Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Աղոթել Նիկոլի համար

 

22 | 11 | 2010 | 18:45 | հրապարակախոսություն

 

Վերջին դատի ժամանակ բանտի դատարանում Նիկոլն ասում էր` հանեք պատերից Կալաշնիկով ավտոմատի նկարները (դատն ինչ-որ վարժական լսարանում էր ընթանում, երկու պատերին Կալաշնիկովի ավտոմատի եւ Մակարովի ատրճանակի եւ դրանց մասերի նկարներով պլակատներ էին), ես հասկանում եմ իհարկե, որ այս իշխանությունը հենվում է Կալաշնիկովի ավտոմատի, վրա, բայց պարտադիր չէ այդ մասին այստեղ էլ հիշեցնել : Դատավորը մանթո էր, հաշվում էր երեւի, թե կոնկրետ իր ո՞ր դիմախաղը կամ որոշումը հենց այդ Կալաշնիկովի պլակատի հարցով կարող է իր աշխատանքային կենսագրությունը մրոտել կամ դրան վերջակետ դնել: Մտածում էր երեւի, թե դահլիճում ներկա դատախազության մարդը այդ եւ իր որոշումն ինչքան եւ ինչպես է պատմելու շեֆին: Բայց հասկանալով, որ մեկ է` վերջը ինքը Բաղրամյան-26-ի տիրոջը հաճո վճիռ է կարդալու, ու Կալաշնիկովի պլակատը հանելու իր որոշումը դեղին քարտ չի դառնա, ասաց` հանեք: Կարեւորն այլ էր: Նիկոլի այդ միջնորդության պահին, երբ Նիկոլն ասում էր վերը մեջբերված նախադասությունը, բոլորը` դատավոր, կատարածու, պահակազոր, դատախազ, լրագրող ու օպերատոր իրեն էին նայում, ես` դատավորին: Հավատացեք` հենց այդ խոսքերի վրա դատավորը հաշտ ու հանդարտ գլխով արեց մի քանի անգամ. կամ համաձայն էր, կամ իր ծննդյան օրն էր անիծում, կամ էլ այն օրը, երբ` որոշեց դատավոր դառնալ: Երեւի գիտակցաբար էր գլխով անում եւ ոչ թե ակամա, դատավորն էլ գիտեր, որ ամբողջ դահլիճը Նիկոլին է նայում եւ իր կարծիքով միայն Նիկոլն էր իրեն նայում, ու մյուսներից ծածուկ կամեցավ հասկացնել, թե հա´, ախպեր, համաձայն եմ: Այդ բացահայտ համաձայնությունից էր, որ ես հասկացա, որ մերժելու է դատապարտման ժամկետի վերահաշվարկի հայցը: Դատավորների էս սորտը իմ կոշիկների պես խորամանկ է. ամբողջ նիստը ջանուղուրբան կարող է լինել, կարող է դատախազին ու պետության այլ ներկայացուցիչներին շշպռել անգամ, միամիտ մարդը կկարծի, թե հեսա, հաղթում են իրենց զավթված հողամասի կամ այսինչ ազատության իրավունքի պաշտպանության հայցը, մեկ էլ վերջում` առըհա´: Իմ կոշիկներն էլ` երեսանց փայլուն, թարմ ու առողջ են պահում իրենց, մինչեւ տակից ջուր չի լցվում մեջը, մինչեւ չեմ նկատում, որ ծակվել են, փոխելու ժամանակն է:

 

Ինչ-որ մի պահի, ինչ-որ մի միջավայրում կարող է արդարացման համար միտք հնչել ինչ-որ մեկի բերնից թե` Սերժը Սարգսյան անտեղյակ է եղել Կոշում Նիկոլի դեմ ձեռնարկված հարձակումներին: Կարելի է անտեղյակության համար հիմնավորում բերել, թե մեզ մոտ ավտորիտարիզմն այնքան կատարյալ չէ, որքան ինքը` Ս.Սարգսյանը կկամենար, որ լիներ, այլապես նման բան չէր պատահի, ու այդով` Նիկոլի դեմ հարձակումների պատասխանատվությունը փորձ կարվի քերել գերագույն-գլխավոր հրամանատարի վրայից: Խուժանական-թափթփված ավտորիտարիզմը, այնինչ, այս հարցում սովետով թրծված գործակատարներ ունի` նախ ի դեմս հենց իրեն: Խմբագիր եւ հրապարակախոս Նիկոլն ավելի սարսափելի է այդ անցյալն ունեցած իշխանություն պահողի համար, քան վաթսուն հազար զինված ցուցարար` Դեմիրճյան փողոցում` ծայրեծայր: Իշխանությունն ամեն ինչ արել է եւ անելու է հանրությանը ցույց տալու համար, որ ինքը վճռակա´ն է, հետեւղակա´ն եւ չի´ թույլ տալու իր հաստատությանն սպառնացող որեւէ գործողություն, եւ թե այդ գործողությունները խափանելու համար հարկավոր է սպանել կամ բանտել, ինքը վստահ ընդունակ է դրանց: Սրանք հասարակ եւ փորձարկված միջոցներ են, աշխատել են եւ աշխատում են մոլորակի տարբեր անկյուններում:

 

Իհարկե, ոչ ոք չի մանկամիտ չէ այնքան, որ հավատա, թե Նիկոլի դեմ հարձակումներին ինքը` Սերժը անտեղյակ էր եւ այդ հարձակումների մեկնարկն իր ասուն կամ պապանձ համաձայնությամբ չի տրվել: Ոչ մի բանտապետ առյուծի սիրտ չի կերել, որ Նիկոլի վրա հարձակումն ինքնուրույն նախաձեռնի, որքան էլ թվա, թե դա հաճելի կլինի տիրոջը: Ոչ մի բանտապետի տակ հեծող կալանավոր պարապ չէ այնքան, որ ինքն իր համար պատվեր ձեւակերպի եւ հարձակվի Նիկոլի վրա, հենց այնպես:

 

Հազար անգամ ասվել է բոլոր հասկանալի ձեւերով` ժարգոնով եւ հայերեն, բանավոր եւ գրավոր, թերթերով եւ ինտերնետով` մի´ կպեք Մտքի եւ Ազատության մարդկանց: Այս մարդկանց էներգիան բոլորովին այլ տեղից է, քան մյուսներինը, քան նրանց կպնողներինը, այս մարդկանց էներգիան անհասկանալի է նրանց կպնողների համար ու երբեք չգիտեն նրանց կպնողները, թե ինչ է լինում դրանից հետո, ինչ կարող է պատահել կամ չպատահել նրանց արժանապատվությանը կպնելու պատճառով, ում կարող է պատահել, երբ կարող է պատահել եւ որտեղ: Այս մարդկանց էներգիան մարդկության պատմության ակունքներից թերագնահատվել է շարունակ, եւ շարունակվելու է այդպես, բայց նրանց ուսերին է մարդկությունն առաջ գնացել` համաշխարհային եւ տեղական, ԳՈՒԼագ-ում, Սանտյագոյի մարզադաշտում, թե Կոշի բանտում: Այս մարդկանց կպնողները երբեք մարդավարի չեն կարողացել գնահատել այն զորությունը, ինչ ունեն նրանց տարօրինակ կալանավորները: Բայց դա իրենց պրոբլեմն է, ինչն իրենք որպես կանոն չեն հասցնում կռահել:

 

Ռեժիմն այդպես էլ գլխի չընկավ, որ ազատության համար պայքարող մարդկանց էներգիան անհնար է ոչնչացնել ու` ոչ միայն էներգիայի պահպանման օրենքի շնորհիվ: Այդ մարդկանց հալածելը, բանտելն ու սպանելը չի ոչնչացնում այն գաղափարը, որն իրենք կրում են իրենց սրտերում եւ տարածում են ամենուր, անգամ` անխոս: Այդ գաղափարների ծննդից եւ տարածումից հետո այլեւս անհնարին է դառնում դրանց ետ հավաքումը, դա իրենց տատի կծիկը չէ: Հայաստանի խուժանական զավթիչները ու դրա պարագլուխներն այդպես էլ չհասկացան, որ երբ մարդն իր կենցաղային ազատությունը թողած, իր ոտով գալիս մտնում է բանտ, ուրեմն իրենք արդեն տանուլ են տվել, մնացածը ժամանակի հարց է:

 

Բարոյականությունը այսպիսի իշխանության համար, իհարկե, վտանգավոր բան է, հազար ու մի անհասկանալի ծալք ունի այն, որ մենակյաց վանականի մի քանի կյանք է պետք սրանց` դրանք խորությամբ հասկանալու համար: Կացնի մեթոդաբանությունն ավելի անվտանգ են համարում` ուղեղները չի փսորում: Այդպիսով Սերժի եւ իր ծառաներից մեկի մտքով չանցավ կռահել այն հասարակ գիտելիքը, որ Ազատության համար ինքնուրույն բանտ գնացող մարդը ոչ թե գնում է հնազանդվելու, ոչ թե գնում է պարզապես նստելու` պատիժ կրելու, այլ գնում է մեծացնելու այդ բանտի սահմանները: Մեծացնում է այնքան, որքան կարողանում է: Արդյունքում` թարսի պես, բանտը փոքրանում է, իսկ վերջում` վերանում: Պարադոքսալ կարող է թվալ սա, իհարկե: Իշխանությունն, օրինակ, սա կարդալուց հետո, երեւի կհրահանգի ստուգել` արդյո՞ք բանտի պարիսպները տեղում են, փշալարը պսպղո՞ւմ է դեռ, գիշերվա լուսարձակներին գրող չի՞ կպել արդյոք, բանտի ուղղությամբ թարս նայող չի՞ պատահել այդ կողմերում եւ չհասկանալ, թե մի գրագետ կալանավոր ինչպես կարող է ընդարձակել բանտի սահմանները եւ փոքրացնել բանտը: Իսկ իմացողը հասկացել է վաղուց եւ գիտե հաստատ, որ Նիկոլը իր Ազատությունը իր հետ բանտ տանելով` այնտեղ տարավ եւ մեզ` բոլոր նրանց, ով ոչինչ չունի Ազատությունից վեր: Որովհետեւ Ազատությունը մի համընդհանուր ու անկիսելի բան է, Նիկոլը չէր կարող կտրել ու իր հետ տանել մեր Ազատության իր բաժինը, կամ մենք էլ ենք իր հետ, կամ ինքն էլ է մեզ հետ: Տարբերությունը մեծ չէ, պարսպից ներս կամ դուրս լինելու հարց է, իսկ սա ստից բան է` ժամանակի մեջ էլ, տարածության էլ, մանրուք` մեր համընդհանուր զրկանքների կողքին:

 

Մենք չենք կարող թույլ տալ, որ Նիկոլը մեզ համար նստի, իսկ մենք ապրենք իր փոխարեն: Մենք հիմա ավելի շատ ենք, քան երկու տարի առաջ, շատ ավելի շատ` քան 10-15 տարի առաջ: Եւ մեզ համար արդեն նեղվածք է բանտում, ու քանի գնում այդ նեղվածքը խեղդում է մեզ, եւ քանի որ մենք բոլորս Նիկոլ ենք, մեր երկրային կյանքում մեր շուրջը ուզած-չուզած մեծացնում ենք մեր Ազատության տիրույթները: Վերջը Սերժ Սարգսյանը մի հողմահալած օր հասկանալու է, որ Նիկոլին բանտել նշանակում է զոռով բզել, տեղից հանել հայոց արդեն 6-7 հարյուր տարի քնած գեները, զուլում սարքել սեփական վարչակարգի գլխին եւ ակամա մոտեցնել իր ողբանվագ կառավարման ավարտը: Իրենց խելքով` իրենց համար չարյաց փոքրագույնն են ընտրել` բանտել, եւ մեջները մի նախկին քաղբանտարկյալ չի եղել, որ բացատրի, թե վարունգները ամենաանդուր պահին եւ ամենաանպատեհ տեղում հակառակ ուղղությամբ աճելու գարշելի բնավորություն ունեն: Թվում էր, թե նման կոպիտ սխալ այսպիսի փորձառու ագիտպրոպագանդիստը թույլ չպիտի տար, բայց երեւի, այնուամենայնիվ, կարծել է, թե Նիկոլը երեխայություն է անում` բանտում կուղղվի, կամ էլ` կկոտրվի, ծնկաչոք կգնա նախագահական պալատի ճաղերը կհամբուրի եւ որպես ապաշխարանք` ասենք կմտնի Հայլուր` սրբագրիչ կաշխատի, որ տուն պահի:

 

Սրանք այսպես էլ չհասկացան, որ աստծո տվածը վերցնել, հափշտակել, խլել չի լինում, չկա նման բան բնության մեջ, եթե ինքը չի տալիս, ապա վերցնել անհնարին է, այդպիսով խլողների հաղթանակի զգացողությունը խաբուսիկ է լինում եւ հրճվանքը` կարճլիկ. երբ Ազատության հրապարակը նորից դարձրին օպերայի հրապարակ, մտածեցին, թե պրծավ, ազատվեցին, էլ ցույցեր չեն լինի, մարդիկ կմոռանան հրապարակն էլ, իրենց ունեցածն էլ` այնտեղ: Նման հիմարություն անո՞ւմ են: Հիմա էլ հետեւանքը չեն ուզում տեսնել. Ազատության հրապարակի կարգավիճակի հավակնող տարածքների թիվը շեշտակի աճել է եւ այդ տարածքները Ազատություն ունեցող մարդկանց գլուխներում մրցում են իրար հետ` առաջնություն շահելու համար եւ մրցակցությունը տեւելու է այնքան` մինչեւ մեկը շահի: Հիմա ո՞րն է ավելի հարմար Ազատության հրապարակ` Ալավերդուց Բագրատաշեն տանող միջպետական ավտոճանապարհի Շնող-Թեղուտ մտնող խաչմերուկին հարող հատվա՞ծը, Կապանի մշակույթի պալատի հրապարա՞կը, Մատենադարանի հարթա՞կը, թե՞ Գյումրու Թատերական հրապարակը: Ռեժիմը դեռ տեղյակ չէ, որ մեզ համար նոր Ազատության հրապարակ է սարքել` Նիկոլի շուրջը:

 

Հիմա: Ինչ է կախված իր հրահանգիչ անցյալը չմոռացած Ս.Սարգսյանից: Մի քանի աննախադեպ բան, որ հաստատապես ջանք է խլելու նրանից: Սերժ Սարգսյանը Նիկոլի վրա այս հարձակումներից եւ քաղբանտարկյալի իրավունքների ոտնահարումներից հետո հիմա պարտավոր է ամեն առավոտ կանուխ, մինչեւ զուգարան գնալը, զանգել Կոշ եւ Նիկոլի առողջությունը հարցնել: Լվացվելուց հետո, մինչեւ մի կտոր բան կդնի բերանը, պիտի զանգի Կոշ եւ Նիկոլի առողջությունը հարցնի, իմանա` թերթերը ժամանակի՞ն են հասցրել նրան, թե` ինչ-ինչ ուշացումով, պիտի խստագույնս հրահանգի` թերթերը չուշացնել, ամեն հացի ժամից առաջ պիտի զանգի Կոշ եւ հրահանգի, որ Նիկոլին մատուցվող հացուջուրը նրա աչքի առաջ ճաշակի անձամբ բանտապետը` խոհարարի եւ պահեստապետի հետ, հետո ինչ, որ Նիկոլը հրաժարվում է այդ կերակրից, ամեն հավատարմագիր ընդունելիս, իր ենթապետական հեռուստաալիքների տեսախցիկների առաջ ձեւականորեն ժպտալիս ու սրա-նրա հետ զրույց խաղալիս պիտի հիշի եւ մտահոգ լինի Նիկոլի տրամադրության բարձրությամբ, ամեն անարժանի դոշին մեդալ զարկելուց առաջ ու հետո նախկին հրահանգիչը պիտի իր ծառաների միջոցով Նիկոլի առողջությունը հարցնի, պիտի ջանքեր ներդնի, որ Նիկոլի վերմակը բարակ չլինի հանկարծ, որ միջանցահովիկը ներս չսողոսկի Նիկոլի ննջարան, նրա զբոսանքի ժամին դրսում եղանակը Նիկոլի սրտով լինի, անձրեւ էլ լինի` Նիկոլի սրտով լինի, տապ էլ լինի` Նիկոլի ուզածով լինի, թուղթուգրիչն անպակաս լինի, պիտի ամեն ինչ անի, որ իր նազիր-վեզիրների շներին կիլոմետրերով հեռու պահի Նիկոլից եւ նրա միջավայրից, հեռավոր ճամփեքին` օդանավից կամ Մեդվեդեւի ընդունարանում ընդունելության սպասելիս աչքի պոչով տղերքին հասկացնի` թե զանգեք Կոշ, տեսեք Նիկոլի քեֆը տե՞ղն է, սեյսմոլոգներին համոզի, որ Կոշի կողմերում երկրաշարժ չլինի, քուն մտնելիս էլ ըղձա, որ երազում Նիկոլին լավ տեսնի, որ երազները տարընթերցումների չտրվեն, այլ լինեն զուլալ, հստակ եւ բարյավ մեկնելի, որովհետեւ Նիկոլը նաեւ իր գերդաստանի ազատության համար է նստած, հասկանում է ինքն այդ, թե ոչ, դա այդպես է: Կհասկանա մի օր, թե չի հասկանա, դա երկրորդական է: Ազատությունը եւ դրա համար կռիվը հատվածական, մասնավոր, ժամանակավոր, ընտրովի չի լինում: Այսպիսով, քանի Նիկոլը Կոշում է ու հրահանգված հարձակումները փաստ են, Ս.Սարգսյանի գործը էական ձեւափոխություններ է կրելու, բանուգործ թողած` Նիկոլին դայակության պես մի բան է անելու` հեռվանց եւ աչալուրջ:

 

Ամբողջացնելով. Սերժ Սարգսյանը անկեղծ եւ անձնուրաց ջանադրությամբ պիտի աղոթի Նիկոլի ողջության եւ առողջության համար, պիտի աղոթի, որ մինչեւ իր հրաժարականը Նիկոլի գլխից մազ չպակասի հանկարծ: Որովհետեւ բնության մեջ ոչինչ պատահական չի լինում ու, ըստ այդմ` ամեն ինչ պատճառից բացի հետեւանք էլ ունի: Համարժեք եւ արդարացի հետեւանք` բազմաց հաճելի:

 

Մինչ այդ դժվար է ասել, թե Սերժը երբ գլխի կընկնի, որ իր այս դարդի շուտափույթ ավարտը Նիկոլի առաջ Կոշի բերդի դարպասները բացելն է, իրավական լուծումները կարող են ենթակա իրավաբաններն ու դատավորները գտնել. Նիկոլը խնդրագիր չի գրելու, նա այդ դաստիարակությունը չունի:

 

Եւ Աստված օգնական Նիկոլին էլ, մեզ էլ, հրահանգչին էլ:

                    

Իսկ մեր Ազատության հրապարակը Կոշի բանտն է, քանի դեռ մենք այնտեղից դուրս չենք եկել Նիկոլի հետ:

 

Լեւոն Բարսեղյան


2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական

 


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter