Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հայաստանն էլ դիտարկվեց. արդյունքները համարյա արտացոլում են այն, ինչ կա

 

12 | 05 | 2010 | 20:30 | Ռեպորտաժ

ՄԱԿ, Համընդհանուր պարբերական դիտարկում-Universal Periodic Review (UPR)

Ժնեւում մայիսի 6-ին Հայաստանի համընդհանուր պարբերական դիտարկման սկզբում զեկույցով հանդես եկավ Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը: Նա իր զեկույցում անդրադարձավ ցեղասպանության ճանաչման առաջնահերթությանը երկրի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, մահապատժի վերացմանը Հայաստանում, խոսեց այն մասին, որ սկսած 2005 թվից ոչ կառավարական կազմակերպությունների երկու խմբեր` հանրային մոնիտորինգային խմբեր դիտարկումներ են անցկացնում պատիժների իրականացման վայրերում, որ 2009 թվին գրանցված կրոնական կազմակերպությունների թիվը հասել է 66-ի: Փոխնախարարը պատմեց, որ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է արտահայտման ազատությունն իր հարակից ձեւերով եւ մամուլի ու զանգվածային լրատվության այլ միջոցների ազատությունը երաշխավորված է երկրում, իսկ 2001 թվին Հեռուստատեսության եւ ռադիո մասին, ՀՀ օրենքի հիման վրա ձեւավորվել է անկախ կարգավորող մարմին` Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, որ 2002-ից Հայաստանը համարվում է պոլիոմելիտից ազատ գոտի, Հայաստանում բոլորի համար կրթությունն ապահովված է, որ 2005-ից Հայաստանոմ կրթությունը ներառական է, ասաց, որ Հայաստանը կարեւորում է կնոջ դերը կյանքում, չկա կանանց իրավունքները ոտնահարող որեւէ իրավական ակտ, խոսեց երեխաների իրավունքների պաշտպանվածության մասին, էթնիկական փոքրամասնությունների նկատմամբ տարվող հոգատար քաղաքականության  մասին, որ սկսած 2000-ից տարեկան 10-ական մլն դրամ բյուջեից հատկացվում է Հայաստանում առկա 11 էթնիկ փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններին, նշեց նաեւ, որ Ադրբեջանից գաղթած 400.000 փախստականներին կացարաններով ապահովելու խնդիրը Հայաստանը դեռ չի կարողացել լիովին լուծել եւ այդ նպատակի համար մոտավորապես 38.5 մլն դոլարի կարիք ունի. Հայաստանը մնում է մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության սկզբունքի հիման վրա հասարակության կառուցման գաղափարին հավատարիմ եւ այլն:

Բարեբախտաբար դահլիճում այլ երկրների մի շարք ներկայացուցիչներ այս զեկույցի հաջորդած ելույթներում կարողացան բավականաչափ հստակ հատկանշել այն խնդիրները, որոնք մարդու իրավունքների ոլորտում առկա են Հայաստանում եւ, պատկերը բավականաչափ իրական դարձավ: 47 երկրների ներկայացուցիչների հարցադրումների եւ առաջարկությունների համառոտ քաղվածքները ներկայացվում են ստորեւ:

Ելույթները

Ադրբեջան.-Ի՞նչ միջոցներ է ձեռնարկել Հայաստանի կառավարությունը իրավապաշտպանների եւ ընդդիմության  ներկայացուցիչների դեմ հարձակումները հետաքննելու համար եւ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել 2008 թվի նախագահական ընտրությունների կատարված իրավախախտումները հետաքննելու եւ իրականացնողներին արդարադատությանը հանձնելու համար: Առաջարկություններ. հարգել արտահայտման ազատությունը, միջազգային պարտավորություններին համապատասխան` հարգել հավաքների ազատությունը, պատշաճ հետաքննել լրագրողների, իրավապաշտպանների եւ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հարձակումները, ոստիկանների դիրքի չարաշահումների դեպքերը, ապահովել դատական համակարգի լիակատար անկախությունը, առանց խտրականության ապահովել դավանանքի ազատությունը, փոքրամասնությունների ընտանիքների երեխաներին ապահովել պատշաճ կրթություն եւ մայրենի լեզվի ուսուցում, միջոցներ ձեռք առնել կանանց իրավունքների ոտնահարումների դեմ եւ ընդդեմ ընտանեկան բռնությունների եւ աղքատության:

Լիբանան.-Ողջունում եւ շնարհավորում ենք Հայաստանին այն ձեռնարկված միջոցառումների համար, որոնք արվել են խոսքի եւ մտքի ազատության, դավանանքի ազատության պաշտպանության համար: 

Եգիպտոս.-Կրթության ոլորտում եւ երեխաների պաշտպանության գործում ունեցած հաջողությունները բարձր ենք գնահատում, առաջարկում ենք ամրապնդել քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը, ավելացնել առողջապահության հասանելիության համար ներդրվող ջանքերը, հատկապես ուշադրություն դարձնելով առավել հեռավոր շրջաններին, առավել ուշադրություն դարձնել գենդերային խնդիրների լուծումներին:

Ալժիր.-Ողջունում ենք եւ շնորհակալություն է հայտնում, այն բանի համար, որ Հայաստանը վավերացրել է համապատասխան կոնվենցիաների մեծ մասը, ողջունում ենք առողջապահության ոլորտի առաջընթացը, բարձր ենք գնահատում մանկական մահացության էական նվազեցումը, առաջարկում ենք բարենպաստ պայմաններ ստեղծել կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության համար, համապատասխան օրենսդրություն ապահովել աշխատանքային միգրանտների, հաշմանդամների իրավունքների պաշտպանության համար:

ՌԴ.-Ողջունում ենք Հայաստանին, Ռուսաստանը Հայաստանի հետ դարավոր սերտ եւ եղբայրական կապեր ունենք, շնորհակալ ենք պատվիրակությանը: Հայաստանը հասել է լուրջ առաջընթացի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, միջազգային օրենսդրության մաս կազմող բազմաթիվ փաստաթղթեր են վավերացվել: Առաջարկում ենք Հայաստանին շարունակել կայուն զարգացման ազգային ծրագրի իրականացումը, ինչը կնպաստի Մարդու իրավունքների հետագա պաշտպանությանը երկրում:

Լիբիա.-Մենք մեծ ուշադրությամբ ուսումնասիրել ենք զեկույցը, ծանոթացանք փոխարտգործնախարարի ելույթին, բանաձեւերին միանալը մեծ առաջընթաց է: Հարց. կա՞ ընտանեկան եւ հաշմանդամության նպաստների կառավարական ռազմավարություն, ինչպե՞ս են երեխաներին մանկատներում խնամում: Առաջարկում ենք մեծացնել առողջապահության մատչելիությունը, խորացնել մարդու իրավունքների ուսուցումը եւ մարդու իրավուքնների պաշտպանի ինստիտուտը համապատասխանեցնել Փարիզյան սկզբունքներին:

Վատիկան.-ՄԻ պաշտպանի մասին օրենք ընդունվել է Հայաստանում 2003-ին, ինչպիսի՞ն են այդ հաստատության գործունեության հաջողությունները: Մեռելածնության, մանկական մահացության եւ ծննդկանների մահացության ու թրաֆիկինգի մասին ի՞նչ կասեք:

Կուբա.-Համարում ենք, որ Հայաստանը հաջողություններ է արձանագրել ՄԻ պաշտպանության, առողջապահության, բուժսպասարկման ոլորտներում, 99 տոկոսանոց գրագիտությունը բավականաչափ բարձր ցուցանիշ է, երեխաների եւ կանանց պաշտպանության հարցում առաջընթաց ենք նկատում եւ առաջարկում ենք շարունակել աշխատանքներն այս ուղղությամբ:

Թուրքիա.-Ողջունելով ժողովրդավարական զարգացումները եւ ՄԻ պաշտպանության ոլորտում առաջընթացը, նշում ենք, որ նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած դեպքերի լիակատար հետաքննությունը պիտի մնա օրակարգում: Ցուցարարների նկատմամբ չափազանց մեծ ուժ կիրառելու մասին տեղյակ ենք ու ուշադիր ենք: Առաջարկում ենք Հայաստանին շարունակել դատավորների ուսուցումը: Հայաստանի զեկույցում հնչած գենոցիդ հասկացությունը պիտի օգտագործվի միայն ՄԱԿ-ի կոնվենցիայով հաստատված իմաստով եւ համապատասխանությամբ, հակառակ դեպքում այդ հասկացությունը կարող է նենգափոխվել, իսկ կոնվենցիան` ուղղակի լուծվել: ԼՂ կոնֆլիկտի հետ կապված, մենք կարծում ենք, որ այն պետք է կարգավորվի միայն խաղաղ բանակցային գործընթացով, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջամտությամբ` հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա: Համարում ենք, որ կոնֆլիկտի խաղաղ կարգավորումը եւ ադրբեջանական տարածքների օկուպացման դադարեցման պահանջի կատարումը էական է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի հեղինակության բարձրացման համար:  

Իսպանիա.-Առաջարկում եմ Հայաստանին վավերացնել Հաշմանդամների սոցիալ, տնտեսական, մշակութային պաշտպանության կոնվենցիան: Առաջարկում ենք 2008 թվի դեպքերի դատական քննություններ անցկացնել այնպես, որ լիակատար հստակեցվի մեղավորների պատասխանատվության չափը եւ տուժածներին պատշաճ փոխհատուցում տրվի, որքան հնարավոր է, դա հարկավոր է արագ անել: Առաջարկում ենք Հեռուստատեսության  եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ կատարել եւ հեռուսատաընկերություններին ու ռադիոկայաններին հեռարձակման լիցենզիաներ ստանալու հնարավորություն տալ: Առաջարկում ենք  Հավաքների մասին օրենքի 9.4.3 հոդվածում փոփոխությունենր կատարելով, ապահովել հավաքների ազատությունը:

ԱՄՆ.-2009 թվի համաներումը թույլ տվեց բանտերից ազատել 30 հոգու, որոնք ակնհայտորեն հետապնդվել էին քաղաքական հայացքների համար, դա դրական քայլ էր, բայց ուրիշները մնացել են բանտերում, եւ հարկավոր է աբվելին անել որպեսզի ապահովվի հարգանքը ընդդիմության քաղաքական ազատությունների նկատմամբ եւ ակտիվիստները հնարավորություն ստանան առանց վախենալու իրենց գործունեություն իրականացնել: Ուրախ ենք, որ 2010-ի հունիսին դադարեցվելու է լիցենզավորման մրցույթների սառեցումը, եւ հույս ունենք, որ թափանցիկ կլինի լիցենզավորման ընթացքը, առաջարկում ենք ոլոտում թվայնացումը իրականացնել թափանցիկ եւ արդարացի կերպով: Կարեւորում ենք անկախ ԶԼՄ-ների ստեղծումը: Ողջունում ենք զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացման իշխանությունների նախաձեռնությունը: Առաջարկում ենք լրացնել օրենքը այնպիսի հոդվածով, որը կերաշխավորի խոսքի ազատությունը: Առաջարկում ենք հրատապ, թափանցիկ եւ արդյունավետ հետաքննություն անցկացնել լրագրողների նկատմամբ կատարված հանցագործությունների բացահայտման համար, ինչպես նաեւ` ապահովել քաղաքացիների ազատ հավաքների իրավունքը:

Չինաստան.-Կրթություն, սոցիալական պաշտպանության եւ առողջապահության ոլորտում Հայաստանը հիանալի հեղինակություն ունի: Բայց փախստականների եւ գենդերային հարցում անելիքներ կան դեռ, ողջունելի է կառավարության բաց մոտուցումն այդ խնդիրներին, 3.500-4.000 ընտանիքներ փախստական դեռ առանց բնակարանների են, ի՞նչ է արվում այդ ուղղությամբ: Առաջարկում ենք շարունակել համագործակցությունը:

Մեքսիկա.-Առաջարկում ենք խրախուսել դավանանքի ազատությունը, կրոնական փոքրամասնությունների գրանցման ժամանակ խտրականությունը բացառել, հավաքների խոսքի ազատության որեւէ սահմանափակում թույլ չտալ, առաջարկում ենք նաեւ միջոլորտային մեխանիզմ ստեղծել ինչպես այս, այնպես էլ քաղաքացիական հասարակության առաջարկությունները կյանքի կոչելու համար:

Իրան.-Հայաստանը մի շարք միջոցառումներ է կիրառել ՄԻ պաշտպանության համար, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության ոլորտներում, առաջարկում ենք հազարամյակի նպատակների իրականացման ուղղությամբ ջանքեր ներդնել, ուշադրություն դարձնել  բնակարանային պայմաններին, աշխատանքի հնարավորությունների ստեղծմանը, ազգային պլաններ եւ ծրագրեր մշակել աղքատության հաղթահարման, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի եւ կանանց նկատմամբ իրականացվող բռնությունների դեմ պայքարելու եւ խոցելի խմբերին օգնելու համար:

Սլովենիա.-Կալանավայրերում եւ բանտերում տեղի ունեցող խոշտանգումները մեզ շատ են մտահոգում: Առաջարկում ենք շուտափույթ միջոցներ ձեռք առնել նման խոշտանգումների դեպքերի հետաքննությունների համար: 

Իռլանդիա.-Հավաքների ազատությունը 2008 թվի նախագահական ընտրություններից հետո օրենքում արված մի քանի փոփոխությունների պատճառով սահմանափակվել են: Կանանց իրավունքների ոտնահարումները մտահոգում են մեզ:

Նիդերլանդներ.- 2008 թվի հունիսին Եվրոպական դատարանը վճռեց, որ Հայաստանը խախտել է ՄԻԵ կոնվենցիան եւ Ա1+ հեռուստաընկերության իրավունքը, ապա Հայաստանը որոշեց սառեցնել լիցենզավորումը, ինչով խոչընդոտեց հաճախություն ստանալը, այդպիսով նաեւ խոչընդոտվեց հեռուստաընկերության խախտված իրավունքի վերականգնման հնարավորությունը: Առաջարկում ենք ապահովել ՄԻԵ դատարանի վճռի կատարումը հեռուստաընկերության ոտնահարված իրավունքի վերականգնման համար, ապա` օրենքում այնպիսի փոփոխություններ կատարել, որոնցով կապահովվի կարգավորող մարմնի իրական անկախությունը: Առաջարկում ենք պրակտիկայում չներդնել եւ չիրականացնել մարդկանց խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացման խոչընդոտող գործողություններ: Դատական համակարգի մասով առաջարկում ենք առաջնորդվելով ԵԱՀԿ ԺՄԻՀԳ իրականացրած դատական համակարգի մոնիտորինգի արդյունքներով արդարադատության բարեփոխումներ իրականացնել:

Շվեդիա.-Քաղաքացիական հասարակության կազմակերպություններից դժգոհություններ ենք լսել այն մասին, որ հեռարձակման լիցենզավորման դժվարություններ են առաջացել Հայաստանում, լսել ենք նաեւ լրագրողների իրավունքների ոտնահարումների մասին: Առաջարկում ենք միջոցներ ձեռք առնել որպեսզի ոչ ոք չհետապնդվի կարծիքի արտահայտման իրավունքի օգտագործման համար: Մտահոգիչ տեղեկություններ ունենք այն մասին, որ դատարաններն անկախ չեն, 2008 թվի ընտրությունների ժամանակ կեղծիքներ, լցոնումներ, կրկնակի քվեարկություններ են եղել: Առաջարկում ենք միջոցներ ձեռք առնել դատարաններում անկախ եւ թափանցիկ արդարադատություն իրականացնելու եւ առաջիկայում ազատ եւ արդար ընտրությունների իրականացումն ապահովելու համար:

Իտալիա.-Առաջարկում ենք ծրագիր ստեղծել ոստիկանների վերապատրաստումների համար, կալանավայրերում եւ բանտերում խոշտանգումները բացառելու նպատակով: Առաջարկում ենք արդյունավետ միջոցառումներ ձեռք առնել դատարանների անկախացման համար:

Ավստրիա.-Առաջարկում ենք Հայաստանին շարունակել համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ: Հայաստանում ստերոտիպեր կան կանանց հանդեպ, առողջապահությունը նրանց հաճախ հասանելի չէ, մանավանդ հեռավոր գյուղական վայրերում: Առաջարկում ենք միջոցներ ձեռք առնել կանանց նկատմամբ կիրառվող խտրականությունը բացառելու եւ փոքրամասնությունների իրավունքները չոտնահարելու համար:

Ուրուգվայ.-Առաջարկում ենք հաստատել Հռոմի ստատուտը միջազգային քրեական դատարանի մասին: Ողջունում ենք Հայաստանի եւ հարեւանների միջեւ երկխոսության սկիզբը: Առաջարկում ենք, միջոցներ ձեռք առնել կանանց դերի վերաբերյալ ստերոտիպերի բացառման, եւ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Ղրղզստան.-Կրթությանը Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում: Առաջարկում եմ թմրանյութերի օգտագործման դեմ օրենսդրության մեջ  փոփոխություններ կատարել, խստացնել ՀԻՎ եւ ՁԻԱՀ-ի դեմ պայքարը, շարունակել օժանդակությունը մանկատներին եւ միջոցներ ձեռք առնել ընտանեկան բռնությունների մակարդակը նվազեցնելու ուղղությամբ: 

Գերմանիա.-Հարկավոր է մարդկանց առեւտրի պատճառները վերացնել, պաշտպանել կանանց, ովքեր կարող են այդ առեւտրի զոհեր դառնալ: Առաջարկում ենք Հայաստանին Հատուկ զեկուցող հրավիրել դատարանների եւ փաստաբանների անկախության խնդրով, եւ ապա, առաջարկում ենք ակտիվորեն ջանքեր ներդնել մարդկանց առեւտրի եւ թրաֆիկինգի բացառման ու այդ պրոբլեմից տուժածներին պատշաճ աջակցվություն ցուցաբերելու համար:

Ֆրանսիա.-Մեզ համար պատիվ է լինել Հայաստանի համընդհանուր պարբերական դիտարկման տրոյկայի խմբում: Ողջունում ենք ԶԼՄ բարեփոխումների գործողությունները, առաջարկում ենք համապատասխան միջոցներ ձեռք առնել ազգային կարգավորող հանձնաժողովի անկախացման համար, ինչը հնարավորություն կտա հաճախականություններ ստանալ հեռարձակել կամեցողներին:  

Կանադա.-Առաջարկում ենք միջոցներ ձեռք առնել ԶԼՄ ազատությունների ապահովման համար, բարենպաստ միջավայր ձեւավորել հետաքննական լրագրության զարգացման համար, կալանավայրերում պատշաճ պայմաններ ստեղծել այնտեղ պահվող մարդկանց համար, բանտերում եւ կալանավայրերում իրականացված խոշտանգումների գործերով հետաքննություններ իրականացնել, առաջարկում ենք իրավական դաշտն այնպես կատարելագործել, որ Հայաստանը կարողանա արդյունավետ կերպով պայքարել մարդկանց առեւտրի դեմ:

Բոսնիա եւ Հերցեգովինա.-Մեզ համար պարզ չէ, թե քաղաքացիական հասարակության մասնակցությունը մեզ ներկայացված այս զեկույցի կազմման գործում ինչպիսին է եղել, կուզեինք իմանալ, թե ինչ դեր է ունեցել քաղաքացիական հասարակությունը այդ գործում եւ հետագայում ինչպես են ներգրավվելու ն րանք: Բանտերում եւ անչափահասների կալանավայրերում ինչպե՞ս են բարելավվելու բանտարկյալների պայմանները: Առաջարկում ենք բանտերում եւ կալանավայրերում մարդկանց նկատմամբ դաժան եւ անմարդկային վերաբերմունքը բացառելու համար համապատասխան աշխատակիցների մասնագիտական վերապատրաստումներ անցկացնել:

Իրաք.-Առաջարկում ենք Հայաստանի իշխանություններին վավերացնել Հաշմանդամների իրավունքների մասին կոնվենցիան, ինչպես նաեւ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին պակտի երկրորդ ֆակուլտատիվ արձանագրությունը:  

ՄԹ.-20 ից ավելի ՀԿ-ների զեկույցներն ենք ուսումնասիրել եւ համարում ենք, որ կան ոլորտներ, որտեղ իշխանությունների կարող էին ավելին անել մարդու իրավունքների պաշտպանության համար:  Համաներումը հնարավորություն տվեց մի շարք դատապարտվածների ազատվել: Համարում ենք, որ անկախ հետաքննություն պիտի իրականացվի սպանությունները բացահայտելու համար: Առաջարկում ենք իրականացնել ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ դատական մոնիտորինգի արդյունքների առաջարկները, ապահովել 2008 թվի ընտրություններից հետո իրականացված 10 սպանությունների անկախ հետաքննությունը, համապատասխան միջոցներ ձեռք առնել ընտանեկան բռնությունները բացառելու համար, Հայաստանին առաջարկում ենք վավերացնել Հաշմանդամների իրավունքների մասին կոնվենցիան ու Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին պակտի երկրորդ ֆակուլտատիվ արձանագրությունը, ինչպես նաեւ` ստորագրի Հռոմի ստատուտը եւ միանա դրան:

Հունգարիա.-Մտահոգվում ենք արդար դատաքննության սկզբունքների խախտումների պատճառով:  Դատավորների անկախության երաշխիքները մտահոգող են, առաջարկում ենք հատուկ զեկուցողներ հրավիրել դատարանների եւ փաստաբանների անկախության մասով: Առաջարկում ենք հատուկ բաժին ստեղծել ՄԻՊ գրասենյակում երեխաների խնդրով զբաղվելու համար;

Ֆինլանդիա.-Շատ բան է հարկավոր դեռ անել ՄԻՊ ոլորտում: Նախագահական ընտրությունների ժամանակ բացահայտվեցին բազմաթիվ թերություններ, ողջունում ենք համաներումը, ոստիկանության իրավունքներն ու գործողությունները պիտի եվրոպական նորմերի շրջանակներում, դատարանները անկախ եւ անկողմնակալ պիտի լինեն: Հասարակությունը չի վստահում դատարաններին, կոռուպցիան է մտահոգող: ՄԻՊ-ը մեծ դեր ունի ՄԻ մոնիտորինգի գործում, ՄԻՊ-ի լիզորությունները պիտի ընդարձակվեն,  եւ դերը` մեծացվի:

Նորվեգիա.-Մենք մտահոգ ենք ընդդիմության ներկայացուցիչների եւ քննադատող լրագրողների նկատմամբ հալածանքների մասին տեղեկություններով, հատկապես ընտրությունների շրջանում, 2008 թվի դեպքերը օրինակներ են: Հարկավոր է, որ պատասխանատուները արդարադատության առաջ կանգնեն: Առաջարկում ենք արդյունավետ հետաքննություններ իրականացնել այդ բոլոր դեպքերի համար: Հունիսին կկայնա Մարդու իրավունքների գծով հատուկ ներկայացուցչի այցելությունը Հայաստանը: Առաջարկում ենք, որ աշխատանքային խումբը կալանավայրեր եւ բանտեր այցելի: Առաջարկում ենք իշխանություններին բարենպաստ պայմաններ ստեղծել խոսքի եւ արտահայտման ազատության իրավունքի իրականացման ու հավաքների ազատության իրականացման համար: Առաջարկում ենք  հետագա միջոցառումներ ձեռք առնել, որոնցով կխրախուսվի կանանց մասնակցությունը հասարակական կյանքում, եւ առաջարկում ենք Հայաստանին այնպիսի արդյունավետ գործընթաց ստեղծել, երբ անկախ ոչ կառավարական կազմակերպությունները կկարողանան արդյունավետ կերպով վերահսկել այս առաջարկությունների կատարումը:

Շվեյցարիա.-2008-ի ընտրություններից հետո ընդդիմությունն ու լրագրողները հարձակումների են ենթարկվել, առաջարկում են խորհրդարանում  հատուկ հանձնաժողով ստեղծել եւ հետաքննել տեղի ունեցած օրինախախտումները: Կարեւորում ենք ազատ ԶԼՄ-ների դերը երկրում: Ոստիկանությունը պիտի իմանա, թե ինչպիսի պատասխանատվություն է կրելու մարդկանց իրավունքների խախտումների համար:

Պետությունների ելույթներից հետո Հայաստանի պատվիրակությունը հնարավորություն ստացավ պատասխանել մի շարք հարցերի եւ հատկապես նրանց, որոնք ստացվել էին նախապես` գրավոր: Պատվիրակությունից ելույթ ունեցողներից հատկանշական է ՀՀ Դատախազության  ներկայացուցիչ, ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության ավագ դատախազ Արամ Ամիրզադյանի պատասխանը, որը վերապահություն չհանդուրժող տոնով, ինչպես եւ իր վերադասը, մերժեց Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայությունը, ասելով, թե վերջին ժամանակներս Հայաստանի որոշ քաղաքական ուժեր քաղաքական պաշտպանության տակ են առել 14 դատապարտվածների, բայց նրանք ձերբակալվել են ոչ թե քաղաքական համոզմունքների, այլ կոնկրետ քրեական իրավախախտումների համար, կարող եմ ասել, որ հենց անկարգությունների կազմակերպման եւ իրականացման համար, զենք ու զինամթերքի անօրինական ձեռքբերման, կրելու, պահելու եւ տեղափոխելու համար: Հետաքրքիր է այն, որ այդ անձանցից մի քանիսը դատապարտվել են մարտի 1-ից առաջ, եւ նրանք դատապարտվել են ուրիշ հանցագործությունների համար,  օրինակ, որջեր պահելու, պոռնկությամբ եւ կավատությամբ զբաղվելու համար, զենքի անօրինական ձեռքբերման համար, պետական դավաճանության համար (պետական դավաճանության եւ ոչ թե պետությանը դավաճանելու-Լ.Բ.): Պարոնը նշեց նաեւ, թե ոստիկանությունում խոշտանգումների մասին բոլոր հաղորդումները պարտադիր քննվում են: Ավելացրեց, թե մարտի 1-ի սպանությունների հետաքննության շրջանակներում հարուցվել է 2 քրեական գործ 4 ոստիկանների դեմ: Այդ գործերից մեկի դատավարությունն արդեն ավարտվել է արդեն եւ ոստիկանները դատապարտվել են դատարանի վճռով, իսկ մյուս գործով քրեական գործը առանձնացվել է եւ նախաքննություն է իրականացվում:

Ժնեում ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Շարլ Ազնավուրը լռությամբ տարավ այս ամենը եւ նիստի ավարտից հետո իրեն մոտեցած մեկ-երկու հոգու հետ կարճ զրույցներից հետո հանդարտ հեռացավ, ներկաները` ծանոթ-անծանոթ, ջանում էին նրա կողքին կամ ֆոնին լուսանկարվել: Դժվար է ասել, թե մեծ երգիչն ինչ էր մտածում Հայաստանի փոխարտգործնախարարի ներկայացրած հեքիաթային պատկերի եւ ավելի տեղյակ օտարերկրացիների սառը ցնցուղի մասին, որ որոշ ընդմիջումներով պահեցին հայոց պատվիրակության վրա երեք ժամ շարունակ:

Եզրափակիչ

Հանրագումարելով այս ամենը հետեւյալ պատկերն է ստացվում: Անդառնալի ժողովրդավարությամբ երկրները հայաստանի հիմնախնդիրները թվելիս հիմնական շեշտը դնում են արտահայտման, խոսքի, մամուլի, դավանանքի ազատության, իրավապահ համակարգի կարգավորման, արդարադատության անկախության, 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ եւ հետո տեղի ունեցած իրավախախտումների եւ հանցագործությունների արդար քննության ու մեղավորներին պատժելու վրա: Իսլամական երկրները շեշտում են սոցիալական խնդիրների լուծման անհրաժեշտությունը, երեխաների, կանանց իրավունքների պաշտպանությունը եւ ընտանեկան բռնություններիբացառումը, իսկ տատանվող ու կասկածելի ժողովրդավարությամբ երկրները, կամ հիմնականում ողջունում են Հայաստանին կամ 1-2 սոցիալական խնդիր են հատկանշում, ասես` ձեւի համար: Այս շարքերից կան այնպիսի հասկանալի բացառություններ, ինչպիսիք են Թուրքիան եւ Ադրբեջանը:

Հայաստանի զեկույցի վերջնական տարբերակը հաստատվելու է մայիսի 10-ին, իսկ թե Հայաստանը արված առաջարկություններից որոնք կընդունի եւ դրանով կստանձնի այդ ոլորտների կարգավորման պատասխանատվությունը առաջիկա 4 տարիների ընթացքում, եւ` որոնք կմերժի, համարելով, թե այդպիսիք չկան ու չեն էլ եղել, պարզ կդառնա 3-4 ամսից, հավանաբար սեպտեմբերին: Այդ պահից սկսած Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նրանց խնմբերն ու Հայաստանով հետաքրքրված միջազգային կազմակերպուջթյունները լրջագույն անելիքներ կունենան Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը վերահսկելու, պարբերական հաշվետվություններով դրանք հայաստանյան հարկատուներին, իշխանություններին եւ միջազգային հանրությանը ներկայացնելու համար:

Այդ նույն պահից սկսած Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ կլինեն իրենց ստանձնած պարտավորությունների համար զանազան ֆինանսական միջոցների հայթայթման համաշխարհային գործընթացի ծավալմանը, ըստ էության հիմնավորելով, թե` դե պարտավորություն է` պիտի կատարեն, որ, իբր, ժողովրդավարություն տեղի ունենա, բայց թե ինչպես կկատարեն, բավականաչափ մեծ մոտավորությամբ հայտնի է. պատմությունը կրկնվելու վատ բնավորություն ունի:

Այդ դրամահայթայթման գործընթացում իշխանությունները անպայման հազարապատիկ ավելի շատ դրամաշնորհներ կամ վարկեր կստանան միջազգային դոնորներից, քան քաղաքացիական հասարակության բոլոր հաստատությունները մեկտեղ վերցրած` այդ պարտավորությունների կատարումը վերահսկելու համար, բայց այդ իշխանությունները կլինեն, որ մյուսներին գրանտակերներ կկոչեն: Չնայած, չի էլ բացառվում, որ իշխանությունները ամենեւին էլ չլրջացնեն պարտավորությունների ստանձնումն ու դրանց կատարումը, որովհետեւ Համընդհանուր պարբերական դիտարկումների (UPR) փորձագետները, մեկնաբանելով այդ գործընթացները, շեշտում են այն հանգամանքը, որ սա մարդու իրավունքների պաշտպանության տակավին նոր համակարգ է եւ առաջին փորձաշրջանն է անցնում, մարդիկ, քաղաքացիներն ու իրավապաշտպաններն են, որ իրենց երկրներում պիտի խթանեն այս գործընթացները եւ հասնեն փոփոխությունենրի, ՄԱԿ-ն ինքն իրենով անկարող է գալ եւ ստիպել երկրի իշխանություններին փոփոխություններ կատարել, մանավանդ եթե այդ երկրի հասարակությունը այդ փոփոխություններն ինքը չի պարտադրում:

Եւ վերջապես, այս հնարավոր զարգացումները անկարելի է քննարկել Հայաստանի ներքին քաղաքական եւ հարակից զարգացումների հնարավոր սցենարներից զատ: Բայց դա մեկ այլ փաստավավերագրական ֆիլմից է:  

Լեւոն Բարսեղյան


2010
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter