Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Շուտով դրամական մրցանակ կսահմանվի Ռ.Քոչարյանի նամակի պատճենը ճարելու համար  

 

22 | 09 | 2008 | 10:30 | Բողոք-2                           Տես Առաջին բողոքը

 

ՀՀ Նախագահի Վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին

 

ՀՄՀ-Հայաստան Ծրագրի շահառուների խորհրդի անդամ Լեւոն Բարսեղյանից

 

Պատճենները`

 

ՀՄՀ-Հայաստան ծրագրի Կառավարման խորհրդի նախագահ,

ՀՀ Վարչապետ Տ.Սարգսյանին,

ՀՀ Նախագահի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հասմիկ Պետրոսյանին,

ՀՀ Նախագահի իրավաբականական վարչության պետ Արայիկ Թունյանին,

ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ

բողոքների բաժնի վարիչ Ա.Ասատրյանին,

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարին

 

Տեղեկատվության տրամադրման մերժման մասին Բողոք-2

 

Հարգելի պարոն Հովսեփյան,

 

2008 թվի հուլիսի 17-ին ես Ձեզ մի բողոք[1] էի ուղարկել այն մասին, որ, Ձեր ենթական` ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչ Ա.Ասատրյանը, իմ կարծիքով, ապօրինի կերպով սահմանափակել էր իմ տեղեկատվության ազատության իրավունքը եւ ինձ չէր տրամադրել ՀՀ նախկին նախագահ Ռ.Քոչարյանի այն նամակի պատճենը, որով նա պատասխանել էր Հազարամյակի մարտահրավեր Կորպորացիայի գլխավոր տնօրեն Ջ.Դանիլովիչի 2008 թվի մարտի 11-ի նամակին:  

 

ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկություն-ների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչ Ա.Ասատրյանը ինձ ուղղած առաջին մերժման մեջ ասում էր. Ի պատասխան Ձեր 2008թ.-ի հունիսի 4-ի, 19-ի գրությունների հայտնում եմ, որ Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրումը պետք է իրականացնի ՀՀ կառավարության սահմանած կարգով, որը դեռեւս չի սահմանվել: Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, եթե իրավական ակտում նախատեսված նորմի պահանջի կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա իրավական այդ նորմի մասով գործում է համապատասխան իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից:

 

Ձեզ ուղղածս առաջին բողոքի մեջ ես պարզաբանել էի, որ Կառավարության անգործության պատճառով (4,5 տարի է չի մշակել ու սահմանել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը, չնայած այդ է պահանջում ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքը) չի կարող սահմանափակվել իմ Սահմանադրական իրավունքի իրականացումը, եւ նման պատճառաբանությունը պարզապես իմ Խոսքի եւ տեղեկատվության ազատության կամայական սահմանափակում է ու սահմանափակման անհաջող հիմնավորում:  Նույն բողոքի մեջ բացատրել էի, որ տեղեկատվության ազատությունը Խոսքի ազատության բաղադրիչ է եւ սահմանված է մեր երկրի Սահմանադրությամբ, դրա 27, 27.1 հոդվածներով: Այս իրավունքը կախման մեջ չէ ենթաօրենսդրական ակտի գոյությունից կամ բացակայությունից: Նշել էի նաեւ, որ բացի Սահմանադրությունից, տեղեկատվության ազատության իրավունքը եւ դրա կիրարկման մեխանիզմները սահմանված են Հայաստանի կողմից վավերացված միջազգային մի շարք փաստաթղթերում` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածում, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածում, ինչպես նաեւ` ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի մեջ:

 

Պարոն Հովսեփյան, նախորդ բողոքիս մեջ ես խնդրել էի Ձեզ.

 

  1. Միջամտել, համապատասխան միջոցներ ձեռք առնել եւ հանձնարարել` ինձ տրամադրել Ռ.Քոչարյանի այն նամակի պատճենը, որով վերջինս պատասխանել է ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրեն Ջ.Դանիլովիչի 2008 թվի մարտի 11-ի նամակին:

  2. Ջանքեր ներդնել, որ հանրության սեփականությունը հանդիսացող այդ եւ այլ փաստաթղթերը, ինչպես օրինակ հիշյալ եւ համանման նամակներն են, զանազան հնարավոր դիվանագիտական եւ այլ արարողակարգերով նախատեսված գաղտնիության որոշակի ժամկետներն անցնելուց հետո հրապարակվեն եւ հնարավոր եղանակներով մատչելի դառնան հանրությանը, այնպես, որ տեղեկություններ հարցնելու, այսօրինակ նամակագրության կարիք չլինի: Այսպիսի հրապարակայնությունը, մասնավորաբար, վստահ եմ, կօգնի ՀՄՀ-Հայաստան ծրագրի արդյունավետ իրականացմանը, այնինչ, նմանատիպ ծրագրերի հանրությունից փակ կառավարումը կարող է բերել էական վնասների: Ի վերջո, ծրագրի ապագայի  մասին դատողություններ անելիս, հոդվածներ գրելիս, շահառուների հետ շփվելիս, հարցազրույցներ տալիս ես եւ իմ գործընկերները չենք կարող ճշմարտության փոխարեն մեր ենթադրությունները հաղորդել նրանց այն մասին, թե, տեսնես` ի՞նչ է պատասխանել Ռ.Քոչարյանը Ջ.Դանիլովիչի 2008 թվի մարտի 11-ի նամակին, եւ` տեսնես որքանո՞վ է կախված ծրագրի ճակատագիրը այդ պատասխանից: Առանց բավարար տեղեկատվության ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի գոյությունը դառնում է համաձայնագրով` Շահառուների Խորհուրդ ունենալու պահանջի ձեւական բավարարում:

  3. Ջանքեր ներդնել եւ ՀՀ Նախագահի իրավաբականական վարչության աջակցությամբ հատուկ ուսուցումներ իրականացնել ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչի ու մյուս աշխատակիցների համար ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի կիրառական պրակտիկայի եւ նույն օրենքի կիրարկմանն առնչվող ՀՀ դատական նախադեպերի ուսումնասիրման ուղղությամբ:

 

Այս ամենի հետ մեկտեղ առաջարկել էի իմ եւ գործընկերներիս անվարձահատույց խորհրդատվությունը եւ այլ տեխնիկական օժանդակությունը ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնին այն ակնկալիքով, որ մեզ եւ այլոց` հարկատուներիս, ապագայում ավելի մասնագիտորեն կսպասարկեն:

 

Այդ բողոքից հետո հույս ունեի, թե ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչ Ա.Ասատրյանի համար պարզ դարձած կլինի իր առաջին մերժման անլրջությունը եւ շուտափույթ ինձ կտրամադրի խնդրո առարկա նամակի պատճենը:

 

Այնինչ, օգոստոսի 21-ին ստացա օգոստոսի 19-ով թվագրված մեկ այլ մերժում, որը, համեստորեն որակում եմ որպես անհեթեթություն ու նախագահական գրասենյակում աշխատող պաշտոնյային անվայել շարադրություն: Ահա այդ նամակի (երկրորդ մերժման) բովանդակությունը ամբողջությամբ.

 

...Ի պատասխան Ձեր 21.07.2008թ. նույնաբովանդակ նամակների, հայտնում եմ, որ ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքով երաշխավորվում է անձի` տեղեկատվություն ստանալու իրավունքը: Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի համաձայն տեղեկատվություն է հանդիսանում անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երեւույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձեւավորված տվյալներ`...: Ձեր կողմից պահանջվող գրությունը չի հանդիսանում տեղեկատվություն, հետեւաբար, այն ենթակա չէ տրամադրման հետեւյալ պատճառաբանությամբ. ՀՀ Նախագահի կողմից Հազարամյակների մարտահրավեր ծրագրի շրջանակներում ուղղված գրությունը, ինչպես նաեւ բանակցային գործընթացին վերաբերվող այլ գրագրությունը, չեն հանդիսանում տեղեկատվություն Տեղեկատվության ազատության մասին օրենքի իմաստով, քանի որ, տեղեկատվություն ստանալու անձի իրավունքը երաշխավորված է այնպիսի տեղեկատվություն տրամադրելու պետության ուղղակի պոզիտիվ պարտավորությամբ, որը առաջացրել կամ կարող է հետեւանք առաջացնել անձի կամ հասարակական եւ պետական նշանակություն ունեցող փաստի կամ իրադարձության առումով: Այս իմաստով, ընդունելով ՀՀ եւ Հազարամյակների մարտահրավեր-ի միջեւ հարաբերությունների պետական եւ հասարակական կարեւորությունն ու նշանակությունը, տեղեկատվություն կարող է հանդիսանալ ոչ թե այդ հարաբերությունների ընթացքը, այլ` դրա հետեւանքը: Այսինքն օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձեւավորված տվյալներ[2] են հանդիսանում ոչ թե գործընթացը (բանակցությունները` գրագրությունը հավասարապես նաեւ բանավոր, հեռախոսային խոսակցությունները եւ այլն), այլ` դրանց արդյունքում ստացված եւ ձեւավորված արդյունքը` հատկապես հաշվի առնելով, որ ոչ թե գործընթացն ինքնին, այլ` գործընթացի արդյունքն է, որ առաջացնում է իրավաբանական հետեւանք թե անձի, թե հասարակության եւ պետության համար:: (մեջբերման ավարտը):

 

Պարոն Հովսեփյան,

Այսօրինակ մեկնաբանությունը, եթե ՀՀ քաղաքացուս համար վիրավորական չլիներ, բավականաչափ ծիծաղելի կլիներ: Ըստ այդ մերժման տրամաբանության (տրամաբանություն բառը այստեղ օգտագործվում է պայմանականորեն), եթե հինգ տարի տեւող ծրագրի եւ դրան նախորդած եռամյա նախապատրաստական աշխատանքները համարենք մեկ ամբողջական գործընթաց ու դիմենք որեւէ պետական ատյան այդ գործընթացի կամ դրա որեւէ փուլի մասին որեւէ տեղեկություն ստանալու խնդրանով. պիտի պատասխան ստանանք, թե տեղեկություն կարող ենք ստանալ միայն այդ ութնամյա ժամանակահատվածի` գործընթացի ավարտից հետո, այսինքն էլի մի երեք տարի ա՞նց` 2011 թվի՞ն` երբ կավարտվի ծրագիրը: Կամ, եթե ամերիկյան օժանդակությունը Հայաստանի երրորդ հանրապետությանը համարենք մեկ ամբողջական գործընթաց` սկսած երրորդ հանրապետության սկզբից, ՀՄՀ-Հայաստան ծրագիրը (2006-2011թթ.) պիտի համարենք այդ հարաբերությունների ձեւավորման ընթացքում մի փոքրիկ գործընթաց ու ոչ թե միջանկյալ արդյունք, եւ ուրեմն, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչի տրամաբանությամբ, ՀՄՀ-Հայաստան ծրագրի մասին տեղեկատվություն որպես այդպիսին գոյություն ունենալ չի կարող, որ դեռ մի բան էլ` հնարավոր լիներ այն Շահառուների խորհրդի անդամներին կամ որեւէ հետաքրքրված անձի տրամադրել:

 

Մյուս կողմից, ես մինչ այս պատասխանը, միամտություն եմ ունեցել կարծելու, թե երկրի գլխավոր պաշտոնյայի պաշտոնական գրագրությունը, որ ստեղծվում է մեր հարկերի հաշվին, ու չի պարունակում պետական, ծառայողական, անձնական կամ օրենքով սահմանված այլ գաղտնիք, պիտի հասանելի լինի հանրությանը, այն հասարակ պատճառով, որ այդպիսի տվյալները հանրության սեփականությունն են: Ռոբերտ Քոչարյանի` ի պաշտոնե գրած նամակը, որքան էլ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչը փորձի ներկայացնել որպես գրություն, անձնական բնույթի նամակագրություն չէ Ջոն Դանիլովիչի հետ, ինձ ուղարկած երկու մերժումներում չի նշվել, թե այդ գրության մեջ որեւէ գաղտնիք կա, եւ վերջապես այդ նամակը, որքան կարելի է կռահել դրան նախորդած Ջ.Դանիլովիչի նամակի բովանդակությունից, լիովին համապատասխանում է տեղեկատվության ՀՀ օրենսդրությամբ սահմանված բնորոշմանը, այն է. անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երեւույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձեւավորված տվյալներ` : ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչը այսպիսով կասկածի տակ է առնում ՀՀ նախագահի` ի պաշտոնե գրած եւ ուղարկած գրության տվյալների պարունակությունը` օրենքին համապատասխանության տեսանկյունից, ստացվում է, որ ըստ բաժնի վարիչ Ա.Ասատրյանի, այդ գրությունը չի պարունակել անձանց, օրինակ` հեղինակի (Ռ.Քոչարյան), հասցեատիրոջ (Ջ.Դանիլովիչ) մասին տվյալներ, այդ գրության մեջ բոլորովին խոսք չի գնում որեւէ առարկայի, օրինակ` ՀՄՀ-Հայաստան ծրագրի կամ ՀՄՀ-Հայաստան-ՀՄԿ հարաբերությունների կամ ՀՄԿ-Հայաստանի կառավարության միջեւ կնքված համաձայնագրի մասին, դրանում որեւէ փաստ, օրինակ` Ջ.Դանիլովիչի 2008 մարտի 11-ի նամակի հիշատակում կամ ՀՄՀ-Հայաստան ծրագրի ընթացքի մեջ լինելու մասին, չի հիշատակվում, նամակում որեւէ հանգամանք, օրինակ` նույն` Ջ.Դանիլովիչի 2008 մարտի 11-ի նամակում հիշատակված Ծրագրի հնարավոր կասեցումը, կամ` կասեցման մասին նախազգուշացումը, կամ` զգուշացման պաշտոնական բնույթը, նույնպես չի նշվել: Տարօրինակ չէ՞: Այդ դեպքում այդ գրությունն իսկապես  դառնում է ռացիոնալության տեսանկյունից անհետաքրքիր, իսկ իռացյոնալության տեսանկյունից` սաստիկ հետաքրքիր. իսկ, ներողություն, այդ դեպքում ի՞նչ է եղել այդ նամակում:

 

Ահա իմ եւ շատերի գլխում առաջացող այս հարցի պատասխանը կարող է տալ միայն այդ նամակի հրապարակումը, կամ որ նույնն է` դրա պատճենի տրամադրումը հանրությանը: Այս երկրորդ մերժման բովանդակությանը ծանոթանալուց հետո ի՞նչ իմանա հանրությունը. գուցե Ռ.Քոչարյանը պաշտոնական դիրքը չարաշահել ու աշխատաժամին զբաղվել է իր պաշտոնական պարտականությունների հետ ընդհանուր ոչինչ չունեցող նամակագրությա՞մբ, անստորագիր նամա՞կ է գրել, որը, դավադրաբար վերագրում են իրեն եւ համարում են գրություն (?), ու դիտավորյալ չեն հերքում իր անունից Ջ.Դանիլովիչին հղված նամակի գոյությունը . եւ այլն:

 

Վերջապես, մինչեւ բաժնի վարիչ Ա.Ասատրյանի երկրորդ մերժումը, ես կարծել եմ, թե Ռ.Քոչարյանի պատասխան գրությունը, իրականում` նամակը, իսկապես .. օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձեւավորված տվյալներ են, երբեք չէի կարծել, որ այդ գրությունը`անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երեւույթի վերաբերյալ տվյալները կարող էին ձեւավորված լինել ոչ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Երկրորդ մերժման մեջ Ա.Ասատրյանը փորձում է բացատրել. ... տեղեկատվություն ստանալու անձի իրավունքը երաշխավորված է այնպիսի տեղեկատվություն տրամադրելու պետության ուղղակի պոզիտիվ պարտավորությամբ, որը առաջացրել կամ կարող է հետեւանք առաջացնել անձի կամ հասարակական եւ պետական նշանակություն ունեցող փաստի կամ իրադարձության առումով:: Այս մեկնաբանությամբ, խնդրո առարկա նամակագրությունը չի կարող հետեւանք առաջացնել անձի կամ հասարակական եւ պետական նշանակություն ունեցող փաստի կամ իրադարձության առումով, ուրեմնեւ` ՀՄՀ-Հայաստան ծրագրի առումով, ծրագրի կասեցման զգուշացումն ի կատար ածելու առումով, ծրագրի կասեցման ռիսկերը լուծելու առումով, պատշաճ դիվանագիտություն վարելու առումով եւ այլն: Այդ դեպքում ինչու՞ է գրվել այդ պատասխան նամակը, երբ այն հետեւանք առաջացնող չէր:

 

Մեկ այլ տեղում Ա.Ասատրյանը նշում է. ... ոչ թե գործընթացն ինքնին, այլ` գործընթացի արդյունքն է, որ առաջացնում է իրավաբանական հետեւանք թե անձի, թե հասարակության եւ պետության համար:: Իսկ, օրինակ, եթե ՀՄՀ-Հայաստան ծրագրի ֆինանսավորման համար նախապայման հանդիսացող Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ մարդկային զարգացման ցուցանիշների ռիսկային վիճակին ուշադրություն դարձնելու Ջ.Դանիլովիչի նախազգուշական նամակին հեգնական գրավոր պատասխան է տրվել ու նամակում արհամարհվել է այդ ցուցանիշների վիճակը, կունենա արդյո՞ք դա իրավաբանական հետեւանք թե անձի, թե հասարակության եւ պետության համար, դրա արդյունքում կարո՞ղ է Հայաստանը զրկվել գյուղատնտեսության զարգացման դրամաշնորհից, թե՞ չի կարող, կզրկվի՞ այդ ծրագրից արդեն երեք տարի է վարկի կամ նորոգված ջրատարի սպասող գյուղացին վարկից եւ ջրից, թե՞ չի զրկվի: Ակնհայտ չէ՞, որ Դանիլովիչ-Քոչարյան նամակագրությունը, որքան էլ գործընթացի մաս է, ուղղակի եւ ինքնին ազդեցություն ունի գործընթացի վրա, եւ ակնհայտորեն ...առաջացնում է իրավաբանական հետեւանք թե անձի, թե հասարակության եւ պետության համար, այն է` կարող է հանգեցնել ծրագրի կասեցման կամ չկասեցման բանակցային ուղղակի արդյունքի: Ասատրյանի բացատրությունը մոտավորապես նույնն է, թե, կարեւոր չէ, թե մեքենան ինչպես է գնում (գործընթաց է), կարեւոր է, որ տեղ հասնի (արդյունք է): Ներողություն, բայց կարեւոր չէ՞, թե մեքենան շարժման համար էներգիա ունի, թե չունի, վարորդ կա, թե չկա, ճիշտ ուղղությամբ է գնում, թե սխալ ... : Կարող է եւ տեղ հասնի, կարող է եւ ... ուրիշ տեղ հասնի:      

 

Եւս մեկ լրջագույն հարց է մնում բաց. եթե Ռ.Քոչարյանի նամակը, որը Ա.Ասատրյանը կարգաբեկում է մինչեւ գրություն, օրենքով հանրությանը հասանելի տեղեկատվություն չէր կամ հանրությունից գաղտնի պահելու արժանի թուղթ էր, ինչո՞ւ էր ինձ տված առաջին մերժման մեջ այդ պաշտոնյան խոսում այն մասին, որ հարցրածս նամակի պատճենը ինձ չի տրամադրվում այն պատճառով, թե տեղեկատվությունը իշխանություններից քաղաքացիներին տրամադրելու կարգ Կառավարությունը դեռ չի սահմանել: Այսինքն, եթե հիշյալ կարգը լիներ` պատճենը կտրմադրվեր: Բաժնի վարիչը ջանքեր չի ներդնում մեկնաբանելու իր երկու մերժումների պատճառաբանությունների անճոռնի հակասականությունը. նախ ասում է` այդ կրկնօրինակի/պատճենի (տեղեկատվության) տրամադրելու կառավարության կողմից սահմանված  կարգ չկա, ապա` դա տեղեկատվություն չէ, նամակ էլ չէ, պարզապես գրություն է, որը ... օրենքով սահմանված կարգով կազմված տվյալներ էլ չի պարունակում ... : Բա եթե տեղեկատվություն չէր հարցրածս նամակը, առաջին մերժման մեջ ինչու՞ այդպես էլ չի գրել պարոն Ասատրյանը ու անտեղի հանրային միջոց (ժամանակ, թուղթ, ծրար, փոստային ծախս, աշխատասենյակ, համակարգիչ եւ այլն) է օգտագործել մեկ մերժում ավել ուղարկելու համար:  

 

Տպավորություն կա, որ ինքը Ա.Ասատրյանը ծանոթ չէ Քոչարյանի այն նամակին, որի պատճենը ես խնդրել եմ: Կարծում եմ, առաջին մերժումը պարոն Ասատրյանը հղել էր ինձ գրեթե մեխանիկորեն` պարզապես հարցրածս տեղեկությունը մերժելու իր համար գուցե արդեն ստանդարտված եղանակ կիրառելով` չկա տեղեկությունը տրամադրելու կառավարության հաստատած կարգ եւ այդ տեղեկությունը չի տրամադրվում: Ապա, տեսնելով, որ խնդիրն արդեն լրջանում է, հասկանալով, որ կառավարության հնգամյա անգործությունը քաղաքացու սահմանադրական իրավունքի սահմանափակման կամ կասեցման հիմք չէ, ի վերջո հասկանում է, որ և իր մերժման ստանդարտ հիմքը այս դեպքում ջարդվելու դատական գործով եւ եղած դատական նախադեպերով, դիմում է նոր հնարքի, ինքնիրավչության` ՀՀ նախագահի նամակը որակում է որպես գրություն ու հայտնագործում, որ գրությունը .... տեղեկատվություն չէ, ու այդ պատճառով չի կարող տրամադրվել դրանով հետաքրքրվողին:

 

Պարոն Հովսեփյան, Ձեր աշխատակից Ա.Ասատրյանը հաշվի չի առել մեկ կարեւոր հանգամանք եւս, որը պարտավոր էլ չէր ի պաշտոնե իմանալ. հետաքննական լրագրության մեջ կա մի ոսկե կանոն. տեղեկատվության տրամադրման դիմադրության չափը ուղիղ համեմատական է այդ տեղեկատվության հանրային նշանակությանը ու դիմադրողի կոռումպացման ռիսկին (ավելի հաճախ` կոռումպացվածությանը), եւ, այդպիսով` հակադարձ համեմատական` դիմադրության կողմի վարկանիշին: Այս տեսանկյունից տեղեկատվություն ստանալու ընթացքում անհիմն դիմադրության հանդիպող ցանկացած իրեն հարգող անձ ժամանակի ընթացքում ավելի ու ավելի համառում այդ ուղղությամբ, որովհետեւ հետզհետե համոզվում է, որ իր հարցրած տեղեկությունները ժամանակի ընթացքում հանրության համար ավելի ու ավելի մեծ նշանակություն են ստանում, ստացվում է այնպես, որ հանրության շահը, այսօրինակ անօրինական ու կամայական ոտնահարումների արդյունքում, հետզհետե ավելի մեծ կշիռ է ստանում, քան տեղեկատվության բացման համար ներդրվող ջանքերի ծավալն ու ծախսատարությունը կարող է լինել: Այս հարաբերակցության մեջ հանրության (տեղեկացված լինելու) շահը միշտ գերակա է մնում այդ շահը պաշտպանելու ջանքերի, ֆինանսական-ոչֆինանսական ու այլազան զոհաբերությունների նկատմամբ: Այսով ասում եմ Ձեզ, որ Ռ.Քոչարյանի հիշյալ նամակի պատճենը (կամ լիարժեք բովանդակությունը) ունենալու համար ես պատրաստ եմ գրել այնքան հարցում, նամակ, գրություն, որքան կարիք կլինի, պատրաստ եմ բողոքել գրավոր բանավոր ու այլ հնարավոր միջոցներով այնքան, որքան կարիք կլինի, պատրաստ եմ այնքան դիմել մեր երկրում եւ այլուր գործող հնարավոր բոլոր ատյաններին, որքան պետք կլինի, պատրաստ եմ այնքան դրամական եւ այլ մրցանակներ սահմանել այդ նամակն ինձ հասցնողների համար, որքան անհրաժեշտ կլինի, պատրաստ եմ անել այն բոլոր երեւակայելի ու աներեւակայելի գործողությունները, որ հակասության մեջ չեն լինի մեր օրենսդրության եւ իմ դավանած արժեքների հետ: Եթե նախկինում համոզված չէի, թե այդ նամակում ՀՄՀ-Հայաստան ծրագրի ճակատագրին լրջորեն առնչվող տեղեկություններ կամ մտքեր կան, ու կարծում էի, թե դրանում հերթական քաղաքավարական եւ դիվանագիտական ժեստեր են միայն, հիմա արդեն, շնորհիվ Ա.Ասատրյանի ստեղծագործությունների եւ այդ նամակի շուրջ ստեղծված խորախորհուրդ գաղտնիության ակնհայտ ազդակների, վստահ եմ, որ Քոչարյանի նամակը ճակատագրական կապ ունի ՀՄՀ-Հայաստան ծրագրի ապագայի հետ: 

 

Վերլուծելով ամբողջ վերը բերվածը, հայտնում եմ Ձեզ, որ

1. ՀՀ նախագահական գրասենյակը, ի դեմս հիշյալ պաշտոնյայի մերժումներով խախտել է Խոսքի եւ տեղեկատվության ազատության իմ սահմանադրական իրավունքը, իր` վերը բերված գործողություններով եւ ըստ էության` անգործությամբ հասկացնում է, թե ՀՀ Սահմանադրության 27, 27.1 հոդվածներով սահմանված Խոսքի եւ տեղեկատվության ազատությունը կախման մեջ է ենթաօրենսդրական ակտի գոյությունից կամ բացակայությունից, սխալ մեկնաբանելով օրենքը, կամայականորեն որոշել է, թե որն է տեղեկատվություն, որը ոչ:

 

2. Ամոթալի է, որ փոխանակ հանրային նշանակության այդ նամակագրությունը հրապարակվեր առանց որեւէ հարցման սպասելու, այն, տակավին անհասկանալի պատճառներով, զանազան հնարքներով եւ անօրինական պատճառաբանություններով հանրությունից ուղղակիորեն թաքցվում ու գաղտնի է պահվում արդեն կես տարի:

 

3. Քոչարյանի այդ նամակի պատճենի ստացման վերոհիշյալ պատմությունը նույնիսկ մեր իրականության մեջ չտեսնված  խայտառակություն է. ՀՄՀ-Հայաստան ծրագրի ճակատագրին ուղղակիորեն առնչվող ու որեւէ օրենքով սահմանված գաղտնիք չպարունակող փաստաթուղթը դիտավորյալ ու հետեւողականորեն գաղտնի է պահվում ոչ միայն ամբողջ հանրությունից եւ ծրագրի հարյուր հազարավոր շահառուներից, այլեւ այն մարմնից, որ կոչված է պաշտպանել ծրագրի շահառուների շահերը` Շահառուների խորհրդից:

 

Անկախ այս վեճի ելքերից արդեն, կարծում եմ, որ մի քանի հարցերում Ա.Ասատրյանի վարքը ենթակա է ծառայողական քննության եւ պատասխանատվության.

 

1.          Ինչո՞ւ իմ տեղեկատվության հարցումներին պատասխանել ոչ թե ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքով սահմանված կարգով, այն է` հարցումն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում, այլ պատասխանել է, առաջնորդվելով, ենթադրաբար, այլ օրենք(ներ)ով: Հունիսի 4-ին եւ 19-ին իմ հղած 2 հարցումների վերնագրերում եղել է տեղեկատվության հարցում արտահայտությունը` ինչպես սահմանում է ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքը: Ինքն անձամբ դրանք կարող է իր համար գնահատել ինչպես կամենա` գրություն, նամակ, երկտող եւ այլն, բայց դրանց հետ վարվելիս պարտավոր էր առաջնորդվել միայն օրենքով, որպես` տեղեկատվության հարցման: Ես տեղյակ չեմ Ձեր ներքին աշխատակարգերին, ես ենթադրել եմ, որ այդ նամակը տնօրինվում է աշխատակազմի ղեկավարի մոտ եւ երկու հարցումներս հղել եմ նրան, փոխանցե՞լ է նա այդ հարցումները որեւէ այլ պաշտոնյայի, թե չի փոխանցել, ինձ չի հետաքրքրում, փաստն այն է, որ դրանցից որեւէ մեկին չի պատասխանվել օրենքով սահմանված կարգով: Իմ առաջին հարցմանը ընդհանրապես որեւէ պատասխան չեմ ստացել: Երկրորդ հարցման պատասխանը ինձ է ուղարկվել օրենքով սահմանված հնգօրյա ժամկետի խախտմամբ: Եթե նախագահի աշխատակազմի ղեկավարը չէր տնօրինում հարցված տեղեկատվությունը, օրենքի պահանջին համաձայն, պարտավոր էր պատասխանել հարցմանն ու նշել այն աղբյուրը, ով տնօրինում էր տեղեկատվությունը:  

2.          Ինչու՞ է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչ Ա.Ասատրյանը երկու իրար հակասող մերժումներ ուղարկել հարցումներիս ի պատասխան:        

 

Ամփոփելով.

Նորից եւ հրապարակավ դիմում եմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին[3]` պահանջելով ինձ տրամադրել Ռ.Քոչարյանի ուղարկած այն նամակի պատճենը, որով նա պատասխանել է ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրեն Ջ.Դանիլովիչի 2008 թվի մարտի 11-ի նամակին:

 

Ես առայժմ չեմ կարող ինձ թույլ տալ մեկնաբանել այդ նամակի բովանդակությունը` հենվելով դրա մասին ինձ հասած հակասական տեղեկությունների եւ ասեկոսեների վրա: Ավելի ուշ, մինչեւ խնդրի կարգավորումը, բացառված չէ, որ ես ստիպված լինեմ մեկնաբանել ինձ չտրամադրված նամակի բովանդակությունը` հենվելով զանազան հուսալի եւ անհուսալի աղբյուրների վրա: Հետեւանքները դժվար չէ կռահել. նամակը տնօրինող նախագահական աշխատակազմը զբաղվելու է իմ հաղորդած, հնարավոր է ոչ ճիշտ տեղեկությունների եւ դրանց հիման վրա արված մեկնաբանությունների բուռն եւ պարբերական հերքումներով, այնքան, մինչեւ վերջապես կհամոզվի, որ այդ պատասխան նամակը վաղուց էր հարկավոր հրապարակել հանրության համար:

 

Ցավոք այս ամբողջ պատմությունը իր ազդեցությունը կարող է  թողնել ՀՄ Կորպորացիայում Հայաստանի հայտունակության ցուցիչներից մեկի վրա, դրանից բխած բոլոր անդուր հետեւանքներով:

 

ՀԳ.

Հաշվի առնելով այստեղ բերված խնդրի հանրային կարեւորությունը, այս նամակը, եւ բոլոր հնարավոր հետագա զարգացումների մասին տեղեկատվությունը նպատակահարմար եմ գտնում հրապարակել հանրության համար:

 

Այս բողոքում բերված առարկայի եւ հանգամանքերի վերաբերյալ պատրաստ եմ ցանկացած քննարկման, լսումների եւ վեճերի:   

 

13 սեպտեմբերի, 2008

Հարգանոք` Լեւոն Բարսեղյան

Հայաստան-3102, Գյումրի, Պուշկինի փ, 96, հեռ. 091 821363, Էլ. հասցե. [email protected]

                   


 

[1] Բողոքի էլեկտրոնային տարբերակը. http://www.asparez.am/news/news2008july/24.7.2008-2-lb-letter-prsident-office.htm 

[2] Մեջբերում է ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքից` տեղեկատվություն հասկացության սահմանումը:

[3] Թեպետ այդ նամակի պատճենները հնարավոր է առկա են մի քանի պետական ատյաններում, բայց ըստ ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի, անձինք կարող են տեղեկատովությունը ստանալ այն տնօրինող մարմնից: Այսպիսով ՀՀ Նախագահի նամակը, տրամաբանորեն տնօրինվում է ՀՀ Նախագահական պալատում, ինչը ինձ ուղարկված մերժումներում չի էլ հերքվել:


www.asparez.am կայքի արխիվը

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

   

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտ

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter