2011-ին
լրանում է 20-րդ դարի պետական, քաղաքական եւ ռազմական գործիչ
Գարեգին Նժդեհի ծննդյան 125 ամյակը: Այս առիթով ստեղծված
կառավարական հանձնաժողովի կողմից կազմված ծրագրերին
համապատասխան` հանրապետության գրեթե բոլոր մարզերում
նախատեսվում են միջոցառումներ` նպատակով ևս մեկ անգամ հայոց
պայքարի առաջամարտիկներից մեկի ու մեծ հայի անցած ուղին և
գործը ներկայացնել հասարակությանն ու հատկապես երիտասարդներին:
Հերթական
միջոցառումը կազմակերպվել էր ՀՀԿ երիտասարդական թեւի
նախաձեռնությամբ և Հայաստանի հեծանվային մարզաձեւի
ասոցիացիայի աջակցությամբ. Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակին
նվիրված հեծանվային ուխտագնացության աշխարհագրությունն
ընգրկում է ՀՀ բոլոր մարզերը, մեկնարկը տրվել է սեպտեմբերի
24-ին`Երեւանում: Մեկ օր անց` սեպտեմբերի 25-ին արշավախմբի
չորրորդ կանգառը մայրաքաղաքից, Էջմիածնից, Աշտարակից ու
Ապարանից հետո Գյումրու Գարեգին Նժդեհի անունը կրող
հրապարակում էր:

-Սրանով մենք փորձում ենք եւս մեկ անգամ հասարակության
ուշադրությունը սևեռել Նժդեհի գործին ու դրա նշանակությանը մեր
պատմության մեջ, որովհետեւ նաեւ նրա շնորհիվ է, որ մենք
անկախություն ունենք: Նա էլ պայքարում էր մեր ազատության համար,
և անկախ կուսակցական պատկանելությունից, կարեւոր է
երիտասարդությանը դաստիարակել Նժդեհի գաղափարներով, ինչը, եթե
հաջողվի` կնշանակի ունենալ իրապես հայրենասեր սերունդ,- նշեց ԱԺ
պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
-Հայաստանի
հեծանվային մարզաձեւի ասոցիացիան արշավի ղեկավարումը վերցրեց
իր վրա: Ճանապարհը հեշտ չէ, բայց մեզ օգնում է հատկապես
անծանոթ մարդկանց ոգեւորությունը: Շատ տպավորիչ է, որ նրանք
կանգնեցնում են, մոտենում մեզ, հետաքրքրվում ու բարի ճանապարհ
մաղթում: Սա է մեզ ուժ տալիս,- ասաց հեծանվային մարզաձշեւի
ասոցիացիայի նախագահ, արշավի ղեկավար Մարտին Շարվարդյանը:
Հեծանվային արշավախմբում մարզաձեւի վետերաններն են,
միջազգային մրցումների մասնակիցներ ու սկսնակ պատանիներ: 23
հեծանվորդներից ամենամեծն 55 տարեկան է ու արշավախմբի ղեկավարը,
ամենփոքրը` 13-ամյա Էդգար Ստեփանյանը: Ասում է` փոքր լինելը
չի խանգարում ու վստահությունն էլ դրանից չի պակասում. առաջին
անգամ չէ, որ հեծանիվով երկար ճանապարհ է անցնելու, մանավանդ,
որ մարզաձեւով զբաղվելու 3 տարիների ընթացքում հասցրել է
Հայաստանի չեմպիոն դառնալ ու մի քանի անգամ արտասահմանում
լինել: Իսկ այս արշավին մասնակցում է Գարեգին Նժդեհի մասին շատ
բան իմանալու և մեծ զորավարին իր հարգանքի տուրքն այդ կերպ
մատուցելու համար:
1401 կմ 7 օրվա ընթացքում. Գյումրուց հետո արշավախմբի հաջորդ
կանգառը Սպիտակն է, հետո Ստեփանավան,
Վանաձոր, Դիլիջան ու
այսպես մինչև վերջնագիծ. արշավախումբը սեպտեմբերի 30-ին կանգ
կառնի Ղափանում` Խուստուփ լեռան ստորոտին, որտեղ, իր կտակին
համաձայն, վերահուղարկավորված է Գարեգին Նժդեհը. զորավարի
գերեզմանից վերցված հողը արշավախմբի անդամները կտեղափոխեն
Նժդեհի թանգարան:
Լիլիթ Թովմասյան