Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հայաստանում ուրան չկա.

Դժվարությամբ հասկացողների համար. burda uran yokhtur

 

15 | 11 | 2010 | 10:30 | հրապարակախոսություն

 

Լեռնաձոր համայնքը գտնվում է Սյունիքի մարզի հարավ արեւմուտքում, Կապանից Քաջարան ընկած ճամփի 20-րդ կիլոմետրին, հենց միջպետական մայրուղու վրա: Անշառ, խելոք գյուղ է, Ս.Սարգսյանին ընտրած պիտի լինի վերջին` 2008 թվի փետրվարի 19-ի միջոցառման ժամանակ:

 

Ասում են, որ երկրաբաններն այստեղերով անցել են դեռ 60-ականներին ու օգտակար հանածոների երեւակումներ են գտել: Բայց սովետը ուրան ասվածի ետեւից չի ընկել: Մտածել է` եղած պղինձն ու մոլիբդենն էլ հանեն տանեն` մեծ բան է: Համ էլ, մտածել են, որ աշխատողներ են պետք, իսկ ուրանի բացելը տեղահանություն է նշանակել, հո ամբողջ Հայաստանի հարավը` Կոլիմա չեն դարձնելու:   

 

Գյուղը տեղավորված է Զանգեզուրի լեռներից բխող եւ արեւելք` դեպի Կապան հոսող Ողջի գետի հյուսիսային լանջին` հենց ճամփի բերնից, որոշ կառույցներ գետի հարավային ափին են: Քաջարանից 4 կմ արեւելք տեղավորված Լեռնաձոր գյուղը 450 բնակիչ ունի:

 

Գյուղի հարակից տարածքում Ողջի գետի կիրճի լանջերն այստեղ զառիթափ են, 30-50 աստիճան թեքությամբ: Գյուղի հատվածում` մոտ 40-50 աստիճան, եւ դատելով դեպի ուրանի հետախուզման տարածք բացված ճամփի լանջի ապարներից, այս լանջերը բավականաչափ անկայուն հավասարակշռության մեջ են, սորուն ու բացառությամբ ժայռաբեկորների` խախուտ: Արդեն մի քանի տեղերում լանջերը սորում են բոլդոզերով բացված ճամփին: Վերեւում հորատման աշխատանքների հովացման ջրերի մի մասը հոսում է լանջն ի վար` դեպի գյուղ, իսկ մյուս մասը` խողովակաշարով է իջնում եւ լճանում գլուղի գլխավերեւին: Բավականաչափ մեծ է հավանականությունը, որ տեղումների ատիվացման շրջանում այս լանջերն ու կուտակված ջուրը ցած են հոսելու, դեպի գյուղի հյուսիսային սահմանների տներն ու կառույցները: 

 

Այս լճակից մի քիչ ցած, իր համար ձախ ընդունած հանգրվանել է մի քանի օր առաջ ուրանի հետախուզման գործից զզված, ամոթխած եւ ինքնահրկիզված հորատող մեքենան:

 

Մի ինչ-որ խորհրդավոր բան կա այս մեքենան ինքնահրկիզված հայտարարելու հանգամանքի մեջ.-բա Հայաստանում ճիշտ բաներ էլ են լինու՞մ: Մարդիկ այս միտքը կեսկատակ-կեսլուրջ արտաբերում են կամ` կուլ տալիս: Գուցե կարծում են, թե մարդիկ այնքան են սխալ բաներով զբաղված, որ ճիշտ բանը հազիվ թե մարդկանցից լինի. ուրեմն մեքենան ինքնահրկիզված կլինի: Մեկ լուրեր են տարածվում, թե քրեական գործ հարուցվել է, մեկ էլ, թե` ոչ: Դա կարեւոր չէ: Բանն այն է, որ ոստիկանությանը եւս մեկ չբացահայտված քրեական գործ ամենեւին պետք չէ: Մինչեւ սրանք հարմար խոստովանող չգտնեն քրեական գործ չեն հարուցելու: Մեքենան էլ հազիվ է պրծել սրանցից, որ հիմա էլ սկսի ինքնախոստովանություն անել:

 

Մնում է  ինքնահրկիզում տարբերակը, մանավանդ, լուսանկարում շատ պարզ երեւում է, որ հրդեհը վառելիքի բաքի կողմից է սկսվել, ինքն իր վրա լցրել, դե շարժիչն էլ տաք է եղել` ինքն իրեն հրկիզվել է: Մոտավորապես այնպես, ինչպես վերջին 10 տարում լրագրողական 10 մեքենա այրվեց, ու` ոչ մի մեղավոր: Մյուս կողմից էկոտեռորը լայնորեն տարածված է բոլոր այն երկրներում եւ հանրություններում, որտեղ մարդկանց կյանքն ու առողջությունը ուտող իշխանությունը ինքնուրույն գլխի չի ընկնում, որ համը հանել է: Այդ տեղերում եւ այդ դեպքերում, բողոքի նամակներից, ստորագրահավաքներից, երթերից, քաղաքակիրթ պիկետներից հետո մարդիկ ստիպված են լինում անդաստիարակ մեթոդների անցնել ու բացատրել, որ բոլոր դոլարներից ու միլիոններից առաջ գեներ գոյություն ունեն, որ հազարավոր տարիների միջով եկել հասել է իրենց, ու իրենք դրանք հաջորդներին ավանդելու գիտակցված կամ չգիտակցված, բայց հստակ ու հանդուգն պարտականություն ունեն. Գերմանացիք 10 օր շարունակ ռելսերին էին պառկում ու դրանց տակի խիճն էին քանդում, որ ռադիոկատիվ թափոնները տեղ չհասնեին: Լեռնաձորի ուրանի վրա սիրահարվածները կասեն, հետո ինչ, միեւնույն է` հասցրեցին, ոստիկանությունը այդ ցույցերը ցրեց եւ տեղ հասցեց թափոնները: Ճշմարիտ է, իսկ թե ինչ վնաս կրեցին այդ ցույցերից Մերկելն ու կուսակցությունն իր, ցույց կտան հերթական ընտրությունները, այնտեղ Գերմանիայում: Ահա այստեղ է մեր ու իրենց տարբերությունը, մեր ընտրություններով ոչ մի տարբերություն էլ տեսնել հնարավոր չէ: Եւ դա այնքան հստակ է, որ հասկանում էր անգամ ինքնահրկիզված հորատող մեքենան` Ուրալ: Համ էլ մեծ արտիստն ասաց, որ ինքն է հրկիզել մեքենան. բոլորս դեպի դատարա´ն, նայենք, թե ինչպես են Մանարյանին դատումJ Կեցցե´ն Ուրալն ու Մանարյանը:                   

Դեռ գյուղի ներքեւից ու ճանապարհից վեր նայելիս, լանջին երեւում է այս դեղին աշխատարակը, որ եկել է փոխարինելու նախորդին` ինքնահրկիզվածի աշխատարակին: Մի ութսուն մետր զառիթափով վեր ելնելիս, ուր երկրաբանահետախուզական բրիգադի աշխատակիցները վերուվար են անում վիլիսներով, բոցվում է այն փոքր հարթությունը ուր աշխատումէ  նոր հորատող մեքենան: Կապանի հանրահայտ հանրահավաքի օրը Լեռնաձորի լանջին աշխատող երկու երկրաբանն ու երկու բանվորը գլուխները կախ իրենց գործին էին` մի փոր հացի համար: Երկրաբանական միջավայր էր, մոտ 50 մմ տրամագծով կեռն հանել ու կանոնավոր դարսել էին արկղերում` որ ուղարկեն անալիզի: Արկղի դարակների կողերին թվեր են գրված` խորություններն են` մետրերով: Վերեւի արկղի կողին գրած էր 85,7 մետր էր, մեր կանգնած տեղից երեւի հասել էին մինչեւ Ողջի գետի հորիզոն: Այս ապարանմուշները ուղարկելու են քիմիական անալիզի, որ իմանան` մեջն ինչ կա եւ ինչքան, մանավանդ` ուրան: Տրամաբանությունը հուշում է, որ գյուղի վերի գլխին հետախուզությունը ենթադրում է ուրանի հույս գյուղի տակ, միջպետական ճանապարհի տակ, եւ Ողջի գետի տակ, որ հոսում է դեպի Կապան: Գիտեցողը գիտե որ, այս 5-6 սանտիմետրանոց լայնքով հարյուր մետրանոց անցքերն արդեն վտանգն են: Վտանգ են ոչ միայ գյուղի, գետի, Քաջարանի ու Կապանի համար, այլեւ` Սյունիքի եւ Հայաստանի երրորդ հանրապետության: Տեսնես ե՞րբ Հայաստանին վտանգ է լինում, ու՞մ է դա օգուտ: Տեսնես այս հորատումներն արտոնողներն ինչքա՞նը չեն հասկանում այս հասարակ բաներից եւ ինչքա՞նն են հասկանում: 

     

Կապանցիներն եւ հարակից համայնքների բնակիչները այս տափակ հարցերի պատասխանները ոչ որոնում են, ոչ էլ որոնել են: Նրանց հասկացել էին, որ բողոքի հանրահավաք պիտի կազմակերպել, եւ կազմակերպել էին:

 

Բավականաչափ հաջող. Կազմակերպված, ցուցապաստառներով, ահարկու նկարներով, մեծուփոքրով, համեստ ոստիկաններով, խրոխտ եւ տղամարդավարի ելույթներով, բարձր տրամադրությամբ, ժամը 17-ին` որ աշխատատեղում մնալու պարտադրանք չլիներ ժողովրդի վրա: 1 ժամ 15 րոպե տեւած հանրահավաքում ելույթ ունեցավ մոտ 15 հոգի, Կապանի հասարակական մի քանի ակտիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ ղեկավարներ, քաղաքի ավագանու անդամը, մարզպետի տեղակալը, մտավորականներ եւ մի պատգամավոր` կին:

 

Բայց մի քանի տարակուսանք մնաց: Մինչեւ դրանց մասին գրելս, ասեմ, որ սրանք մանր բաներ են սյունեցիների հանրահավաքի զորության կողքին:

 

Կազմակերպիչները իրենց հայտարարություններում եւ տեղեկատվության մեջ օգտագործում էին արտոնված հանրահավաք արտահայտությունը, այնինչ խոսքը` իրազեկված կամ պատշաճ իրազեկված հանրահավաքի մասին է: Հայտնի բան է, որ իշխանությունն է արտոնված ձեւակերպումը ծամել տարիներ շարունակ ու ծամում է դեռ եւ իր մեծ ազդեցության շնորհիվ այլասերում մարդու` հավաքների ազատության իրավունքի իրականացումը: Այդ այլասերումն իր խորունկ եւ ստոր նպատակն ունի` արտոնողի եւ արտոնվածի դիրքային դասավորությունը վառ ու հստակ պահել տալու համար. իբր այդ իշխանւթյո´ւնն է, որ արտոնել է, եւ այդ սյունեցի´ք են, որ արժանացել են այդ շնորհին: Կարծում եմ, արժե որ սյունեցիք ու մյուսները բոլոր այսուհետ աչալուրջ լինեն եւ գրագրություններում ու իրենց տարածած լուրերում հասկացնեն, որ այդ իրենք են, որ որոշել են հանրահավաք անել եւ` իրենց ծառայող իշխանություններին տեղակ պահել, թե հավաքվելու բան ունենք` տեղյակ եղեք, անվտանգությունն ապահովեք մարդկանց, կարգուկանոն եւ այլն:

 

Հանրահավաքի հենց սկզբից իմացա, որ կազմակերպիչներն ինչ-որ ներքին ու արտահայտված դիմադրություն ունեն այստեղ ներկա երկու պատգամավորներից մեկի ելույթի դեմ: Ինքնահրկիզված հորատող մեքենան էլ կարող է կռահել, որ խոսքը ընդդիմադիր պատգամավորի մասին է: Լուրջ չընդունեցի, բայց, երբ հանրահավաքի վերջնամասում Զ.Փոստանջյանի ելույթի սկզբում խոսափողն անջատեցին ու, երբ պատգամավորը առանց բարձրախոսի ելույթ էր ունենում իր լսելիության տարածքում հավաքված մարդկանց եւ լրագրողների համար, հայտարարեցին, թե հանրահավաքը հայտարարվում է փակված, հասկացա, որ ինձ հասած լուրերը ճշմարիտ են: Իհարկե հանրահավաքի կազմակերպիչն է ելույթի իրավունքը տալիս-առնում ու պատասխանատվության իր բաժինն ունի ելույթների բովանդակության համար, եւ պատգամավորը իր ելույթն սկսեց առանց կազմակերպիչների թույլտվության, բայց պատգամավորին ելույթի հնարավորություն չտալու այն ծայրահեղ զգուշավորությունը, որ ունեին կազմակերպիչները, տհաճ եղավ: Այդ տհաճությունն էլ հանրությանը ստիպեց գոռում-գոչյունով խոսափող պահանջել Զարուհու համար, ինչն ի վերջո ապահովվեց, բայց պատգամավորն իր հիմնական ասելիքն ասել էր արդեն եւ մնացել էին էմոցիաները` վերջում:

 

Ամբողջ հանրահավաքի ընթացքում, ու ելույթներից կեսից ավելիի մեջ մարդկանց մատուցվում էր այն միտքը, թե մեր բողոքն իշխանությունների դեմ չէ, ուրանի դեմ է: Խեղճ ուրանն ինչ մեղք ունի, միլիոն տարի է իր համար որտեղ ուզում` այնտեղ քնում է, մինչեւ քնից չեն հանում: Այդպես կարելի է հորատող մեքենայի բանվորի կոշիկների քուղերի դեմ էլ բողոքել: Մեր պայքար քաղաքական չէ, սա նույն մտքի ձեւափոխությունն է: Հայաստանի իշխանություններին հանկարծ չջղայնացնելու ծայահեղ զգուշավորություն ունեին հանրահավաքի կազմակերպիչները, որ գուցե տեղական ժողովրդավարության առաջին քայլերից էր գալիս, գուցե մարզային եւ պետական իշխանությունների խստագույն նախազգուշացումների հետեւանքն էր: Բայց հասկացա, որ հաջորդ անգամ հանրահավաքը միայն ուրանի դեմ չի լինելու, այլեւ նրանց դեմ, ովքեր իրենց տգիտության եւ ագահության բերումով հրեշին քնից հանելու որոշումներ են կայացնում, լինեն նրանք իշխանություն, թե չիշխանություն:         

 

Ես տեղյակ էի, որ Սյունիքում առանձնահատուկ հասարակական-քաղաքական իրավիճակ էր տիրում, բայց որ կառավարական մակարդակի հայ-ռուսական համաձայնագրով նախատեսված ուրանի հետախուզման այս պլանի դեմ կարող էր ելույթ ունենալ հռչակավոր մարզպետի տեղակալը, մտքովս չէր անցնում: Մենք ձեր թիկունքին ենք` մոտավորապես: Ի՞նչ է սա նշանակում, Հայաստանի կառավարությունը անկարո՞ղ է եղել դիմադրել մեծ ախպոր ուրանային գգվանքներին եւ չի կարողացել ասել չէ՞ (կասեին, բա մինչեւ հիմա դուրըդ գալիս էր կամասուտրան, էս ի՞նչ եղավ), եւ ուրան չբացելու լուծումը գտել է ժողովրդի դժգոհությունն ռուսներին ի ցույց դնելու եւ մարզպետարանի մակարդակով խրախուսե՞լու մեջ: Չի բացառվում: Բացառվում է անշուշտ, որ Սյունյաց հռչակավոր մարզպետը որոշել է կառավարությանը իր տեղակալի բերանով ոչ ասել ու հանրության շահերը պաշտպանել: Բացառվում է, որովհետեւ այն ինչ ռուսները կասեին ֆորպոստի կառավարիչներին, այն էլ ֆորպոստի կառավարիչները պիտի ասեին Սյունյաց մարզպետին: Շատ քիչ հավանական է նաեւ, որ տեղակալը մարզպետի տրամադրությանը հակառակ էր այստեղ ելույթ ունենում: Վերադառնալով առաջին վարկածին եւ շատ հավանական համարելով այն, պարտավոր եմ համարել, որ մեծ եղբայրը միամիտ չէ այնքան եւ կուշտ չէ երբեք, ու կասի` էդ քու պրոբլեմն է, իմ կրտսեր եղբայր, Իմ վասալի վասալը իմ վասալը չէ` մարզպետիդ տեղակալի հարցերն ինքդ կարող ես լուծել, կամ` չլուծել, ինձ հանքն է պետք: Կամ շուտով այս հետախուզանքի փոխարեն էլի մի թոթոլ կտոր են պոկելու Հայաստանի բզկտված ունեցվածքից: Որովհետեւ սյունեցիք չթողեցին իրենց սարերն ասպատակել:   

     

Կապանի հանրահավաքից հետո շատ պարզ հասկացա, ու ձեզ էլ ասեմ. տարակույս չունենաք, որ այժմ եւ հաջորդ հորատող մեքենաներն էլ են ինքնահրկիզվելու, ամպրոպի ժամանակ կայծակն է խփելու ավտոյի ամենանդուր տեղին, անձրեւի ժամանակ համապատասխան կարճ բռնկումներ են լինելու, հողմ է լինելու եւ ավազ է շաղ տալու հետախույզների աչքերի մեջ, որովհետեւ Սյունիքն ու Կապանը հազարավոր տարիներ կանգուն չեն եղել այն բանի համար, որ հիմա մի քանի անկուշտ իրենց մեծ ախպոր հետ գան ու ասպատակեն մեր ունեցվածքը:

 

Ուրեմն. Հայաստանում ուրան չկա: Դժվար հասկացողների համար` Հյաստանըմ ուռան չկյա, -! burda uran yօkhtur

 

Բայց իրականում, ընկերական` գաղտնիքի նման ասեմ` կա: Կա´, մի քանի պաշտոնյայի տան տակ, այնքան հանրահայտ պաշտոնյաների տների տակ, որ դրանց անունները տալու կարիք իսկապես չկա: Եւ այնքան կա, որ առանց ուրանի հանք բացելու էլ` Հայաստանը ի փառս Հայկ Նահապետի` արդեն ուրան արտահանող երկիր է իր սոված հալին:  Համ էլ` էդ տների տակի ուրանն էլ է մերը:  

  

ՀԳ.

Ի միջիայլոց, Կապուտջուղն էլ էր մասնակցում հանրահավաքին: Ինքը հրավիրատոմս չուներ, իրենը` մշտական է:

 

 

 

 

 

 

Լեւոն Բարսեղյան

(Լուսանկարները ազատ կարող են օգտագործվել ցանկացած նպատակով):


2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական

 


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter