Սեպտեմբերի
21-ին, ուղիղ 20 տարի առաջ` անկախության հանրաքվեի
անցկացումով, հիմք դրվեց Հայաստանի 3-րդ հանրապետության
ձեւավորմանը: Քաղաքական իրողություն, որը շրջադարձային եղավ
մեր երկրի ու ժողովրդի համար:
Իսկ ահա այսօր Հայոց անկախությունը արդեն 20 տարեկան է:
Հայաստանն իր բազմադարյան պատմությամբ, մշակույթով, արդար ու
հարատեւ պայքարով, հայորդիների խիզախ եւ անձնազոհ մաքառումով
միշտ ձգտել է անկախության: Անկախ քաղաքական հայացքներից,
կուսակցական պատկանելությունից, մասնագիտական կողմորոշումից`
այս կարծիքի հետ համաձայն են բոլորը: Անկախության գաղափարը
բոլորի համար միանշանակ է, տարբեր է արդեն կայացած անկախ
Հայաստանի ընկալումը:
-1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով` ամենից առաջ
վերականգնվեց մեր անկախությունը, ձեւավորվեց անկախ
հանրապետություն: Մինչդեռ մեր երկրորդ հանրապետությունը
սահմանափակ հնարավորություններով էր օժտված, ավելի շատ
կիսաանկախ էր,-ասում է պատմական գիտությունների դոկտոր Սարգիս
Պետրոսյանը:-Անկախության վերականգնումը, անձամբ ինձ,
հպարտության զգացում է ներարկում: Եթե նախկինում ես հպարտ էի,
որ հայ եմ, ապա հիմա նաեւ հպարտ եմ, որ Հայաստանի անկախ
հանրապետության քաղաքացի եմ:
Դաշնակցության Գյումրու կոմիտեի ներկայացուցիչ Արամ Հակոբյան
անկախության կայացումը համարում է մեծ նվաճում:
-Ով կարող է չուզենալ անկախություն` ոչ ոք, ժողովուրդը ստրուկի
հոգեվիճակից վաղուց պետք է դուրս բերվեր: Անկախության
իրողությունն անքննելի փաստ է: Ցավոք, Հայաստանի 3-րդ
հանրապետության ծնունդից հետո ձեւավորված իշխանությունները
գերադասեցին անձնական շահը հասարակականից,-ասում է
Ա.Հակոբյանը,-ամեն դեպքում, կանցնեն այս օրերը, եւ Հայաստանը
կդառնա այն պետությունը, որի մասին երազել է ժողովուրդը:
Բնականաբար, մեր 20-ամյա նորաստեղծ պետությունը պետք է ունենար
բացեր, որոնց մասին խոսելը չի նշանակում չհավատալ մեր անկախ
երկրին: Դրանց մասին խոսելը ընդամենը ավելի լավ ապագայի
կերտման ուղիների որոնման յուրահատուկ միջոց է:
-Մեր երազանքը այն չէր` ինչ-որ այսօր ունենք,-ասում է
Ս.Պետրոսյանը,-մեր երազած Հայաստանը ավելի ժողովրդավարական
երկիր էր լինելու, ավելի արդար հասարակարգ էր ունենալու,
արտագաղթի փոխարեն ներգաղթ էր լինելու, սոցիալական այսպիսի
լարված վիճակում չէր լինելու: Այսուհանդերձ, անկախությունը իր
հետ բերեց մեր ազգի ապագա գոյության համար նպաստավոր երկու շատ
կարեւոր արդյունք. նախ` Հայաստանը ազատվեց մեր երկրում բնակվող
օտար, թշնամական տարրերից, եւ երկրորդ` մենք ձեռք բերեցինք
Արցախի անկախ հանրապետությունը` հայկական պատմական հողերի վրա:
Որպես պատմաբան, ավելի շատ դրական գնահատելով անկախության 20
տարիները, Ս.Պետրոսյանը մնացած թերությունները եւ բացերը
համարում է ժամանակավոր, անցողիկ երեւույթ.
-Հայ ժողովուրդը առաջին անգամ չէ, որ նման դժվարությունների
առջեւ է կանգնած եղել, հավատացած եմ, որ առկա
դժվարությունները եւս կհաղթահարի,-ասում է նա:
Հայ ազգային Կոնգրեսի Գյումրու գրասենյակի ղեկավար Աշոտ
Զաքարյանն էլ Հայաստանի անկախությունը համարելով ոչ թե 20
տարվա, այլ 100-ամյակների ձեռքբերում ու նվաճում` նշում է.
-Սա մեր երազած Հայաստանը չէ, որի համար 1988 թվականին
պայքարում էինք, եւ որի կերտման ճանապարհին մեր ընկերներից
շատերը իրենց կյանքն են տվել: Սակայն չեմ ուզենա տխուր
նոտաներին անդրադառնալ:
Անկախ անեն ինչից` Հայաստանի երրորդ հանրապետության
ձեւավորումը դարերով մեր պապերի փափագած բաղձանքն էր, մեր
ժողովրդի հավատի, նպատակասլացության, ուժի եւ հզորության
արժանի հատուցումն էր: Մնում է, որ ներկա սերունդը հայկական
անկախ պետության գոյությունը պատմական ու քաղաքական անհերքելի
փաստ դարձնի:
Ալիսա Հակոբյան