Մաշված ու խճճված էլեկտրական
հաղորդալարերը լուրջ խնդիր Գյումրիում
26 | 08 | 2011 |
20:30 | ակնարկ
Գյումրիում
տարբեր թաղամասերում շատ վատ վիճակում են գտնվում
տրանսֆորմատորային ենթակայաններից սնուցվող էլեկտրական
հաղորդալարերն ու հենասյուները:
Ռուսթավելի փողոցում գտնվող
ցածրավոլտ ենթակայանից սնուցվող բազմաթիվ էլեկտրական
հաղորդալարերը ամրացված են հենասյան վրա, խճճված ձեւով եւ շատ
դեպքերում դրանք վտանգավոր են մարդու առողջության համար:
Այդպիսի պատկեր կարելի է հանդիպել նաեւ Ղուկասյան, Հ.Սարգսյան
առաջին եւ երկրորդ անցումներում, Շիրակացի, Սեւյան
փողոցներում, Չերքեզի ձորում եւ այլ փողոցներում:
Հայաստանի սպառողների
միության փոխնախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքերով,
հուլիսի
1-2-ը
աշխատանքային այցով
գտնվելով
Գյումրիում` ինքը
շրջել է քաղաքի
փողոցներով եւ շատ խախտումներ նկատել. ենթակայաններից դուրս
եկող բազմաթիվ խճճված էլեկտրական հաղորդալարերը միացված են
հենասյուներին.
-Դա սպառողների իրավունքների
կոպիտ խախտում է,-ասում է Կ. Չիլինգարյանը:
Էլեկտրական
հաղորդալարերը հենասյուներին ամրացված են առանց մեկուսիչների,
հին հենասյուները եւս փոփոխության կարիք ունեն: Կ.Չիլինգարյանի
խոսքերով, էլեկտրական հաղորդալարերի վրայի մեկուսիչ շերտի
վնասվածքի դեպքում քամու կամ անձրեւի ժամանակ դրանք իրար
քսվելուց կարող է հրդեհի առաջացան պատճառ դառնալ:
Ըստ Կ.Չիլինգարյանի,
Հ2 հեռուստաալիքով հայտարարեցին, որ Գյումրու
Ռուսթավելի փողոցում էլեկտրաէներգիայի անջատումներ են լինելու
վերը նշված նպատակներով աշխատանքներ իրականացնելու համար, իսկ
«Գյումրու Էլ ցանց» ՓԲԸ գլխավոր ինժիները իրեն հայտնել է, որ
այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսված են:
-Ինձ շատ հետաքրքիր է իմանալ`
այդ ամենը վերացնելու համար Ռուսթավելի փողոցում աշխատանքներ
սկսվե՞լ են արդյոք, թե ոչ,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց
Կ.Չիլինգարյանը:
Շիրակի մարզի Հրդեհային
տեսչության մասնագետ Ա.Փանոսյանի խոսքերով, քաղաքի շատ
վայրերում տրանսֆորմատորային ենթակայաններից սնուցվող
էլեկտրական հաղորդալարերը մոնտաժված են գործող նորմերին եւ
կանոններին հակառակ ու կոպիտ խախտումներով` առանց
մեկուսիչների: Տարբեր վնասվածքներ ունեցող, առանց մեկուսիչների
հենասյանն ամրացված հաղորդալարերի պատճառով կարող է հրդեհ
առաջանալ` վտանգելով բնակիչների կյանքը:
Ըստ
Ա.Փանոսյանի, ենթակայանից դուրս եկած հաղորդալարերը պետք է
ամրացվեն հենասյուներին ճենապակյա մեկուսիչների միջոցով: Ընդ
որում, երեք հոսանքակիր հաղորդալարերը եւ մեկ զրոյական
հաղորդալար պետք է անցնեն հենասյան ամենավերեւի մասով, որոնց
միջեւ եղած հեռավորությունը մոտ 50 սմ է: Այս դեպքում, երբ
հաղորդալարերը լավ ձգված են, դրանք իրար կպչել չեն կարող եւ
մեկուսացված շերտով հաղորդալար տվյալ դեպքում չի պահանջվում:
Սակայն շատ դեպքերում տրանսֆորմատորային ենթակայաններում դրված
էլեկտրական հաշվիչներից դուրս է բերվում մեծ քանակությամբ
հաղորդալարեր, որոնք ունեն մեկուսիչ շերտ, բայց նրանց միջեւ
հեռավորությունն այնքան փոքր է, որ ցանցի նման իրար են կպնում:
Այսպիսի մոնտաժման դեպքում հրդեհնեի եւ այլ վթարների առաջացման
հնարավորությունը մեծանում է:
«Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից միջոցներ ձեռնարկվեն հարցի
լուծման համար: Դժվար է պատկերացնել, թե այս առումով Հայաստանի
նման այլ երկիր որտե՞ղ կա,-ասաց Ա.Փանոսյանը:
Երբ մենք օգոստոսի 25-ին այցելեցինք Ռուսթավելի փողոց, այստեղ
արդեն որոշակի աշխատանքներ էին ընթանում տրանսֆորմատորային
ենթակայանից սնուցվող եւ հենասյանն ամրացված խճճված էլեկտրական
հաղորդալարերի հետ կապված: Առայժմ ենթակայանի պատին ամրացված
արկղերի տեղափոխում եւ դրանք հենասյանն ամրացնելու
աշխատանքներ չէին կատարվում: Միայն փողոցի մի հատվածում
հենասյան վրա տեղադրված հին արկղն էր փոխվել նորով:
Բնակիչներն ասացին, որ համարյա ամեն օր «Էլեկտրական ցանցերի»
աշխատակիցներն աշխատանքներ են իրականացնում, բայց այդ
«սարդոստայնը» դեռ վերացված չէ:
Հայաստանի էլցանցեր ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի տեսուչ Արշակ
Գրիգորյանի խոսքերով, Ռուսթավելի փողոցում գտնվող
տրանսֆորմատորային ենթակայանից սնուցվող էլեկտրական
հաղորդալարերի հետ կապված աշխատանքներն ընթացքի մեջ են եւ
փոխվելու են նաեւ հին հենասյուները: Բնակիչների էլեկտրական
հաշվիչները հանվել են հին արկղերից եւ տեղադրվել նորերում,
սակայն դեռեւս հին արկղերը լրիվ վերացված չեն:
-Նաեւ փոխվելու են ենթակայանից դուրս եկող եւ մինչեւ հենասյուն
հասնող հաղորդալարերը, որոնք փոխարինվելու են ալյումինից
հաղորդալարերով, որոնք ավելի մատչելի են: Հատկապես
անթույլատրելի են այնպիսի հաղորդալարերի օգտագործումը, որոնց
մի մասը ալյումինից, մյուս մասը պղնձից են,-նշեց Ա.Գրիգորյանը:
«Գյումրի Էլ. Ցանց» ՓԲԸ ճարտարագետ Կարո Հարությունյանի
խոսքերով, Ռուսթավելի փողոցում անհրաժեշտ է ենթակայանի վրա
ամրացված արկղերը տեղափոխել եւ ամրացնել հենասյուներին:
Աշխատանքներն ավարտելու ժամկետի հարցը Կ.Հարությունյանն
անիմաստ համարեց, քանի որ երկար ժամանակ կպահանջվի
աշխատանքներն ավարտելու համար, իսկ «Գյումրի Էլ. Ցանցն» ունի
ընդհամենը 6-7 աշխատողներ:
-Տերյան, Գորկի, Հաղթանակի պողոտա եւ Մուսայելյան փողոցներով,
ինչպես նաեւ Գեղարվեստի ուսումնարանի մոտ գտնվող էլեկտրական
հաղորդալարերի հետ կապված աշխատանքներն արդեն ավարտված
են,-ասաց Կ.Հարությունյանը:
Զրուցակցիս խոսքերով, արդեն 4-5 տարի կատարվում է հաշվիչների
երկկողմանի տեսանելիության ապահովումը, քանի որ նախկինում
հաշվարկային սարքերը բոլորը տեղադրված էին ենթակայաններում:
Տարիների ընթացքում նախ էլեկտրական հաշվիչների արկղերն էին
շարքից դուրս եկել, հաղորդալարերի մեկուսիչ շերտերն էին
մաշվել, նաեւ բաժանորդների հաշվարկի սարքերը տեսանելի չէին,
ուստի կառավարության որոշմամբ, բաժանորդների հաշվիչները պետք է
տեղադրվեն թաղամասերում` հենասյուների վրա, իսկ պետական
շենքերում` առաջին մուտքի առաջին կամ երկրորդ հարկերում, կամ
այնպիսի տարածքում, որը տեխնիկապես հնարավոր է:
Կարո Հարությունյանի ներկայացմամբ, 2011 թվականի ծրագրով
նախատեսված է թիվ 4, 5, 6 եւ 15 ենթակայանների օդային գծերի
վերակառուցման խնդիրը: Աշխատանքները թիվ 6-րդ
տրանսֆորմատորային ենթակայանի տարածքում արդեն ավարտված են:
Հիմա աշխատանքներն իրականացվում են Ռուսթավելի փողոցի
վերջնամասի` Շիրակացու պողոտային հարող հատվածում: Թիվ 5-րդ
ենթակայանում եւս, որը տեղակայված է Ռուսթավելի փողոցի
միջնամասում, աշխատանքներ են իրականացվում: Այստեղ
վերանորոգվելու կամ փոխվելու են նաեւ հին, փտած հենասյուներ:
Հաջորդ տարի նախատեսված են նմանատիպ աշխատանքներ Ղուկասյան
փողոցի ենթակայանում:
Անահիտ
Սիմոնյան