Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հրամայված է սպանել զինվորին                   www.hetq.am

 

04 | 04 | 2011 | 16:00 | Նամակ

 

Մեդալը կրծքին, օղու շիշը ձեռքին, տոնական Երեւանի փողոցներով ճոճվելով քայլող գեր սպային տեսնելով` հիշեցի, որ զինվորական քննիչը խոստացավ վերադարձնել մարտական հերթապահության պահին սպանված որդուս` Ազնաուր Առաքելյանի մեդալը, սակայն այդպես էլ մոռացավ: Եւ այս պահին, հնարավոր է, այդ մեդալը զարդարում է օղու շիշ պաշտող հերոսի բաճկոնը:

 

Ըստ պաշտոնական վարկածի` Ազնաուրը զոհվել էր թուրք դիպուկահարի գնդակից, դիպուկահարի համար տեսանելի տեղանքում: Սակայն այս վարկածը ձեւակերպող կողմը չգիտի, որ ես հաստատապես գիտեմ` Ազնաուրը խելացի էր, կյանքը շատ էր սիրում եւ երբեք, երբեք չէր հայտնվի տեսանելի վայրում: 2008 թ. օգոստոսի վերջին ազերիները մեծ տրամաչափի գնդացրով գնդակոծել էին եւ ցանցի ու տաշեղների վերածել Ազնաուրենց նոր հերթափոխը դեպի մարտական դիրքերը տանող բաց մեքենան, եւ զինվորները, իրենց ցած նետելով մեքենայի թափքից, հրաշքով էին իրենց կյանքը փրկել: Այդ գնդակոծումն այնքան մեծ հետք էր թողել Ազնաուրի վրա, որ իր զորացրումից մի երկու ամիս առաջ, ստացած արձակուրդի ժամանակ հիշում էր եւ իմ զգուշացումներին, թե վերջերս վատ երազներ եմ տեսնում, պատասխանեց. Այդքան գնդակոծումներն ու այդքան դեպքերը տեսնելով, եւ հատկապես վերջին օրերին, մենք շատ ենք զգույշ: Իսկ սպանություններ լինում են, ու իմացիր, շատ դեպքերում մերոնք են իրար խփում:

 

Այդ նույն մարտական դիրքերում 2008 թ. սեպտեմբերի 7-ին Ազնաուրին տեսակցելու նպատակով գտնվել եմ նաեւ ես, եւ երբ նախնադարյան ֆոտոապարատով հարմար դիրք փնտրելով` փորձեցի նկարել, Ազնաուրը սարսափահար բղավեց. Այդ տեղում քո գլխի մազերը ազերի դիպուկահարի համար տեսանելի են:

 

Ազնաուրը մատիտով բավականին լավ էր նկարում եւ լավ գիտեր ցանկացած տեղանքի եռանկյունաչափական կառուցվածքը: Զուր չէ, որ նա փոքր տարիքից ռազմական եւ սպորտային խաղերի նկատմամբ սեր ուներ եւ անընդհատ ինքնուրույն մարզվում էր: Ուներ սպորտային հաջողություններ, այդ թվում նաեւ, դեռեւս դպրոցական տարիներին, դասական ըմբշամարտի մրցումներում մրցելով իր քաշից ավելի բարձր կարգի քաշայինների հետ` շահել էր քաղաքում առաջին տեղը եւ համոզված էր, որ կարող էր հանրապետությունում եւս առաջինը լինել:

 

Փաստ է, որ Ազնաուրի աճյունը ուղեկցող երկու զինվորները թե 2009 թ. հոկտեմբերի 5-ին եւ թե 6-ին բազմաթիվ ունկնդիրների առջեւ պատմեցին, որ Ազնաուրը իր մահից մեկ ժամ առաջ ինքն է իրենց խիստ զգուշացրել, որ տվյալ տեղանքը բարձրանալ չի կարելի, քանի որ այն գնդակոծվում է թուրքի կողմից: Քննիչներին նման ցուցմունքները չեն հետաքրքրում, այդ պատճառով դրանք չեն արձանագրում:

 

Քննիչները մեր առաջին հանդիպման ժամանակ այնքան անկեղծորեն էին ինձ ցավակցում եւ խոստանում որդուս սպանողին հայտնաբերել, պատժել, որ քիչ մնաց մի պահ մոռանայի, որ Հայաստանում կաշառակերությունը համատարած է: Սակայն քիչ անց, երբ հարցրեցի, թե միգուցե իրենց արդեն հայտնի է, որ գոյություն ունի սառնասրտորեն կատարված սպանությանը ականատես վկա զինվոր, այդ պահից անակնկալի եկած քննիչներից ավելի ավագի մոտ ծագեց ձեռքերի ափերն իրար շփելու անհաղթահարելի նոպա, եւ ես հեշտությամբ կարդացի նրա մտքերը. Հորս արեւ, էս քանի օրը ինչ կպնել ա կպնում:

 

Իմ փոխարեն դուք պիտի տեսնեիք, թե ինչպիսի արհամարհանքով էր նայում այդ քննիչը անփորձ երիտասարդ քննիչին, երբ վերջինս պատասխանում էր իմ այն հարցին, թե իրենք մարտական դիրքերում գտնվող ինքնաձիգներից դեպքի օրը հոտ քաշե՞լ են, թե՞ ոչ: Մեզ մոտ կարգ ու կանոն գոյություն ունի, երբ դժբախտ դեպք է պատահում, մենք այդ զենքերը տանում ու պահում ենք հատուկ զմռսած սենյակում, մինչ ձգաբանների որոշման ավարտը,- պատասխանեց երիտասարդը:

 

Դե հասկանալի է, ձգաբանը հատուկ սովորած եւ միշտ ճիշտը որոշող արհեստավարժ է, իսկ վառոդի հոտով քարե դարի ապրողն էր որոշում: Իմիջիայլոց, ձգաբանների որոշման պատասխանը ձգձգվեց այնքան, որ ես 3.12.2009 թ. ստիպված էի մի քանի ժամ սպասել դրանց պատրաստմանը եւ դրանից հետո միայն կարողացա ծանոթանալ այդ պահին արդեն կարճված քրեական գործին: Ընդամենը գործի նյութերի մի երկու տասնյակ Էջերի հետ ծանոթանալուց, գրառումներ անելուց հետո կասկածանքով ինձ հետեւող ավագ քննիչը կտրուկ հայտարարեց. Ըստ օրենքի` Դուք չեք կարող ծանոթանալ գործին, քանի որ այն պետք է ուղարկել նոր քննության:

 

Իսկ ահա ավելի ուշ` ավագ քննիչի հեռախոսազանգից հետո, ես համոզվեցի, որ նույն խորհրդային ժամանակների Հայաստանում եմ գտնվում: Օղու բաժակների լսվող չրխկոցի եւ կերուխումի ձայների ներքո, գինովցած քննիչը, առանց բարեւի, ինձ ուղիղ հարցրեց. Հիմա ես գործը փակում եմ, հիմա ասա` ինչ ես անելու, բողոքելո՞ւ ես, թե՞, սպասի, մի քիչ էլ սպասի այ հիմա ասա` բողոքելո՞ւ ես, թե՞:

 

Դժվար չէր կռահել, որ հեռախոսափողը փոխանցվել է որդուս սպանող սպային եւ վերջինիս հետ պարզապես առեւտուր է գնում. քննիչն իր զոհին ուզում է համոզել, որ դիմացինը գրագետ եւ հետն էլ վտանգավոր բողոքողներից է: Այս երկարատեւ խոսակցության վերջում էր, երբ քննիչը հայտարարեց. Ես կարամ գործը հնենց փակել, որ դրանից հետո ոչ մեկը չի կարող բացել: Իսկ վերջում ավելացրեց. Թե կարծում ես հեշտ ա, արի իմ փոխարեն աշխատի:

 

Քննիչն իր խոսքը կատարեց` քրեական գործը սպանությունից 6 ամիս անց, անհաղթահարելի ուժի առկայությունը մեջ բերելով, կասեցվեց (անհաղթահարելին, ըստ քննիչների, ազերիների պարտված բանակն է): Օրենսդիրն էլ իր հերթին, հաշվի առնելով պետական, այսինքն` սեփական շահերը, այնպես է օրենքը ձեւակերպել, որ կասեցված քրեական գործերն այլեւս ոչ մեկը չկարողանա բացել, հետազոտել, նույնն է, թե չկարողանա բողոքարկել: Ավելի տարօրինակն այն էր, որ կասեցման մասին որոշման մեջ մեկ բառ անգամ չկար սպանությանը ականատես վկայի գոյության մասին կամ գործի վերաբերյալ իմ բերած փաստարկների, ապացույցների մասին: Այսպիսով, քննիչները ոչ միայն հանցագործության հետքերն էին վերացրել, այլեւ իրենք իրենց շնորհել էին օրենքներով միայն դատարանին վերապահված իրավունքներ:

 

Եւ միայն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի միջնորդությունից հետո, դեպքից մեկ տարի երեք ու կես ամիս անց ինձ հաջողվեց ստանալ քրեական գործի նյութերի այսպես կոչված պատճենները: Ավելի հեշտ է քարե դարից մնացած հիերոգլիֆները կամ հնագույն ձեռագրերը վերծանել, քան այս, տեղ-տեղ ջնջված կամ ընդհակառակը` մութ ներկով սվաղված, անընթեռնելի գրված, գործ կոչվող թղթերը:

 

Այնուամենայնիվ, թեկուզեւ այս վիճակում, քրեական այս գործը խոսուն փաստ է այն մասին, որ մեր քննիչները մեր տված աշխատավարձը ստանում են այն բանի համար, որպեսզի կոծկեն կամ նենգափոխեն անհանդուրժելի քրեական գործերի հետքերը, ակնհայտ փաստ է այն մասին, որ կաշառակերությունը Հայաստանում համատարած է: Եթե համատարած չլիներ, ապա քննիչները կվախենային պատասխանատվությունից եւ ինձ չէին ուղարկի քրեական գործի 139 էջանիշեր կրող թերթեր, երբ իրականում այդ նույն 90856809 համարը կրող գործում թերթերի թիվն անհամեմատ ավելին է: Կվախենային օրենքից եւ չէին ուղարկի ակնհայտ կեղծումներ պարունակող թղթեր:

 

ՀՀ ՊՆ Քրեական ծառայության բաժնում ես կարծիք էի հայտնել այն մասին, որ մարդը, որի ուղիղ սրտի միջով է անցել փամփուշտը, միեւնույն ժամանակ որի լյարդի եւ թոքերի միջով է անցել այդ փամփուշտը, չի կարող վազել 20-30 մետր եւ դրանից հետո միայն բղավել. Վա¯յ, մամա ջան, պարոն սպա այսինչ այնինչյանհրազենային վիրավորում խռխռոց: Եւ ահա նորացված գործում արդեն քննիչները կռահել են եւ ուղղել իրենց թույլ տված սխալը` կրակոցից անմիջապես սպանված մարդու վազելու տարածությունը նվազեցնելով մինչեւ 8 մետր սահմանագիծը: Արտասանած խոսքերի քանակն էլ հասցված է մեկ տառի:

 

Նոր գործում անհետացել են մահ պատճառած փամփուշտի մուտքի եւ ելքի ֆոտոնկարները, որոնք կարող էին ոչ միայն հուշել փամփուշտի իրական տրամագծի մասին, այլեւ կարող էին հաստատապես ապացուցել, որ փամփուշտը մոտ տարածությունից է արձակված: Եթե ընդունում ենք, որ Ազնաուրը դավադիր փամփուշտի արձակման պահին եղել է հորիզոնով գծված հարթության նկատմամբ ուղղահայաց դիրքով կանգնած, ապա պետք է ընդունենք նաեւ այն փաստը, որ հեռվից արձակված գնդակը պետք է անցներ Ազնաուրի մարմնով հորիզոնի հարթության նկատմամբ զուգահեռ կամ գրեթե զուգահեռ գծով: Սակայն փաստ է, որ փամփուշտը մուտք է գործել որովայնից` վնասելով նրա լյարդը, ստոծանին եւ դուրս է եկել կրծքավանդակի կրծքից մի քանի սանտիմետր վերեւ գտնվող մասից: Փամփուշտի մուտքի եւ ելքի միջեւ ուղիղ գիծը կազմում է հորիզոնի հարթության նկատմամբ բավականին մեծ անկյուն, որը միայն կարող է լինել այն դեպքում, երբ կրակոցը կատարվել է մոտ տարածությունից կամ, ենթադրենք, գետնի տակից:

 

Ուրեմն, ըստ քննիչների, Ազնաուրը կրակոցի պահին, իր գրեթե երկումետրանոց հասակով, խիստ ծանր զրահաբաճկոնով ու սաղավարտով, առանց ընկնելու կանգնած է եղել գետնի նկատմամբ կողքի վրա խիստ թեքված, մեկ ոտքի վրա դիրքում (փամփուշտը կողքից է խոցել) եւ հետն էլ ձեռքերը բարձրացրած անբնական, անհավանական դիրքում: Մտածեք` ո՞րն է ավելի հավանական. այն, որ Ազնաուրի հագուստի մեջ թաքցված հեռախոսը փնտրելու պատրվակով միլիցիայի նախկին աշխատող սպան է զենքով նրան ստիպել ձեռքերը վեր բարձրացնել եւ իրագործել սպանությունը (ականատես վկայի ցուցմունքը), թե՞ որ հնարավոր է այդպիսի դիրքում սպանվել եւ, գետնին չընկնելով, վազել մինչեւ խրամատները: Այս սպան է կրակոցներից հետո առաջինը հայտնաբերել Ազնաուրին եւ լսել նրա վերջին խոսքերը. Վա¯յ, մամա ջան: Ճիշտ է, այդ խոսքերը այն բանից հետո, երբ քննիչներին հարցրեցի` ասելով, թե մտածեք` ո՞վ կարող էր առաջինը լսել Ազնաուրի Վա¯յ, մամա ջան բացականչությունը, որը որպես կանոն հարվածի պահին են արտասանում եւ ոչ թե որոշ տարածություն վազելուց հետո, գործից անհետացան:

 

Գործում պատահաբար մնացել է նաեւ զինվորների, բարձրաստիճան հրամանատարի ցուցմունքներն այն մասին, որ այս սպան է բարձունքում հայտնաբերել Ազնաուրի ինքնաձիգը եւ, խախտելով դեպքի վայրը չլքելու իրեն քաջ հայտնի սկզբունքը, գնացել է եւ վտանգավոր գոտուց բերել այն: Իսկ բարձրաստիճան հրամանատարից այդ առիթով նկատողություն ստանալով` կրկին իր մատնահետքերը թողնելով` տարել է ետ:

 

Հասկանալի է` մատնահետքեր վերցնելու, փողերի վառոդի թարմ հետքերը ստուգելու, տրամաբանելու գործողություններն ավելորդ են եւ կարող են վարկաբեկել մեր բանակի պատիվը: Նույն պատճառով են գործից անհետացել Պետ. Գեներալ-մայոր Ա.Հ. Հարությունյանի 23.02.2010 թ. Թիվ 30-դ պաշտոնական կեղծիք պարունակող գրությունը, որում մեծապատիվ գեներալը ինձ հավաստիացնում է, թե ելնելով Ասատուր Առաքելյանի վնասվածքների տեղակայումից` հնարավոր էր վերջինիս կողմից որոշ տարածություն քայլելը կամ վազելը: Ակնհայտ է, որ ոմն Ասատուրի եւ ոչ թե Ազնաուրի մասին փորձագետի տված կարծիք պարունակող փաստաթղթի պատճենը օգտագործվել է նաեւ այս քրեական գործում: Եվ հնարավոր է այդ պատճառով էր գեներալն իր թիվ 167 գրությունում պնդում, թե իբր Ազնաուրը գնդակային միջանցիկ վիրավորումը որովայնի շրջանում է ստացել, իբր Մարտակերտի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին է մահացել:

 

Իսկ 19.02.2010 թ. այս գեներալի աշխատասենյակում նորաթուխ երիտասարդ քննիչն իր մասնագիտական արհեստավարժությունը կարճ ժամանակում այնքան բարձր մակարդակի էր հասցրել, որ առանց աչքն անգամ թարթելու, ուղիղ ինձ նայելով` համոզում էր, թե սպանության ականատեսի մասին առաջինը հաղորդող վկան այդպիսի բան երբեք չի ասել: Պետք է տեսնեիք վերջինիս հիասթափությունը, երբ մատնանշեցի գեներալի` ինձ ուղարկած առաջին` 24.12.2009 թ. թիվ 167դ գրության մեկ տողը, որում ասվում է, թե վկան հայտնել է, որ այդ մասին (սպանության մանրամասների) իրեն հեռախոսազանգով հայտնել է իր ծանոթը, որի անունը հրաժարվում է հայտնել: Իսկ քննիչին հիասթափեցնողը ռազմական գաղտնիք ներկայացնող, անզգուշաբար գրված եւ գործի խաղաղ կասեցմանը վտանգող մեկ տողն էր, որը ցույց է տալիս, թե ինչպես են իրենք քրեական գործերից առանց խոչընդոտի ցանկացած թերթ դուրս նետում: Գործից դուրս է նետված ոչ միայն մինչ 24.12.2009 թ. ասածս վկայի առաջին ցուցմունքը, այլեւ բազմաթիվ այլ փաստեր, հետքեր, ինչը հեշտությամբ ապացուցվում է: Այսպես` գործի թերթ 95-ում հղում կա 84-ին, որը պետք է պարունակեր տվյալ վկայի անկետային տվյալները: Սակայն այդ տվյալները թարմացված նոր գործում 84-ի փոխարեն հայտնվել են 62-րդ թերթում, իսկ դա նշանակում է, որ գործի այդ հատվածում անհետացել է 22 թերթ կամ 44 էջ: Նույն ձեւով թերթ 132-ում հղում է կատարվում 32-ին, սակայն 32-ի փոխարեն 17-ում ենք գտնում փնտրելիքը:

 

Ուշադրություն դարձրեք` քննվում է ոչ թե մի չնչին գողության շարքային գործ, այլ հայոց բանակի զինվորի սպանության գործ, իսկ թե գեներալը եւ թե քննիչները, իմանալով սպանության մասին հաղորդող հեռախոսազանգի մասին, ոչ մի օրինական գործողություն չեն ձեռնարկում այդ հեռախոսի համարը եւ տիրոջը հայտնաբերելու ուղղությամբ: Ուշադրություն դարձրեք` ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված իմ առաջին դիմումում խոսում եմ որդուս սպանության` պատվիրված լինելու մասին, իսկ դրանից 2.5 ամիս անց, համոզվելով, որ այս քննիչներն էլ կոչված են քրեական գործեր կոծկելու նպատակին, իմ 11.02.2010 թ. դիմումում հարց եմ տալիս, թե ինչու ինձ ամենակարեւոր հարցը չեն տվել: Ըստ տրամաբանության օրենքների` եթե ես եմ պնդում սպանության պատվիրված լինելու մասին, ապա պետք է ինձ հարց տային, թե ով է պատվիրողը: Իսկ միգուցե քննիչներն ինձնից ավելի լավ գիտեն, թե ով կամ ովքեր են այդ անձինք, եւ այդ պատճառով է գործից անհետացել նաեւ այդ` 11.02.2010 թ. դիմումս, որում քննիչներին բացարկ հայտնելուց զատ` բերում եմ քրեական գործը բացահայտելուն ուղղված բազմաթիվ հիմնավորումներ: Նրանք արհամարհել են անգամ պաշտպանության նախարարին եւ գործից դուրս են նետել նախարարից ստացած իմ երկու դիմումներից մեկի պատասխանը:

 

Գիտեմ, շատ դժվար է բանակում զոհ ունեցողի կամ ընդհանրապես զինվոր ունեցող ծնողների համար կարդալ զինվորների սպանությունների մանրամասների մասին, իսկ թե որքան մեծ վտանգ է պարունակում մեր երկրում ճիշտը գրելը, խոսում է այն փաստը, որ երբ փորձում էի զինվորի սպանության գործի հետաքննությամբ շահագրգռված որեւէ լրագրող գտնել, ապա մամուլի տան տարբեր հարկերում հանգրվանած ամենատարբեր լրատվամիջոցների լրագրողներից նույն պատասխաններն էի լսում. Եթե այս դեպքի մասին պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարություն չի տարածել, ապա դժվար թե որեւէ մեկը սեփական գլուխը հարվածի տակ դնի: Ուրեմն զոհվելուց հետո էլ զինվորների իրավունքները նույնը չեն:

 

Սակայն եթե մենք բոլորս շարունակենք ապրել պաշտպանության նախարարության չեղած տեղից գաղտնիքներ ստեղծելու օրենքներով, շարունակենք ապրել կեղծիքները կոծկելով եւ համատարած կաշառակերությունը չնկատելով, ապա կունենանք ավելի մեծ կորուստներ եւ կկանգնենք մեր պետականությունը կորցնելու շեմին: Իսկ այս քրեական գործի մանրամասնությունների մասին ես ստիպված եմ գրում, չէ՞ որ փաստ է` գործում հավաքված կարեւորագույն թերթերը հեշտությամբ դուրս են շպրտվում գործերից, եւ գաղտնիության եւ հաշվեհարդարի մթնոլորտում անհնար է դառնում կորած ապացույցների հետքերը գտնել: Մտածեք` ինչ կպատահեր սպանությանը ականատես վկայի հետ, եթե նրա գոյության մասին անմիջապես չհայտնեի պաշտպանության նախարարին: Համոզված եմ` նա կամ ավտովթարի զոհ կդառնար կամ, հայտնի դեպքի նման, կմտներ որեւէ ոստիկանատուն եւ այնտեղ հատուկ այդ բանի համար պահվող դանակներից մեկը վերցնելով` իրեն ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ կդանակահարեր:

 

Համոզված եմ` քրեական գործը վարող քննիչները չեն կարողանալու պատասխանել իմ հարցին եւ ասել, թե գործից դուրս նետված թերթերի փոխարեն որ համարի նույն օրվա թերթերի պատճեններն են իրենք սխալմամբ տեղադրել գործի թե մի տեղում եւ թե այլ տեղում կրկնակի անգամ: Ինչպես ասեն, եթե անգամ չկարողացան եւ չուզեցին պարզել այն փաստը, որ Ազնաուրը մարտական դիրքերից ինձ զանգահարել էր տարբեր հեռախոսահամարներով: Չուզեցին պարզել, որ Ազնաուրի ձեռքին սպանության օրը հեռախոս կար, եւ նա սովորություն ուներ իր հարազատների ծննդյան օրը անպայման շնորհավորել, եւ սպանությունից հաշված օրեր հետո այդպիսի առիթ կար:

 

Կարդում եմ սպանության բազմաթիվ նույնանման դեպքերի մասին ծնողների պատմածը եւ նկատում` մեր բանակում քրեական աշխարհի օրենքներով կառավարվող համակարգն է ոչնչացնում մեր միջի մտածողների ցեղը: Ազնաուրը գիտեր նաեւ այդ մասին եւ, իր բանակային նկարներից մեկում նկարելով գրիչը, առյուծն ու շախմատի տախտակը Կարմիր գրքում, ցույց էր տալիս ուժի եւ մտքի կամ իր նմանների վիճակը մեր երկրում: Ի միջի այլոց, Ազնաուրի վերջին նկարների ծոցատետրը նույնպես անհետացավ: Երեւի շատ մեծ ռազմական գաղտնիքներ էր պարունակում: Փաստ է, որ եթե գոյություն չունենային արհեստական ռազմական գաղտնիքներ, եւ սկսած 90-ական թվականներից` յուրաքանչյուր նմանօրինակ անմեղ զոհի մասին ազատորեն հրապարակվեր, ապա մեր բանակն այսօր չէր հայտնվի այդպիսի անմխիթար վիճակում:

 

Իմ կարծիքով, մեր այսօրվա Հայաստանին դեպի կործանում տանող հիմնական պատճառը համատարած կաշառակերությունն է, եւ մեր իշխանությունները կամ իսկապես չեն ուզում դուրս գալ այդ վիճակից կամ չեն կարողանում այդ բանն անել: Երկու դեպքերում էլ պարտավոր են հրաժարական տալ: Կարիք կա՞, արդյոք, ապացուցել համատարած կաշառակերության աղաղակող փաստը, եթե այն ապացուցվում է առանց Հայաստան մուտք գործելու: Տարիներ առաջ եվրոպական մի կազմակերպություն, ուսումնասիրելով Հայաստանում դատապարտվածների ցուցակները, պարզեց, որ տարբեր խմբերից քանակական առումով ամենից շատ որբերն են դատապարտվում: Ի՞նչ է` հատկապես նրանց մեծ մա՞սն է հանցագործ, իհարկե ոչ: Պարզապես նրանց մեծ մասը չունի ոչ ծանոթ, ոչ էլ միջոցներ` շորթողների որկորը լցնելու: Շատ շուտով ինչ-որ մեկն էլ կհամարձակվի եւ կուսումնասիրի, թե ինչու մեր բանակում որպես կանոն չունեւորների զավակներն են զոհվում, կամ թե ինչպես են մարտական դիրքերում բարձր պաշտոնյաների զավակների փաստաթղթերը միայն ծառայում:

 

Ափսոս, չեմ կարող գրել իմ անձնական հետաքննությամբ բացահայտածս ավելի կարեւոր մանրամասների մասին, չեմ ուզում նաեւ իշխանությունների ահից մինչ օրս ստիպված կեղծ ցուցմունքներ տված անձանց, կամ այն վկային, որը պատրաստ է ցուցմունք տալ, ենթարկել վտանգի: Այդ պատճառով դիմում եմ բոլոր նրանց, ովքեր կարող են որեւէ նոր բան ավելացնել իմ ասածներին, գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեով` [email protected]:

 

Հարց եմ տալիս` ո՞րն է ավելի մեծ հանցանք` անմեղ զինվորին հրամանով կամ պատվերով սպանե՞լը, թե՞ այդ սպանությունը պաշտոնական կեղծիքներով կոծկելը:

Իսկ մի՞թե անձամբ ես եւ մեծամասնությունը մեղավոր չենք, որ պայքարելու, կռվելու փոխարեն հանդուրժել ենք եւ լռել բոլոր այն դեպքերում, երբ բոլորիս աչքի առաջ 5000-ական դրամ ընտրակաշառք են բաժանել, հիվանդի անօգնական վիճակից օգտվելով` կլոր գումարներ շորթել, տասը եւ ավելի հազար դոլարով բանակից ազատել կամ դատարանի միջոցով ուրիշի ունեցվածքը ստորաբար յուրացրել, եւ մի՞թե յուրացված մեր ունեցվածքը մեր զավակների դեմ այսօր մարդասպան փամփուշտների չեն վերածվել:

 

Ի՞նչ եք կարծում` նկատե՞լ են քննիչները, որ յուրացրել են Ազնաուրի մեդալը:

 

20.01.2011 թ. 


Վեհարի Առաքելյան, 


Ստեփանավան


2011

հունվար

փետրվար

       
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter