Ժ.Աթոյան. «Չեմ ընդունում ինձ
առաջադրված մեղքը, ես մեղավոր չեմ»
15 | 09 | 2011 |
12:00 | ռեպորտաժ
Սեպտեմբերի
14-ի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում
շարունակվեց արցախյան շարժման մասնակից Ժորա Աթոյանի գործով
դատավարությունը: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի
178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով եւ 325 հոդվածի առաջին
մասով` ՀՀ եւ ԼՂՀ սահմանների ինքնապաշտպանության ժամանակ
վիրավորված լինելու մասին փաստաթղթերը կեղծելու եւ դրանցով
զինվորական կենսաթոշակ եւ դրամական աջակցություն ստանալու մեջ`
պետությանը հասցնելով 8.733.879 ՀՀ դրամի չափով վնաս:
Դատական նիստին ներկա էին պետական մեղադրող Հարություն
Հարությունյանը, ամբաստանյալ Ժորա Աթոյանը, վերջինիս շահերի
պաշտպան Աննա Դավթյանը եւ գործով վկաներ Աշոտ Զաքարյանը,
Ավետիք Մելքոնյանը, Անուշավան Հովհաննիսյանը եւ Սամվել
Հովսեփյանը: Ի դեպ նշենք, որ նախաքննական մարմնի կողմից գործով
քննվել են 15 վկաներ, որոնց դատարանը դատական նիստի օրվա եւ
ժամի մասին պատշաճ ծանուցագիր է ուղարկել, բայց դատական նիստին
դատակոչված վկաներից միայն 5-ն էին ներկայացել:
Դատական
նիստի սկզբում Ժորա Աթոյանի շահերի պաշտպան Աննա Դավթյանը
դատարանին ներկայացրեց միջնորդություն այն մասին, որ որպես
վկաներ քննվեն ազատամարտիններ Խաչիկ Միրիջանյանը, Լյուդվիկ
Ասլանյանը, Ռազմիկ Մաթեւոսյանը եւ Լյովա Հարությունյանը, քանի
որ նրանք նախաքննական մարմնի կողմից չեն հարցաքննվել, այնինչ
մարտի դաշտում Ժ. Աթոյանի կողքին հենց նրանք են կռվել: Ռազմիկ
Մաթեւոսյանը եղել է շտապ օգնության վարորդը, որով Ժ.Աթոյանին
տեղափոխել են սանմաս, իսկ Լյովա Հարությունյանը մարտի դաշտում
եղել է նրա կողքին: Մինչդեռ, ըստ Ա.Դավթյանի, դատարանում
վկայություն են տալիս այն մարդիկ, ովքեր անձամբ չեն եղել
Աթոյանի կողքին, այլ ուրիշներից են լսել որոշակի
տեղեկություններ նրա վիրավորվելու, կամ հնարավոր կոնտուզիա
ստանալու մասին:
Ինչպես նշեց պետմեղադրող Հ.Հարությունյանը, ինքը դեմ չէ այդ
մարդկանց լսել, բայց առաջարկեց հարցը քննարկել գործում արդեն
ընդգրկված վկաներին լսելուց հետո միայն: Ըստ Հ.Հարությունյանի,
Ժ.Աթոյանը թաքցրել է այդ վկաների առկայությունը, չնայած, որ դա
իր խնդիրը չէ, այլ նախաքննական մարմնի եւ հետագայում էլ
դատարանի խնդիրն է: Նա նաեւ նշեց.
-Չգիտես ինչու, Ժոռա Աթոյանը մինչ 2005 թվականը թաքցրել է նաեւ
իր վիրավորված լինելու հանգամանքը: Դրա համար գտնում եմ, որ
պետք է լսենք նախ գործում արդեն ներառված վկաներին, գուցե այդ
ընթացքում անհրաժեշտ լինի լսել այլ վկաների եւս, կամ հակառակը:
Պետմեղադրողի խոսքին ի պատասխան Ժորա Աթոյանը ներկայացրեց իր
առարկությունն այն մասին, որ ինքը երբեւէ չի թաքցրել իր
վիրավորված լինելու հանգամանքը, իսկ այն մարդիկ, ովքեր եկել եւ
ցուցմունք են տվել հակառակի մասին, սուտ վկայություն են տվել:
ժոռա Աթոյանը նշեց նաեւ, որ նախաքննական մարմնում ներկայացված
են եղել այն մարդկանց անունները, որոնց մասին նշեց իր շահերի
պաշտպանը, բայց նրանք գործում չեն ներգրավվել:
Հ.Հարությունյանը նշեց, որ նախաքննական մարմնում գործում այդ
մարդկանց ներգրավելու վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չի
ներկայացվել, ինչին Ժ.Աթոյանը պատասխանեց, որ բանավոր
տեղեկացրել է այդ մասին:
Դատավոր Մարտին Սարոյանը նշեց, որ ամբաստանյալի շահերի պաշտպան
Ա.Դավթյանի միջնորդությանը դատարանը կանդրադառնա դատակոչված
վկաներին, ամբաստանյալին լսելուց հետո միայն:
Դատական նիստի ժամանակ Ժ.Աթոյանի մարտական ընկերները դահլիճից
անընդհատ միջամտում էին` ասելով. «երկու անգամ ցուցմունք եմ
տվել, ուրա էդ ցուցմունքը», «չկռվածներին դրել են հերոսի տեղ,
կռվածներին են դատում են»: Դատավորը նման արտահայտությունների
համար դահլիճից դուրս հրավիրեց նրանցից երկուսին:
Պետմեղադրող
Հարություն Հարությունյանը ներկայացրեց մեղադրական
եզրակացության եզրափակիչ մասը: Իրեն առաջադրված մեղադրանքին
Աթոյանը պատասխանեց.
-Ես մեղավոր չեմ, ինձ մեղավոր չեմ ճանաչում, ոչ մի մեղք չեմ
գործել, իմ միակ մեղքը այն է, որ Աստծո հրաշքով ողջ եմ
մնացել, ուրիշ մեղք չունեմ ո´չ երկրի, ո´չ պետության, ո´չ էլ
իմ խղճի առաջ:
Դատարանը նախ լսեց գործով դատակոչված վկա Երկրապահ կամավորական
միության մարզային կազմակերպության նախկին նախագահ Աշոտ
Զաքարյանին: Վերջինս նշեց, որ ինքը ԵԿՄ մարզային կառույցի
ղեկավար եղած տարիներին տեղեկանքներ է տվել բոլոր այն
ազատամարտիկներին, որոնց կողքին ինքն անձամբ եղել է արցախյան
շարժման ժամանակ, իսկ ում կողքին չի եղել` իր համար հիմք է
հանդիսացել 3-4 ազատամարտիկների խոսքը: Ժ.Աթոյանին տվել է
տեղեկանք, որում նշված է եղել, որ նա մասնակցել է մարտական
գործողություններին եւ ստացել է կոնտուզիա: Չնայած ինքն անձամբ
չի եղել Աթոյանի կողքին, սակայն տեղյակ է, որ նա մարտական
գործողություններին մասնակցել է Մարտակերտի շրջանում, բայց թե
ինչ կարգավիճոկով` չգիտի:
Դատակոչված վկա Անուշավան Հովսեփյանն էլ նշեց, որ ինքը գիտի
միայն այն, որ ժորա Աթոյանը 3-ամսյա ժամկետով մեկնել է
մարտական գործողությունների մասնակցելու, բայց իր իմանալով,
20-25 օրից հիվանդության պատճառով տուն է վերադարձել:
Դատարանի դահլիճում դատակոչված որոշ վկաների տված
ցուցմունքները չէին համընկնում նրանց նախնական ցուցմունքներին
եւ պետմեղադրող Հ.Հարությունյանը կարդաց նախաքննական մարմնում
տված ցուցմունքները:
Դատակոչված մյուս վկաների ներկայությունն ապահովելու նպատակով
դատական նիստը հետաձգվեց եւ հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի
19-ին:
Նիստի ավարտից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե այս
ամենը քաղաքական ենթատեքստ ունի արդյո՞ք, պետմեղադրող
Հ.Հարությունյանը նշեց.
-Մեր նպատակն է, որ մարտական գործողությունների մասնակիցների
անունները չպախարակվեն: Այն անձինք, ովքեր իրականում մասնակցել
են եւ իրենց կյանքը չեն խնայել, ունենան փառք ու պատիվ, իսկ
այն մարդիկ, նկատի չունեմ Աթոյանին, ովքեր օգտագործում են
ազատամարտիկի անունը, նրանց դիմակը պատռվի:
Սոնա Առաքելյան