Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ո՞ւմ գլխին է ընկնելու քարը

 

13 | 09 | 2011 | 21:15 | ակնարկ

 

Գյումրու Իսահակյան 9 շենքի բնակիչները ապրում են Անիի ավերակներում: Կոտրված ապակիներ, թափված ծեփոններ, կտուրից կախված երկաթի ու քարի կտորներ, որոնք սպառնում են պոկվել եւ ընկնել անցորդների գլխին: Գյումրու Իսահակյան 9 շենքի մոտից անցնելիս ակամա արագացնում ես քայլերդ` փորձանքից հեռու: Շուրջ 90 տարեկան այս շենքը երկրաշարժից եւ երկարատեւ շահագործումից դարձել է 3-րդ աստիճանի վթարային: Եւ ժամանակ առ ժամանակ շենքը զգացնել է տալիս իր տարիքն ու երկրաշարժի հետեւանքները` կրկնվող ինքնափլուզումների տեսքով: Մինչդեռ այս շենքում արդեն 23 տարի, ահն ու դողը սրտերում, մարդիկ են բնակվում:

 

-Անընդհատ էլ ինքնափլուզում է լինում, նույնիսկ քնած ժամանակ զգում ենք, ինչպես է շենքը ճռռում,- պատմում է շենքի 6-րդ մուտքի բնակիչ Լեյլի Միլիտոնյանը,-ամբողջ շենքը անմխիթար վիճակում է, իսկ շենքի այս հատվածն ուղղակի սարսափելի է: Այն տպավորությունն է, որ Անիի ավերակներում ենք ապրում: Արդեն չենք էլ հավատում, որ ինչ-որ բան կփոխվի:

 

Շենքի բնակիչները բազմիցս դիմել են մարզային ու տեղական իշխանություններին: Ինչպես նշեց Լ.Միլիտոնյանի հայրը` Սամսոն Միլիտոնյանը, չսահմանափակվելով դրանով` դիմել են նաեւ Ազգային Ժողովին, վարչապետին, բայց սայլը տեղից չի շարժվում: Բնակիչներն արդեն հոգնել են` այս կամ այն պաշտոնյային դիմելուց: Շենքի մեկ այլ բնակիչ` տիկին Ռուբինան նշեց, որ վերջին անգամ դիմել է մեկ տարի առաջ, սակայն ինչ-որ մեկից օգնություն խնդրելն արդեն համարում է ապարդյուն, ժամանակի անիմաստ կորուստ:

 

-Միշտ նույն պատասխանն են տալիս` այս տարի ֆինանսավորում չունենք, բայց հաջորդ տարի շենքը կամրացնենք,-զայրացած ասում է Ս.Միլիտոնյանը,-աշխատանքները կկատարվեն 2009 թվականին, 2010-ին, 2011-ին, հիմա էլ 2012-ին կամ 2013-ին: Մինչեւ էդ ժամանակ էլ սաղ չեմ լինի:

 

Լ.Միլիտոնյանը պատմում է, որ հյուր ունենալիս ամաչում են, իսկ հյուրերն էլ իրենց հերթին սարսափով ու դողով սպասում են, թե երբ են  գնալու:

 

-Չեմ հասկանում` դպրոցներ, եկեղեցիներ, հուշարձաններ կառուցելու համար ֆինանսավորում կա, բայց շենքի ամրացման համար չկա՞: Ինչ խոսք, բան չունեմ ասելու` թող կառուցեն, բայց այստեղ էլ հո մարդիկ են ապրում, բա մենք ի՞նչ անենք,-ասում է Լեյլի Միլիտոնյանը:

 

Յուրաքանչյուր պահի գահավիժելու պատրաստ պատշգամբներում կանգնելն ուղղակի ոչ խելամիտ խիզախություն է: Միաժամանակ պարտադրված հերոսությունն է այս շենքում բնակվելը: Ճիշտ է` ոմանք հարմարվել են իրենց բնակարաններին, քիչ թե շատ վերանորոգել են դրանք, բայց մյուսները նման հնարավորություն չունեն, մյուս կողմից էլ` անիմաստ է: Այդ աշխատանքներն ապարդյուն կանցնեն` պատերի ճեղքերը խորանում են, կատարված աշխատանքը կորցնում է արժեքը: Լ.Միլիտոնյանը ցույց տալով մերկ պատը, դրա վրա կպցրած սպիտակ պաստառը, ճեղքվածքները` բացատրում է, որ պատին գորգեր խփելն անիմաստ է` մեխերը պոկվում են` գորգի ծանրությանը չդիմանալով: Բայց սա դեռ ոչինչ, տիկին Լեյլին պատմում է, որ մի քանի տարի առաջ հարեւանի տան  հատակը փլվել էր, եւ բնակիչը ընկել էր նկուղը, բարեբախտաբար, չէր մահացել:

 

Երբ ցանկանում էի նկարել Միլիտոնյանների բնակարանը` տիկին Լեյլին չցանկացավ.

 

-Մի´ նեղացի, աղջիկ ջան, բայց արդեն հոգնել ենք, ամոթ էլ է, տունը թանգարան է դարձել: Անընդհատ պաշտոնյաներ են գալիս, նայում, խոստանում այս հարցին լուծում տալ, լրատվամիջոցներից էլ են եկել, նկարել, բայց ինչպես տեսնում եք` ոչ մի դրական փոփոխություն: Սպասում են, որ մարդ մահանա, նոր  ինչ-որ բան ձեռնարկեն: Վերջերս կտուրից քար էր պոկվել եւ ընկել ներքեւ, պատկերացրեք, որ բնակիչներից մեկի գլխին ընկներ` ողբերգությունն անխուսափելի կլիներ:

 

Շենքի վթարայնությանը գումարվում է կոյուղու անմխիթար վիճակը. քայքայված խողովակները անընդհատ խցանվում են` ամբողջ շենքով տարածելով գարշահոտություն եւ ստեղծելով բարեկեցիկ միջավայր առնետների, գորտերի եւ տարբեր տեսակի միջատների համար: Այս վիճակն ավելի է սրվում, երբ այս ամենին ավելանում է բնակիչների ահագնացող հուսահատությունը:

 

Շենքի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ ճշտեցինք Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանից: Նա նշեց, որ հիմա ոչ ոք չի կարող ասել` շենքում երբ ամրացման աշխատանքներ կկատարվեն: Հաջորդ տարի հաստատ չի լինելու: Քաղաքաշինության նախարարությունը կազմում է համապետական ծրագիր, որում ընդգրկվելու են հանրապետության տարբեր մարզերում գտնվող վթարային շենքեր, որոնք  այդպիսիք են դարձել ոչ երկրաշարժի հետեւանքով, այլ տարբեր պատճառներով: Օրինակ` ռմբակոծությունից, սողանքների հետեւանքով եւ այլն: Ա.Մարգարյանը նաեւ ասաց, որ մինչեւ ծրագիրը չներկայացվի կառավարությանը եւ չհաստատվի` կոնկրետ ոչինչ պարզ չի լինի:

 

Ավելացնենք նաեւ, որ հիմա Գյումրիում կա 88 վթարային բնկելի շենք. մեկը վատթարագույն վիճակում, մյուսը` համեմատաբար ավելի բարվոք: Այնքանով բարվոք, որքանով  վթարային շենքը կարող է լինել լավ վիճակում:

 

Ալիսա Հակոբյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 13-ին, ժամը 21:30:00-ին (GMT = 17:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter