Գյումրու
«Օրհուս» բնապահպանական կենտրոնի ղեկավար եւ «Բիոսոֆիա» ՀԿ
նախագահ Գեւորգ Պետրոսյանի խոսքերով, չնայած տաս օրից պետք է
սկսվեին Թռչկանի ջրվեժի տարածքում կառուցվող ՀԷԿ-ի շինարարական
աշխատանքները, բայց այս պահի դրությամբ որեւէ աշխատանք չի
տարվում: Ըստ Գ.Պետրոսյանի, հավանաբար պատճառն հասարակական
բողոքն էր, իսկ առջեւում նախընտրական տարի է, եւ
կառավարությունը բնակչությանը սիրաշահելու քաղաքականություն է
վարում:
Նրա խոսքերով, ՀԷԿ-ի կառուցման լիցենզիան Հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Ռոբշին» ՍՊԸ-ին
տրամադրել է 2010 թվականի ապրիլին, որի գործողության ժամկետը
կլրանա 2012 թվականի օգոստոսի 7-ին:
-Թռչկանի
ջրվեժը ջրագրական հուշարձան է եւ նրա մոտերքում օրենքով
արգելվում է ՀԷԿ-ի կառուցումը: Հայաստանի ամենաբարձր` Շաքիի
ջրվեժում, ՀԷԿ-ի կառուցումից հետո ջրի քանակը նվազել է: Եթե
Թռչկանի ջրվեժն արժանանա նույն ճակատագրին եւ այնտեղ կառուցվի
ՀԷԿ, ապա ջրվեժի ջրի քանակի նվազեցման հետեւանքով կտուժի
շրջակա միջավայրի էկոհամակարգը, կկասեցվի տուրիզմի զարգացումը:
Խոնավասեր կենսաբազմազանություն այլեւս չի լինի,-մեզ հետ
զրույցում ասաց Գ.Պետրոսյանը:
Նրա խոսքերով, դեռեւս սեպտեմբերի 8-ին իրենց
կազմակերպությունում «Թռչկանի ջրվեժը բիզնեսի հերթական զոհը»
թեմայով հասարակական քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել
են Գյումրու ՀԿ-ների ներկայացուցիչները: Որոշվել է ջրվեժի մոտ
ՀԷԿ-ի շինաշխատանքների դադարեցման համար գրավոր դիմել
կառավարությանը:
Սեպտեմբերի 7-ին եւ 13-ին Գյումրու «Օրհուս» կենտրոնը
բնապահպանության նախարարության փորձաքննության ՊՈԱԿ-ի տնօրեն
Անդրանիկ Գեւորգյանին հարցում է ուղարկել ՀԷԿ-ի կառուցման
համար փորձաքննության ներկայացված նախագծի եւ փորձաքննության
արդյունքում եզրակացության, նաեւ դրական եզրակացությունն
հաստատող աշխատանքային նախագծերի, փաստաթղթերի տրամադրման
համար: Գ.Պետրոսյանի խոսքերով, իրենց տրամադրվել է միայն
դրական եզրակացությունն հավաստող փաստաթուղթ, իսկ սեպտեմբերի
23-ին իրենք կրկին հարցում են ուղարկել բնապահպանության
նախարարություն վերը նշված հարցի կապակցությամբ եւ սպասում են
պատասխանի:
Զրուցակցիս խոսքերով, «Ռոբշին» ՍՊԸ –ի տերը` Ռոբերտ Օհանյանը,
որեւէ մեղավորություն չունի, մեղավորը բնապահպանության
նախարարությունն է, որ թույլատրել է ջրվեժի մոտ ՀԷԿ-ի
կառուցումը: Նրա կարծիքով, ՀԷԿ-ի աշխատանքից այն կառուցող
անձը կարող է գերշահույթ ստանալ, քանի որ ստացված
էլեկտրոէներգիան վաճառվում է պետությանը, իսկ պետությունն էլ
իր հերթին բնակչությանը:
Ըստ Ֆեյսբուք սոցիալական ցանցի «Պահպանենք թռչկանի ջրվեժը»
խմբում «Առաջին լրատվականի» հղմամբ հայտնված տեղեկությունների,
«Ռոբշին» ՍՊ ընկերությունն անտեսել է բնապահպանության նախարար
Արամ Հարությունյանի հանձնարարությունն այն մասին, որ 10-օրյա
ժամկետում պետք է Թռչկանի ջչվեժի պահպանության համար նոր
առաջարկներ ներկայացնել, իսկ ջրվեժի կողքով 100 մետր փորվածք
կա, ինչի պատճառով մինչեւ ջրվեժի սկիզբը գետի հունը որոշ չափով
փակվել է` հողով ու քարերով լցվելով: Նաեւ նշվում է, որ 2010
թվականին Փամբակ գետի Չիչխան վտակի վրա ՀԷԿ-ի կառուցման
կապակցությամբ իրենց բողոքն են արտահայտել նաեւ Լոռու մարզի
Մեծ Պարնի գյուղի բնակիչները` ասելով, որ ՀԷԿ-ի կառուցման
դեպքում ջրվեժն այլեւս գոյություն չի ունենա:
Ֆեյսբուքում
հայտնված տեղեկությունների համաձայն, խնդրով անհանգստացած են
նաեւ աշխարհագրագետները, մասնավորապես Լեւոն Գալստյանը, որի
խոսքերով, բնապահպանության նախարարության կողմից տրված
եզրակացության մեջ բացակայում է «Թռչկան» ջրվեժ անվանումը եւ
նշվում, որ շինաշխատանքներն այդ տարածքում պատմամշակութային
հուշարձաններ չլինելու պատճառով թույլատրելի են, մինչդեռ ըստ
աշխարհագրագետի, այս ջրվեժը ընդգրկված է բնական հուշարձանների
ցանկում:
«Էկոլուր» կայքի հաղորդմամբ, բնապահպանության նախարար Արամ
Հարությունյանն հայտարարել է, որ Թռչկանի ջրվեժի վրա
կառուցվելիք հիդրոէլեկտրակայանը, կարծես, կարող է լինել
տնտեսապես ոչ ամենահաջող նախագիծը, քանի որ ՀԷԿ-ը տարվա մեջ 6
ամիս կարող է աշխատել: Նա նաեւ նշել է. «Տվյալ պահի դրությամբ
ես չեմ կարող ասել, թե որտեղ կկառուցվի ՀԷԿ-ը, սակայն
միանշանակ է, որ Թռչկանի ջրվեժի տարածքում որեւէ ՀԷԿ չի
կառուցվի»:
http://www.ecolur.org/hy/news/water/hydropower-
Լուսանկարում Շաքիի ջրվեժն է
Լուսանկարը` Էդգար Մարուքյանի
Անահիտ Սիմոնյան