Ոստիկանները հարամեցին
անկախության իմ առավոտը
21 | 09 | 2011 |
22:10 | մեկնա բանություն
Արթնանալով
անկախության լուսաբացին` մտադիր էի իմ խորհրդածություններով
կիսվել անկախության, դրա անձնական ու հասարակական
ընկալումների, մեր անկախության պատմական, քաղաքական,
հոգեբանական ու բարոյական նրբերանգների մասին: Սակայն իմ այս
ցանկությունը հօդս ցրվեց, երբ համացանցային լրատվությունից
տեղեկացա, որ անկախության առավոտյան ոստիկանություն են տարել
իմ անձնական ընկեր Լեւոն Բարսեղյանին ու ֆեյսբուքյան ընկեր
Առնո Կուրին:
Ուրեմն, իմ այս ընկերներն ու էլի մի քանի անկախ մտածող մարդիկ
դուրս էին եկել փողոց` պաշտպանելու Հայաստանի ու մեր բոլորի
(նաեւ` իշխանավորների ու նրանց սիրասուն զավակների)
անկախությունը, բողոքի քայլերթ անելու` ընդդեմ Հայաստանի
անկախության տոնին նվիրված զինվորական շքերթի ժամանակ օտար,
տվյալ դեպքում ռուսական, զորախմբերի ու դրոշների: Իմ ընկերներն
իրենց բողոքն էին արտահայտելու ու արտահայտեցին այն բանի դեմ,
թե ինչ գործ ունեն ոչ հայկական ռազմական ուժերն ու
յուրաքանչյուր պետության խորհրդանիշը համարվող դրոշը մեր
անկախության տոնին: Ինչ ընդհանուր բան կա այդ երկու
երեւույթների միջեւ: Եթե մեր իշխանությունները գտնում են, որ,
այնուամենայնիվ, կա, թող բացատրեն` իմանանք:
Բայց նրանք ինչ էլ բացատրեն, դա կլինի էլեմենտար
տրամաբանությունից դուրս, որեւէ բացատրության չենթարկվող մի
բան: Հետեւաբար, նրանց բացատրությունների կարիքն առանձնակի
չունենք էլ, քանզի մոտավորապես լավ գիտենք, թե ինչ են ասելու
իրենց անողնաշարությունն ու ստրկամտությունը բացատրելու համար:
Նրանց ուժը պատում է (՞) միայն իրենց քաղաքացիների վրա, նրանք
կարող են միայն սեփական կարծիք, դիրքորոշում ունենալու ու
հայտնելու համար Հայաստանի քաղաքացիներին բռնի ուժով քաղմաս
տանել: Նրանք ունակ են միայն վիրավորել պետական դրոշը,
պատառոտել «Անկախ, ազատ Հայաստան» գրությամբ պաստառը: Նրանք
չունեն այդ դրոշի ու այդ կարգախոսի ընկալումը: Նրանց ընկալումը
օտարի դրոշի ու կարգախոսի ընկալում է: Նրանք ու նրանց
ընկալումը օտար է, խիստ տարբերվող մեր երկիրն ու նրա իրական
անկախությունը գնահատող մարդկանց`մեր ընկալումից:
Ահա այստեղից է սկսվում անկախության ընկալման սահմանաբաժանը:
Այն սահմանը, որից անդին անկախությունը մեկի համար լուռ ու
ինքնասուզման տոն է, մյուսի համար բաժակաճառ ու կենաց, երրորդի
համար` դառնություն, չորրորդի համար` եսիմինչ: Ու այնպես է
ստացվել, որ անկախության տոնի մեջ բացակայում է այն իրական
տոնականությունը, որը պետք է լիներ, որը կուզեինք, որ լիներ:
Կարծես թե, այնուամենայնիվ, ինչ-որ չափով կիսվեցի անկախության
ու դրա ընկալման մասին իմ խորհրդածությունների մի որոշ մասով,
թեեւ անկախության առավոտը քաղմաս էին տարել իմ ընկերներ Լեւոն
Բարսեղյանին ու Առնո Կուրին:
Համլետ Կիրակոսյան
|