Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Վերջին ապացույցները

 

19 | 01 | 2010 | 20:30 | Հրապարակախոսություն

 

Ես երեխա էի, 70-ականներն էր: Գյումրու Կինո Երեւանին հարող մի քանի շենքերի բակերից մեկում եմ մեծացել ու այդ մեծ թաղում մեծուփոքր միմյանց գիտեին: Հիշում եմ, որ ամեն օր մի տարեց, ալեհեր մարդ կոստյում-փողկապով անցնում էր բակով ու մտնում իրենց շքամուտքը: Թաղում նարդու սեղանի տղամարդիկ, պատշգամբներից կախված պարապներն ու բրդի պառավները այդ 1-2 րոպեն մի քիչ սսկվում էին, լռելու պես էին լինում ու իրար հետ ինչ-որ բան էին փսփսում, ես փոքր էի` մի 5-8 տարեկան, բայց լավ հիշում եմ, որ ամեն անգամ տղամարդիկ` նրան չտեսնելու տալով եւ շատ լավ տեսնելով, քթների տակ հայհոյանք էին քրթմնջում. էլ` ծնող, էլ` լավ, էլ` սորտ, էլ` բալեք մերոնց էլ` աստված ճոռթած բերան տվել ու չէր խնայել: Պառավները ծածուկ գրող էին չափում ետեւից, անապացուցելի` գրող: Ես տատիս ու մեծ հորաքույրներիս բզում էի թե` ի՞նչ եղավ, էդ ի՞նչ բան է, ընկերներով չէինք հասկանում, շաաա~տ էինք ուզում հասկանալ թե էդ մարդն ի՞նչ էր արել ամբողջ թաղին: Մարդու չէր բարեւում, կամ բարեւում էր` չէինք նկատում, պատկառելի տեսք ուներ, ազգանունը գիտեինք միայն` շքամուտքի տախտակից, եւ մեր` երեխաներիս խաղն էլ էր այդ երկու րոպեներին սառում, մինչեւ անց կկենար, մտներ իրենց երրորդ պաձեզդը: Խաղընկերներիս տան մեծերն էլ իրենց չէին ասում, թե բանն ինչ էր: Այս մարդու մեռնելուց հետո միայն մերոնք բացվեցին այնքան, ինչքան կարելի էր բացվել 10-11 տարեկան երեխային, համառոտ ու զուսպ, ասացին միայն, որ Ստալինի ժամանակ շատերի գլուխն է կերել էդ գլխակեր շունը: Մնացած հարցերին չպատասխանեցին: Մեծացանք` կարդացինք` հասկացանք:

 

2010-ի հունվարի 19-ին մի քանի րոպե կեսօրից անց, դատավոր աշխատող Մարտիրոսյան Մնացականը հրապարակեց Հայկական Ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատավճիռը: Դատարանը Փաշինյանին մեղավոր ճանաչեց Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ (ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մաս) եւ դատապարտեց 7 տարի ազատազրկման: Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը մեղադրանքի մասով (ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մաս) դատավոր աշխատող Մնացականը բարեհաճ եղավ եւ այս մասով Նիկոլն արդարացվեց: Դատաքննության վերջին նիստի ժամանակ մեղադրող դատախազ աշխատող Փիլոյան Կորյունը 225-րդ հոդվածի մասով դատավոր աշխատողից պահանջել էր 6 տարի ազատազրկում, իսկ 316-րդի մասով` 2,5 տարի: Սակայն Նիկոլ Փաշինյանին դատապարտեցին 7 տարվա ազատազրկման` մեղավոր ճանաչելով միայն 225-րդ հոդվածի 1-ին մասով: Կորյունը դատարանում չէր, ասում են վատառողջ լինելու պատճառով. դժվար գործի է, հասկանալի է, շատերը հույս ունեն, որ չի ապաքինվի: Դատավոր Մացոն իր շղթայի շրջանակներում, փաստորեն, ինքնագործունեություն է ցուցաբերել ու համ` շիշը, համ` նալը բանաձեւի շրջանակներում, ճիշտ է, հիվանդի 8 տարվա պատվերը լիովին չի կատարել, բայց պատվերի առաջին մասը` գերակատարել է, անկարգություններ կազմակերպելու մասով հանձնարարված 6 տարվա փոխարեն` 7 տարի է տվել: Սա արել է, որ իր կարծիքով ցույց տա, թե ինքն անկախ դատավոր է . Չի կարելի ծիծաղել:

 

Ամենագլխավորը. Նիկոլի հանցանքը չի ապացուցված:

 

Բայց դատավոր աշխատող մարդը, չգիտես ինչ հիմքով ներշնչվել է, թե իրեն կմոռանան: Մացոն գործից հրաժարվել չէր կարող, թե չէ` կհրաժարվեր: Եթե հրաժարվեր, գիտեր, որ Փիլոյանն էր դատավոր դառնալու եւ իրեն դատելու էր սահմանադրական կարգին սպառնացող դիվերսիոն անգործության մեղադրանքով: Փիլոյանն էլ, մեղադրող տեղով իմանալով, որ Նիկոլն անմեղ է, մեղադրելուց հրաժարվել չէր կարող, հրաժարվեր` Նիկոլից առաջ կդատեին Եթե կասկածողներ կան` գրեք ինձ, զվարճանանք մի քիչ: Եթե կասկածողներ  չկան` ուրեմն պետությունը զավթված է:

 

Այսպես կոչված համաներմամբ, զավթիչները իրենց նախատեսածից չափազանց շատ մարդ էին ստիպված եղել բաց թողնել, Եվրոպայում ամենքը չէ, որ կաշառվում են, համաներում էլ էր պետք: Իսկ հիմա պատանդների թիվն ավելացնել էր պետք: Կարծում են, թե պետք է գալու: Վերաքննիչը մի 6-6,5 տարի կսարքի` Ուռուտյանի գործի պես, վճռաբեկը կարող է բեկանի, կարող է չբեկանի: Ինը` մեկի դեմ, որ չի բեկանի: Այդ մեկը երկար պատմություն է, Նիկոլի արժանապատվությանը եւ կամքին վայել ջանքեր պիտի ներդնեն նրանք, ովքեր ռեժիմի կամակատարները չեն, որ ինը հնարավորից այդ մեկ անհնարինը տեղի ունենա: Բայց սա առանձին խոսելիք է:

 

Զավթիչների ռեժիմը իր մեթոդները չի թարմացնում, ճիշտ է, երբեմն-երբեմն նոր բաներ հորինում են, բայց հիմնականում նույն ու հին մեթոդներն են ու երգերը հին. իշխանությունը ժողովրդից ավելի լավ գիտե ժողովրդի լավը, ով համաձայն չէ ռեժիմին` փիլոյան-մացոններով է գնալու, ասացինք` ժողովրդավարություն, հո չզոռեցինք, բոլոր երկրներում էլ կոռուպցիա կա, ժողովրդավարությունը չափավոր պիտի լինի, այլապես կվնասի ազգային անվտանգությանը, այն էլ մեզ նման` թշնամիներով շրջապատված երկրի դեպքում, ազատությունները չեն կարող բացարձակ լինել ահա այս երգերն են, որ նախկինում քողարկված, իսկ այժմ` կամաց-կամաց բարձրաձայն երգվում են զավթիչների ծարբազանների ձայնալարերով, շուտով` իրենք զավթիչներն էլ կերգեն, որովհետեւ մտահոգություններն են աճելու:

 

Հիմա շատերս Նիկոլ ենք` տարբեր բանտերում: Մի ամբողջ խումբ էլ` մացո-մուցո-փիլոյան: Մենք չենք թերագնահատում ոչ զավթիչներին, ոչ նրանց ծարբազաններին, ոչ էլ մացո-մուցո-փիլոյաններին: Բայց մենք ավելի Նիկոլ ենք, քան նրանք` զավթիչ: Զավթիչները ինքնակազմակերպվում են, խորամանկ են, լկտի, երկերեսանի, ռեժիմի ամրապնդման համար համապատասխան օրենքներ են սարքում ու կառույցներ ձեւավորում, եղած օրենքները մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց է հարմար, մեր փողերով պահում են իրենց զավթիչ համակարգը, հալածում, սպանում ու բանտարկում նրանց հետ անհամաձայն մարդկանց: Ճիշտ այնպես, ինչպես բոլոր հակաժողովրդական ռեժիմներում:

 

Հիմա արդեն ավելի քան հստակ է. մենք ենք ու իրենք: Կողմնորոշվեք. հաջորդ կանգառը անհայտ է: Այս վճիռը բազմահազար անտարբերների գլխին քացով է իջնելու եւ խելքի է բերելու. եւ եթե առաջ նախկինների չարագործությունները ինքնալլկում ու կամքի խցանում արած, աջ քաշած գոյություն էին քարշ տալիս, հիմա հասկանալու են, որ այլեւս իրենց ընտրությունը սմքել-սպառվել է արտագաղթ կամ կզարան խաչմերուկում: Քաղաքական հայացքների եւ գործունեության համար բանտերում գտվելու յուրաքանչյուր օր գնում է Հայաստանի կյանքից, հալում է Հայաստանի կենսունակությունը, այսպես զավթիչները հալածում ու մաշում են երկիրն ու պետություն կոչված համակարգը, որ մարդկանց բարեկեցություն եւ երջանկություն ապահովելու համար պիտի լիներ ու ոչ այլինչի համար:

 

Կամավոր եկած ու ռեժիմին հանձնված, թեկուզ տեսականորեն արդարադատություն ակնկալած մարդուն առանց հանցանքի ապացուցման ազատությունից զրկելը, անկախ դրա ցինիկ պատճառաբանություններից, վերջին, անհրաժեշտ եւ բավարար ապացույցն է այն բանի, որ Հայաստանում իշխում է օկուպացիոն ռեժիմը: Սա ոչ թե կարգավորված ժողովրդավարություն է, սա ոչ թե ինքնիշխան ժողովրդավարություն կամ անցման ժամանակաշրջան է, այլ լիակատար զավթված պետություն: Մեր ու մերոնց կյանքը, ապագան, առողջությունը, հույսերը, երազանքներն ու կայքը ուղղակիորեն կախված է ռեժիմից ազատվելու ժամկետների հետ, ինչքան ուշ, այնքան` անհնարին, ինչքան ավելի ուշ, այնքան` ավելի անհնարին: Ռեժիմը տիրապետում է ահռելի միջոցների, ֆինանսական, տնտեսական, վարչական, ուժային, քրեական, լրատվական եւ այլն: Ռեժիմի դեմ ընդվզողների եւ պայքարողների ռեսուրսները անհամեմատ նվազ են: Ընդամենը մեկ բան ունենք, որ չունի ռեժիմը եւ չի էլ կարող ունենալ. ազատության պաշտամունք: Այս իմաստնությունն է, որ կարող է քանդել ու լույս բացել մեր խավարում: Նիկոլը մեկն է նրանցից, ով վստահաբար գիտե, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ, եթե դա այդպես չէ, ուրեմն հարկավոր է այն վերադարձնել ժողովրդին: Բարեկեցության, ազգային անվտանգության, արժանապատվության եւ հզորության այլ ակունք չկա, քան հանրության կամքը եւ այդ կամքով ձեւավորված իշխանությունը:

 

Կատաղի, ընդդիմադիր, փիլիսոփայական, հեզաճկուն, ժամանակավրեպ, զառամյալ, ծովից-ծով եւ անգամ կամակատար քաղաքական ուժերը պարտավոր են վերջիվերջո ետ նայել, կողքուբոլորը, ոտների տակ, սթափվել, գլուխները պատերով տալ, պատերը` գլուխներով, կռահել, որ ամնեզիան շատ երկար տեւել չի կարող, հասկանալ, թե ուր է գլորվել մեր երկիրը, շուտափույթ ելքեր որոնել, ստանալ ժողովրդի համաձայնությունը եւ սկսել քաշել-հանել երկիրն այն կոյուղու միջից, ուր թաղվել ենք մինչեւ կոկորդներս, մինչեւ ականջներս, մինչեւ վարդապետի խազը: Նիկոլի եւ մյուս 15 քաղբանտարկյալների բանտի յուրաքանչյուր օր առավել ամոթալի է դարձնում մեր համաշխարհային խայտառակությունն ու մեր նկարագիրը հաջորդների առաջ. հինգհազարամյա~, քրիստոնյա~ ու զահրումա~ր երբ բոմժերը միլիարդատեր են արթնանում, իսկ նրանց գոյությունն ապահոված մարդիկ քնում են բանտերում, երբ աստծո ծառաները խայտանքով թռչկոտում են զավթիչների շուրջը, իսկ ավազակները տաճարներ են կառուցում Տիրոջ համար: Կարծում են, թե ինդուլգենցիան դեռեւս մուտքի տոմս է...

 

Լեւոն Բարսեղյան


www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter