Հետաքրքիր, զարմանալի, զավեշտալի… հայտարարություններ
28 | 09 | 2011 |
13:35 | ռեպորտաժ
«KING
PRODUCION-ը կազմակերպել է «Դիսկոտեկա BOOM» party: Party-ն
տեղի կունենա Սեպտեմբերի 20-ին…», կամ «Սեպտեմբերի 18-ին ժամը
19:00-ին կազմակերպվում է SHAPY-PARTY SHAPITO բար-սրճարանում…».
սրանք հայտարարությունների տեքստեր են, որոնցով ողողված են
Գյումրու բոլոր փողոցները: Այսպիսի «գլուխգործոցների»
կհանդիպես ցանկացած քայլափոխի` կանգառներում, շենքերի պատերին,
սյուներին, խանութների ցուցափեղկերին եւ այլուր: Մինչդեռ
Հայաստանում, համենայնդեպս դեռ պետական լեզուն գրական հայերենն
է: Նմանատիպ հայտարարությունների հանդիպելուց հետո ակամա
մտածում ես`«լավ, գրականն էլ մի կողմ մնա, բա հայերեն լեզուն
ու՞ր կորավ»: Պատասխանը շատ պարզ է` առանց զգալու կորցրեցինք:
Հայտարարությունների «հրաշալի» տարբերակներ, մեկը մյուսից
հետաքրքիր ու կարդացվող` «բարձրագույն կրթությամբ բանվորներ»,
«անգլերենի իմացությամբ հավաքարարներ», բայց այս մեկը լրիվ
ուրիշ է` «Աշխատանք ուսանող(ուհի)ների համար, 18-30տ.»: Տեսնես
ի՞նչ աշխատանք է, որ կարեւոր է ուսանող եւ հատկապես 18-30
տարեկան լինելու հանգամանքը, կարեւոր չէ ոչ մասնագիտությունը,
ոչ գիտելիքների մակարդակը: Հետո էլ դժգոհում ենք, որ
ուսանողներին աշխատանքի չեն վերցնում, ինչպես տեսնում եք`
վերցնում են, առանձնապես դժվար պայմաններ էլ չեն առաջարկում,
դե, համենայնդեպս հայտարարության մեջ:
Հայտարարություններ
տարբեր ճաշակի եւ լեզվի` ըստ նախասիրության, ինչպես կկամենաք:
Ահա ռուսերեն բառերի գործածությամբ հայտարարություն, այն էլ ոչ
ճիշտ ուղղագրությամբ (գրված է àêóìëÿòîð, պետք է լինի`
àêêóìóëÿòîð): Երեւի ժամանակ չեն գտել բառերի հայերեն
համարժեքները գտնելու համար կամ էլ գուցե կարծել են, որ
հայտարարություն կարդացողները ճիշտ չեն հասկանա հայերեն լեզվով
եւ ահա արդյունքը: Հայտարարությունների հեղինակներից ոմանք
նախընտրել են հայտարարության ձեռագիր տարբերակը, միայն թե այն
տարածելուց առաջ չեն մաքրագրել, մյուսներն այնքան են շտապել,
որ «շտաբ են վաճառում բնակարանը», երրորդներն էլ, իբր, տարվել
են «ա-յա» խոսությամբ եւ ընկել են անհեթեթ իրավիճակի մեջ («Քո
ժպիտով գեղեցկացրա Գյումրին»):
Բայց
հավատացած եղեք` ավելի անհեթեթ է, երբ տեսնում ես, որ
«Beeline»-ի գրասենյակի «Արեւմտյան տարածքային կենտրոն «ԱրմենՏել»
ՓԲԸ» անվանման մեջ «տարածքային» բառի ծ-ն փոխարինված է ց-ով:
Համաձայն եմ` հաստատ վրիպում է, բայց այդ վրիպումը մի՞թե ոչ ոք
չի տեսել: Դա է տարօրինակը: Նման տհաճ վրիպումից չի խուսափել
նաեւ ՀՅԴ Գյումրու կոմիտեն` «Հանրահավաքը կկայանա սեպտեմբերի
3-ին, թաթերական հրապարակում»: Զարմանալին այն է, որ քաղաքի
տարբեր վայրերում այս հայտարարությունը տարածելիս` վրիպումն
այս դեպքում էլ ոչ ոք չի նկատել:
Նման հայտարարությունները կարելի է կարդալ, եթե անգամ ոչ
աշխատանք գտնելու մտադրությամբ, ապա թեկուզ ուղղակի լավ
ժամանցի համար: Հետո էլ բողոքում ենք, թե քաղաքում ոչ մի
հետաքրքրություն ու զբաղմունք չկա. հայտարարություններ
կարդացեք, հաստատ չեք փոշմանի:
Ալիսա Հակոբյան
|