Ստեղծագործել հանուն հանուն բերկրանքի
24 | 09 | 2011 |
18:16 | ռեպորտաժ
-Այգաբաց
գյուղի Ս.Գեւորգ եկեղեցում պատարագ մատուցելուց հետո եկել ենք
Գյումրի, մեր այցը պատահական չէ. այսօր Սուրբ Գեւորգի տոնն է,
նաեւ անկախության 20 ամյակի տոնախմբությունների
տպավորությունների տակ ենք,-բացատրում է Արմավիրի թեմի Սուրբ
Նշան հոգեւոր կրթամշակութային կենտրոնի ղեկավար Հասմիկ
Մխիթարյանը: Նա Արմավիրի Գայ (Խաթունարխ) գյուղում
վերականգնվող եկեղեցու քահանա Տեր Գեւորգի երեցկինն է:
Նշված կենտրոնի սաների մոտ 50 աշխատանք`
ասեղնագործ ու նկարչական գործեր, ներկայացվեցին գյումրեցիների
ուշադրությանը: Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի դահլիճում
այսօր պատանի ստեղծագործողները պատմում էին իրենց առաջին
աշխատանքների մասին:
20-ամյա
Մարիետա Հովհաննիսյանը կենտրոնի սաներից է եղել, իսկ այժմ
դասավանդում է: Նրա գործերում գերիշխում է հոգեւոր թեման` խաչն
է, հրեշտակներն են, Հիսուս Քրիստոսը: Թեմաները ներկայացված են
Մարաշի ասեղնագործությամբ` հայի ներաշխարհն է, հայկական նուռն
ու միրգն է: Նա իր առաջին աշխատանքը` «Մատնությունը», արել է
13 տարեկան հասակում:
Ջրառատ գյուղից ներկա է կենտրոնի սան
Արմենուհի Ալոյանը: Նա 11 տարեկան է ու մատիտով, յուղաներկերով
է աշխատում:
-Ասեղնագործություն, Մարաշի
ասեղնագործություն, ուլունքագործություն, հետո
ասեղնագործություն «շիֆոն» կոչվող կտորի վրա. սրանք այն
հիմնական փուլերն են, որոնք պետք է սովորեն մեր սաները,-ասում
է Մ.Հովհաննիսյանը:
Նկարչություն
կենտրոնում ուսուցանում է Խ.Աբովյանի անվան պետական
մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի կերպարվեստ
ու գծագրություն բաժնի 4-րդ կուրսի ուսանող Գուրգեն
Կարապետյանը: Նրա համար սիրելի են հայ նկարիչներից Մ.Սարյանի,
Մ.Ավետիսյանի գործերը:
-Մինաս Ավետիսյանի որմնանկարները տեսել
եմ միայն հեռուստացույցով, լավ կլիներ մոտիկից տեսնեի,-ասում է
նա:
Երեխաների բնանկարներում Գայ, Ջրառատ,
Մեծամոր, Հայկաշեն գյուղերի պատկերներն են, իսկ դիմանկարներ
դեռ չունեն:
-Դեռ չենք հասել այդ փուլին,-բացատրում
է ուսուցիչը:
-Գյումրին տարբերվում է ու տարբերվում է
իր նիստուկացով, հյուրասիրությամբ, բարբառով, հետաքրքիր
մարդկանցով,-խոստովանում են Գյումրիում առաջին անգամ ոտք դրած
հյուրերը:
-Այ, ակնկալում ենք հյուրասիրություն,
չէինք հրաժարվի,-ասում է Գուրգենը:
-Գյումրիում քահանաների երեցկիններին
չենք ճանաչում, նրանք համարյա դուրս չեն գալիս ու չեն
ներկայանում հասարակությանը, իսկ քահանայի ընտանիքի
ներկայությունը պիտի լինի ուսուցանելի ու նման տեղերում
ընտանիքն հոգեւոր տեսանկյունից ներկայանա,-ասում է Շիրակի թեմի
առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը` նկատի ունենալով Գայ
գյուղի քահանա Տեր Գեւորգին ու նրա ընտանիքին:
Անի Մկրտչյան
|