Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Վերջապես կպարզվի, թե ինչպես է Շիրակի մարզպետը բաշխել բյուջեի միջոցները

 

18 | 06 | 2010 | 13:30 | Հաղորդագրություն                                            անգլերեն

2009 ապրիլի 9-ից 2010 թվի հունիսի 8-ը Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի իրականացրած Հաշվետվողականությունը տեղեկատվության ազատության միջոցով ծրագրի շրջանակներում (ծրագրի դրամաշնորհային օժանդակությունը` Գործընկերություն հանուն ժողովրդավարության կազմակերպության) Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում իրականացվել են ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի ուսուցման 24 սեմինարներ տեղեկություն տնօրինող տեղական եւ պետական պաշտոնյաների, դպրոցների տնօրենների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ շահագրգիռ քաղաքացիների համար, կազմակերպվել են օրենքի մեկնաբանությանն ուղղված հեռուստահաղորդումներ, արտադրվել են իրազեկող բուկլետներ, պլակատներ եւ հեռուստատեսային հոլովակներ եւ այլն: Այդ ծրագրի շրջանակներում նույն մարզերի տեղեկություն տնօրինողներին հղվել է 856 տեղեկատվական հարցում` նրանց մոտ առկա եւ օրենքով սահմանված գաղտնիքներ չպարունակող տեղեկությունների տրամադրման խնդրանքով: Այդ տեղեկատվական հարցումների ճնշող մեծամասնությունը հղվել է պետական դպրոցների (ՊՈԱԿ) տնօրեններին եւ համայնքապետերին: Տնօրեններից հարցվել են հետեւյալ տեղեկությունները. դպրոցի 2008թ. բյուջեն եւ բյուջեի կատարողականը արտացոլող փաստաթղթերի լուսապատճենները, դպրոցի խորհրդի կազմը, Մանկավարժական խորհրդի գումարած նիստերի արձանագրությունների լուսապատճենները, դպրոցի Ծնողական խորհրդի նախագահի անուն-ազգանունը, դպրոցի աշակերտների թիվը 2008 թվի հունվարի 1-ի, 2009 թվի հունվարի 1-ի դրությամբ, ինչպես նաեւ`  նախասիրական վճարովի դասընթացների մասին տեղեկություններ: Իսկ համայնքապետերից հարցվել են համայնքների բյուջեները եւ ավագանու որոշումների պատճենները: 

Տեղեկատվական հարցումներ են հղվել նաեւ մարզպետների, մի քանի նախարարների, կառավարությանն առընթեր գերատեսչությունների եւ այլն: Այդ հարցումների արձագանքների եւ դպրոցների տնօրենների արձագանքների որակների ու օրինականության մասին հանգամանալից հաղորդագրություն կլինի առաջիկայում: Արձագանքումների մասին տեղեկությունները տեղադրված են www.asparez.am կայքում, այստեղ. http://www.asparez.am/epd-foi-project/26.9.2009-workshop-berd-noyemberyan.htm

Հարցումներին ի պատասխան ստացված տեղեկությունների մի մասն արդեն թվայնացվել է եւ տեղադրվել է www.asparez.am կայքում, իսկ մնացած մասը, նոր ստացվող նյութերի հետ գտնվում են թվայնացման փուլում եւ թվայնացվելուց հետո կդառնան հանրամատչելի:  

Ակումբի հղած հարցումների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերած պաշտոնյաներից տեղեկություններ կամ հարցումներին պատասխաններ չստանալու պատճառով 2010 թվի փետրվարից ԺԱԱ խորհրդի նախագահը հայցերով սկսել է դիմել ՀՀ Վարչական դատարան: Նախաձեռնվել է  ընդհանուր առմամբ 45 դատական հայց, դրանց մեծամասնությունը Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերի ՊՈԱԿ դպրոցների տնօրենների դեմ է: Այս մասին հանգամանալից հաղորդագրություն կլինի առաջիկայում:

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի այլ երկու հայցերով դատաքննությունները ավարտվել են եւ առաջիկայում հրապարակվելու են վճիռները:

1. Դրանցից առաջինի անհրաժեշտությունը ծագեց այն բանից հետո, երբ, չնայած տեղեկություններ ստանալու մասին երկու հարցումներին, Շիրակի նախկին մարզպետը հրաժարվեց այդ տեղեկությունները տրամադրել դրանք որոնողին: 2010 թվի հունվարի 18-ի եւ 29-ի տեղեկության հարցումներով, Լ.Բարսեղյանը խնդրել էր իրեն տրամադրել տեղեկություններ (1) Այլ նպաստներ բյուջեից հոդվածով Շիրակի մարզպետարանի կողմից 2005, 2006, 2007, 2008 եւ 2009 թվականներին մարզի բնակիչ համարվող կարիքավոր անձանց դիմումներով եւ համապատասխան ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա որպես ֆինանսական օգնություններ հատկացված գումարների մասին` առանձին-առանձին` ըստ որոշումների, եւ այդ գումարների հատկացման համար Շիրակի մարզպետի կայացրած բոլոր որոշումների պատճենները, եւ տեղեկություններ (2) Շիրակի մարզպետարանի` 2005, 2006, 2007, 2008 եւ 2009 թվականներին Այլ նպաստներ բյուջեից եւ Ներկայացուցչական ծախսեր հոդվածներով կատարված ծախսերի մասին, մասնավորաբար, թե ամեն տարի քանի՞ որոշում է կայացվել, ինչքա՞ն գումար է ծախսվել յուրաքանչյուր որոշմամբ, ի՞նչ ծառայություն կամ ապրանք է գնվել այդ ծախսերով, ի՞նչ մատակարարներից են գնվել դրանք եւ այլն:

Տարեսկզբին համարյա նույն տեղեկությունների հարցմանը չպատասխանելու համար Շիրակի մարզպետի դեմ հայցով հանդես էր եկել Առավոտ օրաթերթն ու Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, այն բանից հետո, երբ Շիրակի մարզպետարանը չէր պատասխանել Առավոտ թերթի լրագրողի տեղեկության հարցմանը. http://www.aravot.am/am/articles/rights/75432/view

Շիրակի մարզպետարանը Լ.Բարսեղյանի տեղեկության երկրորդ հարցմանը պատասխանելիս, տեղեկությունների չտրամադրումը փորձել էր պատճառաբանել նրանով, թե Այլ նպաստներ բյուջեից հոդվածով հատկացված գումարների մասին տեղեկությունները անձնական գաղտնիքներ են պարունակում, իսկ Ներկայացուցչական ծախսեր հոդվածով արված գնումները առեւտրային գաղտնիքներ են պարունակում:

Գործը լսվեց ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրում (դատավոր Էդ.Նահապետյան): Հաշտություն կնքելու առաջարկին հայցվորը համաձայնեց այն պայմանով, որ հարցված տեղեկությունները կտրամադրվեն ամբողջ ծավալով, իսկ ինքը կհրաժարվի հայցից, այդ թվում դատական ծախսերի փոխհատուցման պահանջից: Շիրակի մարզպետի պաշտոնում իր պաշտոնավարության ավարտին համընկած օրերին Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանը չհամաձայնեց հաշտություն կնքել, սակայն նրան այդ պաշտոնում փոխարինած Աշոտ Գիզիրյանը այս պայմաններով հաշտությունը համարեց պատշաճ: 2010 թվի հունիսի 16-ին դատարանում կողմերը հաշտություն կնքեցին: Ըստ այդ համաձայնագրի, Շիրակի մարզպետն ափսոսանք է հայտնում` Լեւոն Բարսեղյանի տեղեկատվության ազատության իրավունքի իրականացման  կապակցությամբ կրած անհարմարության համար եւ պարտավորվում է մինչեւ 2010 թվի հուլիսի 1-ը տրամադրել հարցված տեղեկությունները, իսկ Լեւոն Բարսեղյանը հրաժարվում է այս գործով հետագա դատական գանգատներից եւ բողոքարկումներից: Հաշտության համաձայնագրի տեքստը բերված է այս հաղորդագրությանը կից: Լ.Բարսեղյանի շահերը այս գործով ներկայացնում էր իրավաբան Արտակ Զեյնալյանը:

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը այս համաձայնագրի կապակցությամբ բարձր է գնահատում Շիրակի նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանի` այս դրվագով հրապարակայնություն ապահովելու պատրաստակամությունը, ինչը չի դիտարկվել նախորդ մարզպետի դեպքում:

Այս գործի արդյունքում  ստացվելիք տեղեկությունները Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը պատրաստվում է ենթարկել մանրակրկիտ ուսումնասիրության, տրամադրել բոլոր հետաքրքրված լրագրողներին եւ հրապարակել իր վեբ կայքում` համընդհանուր մատչելիության համար: Բացի այդ, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը նպատակահարմար է գտնում դիմել բոլոր մարզպետներին եւ ՀՀ Կառավարությանը` առաջարկելով հրապարակային դարձնել ՀՀ բյուջեի Այլ նպաստներ բյուջեից հոդվածով քաղաքացիներին մարզպետների որոշումներով հատկացվող գումարների մասին տեղեկությունները, այնպես, որ հանրությունը հնարավորություն ստանա տեղեկանալ, թե ինչպես են ծախսվում այդ գումարները, ովքե՞ր են դրանք ստանում, որքա՞ն, եւ` ինչո՞ւ:

2. Դատաքննության փուլն անցած երկրորդ գործը Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը նախաձեռնել էր ընդդեմ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի, այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել էր Լ.Բարսեղյանին տրամադրել տեղեկություններ իր` 2009 թվի դեկտեմբերի նախատոնական գնումների մասին: Խոսքը աղմուկ հանած այն գնումների մասին է, երբ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը 29.5 մլն դրմով 270 հոգու համար Մարիոտ-Արմենիա հյուրանոցում հանդիսություն էր կազմակերպել եւ իր աշխատակիցներին պարգեւատրել 0,9-1,1 մլն դրամ արժեցող ժամացույցներով (ընդամենը` 21,2 մլն դրամ): Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը իր հարցումներով կամեցել էր իմանալ, թե ովքեր են այդ ժամացույցներով պարգեւատրված պաշտոնյաները, երբ է սկսվել եւ ավարտվել հիշյալ հանդիսությունը եւ` ինչ արտիստներ են դրա ընթացքում ելույթ ունեցել: Դատաքննության մանրամասների եւ պատասխանողի ներկայացուցչի պաշտպանական զարհուրելի մեկնաբանությունների մասին հաղորդագրություն կլինի առաջիկայում:

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ  

Օգտակար հավելված.

 Հաշտության համաձայնություն

 ՀՀ վարչական դատարանի (Գյումրի քաղաքի նստավայր) վարույթում քննվող` Լեւոն Ալբերտի Բարսեղյանն ընդդեմ ՀՀ Շիրակի մարզպետ` Լիդա Նանյանի` Տեղեկատվությունը տրամադրել պարտադրելու պահանջի մասին՚ թիվ ՎԴ5/0090/05/10 վարչական գործով հայցվոր Լեւոն Բարսեղյանն, ի դեմս ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի (Լիազորությունները հաստատված են նույն գործով դատարանի կողմից) եւ պատասխանող ՀՀ Շիրակի մարզպետի, ի դեմս` ներկայացուցիչ Գեղամ Բաղադասարյանի, որը գործում է լիազորագրով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում,

 Հաշվի առնելով, որ գործունեության ցանկացած ոլորտում անհնար է, որպեսզի սխալներ կամ վրիպումներ տեղի չունենան,

Վերահաստատելով հավատարմությունը` մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են, սկզբունքին,

 Առաջնորդվելով ծագած վեճին խաղաղ, փոխզիջումային լուծում տալու բարի կամքով,

Կնքեցին սույն հաշտության համաձայնությունը հետեւյալի մասին.

1. ՀՀ Շիրակի մարզպետն ափսոսանք է հայտնում` Լեւոն Բարսեղյանի տեղեկատվության ազատության իրավունքի իրականացման  կապակցությամբ կրած անհարմարության համար:

2. ՀՀ Շիրակի մարզպետը պարտավորվում է Լեւոն Բարսեղյանին տրամադրել  18.01.2010թ 1/2010 եւ 29.01.2010թ. 2/2010 հարցումներով փնտրվող տեղեկատվությունը, մասնավորապես.

2.1. Այլ նպաստներ բյուջեից հոդվածով Շիրակի մարզպետարանի կողմից 2005, 2006, 2007, 2008 եւ 2009 թվականներին մարզի բնակիչ համարվող կարիքավոր անձանց դիմումներով եւ համապատասխան ուսունասիրությունների արդյունքների հիման վրա որպես ֆինանսական օգնություններ հատկացված գումարները` առանձին-առանձին` ըստ որոշումների, եւ այդ գումարների հատկացման համար Շիրակի մարզպետի կայացրած բոլոր որոշումների պատճենները,

կամ այդ ամենի փոխարեն` համառոտաիր հետեւյալ տվյալներով. Այլ նպաստներ բյուջեից հոդվածով Շիրակի մարզպետարանի կողմից 2005, 2006, 2007, 2008 եւ 2009 թվականներին մարզի բնակիչ համարվող անձանց դիմումների հիման վրա ովքե՞ր (անուն, ազգանուն, հասցե), ե՞րբ (ամիս, ամսաթիվ, տարեթիվ), որքա՞ն (դրամ) եւ ի՞նչ կարիքի համար (կարիքի շատ կարճ նկարա՞իրը) են ստացել դրամական օժանդակություններ:

2.2  Ներկայացուցչական ծախսեր հոդվածով Շիրակի մարզպետարանի` 2005, 2006, 2007, 2008 եւ 2009 թվականների իրականացրած գնումների մանրամասները, մասնավորաբար. մատակարարները` ըստ ստացած գումարի եւ մատակարարած ապրանք(ներ)ի, մատակարարների ընտրության եղանակը, վճարումների եւ մատակարարումների ժամկետները:

3. Լեւոն Բարսեղյանը պարտավորվում է.

3.1. չվիճարկել իր` 18.01.2010թ 1/2010 եւ 29.01.2010թ. 2/2010 հարցումների կապակցությամբ ՀՀ Շիրակի մարզպետի դրսեւորած վարքագծի  իրավաչափությունը,

3.2. իրավասու մարմիններին պահանջ չներկայացնել` իր տեղեկատվության ազատության իրավունքը խախտած անձանց պատասխանատվության ենթարկելու մասին,

3.3. իրավասու մարմիններին պահանջ չներկայացնել` ռեգրեսիվ հայց ներկայացնելու մասին,

3.4. ՀՀ Շիրակի մարզպետին պահանջ չներկայացնել` իր կատարած դատական ծախսերի ու ծախքերի փոխհատուցման մասին,

3.5. ՀՀ Շիրակի մարզպետին չներկայացնել` կրած այլ նյութական եւ ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջ,

3.6. չներկայացնել գանգատ` Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան` Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի 10-րդ հոդվածով եւ Կոնվենցիայի որեւէ այլ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտման վերաբերյալ:

4. ՀՀ Շիրակի մարզպետը պարտավորվում է.

4.1. սույն համաձայնագրի 2-րդ կետում նշված տեղեկատվությունը տրամադրել մինչեւ 2010թ հուլիսի 1-ը,

5. Կողմերն ընդունում են, որ սույն Հաշտության համաձայնությունով Լեւոն Բարսեղյանի ստանձնած պարտավորությունները ծաում են ՀՀ Շիրակի մարզպետի կողմից իր ստանձնած պարտավորությունները սույն համաձայնությամբ սահմանված ժամկետում ամբողջությամբ կատարելուց հետո:

6. Սույն համաձայնագիրն ուժը կորցնում է ՀՀ Շիրակի մարզպետի կողմից սույն համաձայնարի 4-րդ կետում սահմանված ժամկետում 2-րդ կետով ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կամ մասամբ չկատարելու դեպքում:

7. Սույն համաձայնությունը կնքվում է հայերեն լեզվով, երեք օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ եւ մեկ օրինակ էլ` ՀՀ վարչական դատարանին:

 

Պատասխանող` ՀՀ Շիրակի մարզպետի ներկայացուցիչ `

Գեղամ Բաղդասարյան

 

Հայցվոր`Լեւոն Բարսեղյանի ներկայացուցիչ

Արտակ Զեյնալյան


2010

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter