Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Չկա այնպիսի բան, որ չհաղթահարվի աշխատանքով

 

02 | 07 | 2011 |11:30| ակնարկ

 

Ամասիայի մանկական արվեստի դպրոցն այս կարգախոսով աշխատում է արդեն 46 տարի

 

Շուրջ կեսդարյա գործունեության ընթացքում հաղթահարվել են բազմաթիվ` անհաղթահարելի թվացող դժվարություններ, բայց արարելու, երեխաներին արվեստի գաղտնարաններին ծանոթացնելու եւ դրանով իսկ մանկավարժի կոչմանը հավատարիմ մնալու անսասան կամքն այսօր դպրոցի համար դարձել է հաջողության գրավական, շարունակվող ճանապարհ եւ նոր բարձունքների սկիզբ:

 

-Ամիսներ շարունակ չվճարվող աշխատավարձերը, ճանապարհային դժվարություններն ու շենքային բազմաթիվ անհարմարությունները բազմիցս են դպրոցը կանգնեցրել լինել-չլինելու խնդիրի առաջ, բայց հստակ նպատակ ենք ունեցել` պահել դպրոցն ինչքան հնարավոր է,- մեզ հետ զրույցն այսպես սկսեց Ամասիայի մանկական արվեստի դպրոցի տնօրեն Ջեմմա Մանուկյանը:

  

Նորանկախ Հայաստանում տարածքային վերաբաժանումից հետո արվեստի, երաժշտական եւ մարզական դպրոցներն անցան համայնքային ենթակայության տակ, ինչի արդյունքում առաջացած մի շարք դժվարությունները հաղթահարել չեն կարողացել եւ փակվել են տասնյակ կրթօջախներ: Ամասիայի մանկական արվեստի դպրոցն այն եզակիներից է, որտեղ շարունակվել է աշխատանքը նույնիսկ այն պահերին, երբ թվացել է` ավարտվող ուսումնական տարին վերջինն է:  Զարմանալիորեն իրենց գործն այդ պայմաններում շարունակել են ոչ միայն այն մանկավարժները, որոնք արմատներով են կապված եղել Ամասիային, այլեւ այն նրանք, որոնք հրավիրվել են Գյումրիից. միասնականորեն մնացել ու պայքարել են կրթօջախի գոյության համար, պայքարել` միմիայն աշխատանքով:

 

-Իմ թիկունքին կանգնած են եղել իրենց գործին կոչված մանկավարժներ, այլապես ես մենակ ոչինչ չէի կարողանա անել,- պատմում է տնօրենը:

 

Ամասիայի մանկական արվեստի դպրոցը հիմնադրվել է 1965 թ., տվել հարյուրավոր շրջանավարտներ, որոնցից շատերը համալրել են Երեւանի պետական կոնսերվատորիայի, հանրապետության երաժշտական ուսումնարանների ու բուհերի համապատասխան բաժինները: Վերջին 3 տարիներին դպրոցի 2 բաժիններին ավելացել է եւս 4-ը, նախկին 20-25-ի փոխարեն  այսօր այստեղ սովորում է շուրջ 100 աշակերտ: Արվեստի դպրոց հաճախում են ոչ միայն տեղի, այլեւ հարակից գյուղերի երեխաները:

 

Շրջանում միակ մշակութային կենտրոնի դերի ու նշանակության մասին մեզ պատմեցին բոլոր նրանք, ովքեր ակամա վկաներն են դարձել այն տարիների, որոնցով կերտվել է դպրոցի պատմությունը:

 

-Դպրոցի պահպանման հարցում ես իմ փոքրիկ լուման ունեմ ներդրած,-պատմում է Ամասիայի ավագանում անդամ, դպրոցի շրջանավարտ Կարինե Ավետիսյանը,- թե ինչ գնով է դա մեզ տրվել, երեւի միայն ես, Աստված ու դպրոցի տնօրենը գիտենք:

 

-Հանրակրթականում միանգամից տարբերվում են այն աշակերտները, որոնք երբեւէ կապ են ունեցել կամ ունեն արվեստի դպրոցի հետ: Որպես միջնակարգ դպրոցի ուսումնական մասի վարիչ` խիստ կարեւորում եմ այս դպրոցի դերը սերնդի մշակութային, հոգեւոր դաստիարակության հարցում,- նշեց Կարինե Հարթենյանը:

 

-Շաբաթվա մեջ մի քանի օր, կտրում եմ մոտ տասը կիլոմետր, բայց աղջկաս բերում եմ դասի: Թող մի բան փոխվի իր մեջ, մի բան ավել սովորի, էլի լավ է, որ այս դպրոցը կա,- հպարտությամբ պատմեց հարեւան Բանդիվան գյուղի բնակիչ Արտավազդ Ղուկասյանը:

 

ՀՀ կառավարության եւ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ  իրականացված, ազգային երաժշտական գործիքների պահպանմանն ու տարածմանը միտված ծրագրից անմասն չի մնացել  նաեւ Ամասիայի մանկական արվեստի դպրոցը: Նոր ուսումնական տարում նախատեսվում է կլարնետի եւ դուդուկի բաժիններին ավելացնել նորերը: Իսկ առայժմ ազգայինի պահպանման ողջ պատասխանատվությունն իր վրա է կրում դպրոցի պարավեստի բաժինը: Ազգային պարերի դասարանը բացվել է հինգ տարի առաջ, բայց արդեն հացրել է բազմաթիվ հաջողություններ գրանցել իր օգտին: Առաջինը մարզային փառատոնում էր. լավագույն պարի խումբ եւ մեծ ոգեւորության ալիք, որն ամեն անգամ ավելի է մեծացել` նոր բեմեր նվաճելով: Դպրոցական դահլիճներից մինչեւ Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, մարզային, հանրապետական մրցույթներից մինչեւ միջազգային փառատոններ ու առաջին շրջագայություն. հուլիսի առաջին տասնօրյակում Վրաստանի Քոբուլեթի քաղաքում կայանալիք Ծովի ներդաշնակություն միջազգային փառատոնին իր մասնակցությունն է բերելու նաեւ դպրոցի պարի խումբը: Այստեղ համոզված են` լավ են ներկայացնելու ազգային պարն ու վերադառնալու են եթե ոչ հաղթանակով, գոնե մրցանակային տեղով:

 

Հատկապես վերջին տարիներին աննախադեպ են եղել հաջողությունները արվեստի դպրոցում. Մարզային, հանրապետական մրցույթներից հետո արդեն երկրորդ տարին է դպրոցի դաշնամուրային բաժնի սաները մասնակցում են երաժիշտ կատարողների Վերածնունդ  միջազգային փառատոնին: Առաջին տարվա հաջողությունները կրկնվել եւ բազմապատկվել են այս տարի` անկախության 20-ամյակին նվիրված երրորդ Վերածնունդի ժամանակ: Դպրոցը ներկայացրած Ծովինար Վարդանյանն ու Շուշանիկ Մկրտումյանը մեզ հավատացրեցին, որ հաջորդ տարիներին արդեն ոչ թե շնորհակալագիր, այլ դիպլոմներ ու մրցանակներ են ստանալու:

 

-Նրանք բոլոր հնարավորություններն ունեն ավելիին հասնելու համար, մնում է` աշխատասիրությունը չպակասի,- համոզված է դպրոցի դաշնամուրի դասատու Հեղինե Կարապետյանը:  

                      

Հաջողություններն ակնառու են նաեւ ասեղնագործության եւ նկարչության բաժիններում: Բազմաթիվ ցուցահադես-մրցույթներում ունեցած գոհացնող արդյունքներին հունիսի 14-ին գումարվել է եւս մեկը.  ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կազմակերպած ամենամյա ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները արժանացել են բազմաթիվ խրախուսական մրցանակների:

 

Մանկական առաջին եւ դեռ անվստահ կատարումների միջոցով բարդ է գյուղական հոգսերով ապրող ընտանիքներում լսելի դարձնել դասական երաժշտության նմուշները, ասում են մանկավարժները, բայց բոլորը չէ, որ դառնալու են երաժիշտներ, կարեւորը զարգացած մարդ աճեցնելն է:

  

Ջոն Մելիքյանը արվեստի դպրոցի դաշնամուրային բաժնում սովորում է արդեն երեք տարի: Մեր այն հարցին, թե ինչպես է որոշել դաշնամուր նվագել սովորել, պատասխանեց, որ ճակատագրի մեջ է գրված: Հետո հիշեց, որ սկզբում մի քիչ էլ մայրն է ստիպել, բայց շտապեց ավելացնել, որ  արդեն սկսել է սիրել, պատրաստ է նույնիսկ շարունակել երաժշտական գործունեությունը, եթե, իհարկե, նախասիրությունները չփոխվեն:

 

-Մեկ-մեկ եղել է` լացով եմ եկել, բայց արդեն երեք տարվա փորձ ունեմ, հինգ նյութ եմ նվագում, քննությանն էլ 8 եմ ստացել, կարծում եմ լավ է չէ՞,- հարցրեց Ջոնն ու բացատրեց, որ մեկ դաշնամուր երկու դաշնակահար չի պատկերացնում, այլապես քույրիկին էլ խորհուրդ կտար այս բաժինն ավարտել:

 

Ջեմմա Մանուկյանն այստեղ աշխատում է արդեն 22 տարի, իսկ ղեկավարման 18 տարիների ընթացքում դպրոցը դարձել  է տուն, ընտանիք, կենսաձեւ ու ապրելակերպ, առօրյա` առանց որի ապրելն այլեւս անհնար է պատկերացնել: Ասում է իր աշխատանքի գնահատականն աշակերտների աչքերի փայլն ու ծնողների շնորհակալական խոսքերն են: Չեմ տարբերում աշակերտներին իմ երեխաներից: Հավասարաչափ ուրախանում եմ նրանց հաջողություններով, Աստված մի արասցե, տխրում անհաջողություններով: Միշտ մտածել եմ, որ առաջնայինը հանրային, պետական գործն է, երեւի դա նրանից է, որ ընտանիքս ըմբռնումով է մոտեցել իմ անսահման նվիրվածությանը գործիս ու որոշ բացթողումները ներվել են:  Կարծում եմ` եթե այսպես չմտածեի, դպրոցն այսօր չէր լինի,- աշակերրտների նկարներն ու դիպլոմները գոհունակ ժպիտով ցույց տալով պատմում էր Ջեմմա Մանուկյանը: 

 

Ավանդաբար անցկացվող հաշվետու համերգ-ցուցահանդեսի ընթացքում ամփոփվեց 2010-2011 ուսումնական տարին, որի ժամանակ շնորհակալագրեր հանձնվեցին բոլոր այն մանկավարժներին ու աշակերտներին, որոնք պատվով էին ներկայացրել կրթօջախը հանրապետական եւ միջազգային ստուգատեսներում, իսկ պարավեստի բաժնի առաջին շրջանավարտներին հանձնվեցին իրենց ավարտական վկայականները:

 

Ամասիայի մանկական արվեստի դպրոցն իր 46 տարիների պատմությանը գումարեց եւս մեկը: Նոր ուսումնական տարում նախատեսվում է պարարվեստի բաժնի շրջանավարտների հենքով ձեւավորել պարի համույթ, միայն թե դպրոցի համար դեռեւս անլուծելի է մնում հարմարավետ շենք ունենալը:  Նախատեսվում է համայնքային բյուջեից հատկացնել վերակառուցման գումար, բայց ակնկալիքներն ավելի շատ բարեգործներից են: Ավագանու անդամ Կարինե Ավետիսյանը վստահեցրեց, որ համայնքապետարանում պատրաստ են հնարավորինս աջակցելու, եւ հույս հայտնեց, որ մի օր հարմարավետ շենքում կսովորեն երեխաները, որ կկարողանան ոչ թե կուչ եկած, վախենալով  պարել, թե կարող է բեմը փլվել, այլ զարկելով պարել, այնպես, որ մեր լեռնապարերի ոգին կարողանան հասցնել  հանդիսատեսին:

 

-Ոչ մեկին ոչ մի բան հեշտությամբ չի տրվում: Ի վերջո ամեն ինչի հիմքում սերն է ընկած, սերն ու նվիրումը,- մեր զրույցը եզրափակեց դպրոցի տնօրենը:  

 

Զարգացման փուլում գտնվող արվեստի կրթօջախին հաջողություններ ցանկանալուց հետո հրաժեշտ տվեցի հյուրընկալ հանրույթին, միջազգային փառատոնից հաղթական վերադարձ ակնկալելով:   

 

 Լիլիթ Թովմասյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 11-ին, ժամը 11:18:00-ին (GMT = 07:18:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter