Սեպտեմբերի
23-ի տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը:
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իշխանություններին
ներկայացրեց 8 կետից կազմված պահանջագիր: Առաջին կետը
վերաբերում էր մինչեւ տարվա վերջ արտահերթ նախագահական եւ
խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:
Անցկացված հանրահավաքի մանրամասների
մասին զրուցեցինք ՀԱԿ Գյումրու գրասենյակի ղեկավար Աշոտ
Զաքարյանի հետ:
-Ինչպես ՀԱԿ-ի վերջին հանրահավաքը, այնպես էլ մյուս
հանրահավաքները, չի կարելի համարել հերթական, յուրաքանչյուր
հանրահավաք լուրջ քաղաքական միջոցառում է, որն ավելի ու ավելի
է մոտեցնում Հայաստանում ժողովրդի իշխանություն հաստատելուն:
Սեպտեմբերի 23-ի հանրահավաքը բացառություն չէր: Բացառություն
չէր ոչ քանակի, ոչ բովանդակության առումով:
Ա.Զաքարյանը նշեց, որ հանրահավաքին տրվել են հստակ
գնահատականներ` ինչպես ներքին քաղաքական կյանքին առնչվող,
այնպես էլ մի շարք պետությունների եւ միջազգային կառույցների
կողմից ժամանակին ցուցաբերած վարքագծին: Հիշեցնենք,
հանրահավաքին Լ.Տեր-Պետրոսյասնն իր ելույթի շեշտը դրել էր
Wikileaks կայքի բացահայտումների Հայաստանին վերաբերող
հատվածին:
Անդրադառնալով հանրահավաքի մասնակիցների թվին` ՀԱԿ Գյումրու
գրասենյակի ղեկավար ասաց.
-Ես առանձնապես երբեւէ չեմ փորձում խորանալ հանրահավաքին
մասնակից մարդկանց թվի մեջ, բայց իմ տպավորությամբ, նախորդ
հանրահավաքներից ավելին էր: Մեծ էր նաեւ մարդկանց
ոգեւորությունը, էներգիան, վճռականությունը, ինչն ավելի
կարեւոր է:
Հասարակությունը ժամանակի ընթացքում հուսահատվում է,
հիասթափվում տարբեր տեսակի միջոցառումներից եւ
հանրահավաքներից, հատկապես, երբ շոշափելի փոփոխություններ չի
տեսնում ոչ իշխանական խոստումներից, ոչ էլ ընդդիմության
հանրահավաքներից: Անդրադառնալով այս հարցին, Ա. Զաքարյանը
նշեց.
-Ես կուզենայի, որ մեր հասարակությունը ՀԱԿ-ի հանրահավաքներին
չվերաբերվեր որպես սոսկ հերթական քաղաքական միջոցառման:
Յուրաքանչյուր հանրահավաք կարող է վճռորոշ դառնալ, ես ոչինչ
չեմ չափազանցնում, ցանկացած հանրահավաքի ժամանակ կարող է
կայացվել այնպիսի որոշում, որը շրջադարձային լինի պետության եւ
ժողովրդի համար: Մենք իսկապես պետությունը կորցնելու վտանգի
առաջ ենք կանգնած եւ շատ կարեւոր է, որ այս իրողությունը
ընկալելի լինի յուրաքանչյուր քաղաքացու համար:
Արտահերթ ընտրություններ մինչեւ տարեվերջ. որքանո՞վ է
իրատեսական եւ գործնականում իրագործելի: Սա այն հարցն է, որը
հանրահավաքից հետո ամենաշատ քննարկվողն է: Աշոտ Զաքարյանը
նշում է, որ ներկայացված պահանջն իրատեսական է.
-Մենք երբեք չենք առաջնորդվում երեւակայություններով, ՀԱԿ-ի
կողմից մինչ օրս կայացրած որոշումների հիմքում դրված են եղել
իրատեսական հաշվարկներ: Անգամ առաջին հայացքից ուտոպիստական
թվացող որոշումը շատ արագ կարող է իրատեսական դառնալ
հասարակության ակտիվության եւ վճռականության արդյունքում:
Արտահերթ ընտրությունների անցկացումը ոչ միայն համարում եմ
իրատեսական, այլեւ մի քանի կեղծված ընտրությունների հետեւանքով
ստեղծված կործանարար իրավիճակից դուրս գալու միակ ելքը:
Նա նաեւ ասում է, որ արտահերթ ընտրությունների պարագայում`
հավանական ընտրակեղծիքները հնարավոր կլինի հասցնել նվազագույնի,
որովհետեւ այդ պարագայում կփոխվի քաղաքական իրավիճակը.
-Եթե արտահերթ ընտրությունների մենք հասնում ենք քաղաքակիրթ
ճանապարհով (երկխոսության միջոցով), ինչի հավանականությունը
շատ քիչ եմ համարում, իշխանություններն ընտրությունների
անցկացման լուրջ երաշխիքներ են տալու եւ երաշխիքն
արտահայտվելու է ընտրական օրենսգրքի փոփոխություններով եւ մի
շարք այլ երաշխիքային գործիքներով: Մյուս տարբերակն այն է, որ
հասարակությունը փողոցում` իր վճռականության արդյունքում,
հասնում է գործող ռեժիմի հրաժարականին, ինչն էլ բացառելու է
ընտրություններում ընտրակեղծիքների իրականացումը:
Ա.Զաքարյանն այն կարծիքին է, որ եթե ժողովուրդն ազատ
ընտրությունների ճանապարհով չի կարողանում ձեւավորել
իշխանություն, ապա ապստամբությունը եւ հեղափոխությունը դառնում
են սահմանադրական նորմ:
Անդրադաղնալով ՀՀԿ-ակաների անդամատոմսերը ՀԱԿ-ին հանձնելու
մասին հանրահավաքին հնչած հայտարարությանը` Աշոտ Զաքարյանը
նշեց, որ Գյումրիում, համենայնդեպս այս պահին, նման երեւույթ
չի նկատվում:
Ալիսա Հակոբյան