Եռագույն օրագրերը դպրոցներ
հասան ուշացումով
20 | 09 | 2011 |
12:50 | լուր
Կարմիր,
կապույտ, ծիրանագույն, Հայաստանը դու ես. սրանք ոչ թե հայտնի
երգերի բառերն են, այլ այն օրագրերի գույներն ու կարգախոսը,
որոնց մեջ այս ուսումնական տարում կդրվեն հայ դպրոցականների
գնահատականները. անկախության տոնին ընդառաջ պետբյուջեի հաշվին
Հայաստանի բոլոր աշակերտներին որպես նվեր բաժանվել են դրոշի
գույները խորհրդանշող օրագրեր:
Ըստ սահմանված կարգի` անկախության 20-րդ տարեդարձի
տարբերանշանով ու կարգախոսով օրագրերը դպրոցներ պետք է հասնեին
մինչեւ սեպտեմբերի մեկը: Մայրաքաղաքում եւ մյուս մարզերում`
չգիտենք, բայց Շիրակի մարզի դպրոցներ դրանք կամ դեռ չեն հասել,
կամ հասել են մեկ-երկու օր առաջ, կամ էլ, չգիտես ինչու, դեռ
չեն բաժանվել աշակերտներին:
Թեմատիկ օրագրերի` դպրոցներ ուշ հասնելն իր հետ մի շարք հարցեր
է առաջ բերել: Նախ շատ ծնողներ, անտեղյակ լինելով
կառավարության նախաձեռնությանը, հասցրել են իրենց երեխաների
համար գնել գունազարդ, փայլուն, ֆիլմի սիրելի հերոսի կամ
պաշտելի աստղի նկարներով օրագրեր: Հիմա, երբ եռագույն օրագրերն
են պարտադրվում դպրոցներում, դրանք դառնում են անպետք,
որովհետեւ նոր ուսումնական տարվանից 20 օր է անցել, ու քանի որ
պետական դրոշի գույներով օրագրերը դպրոցներ նոր են հասել,
աշակերտներն հասցրել են ծնողների կողմից գնված օրագրերում եւ
գնահատականներ ստանալ, եւ լրացնել դասացուցակը: Ստացվում է`
հաջորդ տարի այդ օրագրերը օգտագործելու մասին խոսք լինել չի
կարող: Ի դեպ, շուկայում կան օրագրեր, որոնց արժեքը 2000 դրամն
անցնում է, ու մեր դպրոցներում հաստատ կգտնվեն այնպիսի
աշակերտներ, որոնք պարտադրած կլինեն ծնողին հենց այդ օրագրերից
ունենալ:
-Իմ դասարանում, օրինակ, աշակերտներին մտահոգում է, թե նախորդ
օրագրում ստացած հինգերը ինչ են անելու: Խոստացել ենք` այդ
գնահատականները տեղափոխել նոր օրագրեր, որ իրենք հանգիստ
լինեն,-ասում է 9-րդ դասարանի դասղեկ Լիանա Պապիկյանը:
-Մենք այդ օրագրերը դեռ չենք ստացել, մեր դասատուն ասել է, որ
հները բերենք, մինչեւ մենք ստանանք, ես ընկերոջս մոտ եմ տեսել,
որ ուրիշ դպրոցում է սովորում: Համ էլ, հին օրագրում երեքներ
ունեմ, անհամբեր սպասում եմ նորին, որ երեքներս տանը
չտեսնեն,-անկեղծանում է Սերոբը:
-Անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ տպագրված
օրագրերը գույների են բաժանել դասարաններն ու մի տեսակ
մրցակցություն է սկսվել նրանց մեջ, թե որ գույնի դասարաններն
են լավ սովորում,-ասում են ուսուցիչները,-նույնիսկ որոշել են
տարեւերջին ամփոփել արդյունքներն ու մրցանակբաշխություն
կազմակերպել: Սա եւ լավ է, եւ վատ: Լավ է, որ ուզում են բարձր
գնահատականներ ստանալ, վատ է, որովհետեւ սկսելու են, այսպես
ասած, գնահատականի համար սովորել, ինչը ճիշտ չէ:
-Միանմանությունը հավասարություն է բերել. հիմա բոլորի
օրագրերը նույնն են, պարծենալու, ավելի լավը կամ ավելի վատը
ունենալու խնդիր այլեւս չկա,-բացատրում են մանկավարժները:
Թեմատիկ եռագույն օրագրերը կարեւորվում են նաեւ բովանդակային
առումով: Այս օրագրերում տպագրված են Տերունական աղոթքն ու
Հայաստանի օրհներգը, նշված են պետական եւ Հայաստանյաց
Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները, հիշատակի օրերը,
տեղեկություններ մեր պետական խորհրդանիշերի մասին: Ըստ
նախաձեռնության հեղինակների` օրագրերի տպագրումը նպատակ ունի
աջակցել դպրոցականների հայրենասիրական դաստիրակությանը եւ մեկ
անգամ եւս ընդգծել կարեւորագույն տոնի` Անկախության օրվա
նշանակությունը: Օրագրերում ինֆորմացիա կարելի է գտնել նաեւ
աշակերտի առողջական վիճակի մասին, ինչը պետք է օգնի
ուսուցիչներին եւ բուժքույրերին կողմնորոշվել արտակարգ
իրավիճակներում:
Լիլիթ Թովմասյան