Աշխատանքային տետրերը
դպրոցներում պարտադիր չեն, բայց ցանկալի են, ինչը նորից
նշանակում է պարտադիր
19 | 09 | 2011 |
13:30 | վերլուծություն
Նոր
ուսումնական տարին սկսված է, դպրոցներում ժամանակակից
պահանջներին համապատասխան կրթության գործի կազմակերպման
դժվարություններն ու դժգոհությունները` նույնպես:
Դասագրքերի, դասարանային ֆոնդերի ու դպրոցներում հավաքագրվող
այլ գումարներից բացի ծնողներին այսօր անհանգստացնում է եւս
մեկ խնդիր. պարտադի՞ր են արդյոք աշխատանքային տետրերը
դպրոցներում, թե ոչ:
Մինչ ԿԳ նախարարությունը շարունակում է պնդել, որ դպրոցներում
դրանք պարտադիր չեն եւ ձեռք բերել-չբերելու հարցը որոշվում է
աշակերտի եւ ծնողի համաձայնությամբ միայն, Գյումրիում չեն
դադարում խոսակցություններն այն մասին, որ դպրոցներում դրանք
պարտադրվում են, ինչը նշանակում է հավելյալ 4000-5000 դրամ
միջին կամ ավագ դասարաններում սովորող մեկ աշակերտի համար:
Օրինակ, յոթերորդ դասարանում ուսուցանվող 16 առարկայից, եթե ոչ
բոլորի, ապա գոնե 9-10-ի համար աշխատանքային տետրերը ցանկալի
են: Ստացվում է, որ եթե մեկ աշխատանքային տետրի արժեքը
տատանվում է 350-450 դրամի սահմաններում, ամենապարզ հաշվարկով,
յոթերորդ դասարանում սովորող աշակերտը դասագրքերի համար
անհրաժեշտ 5160 դրամից բացի, 4000-4500 դրամ պետք է վճարի
նաեւ աշխատանքային տետրերի համար: Ի դեպ` դասարանների
բարձրացմանը զուգահեռ, ավելանում են ուսուցանվող առարկաները,
դասագրքերի վարձավճարները, հետեւաբար եւ աշխատանքային տետրերի
քանակն ու դրանց գումարը:
Պարտադրվու՞մ են աշխատանքային տետրեր Գյումրու դպրոցներում թե՞
ոչ. հարցի պատասխանը փորձեցինք գտնել աշակերտների, ծնողների եւ
կրթության գործը կազմակերպողների օգնությամբ:
-Ես ավագ դասարանում եմ սովորում, բժշկուհի եմ դառնալու, հիմա
ինչ էլ որ անհրաժեշտ լինի գիտելիքներս ավելացնելու համար,
ծնողներս պատրաստ են անել: Քիմիայի ուսուցչուհիս ասաց, որ մեր
ցանկությամբ ենք որոշելու` աշխատաքնային տետր ունենանք, թե չէ,
բայց այն անհրաժեշտ է գիտելիքներն ամրապնդելու համար: Տանը
որոշեցինք, որ այն, ինձ անհրաժեշտ է, ես արդեն գնել եմ: Բայց,
օրինակ հայոց լեզվինը չեմ վերցրել, որովհետեւ հայոցից իմացածս
էլ հերիք է,-բացատրեց Աշխենը:
-Մեր դպրոցում միայն ԿԳՆ կողմից երաշխավորված աշխատանքային
տետրեր կարող են հայտնվել աշակերտական սեղանին, այլապես շուկան
լի է չգիտես ում կողմից հնարված տետրերով: Դրանք ձեռք են
բերվում մեթոդմիավորման, աշակերտների, ծնողների եւ
ուսուցիչների համաձայնությամբ միայն: Այդ տետրերը գիտելիքին մի
փոքր ավել գիտելիք գումարելու համար են անհրաժեշտ, եթե
աշակերտը ցանկանում է նվազագույն գիտելիքներ ստանալ, իր խնդիրն
է: Այս հարցում ոչ մի պարտադրանք չկա,-ասաց Գյումրու թիվ 37
ավագ դպրոցի տնօրեն Սայաթ Մինասյանը:
-Պարտադրելը չեն պարտադրում, բայց թե այնպես են ասում, որ
ստիպված առնում ենք: Դա էլ մի տեսակ պարտադրանք է: Անընդհատ
կրկնում են, որ դրանք գիտելիք ստանալու համար անհրաժեշտ են,
եթե երեխադ էլ լավ է սովորում, ուզես-չուզես այդ 4000 դրամի
գլխից թռնելու ես. տղայիս դասարանում գումարները հավաքել են,
ես էլ տվել եմ,-նշեց ծնողական ժողովից աշխատանքի շտապող տիկին
Կարինեն:
-Դասագիրքը կարեւո՞ր է աշակերտի համար,-մեր զրույցը հարցով
սկսեց Գյումրու «Ֆոտոն» վարժարանի տնօրեն Մանվել
Մովսիսյանը,-աշխատանքային տետրերն էլ կարեւոր են ոչ միայն
լրացուցիչ գիտելիքներ ստանալու, այլեւ կիսամյակային եւ տարեկան
ստուգումների համար: Մենք այս հարցը փորձել ենք կարգավորել մի
փոքր այլ կերպ. 10-րդ, 11-րդ, եւ 12-րդ հոսքային
դասարաններում, այն առարկաների համար, որոնք խորությամբ չի
ուսումնասիրում աշակերտը, աշխատանքային տետրեր չենք վերցնում,
օրինակ, հումանիտար հոսքում սովորող աշակերտի համար քիմիայի
աշխատանքային տետրը պարտադիր չէ: Իսկ ընդհանրապես, անհրաժեշտ է
երեխային բացատրել, որ աշխատանքային տետրերը, եթե պարտադիր
չեն, գոնե ցանկալի են,-մեր զրույցը եզրափակեց պարոն
Մովսիսյանը:
Ավելացնենք նաեւ, որ ուսուցիչների եւ ծնողների կողմից հաճախ է
շրջանառվում այն տեսակետը, որ աշխատանքային տետրեր ունենալ
պարտադրվում է մարզպետարանի կրթության վարչությունից: Օրինակ,
թիվ 20 դպրոցի աշակերտներից մեկի ծնողը, ով չցանկացավ
ներկայանալ` մտահոգություն ունենալով, որ իր երեխային դպրոցում
հետո «վատ աչքով» կնայեն, մեզ հետ զրույցում ասաց.
-Իմ երեխայի դասարանում հայտարարել են, որ աշխատանքային տետրեր
բոլորը պետք է վերցնեն, քանի որ նման ցուցում են տվել
մարզպետարանից:
Պարզաբանում ստանալու համար դիմեցինք Շիրակի մարզպետարանի
կրթության վարչության առաջատար մասնագետ Ջեմմա Ավետիսյանին.
-Աշխատանքային տետրերը պարտադիր չեն, մենք էլ չենք պարտադրում,
ճիշտ հակառակը, մենք շրջաբերական ենք ուղարկել դպրոցներին, որ
աշակերտներին ոչ մի աշխատանքային տետր չպարտադրեն: Այս հարցում
պարտադրանք լինել չի կարող,-վստահեցրեց տիկին Ավետիսյանը:
Ի դեպ, դպրոցներում յուրաքանչյուր առարկայից մեկ կիսամյակի
ընթացքում, ըստ դասարանների, 3-5 թեմատիկ գրավոր աշխատանքները
ուսումնառության պարտադիր գործոն են: Եթե աշակերտը չունի
այդպիսի ստուգումների համար նախատեսված աշխատանքային տետրեր,
ուրեմն առարկայի ուսուցիչն է կազմելու թեմատիկ գրավորի համար
անհրաժեշտ նյութը` պարտավորվելով անհրաժեշտ թղթի, տպելու եւ
պատճենահանման համար իր աշխատավարձից գումար բաժին հանել: Կամ
էլ դիմել ծնողների օգնությանը: Ստացվում է` ամբողջ
ծանրությունը մնում է ուսուցչի կամ ծնողի ուսերին, քանի որ
դպրոցներում նմանատիպ աշխատանքների համար ֆոնդ չկա: Ահա այստեղ
էլ առաջանում է հակասությունը ԿԳ նախարարության` աշխատանքային
տետրերի պարտադիր չլինելու հայտարարության եւ ուսուցիչների`
ցանկալի լինելու մասին հորդորների միջեւ:
Լիլիթ Թովմասյան