Մետաղակտորների
ու ձողերի անկանոն կտորներ, զարդանախշվող կիսավարտ դարպաս ու
պատրաստի բազրիքների տեսականի: Սա դարբնոցի միայն առաջին
տպավորությունն է…Ապա բոցկլտացող քուրա, այն անմար պահելու
համար ածուխ ու երեւակայություն` անթիվ, անհամար…
Այսպիսին է վարպետ Մկրտչի դարբնոցը: Չէ, խոսքը բնավ էլ հայտնի
ֆիլմի 5 Մկրտիչներից որեւէ մեկի մասին չէ, ոչ էլ նրանց
եռանկյունի դարբնոցի: Նա մեր օրերի դարբինն է` իր քառանկյուն
դարբնոցով: Ու հնագույն արհեստի ավանդներն այս տոհմում էլ
ամուր հիմքեր ունեն: Արհեստի հմտությունները պապերից անցել է
որդիներին ու թոռներին, օրեցօր ծաղկել ու կատարելագործվել:
Ընտանեկան դարբնոցն այսօր ավելի քան 60 տարվա պատմություն
ունի:
-Հայրս Գյումրիում շատ հայտնի էր: Հովհաննես էր անունը: Էն
ժամանակ ինքն էր ու մեկել մի քանիսը: 11 տարեկան էի, երբ
հայրս գնացել էր Լենինգրադ` Էրմիտաժի լուստրը սարքելու…,-
հիշում է նա ու շտապում ավելացնել,-շա՜տ երկար էր, մոտավորապես
11 մետր:
Դարբնությունը
դեռեւս հնագույն ժամանակներից մարդու մշտական ուղեկիցն է եղել:
Մետաղների պաշտամունքը` որպես ուժի ու ամրության խորհրդանիշ,
գալիս է վաղնջական ժամանակներից: Հայկական դիցաբանությունում
դրա լավագույն օրինակը Մասիսի վիհերում շղթայված Արտավազդ
արքայի մասին լեգենդն է, երբ դարբինները կռում ու ամրացնում
էին շղթաները` չար ոգին վիհում հավերժ փակված տեսնելու
ձգտումով: Մարդկության պատմության հետագա ընթացքում էլ
դարբնագործությունն իր տեղն է գտել` որպես երկրագործության
հիմք: Իսկ 19-դարից Գյումրին հռչակվել է որպես Անդրկովկասի
դարբնագործության կենտրոն` դարբինների իր հայտնի
գերդաստաններով:
Վերջին ժամանակներում հատկապես մեծ է գեղարվեստական
դարբնագործության պահանջարկը: Կռած մետաղե գեղարվեստական
հորինվածքները բավականին բարձր են գնահատվում մեր օրերում:
Վարպետ Մկրտչի խոսքերով` լավ պատրաստված դապասը մոտ 3000-5000
դոլար արժե: Ու եթե նախկինում ժողովրդական արհեստի այս տեսակ
արտադրանքը հասանելի էր բոլորին, ապա հիմա այն դարձել է
բացառապես ունեւոր խավի մենաշնորհը:
-Ըսիկ
շատ բարդ արհեստ է, ինչքան էլ տարիքդ առնիս, գործ էնես, մեկ է,
էլի տեղ կա սորվելու: Չնայած էս արհեստով զբաղվող ջահելները
հմի շատ են շատըցել: Բայց դե իրանց էրածը էն չէ,-վստահեցնում է
զրուցակիցս:-Երկրաշարժից առաջ էս արհեստը մենակ Լեննագանում էր
զարգացած, բայց հմի…մենակ Մոսկվայում 150-ից ավել արհեստանոց
կա….հմի շատ-շատ են ու բոլորն էլ հայեր…
Ճիշտ այնպես, ինչպես «Եռանկյունու» հայտնի հերոսներն էին
երկաթի հետ կռում ու կոփում մարդկային կամքն ու
առնականությունը, այնպես էլ մեր օրերի վարպետ Մկրտիչը 1978
թվականից ի վեր բոցկլտացող քուրայի մոտ տաքացնում ու մուրճի
հարվածներով մշակում է երկաթե ձողերը, դրանց ձեւ ու չափ տալիս:
Բայց ամեն ինչ նախ սկսվում է պատվիրատուի ցանկությունից,
տեղանքի ուսումնասիրությունից ու չափագրումներից: Հետո ընտրում
են նախշերը, նախնական գծագրում կատարում ու անցնում գործի:
Առանձին-առանձին պատրաստված նախշերն արդեն պատրաստի վիճակում
ամրացվում են հիմքին:
Ձիթողցյանների թանգարանի ճաղերի մի մասն ու դարպասը, Կայարանի
եւ Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու ջահերը…ու էլի շատ ու շատ
աշխատանքներ հենց վարպետ Մկրտչի ստեղծագործական երեւակայության
ու մտքի սրության արտահայտություններն են: Նաեւ բազմաթիվ
գեղարվեստական կերտվացքներ` մոմակալներ, ճաղաշարեր, քիվեր,
երկաթյա սեղան-աթոռներ...
Ժամանակակից
դարբնագործությունն այսօր մի կարեւոր առանձնահատկություն ունի.
դա մետաղի սակավ գործածությունն է, ինչը աշխատանքին հաղորդում
է թեթեւություն, իսկ տարբեր գունանյութերով դրանք ավարտուն
տեսքի բերելը այս արհեստի նոր առանձնահատկություններից է:
Հորից ժառանգած արհեստին այսօր մեծ սիրով իր տղաներն են տեր
կանգնել: Վարպետ Մկրտչի 2 որդիներն ուսանել են Գյումրու
մանկավարժական ինստիտուտի նկարչական բաժնում, որպեսզի երկաթե
նախշերի ընտրությունն ավելի հմուտ ու մասնագիտորեն կատարեն:
Որքան էլ մեր հերոսը հայտնի վարպետ Մկրտիչների հետ առնչություն
չունի, բայց ֆիլմի նկարահանումը ուղղակի կամ անուղղակի կերպով
կապվել է թե´ իր հոր, թե´ դարբնոցի հետ:
Սկզբում ֆիլմը ցանկացել են նկարահանել իրենց դարբնոցում, բայց
քանի որ այն նոր էր վերանորոգվել, որոշում են նորը
կառուցել…հատուկ ֆիլմի համար ու նկարահանումից հետո էլ քանդել
են: Ու նաեւ նրա հայրն է դերասաններին ու ռեժիսորին արհեստի
նրբություններն ու առանձնահատկությունները սովորեցրել: Հայտնի
դերասանի հետ կապված դրվագն էլ ֆիլմում հոր պատմածներից շատ
հստակ է հիշում.
-Ֆռունզիկը չայ խմելու ժամանակ երկաթը տաքցրել է ու մտցրել
բաժակի մեջ: Ուզեցել է հին գյումրեցիների նման չայը տաքցնե,
բայց ըդիկ ճիշտ չէ, էլի, շատ անդուր համ կունենա: Ու պապաս
ըդոր համար իրան նկատողություն կենե:
Դարբնոցից թեեւ ահագին հեռացել էի, բայց մուրճերի ձայները
շարունակում էին ազդարարել արվեստ դարձած արհեստի գործերի
ծնունդը, ու հեռվից հազիվ նշմարելի լսեցի վարպետ Մկրտչի
ձայնը.
-Վահե, կրակի մեջ ածուխ լից, կմարի…
Մարինե Պետրոսյան