Ռ.Աճեմյան.«Իսկ
ապագա արվեստագետների` ուսանողների գործերում գերակշռողը
հուսահատությունն է, հուսալքությունը»
12 | 09 | 2011 |
18:30 | ակնարկ
Պատվոգրեր,
դրամական բազմաթիվ խրախուսանքներ, հանգստյան ուղեգրեր,
արտասահմանյան տարբեր գործուղումներ. ահա այն ամենը, ինչ
ունեցել են Լենինականում արվեստագետն ու արվեստաբանը: Արվեստի
ու արհեստի հազարավոր գործեր գրավել ու բերել են հյուրերին
Լենինական: Մի աչքով չեն բավարարվել հյուրերը, մի հայացքով չեն
հասկացել ոչինչ. ու շատ են եկել, շատ են հարցուփորձ արել ու
շատ հիացել: Գյումրեցի արվեստագետն էլ հպարտ է եղել իր գործով
ու հարազատ քաղաքով:
Այսօր, սակայն, այլ է կյանքը
Գյումրիում: Այն, որ արվեստն ու արվեստագետն աստիճանաբար
հեռանում են երբեմնի արվեստների ու արհեստների քաղաքից,
հաստատում են բոլորը, ու միաժամանակ ասում, որ կան մնայուն
արժեքներ ու թող դրանք միշտ մնայուն էլ մնան քաղաքում: Ավաղ,
նրանց կողքին նորերը քիչ են ստեղծվում ու համարյա էլ չկան:
Փող փախցնելու միջոց,
պահանջարկին համապատասխան առաջարկ ու արվեստը դառնում է
առեւտուր: Քաղաքում ամբողջ աշխարհին կլկլան բաժակ ստեղծող
գյումրեցի մուշուրբիստը միակն է, միակն է նաեւ գյումրեցի
ֆայտոնչին: Արտասահմանյան հյուրերի համար պատրաստվող բազում
գործեր դուրս են հանվում ու մնում է ասել.
- Միայն թե այդ գործերը
խնամքով պահվեն…
Գյումրեցի արվեսաբան Ռոբերտ
Աճեմյանի հետադարձ հայացքը կանգ է առնում Լենինականի
Մերկուրովի անվան նկարչական դպրոցի վրա… Մելիքսեթ Սվաղջյան,
Լիդիա Մոլեվա, Հակոբ Անանիկյան, Հարություն Սահակյան, Սերգեյ
Միրզոյան, Ցողիկ Աբրահամյան ու շատ ուրիշներ. նրանք են
դասավանդել այստեղ, կյանքն ու արվեստը ներկայացրել, պատմել:
Նրանց մոտ են ուսանել ու բոլորիս հայտնի դարձել շատ
գեղանկարիչներ` Մինաս Ավետիսյանը (գյուղ Ջաջուռ), Աշոտ
Հովհաննիսյանը (դեղձ Աշոտ, գյուղ Մայիսյան): Հենց
Ա.Հովհաննիսյանին է նվիրված եղել 68-ամյա Ռոբերտ Աճեմանի
առաջին հոդվածը: Նա սովորել է Լենինգրադի գեղարվեստների
դպրոցում, իսկ արվեստաբանության բազմաթիվ հարցերի
քննարկումները, քննադատությունները, նկարիչների կյանքի ու
ստեղծագործական գործունեության մասին Ռ.Աճեմյանի հոդվածները
տպագրվել են Լենինականի «Բանվոր» թերթում, «Գարուն» ամսագրում,
ռուսական մամուլում: Հիմա նա չի գրում ու պատճառը մեկն է.
-Մոտ 10 տարի է, ինչ չեմ
գրում,-ու դժավարանալով հիշել, թե վերջին հոդվածը կոնկրետ երբ
է տպագրվել, ասում է.-հոնորար չեն տալիս, մի բան էլ մեզնից են
ուզում, իսկ հիմա գեղանկարչությամբ եմ զբաղվում, նկարում եմ ու
վաճառում:
Իսկ գնորդը, ինչպես միշտ,
օտարերկրացին է, կամ հայն օտարերկրացու համար է գնում:
Հեռավոր կյանքի նպաստավոր,
բարեկեցիկ կյանքը ձգում է արվեստագետներին ու նրանք այսօր
ակնհայտ հեռանում են քաղաքից ու երկրից:
-Իսկ ապագա արվեստագետների`
ուսանողների գործերում գերակշռողը հուսահատությունն է,
հուսալքությունը,-հայտնում է արվեստաբան Ռոբերտ Աճեմյանը:
Անի Մկրտչյան