Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

 

31 | 01 | 2010 | 19:00 | Զեկույց

 

Հայաստանում լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին

2009 թվական 

 

Ընդդեմ խոսքի ազատության հարձակումների ակտիվությամբ եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների քանակով 2009-ը կարելի է պայմանականորեն բաժանել երկու իրարից տարբեր ժամանակահատվածների. առաջին կիսամյակը բնութագրվեց այն նույն բացասական միտումներով, որոնք բնորոշ էին նախորդ` 2008 թվականին, երկրորդը` եղավ համեմատաբար հանգիստ:

 

2009-ի սկզբին ազդեցիկ միջազգային կազմակերպությունները հրապարակեցին 2008 թվականին աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան զեկույցները, որոնցում մեր երկրի իրավիճակը ներկայացվում էր սուր քննադատական երանգներով: Մասնավորապես, «Հյուման Ռայթս Ուոթչ», «Ֆրիդոմ Հաուս», Ժուռնալիստների պաշտպանության կոմիտե (CPJ) եւ այլ կազմակերպություններ իրենց եզրակացություններում արձանագրում էին, որ 2008 թվականին ՀՀ իրավապահ մարմինները խոչընդոտել են լրագրողների մասնագիտական գործունեությունը, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ահաբեկելու եւ բռնությունների դեպքերի անպատիժ մնալը հանգեցնում է ինքնագրաքննության եւ խոսքի ազատության սահմանափակման:

 

Մինչդեռ, 2009 թվականի առաջին կիսամյակում երկրում նմանատիպ իրավախախտումները պակաս չէին 2008 թվականից, որն այդ առումով, համենայն դեպս` վերջին տասնամյակում, աննախադեպ էր: 2009 թվականի հոկտեմբերի 20-ին «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակեց ԶԼՄ-ների ազատության իր հերթական վարկանիշերը: Հետազոտությունն անց էր կացվել 175 երկրներում եւ հիմնված էր 2008 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 2009 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակաշրջանի իրադարձությունների գնահատման վրա: Նախորդ հետազոտության արդյունքների համեմատ 9 կետով իր դիրքը զիջած (111-րդ տեղում հայտնված) Հայաստանի վարկանիշի շարունակական վատացումը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը բացատրում է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների փաստերով եւ քաղաքական լարվածությամբ, ինչը անբարենպաստ ազդեցություն է ունեցել ԶԼՄ-ների եւ ընդհանրապես հասարակության վրա:

 

Բռնությունների եւ լրագրողների ու ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների այլ ձեւերի բարձրակետը 2009 թվականի մայիսի 31-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակաշրջանում էր: Այս իմաստով իրավիճակը շատ բանով հիշեցնում էր 2008 թվականի նախագահական ընտրարշավը: Կրկին հաստատվեց տխուր օրինաչափությունը. ներքաղաքական իրավիճակի սրման ժամանակ ակտիվանում են ԶԼՄ-ների ազատության դեմ հարձակումները:

 

Ընդհանուր առմամբ 2009 թվականին լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքների ավելի քիչ խախտումներ են արձանագրվել, քան 2008-ին: Այսուհանդերձ, ընդհանուր իրավիճակը եւ միտումները չեն կարող տագնապ չհարուցել: Ինչպես վկայում է վիճակագրությունը (իբրեւ հիմք վերցված են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալները), նույնիսկ համեմատաբար հանգիստ տարում բավականին շատ են ընդդեմ լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավախախտումները: Ստորեւ ներկայացնում ենք 2008 եւ 2009 թվականների տվյալների համեմատական աղյուսակը.

 

Խախտումների տեսակները /տարեթիվ

2008

2009

Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններ

18

11

ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների վրա ճնշումներ

16

14

Տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներ

14

13

 

ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտման ձեւերի` մեր օգտագործած դասակարգումը որոշ չափով պայմանական է: Մասնավորապես, լինում են միջադեպեր, որոնց ժամանակ, օրինակ, տեղեկություններ ստանալուն եւ տարածելուն խոչընդոտելն ուղեկցվում է լրագրողի նկատմամբ բռնությամբ: Նման փաստերից յուրաքանչյուրը վերագրված է խախտման այն տեսակին, որին, զեկույցի հեղինակների կարծիքով, առավել է մոտ: Այսուհանդերձ, չնայած այդ պայմանականությանը, կիրառված դասակարգումը հնարավորություն է տալիս առավել կոնկրետ եւ ակնառու ներկայացնել լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների ընդհանուր պատկերը: Բացի վերը նշված իրավախախտումներից, մենք արձանագրել ենք նաեւ լրատվամիջոցների նկատմամբ քողարկված ճնշումների եւ/կամ ազատության ապօրինի սահմանափակումների դեպքեր, որոնք կարող են որակվել նաեւ իբրեւ թաքնված գրաքննության դրսեւորումներ:

 

Ինչպես եւ նախորդ տարիներին, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն նշում է, որ աղյուսակում բերված տվյալները սպառիչ չեն եւ չեն հավակնում բացարձակ ճշգրտության: Երկրում ստեղծված պայմանների պատճառով ԶԼՄ-ների ներկայացուցիչները հաճախ ձեռնպահ են մնում իրենց մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստերի հրապարակայնացումից, արհամարհում են իրենց հասցեին արված տարաբնույթ սպառնալիքները կամ  նախընտրում են ինքնուրույն լուծել ծագող պրոբլեմներն ու հաղթահարել ապօրինի սահմանափակումները: Այս իսկ պատճառով ԽԱՊԿ-ն վստահ է, որ լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքների խախտումների իրական քանակը զգալիորեն գերազանցում է արձանագրվածներին: Սույն զեկույցում մենք ներկայացնում ենք  հասարակական լայն արձագանք ստացած փաստերից առավել նշանակալիները:

 

Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններ

 

Հունվարի 16-ին Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ տեղի ունեցավ միջադեպ, որի ժամանակ տուժեց «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը: Լրագրողը լուսանկարում էր ակցիան` ի պաշտպանություն այսպես կոչված «Յոթի գործով» ամբաստանյալների (հիշեցնենք, որ այդ գործով դատավարություն էր ընթանում Լեւոն Տեր-Պետրոսյանի յոթ կողմնակիցների նկատմամբ. վերջիններիս ներկայացված էր «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ «պետական իշխանությունը յուրացնելու» մեղադրանք): Ոստիկաններից մեկը, նկատելով Շամշյանին, հարվածեց եւ տապալեց: Ընկնելիս Գագիկ Շամշյանը գլխով բախվեց երկաթե հենասյունին: Վերադառնալով «ՉԻ» խմբագրություն` Գագիկ Շամշյանն իրեն վատ զգաց եւ տեղափոխվեց  հիվանդանոց, որտեղ ռենտգեն հետազոտությամբ նրա մոտ ախտորոշվեց ուղեղի ցնցում: Գագիկ Շամշյանը տեղեկացրեց, որ ինքն ունի իրեն հարվածած ոստիկանի լուսանկարը: Հունվարի 19-ին լրագրողը հրավիրվեց Շենգավիթ համայնքի ոստիկանություն` ցուցմունքներ տալու համար: Ըստ տուժողի` քրեական գործ հարուցվեց, որը հետագայում կարճվեց «հանցակազմի բացակայության պատճառով»:

 

Փետրվարի 11-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում միջադեպ տեղի ունեցավ դատական կարգադրիչների եւ լրագրողների միջեւ: ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործով (հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանը մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն կիրառելու մեջ) նիստի ժամանակ դատական կարգադրիչները, դատավոր Ժորա Վարդանյանի հրահանգով, լրագրողներին առաջարկեցին հեռանալ նիստերի դահլիճից: Սրա հետ կապված լրագրողների եւ դատական կարգադրիչների միջեւ վեճ առաջացավ, որը վերածվեց քաշքշուկի: Դրա ընթացքում պատռվեց «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի բաճկոնը: Վերջինս ԽԱՊԿ-ին տեղեկացրեց, որ նույն օրն իսկ ինքը գրավոր բացատրություն է տվել Կենտրոն համայնքի ոստիկանությունում: Հարուցվեց քրեական գործ, իսկ բաճկոնն ուղարկվեց փորձաքննության` վնասի չափը որոշելու համար: Սակայն այս գործը շուտով կարճվեց` հանցակազմի բացակայության պատճառով: Վնասը գնահատվեց 2000 դրամ, ինչից Գագիկ Շամշյանը հրաժարվեց:

 

Մարտի 13-ին Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում ծեծի  ենթարկվեց «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը: Այդ օրը բուհի ուսանողները «Միասին» երիտասարդական հասարակական կազմակերպության գրասենյակի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում, որը լուսաբանելու համար այստեղ էին նաեւ մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Երբ ակցիայի մասնակիցները վերադարձան համալսարան, լրագրողները նույնպես որոշեցին մտնել շենք եւ հարցազրույց վերցնել ուսումնական հաստատության ղեկավարներից, սակայն նախասրահում նրանց կանգնեցրին բուհի անվտանգության աշխատակիցները: Այսուհանդերձ, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հաջողվեց ուսանողների հետ անցնել ներս եւ լուսանկարել: Այս առնչությամբ նրա եւ պահապաններից մեկի միջեւ բախում առաջացավ, եւ անվտանգության աշխատակիցները դաժանորեն ծեծեցին լրագրողին: Այստեղ գտնվող այլ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ուսանողներին եւ համալսարանի աշխատակիցներին հաջողվեց կասեցնել բռնությունը: Իսկ նախասրահ իջած բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանը խնդրեց լրագրողներին դուրս գալ շենքից եւ արդեն փողոցում պատասխանեց ուսանողական ակցիայի վերաբերյալ հարցերին: Այս հարցազրույցից հետո Գագիկ Շամշյանն իրեն վատ զգաց, եւ այլ ԶԼՄ-ների գործընկերները նրան օգնեցին հասնելու «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության գրասենյակ: Այստեղ լրագրողի վիճակն ավելի վատացավ, սկսվեց արյունահոսություն: Շամշյանին «Շտապ օգնության» ավոտմեքենայով տեղափոխեցին «Նաիրի» բժշկական կենտրոն: Բժիշկները նրա մոտ ախտորոշեցին միզուղիների վնասվածք եւ ներքին արյունահոսություն: Լրագրողին տեղավորեցին վերակենդանացման բաժնում, այնուհետեւ` նշանակեցին ստացիոնար բուժում: Մարտի 19-ին Գագիկ Շամշյանը դուրս գրվեց հիվանդանոցից:

 

Այս միջադեպի առնչությամբ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը, Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը եւ Հայաստանի հելսինկյան կոմիտեն հանդես եկան հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում էր. «Անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում է ծագել կոնֆլիկտը լրագրողի եւ համալսարանի ներքին անվտանգության աշխատակիցների միջեւ, դաժանությունը, որ դրսեւորել են վերջիններս, որեւէ արդարացում չի կարող ունենալ»:

 

Տեղի ունեցածի դատապարտմամբ հանդես եկան նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, մի շարք քաղաքական միավորումներ եւ հասարակական կազմակերպություններ:

 

Մարտի 14-ին Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորատի նիստում ընդունվեց հայտարարություն, որում Գագիկ Շամշյանի գործողությունները որակվեցին «ցինիկ, լրագրողին անհարիր»: Ըստ հայտարարության` Գագիկ Շամշյանը «ներխուժել է համալսարան` խանգարելով ուսումնական գործընթացը» եւ «նրա ապօրինի գործողությունների ընթացքում միջադեպ է տեղի ունեցել», որի հետեւանքով լրագրողը ստացել է մարմնական վնասվածք:

 

Համաձայն ՀՀ ոստիկանության 2009 թվականի մարտի 16-ի հաղորդագրության, Կենտրոն համայնքի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 164 («Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը») եւ 118 («Ծեծը») հոդվածներով: Մասնավորապես, հաղորդվում էր, որ բերման են ենթարկվել, ապա չբացակայելու ստորագրությամբ ազատ արձակվել լեզվաբանական համալսարանի պահպանության ղեկավարն ու երկու աշխատակիցները: Հուլիսի 14-ին քրեական հետապնդումը դադարեցվեց ՀՀ ԱԺ կողմից 2009 թվականի հունիսի 19-ին ընդունված համաներման ակտի կիրառմամբ:

 

Ապրիլի 8-ի երեկոյան, Երեւանի Հյուսիսային պողոտայում ընդդիմության բողոքի միջոցառման ժամանակ հարձակման ենթարկվեց «Ա1+» հեռուստաընկերության թղթակից Դավիթ Ջալալյանը: Վերջինս Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին տեղեկացրեց, որ ոստիկանները հարձակվել եւ ծեծել են իրեն, երբ փորձել է լուսանկարել ցուցարարների դեմ նրանց գործողությունները: «Ա1+»-ի խմբագրություն վերադառնալուց հետո Դավիթ Ջալալյանի ինքնազգացողությունը վատացավ: Նա տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ ստացավ բժշկական օգնություն: Միջադեպի կապակցությամբ լրագրողական մի շարք կազմակերպություններ (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Երեւանի մամուլի ակումբ, ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս» ՀԿ, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ) տարածեցին հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում էր. «Սա առաջին դեպքը չէ, որ լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքը ապօրինաբար խոչընդոտում են հենց  իրավապահները` վստահ լինելով, որ չեն պատժվի»: Հայտարարության հեղինակները նաեւ պահանջում էին ՀՀ ոստիկանության ղեկավարությունից` «նշանակել ծառայողական քննություն եւ պատասխանատվության ենթարկել այդ բռնությունը կատարած անձանց»:

 

Ապրիլի 30-ի լուսաբացին` ժամը 5-ին մոտ, Երեւանում, իր տան շքամուտքում դաժան ծեծի ենթարկվեց «Armenia Today» լրատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանը: Անհայտ անձինք փայտե մահակներով հարձակվեցին նրա վրա, երբ լրագրողը նույն շենքում տեղակայված իր գրասենյակից տուն էր վերադառնում: Արգիշտի Կիվիրյանը ծանր վիճակում, գլխի եւ մարմնի բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվեց «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Նույն օրը լրագրողական եւ իրավապաշտպան 11 հասարակական կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ, որում նշվում էր, որ հարցերը ծեծի ու բռնության միջոցով լուծելն արդեն հասարակական լուրջ սպառնալիքի է վերածվում, եւ որ` «պետական մարմիններն էլ արդյունավետ քայլեր չեն ձեռնարկում դիմակայելու դրան»: Փաստաթղթում նշվում էր նաեւ, որ «լրագրողների դեմ հարձակումների կատարողներն առայսօր դատարանի առջեւ չեն կանգնել»: Հայտարարության հեղինակները կոչ էին անում իրավապահ մարմիններին` հնարավորինս արագ բացահայտել հանցագործությունն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

 

Այս բռնության դատապարտմամբ հանդես եկան նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, երկրի խորհրդարանի պատգամավորներ, մի շարք կուսակցություններ: ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին նամակ հղեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որում նշեց, որ «լրագրողների դեմ բռնությունների գործերով արդյունքների բացակայությունը հանցագործների համար անպատժելիության մթնոլորտ է ստեղծում եւ կարող է ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ նոր բռնարարքներ սադրել»:

 

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը հաղորդագրություն տարածեց, որում նշվում էր, թե պետության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել իրավապահ մարմիններին:

 

Արգիշտի Կիվիրյանի վրա հարձակման փաստով ոստիկանությունը քրեական գործ հարուցեց ՀՀ Քրեական օրենսգրքի 117` «Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը» հոդվածով, ինչն արժանացավ իրավաբանների եւ իրավապաշտպան կազմակերպությունների խիստ քննադատություններին:

 

Հետագայում գործը հանձնվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթ, որտեղ այն վերաորակավորվեց ՀՀ ՔրՕր-ի 34-104 հոդվածով` սպանության փորձ: Հուլիսի 11-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող երկու անձանց նկատմամբ իբրեւ խափանման միջոց ընտրեց կալանքը: Նրանց մեղադրանք ներկայացվեց Արգիշտի Կիվիրյանի դեմ սպանության փորձի համար:

 

Մայիսի 6-ի երեկոյան բռնություն իրականացվեց «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանի նկատմամբ: Երկու անհայտ անձինք, դարանակալել էին լրագրողին իր տան մոտ, հարձակվել վրան, հարվածներ հասցրել, տապալել գետնին եւ դիմել փախուստի: Նվեր Մնացականյանը տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշեցին «թեթեւ մարմնական վնասվածքներ» եւ անհրաժեշտ օգնություն ցուցաբերեցին: Լրագրողը վստահաբար հայտարարեց, որ այդ միջադեպը առնչություն ունի իր մասնագիտական գործունեությանը:

 

Մայիսի 7-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը, ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը, «Ֆեմիդա» ՀԿ-ը, «Թիմ» հետազոտությունների կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Վանաձորի մամուլի ակումբը, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանդես եկան հայտարարությամբ, որում նշվում էր. «Հայաստանում լրագրողներին ահաբեկելն ու ծեծելն արդեն hասարակական աղետի են վերածվում»: Դատապարտելով Նվեր Մնացականյանի հանդեպ բռնությունը` 12 ՀԿ-ները ընդգծում էին, որ իրենց հայտարարությունը չպետք է ընկալվի միայն իբրեւ մեղավորներին բացահայտելու եւ պատժելու հերթական կոչ: «Միայն կոչերով բռնությունների ալիքին վերջ չի տրվելու. անհրաժեշտ են արմատական եւ արդյունավետ քայլեր: Իսկ այդ քայլերը պիտի անեն, առաջին հերթին իշխանությունները, իրավապահ մարմինները, որոնց անգործությունը, բոլոր նախորդ դեպքերը բացահայտելու անկարողությունն ավելի ու ավելի լկտի եւ սանձարձակ են դարձնում ազատ խոսքն իբրեւ նշանակետ ընտրած հանցագործներին»:

 

Երեւանի Մաշտոցի ոստիկանության բաժանմունքում Նվեր Մնացականյանի վրա հարձակման փաստով հարուցվեց քրեական գործ ՀՀ ՔրՕր-ի 113 հոդվածի 2-րդ մասի 3 կետով («Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը»): ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը օգոստոսի 21-ի մամուլի ասուլիսում  այս գործի կապակցությամբ հայտնեց, թե լրագրողը սխալմամբ է տուժել: Ըստ նրա` ծեծի ենթարկող երկու երիտասարդներից մեկը Նվերին շփոթել է իր սիրած աղջկա հոր հետ, եւ միջադեպին «Գրանդ Քենդի» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանի որդին որեւէ առնչություն չունի: Ոստիկանապետն ասաց նաեւ, թե նույնիսկ Նվեր Մնացականյանն է դա հաստատել: Սակայն հաջորդ օրն իսկ լրագրողը «Report..am» ինտերնետային հրատարակությանն ասաց. «Ես ցավում եմ, որ մեր իրավապահներն այդ վիճակում են: Եթե ոչ հրապարակային, բայց հարմար առիթների ժամանակ ես բազմիցս ասել եմ, որ դա նրանք են, իսկ ինձ հետապնդող մեքենան էլ եղել է «Գրանդ քենդիի» «նիվաներից»:

 

Ինչպես արդեն նշեցինք, միջադեպերի (այդ թվում` լրագրողների նկատմամբ բռնությունների) առավելագույն քանակություն արձանագրվել է մայիսի 31-ին` Երեւանի ավագանու ընտրությունների օրը:

 

Այսպես, Ժամը 10:30-ի սահմաններում  9/01 ընտրատեղամասում բախում տեղի ունեցավ Աժ պատգամավոր Լեւոն Սարգսյանի թիկնազորի եւ «Չորրորդ իշխանություն», «Հայք», «Ժամանակ» թերթերի թղթակիցների միջեւ: Պատգամավորը իր թիկնապահներին հրահանգել էր լրագրողներ Գոհար Վեզիրյանին, Տաթեւ Մեսրոպյանին եւ Մարինե Խառատյանին դուրս հանել տեղամասից: Փոխադարձ վիրավորանքներով եւ հայհոյանքներով ուղեկցված բախման ժամանակ «ՉԻ» թղթակից Գոհար Վեզիրյանը ծեծի ենթարկվեց, ընդ որում` հարվածել էին նրա դեմքին եւ փորին: Պատգամավորի թիկնապահները խլեցին նաեւ «Ժամանակ» թերթի լրագրող Մարինե Խառատյանի ձայնագրիչը եւ հեռախոսը: Երեք լրագրողներն էլ ստիպված լքեցին ընտրատեղամասը:

 

Ժամը 15-ի սահմաններում 8/01 ընտրատեղամասում բռնություն իրականացվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի արտահաստիքային թղթակից Արթուր Հովակիմյանի նկատմամբ: Երբ լրագրողը նկատել էր, որ ատլետիկ կազմվածքով երիտասարդների մի խումբ ցանկանում է լցոնումներ կատարել` սկսել էր նկարել: Երիտասարդները մոտեցել էին նրան, վզից պոկել խմբագրական վկայականը, խլել խցիկը եւ սպառնացել: Երբ Արթուր Հովակիմյանը ասել էր, թե դա իր աշխատանքն է, նրանցից մեկը պատասխանել էր© «Իմ գործն էլ քո գլուխը ջարդելն է»: Լրագրողը ստիպված է եղել լքել ընտրատեղամասը: Նրան վերադարձրել են խցիկը` նկարահանածը ջնջելուց հետո:

 

16:20-ի սահմաններում 8/05 ընտրատեղամասում հարձակման ենթարկվեցին «168 ժամ» թերթի լրագրող Արմինե Ավետյանը, «Tert.am» կայքի լրագրող Լիլիթ Թադեւոսյանը եւ Թրասնփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն կազմակերպության դիտորդ Սոնա Այվազյանը: Վերջիններս նկատել էին, որ տեղամաս մտած տղաների մի խումբ փորձում է քվեաթերթիկներ լցնել քվեատուփի մեջ: Սոնա Այվազյանը փորձել էր խոչընդոտել, իսկ` լրագրողները` լուսանկարել տեղի ունեցողը: Դրանից հետո այդ մարդիկ ոլորել էին լրագրողների եւ դիտորդի ձեռքերը, հեռացրել քվեատուփից ու լցոնում իրականացրել: Ըստ Արմինե Ավետյանի` իրենից խլեցին ֆոտոապարատը եւ ձայնագրիչը, բայց վարկաբեկիչ ոչինչ չգտնելով` վերադարձրեցին: Բախման ընթացքում լրագրողը թեթեւ վնասվածք ստացավ: Ըստ Լիլիթ Թադեւոսյանի` երբ ինքը փորձեց տեսնել, թե ինչ է կատարվում` իրեն էլ քաշքշեցին եւ թույլ չտվեցին նկարել:

 

Նույն օրը Ժամը 17:30-ի սահմաններում 7/25 ընտրական տեղամասում մի երիտասարդ հարձակվեց «Առավոտ» օրաթերթի թղթակից Նելլի Գրիգորյանի վրա: Վերջինս, տեսնելով, թե ինչպես է այդ երիտասարդը սպառնում ՀԱԿ-ի վստահված անձին, խցիկը ձեռքին մտել էր տեղամաս, փորձել նկարել: Սպառնացողը թողել էր վստահված անձին, բռնել լրագրողի շորերից, քաշքշել ու այդ ընթացքում գոռացել` «արա դու էս ո՞վ էս, ո՞վ ա քեզ թողել նկարես», այնուհետեւ խլել էր լրագրողի ֆոտոխցիկն ու փախել անհայտ ուղղությամբ: Ընտրատեղամասում կային էլի մի խումբ տղաներ, ովքեր այն բանից հետո, երբ լրագրողը հայտարարեց, որ խոչընդոտվել է իր մասնագիտական աշխատանքը, վազեցին այն ուղղությամբ, ուր փախել էր չարագործը: Ըստ Նելլի Գրիգորյանի` «Քիչ անց նրանք վերադարձան ֆոտոխցիկով, սակայն առանց հիշողության չիպի»:

 

Ընտրությունների հաջորդ օրը` հունիսի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունը տարածեց մամլո հաղորդագրություն, որով տեղեկացրեց, թե քրեական գործ է հարուցվել լրագրողների եւ դիտորդների նկատմամբ բռնությունների եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրատեղամասերում լցոնումների փաստերի առթիվ: Այսուհանդերձ, լրագրողների նկատմամբ իրավախախտումներ իրականացրած անձանցից ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց

 

Հունիսի 4-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսեց «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանի դեմ հարձակման գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ 2008 թվականի նոյեմբերի 18-ին երեք չարագործներ դարանակալել էին լրագրողին, ապա քարով հարվածել գլխին եւ ծեծել: Էդիկ Բաղդասարյանը «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց: Երեւանի Կենտրոնի ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔրՕր-ի 258-րդ հոդվածովԽուլիգանություն»): Մեղադրանք էր առաջադրվել Կարեն Հարությունյանին, որն էլ դատարանի առջեւ կանգնեց իբրեւ հարձակում գործածներից մեկը:

 

Այսուհանդերձ, նույն օրը «Հետաքննող լրագրողների» «Հետք» էլեկտրոնային թերթում տպագրված դատաքննությունը սկսելու մասին տեղեկատվության մեջ նշված է. «Իրավապահներն այդպես էլ չպարզեցին, թե 20-ամյա Կարեն Հարությունյանից բացի, ովքեր էին մյուս երկու անձինք, ովքեր անցյալ տարվա նոյեմբերի 17-ին հարձակվել էին «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի վրա, եւ ո±վ էր այդ հանցագործության պատվիրատուն: Կ© Հարությունյանը ոչ միայն ժխտել է միջադեպին իր մասնակցությունը, այլ ընդհանրապես հրաժարվել է ցուցմունք տալուց: Այնուամենայնիվ, նախաքննական մարմինն ապացուցված է համարել նրան առաջադրված («Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը») մեղադրանքը»:

 

Հունիսի 23-ին Կարեն Հարությունյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման:

 

Օգոստոսի 7-ին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Շիրակի մարզ կատարած այցելության  ժամանակ (նախատեսված էին նրա հանդիպումները «մարտի 1-ի» գործով կալանավորվածների հարազատների հետ) միջադեպ տեղի ունեցավ «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի հետ: Հայհոյանքներով լրագրողի վրա հարձակվեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը եւ փորձեց խլել լուսանկարչական խցիկը: Քաշքշոց սկսվեց, որը դադարեցվեց Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղեկցող Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամների եւ այլ ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջամտությունից հետո: Գագիկ Շամշյանի ենթադրությամբ Արարատ Զուրաբյանին բարկացրել էր կամ այն, որ ինքը առաջին նախագահի հետ կադրում չի հայտնվել, կամ էլ այն, որ լրագրողը ներկաներից մեկին առաջարկել է Տեր-Պետրոսյանի հետ լուսանկարվել Շիրակի մարզի դարպասների ֆոնին: Հաջորդ օրը լրագրողը բոյկոտեց ՀԱԿ-ի առաջարկը` լուսաբանել Վանաձոր կատարելիք նույնատիպ այցելությունը:

 

Միջադեպի մասին Գագիկ Շամշյանն ինքն է տեղեկացրել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի «թեժ գծի» հեռախոսով: Մյուս կողմի տեսակետին նույնպես ծանոթանալու համար ԽԱՊԿ-ն պաշտոնական նամակ հղեց Արարատ Զուրաբյանի հասցեով` խնդրելով բացատրել կատարվածի պատճառները: Սակայն ՀՀՇ ղեկավարը ինչպես այդ նամակին, այնպես էլ մի շարք ԶԼՄ-ների նույնատիպ հարցումներին այդպես էլ չպատասխանեց:

 

Ճնշումներ ԶԼՄ-ների եւ նրանց աշխատակիցների վրա

 

Ինչպես եւ նախորդ տարիներին` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է ԶԼՄ-ների եւ լրագրողների վրա տնտեսական, քաղաքական, իրավական եւ այլ լծակների օգտագործմամբ ճնշումներ գործադրելու բազմաթիվ փաստեր: Ընդսմին, աչքի է զարնում լրատվամիջոցներին եւ նրանց աշխատակիցներին առնչվող դատական գործերի առատությունը:

 

Հունվարի 14-ին, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման համաձայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Գյումրիի քաղաքապետարանի եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ի միջեւ` քաղաքային հեռուստաաշտարակն օգտագործելու վերաբերյալ վեճի դատաքննության նոր փուլը: Նշենք, որ այս գործով լսումները սկսվել էին դեռեւս 2008 թվականին եւ մարզային մասնավոր հեռուստակայանի դեմ իշխանությունների տոտալ ճնշումների բաղկացուցիչ մասն էին կազմում: Իսկ ճնշումները ծայր էին առել այն բանից հետո, երբ նախագահական ընտրարշավի ընթացքում հեռուստաընկերությունը պատրաստակամություն հայտնեց եթեր տրամադրել բոլոր թեկնածուներին ու նրանց ներկայացուցիչներին եւ հրաժարվեց ենթարկվել պետական կառույցների, տարբեր մակարդակի պաշտոնյաների պահանջներին ու սպառնալիքներին:

2008 թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի 2008 թվականի փետրվարի 29-ի վճիռը, ըստ որի «ԳԱԼԱ»-ի հիմնադիրը պետք է դադարեցներ քաղաքային հեռուստաաշտարակի շահագործումը եւ ապամոնտաժեր նրա վրա տեղակայված սարքավորումները: Գործը ուղարկվեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

 

Հունվարի 14-ի նիստում քաղաքային վարչակազմը դատարանին ներկայացրեց Գյումրիի ավագանու 2008 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը, որը քաղաքապետարանին թույլ էր տալիս աշտարակը հեռուստաընկերությանը վարձակալության տալ 1 տարի ժամկետով, 100000 դրամ ամսավճարով: «ՉԱՊ» ՍՊԸ ներկայացուցիչն իր հերթին նշեց, որ ընկերության սեփականատերը չի հրավիրվել ավագանու նիստին, որոշման մասին տեղեկացվել է միայն դատական նիստից մեկ օր առաջ` հունվարի 13-ին: Բացի այդ, ըստ «ՉԱՊ»-ի, վարձավճարն ակնհայտորեն բարձր է («ԳԱԼԱ»-ի հիմնադրի տվյալներով` հեռուստաաշտարակի հաշվեկշռային արժեքը 760 հազար դրամ է, եւ ստացվում է, որ տարեկան վարձավճարն այդ գումարին գերազանցում է համարյա 60 տոկոսով):

 

«ՉԱՊ»-ի ներկայացուցիչը դատարանին երկու միջնորդություն ներկայացրեց` «ԳԱԼԱ» հեռուստաընկերության կողմից քաղաքի մյուս հեռուստաաշտարակը շահագործելու վերաբերյալ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումից տեղեկանք պահանջելու մասին եւ դատաքննության առարկա հեռուստաշտարակի դատատեխնիկական փորձաքննության մասին: Դատարանը երկու միջնորդությունն էլ ընդունեց: Քննությունը պիտի շարունակվեր համապատասխան տեղեկանքները ստանալուց հետո, սակայն դրանք այդպես էլ դատարան չեն ներկայացվել եւ դատավարությունը չի վերսկսվել:

 

Միաժամանակ, 2008 թվականին քննված` հարկային ստուգումներին եւ հեռուստաընկերությանը պարտադրված 25 միլիոն 212 հազար դրամ տուգանքին առնչվող գործով, 2009 թ. մարտի 13-ին «ԳԱԼԱ»-ի հիմնադիրը հայց ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հիշեցնենք, որ հարկային ծառայության կազմած ակտը ընկերությունը փորձեց վիճարկել ՀՀ վարչական, ապա եւ` վերաքննիչ դատարաններում, սակայն ապարդյուն: Իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը գործը վարույթ չընդունեց: «ԳԱԼԱ»-ի հիմնադիրը ԵԴ ներկայացրած հայցը հիմնավորեց նրանով, որ խախտվել են խոսքի ազատության, արդար դատաքննության եւ սեփականության իր իրավունքները:

 

Փետրվարի 5-ին ՀՀ կառավարության շենքի մուտքի մոտ ՀՀ գյուղատնտեսության այն ժամանակվա նախարար Արամայիս Գրիգորյանը սպառնալիքներ տեղալով հարձակվեց «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի վրա: Լրագրողը լուսանկարում էր այստեղ հավաքված ցուցարարներին, ինչպես նաեւ` կառավարության նիստին ժամանող նախարարներին: Երբ Շամշյանը տեսել եւ լուսանկարել էր սպորտի եւ երիտասարդության հարցերի ու գյուղատնտեսության նախարարներին, վերջինս հանկարծակի բռնկվել եւ հարձակվել էր լրագրողի վրա` ասելով. «Արա, լակոտ, հերիք չի սաղիս թաքուն նկարես ու փախնես: Հեսա տես` քեզ ինչ օրն եմ գցելու»: Գյուղնախարարին զսպել էր սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը` ասելով, թե լրագրողն իր գործն է անում: Սակայն Արամայիս Գրիգորյանը չէր հանգստացել եւ սպառնացել էր, որ կառավարության նիստից վերադառնալուց հետո Շամշյանի հետ հաշիվներ կպարզի: Լրագրողը որոշեց սպասել նրան, սակայն նախարարը մեքենան կանչել էր մյուս մուտքի մոտ եւ հեռացել: Այս փաստը լուսաբանվեց «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերում, սակայն միջադեպը նախարարի համար ոչ մի հետեւանք չունեցավ:

 

Փետրվարի 19-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մերժեց «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ դիմումը` վճռաբեկ դատարանի երկու` 2004 թվականի փետրվարի 27-ի եւ 2004 թվականի ապրիլի 23-ի վճիռները վերանայելու մասին: Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 27-ին վճռաբեկ դատարանն անփոփոխ էր թողել ՀՀ Տնտեսական դատարանի նույն թվականի հունվարի 21-ի վճիռը, որով չէր բավարարվել «Մելտեքս» ՍՊԸ-ի հայցը` «Սինեմաքս» ՍՊԸ-ին 63-րդ դեցիմետրային հաճախականությամբ (որին հավակնում էր նաեւ «Ա1+»-ը) հեռարձակման լիցենզիա տրամադրելու մասին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումը չեղյալ համարելու մասին: Իսկ 2004 թվականի ապրիլի 23-ին վճռաբեկ դատարանն ուժի մեջ էր թողել Տնտեսական դատարանի մարտի 23-ի վճիռը, որով մերժվել էր «Մելտեքս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի` 2003 թվականի հունիսի 11-ին եւ հուլիսի 13-ին անցկացված մրցույթների արդյունքներով լիցենզիա չտրամադրելը պատշաճ ձեւով չհիմնավորելու համար:

 

Վճռաբեկ դատարան «Մելտեքսի» ներկա դիմումը պայմանավորված էր նոր հանգամանքներով, այն է` «Ա1+»-ի հիմնադիրն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2008 թվականի հունիսի 17-ի որոշմամբ, որով «Մելտեքս» ՍՊԸ-ին հեռարձակման արտոնագիր չտրամադրելը համարվել էր Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում: Այսուհանդերձ, վճռաբեկ դատարանը որոշեց, որ «Ա1+»-ի հիմնադրի վիճարկած դատական վճիռներն ընդունվել են 2004-ին գործող օրենսդրությանը համապատասխան եւ ենթակա չեն վերանայման: «Մելտեքս» ՍՊԸ-ը դիմեց ՀՀ Սահմանադրական դատարան` պահանջելով հակասահմանադրական ճանաչել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204/28 հոդվածի 1-ին մասը, որը թույլ չի տալիս ՀՀ քաղաքացիներին օգտվել արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից: Հենց հիշյալ դրույթն էր վճռաբեկ դատարանի ընդունած որոշման հիմք հանդիսացել: Դեկտեմբերի 15-ին կայացած նիստում ՀՀ Սահմանադրական դատարանը գործի լսումը հետաձգեց մինչեւ 2010 թվականի փետրվարի 23-ը:

 

Փետրվարի 24-ին «Հայկական ժամանակ» օրաթերթը տպագրեց «Հիմա էլ` ՌՈ-ն»  եւ «Նոր ժուչոկ էի±ք տեղադրում» հրապարակումները, որոնցում տեղեկացվում էր, որ փետրվարի 21-ին Երեւանի Մայիսի 9-ի փողոցում ձերբակալվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի տպագրման պատասխանատու Հրաչ Հակոբյանը: Վերջինս տեղափոխվել էր Ռազմական ոստիկանություն, որտեղ նրան պահել էին շուրջ 9 ժամ` փորձելով պարզել, թե նա կապվա±ծ չէ, արդյոք, հետախուզման մեջ գտնվող ինչ-որ անձնավորության հետ: Հակոբյանից առգրավել էին անձնական իրերը, այդ թվում` խմբագրության դռան բանալին եւ բջջային հեռախոսը: Ներկայացնելով տեղի ունեցածի այլ փաստեր եւս` «Հայակական ժամանակը» ենթադրում էր, թե` «ուժային կառույցները «ՀԺ»-ի դեմ ուղղված, նախապես ծրագրավորված համատեղ ինչ-որ օպերացիա են իրականացրել»:

 

Փետրվարի 25-ին Երեւանի Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ միջադեպ  տեղի ունեցավ. քրեական հետախուզության բաժանմունքի ղեկավար Տիգրան Մուրադյանը փորձեց ճնշում գործադրել «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի նկատմամբ: Լրագրողը լուսանկարել էր ընդդիմադիր գործիչ Լյովա Եղիազարյանին բերման ենթարկելու պահը: Այստեղ ժամանած ՀՀ ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանին եւ Արմեն Մարտիրոսյանին, ինչպես նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբին ոստիկաններն ասել էին, թե իրենց մոտ նման մարդ բերման չի ենթարկվել: Երբ Գագիկ Շամշյանը ներկաներին ցույց էր տվել իր նկարած կադրերը, քրեական հետախուզության բաժանմունքի ղեկավար Տիգրան Մուրադյանը հայհոյելով հարձակվել էր լրագրողի վրա` սպառնալով ջարդուփշուր անել ֆոտոխցիկը: ՀՀ ԱԺ պատգամավորները տեղի ունեցածի մասին հայտնեցին բաժնի պետին, որը լրագրողից ներողություն խնդրեց իր ենթակայի գործողությունների համար:

 

Մարտի 20-ին պատիժը կրելուց պայմանական-վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը մերժեց «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու մասին «Էրեբունի» ՔԿՀ-ի միջնորդությունը: Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը դատապարտվել էր 3,5 տարվա ազատազրկման` փաստաթղթեր կեղծելու միջոցով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով: Մարտի 23-ին հրապարակվեց «Առավոտ» «Հայք», «Հրապարակ», «Տարեգիր», «Չորրորդ իշխանություն», «168 ժամ», «Հայկական ժամանակ», «ժամանակ» թերթերի, «Ա1+» հեռուստաընկերության, «Lragir.am» ցանցային հրատարակության ղեկավարների հայտարարությունը, որով կասկածի տակ էր առնվում հիշյալ հանձնաժողովի որոշման օրինականությունը: Մարտի 24-ին հայտարարությանը միացավ նաեւ «Ազգ» թերթը: Արման Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությունները մերժվել են 4 անգամ: Նույն հանձնաժողովը «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագրին վաղաժամկետ ազատ արձակեց օգոստոսի 4-ին:

 

Մարտի 24-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի գործով դատավարությունը: Վերջինս մեղադրվում էր ՀՀ ՔրՕր-ի 343` «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը» հոդվածով: Հիշեցնենք, որ 2008 թվականի օգոստոսի 5-ին նույն դատարանում քննվող Սմբատ Այվազյանի գործով դատավարության ժամանակ, այն լուսաբանելու մտադրություն ունեցող լրագրողին դատավոր Գագիկ Ավետիսյանի կարգադրությամբ դուրս էին տարել, փակել նույն շենքի նկուղում, ապա` տեղափոխել Կենտրոնի ոստիկանություն, որտեղ պահել էին երկու ժամից ավել: Ֆոտոլրագրողի դեմ քրեական գործը հարուցվել էր սեպտեմբերին, իսկ մեղադրանքն առաջադրվել էր 2008 թվականի դեկտեմբերի 24-ին:

 

2009 թվականի ապրիլի 17-ին դատարանը հրապարակեց վճիռը, ըստ որի` Գագիկ Շամշյանը դատապարտվեց 350 հազար դրամ տուգանքի: Ֆոտոլրագրողը բողոքարկեց այդ վճիռը, սակայն քրեական գործերով վերաքննիչ դատարանը հունիսի 15-ի որոշմամբ այն թողեց անփոփոխ:

 

Մեկ ամիս անց քրեական գործերով վերաքննիչ դատարանը Գագիկ Շամշյանի նկատմամբ կիրառեց «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2009 թվականի հունիսի 19-ի որոշումը: Ֆոտոլրագրողը, որն իրեն մեղավոր չի համարում, դիմեց վճռաբեկ դատարան եւ ՀՀ դատախազություն` պահանջելով չեղյալ համարել իր նկատմամբ համաներման կիրառումը: 2009 թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքի հիման վրա վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատը բեկանեց համաներում կիրառելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը լրագրողից պահանջեց վճարել տուգանքը: Շամշյանը երկու մասնաբաժնով (200 հազար եւ 150 հազար դրամ) մուծեց տուգանքը եւ փաստաթղթեր է նախապատրաստում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար:

 

Մարտի 31-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «Չորրորդ իշխանություն» թերթի թղթակից Գոհար Վեզիրյանի գործով դատավարությունը: Վերջինս մեղադրվում էր ՀՀ ՔրՕր-ի 343` «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը» հոդվածով: Հիշեցնենք, որ 2008 թվականի օգոստոսի 6-ին նույն դատարանում Սմբատ Այվազյանի հիշյալ գործով դատավարության ժամանակ, այն լուսաբանելու համար այդտեղ գտնվող լրագրողին դատավոր Գագիկ Ավետիսյանի կարգադրությամբ դուրս էին տարել, փակել մեղադրյալների համար նախատեսված սենյակում, ապա` տեղափոխել Կենտրոնի ոստիկանություն, որտեղ պահել էին ավելի քան երկու ժամ: «ՉԻ» լրագրողի դեմ քրեական գործը հարուցվել էր սեպտեմբերին, իսկ մեղադրանքն առաջադրվել էր 2008 թվականի դեկտեմբերի 24-ին:

 

2009 թվականի մայիսի 14-ին դատարանը Գոհար Վեզիրյանին մեղավոր ճանաչեց հիշյալ հոդվածով եւ դատապարտեց 350 հազար դրամ տուգանքի:

 

Հուլիսի 3-ին քրեական գործերով վերաքննիչ դատարանը, հիմնվելով լրագրողի դիմումի վրա, բեկանեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը եւ Գոհար Վեզիրյանի նկատմամբ կիրառեց «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2009 թվականի հունիսի 19-ի որոշումը:

 

Ապրիլի 23-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ընդդեմ «Հայկական ժամանակ» թերթի (քանի որ թերթը իրավաբանական անձ չէ եւ չի կարող իբրեւ պատասխանող հանդես գալ, հետագայում այդպիսին ճանաչվեց թերթի հիմնադիրը` «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն )` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու` Լեւոն Քոչարյանի հայցի քննությունը: Հայցի պատճառ էր դարձել «Հայկական ժամանակ» թերթում 2009 թվականի փետրվարի 6-ին հրապարակված «Ռոբերտիչի արկածները Դուբայում» հոդվածը, որում խոսվում էր 2008 թվականի վերջին Դուբայի  (ԱՄԷ) ոստիկանության կողմից Լեւոն Քոչարյանին ձերբակալելու մասին: Հայցվորը պահանջում էր հերքել իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները եւ հատուցել իրեն հասցված նյութական եւ բարոյական վնասը` 16 մլն 120 հազար ՀՀ դրամի չափով:

 

Հունիսի 5-ին դատարանը հրապարակեց վճիռը, համաձայն որի հայցը բավարարվեց մասնակի. թերթին պարտավորեցվեց հերքում հրապարակել, հայցվորին վճարել 3 մլն 620 հազար դրամ եւ փոխհատուցել դատարան դիմելու պետտուրքը` 72 հազար դրամ:

 

Թերթի հիմնադիրը բողոքով դիմեց վերադաս դատական ատյան: Սեպտեմբերի 11-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանում սկսվեց, իսկ սեպտեմբերի 17-ին շարունակվեց այդ բողոքի քննությունը, իսկ հոկտեմբերի 2-ին հրապարակվեց որոշումը, որով «Հայկական ժամանակ» թերթի հիմնադրի բողոքը մասնակիորեն բավարարվեց. վերաքննիչ քաղաքացիական դատարանը տուգանքի չափը կրճատեց 620 հազար դրամով: Այսուհանդերձ, թերթի հիմնադիրը, որը համոզված է իր անմեղության մեջ, հոկտեմբերի 27-ին դիմեց վճռաբեկ դատարան:

 

Հուլիսի 10-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Իջեւանի քաղաքապետարանն ընդդեմ «Հետք» ինտերնետային հրատարակության հիմնադիր «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի գործով վճիռը` մերժելով քաղաքապետարանի հայցը: Այս գործով քննությունը սկսվել էր 2008 թվականի սեպտեմբերի 29-ին Երեւանի քաղաքացիական դատարանում: Հայցվորը պահանջում էր հերքել իրենց կարծիքով Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող տեղեկությունները: Ըստ հայցվորի նման տեղեկություններ էին պարունակում «Հետքի» 2008 թվականի մայիսի 5-ի համարի «Ո±ւմ գրպանն են մտնում ավազահանքի փողերը» եւ հունիսի 23-ի համարի «Երեք հանձնաժողովները «կտեսնե±ն» ջրամբարի ավազի անօրինական շահագործումը» հոդվածները, որոնք հետո արտատպվել էին «Ազգ» թերթի համապատասխանաբար մայիսի 20-ի եւ հուլիսի 9-ի «Թափանցիկ տեղական ինքնակառավարում» հավելվածներում: Հերքումից բացի, հայցվորը պատասխանողից պահանջում էր նաեւ փոխհատուցել փաստաբանական ծառայությունների գումարը` 930 հազար դրամի չափով:

 

Հետագայում` երկրում դատական բարեփոխումների հետ կապված, գործը փոխանցվեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան, որն էլ հուլիսի 10-ին վճիռ կայացրեց` հայցվորի պահանջը համարելով չհիմնավորված: Սակայն Իջեւանի քաղաքապետարանը բողոք ներկայացրեց վերադաս դատական ատյան, եւ նոյեմբերի 13-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը եւ գործը ուղարկեց լրացուցիչ քննության:

 

Հուլիսի 13-ին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մոտ 30 ԶԼՄ-ների եւ լրագրողական կազմակերպությունների ղեկավարներ հանդես եկան հայտարարությամբ` ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի: Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտից Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարված` մարտի 1-ի իրադարձություների համար հարուցված քրեական գործի շրջանակներում: 2009 թվականի հուլիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը կամավոր ներկայացավ իրավապահ մարմիններին: Նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քրօր-ի 225 («Զանգվածային անկարգությունները»), 316 («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») եւ 225 պրիմԱնօրինական հրապարակային միջոցառում կամ այլ հրապարակային միջոցառում կազմակերպելը, անցկացնելը») հոդվածներով: Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իբրեւ խափանման միջոց ընտրվեց կալանքը:

 

Հայտարարության մեջ ընդգծվում էր, որ Փաշինյանի նկատմամբ պետք է կիրառվի ՀՀ Աժ 2009 թվականի հունիսի 19-ի որոշմամբ հայտարարված համաներումը (ըստ դրա` հետախուզման մեջ գտնվողների նկատմամբ համաներումը կիրառելի է, եթե հետախուզվողները մինչեւ հուլիսի 31-ը կամովին ներկայանան իրավապահ մարմիններին): ԶԼՄ-ների եւ լրագրողական միավորումների ղեկավարները կոչ էին անում իշխանություններին` փոխել խափանման միջոցը եւ առաջադրված մեղադրանքի շրջանակներում նախաքննությունն իրականացնել նրա ազատության պայմաններում: Հայտարարության հեղինակները նաեւ պատրաստակամություն էին հայտնում օրենքով սահմանված կարգով հանդես գալ որպես «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի ազատության երաշխավոր:

 

Այսուհանդերձ, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 28-ին երկու ամսով երկարաձգեց Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցը, իսկ հոկտեմբերի 20-ին սկսվեց դատաքննությունը: 2009 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ այն դեռ չէր ավարտվել: Ընդսմին, դատարանը չփոխեց խափանման միջոցը նույնիսկ այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ին գրանցվեց իբրեւ Երեւանի թիվ 10 ընտրատարածքից ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու:

 

Սեպտեմբերի 24-ին Երեւանի Ավան եւ Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց  «Ռադիո Հայ»-ի հիմնադիր «Ռադիո Հայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ Աժ պատգամավոր Ստեփան ՍաֆարյանիԺառանգություն» խմբակցություն) հայցի դատաքննությունը: Հայցվորը պահանջում էր հերքել «Ռադիո Հայ»-ի գործարար համբավը արատավորող հայտարարությունները եւ ներողություն խնդրել: Հայցի առիթ է հանդիսացել «Հրապարակ» օրաթերթի 2009 թվականի օգոստոսի 20-ի համարում Ստեփան Սաֆարյանի արտահայտած այն միտքը, թե ռադիոկայանը, պատրաստելով եւ հուլիսի 30-ին ու 31-ին եթեր հեռարձակելով «Հայկական անդրադարձ» ծրագիրը, կատարել է Սերժ Սարգսյանից եւ/կամ նախագահականից իջեցված պատվեր: Դատաքննությունն ընթացքի մեջ է եւ կշարունակվի 2010 թվականին:

 

Հոկտեմբերի 13-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ընդդեմ «Հրապարակ» թերթի հիմնադիր «Հրապարակ» օրաթերթ» ՍՊԸ-ի` Հայաստանի հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի` պատվի եւ արժանապատվության պաշտպանության մասին հայցի քննությունը: Հայցվորը պահանջում է թերթից հերքել հրապարակած տեղեկությունը եւ իրեն վճարել 5 միլիոն դրամ` որպես հասցված բարոյական վնասի հատուցում եւ 2 միլիոն դրամ` իբրեւ փաստաբանի ծառայությունների փոխհատուցում: Դատական վեճի առարկա են դարձել օրաթերթի հուլիսի 18-ի համարում Հրաչ Քեշիշյանի մասին տպագրված «Ժը տեմ, ժը տեմ» հոդվածն ու լուսանկարները, որոնք, ըստ թերթի, վերցված են Քեշիշյանի անձնական կյանքին վերաբերող տեսաերիզից: Ռեժիսորը պնդում է, որ այդ տեսաերիզի «հերոսը» ինքը չէ, եւ թերթի հրապարակած նյութը արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը: Նիստում դատարանը սահմանեց ապացույցների հետեւյալ կարգը. հայցվորը պետք է ապացուցի, որ հրապարակումը արատավորել է իր պատիվը եւ հիմնավորի պահանջվող գումարի չափը: Իսկ պատասխանողը պետք է ապացուցի տեղեկատվության համապատասխանությունն իրականությանը:

 

Նոյեմբերի 6-ի փակ նիստում տեղի ունեցավ տեսաերիզի դիտումը, որից հետո այն ուղարկեցին փորձաքննության` որպեսզի նույնականացվի այնտեղ պատկերված տղամարդու ինքնությունը: Որոշվեց, որ քննությունը կշարունակվի այն բանից հետո, երբ «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը դատարան կներկայացնի իր եզրակացությունը:

 

Դեկտեմբերի 3-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում սկսվեց ընդդեմ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայցի լսումը: Հայցի առիթ էր դարձել 2008 թվականին Երեւանում «Կովկասի ինստիտուտի» հրատարակած «Կովկասյան հարեւանություն© Թուրքիան եւ Հարավային Կովկասը» վերնագրով ռուսալեզու գիրքը, որում, ի թիվս այլ հոդվածների, զետեղված է նաեւ թուրք Այբարս Գյորգյուլուի «Թուրքիա-Հայաստան հարաբերություններ© հավերժական փակուղի±» հոդվածը: Դրա հեղինակը, ըստ հայցվորի, անդրադառնալով Օսմանյան կայսրությունում 1893-1923 թթ© Հայոց ցեղասպանությանը, այդ պատմական փաստը վիճարկման եւ կասկածի է ենթարկել ինչպես բացահայտ հայտարարություններով, այնպես էլ ցեղասպանություն տերմինը չակերտների մեջ գործածելով:

 

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը պահանջում էր դատարանից` պատասխանողին պարտավորեցնել մի շարք թերթերով հերքելու Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակումը, արգելել ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումը իսկ հասցրած բարոյական վնասի դիմաց գանձել խորհրդանշական 1 դրամ գումար: Դեկտեմբերի 4-ի նիստում դատարանը բավարարեց  պատասխանող կողմի միջնորդությունը` կարճելով գործի վարույթը` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:

 

Դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովում միջադեպ տեղի ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանի եւ «Հայք» օրաթերթի թղթակից Արման Գալոյանի միջեւ: Պատգամավորին զայրացրել էր օրաթերթի դեկտեմբերի 3-ի համարում հրապարակված «Խեղճը որտեղից իմանա» հոդվածը: Գագիկ Մելիքյանը  լրագրողին հրավիրեց ՀՀԿ խմբակցության սենյակ` հոդվածի վերաբերյալ հաշիվներ պարզելու համար: Այստեղ պատգամավորը հարձակվեց թղթակցի վրա, հայհոյեց, քաշքշեց նրան եւ սպառնաց ֆիզիկական հաշվեհարդար տեսնել: Միջադեպը հարթվեց այլ պատգամավորների միջամտությունից հետո:

 

Տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներ

 

Լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքների` այս բաժնում ներկայացված խախտումների շրջանակը շատ լայն է եւ ընդգրկում է տեղեկություններ չտրամադրելու եւ/կամ մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստերից մինչեւ թերթերի տարածմանը խանգարելու նպատակով ամբողջ տպաքանակի գնում:

 

Հունվարի 9-ին «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Չորրորդ իշխանություն», «Տարեգիր», «ժամանակ» թերթերի, «Ա1+» հեռուստաընկերության թղթակիցները տարածեցին հայտարարություն (հետագայում դրան միացավ նաեւ «Հրապարակ» թերթի խմբագրությունը)` այսպես կոչված «7-ի գործը» (խոսքը վերաբերում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող 7 ընդդիմադիր գործիչների դատավարությանը) լուսաբանող լրագրողների համար ստեղծվող արհեստական խոչընդոտների առնչությամբ: Փաստաթղթում ընդգծվում էր, որ դատավարության առաջին օրը, նիստը նախագահող դատավորը «դատավարության բոլոր կողմերի համաձայնությամբ, որոշում ընդունեց որեւէ կերպ չսահմանափակել ԶԼՄ ներկայացուցիչների գործունեությունը` կապված դատական նիստի լուսաբանման հետ, եւ գտնվելով դատարանի դահլիճում, կատարել ձայնագրություններ, տեսագրություններ ու լուսանկարել»: Սակայն, ինչպես նշվում էր հայտարարության մեջ, հետագա երեք նիստերին դատական կարգադրիչներն արգելեցին լրագրողներին մտնել դահլիճ` նախ պատճառաբանելով, թե դատարանի դահլիճում տեղ չկա, ապա` մատնացույց արեցին լրագրողների համար շենքի երկրորդ հարկում հատկացված աշխատանքային սենյակը, որտեղ տեղադրված մոնիտորների միջոցով լրագրողներին առաջարկվում էր հետեւել դատավարության ընթացքին: Լրագրողների վկայությամբ, դատավարությունը հաճախ ընթանում է կիսադատարկ դահլիճում, իսկ իրենց պնդումները, որ մոնիտորներից անհնար է որակյալ տեսա եւ ֆոտո նկարահանումներ կատարել, ինչպես նաեւ` ընկալել դահլիճում տիրող մթնոլորտը, անարձագանք են մնում: Ստեղծված իրավիճակը գնահատելով որպես լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքի խոչընդոտում եւ ՀՀ Սահմանադրության ու «Զանգվածային լրատվության մասին» օրենքի խախտում` հայտարարության հեղինակները պատկան մարմիններին կոչ էին անում ապահովել բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ եւ չսահամանափակել դատավարության ընթացքի վերաբերյալ լիարժեք ու բազմակողմանի տեղեկատվություն ստանալու ԶԼՄ-ների եւ հասարակության իրավունքը:

 

Մարտի 23-ին ՀՀ վարչական դատարանը հրապարակեց ընդդեմ Երեւանի Նոր Նորք համայնքի վարչակազմի` Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) հայցի վերաբերյալ վճիռը: ԻԱԿ-ը դատարանից պահանջել էր Նոր Նորքի թաղապետարանի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչել, վերջինիս հնգօրյա ժամկետում տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնել, Նոր Նորք թաղային համայնքի ղեկավարին 50©000 դրամ տուգանքի չափով վարչական պատասխանատվության ենթարկել, ինչպես նաեւ` Նոր Նորք համայնքից հօգուտ ԻԱԿ-ի բռնագանձել 4©000 դրամ` որպես պետական տուրքի գումար:

 

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2008թ© օգոստոսի 1-ին տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղարկել Նոր Նորքի թաղային համայնքին` խնդրելով տրամադրել տեղեկություններ, թե Նոր Նորք համայնքին սեփականության իրավունքով քանի± բնակարան է պատկանում, դրանց հասցեները, ինչպես նաեւ` չսեփականաշնորհված բնակարաններից բնակիչներին վտարելու դատական վիճակագրությունը: Պատասխան չստանալով` ԻԱԿ-ը դիմել էր դատարան: Այս գործով դատավարությունը սկսվեց 2009 թվականի հունվարի 26-ին: Փետրվարին թաղապետարանը տրամադրեց հարցվող տեղեկությունները եւ մարտի 6-ին քննվեցին հայցի մյուս երկու պահանջները` թաղապետին տուգանելու եւ ծախսերի փոխհատուցման մասով: Մարտի 23-ին դատարանը մասնակիորեն բավարարեց հայցը` Նոր Նորք համայնքին պարտավորեցնելով փոխհատուցելու 4©000 դրամ պետական տուրքի գումարը:

 

Հունիսի 1-ին Աշտարակ-Երեւան մայրուղում ճանապարհային ոստիկանությունը խոչընդոտեց «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի աշխատանքը` նրան բռնի նստեցնելով ավտոմեքենա եւ թույլ չտալով  լուսանկարել, թե ինչպես է արգելվում մարզերից ընդդիմության հանրահավաքին ժամանող մարդկանց ու մեքենաների մուտքը մայրաքաղաք: Այս մասին լրագրողը հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի «թեժ գծի» հեռախոսով: ԽԱՊԿ-ն իր հերթին տեղի ունեցածի մասին հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին: Որոշվեց միջադեպի վայր ուղարկել արագ արձագանքման համատեղ խումբ, ինչի մասին թղթակիցը տեղեկացրեց իրեն պահող ոստիկաններին: Վերջիններս Շամշյանին բաց թողեցին, սակայն այդպես էլ թույլ չտվեցին լուսանկարել:

 

Հուլիսի 2-ին ՀՀ վարչական դատարանում (Էջմիածնի նստավայր) սկսվեց ընդդեմ Արմավիրի մարզի Տալվորիկի գյուղապետարանի` Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցի քննությունը: ԻԱԿ-ը Տալվորիկի գյուղապետարանից պահանջել էր համայնքի 2008թ© բյուջեի պատճեն, դրա կատարման հաշվետվությունը, ինչպես նաեւ` 2008թ© 2-րդ կիսամյակի ընթացքում հողհատկացումների վերաբերյալ համայնքի ավագանու կայացրած որոշումների պատճեները: Հուլիսի 9-ի նիստի ժամանակ համայնքապետը դատարանում ԻԱԿ-ի ներկայացուցչին առձեռն հանձնեց պահանջված տեղեկատվությունը:

 

Հուլիսի 6-ին ՀՀ վարչական դատարանի (Վեդիի նստավայր) նիստում քննվեց ԻԱԿ-ի նմանատիպ հայցն ընդդեմ Ելփինի գյուղապետարանի (Վայոց Ձորի մարզ): Այստեղ էլ գյուղապետարանը տրամադրեց ԻԱԿ-ի պահանջած տեղեկատվությունը 2008 թվականի բյուջեի եւ դրա կատարման հաշվետվության մասին: Միաժամանակ, վարչական դատարանը վճռեց տեղեկատվություն չտրամադրելու համար գյուղապետ  Խորեն Ավետիսյանին տուգանել 50 հազար դրամով: ԻԱԿ-ն այս որոշումը գնահատեց իբրեւ աննախադեպ ՀՀ դատական պրակտիկայում. առաջին անգամ տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման համար պաշտոնատար անձը պատժվեց:

 

Հուլիսի 4-ին մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ զրկվեցին Հայաստանի գրողների միության համագումարը լուսաբանելու հնարավորությունից: Այդ կազմակերպության ղեկավար Լեւոն Անանյանի նախաձեռնությամբ հավատարմագրում էր նախատեսվել, ինչը նախկինում երբեք չէր եղել եւ ինչը անհավասար պայմաններ էր ստեղծել լրատվամիջոցների համար: ԳՄ շենք մտնելու թույլտվություն չստացած լրագրողների կարծիքով, այս կարգն օգտագործվեց` համագումար չթողնելու համար այն ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, որոնք քննադատորեն էին լուսաբանում Գրողների միության ներքին անառողջ մթնոլորտը, սկանդալներն ու գզվռտոցները: Ինքը` Լեւոն Անանյանը, իր բազմաթիվ հարցազրույցներում լրագրողներին ի պատասխան նշել է, թե ոչ մի դատապարտելի բան տեղի չի ունեցել, պարզապես բոլորը չէ, որ ժամանակին հավատարմագրվել են: Այսուհանդերձ, հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ ԳՄ ղեկավարը չդիմացավ ու իր բողոքը հայտնեց, թե որոշ ԶԼՄ-ներ «քիթները խոթում են կազմակերպության ներքին խնդիրների մեջ»:

 

Հուլիսի 9-ին ՀՀ վարչական դատարանում սկսվեց  Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն ընդդեմ ՀՀ նախագահի աշխատակազմի հայցով դատական գործի լսումը: Հայցվորը պահանջում էր պարտավորեցնել ՀՀ նախագահի աշխատակազմին` իրեն տրամադրել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն գրության պատճենը, որով վերջինս 2008 թվականի մարտին պատասխանել էր ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ջոն Դանիլովիչի նամակին:

 

Հիշեցնենք, որ դեռեւս 2008 թվականի հունիսի 4-ին Լեւոն Բարսեղյանը  ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված կարգով գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ նախագահի  աշխատակազմի այն ժամանակվա ղեկավար Հովիկ Աբրահամյանին` խնդրելով Ռոբերտ Քոչարյանի նամակի պատճենը, սակայն պատասխան չէր ստացել: Նույնաբովանդակ երկրորդ հարցումը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը մերժել էր: Մերժում էր ստացվել նաեւ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունից, որին բողոքով դիմել էր Լեւոն Բարսեղյանը:

 

Հուլիսի 9-ի դատականի նիստին ՀՀ նախագահի աշխատակազմից որեւէ մեկը չէր ներկայացել: Դատարան ուղարկված հայցի պատասխանում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը տեղեկատվության տրամադրումից իրենց հրաժարումը բացատրել էր այն պատճառաբանությամբ, թե Ռոբերտ Քոչարյանի նամակը Ջոն Դանիլովիչին տեղեկություն չէ: Կարեն Կարապետյանը դատարանից խնդրել էր նաեւ` գործը քննել առանց իրենց մասնակցության: Հոկտեմբերի 9-ին ՀՀ վարչական դատարանը հրապարակեց վճիռը, որով մերժեց Լեւոն Բարսեղյանի հայցն ընդդեմ ՀՀ նախագահի աշխատակազմի: Լեւոն Բարսեղյանը բողոք ներկայացրեց ՀՀ վճռաբեկ դատարան, որը նոյեմբերի 25-ի որոշմամբ այն վերադարձրեց հայցվորին: «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը ԽԱՊԿ-ին ասաց, որ տեղեկատվություն ստանալու իր իրավունքը պաշտպանելու համար դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

 

Օգոստոսի 6-ին ոստիկանության Գյումրիի բաժնի պետ Շիրակ Շահնազարյանը խոչընդոտեց  Գյումրու «Լաչինի միջանցք» կոչվող շուկայի առեւտրականների բողոքի ակցիան լուսաբանող «Շանթ» տեղական հեռուստաստուդիայի օպերատորի եւ լրագրողի աշխատանքը: Այս միջադեպի մասին սյուժեն ցուցադրվեց հեռուստաընկերության երեւանյան ստուդիայի «Հորիզոն» լրատվական ծրագրում: Մասնավորապես` գնդապետ Շահնազարյանը ափով փակեց հեռուստախցիկի օբյեկտիվը, այնուհետեւ խցիկն ու շտատիվը խլելով օպերատորի ձեռքից տեղափոխեց մի կողմ:

 

Ոստիկանի գործողությունները որակելով իբրեւ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ եւ ՀՀ ՔրՕր-ի 164 («Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը») հոդվածների խախտում` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն պաշտոնական նամակով դիմեց ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին` խնդրելով տեղեկացնել, թե ՀՀ ոստիկանությունն իրականացրե±լ է, արդյոք, ծառայողական քննություն այս փաստի առիթով, եւ եթե այո, ապա  ի±նչ արդյունքներ է այն ունեցել: Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբն իր հերթին հաղորդում ուղարկեց ՀՀ դատախազություն: ԽԱՊԿ հարցմանն ի պատասխան ՀՀ ոստիկանության շտաբի պետ Է. Ղազարյանը տեղեկացրեց, որ միջադեպի վերաբերյալ որոշում կկայացվի ՀՀ հատուկ քննչական ծառայության պատրաստած բոլոր նյութերը քննելուց հետո: Հուլիսի 29-ին «Առավոտ» օրաթերթում տեղեկատվություն հրապարակվեց, որ ոստիկանության Գյումրիի բաժնի պետ Շիրակ Շահնազարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 

Օգոստոսի 21-ին «Հայկական ժամանակ» թերթը տեղեկացրեց, որ 2009 թվականի օգոստոսի 20-ին ինչ-որ մարդիկ Կենտրոն եւ Էրեբունի համայնքների բազմաթիվ կրպակներից գնել են «Հայկական ժամանակի» խմբաքանակը: Համարը չեն ստացել նաեւ որոշ բաժանորդներ: Խմբագրության կարծիքով պատճառը եղել է ՀՀ դատախազության բարձրաստիճան մի պաշտոնյայի մասին օգոստոսի 20-ի համարի հրապարակումը:

 

Օգոստոսի 27-ին Վանաձորում դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության Լոռու մարզային բաժնի աշխատակիցները խոչընդոտեցին «Առավոտ» օրաթերթի եւ «Հետք» ինտերնետային հրատարակության թղթակից Լարիսա Փարեմուզյանի աշխատանքը: Լրագրողը այցելել էր Վանաձոր` տեղի բնակիչների ահազանգով, որոնք տեղեկացրել էին, թե ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ժամանակավոր կացարաններից իրենց տեղահանելիս բռնություն ու կոպտություններ են կիրառում: Տեսնելով, որ Լարիս Փարեմուզյանը լուսանկարում է եւ հարցազրույցներ վարում բնակիչների հետ, հարկադիր կատարողները նրանից խլել էին ձայնագրիչն ու ֆոտոխցիկը եւ սկսել էին հրել: Այն բանից հետո, երբ Լարիսա Փարեմուզյանը ներկայացրել էր լրագրողական վկայականը, նրան վերադարձրել էին ձայնագրիչն ու լուսնակարչական խցիկը, որից, սակայն, ջնջել էին բոլոր կադրերը: Օգոստոսի 31-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակով դիմեց ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին, որում առաջարկվում էր փաստի առթիվ ծառայողական քննություն նշանակել: Նման քննություն նշանակվեց, սակայն մեղավորներ չհայտնաբերվեցին:

 

Նոյեմբերի 13-ին Երեւանում «Բիզնես սթայլ» ՍՊԸ աշխատակիցները խոչընդոտեցին «Ա1+» հեռուստաընկերության նկարահանող խմբի աշխատանքը: Լրագրողը եւ օպերատորը ըկերություն էին ժամանել` իմանալով ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանից ստացած պատվերը չկատարելու պատճառով առաջացած կոնֆլիկտի մասին: Հայտարարելով, թե իրենք քաղաքական պաստառներ չեն տպագրում եւ պատրաստ են ընդդիմադիր գործչին վերադարձնել վճարված գումարը` «Բիզնես սթայլ» ՍՊԸ աշխատակիցները պահանջեցին, որ նկարահանող խումբը դուրս գա մասնավոր ընկերության տարածքից: Ընդսմին` ցանկանալով թույլ չտալ նկարահանումները, նրանք հարձակվեցին օպերատորի վրա եւ վնասեցին խցիկը, ինչպես նաեւ փորձեցին շենքից դուրս անել թղթակից Դիանա Մարկոսյանին: Լրագրողների փաստարկները, թե իրենք ոչ թե մասնավոր ֆիրմայի տարածքն են նկարահանում, այլ լուսաբանում են կոնֆլիկտը, որի մի կողմը հանրային դեմք է` ԱԺ պատգամավոր, ազդեցություն չունեցավ: Լրագրողի աշխատանքը խոչընդոտելուց բացի, ֆիրման, ըստ էության իրեն վերապահել է նաեւ գրաքննիչի գործառույթներ` որոշելով, թե որ բովանդակության պաստառները կարելի է տպագրել եւ որը` ոչ:

 

Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարը, որը լուսաբանելու համար ԶԼՄ-ները հրավիրվել էին խիստ ընտրովի: Մասնավորապես, հրավիրվածների ցուցակում չէին ընդգրկվել «Հայկական ժամանակ», «Չորրորդ իշխանություն», «Հայք», «Հրապարակ», «Տարեգիր» թերթերը: Անկախ փորձագետների կարծիքով, սա խտրական վերաբերմունքի դրսեւորում էր, ինչը ակնհայտորեն ցույց տվեց իշխող ուժերի վերաբերմունքը «ոչ յուրային» ԶԼՄ-ների նկատմամբ:

  

Թաքնված գրաքննություն

 

ԶԼՄ-ների եւ նրանց աշխատակիցների վրա ճնշումներ գործադրելու ոչ բացահայտ մեթոդների, այսպես կոչված թաքնված գրաքննության տարատեսակ հնարքների կիրառումը այսօր լրագրողական հանրության եւ տեղեկատվական ոլորտի ամենալուրջ մարտահրավերն է: Խոսքի եւ ԶԼՄ-ների ազատության  նման սահմանափակումները կարող են իրականացվել եւ գործող օրենսդրության մեջ հետադիմական փոփոխություններ ու լրացումներ մտցնելով, եւ պետական կառույցների կարգավորող գործառույթների չարաշահմամբ, եւ դատական ատյանների կողմնակալ վճիռներով, եւ տարբեր ոչ իրավական միջոցներով: Ստորեւ բերված են փաստեր, որոնք, մեր կարծիքով, իրենց մեջ թաքնված գրաքննության սպառնալիք են պարունակում կամ կարող են գնահատվել իբրեւ դրա դրսեւորում:

 

Հուլիսի 6-ին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրեց «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը` չնայած դրա վերաբերյալ լրագրողական կազմակերպությունների բացասական գնահատականներին: Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է գործող օրենքը լրացնել լրագրողների համար իրավունքներ ու պարտականություններ սահմանող նորմերով:

 

Անկախ փորձագետների կարծիքով, արդեն եղած իրավունքներին ոչ մի էական բան չավելացնելով` օրինագիծը նախատեսում է ոչնչով չարդարացված սահմանափակումներ: Ինչպես կարծում են մի շարք լրագրողական միավորումներ, սա այլ բան չէ, քան օրենսդրության փոփոխությամբ ԶԼՄ-ների եւ նրանց ներկայացուցիչների վրա քողարկված ճնշման փորձ: Օրինագծի ընդունման դեպքում այդ սահմանափակումները կարող են թաքնված գրաքննության տարբեր ձեւերի կիրառման հարմար գործիք դառնալ:

 

Հուլիսի 22-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի առնչությամբ նամակ հղեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Վերջինիս փոխանցելով տեղեկատվական ոլորտի մի շարք կազմակերպությունների մտահոգությունները` Արմեն Հարությունյանը կարծիք է հայտնել, որ այդ օրինագծի հիմնական դրույթները հակասում են «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին, ինչպես նաեւ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին:

 

Հուլիսի 30-ին ՀՀ կառավարությունը օրինագծի վերաբերյալ բացասական եզրակացություն տվեց: Այսուհանդերձ փաստաթուղթն ընդգրկված է խորհրդարանի մեծ օրակարգում:

 

Օգոստոսի 21-ին հաստատվեց ՀՀ ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման նոր կարգը: Այդ փաստաթղթի մի շարք դրույթներ լուրջ մտահոգություններ առաջացրին լրագրողական շրջանակներում, եւ անկախ փորձագետների կարծիքով, կարող են օգտագործվել ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ: Մասնավորապես, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը լրագրողին հավատարմագրումից զրկելու միայն մի դեպք է նախատեսում` «Լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով»: Մինչդեռ, ըստ ԱԺ հաստատած կարգի, լրագրողը հավատարմագրումից զրկվում է եթե «նա տարածել է Ազգային ժողովի եւ աշխատակազմի գործունեության մաuին այնպիuի տեղեկություններ, որոնք չեն համապատաuխանում իրականությանը, ինչը հաuտատվել է դատարանի վճռով» (18-րդ կետի գ ենթակետ): Ընդսմին, ըստ Կարգի 18-րդ կետի «է» ենթակետի` լրատվական գործունեություն իրականացնողը զրկվում է նաեւ այլ լրագրող հավատարմագրելու իրավունքից: Սա ոչնչով չարդարացված եւ կոշտ սահամանափակում է: Այս դրույթները վտանգավոր են նաեւ այն պատճառով, որ Հայաստանում անկախ դատական համակարգի բացակայության պայմաններում դժվար է պատկերացնել, թե որեւէ դատարան կմերժի անցանկալի լրագրողի կամ ԶԼՄ-ի դեմ ԱԺ հայցը:

 

Հավատարմագրման կարգը պարունակում է նաեւ այլ չհիմնավորված սահմանափակումներ (մասնավորապես, 23-րդ կետում), որոնք կարող են օգտագործվել լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների եւ հրապարակումների բովանդակության վրա ազդելու համար:

   

Հոկտեմբերի 22-ին «Հեռուստահեռարձակման թվայնացման գործընթացը եւ դրա ներդրման հետեւանքները Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԵԽ փորձագետ Ալեք Թոմասը, մասնավորապես, հայտարարեց, թե Երեւանում կան չօգտագործվող հաճախականություններ եւ առաջարկեց համապատասխան ստուգումներ իրականացնել: Սրանից հետեւում է, որ պաշտոնատար անձանց բոլոր պնդումները, թե հեռուստահեռարձակման լիցնեզավորման մրցույթներ անց չեն կացվել այն պատճառով, որ չեն եղել ազատ հաճախականություններ, չեն համապատասխանում իրականությանը: Ըստ էության, իշխանությունների այն փաստարկը, որ նրանք օգտագործում էին որպեսզի չկատարեն միջազգային մի շարք կազմակերպությունների պահանջը` անցկացնելու մրցույթներ, որոնց կարող է մասնակցել նաեւ «Ա1+» հեռուստաընկերությունը, հօդս ցնդեց: Միաժամանակ, ԵԽ փորձագետի հայտարարությունը կարող է հիմնավորում լինել երկրի մի շարք լրագրողական կազմակերպությունների այն կարծիքի, որ հաճախությունների բաշխման նոր մրցույթները չեն կազմակերպվում ամենից առաջ տոտալ վերահսկողության տակ գտնվող հեռարձակման ոլորտի առկա իրավիճակը պահպանելու եւ նրանում նոր «խաղացողների» մուտքը փակելու համար: Սրան համահունչ են նաեւ 2009 թվականի հոկտեմբերի վերջին հրապարակված` Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ԶԼՄ-ների ազատության մասին ԵԽԽՎ զեկույցի գնահատականները: Փաստաթղթում, մասնավորապես, ընդգծվում է, որ Հայաստանում «Համերկրային հեռուստաընկերությունների մենեջմենթը եւ գործունեությունը խիստ պետական վերահսկողության տակ են» եւ որ` «երկրի վրա ճնշումներ են գործադրվում, որպեսզի հեղինակավոր անկախ «Ա1+» հեռուստաընկերությունը վերադառնա եթեր` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման համաձայն»:

 

Նոյեմբերի 10-ին լույս չտեսավ «Չորրորդ իշխանություն» թերթի հերթական համարը: Դրա փոխարեն կրպակներում հայտնվեց նույն ձեւավորմամբ եւ բովանդակային ուղղվածությամբ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը: Իսկ ընթերցող լսարանին հայտնի անունով թերթի տպագրությունը դադարեցնելու համար հիմք էր ծառայել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որոշումը: Դատարանում լսվում էր «Գինդ» տպագրատան հայցն ընդդեմ «ՉԻ» հիմնադիր «Օգոստոս» ՍՊԸ-ի, իսկ հետագայում (իբրեւ երրորդ կողմ) հրատարակիչ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի: Բավարարելով հայցվորի միջնորդությունը` դատարանը արգելեց «Չորրորդ իշխանություն» օրաթերթի տպագրությունը ինչպես «Կողմնակի անձանց Մ» ՍՊ ընկերության, այնպես էլ ցանկացած այլ ընկերության կողմից, որեւէ այլ տպարանում:

 

Նույն օրը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, գործընկեր լրագրողական եւ իրավապաշտպան կազմակերպությունների հետ հանդես եկավ հայտարարությամբ, որում ընդգծվում էր, որ դատական որոշումը, ինչ պատճառաբանությամբ էլ այն կայացված լինի, հակասում է ՀՀ Սահմանադրության 27-րդ ու «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածներին: Փաստաթղթի հեղինակները պահանջում էին չեղյալ հայտարարել ժողովրդավարության սկզբունքներին հակասող դատական որոշումը, դադարեցնել «Չորրորդ իշխանություն» թերթի նկատմամբ հետապնդումը եւ ֆինանսական խնդիրները լուծել համապատասխան հարթության վրա:

 

Թեպետ, օգտվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի հնարավորությունից, խմբագրությունը սկսեց հրապարակել «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը, այսուհանդերձ, ինչպես համարում են անկախ փորձագետները, Հայաստանում ստեղծվեց ընդդիմադիր թերթի դատական հետապնդման եւ դրա հրատարակությունը դադարեցնելու վտանգավոր նախադեպ:

 

Նոյեմբերի 16-ին դատարանը վճիռ կայացրեց, ըստ որի` թերթի տպագրության արգելումը կգործի մինչեւ 2 մլն 673 հազար դրամ պարտքի մարումը: «ՉԻ» հիմնադիրը հայտնեց իր անհամաձայնությունը այդ որոշմանը եւ մտադրությունը` բողոքարկելու այն: Թերթի գլխավոր խմբագրի պնդմամբ` խմբագրությունը տպարանին ոչինչ պարտք չէ, ամբողջ գումարն ըստ պայմանագրի վճարված է:

 

Այսուհանդերձ, սա առաջին դեպքը չէ, որ «Գինդը» ընդդիմադիր թերթի դեմ հայցով դիմում է դատարան` ընդսմին ներկայացնելով տնտեսական վեճին անհարիր խիստ պահանջներ: Դոնոր կազմակերպության աջակցությամբ ստեղծված եւ տպագիր լրատվամիջոցների արտադրության բնագավառի մենաշնորհը վերացնելու կոչված տպարանի նման պահվածքը թերթերի կողմից գնահատվում է իբրեւ քաղաքական պատվեր:

 

Ի դեպ, իշխանություններն անմիջապես օգտվեցին դատարանի վճռից: Արդեն նոյեմբերի 13-ին «ՉԻ» թղթակից Թագուհի Թովմասյանին թույլ չտվեցին հավատարմագրման վկայականով մուտք գործել ԱԺ շենք (նրան տրվեց միանգամյա անցագիր), իսկ նոյեմբերի 16-ին նրան արգելեցին նիստերի դահլիճ մտնել:

 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է մի շարք դեպքեր, երբ ընդդիմադիր ուժերի հայտնի ներկայացուցիչների մամուլի ասուլիսներում չի եղել ոչ մի տեսախցիկ, այսինքն` բոլոր հեռուստաընկերությունները կարծես մեկ «կենտրոնից» հրահանգով, անտեսել են այդ ասուլիսները: Ընդսմին, թեմաները հրատապ էին, որ կարող էին հետաքրքրել երկրի հասարակայնությանը: Մասնավորապես, սեպտեմբերի 3-ին «Հայացք» ակումբում կազմակերպված, հայ-թուրքական հարաբերություններին եւ արձանագրությունների ստորագրմանը նվիրված մամուլի ասուլիսում, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, տեսնելով տեսախցիկների բացակայությունը, ծաղրանքով ասաց. «Հանրային քննարկումների շա¯տ ուժեղ սկիզբ է», ապա` ընդգծեց. «Տեսախցիկների այս բացակայությունը ցույց է տալիս, որ իշխանությունը բացարձակ ցանկություն չունի, որպեսզի իսկապես բաց հանրային քննարկում տեղի ունենա, հասարակության ձայնը լսելի լինի, ու դրա արդյունքում իսկապես հավաքական տեսակետ ի հայտ գա, եւ դրանով էլ առաջնորդվեն»:

 

Հոկտեմբերի 10-ին «Հայելի» ակումբում կազմակերպված, նույն հայ-թուրքական հարաբերություններին նվիրված, նախկին վարչապետ, այժմ Հայ ազգային կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատյանի մամուլի ասուլիսում նույնպես ոչ մի տեսախցիկ չի եղել: Նոյեմբերի 4-ին «Հայացք» ակումբում ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նոր ղեկավար Ստեփան Սաֆարյանի մամուլի ասուլիսին միայն մեկ հեռուստաընկերության նկարահանող խումբ էր ներկա, սակայն այն էլ չի լուսաբանել հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ այդ կուսակցության դիրքորոշումը:

 

Այս եւ նման այլ փաստերը հիմք են տալիս խոսելու հեռարձակվող լրատվամիջոցներում  թաքնված գրաքննության եւ իշխանությունների վերահսկողության մասին: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն մտադիր է առաջիկա տարիներին առավել մանրամասն ուսումնասիրել այս խնդիրը եւ իրականացնել մամուլի ասուլիսների եւ հեռուստաընկերություններում դրանց լուսաբանման մոնիտորինգ:

 

Զեկույցը պատրաստվել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալների, Երեւանի մամուլի ակումբի էլեկտրոնային տեղեկագրի եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ինտերնետային կայքի նյութերի, ինչպես նաեւ` մամուլի հրապարակումների հիման վրա: 


2010
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter