Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հերթական խայտառակությունը.

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկություն չունի այն մասին,

թե իր աշխատակիցներից ինքն ում է նվիրել 20 Breitling ժամացույցները, որպես խրախուսանք  

 

26 | 07 | 2010 | 15:30 | Մամլո հաղորդագրություն

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2009 թվի դեկտեմբերին իր 20 աշխատակիցներին խրախուսելու համար գնել էր 912.000-ից 1.134.300 դրամ արժեցող շվեյցարական 20 հատ Breitling մակնիշի ձեռքի ժամացույց (21.261.000 դրամ ընդհանուր արժողությամբ) եւ տարեմուտի տոնական հանդիսություն էր պատվիրել Մարիոտ-Արմենիա հյուրանոցում 270 հոգու համար (29.500.000 դրամ ընդհանուր արժողությամբ):  

 

2010 թվի հունվարի 18-ին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը տեղեկության հարցում էր հղել ՀՀ ՊԵԿ-ին, խնդրելով հետեւյալ տեղեկությունները.

 

1.       Հայկական շոու բիզնեսի ո՞ր երգիչներն եւ հումորիստներն են մասնակցել ՀՀ ԿԱ ՊԵԿ պատվերով Մարիոտ-Արմենիա հյուրանոցային համալիրի Տիգրան Մեծ սրահում 2009 թվի դեկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ վերադաս մարմնի տարածքային հարկային տեսչությունների, մաքսատների եւ մաքսակետերի պաշտոնական անձանց համար կազմակերպված ամանորի միջոցառումում:

2.       Ե՞րբ է սկսվել եւ ե՞րբ է ավարտվել ՀՀ ԿԱ ՊԵԿ պատվերով Մարիոտ-Արմենիա հյուրանոցային համալիրի Տիգրան Մեծ սրահում 2009 թվի դեկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ վերադաս մարմնի տարածքային հարկային տեսչությունների, մաքսատների եւ մաքսակետերի պաշտոնական անձանց համար կազմակերպված ամանորի միջոցառումը, խնդրում եմ նշել ժամերով:

3.       ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցներից ովքե՞ր են որպես խրախուսանքի միջոց պարգեւատրվել Տերմինալ Պահեստ ՍՊԸ-ից ձեռք է բերված Breitling մակնիշի շվեյցարական արտադրության ժամանացույցներով, խնդրում եմ պարգեւատրվածներին հիշատակել անուն-ազգանուններով եւ պաշտոններով, ինչպես նաեւ հիշատակել նրանց հանձնված ժամացույցները` ըստ տեսակների:   

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, խախտելով ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքը, 2010 հունվարի 20-ին ստացած վերահիշյալ հարցմանը չի պատասխանել սահմանված 5 օրում: Լ.Բարսեղյանը իր հարցման պատասխանը չստանալով, 2010 թվի փետրվարի 8-ին դիմել էր ՀՀ Վարչական դատարան ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին տեղեկության հարցմանը պատասխանելու պարտավորեցման եւ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու հայցապահանջներով: ՀՀ Վարչական դատարանի դատավոր Արթուր Առաքելյանը վարույթ է ընդունել հայցը միայն եռօրյա ժամկետում ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին հարցված տեղեկությունը տրամադրելու պարտավորեցման հայցապահանջի մասով:

 

Հայցին տրված ՀՀ ԿԱ ՊԵԿ գրավոր պատասխանում, որպես տեղեկությունների չտրամադրման հիմք ներկայացնում էր այն հանգամանը, որ ՀՀ Կառավարությունը չի սահմանել ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված այն կարգը, որի համաձայն պիտի տնօրինվող տեղեկությունները գրանցվեին, դասակարգվեին եւ պահպանվեին: Հայցին իր գրավոր պատասխանում անդրադառնալով հարցմանը օրենքով սահմանված ժամկետում չպատասխանելու հանգամանքին, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը ընդամենը նշում է, թե հարցմանը պատասխանել է 2010 թվի փետրվարի 16-ին (օրենքով սահմանված 5-օրյա ժամկետի փոխարեն 27-րդ օրը) եւ, որ հարցված տեղեկությունները իբր ներկայացված են www.gov.am կայքում, որտեղ դրանք, իրականում չկան (այլապես ի՞նչ իմաստ ուներ հարցում հղել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին): Այդ պատասխանը Լ.Բարսեղյանին ուղարկվել է միայն այն բանից հետո, երբ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը ստացել է իր դեմ ուղղված դատական հայցի մեկ օրինակը:

 

Անցած ամիսներին տեղի ունեցած դատալսումների ժամանակ ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացուցիչ Մհեր Հակոբյանը նույնպես փորձեց որպես տեղեկությունների չտրամադրման հիմք ներկայացնել այն հանգամանքը, որ ՀՀ Կառավարությունը չի սահմանել ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված այն կարգը, որի համաձայն պիտի տնօրինվող տեղեկությունները գրանցվեին, դասակարգվեին եւ պահպանվեին: Վերջինս դատաքննության ընթացքում ամենանսպասելի բացահայտումներով հանդես եկավ, նկատելով, թե իբր այդ տղեկությունները ներքին տեղեկատվություն են, ներքին օգտագործման բնույթի տեղեկություններ, այդ տեղեկությունները լոկալ բնույթ են կրում, ապա, թե հաշվի առնելով տեղեկատվության ներքին օգտագործման բնույթը ՊԵԿ պաշտոնատար անձինք նույնիսկ չէին էլ կարող ենթադրել, որ այդ հարցը կհետաքրքրի հասարակությանը, որպեսզի որեւէ կերպ սույն ինֆորմացիան պահպանվեր կամ դասակարգվեր, գրանցվեր եւ այլն, այսինքն սույն դեպքում ամբողջացնելով իմ խոսքը, կարող ենք փաստել, գործ ունենք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ անհաղթահարելի ուժ կոչվածի հետ: Օբյեկտիվը նա է, որ կառավարության որոշմամբ եւ համապատասխան, այսինքն` օրենսդրական ակտերով նախատեսված չէ սույն տեղեկատվության հավաքման, դասակարգման, գրանցման կարգը, ինչն ինքնին արդեն բացառում է ՊԵԿ կողմից սույն տեղեկատվության իր տրամադրության տակ լինելը եւ այն կողմին տրամադրելը, սուբյեկտիվ հանգամանքն էլ այն է, որ սույն դեպքում մենք գործ ունենք, այսպես կոչված` ներքին տեղեկատվության հետ: :

 

ՀՀ Կառավարության սահմանելիք եւ դեռ չսահմանված կարգին անդրադառնալով, ՊԵԿ ներկայացուցիչն ասաց դատարանում. ՀՀ ներկայումս գտնվում է օրենսդրական բարեփոխումների փուլում, եւ դա ՀՀ ՊԵԿ խնդիրը չէ, թե որեւէ օրենք ամբողջական է կամ ամբողջական չէ, այս պայմաններում ՊԵԿ-ը ուղղակի, այսպես ասենք, հանդիպել է անհաղթահարելի ուժի, ի դեմս օրենքի ոչ լրիվության: Թող օրենսդիր մարմինները եւ կառավարությունը միջոցներ ձեռնարկեն առնեն, այսպես կոչված ֆորս մաժորի կապակցությամբ : Ես պնդում եմ, որ օբյեկտիվորեն անհնար է այդ ինֆորմացիայի տրամադրումը: Իրավիճակը հետեւյալն է, ինֆորմացիան կրում  է լոկալ բնույթ, այսինքն, եթե դա վերաբերվեր հանրային նշանակություն ունեցող լայն ակտերին, շոշափեր լայն թվով քաղաքացիների իրավունքները, ազատությունները, եթե դրանք հանրապետության համար ունենար համապետական նշանակություն, գուցեեւ, ՊԵԿ-ը որեւէ կերպ միջոցներ ձեռնարկեր այդ ինֆորմացիան պահպանելու ուղղությամբ: Բայց այս դեպքում մենք ընդամենը գործ ունենք նախանորտարյան, նախատոնական մի իրավիճակի հետ, երբ ՊԵԿ-ը ամփոփելով տարվա արդյունքները եւ գնահատելով դրանք բավարար, ես կասեի` լավ, որոշել է իր մի շարք աշխատակիցների պարգեւատրել, այսինքն հարցը նույնիսկ լոկալ էլ չէ, այն անհատական բնույթ ունի: ՊԵԿ պաշտոնատար անձինք, չունենալով տեղեկատվությունը դասակարգելու եւ գրանցելու որեւէ պարտականություն, քանի որ կառավարությունը այդ կարգը չի սահմանել, իսկ Սահմանադրության 5-րդ եւ 6-րդ հոդվածների համաձայն պաշտոնատար անձինք կարող են անել միայն այն գործողությունները, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ: Ավելին ասեմ, զարգացնեմ խոսքս, ՊԵԿ թղթաբանությունը իրոք հսկայական է, գոյություն ունեն 39 տեսչություն, եւ վերադաս մարմինը, որտեղ իրոք հսկայական թղթատարություն կա, տարվա կտրվածքով երեւի մի քանի տարեկան տասնյակ հազար գրություններ են պտտվում Կոմիտեում, այդ պայմաններում ուղղակի այդ ինֆորմացիայի պահպանությունը, ծանրաբեռնվածության, նախանորտարյա իրավիճակի, այդ ինֆորմացիայի լոկալ կամ անհատական բնույթ ունենալու պատճառով օբյեկտիվորեն չի պահպանվել, այսինքն անհնար էր դա ճշտել,  հիմա այս պայմաններում գործ ունենալով անհաղթահարելի ուժի հետ, իրոք անհասկանալի էր, թե ինչ պայմաններում կարող էր ՊԵԿ-ն իրականացնել սույն ինֆորմացիայի տրամադրումը::

 

Ելույթից այս մեծ հատվածները մեջբերելու նպատակն էր ցույց տալ, թե ինչպես է ՊԵԿ ներկայացուցը անմարդկային ջանքերի եւ մտքի գերլարումներով փորձում արդարացնել ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի խախտումը` հարցման ուշացած պատասխանն ու տեղեկությունների չտրամադրումը: Հայցվորի այն հարցին, թե հարցված տեղեկությունները ե՞րբ են դադարել տեղեկություն լինելուց, եւ ի՞նչ կարգով են ոչնչացվել այդ տեղեկությունները, պատասխանողի ներկայացուցիչը չկարողացավ որեւէ հիմնավոր բան ասել: Թեպետ դատավոր Արթուր Առաքելյանը իր հարցերով կարողացավ պատասխանողի ներկայացուցչին բացատրել, որ Կառավարության կողմից օրենքում նշված կարգի չսահմանելը չի նշանակում, թե օրենքը չի գործում, բայց դրանից ՊԵԿ ներկայացուցչի դիրքորոշումը չփոխվեց:

 

Վերջապես, ինչպեսեւ սպասվում էր, 2010 թվի հուլիսի 1-ին դատարանը վճռեց մերժել հայցը: Փաստորեն, չնայած այն ակնհայտ հանգամանքներին եւ ապացուցված փաստերին, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը քաղաքացու հարցմանը պատասխանել է ոչ թե օրենքով սահմանված առավելագույնը 5-օրյա ժամկետում, այլ 27-օրում (1), տեղեկությունների տրամադրամ մերժումը ապօրինաբար հիմնավորել է այն հանգամանքով, որ կառավարությունը տեղեկությունների դասակարգման եև պահպանման կարգ չի սահմանել (2), դատարանը հրաժարվեց ճանաչել քաղաքացու տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը: Դատարանի հիմնավորումը հետեւյալն է.

 

Դատարանի կարծիքով, տեղեկատվության ազատության հայցվորի իրավունքի խախտման փաստի մասին որեւէ հարց կարող է քննարկվել միայն այն պարագայում, եթե ապացուցվի, որ նրա կողմից պահանջվելիք տվյալները կարող են դիտվել տեղեկություն՝ Տեղեկատվության ազատության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով:

 

 Տեղեկատվության ազատության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 3−րդ հոդվածի համաձայն՝ տեղեկություն է համարվում անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երեւույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձեւավորված տվյալներ՝ անկախ դրանց տնօրինման ձեւից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ): Նշված իրավանորմի վերլուծությամբ վարչական դատարանը գտնում է, որ տեղեկատվությունն իրենից ներկայացնում է ստացված եւ ձեւավորված տվյալներ՝ անձի առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երեւույթի վերաբերյալ: Այսինքն, տեղեկատվությունն իրենից ներկայացնում է տվյալների ամբողջություն:

 

Համաձայն օրենքի կանոնակարգման տեղեկատվությունը այն տվյալներն են, որոնք ստացվել կամ ձեւավորվել են օրենսդրությամբ սահմանված կարգով: Նման պայմաններում վարչական դատարանը գտնում է, որ տեղեկատվություն ստանալու անձի իրավունքը երաշխավորված է այնպիսի տեղեկատվություն տրամադրելու պետության ուղղակի պոզիտիվ պարտավորությամբ, որն առաջացրել կամ կարող է հետեւանք առաջացնել անձի կամ հասարակական եւ պետական նշանակություն ունեցող փաստի կամ իրադարձության առումով: Վարչական դատարանը գտնում է, որ տեղեկատվություն տնօրինողից կարող է պահանջվել այն տեղեկատվությունը, որը վերջինս ստանում կամ ձեւավորվում է օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ օրենսդրությանը համապատասխան վարչական մարմնում կարող է ստացվել միայն այնպիսի տվյալներ, որոնք պայմանավորված են տվյալ մարմնի գործառույթների իրականացմամբ: Այսինքն, համապատասխան վարչական մարմնում կարող է ստացվել տեղեկություններ կապված այդ մարմնի կողմից իրականացվող գործառույթների հետ, քանզի միայն այդ տեղեկություններն են, որ հնարավոր է գրանցել, դասակարգել եւ պահպանել՝ որպես օրենսդրությամբ սահմանված տեղեկատվության ազատության ապահովման հիմնարար սկզբունքի իրականացում:

 

 Վերոգրյալի հիման վրա, վարչական դատարանը գտնում է, որ  Տեղեկատվության ազատության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պահանջվող տեղեկությունները որպես տեղեկատվություն չեն կարող պահանջվել պատասխանող վարչական մարմնից, քանի որ դրանք որեւէ կերպ չեն առնչվում այն գործառույթներին, որոնց իրականացման առաքելությունը կրում է այդ մարմինը:

 

 Վերը նշվածի հաշվառմամբ, դատարանը գտնում է, որ առկա չէ Տեղեկատվության ազատության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ հայցվորի՝ տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստ, ուստի, այս մասով՝ հայցը ենթակա է մերժման:

 

 Վերը նշված հիմնավորումներով մերժման է ենթակա նաեւ որպես ածանցյալ պահանջ ներկայացված՝ հայցված տեղեկատվությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջը:

 

Այսպիսով ըստ այս վճռի ստացվում է, որ.

 

1.     Վարչական դատարանը անհասկանալի պատճառներվ ստանձնել է  փնտրվող տեղեկատվության` որպես այդպիսին լինել-չլինելու ապացուցման պարտականությունը: Հայցվորը հարցումը ուղարկելիս եւ հայցով դիմելիս առաջնորդվել է այն կանխավարկածով, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկումուտների կոմիտեում տեղեկությունները ձեւավորվում են օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դրանց ապօրինի կերպով ձեավորման մասին հիմքեր չունենալով, չի համարձակվել ենթադրել, թե այդպիսի տվյալներով կարող է առաջնորդվել հիշյալ կոմիտեն:

 

2.     Վարչական դատարանն առանց ուսումնասիրելու (դա չի երևում դատական ակտից) փնտրվող տեղեկությունների հիմքում ընկած ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի գործողությունների իրավաչափությունը, եզրակացության է հանգել, որ դրանք որեւէ կերպ չեն առնչվում այն գործառույթներին, որոնց իրականացման առաքելությունը կրում է այդ մարմինը: Այսպիսով, ըստ Վարչական դատարանի եզրակացության, փնտրվող տեղեկատվությունն առաջացել է ՊԵԿ կողմից իր գործառույթներից դուրս իրականացրած գործողությունների արդյունքում, ուստի` դրանք չեն կարող պահանջվել պատասխանող վարչական մարմնից:

 

ՀՀ Վարչական դատարանի դատավոր Արթուր Առաքելյանը իր վճռով կրկնեց նույն դատարանի դատավոր Ռ.Հակոբյանի սխրանքը, որը մեկ տարի առաջ մերժել էր Ռ.Քոչարյանի նամակի պատճենի տրամադրման մասին Լեւոն Բարսեղյանի հայցն ընդդեմ ՀՀ Նախագահի աշխատակազմի` գտնելով, որ ...օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձեւավորված տվյալներ են հանդիսանում ոչ թե գործընթացը այլ` դրանց արդյունքում ստացված եւ ձեւավորված արդյունքը, որ այդ նամակը տեղեկություն` այսինքն  օրենքով սահմանված կարգով ձեւավորված տվյալ(ներ) չի հանդիսանում ու էլի մի շարք խայտառակ անհեթեթություններ:

 

Իր ստեղծագործ բնույթի շնորհիվ Արթուր Առաքելյանը ցույց տվեց, որ ինքը պակաս համեստ եւ պակաս գրագետ անձնավորություն չէ, որ դատավորի աշխատանք է ճարել ՀՀ Վարչական դատարանում: Համանման նախընթաց դատաքննությունների եւ վճիռների գոյությունը հաշվի չառած, դատավոր աշխատող Արթուր Առաքելյանի այս վճռով խայտառակ բաներ բացահայտվեցին.

                                                         

1.              ՊԵԿ-ը զբաղվել է իր գործառույթներից դուրս գտնվող գործողություններով:

2.              ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը տեղեկություններ չունի այն մասին, թե ճշգրիտ երբ է իրեն մատուցվել իր իսկ գնած կոնկրետ հանդիսության ծառայությունը, եւ ովքեր են ելույթ ունեցել այդ հանդիսության ժամանակ:

3.              ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը տեղեկություններ չունի այն մասին, թե ինքն իր աշխատակիցներից ում է որպես խրախուսանք նվիրել իր իսկ գնած 20 ժամացույցը:

4.              Հալալ է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին:

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը, վերլուծելով ամբողջ վերը բերվածը, հանդես է գալիս հետեւյալ առաջարկություններով.

 

  1. ՀՀ Կառավարությունը պիտի շուտափույթ ջանքեր ներդնի հարկատուների միջոցների ծախսումների մասին առավելագույն հանրային իրազեկում ապահովելու համար, պարտավորեցնի իրեն ենթակա բոլոր մարմիններին, նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետարաններին եւ նրանց ենթակա համակարգերին առավելագույն հանրամատչելիություն ապահովել իրենց կատարած այն բոլոր ծախսումների մասին, որոնք օրենքով հստակ սահմանված գաղտնիքներ չեն պարունակում:   

  2. ՀՀ Կառավարությունը պարտավոր է շուտափույթ կատարել ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի 5-րդ եւ 10-րդ հոդվածներով նախատեսված պահանջները, յոթնամյա անգործությունից հետո վերջապես ընդունել այն կարգերը, որոնցով տեղեկություններ տնօրինողները պարտավոր են գրանցել, դասակարգել, պահպանել եւ տրամադրել տեղեկությունները:

  3. Հաշվի առնելով հանրային միջոցների այսօրինակ ապօրինի տնօրինումների` դատարանի վճռով ապացուցված լինելու հանգամանքը, հարկատուները պարտավոր են վերանայել իրենց հարկային քաղաքականությունը, լինել այնքան համեստ, որքան ՊԵԿ չպարգեւատրված աշխատակիցներն են, եւ` այնքան խորամանկ, որքան դատավոր աշխատող հարյուրավոր քաղաքացիներն են:

 

Այս գործով հայվոր Լ.Բարսեղյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը դատավոր աշխատող Արթուր Առաքելյանի կայացրած վճռի դեմ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան: 


2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter