անօթեւանության խնդրի վերջնական լուծումը:

 

www.7or.am

25.12.2009

 

Ո՞վ է ճիշտ՝ «Գլենդել հի՞լզը», թե՞ Լևոն Բարսեղյանը

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ  Լևոն Բարսեղյանն անդրադարձել է դեկտեմբերի 7-ին սպասվող իրադարձությունների՝ լրագրողների կողմից լուսաբանման խնդիրներին:

 

Նա կոչ է արել օբյեկտիվորեն նայել իրականությանը և Գյումրին ներկայացնել այնպես, ինչպես այն կա:

 

«20 տարի շարունակ մենք տեսել ենք լավատեսական և շոկոլադային ռեպորտաժներ, հարցազրույցներ, կենացներ  դեկտեմբերի 7-ի հետ կապված: Վասյուկիներ ենք լսել այս քաղաքի վերաբերյալ, որ Գյումրին դառնալու է դրախտավայր: Բայց այսօրվա դրությամբ մոտ 4.100 ընտանիք անօթևան է երկրաշարժի հետևանքով, և մոտ 3.500 ընտանիք անօթևան է տարբեր պատճառներով»,-  հայտարարել է Լևոն Բարսեղյանը:

 

Քննադատության հիմնական թիրախ ընտրելով «Գլենդել հիլզ» ընկերությունը, որն աղետի գոտու վերականգնման ծրագրի շրջանակներում  պետական բյուջեի միջոցներով բնակարանաշինություն է իրականացնում Գյումրիում՝ Լևոն Բարսեղյանը կանխատեսում է արել, որ այս ընկերությունը, չնայած հսկայական ռեսուրսների առկայությանը, մինչև տարեվերջ չի կարողանալու խոստացած քանակի բնակարանները շահագործման հանձնել. «Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ մինչև տարեվերջ որևէ կերպ հնարավոր չէ 1320 բնակարանով ապահովել անօթևան ընտանիքներին: Այնտեղ մինչև հիմա կառուցվել է 20-22 շենք, սակայն դրանց մի մասն առանց կտուրի է: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ իրենք մինչև տարեվերջ կարող են շահագործման հանձնել մոտ 200-250 բնակարան: Կարելի է պլան կատարել՝ առանց ներքին հարդարման դուռ-լուսամուտը վրան կպցնել, օրդերը տալ մարդուն և ասել, որ գնա ապրի այնտեղ ՝ շինհրապարակում»,- ներկայացրել է «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը:

 

Այս առումով «Գլենդել հիլզ» ընկերության հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից «7օր»-ի հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է Լևոն Բարսեղյանի կողմից «Գլենդել հիլզ» ընկերության հասցեին հնչեցված քննադատությունը, պատասխանել են. «Մենք չենք ցանկանում պատասխանել այդ մեղադրանքներին: Մինչև տարեվերջ կերևա, թե ում խոսքերն են ավելի հավաստի: Մենք ասել ենք, որ այս տարվա ավարտին Գյումրիում շահագործման ենք հանձնելու 1056 բնակարան, և կկատարենք մեր խոստումը»:

 

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ 1320 ԸՆՏԱՆԻՔ ԲՆԱԿԱՐԱՆ ԿՍՏԱՆԱ ԱՐԴԵՆ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ

 

Հասցեն: http://www.azatamtutyun.com/arm/shop/UID_10665_.html

 

ԼԻԱ ԽՈՋՈՅԱՆ

«…Երկրի ղեկավարի հովանավորությամբ իրականացվող ծրագիրը հնարավորություն կտա հազարավոր անօթևան ընտանիքներ ապահովել բնակարանով: Ըստ այդմ, միայն Գյումրիում կկառուցվի ավելի քան երեք հազար բնակարան, իսկ արդեն նոյեմբերից «Մուշ» թաղամասում բնակարաններ կստանան 1320 ընտանիք, 2010թ-ի հուլիսին էլ պատրաստ կլինի ևս 254 բնակարան: …»

 

09.10.2009


ԶԼՄ-ների անդրադարձը այսօր «ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները. աղետի գոտու վերականգնում» թեմայով հրավիրված մամլո ասուլիսին, որին մասնակցել է նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ  օրաթերթ


Աղետի գոտու բնակշինարարությունը կանգ չի առնի

Արմենուհի Մելքոնյան


Ֆինանսների նախարարը վստահեցնում է, որ միջոցներ կան

Գործադիրը շարունակում է հակաճգնաժամային քայլեր իրականացնել։ Տեղեկացնենք, որ ՌԴ կառավարության ՀՀ-ին տրամադրած 500 մլն դոլարի չափով պետական վարկի օգտագործման ուղղություններից է ՀՀ պետբյուջեից՝ աղետի գոտում իրականացվող վերականգնողական ծրագրի գծով ծախսերի ֆինանսավորումը։


Այս նպատակով, ինչպես երեկ տեղեկացրեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, 2009թ. համար 24 մլրդ դրամ է հատկացվել «Գլենդել հիլզ» ՓԲԸ-ին՝ հիմք ընդունելով պետական գնումների գործակալության եւ ընկերության միջեւ կնքված «Պետության կարիքների համար բնակարանների եւ սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասինե պայմանագիրը։ Հոկտեմբերի 9-ի դրությամբ փաստացի ֆինանսավորված են կառավարության որոշումներով 2,000.0 եւ 1,150.0 մլն գումարները, իսկ նախատեսված 20,850.0 մլն դրամ գումարից՝ 19,950.0 մլն-ը։

 

Ի դեպ, 2010թ. պետբյուջեի նախագծի «Բնակարանային շինարարություն» ծախսային ծրագրով ՌԴ վարկային միջոցների հաշվին «Գլենդել հիլզին» նախատեսվում է հատկացնել եւս 24 մլրդ դրամ՝ շարունակելու աղետի գոտում 2009թ. սկսված բնակարանաշինարարությունը (ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի Մարմարաշենի 7-րդ, Մուշի 7-րդ փողոցներով պարփակված, Մուշի 5-րդ փողոցին հարակից տարածքների (1200 բնակարանների, այդ թվում՝ կիսակառույցների ավարտում), Անի թաղամասի Տրդատ ճարտարապետի փողոցին հարող տարածքների (400 բնակարանների) կառուցապատման, Ախուրյան գյուղում (182 բնակարանների) եւ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում (354 բնակարանների) երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար իրականացվող բնակարանային շինարարության մասին է խոսքը)։


«
Սրանք լուրջ միջոցներ են, որոնք ուղղվում են աղետի գոտու վեականգնմանը։ Շինարարությունը հստակ ժամանակացույցով է արվում, եւ հաջողությամբ կավարտվի։ Ֆինանսական խնդիրներ չկան։ Աղետի գոտու վերականգնումը մեզ համար գերակա էընդգծեց ֆինանսների նախարարը։ Նա վստահեցրեց, որ պետբյուջեից տրամադրվող գումարները կծառայեն նպատակին։


Տիգրան Դավթյանը նշեց նաեւ, որ ՀՀ-Թուրքիա սահմանների բացման դեպքում Գյումրին «կդառնա տրանսպորտային լոգիստիկ կենտրոն, ինչը լրջորեն կփոխի իրավիճակը այս քաղաքումե։ Անդրադառնալով արտերկրից ներգրավված վարկային միջոցների նպատակային ծախսմանը՝ նախարարը  ուշադրություն հրավիրեց մի հանգամանքի. օրինակ, ռուսական վարկից 110 մլրդ դրամ կուղղվի մեր երկրի տնտեսության խթանմանը։ Դրանով զուգահեռաբար մի քանի խնդիրներ են լուծվում։ Վարկային միջոցներ ներգրավելով՝ կառավարությունը դրանք ուղղում է տնտեսության զարգացմանը, այնուհետեւ տնտեսավարողները դրանք վերադաձնում են պետությանը, հետո էլ այդ միջոցները պետությունը ուղղում է վարկերի սպասարկմանը։

 

Հերթացուցակից ոչ մի ընտանիք դուրս չի մնա


Կառավարության հակաճգնաժամային քայլերի շրջանակում քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը տեղեկացրեց, որ Գյումրիի Մուշ-2 թաղամասում արդեն այս տարվա նույեմբերին
բնակարան կստանան 1320 ընտանիքներ։ ...», «Մինչեւ 2013թ. բոլոր այն ընտանիքները, ովքեր տուժել են երկրաշարժի հետեւանքով, կապահովվեն բնակարանով։ Եթե շինարարության տեմպերն այս հունով ընթանան, ապա կարող ենք ծրագիրն ավելի շուտ էլ ավարտին հասցնելեվստահեցրեց նախարարը։

 

 

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ օրաթերթ

ՃԳՆԱԺԱՄԸ ՉԻ ԽՈՉԸՆԴՈՏԻ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ


ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ


Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում կառավարությունը քայլեր է ձեռնարկում` արագացնելու բնակարանային շինարարության աճի տեմպը: Դա հիմնականում ընդգրկում է աղետի գոտին, որտեղ առաջիկա երկու տարվա ընթացքում կիրականացվի շուրջ 50 մլրդ դրամի բնակարանաշինություն: Այս մասին հայտարարվեց ֆինանսների եւ քաղաքաշինության նախարարներ ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆԻ եւ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ երեկվա համատեղ մամուլի ասուլիսում:

 

Այս տարվանից ամբողջ թափով իրականացվում են այդ աշխատանքները Տրամադրված են լուրջ ռեսուրսներ, որոնք արդեն ուղղվել եւ առաջիկայում ուղղվելու են այդ խնդիրների լուծմանը£ Միայն 2009թ. պետական բյուջեի միջոցներից աղետի գոտու բնակարանաշինության համար հատկացվելու են շուրջ 26 մլրդ դրամի ռեսուրսներ: Այդ խնդիրների իրականացման համար եւս 24 միլիարդ նախատեսել ենք տրամադրել հաջորդ տարվա ընթացքում,նշեց ֆինանսների նախարարը:

 

Ըստ նրա, այս տարվա ընթացքում աղետի գոտու վերականգնման նպատակով արդեն հատկացվել է մոտ 20 մլրդ դրամ, որի շրջանակներում ամբողջ թափով իրականացվում են շինարարական աշխատանքները.
 

-Դրանք կատարվում են հստակ ժամանակացույցով: Չունենք ուշացումներ եւ պրոբլեմներ: Կարծում եմ, հաջողությամբ կկատարենք այն ծավալները, որոնք նախատեսված են ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարվա համար: Ֆինանսական խնդիրներ եւս չկան£ Ֆինանսավորումը կատարվում է ըստ ժամանակացույցի` առանց ուշացումների: Սա հատուկ եմ նշում, որովհետեւ բոլորդ գիտեք, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով լարված տարիներ են

 
Աղետի գոտու բնակարանաշինության նպատակով առաջիկա երկու տարիներին չնայած հատկացված են մեծ ծավալի ֆինանսական ռեսուրսներ, այնուհանդերձ դրանք բավարար չեն լինի խնդիրն ամբողջությամբ լուծելու համար: Վերականգնման ծրագիրը, որն ընդունել է կառավարությունը, նախատեսված է
մինչեւ 2013թ. համար: Ընդհանուր առմամբ, ըստ քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանի, ծրագիրն արժե 74 մլրդ դրամ, որի շրջանակներում պետք է կառուցվի 500 հազար քառ. մետր բնակմակերես

Մեկ քառ. մետրի արժեքը 169 հազար դրամ է. «Դրա մեջ մտնում են նաեւ կառուցապատման աշխատանքները: Մրցույթի հաղթող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պարտավորվել է այդ արժեքի մեջ իրականացնել նաեւ լուսավորում, բարեկարգում, կանաչապատում եւ այլ աշխատանքներ»:

Աղետի գոտում, ըստ Վ.Վարդանյանի, անցած տարեվերջի դրությամբ հաշվառված է շուրջ 7 հազար շահառու. -Բայց այդ թիվը խիստ պայմանական է: Անցած չորս-հինգ ամսվա ընթացքում, երբ հանձնաժողովն ուսումնասիրեց շահառուների գործերը, հիմնականում Լոռու մարզի ութ գյուղերում, 50-ից ավել ընտանիքներ, որոնք համայնքապետի կողմից ներկայացված էին որպես շահառու, ցուցակից դուրս մնացին, այդպիսիք չլինելու պատճառով:

 

«…Մինչեւ տարեվերջ միայն Գյումրիում կառուցված կլինի 1320 բնակարան
Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծով աղետի գոտու վերականգնման նպատակով հատկացված է 24 մլրդ դրամ.  -Համոզված եմ, որ 2010թ. բնակարանաշինության տեմպերը ավելի քան երկու անգամ կարագանան, որովհետեւ այս տարի իրականացվում էին նախապատրաստական եւ այլ կարգի աշխատանքներ: Հաջորդ տարի նման խնդիրներ չենք ունենալու: 2010թ. նախատեսել ենք Գյումրիի միայն «Մուշ¬2» թաղամասում 1492
բնակարան հանձնել շահագործման…», «…Ընդհանուր առմամբ հատկացված միջոցների շրջանակներում ակնկալվում է առաջիկա երկու տարվա ընթացքում աղետի գոտում հաշվառված 7 հազար շահառուներից բնակարանով ապահովել ավելի քան 3,2 հազարին Վ.Վարդանյանը համոզված է, որ մնացածի հարցերը կլուծվեն մինչեւ 2013 թվականը:…»

 

www.tsayg.am

 

Մինչեւ 2010 թ-ի վերջը Գյումրիում շահագործման է հանձնվելու 3030 բնակարան

9.10.2009

 

Մինչեւ 2010 թ-ի վերջը Գյումրիում շահագործման է հանձնվելու 3030 բնակարան: Բնակարանային շինարարություն իրականացնող Գլենդել Հիլզ կազմակերպությունը պարտավորվում է  մինչեւ այս տարեվերջ ամբողջապես ավարտել 1320 բնակարանի շինարարություն: Ինչպես տեղեկացնում են կազմակերպության պատասխանատուները այժմ ընթացքի մեջ են բնակարանների  ներքին հարդարման աշխատանքները: Ժամկետների մեջ կազմակերպությունը տեղավորվելու է: … Այս տարի շահագործման է հանձնվելու 1320 բնակարան ու եթե երկու երեք ամիս առաջ պատասխանատուները խոսում էին, որ 1320 բնակարանների մեջ լինելու են  ինչպես 1 եւ 2 , այնպես էլ 3 եւ 4 սենյականոցներ, այսօր արդեն խոսքը միայն 1 եւ 2 սենյականոցների մասին է գնում: Մարզպետարանում եւ Գլենդել Հիլզում էլ նշում են, որ նման որոշման հեղինակը քաղաքաշինության նախարարությունն է: Ամեն դեպքում տարեվերջին պատրաստ է լինելու 716 մեկ, 606 երկու սենյականոց բնակարան:

 

Գլենդել հիլզ կազմակերպության պատասխանատուների հավաստումներով իրենք ժամկետների մեջ տեղավորվում են, այժմ ընթացքի մեջ են նշված 1320 բնակարանների ներքին հարդարման աշխատանքները: Կառուցվում են նաեւ 3 եւ 4 սենյականոց բանակարանները շինաշխատանքները  չեն ընդհատվելու նաեւ ձմռանը: Նշենք, որ 1320 բնակարանների բաշխումից հետո անօթեւանների հերթացուցակում կմնան 2500-ից ավելի ընտանիքներ, 2010-ին արդեն խոսվում է 1700 բնակարանների կառուցման եւ բաշխման մասին:


www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter