Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հայ-թուրքական հանգույց

 

29 | 05 | 2011 | 21:00 | վերլուծություն

 

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրականացումից արդեն անցել է 96 տարի: Թուրքիան մինչեւ այսօր չի ճանաչել այն, քանի որ դա ենթադրում է Թուրքիայի նկատմամբ բարոյական, հողային եւ նյութական պահանջների ներկայացում:

 

Թուրքիան ունի այնպիսի հզոր դաշնակից, ինչպիսին է ԱՄՆ-ը, ինչպես նաեւ Ադրբեջանը, որոնք հաշվի առնելով Թուրքիայի հետ ունեցած շահերը, չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Որպես գերտերություն ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճամաչումը կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա: Պատահական չէր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր ուղերձում չօգտագործեց Ցեղասպանություն բառը` անցյալ դարասկզբին հայերի հետ կատարվածը որակելով իբրեւ Մեծ Եղեռն:

 

Մինչեւ այժմ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են երկու տասնյակից ավելի պետություն. ՈՒրուգվայը` 1965 թվականին, Կիպրոսը` 1982 թվականին պառլամենտի բանաձեւով, Եվրամիությունը` 1987 թվականին, Արգենտինան` 2004 թվականին, Ռուսաստանը` 1995 թվականին պետդումայի բանաձեւով, Կանադան` 1996, Հունաստանը` 1996 թվականին պառլամենտի բանաձեւով, Լիբանանը` 1997 թվականին, Բելգիան` 1988 թվականին սենատի բանաձեւով, Ֆրանսիան` 2001 թվականին օրենքով, Շվեդիան` 2000 թվականին պառլամենտի զեկույցով, Վատիկանը` 2000 թվականին, Իտալիան` 2000 թվականին, Շվեյցարիան` 2003 թվականին, Սլովակիան, Նիդեռլանդները եւ Լեհաստանը 2004 թվականներին, Վենեսուելլան եւ Գերմանիան` 2005 թվականին, Լիտվան` 2005 թվականին, Չիլին` 2007 թվականին:

 

Հայոց ցեղասպանության հարցի միջազգայնացման կապակցությամբ իր տեսակետներն է արտահայտել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքերով, իր հայրը Մուսա լեռան հերոսամարտի մասնակից է եղել եւ Զեյթունի ապստամբությունից հետո ձերբակալվել եւ բանտ է նետվել:  Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերով, իրեն հաճախ թրքամետ են անվանել, քանի որ ինքը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չի ընդգրկել ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում. Դա անժամանակ էր եւ վտանգավոր: Պատմությունից հայտնի է, որ 19-րդ դարի վերջին եւ 21-րդ դարի սկզբին հայ քաղաքական միտքը հայ-թուրքական հարբերություններում ապավինում էր երրորդ ուժի օգնությանը, ինչը ողբերգական հետեւանքներ ունեցավ հայության համար: Դա քաղաքականություն չէ, այլ խեղճի, ողբի հոգեբանություն, երբ ուժ չունես պատժելու քո հակառակորդին, հրճվում ես, երբ նրան պատժում են ուրիշները: Պետք է հասկանալ, որ Թուրքիային անկյուն սեղմելով, ոչ ոք չի կարող նրան պարտադրել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ես չեմ կարծում, որ Թուրքիան վաղ թե ուշ անելու է այդ բանը, բայց դա տեղի է ունենալու հայերի եւ թուրքերի միջեւ բարիդրացիության, վստահության ձեւվավորումից հետո:

 

Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի կառավարման առաջին իսկ օրվանից ցեղասպանության հարցը անմիջապես դարձավ հանրապետության արտաքին քաղաքականության անկյունաքարը: Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Մանուշակ Պետրոսյանի ներկայությամբ Ռոբերտ Քոչարյանն ինձ ասաց, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համակարգման պետական խորհրդի  գործունեության մեջ պետք է մտցնել ցեղասպանության ճանաչման վերաբերյալ կետը, քանի որ սփյուռքը մեծ ոգեւորություն կապրի եւ ավելի շատ կօգնի Հայաստանին: Իսկ եթե Հայաստանը պաշտոնապես ներկայացնի ցեղասպանության ճամաչման պահանջը, ապա Թուրքիան տեղի կտա, եւ մեկ տարուց կբացի հայ-թուրքական սահմանը: Բացի այդ նա ավելի անկողմնակալ դիրք կգրավի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում եւ ջանասիրաբար չի պաշտպանի Ադրբեջանին: Այժմ ակնհայտ է, որ Ռ.Քոչարյանի կանխատեսումներից ոչ մեկը չիրականացվեց,- եզրակացնում է ՀՀ առաջին նախագահը:

 

Հայ-թուրքական հարաբերություններում վստահության մթնոլորտ ձեւավորելու նպատակով Սերժ Սարգսյանի հրավերով 2008 թվականի սեպտեմբերի 6-ին Հայաստան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` դիտելու Հրազդան մարզադաշտում կայանալիք Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղը: Այսպես կոչված Ֆուտբոլային դիվանագիտությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների աշխուժացման գործընթացը:

 

Թուրքիայի նախագահի Հայաստան կատարած այցին հետեւեց 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, որով նախատեսվում էր առանց որեւէ նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրեցին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն եւ Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը: Արարողությանը ներկա էին Եվրամիության հարցերով գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Գերմանիայի արտգործնախարարը: Սակայն միջնորդ պետությունների ջանքերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մինչեւ այսօր գործնական արդյունքներ չեն տվել: Թուրքիան հրաժարվում է վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները` նպաստելով հայ-թուրքական բանակցային գործընթացի սառեցմանը:

 

Ստացվում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի միջազգայնացումը ոչինչ չի տվել մինչեւ այժմ, բացառությամբ մի քանի երկրների կողմից դրա ճանաչումը, ինչը որեւէ կերպ չի ազդում Թուրքիայի մերժողական դիրքորոշման վրա:

 

Արդարացված էր նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի այն պնդումը, թե, եթե Հայաստանը պաշտոնապես ներկայացնի ցեղասպանության պահանջը, ապա Թուրքիան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ավելի անկողմնակալ դիրք կգրավի եւ ջանասիրաբար չի պաշտպանի Ադրբեջանին:

 

Պատմությանը հայտնի չէ մի այնպիսի դեպք, երբ Թուրքիան չպաշտպանի Ադրբեջանին հատկապես Հայաստանի հետ ունեցած տարածքային հիմնախնդիրներում: Օրինակ 1921 թվականի փետրվարի 26-ից մարտի 16-ը Մոսկվայում կայացած ռուս-թուրքական կոնֆերանսի արդյունքում ստորագրված պայմանագրով Թուրքիային հանձնվեցին Կարսի մարզը, Երեւանի նահանգի Սուրմալուի գավառը, իսկ Նախիջեւանը Թուրքիան վերահանձնեց Ադրբեջանին` որեւէ երրորդ պետությանը չհանձնելու պայմանով (խոսքը բնականաբար Հայաստանի մասին էր):

 

Դեռեւս 1908 թվականին, երբ Թուրքիայում իշխանության եկան երիտթուրքերը, պետական մակարդակի վրա բարձրացվեց ծայրահեղական հայացքներով մի գաղափարախոսություն` պանթուրքիզմը, որի տեսաբաններն էին Յուսուֆ Ակչարան, Ահմեդ Աղաեւվը, Զիյա Գյոքալփը եւ ուրիշներ: 19-րդ դարի վերջին ձեւավորված այս գաղափարը դարձավ երիտթուրքերի ներքին ու արտաքին քաղաքականության գաղափարախոսական հիմքը եւ երիտթուրքերի ասիմիլյատորական եւ սեկուլյարիզացիոն քաղաքականության գաղափարախոսական զենքը: Պանթուրքիզմն այն հիմնական պատմական գործոնն է, որը մինչեւ այսօր միավորում է Թուրքիային եւ Ադրբեջանին` սերտացնելով նրանց միջեւ տնտեսական կապերը: Այն ենթադրում է թուրքալեզու ժողովուրդների միավորում եւ քրիստոնյաների ասիմիլացում այն տարածքներում, որտեղ բնակվում են թուրքալեզու ժողովուրդները: Այս գաղափարախոսության գործնական կիրառումը 1915 թվականին աղետալի հետեւանքներ ունեցավ արեւմտահայության համար, որի արդյունքում 1.5 մլն հայեր ցեղասպանության ենթարկվեցին: Այսօր պանթուրքիստական գաղափարը Թուրքիայում պետական մակարդակի վրա է բարձրացված, որի կրողներն են հանդիսանում Մեծ Միասնություն կուսակցության ներկայացուցիչները: Դրա իրականացման հիմնական խոչընդոտը Հայաստանն է, ուստի Թուրքիան երբեք էլ շահագրգռված չէ Հայաստանի տարածքային ձեռքբերումներով: Սրանից էլ կարելի է եզրակացնել, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում Թուրքիան միշտ էլ ջանասիրաբար  կաջակցի Ադրբեջանին:

 

Ավելին, ներկայումս Թուրքիայի շրջադարձը դեպի Մերձավոր եւ Միջին Արեւելք որակվում է որպես նեո-օսմանիզմ` հիշեցնելով Թուրքիայի կայսերապաշտական անցյալը: Ներկայումս Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններն ավելի են սերտացել: Երկու երկրների միջեւ պարտավորություն է ձեռք բերվել, որի համաձայն Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա ադրբեջանական գազ է արտահանվելու: 2016-17 թվականներին սկսվելու է Շահ Դենիզ հանքավայրի շահագործման երկրորդ փուլը: Թուրքական մի ընկերություն ադրբեջանցիների հետ պայմանավորվածություն է ձեռք  բերել 107 մմ եւ 122 մմ տրամագծով հրթիռներ արտադրելու համատեղ ծրագրի մասին: Թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունն անհանգստացնող պիտի լինի Հայաստանի համար, դրան էլ գումարվում է Ադրբեջանի 3 մլրդ դոլարի հասնող ռազմական գբյուջեն, որը մոտավորապես հավասար է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի բյուջեներին միասին վերցրած:

 

Գուցե տեղի՞ն է նշել Լ.Տեր-Պետրոսյանը, որ մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է,- ոմանք այս միտքը մեկնաբանում են ասպես, թե մենք բանակ չպետք է ունենանք: Ստացվում է, որ ռազմական հզորությունն ավելացնելու նպատակով մենք անընդհատ մրցավազքի մեջ պետք է լինենք Ադրբեջանի հետ: Նման տեմպերով առաջընթացի դեպքում Հայաստանը դժվար թե կարողանա ավելացնել իր ռազմական բյուջեի ծախսերը: Չնայած 2010 թվականին ՀՀ եւ ՌԴ միջեւ կնքված համաձայնագրին, որով Ռուսաստանն ապահովելու է ՀՀ անվտանգությունը, պարզ չէ, թե պատերազմի դեպքում ինչպիսի՞ ռազմական տեխնիկա է ներկրվելու Հայաստան, ի՞նչ ճանապարհով եւ  ինչպիսի՞ն կլինի ռուսական ուժերի կեցվածքը Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմի դեպքում:

 

Ամեն օր հանրային կոչվող Հ1 հեռուստաալիքով հայաստանյան ժողովրդի գլխին քարոզ են կարդում այն մասին, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի  խաղաղ ճանապարհով, մենք շատ ուժեղ ենք, Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին եռապատիկ պատասխան կարող ենք տալ եւ այլն: Մարդիկ հոգնել են ամենօրյա  նույնանման եւ գործնականորեն ոչինչ չնշանակող արտահայտություններից: Ղարաբաղյան հակամարտության հետ կապված այս ամենօրյա դատարկաբանությունների հետեւում կանգնած է Հայաստանի պետական քարոզչությունը:

 

Մինչդեռ իրական պատկերը լրիվ այլ է: Ղարաբաղյան հակամարտությունը թեւակոխել է անորոշության, անկանխատեսելիության եւ վտանգավորության շրջան: Շփման գծի երկայնքով գրանցվող ողբերգական պատահարների քանակը, կապված հրադադարի ռեժիմի խախտման հետ, վերջին երկու տարում հասնում է ամսական 3-4-ի:

 

Ոչ ոք չի կարող բացառել, որ Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմի դեպքում հարձակման թիրախ կարող է դառնալ Հայկական ԱԷԿ-ը: Չնայած ատոմակայանի պաշտպանության նպատակով տեղակայված է C-300 հակահրթիռային համակարգը, բայց պետք է հիշել, որ աշխարհում ոչ մի սարք լիովին անսխալ չի գործում, ուստի, եթե Ադրբեջանի կողմից արձակված հրթիռներից մեկը դիպչի ատոմակայանի ռեակտորներից մեկին ամենասարսափելիից խուսափել չի հաջողվի. Հայաստանը կհամարվի ռադիոակտիվ գոտի, բնակության համար ոչ պիտանի տարածք, չհաշված զոհեր ու ավերածությունները: Եթե Հայաստանում ինչ-որ մեկը կարծում է, թե ադրբեջանցիները այդ մասին չգիտեն, ապա չարաչար սխալվում են: Ռազմական խոցելիության տեսակետից Հայաստանը փաստորեն շատ ավելի խոցելի է համարվում, քան Ադրբեջանը, քանի որ ի տարբերություն մեզ, նրանք առնվազն ատոմակայան չունեն: Չնայած հիմնախնդրի լրջությանը, այս մասին վերլուծաբանները լռում են, չեն բարձրաձայնում հիմնախնդիրը: Գուցե դա չի   արվում  ժողովրդի մեջ  խուճապ   չառաջացնելու պատճառով, բայց պետք է հասկանալ, որ ջայլամի վարքով համարյա ոչնչի հնարավոր չէ հասնել: Իշխանությունները, փոխանակ հզորացնելու Հայաստանի տնտեսությունը, մեծապատիվ մուրացկանների նման զբաղված են սփյուռքից փող մուրալով` չցանկանալով երկրի հիմնախնդիրների լուծման համար սեփական գրպանները դատարկել: Միշտ ձգտում են ինչ-որ հովանավոր գտնել, որի հովանոցի տակ կկարողանան հոխորտալ Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա: Բայց ինչպես ասում են, ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: Եթե դու թույլ ես, քեզ չեն հարգում, միգազգային դիվանագիտության ասպարեզում բոլոր հարցերում միշտ պարտվողի դերում ես, քանզի բոլորը միշտ թեքվում են դեպի նժարի ծանր կողմը: Այս իրավիճակը փոխելու համար պետք է իսկական դիվանագիտություն ունենալ, հիմնովին փոխել պետության արտաքին քաղաքականությունը:

 

Անահիտ Սիմոնյան

 

Աղբյուրներ`

http://www.jenocide.am

www.levonpresident.am Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2008 թվականի դեկտեմբերի 8-ի հանրահավաքում:

www.Azatutyun.am

Ս.Պողոսյան, Պանթուրքիզմը երեկ եւ այսօր:

Թուքիայի նախագահ Ա. Գյուլի այցը Հայաստան, ՀՀ նախագահի պաշտոնական կայք, 06.09.2008:

ՍԻՎԻԼԻԹԱՍ հիմնադրամ, 2010-Անորոշության տարի:

Համաձայնագիր ՀՀ եւ ՌԴ միջեւ 2010 թվականի օգոստոս,

Հայաստանի Հանրապետություն, 168 ժամ, թերթեր


2011
հունվար փետրվար մարտ ապրիլ    
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter